
Полная версия
Ուրախ եմ ծանոթանալ
-Ե՞վ։
-Եվ այն սենյակներում, որ պարզ պատճառներով տեսախցիկներ ու ձայնագրիչներ չի կարելի, ես տեղադրել եմ ջերմահաղորդող սարքեր։
-Եվ ի՞նչ է դա նշանակում։
-Դրանք մեր սենյակներում են, հաղորդում են մեր ջերմաստիճանի փոփոխությունների մասին։ Վերջերս ձեռք բերեցի ավելի կատարելագործված մոդելներ, օրինակ՝ մարդու ճնշումն է հայտնում և որոշակի էմոցիաներ։ Ահա թե ինչպես եմ իմանում քեզ ոնց ես զգում, երբ ես քնում կամ արթնանում և որտեղ ես գնում։
Ես մեղմ ասած զարմացած էի
-Այսինքն ի՞մ սենյակում էլ կան։
-Իհարկե, բոլորիս սենյակներում։
Ես չհասկացա, թե ինչպես ձեռքիս պայուսակով հարվածեցի նրա ուսին։ Նա ժպտում էր՝ խորամանկ և իրենից գոհ
-Զգույշ, մոռանում ես, որ ղեկին եմ, վթարի կենթարկվենք։
-Իսկ տեսախցիկներ կա՞ն իմ սենյակում։
-Ո՛չ իհարկե, ես այլասերված չեմ։
-Չե՞ս ստում։
-Չե՛մ ստում։
Ես լռեցի։ Կարծում եմ էլ երբեք ազատ չեմ զգա այն սենյակում, որն իմն էի համարում։ Այդ հսկայական շենքում միակ առանձին ու ապահով սենյակն էր ինձ համար։ Բայց այլևս ինչպե՞ս ինձ ազատ զգամ, երբ գիտեմ՝ հետևում են ինձ անշունչ սարքեր և մի մարդ, ով հաստատ չգիտեմ վստահելի է իրականում, թե՞ ոչ։
Երբ մոտենում էինք կամրջին, խնդրեցի Խորենին կանգնեցնի մեքենան և կամրջի մոտ մի քիչ մնանք։ Հասանք կամրջին պարզ ու խաղաղ էր այստեղ։ Ջրի վրա լողում էր կիսալուսնի գեղեցիկ ստվերը։ Հաճելի լռություն էր միայն մերթ ընդ մերթ լսվում էր կամրջով սլացող մեքենաների ձայները։ Բայց դա ամենևին էլ չէր խանգարում։
-Մի՞թե գեղեցիկ չէ,- լռությունը խախտեցի՝ նայելով կիսալուսնի ստվերի կողմը։
-Այո՛, և խաղաղ։
Ես գլխով համաձայնեցի։
-Խորե՞ն։
-Այո։
-Ի՞նչ է պատահել Արամի հետ, ի՞նչ դժբախտության մասին էին ասում։
-Դա երկար պատմություն է։ Մի օր դու կիմանաս։
-Իսկ դու չ՞ես կարող հիմա ասել, թե՞ պարոն Արամի թույլտվությունն է քեզ պետք։
Նա նայեց ինձ հիասթափված։ Ես ինքս զարմացած էի իմ հարցիս համար։ Երբեմն հոգուս խորքում ուզում էի նեղացնել նրան, բայց երբ այսպես հիասթափված նայում էր ինձ, փշրվում էի ներսից, փոշմանում էի ու ամոթ զգում։
Շրջեց երեսն ինձանից դեպի գետի կողմը և տիրեց անհարմար լռություն։ Եթե լավ մտածենք, նա պատճառ չունի ինձանից նեղանալու կամ այսպես հիասթափված նայելու, ես էլ ինձ՝ վատ զգալու։ Լռությունը խախտեց հեռախոսազանգը։ Խորենին էին զանգում
-Լսում եմ, լա՛վ Արամ, պարզ է առայժ, կհանդիպենք,- անջատեց հեռախոսը։
-Ի՞նչ որ խնդիր կա,- հարցրեցի անհամբեր։
-Ո՛չ, ամեն ինչ նորմալ է, Արամը տուն է գնում, որ չնկատեն քո բացակայությունը։
-Իսկ քո՞նը։
-Դա արդեն մեծ խնդիր է, հիմա մոտակայքում որոնողական խմբեր կերևան կամ անօդաչու սարքեր։
Ծիծաղեցինք։ Ես ուրախացա նրա տրամադրության փոփոխությունից։
-Երկու հարց ընտրիր, ես կպատասխանեմ,- անսպասելի ասաց։
-Օհօ, սպասիր մտածեմ,- ուրախացա,- ի՞նչ է պատահել Արամի ու ձեր հետ, ի՞նչ դեպքի մասին էին ասում։
-Դու զարմացնում ես ինձ, քո իրավիճակը քեզ ավելի հետաքրքիր չէ՞։
-Ինձ հիմա դա՛ է հետաքրքիր։
-Լավ, բայց շատ բան չեմ ասի,- լուրջ նայեց վրաս,- ամիսներ առաջ ավտովթար է տեղի ունեցել և,- նա մի պահ կանգ առավ, խորը շունչ քաշեց,- մահացավ Արամի սիրելին, Արամը գլխուղեղի վնասվածք ստացավ, դեռ չի վերականգնվել, հասկանու՞մ ես, լինում է օրեր ինքը չի զգում ի՞նչ է անում, ուղղակի էմոցիաներից մթագնում է միտքն, իրեն կտրուկ հուզվել չի կարելի, իր համար եմ շատը այդ հետևող սարքերը տեղադրել։ Նա լավ վիճակում չէ,- հայացքից զգացվում էր ափսոսանք և ցավ ընկերոջ համար,- Նրա սիրելին մի ակնթարթում էլ չկար։ Շատ լավ աղջիկ էր, անունը Սոնա էր։ Նա նման չէր ոչ մեկին մեր շրջապատի աղջիկներին միայն շքեղ մեքենաները, գիշերային կյանքը և որքան հնարավոր է հարուստ միջավայրն էր հետաքրքրում, իսկ Սոնային՝ բարեգործությունը։ Գաղտնի շրջում էր գյուղերով, գտնում անապահով ընտանիքներ, օգնում էր մանկատան երեխաներին, ծերանոցներին։
Սիրտս լցվեց անսահման տխրությամբ։ Եվ նորից ծագում էր մարդկանց կողմից ամենաշատ տարածված հարցը ինչու՞ են հեռանում լավերը։
-Երկրո՞րդ հարցը։
-Ինչի՞ համար էր այսօրվա սուտը, ինչու՞ եք ստում ձեր հարազատներին։
-Օօ՜, սա ավելի երկար պատմություն է։ Եվ հետո մեզ արդեն սպասում են։ Գնա՞նք։
-Պատասխանի՛ր։
-Սոնա՛, ճիշտ չի լինի, եթե ես պատասխանեմ։ Խոստանում եմ վաղը բոլորով կհավաքվենք և կխոսենք այս մասին։
-Լավ։ Բայց քանի որ մի հարց էլ ես պարտք ինձ, ուրեմն պատասխանիր Արամը սիրե՞լ է, նա ընդունա՞կ է սիրելու։
-Սիրել է, իսկական պինդ սիրով։ Ափսոս, որ այսպես եղավ, որ մե՛զ բոլորիս հետ այսպես եղավ։ Սոնան դեռ շատ երիտասարդ էր մահանալու համար, իսկ Արամը մահացավ հոգեպես, իսկ մենք,- մի պահ կանգ առավ, ապա ափսոսելով շարունակեց,- Քո անունի համար նա քեզ առաջին օրն այդպես ընդունեց։ Պատկերացրու պետք է ձևացնի սեր մի մարդու հետ, ում անունից է կրել իր սիրելին։
-Ես փորձում եմ հասկանալ Արամին, իր համար դժվար է երևի շատ, բայց չէ որ ժամանակ է անցել, ինքը պետք է բաց թողնի անցյալը, մոռանա
-Քո կարծիքով սիրելի մարդուն մոռանալը հատու՞կ ժամանակ ունի։ Դու որքա՞ն ժամանակում կմոռանայիր,- անսպասելի հարցրեց։
-Ե՞ս, չգիտեմ, ես այսպես ուժգին չեմ սիրել։
Խորենը սկսեց ծիծաղել, նունպես անսպասելի իր հարցի պես։ Ծիծաղում էր, գլուխը երբեմն աչ ու ձախ շարժելով, կարծես ինքն իրեն խոսելով։
-Չեմ հավատում,- վերջապես ծիծաղի միջից ասաց։
-Եղել են իհարկե իմ կյանքում հրապուրանքներ, բայց դա անցել է մի քանի օրում, բայց սեր մեծ ու ամուր չի եղել, ինչու՞ չես հավատում։
-Չեմ հավատում,- նորից ասաց, բայց արդեն լուրջ։
-Իսկ դու սիրե՞լ ես, գիտե՞ս ինչ է սերը։
-Դժվար է իհարկե բացատրել Սեր ասվածը, յուրաքանչյուրն իր բացատրությունը կունենա երևի, բայց իմ իմանալով դա, երբ քո սիրտն այլևս միայն քոնը չէ, որ նրա կյանքն ավելի թանկ է, քան քո սեփականը։ Նրան երջանիկ դարձնելու ցանկությունն ավելի ուժեղ է, քան քո կյանքի մնացած նպատակները։ Երբ նրան կորցնելու միտքն ավելի ցավոտ է, որ նախընտրելի է դանակի սուր հարվածներն։ Իսկ երբ նա կանգնում է քո առաջ օտարի հայացքով, կյանքիդ ընթացքը կանգ է առնում, դառնում է վերջն ուրախության, զվարճանքի, վերջը ցանկության՝ սիրելու նորից։
-Դու պոետների պես ես նկարագրում, շատ գեղեցիկ նկարագրեցիր,- ես իսկապես զարմացած էի, և ավելի զարմացա, երբ իր ձեռքը դեպի ինձ պարզեց։
-Տուր ձեռքդ,- մատներս նուրբ բռնելով՝ շարունակեց,- դա բառերով էր սերը, որքան որ այս րոպեին կարելի էր նկարագրել, և նույնիսկ ոչ ամբողջությամբ, իսկ հիմա տեսական ձևերով եթե նկարագրենք,- ժպտում էր վերջերս իրեն հատուկ խորամանկ և անչափ գրավիչ ժպիտով,- Տե՛ս, օրինակ, երբ մեկը բռնում է ձեռքդ, սիրտդ սկսում է ավելի արագ աշխատել, աշխարհը կանգ է առնում և գետինը չես զգում ոտքերիդ տակ - դա հրապուրանք է, ուրեմն հավանում ես այդ մարդուն, առանձնացնում ես ուրիշներից, իսկ եթե էլ երբեք չես ուզում բաց թողնել - ապա դա Սերն է։
Իմ սրտում կատարվում էր թե՛ մեկը, թե՛ մյուսը։ Դա հրաշալի էր, ապշեցուցիչ և միևնույն ժամանակ ահավոր վախենալու։ Վախը, թե նա կզգա իմ ապրումներն, ինձ ուշքի բերեց։ Ես մտածում էի՝ ինչպես ինձ թաքցնեմ նրանից։ Իսկ նա նայում էր աչքերիս մեջ այնպես, կարծես կարդում էր այն, ինչը ես փորձում էի թաքցնել։ Անսպասելի և միառժամանակ ցանկալի, նա ինձ գրկեց։ Ամուր և նուրբ, և թվում էր թե կարոտած։ Կարոտած Ես կարոտել էի իր գրկախառնություններին, նրա անուշ հոտին, ես ինչու՞ եմ կարոտած, ինչու՞ շուտվանից չէի գրկել նրան։ Պատասխաններ չկան, բայց կա կարոտ և եթե հավատանք իր նկարագրություններին, կա նաև ՍԵՐ, Սե՞ր, չի կարող լինել սեր մեր միջև Ինչպե՞ս կարող էր մեր մեջ լինել նման բան։
Ապա հանկարծակի բաց թողեց
-Կներես, կներես, ես,- ու փորձում էր գտնել արդարացում։
-Պետք չէ,- իսկ մտքումս անվերջ կրկնում էի Մի խնդրիր ներեղություն, մի՛ ասա, մի՛ խնդրիր,- ոչ մի ահավոր բան չեղավ։
-Գնա՞նք։
-Գնանք։
Դեպի տուն ճանապարհն անցավ լռության մեջ։ Երբ բարձրացանք վերև, տեսանք Արամին միջանցքում՝ մեզ սպասելիս։ Սպասում էի իրեն բնորոշ կոպտությամբ հարց ու փորձ անելուն, բացատրություն պահանջելուն, բայց այդպես չեղավ։ Լուռ նայում էր մեզ վրա։ Ես բարի գիշեր մաղթելով երկուսին էլ, հեռացա իմ սենյակ։
Глава 8
Կանգնած էի լուսամուտի մոտ։ Արևի տաք ճառագայթներն անխնա թափանցում էին սենյակով մեկ։ Հիանալի եղանակ էր։ Ինչպես միշտ հետևում էի ներքևում անցնող - դարձող մարդկանց։ Հանկարծ ետևիցս մեկը գրկեց ինձ և նուրբ համբուրեց թևիցս։ Ի՜նչ թանկ ու հարազատ է նա։ Ես ի պատասխան գրկեցի նրա ձեռքերը։
-Ինչպես միշտ հետևու՞մ ես մարդկանց։
-Դու էլ ինչպես միշտ եկար այնպես, որ ես չնկատեցի։
Ես շրջվեցի նրան դեմքով - Խորե՜նն էր։
Վեր թռա տեղիցս։ Սա երազ էր։ Ընդամենը երազ, բայց շատ իրական ես դեռ զգում էի նրա հպումը, նրա ձեռքերի ջերմությունը, նրա ձայնն՝ ուրախ ու տաքուկ, նրա օծանելիքի բույրն՝ աննման և անուշ։ Սա խելագարություն է, պետք է մոռանալ
*****
Աննան ասաց, որ կգա նախաճաշելու իմ հետ։ Մենակությունը երբեմն խելագարության էր հասցնում։ Մինչ այստեղ գալս դեմ չէի փախչելու մի տեղ։ Քրոջս տղաները հաճախ այնքան ակտիվ էին լինում, որ ես և քույրս երբեմն ուզում էինք փախչել անմարդաբնակ մի կղզի, գոնե մի քանի ժամով։ Իսկ երբ հայտնվեցի այստեղ և առհասարակ ինչ որ կատարվեց այս օրերի ընթացքում ինձ հետ, փոխեց իմ կյանքը։ Տանից հեռու, անծանոթ մարդկանց մեջ այսքան երկար ժամանակով մնալս ես չեմ կարողանում հիշել, այն էլ այս կարգավիճակում։ Իսկ, երբ Աննան հայտնում է իր վերև բարձրանալու մասին, ես ուրախությամբ սպասում էի նրան։ Խորենի հետ մի քանի բառ փոխանակելը նույնպես լցնում էր իմ մենակ սիրտն, իսկ, երբ Գոռն էր գալիս, ավելի ուրախ էր անցնում ժամանակը։
Ոչ ոք չկար Համար 5- ում, բացի ինձանից ու Աննայից։ Նա նստեց և հոգնած հոքոց հանեց։
-Այնքան հոգնած եմ։ Էլի գիշերը վատ եմ քնել։
-Ինչու՞,- անհամբեր հարցրեցի։
-Այն ավտովթարից հետո դժվար եմ քնում, երբեմն հաբերն օգնում եմ, որոնք բժիշկն էր նշանակել, բայց երբեմն անօգուտ են։
-Դու ավտովթարի՞ ես ենթարկվել։
-Այո՛, Արամի հետ, դե դրանից հետո ինքը այսքան դյուրագրգիռ դարձավ։
-Իսկ ե՞րբ եք ենթարկվել ավտովթարի,- սիրտս սկսեց արագ աշխատել։
-Մոտավոր վեց ամիս առաջ։
-Վե՞ց ամիս։ Ես էլ,- հազիվ ասեցի, լսելով իմ իսկ սրտի բարձր թակոցները։
-Սոնա՞,- հետաքրքրությամբ լցված՝ ավելի մոտ նստեց ինձ Աննան,- դու ոչինչ չէիր պատմել, ինչպե՞ս է եղել, պատմի՛ր հետևանքներ մնացե՞լ է։
-Դե ես չեմ հիշում, ասում են՝ ավտոբուսը, որի մեջ եմ եղել ես, վթարվել է բեռնատարի և մի մեքենայի հետ։ Երբ արթնացա, արդեն հիվանդանոցում էի, և վերջին երկու տարուց ավելին չեմ հիշում։ Բժիշկն ասում էր՝ դա ժամանակավոր հիշողության կորուստ է, շուտով քիչ- քիչ կհիշեմ, կամ գուցե հակառակը - միանգամից կարող է հիշողությունս վերականգնվի։ Դա շատ անհատական է։ Հուսով եմ կներեք ինձ, որ թաքցրել եմ սրա մասին, քանի որ վախեցել եմ աշխատանքի չվերցնեք։
-Ամեն ինչ նորմալ է, մենք էլ քո առաջ անմեղ չենք,- ասաց Աննան տխուր,- ի՞նչ ես հիշում վերջին ժամանակներից, մի՞թե չես ուզում վերականգնել հիշողությունդ թերապիաների միջոցով։
-Չեմ հիշում, թե ինչպես եմ ավարտել ուսումս, ավարտական երեկոն թե ինչպես է անցել, նույնիսկ հավատալ չեմ կարողանում, որ ավարտել եմ։ Հաճախ թերթում էի նկարները, որ ինքս ինձ հավատացնեմ, կամ փորձեմ հիշել։
-Իսկ փորձե՞լ ես վերականգնել, դիմե՞լ ես մասնագետի։
-Ո՛չ, չեմ ուզել, ինձ մի բան էր շատ հետաքրքիր հասցրե՞լ եմ արդյոք այս ընթացքում նշանվել, ամուսնանալ։ Քույրս ասաց, որ ո՛չ, ես ազատ եմ առաջվա պես։ Դա ինձ բավական էր, ես չեմ շտապում։
-Սոնա՜, եթե կարիք ունենաս բժշկի, ասա՛ անպայման։
-Ի՞սկ դուք, դուք ինչպե՞ս եք վթարվել, հետևանքներ ուրիշ եղե՞լ են։
-Մե՞նք,- շփոթվեց Աննան,- մենք հանդիպման էինք գնում, Արամը ղեկին էր, Սոնան կողքին, և մնացածը լսել ես։ Իմ թևս էր վնասվել միայն, իսկ Սոնային կորցրեցինք
-Աննա՛, գուցե՞ մենք նույն տեղում ենք վթարվել,- հանկարծ ասեցի ես, սիրտս կարծես ինձանից առաջ էր ընկնում,- դուք ավտոբուսի՞ եք բախվել։
-Գիտե՞ս կուզեի ասել, որ մենք չենք եղել, բայց չեմ կարող։ Դեպքի վայրում երեք մեքենա է եղել՝ մերը, ավտոբուս և բեռնատար։ Մենք մինչև հիվանդանոցում պառկած էինք, Խորենն ու Գոռը լուծել էին բոլոր հարցերն։ Իսկ քեզ համար կարևո՞ր է այդ փաստը։
-Երևի ոչ, չգիտեմ, անցել - գնացել է արդեն։
-Իսկ դու գոնե ի՞նչ- որ չնչին բան հիշում ես,- նորից հարցրեց Աննան։
-Ո՛չինչ, միայն անհեթեթ երազներ եմ տեսնում։
-Իսկապե՞ս, և ի՞նչ,- Աննայի դեմքը պայծառացավ։
-Իբրև աշխատասենյակում աշխատում եմ, ինչ որ գործնական հանդիպումների ենք գնում քո և Արամի հետ, իբրև ճաշկերույթների ենք մասնակցում միասին։ Բայց երազներումս Արամն ավելի բարի է, ուրախ,- թաքցրեցի երազներս Խորենի հետ։
-Շատ լավ է,- ուրախացավ Աննան,- ի՞սկ Խորենին, իրեն չե՞ս տեսնում։
-Ո՛չ իհարկե, ինչու՞ պիտի նրան տեսնեմ,- շփոթվեցի անսպասելի այս հարցից։
Աննան ժպտաց։ Այնպես, կարծես կարդում էր մտքերս։ Խորենն ի՞նչ է երազներ տեսնող սարքեր էլ էր տեղադրել։
Տղաները ճիշտ ժամանակին մտան ներս։ Մեր դեմքից հասկացան երևի և հարցնում էին, թե ի՞նչ էինք զրուցում, և թե ի՞նչ է պատմել Աննան ինձ։ Աննան պատասխանեց
-Մի փոքր ընթամենը։
Խորենն ասաց, որ ճիշտ ժամանակն է ինձ համար որոշակի փակագծեր բացելու։ Ես իհարկե ուրախացա, վերջապես ավելին կիմանամ։ Աննան սկսեց
-Արամն ունի տատիկից թողնված ժառանգություն, բայց տատիկը պայմանով է թողել։ Ըստ պայմանի Արամը պարտավորվում է ամուսնանալ երեք տարիների ընթացքում, բայց որ Արամը խորամանկության չդիմի, իրավունք չի ունենա ամուսնալուծվել, այլ հակառակը՝ պարտավորվում է ապրել ամուսնության մեջ ևս երեք տարի և ունենալ այդ ընթացքում գոնե մեկ երեխա։
-Զարմանալի է, իսկ մնացած բարեկամներին ոչինչ չի՞ թողել,- հարցրեցի անհամբեր։
-Եթե Արամը պահի պայմանն, ուրեմն ունեցվածքը հավասար կբաժանվի երկու աղջիկների, տղայի և երեք թոռների միջև, իսկ եթե չպահի պայմանն, ամբողջ ունեցվածքը կտրվի պետությանը,- շարունակեց Խորենը։
-Գոնե բարեգործության,- ասացի ակամայից։
-Տատիկը դիտմամբ մանկատանը կամ ծերանոցի չի թողել, որ Արամը պայմանը պահի։
-Պատկերացրու բոլորի զարմանքը, հիշում եմ՝ բոլորն ապշած էին,- ասաց Աննան,- Եթե Արամը չհասցնի մինչև ժամկետի ավարտն ամուսնանալ, բոլորը կզրկվեն իրենց ժառանգությունից, իսկ այն փոքր չէ՝ ինը զրոների հաշիվ ունի։ Պատկերացնու՞մ ես, թե ինչպես են բոլորը սպասում ձեր ամուսնությանը։
-Հիմա մնացել է երկու ամիս, հասկանու՞մ ես, մենք ժամանակ չունենք,- շարունակեց վերջապես Արամը,- ժամանակ չունենք ուրիշ թեկնածու փնտրելու։
Ես զարմացած էի, ինձ ժամանակ էր պետք մարսելու այս նորությունը։ Լուռ էին բոլորը։ Հանկարծ հիշեցի Սոնային՝ Արամի սիրելիին
-Ի՞սկ Սոնան, այս երեք տարիների ընթացքում դուք ինչու՞ չէիք ամուսնացել,- հիշեցի, որ Սոնային կորցրել էին միայն վերջերս։
-Տատիկը ժառանգության մեջ արգելել էր ամուսնությունը նրա հետ՝ Սոնան տատիկի ընտանիքի թշնամիներից մեկի թոռնիկն էր։ Նա դեմ էր նրանց սիրուն հենց սկզբից։
Փաստորեն մեր ժամանակներում դեռ պահպանվել են ընտանեկան թշնամությունները։
-Էլի հարց ունե՞ս,- հարցրեց Խորենը։
-Բայց ինչու՞ ես, ինչու՞ և ինչու՞ այսպես ստելով, ինձ ծուղակը գցելով, ես ձեզ ի՞նչ վատություն եմ արել,- հարցրեցի՝ սրտիցս ելնող ցավի ձայնով։
-Օօ, դու առա՞ջ նկատի ունես, թե՞ հիմա,- հարցրեց Գոռը,- դու մենակ իմանաս, թե որքա՜ն պատմություն կա քո շուրջը։
-Եվ որքա՞ն։
-Գո՛ռ,- ընդհատեց մեզ Խորենը՝ հրամայական ձայնով,- կարո՞ղ ես քեզ զսպել։
-Ես լուռ եմ, լու՛ռ։
-Քեզանից առաջ շատ աղջիկների ենք առաջարկել ամուսնության պայմանագիր,- շարունակեց Աննան,- բայց իզուր մեկը ժառանգության կեսն էր ուզում բաժանվելուց հետո, մյուսը բաժանվել չէր ուզում, մյուսը բաժնեմասերից մեծ բաժին էր ուզում։ Մի օր որոշեցինք հարմար թեկնածու հենց գտնենք անփոփոխ պայման դնենք իր առջև, որ իր պայմանները չկարողանա առաջարկել և իհարկե անտեղյակ լինի ժառանգությունից։
-Ու դու հայտնվեցիր մեր կյանքում - կատարյալ թեկնածու, ամեն ինչ կարող էր հարթ անցներ,- ասաց Արամը։
-Այս ամենը ես եմ կազմակերպել,- շարունակեց Աննան,- եթե բարկանաս, իմ վրա բարկացիր, ինձանից նեղացիր։ Գոռը երկրում չէր, Խորենը նույպես և եթե այստեղ լիներ, չէր թողնի՝ ինքը միշտ դեմ է եղել։ Արամը գիտեր, բայց չի մասնակցել։
-Ես չգիտեմ ի՞նչ ասել, ես փորձում եմ հասկանալ ձեզ, պատրաստ եմ օգնել, իսկապես, բայց իմ կյաքից երեք տարի այսպես ապրել և երեխա ունենալ, դա խելագարություն է, չի կարող նման բան լինել։
-Քեզ թվու՞մ է ես եմ հոժար, ես ուրա՞խ եմ։ Եթե ժառանգությունը բարեգործության թողներ, ես չէի մասնկացի այս ամենին,- ասաց Արամը,- ամուսնությունը միայն թղթերի վրա է, իսկ երեխան մի բան կմտածենք, կարող ենք որդեգրել վերջին հաշվով։
-Իսկ երեք տարի հետո այդ երեխային ետ տանել, որտեղից վերձրե՞լ եք դա ահավոր է։ Այլ ելք միշտ էլ լինում է, խոստացեք, որ այս ընթացքում չեք դադարի փնտրել հարմար թեկնածու։
-Անպայման,- ասաց Խորենը՝ հայացքով հույս ներշնչելով։
-Բայց եթե չգտնենք, դու քո պայմանը պետք է կատարես, հիշում ես չէ՞։
-Դու կարո՞ղ ես այսքան չար ու ձանձրալի չլինել,- Արամի հարցին հարցով պատասխանեցի։
-Տեսնու՞մ ես Խորեն։ Հետո ասում ես - չհամարձակվես, իսկ նա ինչպե՞ս է խոսում, ես իրան ի՞նչ վատ բան ասեցի,- ասաց Արամը Խորենին։
Խորենը ծիծաղեց
-Նա կարող է։
Խորենի հայացքը երբեմն փոխվում է, ահա ինչպես հիմա՝ տաքուկ, ջերմ, սիրառատ Ամանօրի պես տաքուկ, երջանիկ սպասումի պես։ Վերջերս ես հաճախ էի արժանանում նման հայացքի ու ժպիտին։ Մի՛ նայիր ինձ այսդպես խնդրում եմ, կամ ավելի ճիշտ՝ պահանջում եմ մի՛ նայիր ինձ այսպես, մի՛ ժպտա, ես անհարմար եմ զգում ինձ, սիրտս արագ է սկսում աշխատել, մեկ ուզում եմ փախչել քեզանից, մեկ քեզ մոտ մնալ հավիտյան։
-Աննա, մենք մի ժամից հանդիպում ունենք, գնա՞նք,- շրջվեց Աննայի կողմը Արամը,- բայց
-Իհարկե գնանք,- ասաց Աննան,- բայց ի՞նչ։
-Բայց, ոտքերդ հոգնել են, դու այսօր էլի վատ ես քնել, աչքերիցդ երևում է։ Կուզե՞ս ես մենակ գնամ, կամ հետաձգենք հանդիպումը։
-Եթե ես քեզ լսեի ու ամեն անգամ հետաձգեինք, մենք կկորցնեինք շատ բան, ամեն ինչ լավ է, մի անհանգստացիր,- ժպտալով ասաց Աննան,- դու ինձ հետ ես, ես մտածելու բան չունեմ։
-Խոստացի՛ր, որ արագ ամեն ինչ կքննարկենք ու շուտ տուն կգանք,- սիրալիր ասաց Արամը։
-Լավ։
Մեզ հաջողություն մաղթեցին և դուրս եկան։
Ի՞նչ է, միայն ե՞ս եմ նկատում նրանց հարաբերությունների հետաքրքիր ընթացքը։ Նրանք ընկերներ են փոքրուց, ինչ խոսք, բայց իմ առաջ ավելին են երևում, քան ընկերներ։ Աննայի համար Արամն այլ ընկեր է, քան Խորենն ու Գոռը։ Մի՞թե կա ի՞նչ որ ավելին, որ նույնիսկ իրենք չեն գիտակցում։
Մտքերիս մեջ ընկղմված լսեցի Խորենի ձայնը
-Ես պատրաստվում եմ դուրս գալ, կուզենայի՞ր ինձ հետ գալ։
-Իհարկե,- ուրախացած վեր թռա տեղիցս։
-Կես ժամից պատրաստ կլինե՞ս։
-Այո։
Կես ժամ հետո նա վերելակի մոտ կանգնած սպասում էր ինձ։ Ինչ որ կոնկրետ տեղ գնալ չէի ուզում, նույնիսկ հետաքրքիր չէր, թե ու՞ր է գնում, կամ ու՞ր կտանի ինձ, կարևորը դուրս գալ և քայլել էի ուզում։
-Իսկ Արամը չպիտի իմանա- հիշեցի նրա մասին արդեն վերելակում։
-Դրա կարիքը չկա,- ընդհատեց ինձ խորենը։
-Իսկ դու՞, դու ի՞նչ շահ ունես Արամի կտակից, կամ այս ամենից ինչ կատարվում է։
-Ի՞նչ,- հարցս նրա համար անսպասելի էր, նա մի պահ իրար խառնվեց՝ կարծես փնտրում էր հարմար պատասխան,- դա անձնական է։
-Ես ուզում եմ հասկանալ, թե որքա՞ն կարող եմ վստահել ձեզ քեզ։
Վերելակն արդեն կանգնել էր, և մի քանի հոգի սպասում էին մեր դուրս գալուն, բայց մենք դեռ անշարժ կանգնած էինք՝ հարցական նայելով իրար վրա։ Հանկարծ նա սեղմեց կոճակը դեպի վերև, ապա ՍՏՕՊ կոճակն, ինչը կանգնեցրեց վերելակի ընթացքը։ Ես դեռ զարմացած նայում էի նրա վրա, իսկ նա ավելի մոտ գալով, ձեռքն ինձ պարզելով՝ ասաց
-Ձեռքդ կարելի՞ է։
Ես ակամայից ձեռքս պարզեցի նրան։ Նա բռնեց մատներիցս և դրեց իր սրտին
-Լսու՞մ ես։
Աշխարհը կանգ էր առել։ Ես չէի զգում ոտքերս գետնի վրա։ Նա երևի զգաց իմ հուզմունքը և կրկնեց ավելի սիրալիր
-Լսու՞ս ես։
Սիրտն այնպես արագ ու ուժգին էր հարվածում՝ ինչպե՞ս չլսել։ Ես փորձեցի ազատել մատներս, բայց նա ամուր բռնեց։
-Դու մտածում ես,- շարունակեց նա,- վստահե՞լ ինձ, թե՞ ոչ։ Մի՞թե քո կողքին այսպես հարվածող սիրտը կարող է վնասել քեզ։
Ես նայում էի նրան ու խոսքեր չէի գտնում։ Միտքս ինձ թողել, հեռացել էր։ Նրա սրտի ձայնը լսել կարողանում էի, բայց իմ մտքինը արդեն ոչ։
Նա ոչինչ էլ չասաց։ Մեղմ իջեցրեց ձեռքս։ Բացվեց վերելակի դուռը և մենք դուրս եկանք։ Զբոսնեցինք մոտակա այգում գրեթե լուռ և վերադարձանք ավելի շուտ, քան մտածում էի։
Հաջորդ մի քանի օրը ես անցկացրեցի ներքևում՝ Աննայի մոտ, օգնում էի նրան և ինձ համար էլ մտքերիցս փախչելու հիանալի հնարվորություն էր։ Աշխատակիցները ջերմ էին, մթնոլորտը՝ խաղաղ և ընկերական։ Խորենին տեսնում էի, երբ նա անցնում- դառնում էր գործով։ Երբեմն նրա հետ վերելակում պատահաբար հանդիպելիս սիրտս կանգ էր առնում, թվում էր նորից աշխարհը կանգ առավ։ Նա չէր էլ նայում իմ կողմը, կանգնում էր ինձանից հեռու՝ իր անբաժան ընկեր՝ պլանշետը ձեռքում։ Բայց նրա հետևող հայացքը զգում էի սրտով, թեև ֆիզիկապես բացակա լինելուն, գիտեի նրա ամենատես և ամենալսող սարքերը տեսնում ու լսում են ինձ, նրա ներկայությունը զգում էի փակ դռներից այն կողմ։ Արամին ավելի հաճախ էի տեսնում, միասին քննարկում էինք ընթացիկ նախագծերը։ Ես զարմանալիորեն այնքան բան էի հասկանում, կարծես երկար ժամանակ զբաղվել էի այս ամենով։ Արամը փոխվում էր օրեցօր
-Բուժումը օգուտ է բերում,- ասում էր Աննան
Конец ознакомительного фрагмента.
Текст предоставлен ООО «Литрес».
Прочитайте эту книгу целиком, купив полную легальную версию на Литрес.
Безопасно оплатить книгу можно банковской картой Visa, MasterCard, Maestro, со счета мобильного телефона, с платежного терминала, в салоне МТС или Связной, через PayPal, WebMoney, Яндекс.Деньги, QIWI Кошелек, бонусными картами или другим удобным Вам способом.

