
Полная версия
Ուրախ եմ ծանոթանալ
Գոռը վեր կացավ տեղից և ինձ մոտիկ նստեց.
-Սոնա՜, մենք բոլորս այնտեղ ենք լինելու, մենք քո կողքին կլինենք։ Իսկ, եթե ինչ-որ բան այնպես չանցնի, իմպրովիզ կանենք։
-Լավ, իսկ գուցե ժամանակն է ինձ համար մի փոքր պարզաբանումներ անել։ Օրինակ՝ ինչու՞ հենց ես, և վերջապես ինչի՞ համար։ Ինձ համար այդպես ավելի հեշտ կլինի։
Նրանք նայեցին իրար։ Աննան.
-Մենք արդեն մի քանի տարի է փնտրում ենք մեկին, ով կհաձայնվեր պայմանով ու կեղծ ամուսնության։ Բայց անհաջող էր։ Շատերն իրենց նպատակներն ունեին։ Որոշները համոզիչ չէին խաղում։ Մենք արդեն հոգնել էինք փնտրելուց։ Բայց եկար դու։ Քո կենսագրությունը շատ ձեռնատու էր մեզ։ Կներես, բայց քո ծնողները չկան, դու ապրում ես քրոջդ տանը։ Դու հիանալի թեկանածու ես։ Բայց մտածեցինք, որ դու էլ գուցե որոշների նման այլ պահանջներ ունենաս, դրա համար երկար ժամանակ չէինք գալիս համաձայնության, թե ոնց քեզ առաջարկենք։
-Եվ Արամն առաջարկեց շանտաժ անել, գերի վերցնել ինձ և մութ ու ցուրտ նկուղում պահել։
Գոռը բարձրաձայն և լիաթոք ծիծաղեց.
-Այս աղջիկը զարմանալի է։ Եզակի օրինակ է։ Նա չի փոխվում։
Խորենը ժպտաց։ Իսկ Արամն ինչպես միշտ լուրջ նայում էր վրաս՝ հոնքի մեկը վերև քաշած։
-Սա շատ հարմար առաջարկ է։ Դու ստանում ես մեծ գումար, իսկ մենք կեղծ ու ժամանակավոր ամուսնություն։
-Միակ ուրախալի բառը <<ժամանակավոր>>,- ուրախացա ես։
-Գնանք քնելու, այսօր բոլորս էլ մի լավ աշխատել ենք,- հանկարծ առաջարկեց Գոռը՝ վեր կենալով,- այսօր դժվար օր էր, եկեք հետո շարունակենք մեր այսչափ ջերմ զրույցը։
Ես էլ տրամադրություն չունեի խոսելու։ Հրաժեշտ տվեցի իրենց ու շտապ գնացի իմ սենյակ։ Իմ սիրուն ու տաքուկ սենյակ, իմ հարազատ փոքրիկ անկյունն՝ այս հսկայական շենքում։ Նստեցի գետնին, իմ տաքուկ գորգին։ Քաղաքի լույսերը հրաշալի էին։ Արևը վաղուց մայր էր մտել, բայց մարդիկ դեռ չէին էլ պատրաստվում քնելու։ Փողոցների լուսակիրների լուսավորության ներքո դեռ երևում էին թափառող մարդիկ, իսկ շենքերի լուսամուտներից վառվող լույսերը վկայում էին, որ ես միայնակ չեմ այս աշխարհում։ Ամեն անգամ նայելով այս տեսարանին, սրտիցս պոկվում էր տխրության մի փոքրիկ զանգված, որն իր հետ բերում էր մենակությունը։ Մենակությունը, որը վերջին ժամանակներս հաճախ էր ինձ այցելում, ավելի հաճախ, քան մինչ ավտովթարն։ Ավտովթարից հետո մի սև փոս էր առաջացել ներսումս, ու քանի ժամանակն անցնում էր, այն ավելի էր մեծանում։ Երբեմն մեծ ցանկություն էր առաջանում վազելու բժշկի մոտ, խնդրելու՝ ամեն կեպ վերադարձնել հիշողությունս, որն ինձանից խլեց այդ պատահարը, խնդրելու՝ վերջ դնել այս խեղդող ապրումներին, այս հարցերին․ ի՞նչ եմ կորցրել ես, ինչպե՞ս հիշեմ անցած վերջին երկու տարին, ինչու՞ եմ այսքան միայնակ ու կիսատ զգում ինձ։ Հարցեր, որոնց իրականում նա անզոր էր պատասխանել։
-Ժամանակն է քեզ օգնական,- ասում էր բժիշկը։
Հիշեցի Աննայի ու Խորենի ուշադիր վերաբերմունքը, Գոռի ընկերական և սիրալիր մոտեցումը, սրանք ամենը կե՞ղծ էին։ Ինչպե՞ս հասկանալ, ինչպե՞ս տարբերել։ Հիմարություն է հուսալ, որ իրենց հետաքրքիր են իմ ցանկություններն, իմ զգացմունքներն, ո՞վ եմ ես իրենց համար, այս ամենը միայն ծրագիր է, ես ո՛չ առաջինն եմ, ո՛չ վերջինը հայտնված այս կամ այլ անհեթեթ իրավիճակներում, ես ուղղակի հերթականն եմ։ Խորենի խոսքերը հնչում էին գլխումս, նա փորձում էր ինձ հերթական անգամ, բայց միևնույն ժամանակ սիրալիր էր։ Ե՞րբ սկսեց ինձ դուր գալ այս մարդկանց ներկայությունը, ո՞ր օրվանից սկսեց հաճելի լինել իրենց հետ զրույցները։ Հարցեր, որոնք վերջին օրերում գլխումս անվերջ պտտվում էին։
Глава 6
Հաջորդ օրը երկար ժամանակ մնացի իմ սենյակում։ Ոչ մեկին տեսնել չէի ուզում։ Անասելի տխրություն էր ներխուժել իմ առանց այն էլ անհանգիստ սիրտ։ Ինչպե՞ս եմ գլուխ հանելու այդ կարևոր օրն, ինչպե՞ս եմ ձևացնելու, թե Արամի սիրելի կինն եմ։ Պետք է վանել կասկածները ներսիցս, պետք է լինել ավելի ուժեղ, ավելի համարձակ։ Պետք է մտածել, որ սա վատագույնը չէ, որ հանդիպել է ինձ, որ աշխարհում գոյություն ունեն բազում արհավիրքներ և փառք Աստծուն՝ դրանց չեմ հանդիպել։ Պետք է մտածել, որ ամեն ինչ իր տրամաբանական լուծումն ունի և պետք է լինել սթափ և խելացի այն գտնելու համար։ Իսկ եթե թույլ տանք մեզ այդպիսի ճոխություն՝ ընկնելու դեպրեսիայի մեջ, ուրեմն ու՞ր կմնա մեր մի բուռ խաղաղությունն այս երկրի վրա։
Տիկին Վարդուհին նախաճաշը բերեց իմ սենյակ, ապա ընթրիքը, և հորդորում էր սենյակիցս դուրս գալ։ Ասաց․
-Խորենն է ուղարկել քեզ համար։ Պատվիրել է հոգ տանել քո մասին։ Շատ լավ տղա է, հեչ կասե՞ս, որ այդքան կարողության տեր է։ Այնքան հասարակ է պահում իրեն, այնքան անմիջական, որ տեսնողը չի պատկերացնի, թե որքան միլիոնների տեր է։
-Խորե՞նը,- զարմացա ես,- նա այստեղ աշխատում է՝ անվտանգության խեկավարն է։ Գուցե՞ դուք շփոթել եք ինչ որ մեկի հետ։
-Ինչու՞ եմ շփոթել, ես այդքան ծե՞ր եմ երևում։ Խոսքը հենց նույն Խորենի մասին է, նա այստեղ ամենաշատ տոկոսի բաժնետեր է։ Արամն ու Գոռը ավելի քիչ, իսկ Աննան ինչքան հիշում եմ 5 տոկոսի։ Մի օր ես հարցրեցի Խորենին, թե որ ուզի ոտքը ոտքին կգցի ու ամբողջ կյանքն անհոգ կապրի, առանց աշխատելու, ապա ինչու՞ է քրտնաջան աշխատում։ Գիտես ի՞նչ պատասխանեց։
-Ի՞նչ,- ավելի զարմացած հարցրեցի։
-Ես աշխատում եմ իմ ցանկությամբ, ինձ դուր է գալիս իմ աշխատանքն, ու՞մ է պետք անբան մարդը, հետո էլ հիշում եք մեզ փոքրուց ի՞նչ էին սովորեցնում տատիկներն ու պապիկները, թե աշխատանքը գեղեցկացնում է մարդուն։
- Հետաքրքիր է, ես նման բան չէի սպասում,- դեռ զարմացած էի ես։
-Դրա համար եմ ասում, որ լավ մարդիկ են, եթե մի փոքր էլ երջանիկ լինեին, շատ լավ կլիներ։
-Ինչու՞ երջանիկ չեն,- հարցրեցի մեծ փափագով՝ լսելու սպառիչ պատասխան։
-Այն դեպքից հետո էլի, ես այդ ժամանակ այստեղ դեռ չէի աշխատում, դեպքից հետո եմ ընդունվել։ Այստեղ մտերիմ հարևանուհիս էր աշխատում, շատ էր պատմում, միշտ գոհ էր իրենցից։ Հետո գնաց արտերկիր տղայի մոտ, իմ համար էլ միջնորդեց, որ իր փոխարեն ես աշխատանքի անցնեմ այստեղ։ Երբ ես եկա աշխատանքի, Սոնայի թաղումից մի քանի օր էր անցել, ահավոր վիճակում էր Խորենն, իսկ Արամն ու Աննան հիվանդանոցում էին դեռ, հիշում եմ Խորենն անիմաստ քայլում էր միջանցքում, հետ ու առաջ, երկար՝ մտքերով ընկած։ Ես վախենում էի բառ ասեի, լուռ հետևում էի։
Մի պահ գիտակցությունս կանգ առավ, միտքս սառեց։ Այս ինֆորմացիան շատ բարդ թվաց երևի ինձ համար։ Հետո ուղեղումս իրար հետևից հարցերի տարափ առաջացան․ ի՞նչ պատահար, ո՞վ էր Սոնան, ինչպե՞ս էր մահացել, ի՞նչ կապ ուներ նա Խորենի հետ․ ինչու՞ էին Արամն ու Աննան հիվանդանոցում։
Տիկին Վարդուհին երևի նկատել էր այլայլված իմ դեմքն, ափսոսանքով նայեց վրաս, ապա ասաց․
-Դու չգիտեի՞ր այսքանը։
-Որոշ չափով,- ստեցի, որ վատ դրության մեջ չդնեի նրան։
-Ես ուղղակի հիշողությունների մեջ ընկա, կներես ինձ Սոնա ջան, ես մտածում էի՝ դու ամեն ինչ գիտես, ուղղակի չես բարձրաձայնում, քանի որ այստեղ այդ մասին չի կարելի խոսել, դա փակ թեմա է։ Գիտե՞ս նույնիսկ աշխատանքի ընդունվելուց փաստաթուղթ եմ ստորագրել․ ինչ որ այստեղ տեսնեմ ու լսեմ, իրավունք չունեմ պատմելու այլ անձի, ո՛չ մեկին այս պատերից այն կողմ իրավունք չունեմ հայտնելու ինչ որ բան։
-Դե դա արդարացի է, իրենք ճանաչված ու կարևոր մարդիկ են, իրավունք ունեն գաղտնիության։
-Իրենց չասես էլի, որ ինչ որ բան եմ պատմել քեզ, կարող եմ կորցնել աշխատանքս,- խնդրեց տիկին Վարդուհին։
-Խնդիր չի լինի, խոստանում եմ չասել ոչ մեկին,- վստահեցրի նրան,- միայն խնդրում եմ ամբողջը պատմեք։
-Կներես էլ չեմ կարող։
Նա պատրաստվում էր դուրս գալ։ Ես նորից խնդրեցի․
-Գոնե ասեք ո՞վ էր Սոնան,- հարցրեցի և չգիտես ինչու փափագում էի լսել, որ կապ չի ունեցել Խորենի հետ։
-Նա Արամի սիրած աղջիկն է եղել։
Թեթևություն զգացի հոգուս խորքում, ինչպես մի բեռ ընկավ ուսերիցս։ Տխուր է իհարկե, որ երիտասարդ կյանք է ավարտվել այս երկրի վրա, նա դեռ շատ երկար տարիներ կվայելեր իր սիրելիի հետ այս աշխարհի բարիքները և սիրո բազմապիսի դրսևորումներն։ Ափսո՜ս, թեկուզ չեմ ճանաչել, բայց սիրտս տխրում է։ Եվ միառժամանակ թեթևություն եմ զգում, որ Խորենի սիրելին չի եղել․ նորի՜ց, նորից այս տարօրինակ զգացողությունը․ միտքս սկսել է հաճախ գրավել նրա մասին մտքերը, սկսել եմ սպասել նրա հետ հանդիպումներին, իսկ երբ հանդիպում եմ, անասելի ցանկություն է առաջանում հետևել նրան, նրա դեմքի շարժումներին, կորզել նրա ուշ - ուշ երևացող ժպիտը, փնտրել նրա երբեմն փայլող աչքերը, որն անչափ սազում է իր գեղեցիկ դեմքին։ Գաղտնի հետևել իհարկե, որ հանկարծ թուլություն չդիտվի իմ կողմից։ Եվ այդ գաղտնիությունն էլ լցնում է ադրենալինի իր չափաբաժնով, արյունս այնպես է եռում երակներումս, որ զգում եմ ամեն գնդիկների հոսքը դեպի ուղեղ և հակառակը։ Հետո շտապ մտնում եմ իմ սենյակ, այնպես փակելով հետևեցիս դուռը, կարծես թե հետևեցիս են ընկել, հետո վախեցած փորձում եմ գուշակել, արդյոք հասկացավ, որ գաղտնի հետևում էի իրեն։
Երեկոյան խոսեցի քրոջս հետ, մի քանի օր չէինք խոսել միմյանց հետ՝ կարոտած էինք։ Հետո սենյակում մնալ չէի ուզում, շրջել էի ուզում։ Միջանցքը լուսավոր էր ինչպես միշտ, ընկերներից ոչ ոքի ձայնը չէր լսվում, ես զգում էի միակ տիրուհին այդ հարկում։ Գնալով հակառակ Համար 5-ի՝ հույսով էի գտնել բաց դուռ։ Մի քանի սենյակի դուռ փակ էին, ինչն ինձ համար սպասելի էր։ Բայց ահա նրանցից մեկը բացվեց։ Մի պահ կանգ առա՝ զգացի ինձ լրտես, բայց հիշելով այն բառերը, թե ամենն ինչ-որ ուզեմ կստանամ, և թե որ սենյակի դուռը բաց տեսնեմ, կարող եմ մտնել, նույնիսկ փոխել կարող եմ իմ սենյակի հետ՝ ինձ թեթևություն պարգևեց։
Դուռը զգույշ ներս հրեցի։ Լուսավոր և գեղեցիկ կահավորված սենյակ էր՝ համեստ և բաց գույների մեջ։ Եվ իմ գորգից էլ կար այստեղ։ Ազատ սենյակ չէր երևում, աթոռի վրա բաճկոն էր խնամքով դրված։ Մի պահ ուզեցի դուրս գալ, բայց շողացող պահարանը գրավեց ուշադրությունս։ Պահարանի վերևի դարակն ամբողջությամբ ապակուց էր և պարունակությունը շողեր էր արձակում։ Ավելի մոտենալով տեսա զարդեր և ժամացույցներ՝ տղամարդկանց և կանացի։ Նկատեցի նաև զույգերի համար նախատեսված ժամացույցներ՝ կողք - կողքի խնամքով դրված։ Այնպիսի մեծ ցանկություն առաջացավ փորձելու դրանք, որ ինքս ինձ վրա զարմանում էի՝ ձեռքս անկախ իմ կամքի առաջ էր գնում՝ վերցնելու ժամացույցը դարակի միջից։ Ես այսպիսին չեմ եղել՝ ինձ երբեք չեն հետաքրքրել ուրիշին պատկանող իրերը։ Մի քանի վարկյան անց զույգերից կանացի ժամացույցն արդեն իմ ձեռքին էր։ Այն հրաշալի էր, ուղիղ իմ ձեռքի չափով, ինձ համար կարծես գնված։ Այնպիսի տպավորություն էր, թե այս ժամից ես ունեցել եմ, հիշողությանս մեջ ինչ-որ տեսարաններ էր փայլատակում։ Դեպի իրականություն շտապ ինձ վերադարձրեց հետևիցս լսվող ոտնաձայները։ Երբ փոձեցի կտրուկ ետ շրջվել՝ տեսնելու ով է, բախվեցի ինչ-որ մեկի հետ։ Նա բռնեց ինձ ամուր, որ բախումից չընկնեմ, իսկ ես վախիցս աչքերս ամուր փակել էի։ Վախեցած էի ընկնելու սպառնալիքից և միևնույն ժամանակ բռնված լինելուց։
-Սոնա՛։
Սա Խորենի ձայնն էր։ Ի՜նչ լավ է։
Բացեցի աչքերս․ այո՛, նա՜ է։ Նայում էր ինձ հարցական հայացքով։
-Սա ի՛մ սենյակն է։
-Կներես, ես չգիտեի,- փորձեցի արդարանալ։
-Լավ։
-Ես իրոք չէի ուզում․․․- չթողեց ավարտեմ խոսքս։
-Խնդիր չկա։ Ես եմ մեղավոր, բաց էի թողել դուռը։
Ես դեռ նրա ձեռքերի մեջ էի՝ առնական, բայց միևնույն ժամանակ ջերմ ձեռքերի մեջ։ Նրա օծանելիքի բույրը նուբ էր, հաճելի և ծանոթ էր ինձ։ Հիշեցնում էր ինձ ինչ-որ մեկին, բայց թե ում, չէի հասկանում։
-Ինչու՞ այդպես վախեցար։ Ես չէի ուզում վախեցնել քեզ, ես նույնիսկ դիտմամբ աղմուկով եկա, որ դու հասկանաս։
-Ես էլ չգիտեմ,- հետո հիշեցի, որ ինձ գրավում էին այստեղ նրա ժամացույցներն, ամոթից չգիտեի ինչպես չքվեմ նրա երեսից,- լավ ես շտապ գործ ունեմ, պետք է գնամ, բաց թող ինձ։
Նա կարծես նոր նկատեց ինձ իր գրկի մեջ։ Մի փոքր նույնիսկ շփոթվեց ու բաց թողնելով ինձ՝ մի քայլ ետ գնաց։ Ես շտապեցի դռան կողմը։
-Սոնա՛։
Շրջվեցի։
-Գուցե ժամացույցը ե՞տ վերադաձնես։
Նորից ամոթի զգացումը պատեց ինձ։ Մինչ ես ուզում էի արձակել ժամացույցն, ինչը շփոթմունքից չէր ստացվում ինձ մոտ, նա մոտեցավ ու օգնեց արձակելու։ Նա նորից այնքան մոտ էր ինձ, որ ամոթի զգացումը փոխվեց սրտի արագ բաբախունով։
-Մատներդ նորից սառն են, դու էլի վատ ես սնվում, ինչու՞ դեռ ոչինչ չես կերել։
-Որտեղից իմացար, որ մատներս հաճախ են սառչում, դրա մասին գրեթե ոչ մեկ չգիտի։
-Դու մոռանում ես, որ ես ամեն ինչ գիտեմ։
-Իսկ այս բոլորը քո՞նն են,- հայացքով ցույց տվեցի պահարանի կողմը։
-Այո։
-Կանացի ժամե՞րն ու զարդերը նույնպե՞ս։
Նա ծիծաղեց, ապա լրջանալով շարունակեց․
-Այդ ամենին իր տիրուհին ունի, մի օր գուցե իրենց տիրուհին վերադառնա, դրանք սպասում են նրան։
Սրտիցս հարց էր գոչում․
-Իսկ դու՞, դու՞ էլ ես սպասում նրան,- բայց հարցը սրտումս էլ մարեց՝ վախենալով լսել դրական պատասան։
- Իսկ դու ավելի լավ է նորմալ սնվես,- ասեց նա՝ դնելով ժամացույցը իր տեղում։
-Վախենու՞մ ես սովամահ լինեմ ու չներկայանամ խնջույքին։
-Այո՛,- ժպտալով պատասխանեց։
-Մի մտածիր, ես լավ կխաղամ իմ դերը։
***
Հաջորդ օրն Աննան ու Գոռը ցույց տվեցին Արամի ընտանեկան նկարները, որ ծանոթ լինեմ յուրաքանչյուրի հետ։ Եվ ահա նկարների մեջ էր Արամն իր սիրելի հետ։ Միանգամից հասկացա նկարից՝ սիրահար զույգ լինելու մասին, առանց իրենց ներկայացնելու էլ, արդեն պարզ էր ինձ համար, նույնիսկ ճանաչեցի, կարծես գիտեի այդ աղջկան իրականում, գիտեի իրենց սիրո պատմությունը։ Որքա՜ն երջանկություն կար այդ նկարներում փայլող աչքերի մեջ։ Նկարները մեկը մեկից գունավոր էին, մեկը մեկից անհոգ ու նաև զվարճալի։ Զարմանալի էր տեսնել Արամի այս կողմն, անսովոր ինձ համար, բայց մյուս կողմից նորմալ, քանի որ սիրել է, եղել է սիրված և բնական է երջանիկ կինելն։
Ամեն նկարի հետ Աննայի ու Գոռի դեմքը տխրում էր։ Հասկանալի էր, որ շրջում էին հիշողությունների ճանապարհներով։ Հարցեր տալ՝ ինձ թույլ չտվեցի, չուզեցի էլ ավելի տխրեցնել։ Այդ օրը ես էլ չտեսա ո՛չ Արամին, ո՛չ էլ Խորենին։ Իսկ հաջորդ օրը տոնական էր։
Առավոտյան Աննայի հետ սպասում էինք գեղեցկության փերիներին։ Աննան ինձ համար ճոխ սանրվածք էր ուզում, թե ես պետք է լինեմ ամենագեղեցիկը, պետք է աչքի ընկնեմ և հիացնեմ բոլորին։ Բայց ես նախընտրեցի համեստ սանրվածք, համեստ դիմահարդարում և ակնարկեցի, որ ինձ հավելյալ գեղեցկացնելու կարիքը չկա՝ ես բնականից էլ գեղեցիկ եմ։
Երեկոյան ժամը վեցն էր, երբ Աննան եկավ իմ ետևից։ Նա այսօր ավելի գեղեցիկ էր և շքեղ տեսք ուներ, քան երբևէ։ Նա ավելի կսազեր այսօրվա երեկոյի թագուհին լինելուն, քան թե ես։ Միջանցքում մեզ էին սպասում տղաներն։ Այսօր կերպարանափոխության օր էր։ Տղաները մեկը մյուսից գեղեցիկ էին, փոխված էր նրանց ամենօրյա աշխատանքային ոճը և նրանց հաղորդում էր էլ ավելի գրավչություն, մանավանդ Խորենին։ Նրանք մեզ էին նայում հիացած, մենք՝ նրանց։
-Ի՜նչ գեղեցիկ եք, խոսքեր չեմ գտնում ձեզ գովելու,- ասաց Գոռը։
-Իսկապես,- ավելացրեց Խորենը։
-Ու այսքան ունեցվածքի մեջ դու ավելի շքեղ զգեստ չէի՞ր կարող ընտրել,- ասաց Արամը՝ նայելով ինձ։
-Ես քեզ փնթփնթալու հնարավորություն եմ տալիս, թե չէ դու առանց դժգոհելու ո՞նց կապրես,- պատասխանեցի ես՝ ինձանից գոհ։
-Նորի՞ց,- դժգոհեց Արամը։
-Այս աղջիկը կրակ է,- ծիծաղեց Գոռը,- մենակ Սոնան է կարողանում ճիշտն Արամի երեսին այսքան զվարճալի ասել,- բայց նկատելով Խորենի խիստ հայացքը՝ խոսքը փոխեց,- լավ, եկեք դուրս գանք քանի դեռ չենք ուշացել։
Մինչև ռեստորան ճանապարհը քսան րոպեի չափ տևեց։ Մենք երեք մասի էինք բաժանվել․ Գոռն իր մեքենայով, ես Խորենի հետ էի, Աննան Արամի, չնայած, որ սկզբում մտածված էր հակառակն իմ Աննայի տեղերը, բայց Խորենի խոսքը որոշիչ էր։ Ռեստորանը մեծ ու շքեղ տեսք ուներ ի համապատասխան այս մարդկանց կարգավիճակին և արտաքինից նման էր ամրոցի։
Դեռ նոր էինք ներս մտել, երբ Արամը շրջվեց իմ կողմը․
-Միայն թե խաղա՛ քո դերն ինչպես հարկն է, մենք քեզանից ավելին չենք պահանջում։
Ես իր զգուշացումից ավելի լարվեցի։ Այսպիսի լարվածություն թերևս վերջին անգամ ընդունելության քննասենյակ մտնելուց առաջ էի զգացել։ Այնպես էի ուզում հավաքել գերազանց գնահատական, որ բավարար լինի անվճար ընդունվելուս համար։ Թեև պարապել էի ամբողջ ժամանակ, գիտելիքներիս վրա վստահ էի, բայց վախ էի զգում իմ իսկ էմոցիանեից․ այդ լարվածություն կոչվածից։ Գուցե էլի եմ այսպիսի իրավիճակում եղել, ով գիտի, քանի որ վերջին երկու տարուց ավելին ուղղակի չեմ հիշում։
Մտքերով ընկած բարձրանում էի Աննայի ետևից՝ սպիտակը համահունչ խառնած ոսկեգույնի գեղեցիկ փայլի հետ՝ շքեղ աստիճաններով։
-Հիշու՞մ ես ինչ եմ ասել քեզ մի ժամանակ,- ականջիս մոտ լսեցի Խորենի ձայնը։
-Ի՞նչ,- հետաքրքրությամբ հարցրեցի։
-Երբ դու ժպտում ես, շուրթերիդ հետ ժպտում են նաև աչքերդ։ Էլ չեմ ասում այտերիդ փոսիկների մասին, դրանք ավելի են գեղեցկացնում քեզ։ Չնայած շատերն արժանի չեն տեսնելու քո գեղեցկությունը, բայց այսօր դու ինչպես միշտ պիտի փայլես։ Եղիր ինքնավստահ, հավատա դա քո մոտ շատ լավ է ստացվում։
Ես իհարկե չէի սպասում այսպիսի խոսքերի, բայց նման անակնկալից սիրտս արագ զարկելու հետ ուրախությունով նաև լցվեց։ Կարծես այս բառերը շատ անգամ էի լսել՝ ծանոթ են ականջներիս, բայց միևնույն ժամանակ՝ առաջին անգամ։ Աչքերս չգիտեի որտեղ թաքցնեմ ամոթից, թվաց՝ այտերս սրտիս պես ամաչում են։
Երբ ներս մտանք, մեր առաջ դուրս եկավ մի կին՝ միջին տարիքի և շատ գեղեցիկ։ Նկարներից հիշեցի Արամի մորաքրոջն, ում որ ծնունդն էր այսօր։ Հերթով շնորհավորեցին, իսկ երբ հերթը հասավ ինձ, նա մի պահ զննող հայացքով նայեց ինձ ոտքից գլուխ, ապա շնորհավորանքիս ջերմ պատասխանեց։
-Վերջապե՜ս։
-Իհարկե,- պատասխանեց Արամը և ինձ ավելի մոտ կանգնեց։
-Ինչպե՞ս ես սիրունս,- հարցրեց մորաքույրը խորամանկ ժպտալով։
-Լավ, շնորհակալ եմ, հույսով եմ դուք նույնպես։
Նա գլխով դրական պատասխան տվեց։ Խորենն ասաց, որ պետք է մոտենա իր ընտանիքի անդամներին և ինձ պետք է մի պահ թողնի։ Գոռը և Աննան միացան նրա խոսքերին։ Պարզ էր, որ ընտանիքներով են մտերմություն անում։ Մնացինք երեքով։ Տիկին Ալլան՝ Արամի մորաքույրը, մտնելով իմ ու Արամի թևերն առաջ տարավ մեզ դեպի հյուրերը։ Շքեղ ճաշկերույթ էր իր բարձրաստիճան հյուրերով․ կանայք նորավոճ և շքեղ հագուստներով, տղամարդիկ թանկարժեք կոստյումներով, իսկ ձեռքերում շողշողում էր շամպայնի բաժակներն։ Այս փայլուն և թանկարժեք մարդիկ և այս միջավայրը որտեղ ես հայտնվել էի ինձանից անկախ, լիովին տարբերվում էր իմ իմացածից։ Նրանք նույնիսկ ողջունում և շփվում էին միմյանց հետ այլ կերպ․ ավելի զուսպ, բայց իմ զգացածով՝ ավելի կեղծ։ Արամն ում որ բարևում էր, ես նույնպես բարևում էի։ Որոշները նայում էին ինձ քննող, որոշները հիացած։ Մոտեցանք մի սեղանի և կանգ առանք, ժպտալով մեզ մոտեցավ տիկին Ալլային անչափ նման մի կին։
-Տղաս՛, սպասում էի քեզ,- ասաց համբուրելով Արամին,- ինչպե՞ս ես։
-Լավ եմ մամ, քեզ համար անակնկալ ունեմ։
-Արդեն հասկացա, բարև Սոնա ջան,- մոտենալով ինձ գրկեց և համբուրեց։
Ես մի փոքր շփոթվեցի, բայց արագ հավաքեցի ինձ։
-Բարև ձեզ տիկին Արմինե, ինչպե՞ս եք։
-Հրաշալի, քանի որ տեսնում եմ ձեզ միասին։ Շատ ուրախ եմ, որ հաշտվել եք։
Ես զգացի, թե ոնց էր խոցվում սիրտս։ Այս կինը հավատում էր մեր ստին։ Նա մայր է, ինչպե՞ս կարելի է խաբել մորն։ Ի՞նչ մարդիկ ենք մենք։ Ինչպե՞ս ենք այսքան հեռուն գնացել։ Ստել ծածուկ սրտիդ մեջ, դա միայն քո ու Աստծո մեջ է, պատասխան ես տալու միայն Աստծո առաջ, բայց այսպես հանրային ստել, ավելին է քան ամոթը։ Ես փորձում էի թաքցնել իմ ներքին կռիվը և մեծ ցանկությունս այստեղից հեռու փախչելու։ Փորձում էի ժպտալ։
Ուրախ ժպիտը երեսին մեզ մոտեցավ մի աղջիկ՝ մեզանից մոտավոր հինգ չորս տարի փոքր։
-Ողջույն բոլորին։
-Նարե՛,- ժպտալով նույնպես գրկեց նրան Արամը։
Փորձում էի հասկանալ այս աղջկա ով լինելը՝ նրա դեմքը նկարներից չէի կարողանում հիշել։
-Դու՞ էլ ես եկել, Գոռը մեզ ոչինչ չի ասել։
-Բոլորի համար անակնկալ եմ արել։ Սոնա՞։ Վաղուց չենք հանդիպել, արդեն առողջացե՞լ ես, ինչպե՞ս ես, անչափ ուրախ եմ քեզ տեսնել։
-Ես էլ եմ ուրախ տեսնելու քեզ, բայց վաղու՞ց չենք հանդիպել, մենք էլի՞ ենք տեսնվել։
-Նարեն նկատի ունի, որ վաղուց երկրում չի եղել, վաղուց չի տեսել մեզ,- ընդհատեց Արամը և Նարեին թույլ չտալով պատասխանել՝ սկսեց հարց ու փորձ անել արտերկրի իրենց գործերից։
Եվ այդ ամբողջ ժամանակ ինձ ուշադիր նայում էին մորաքույրը և սեղանի մոտ նստած երկու միջին տարիքի տղամարդիկ։ Հիշեցի նրանց նկարներից՝ մեկը քեռին էր, մյուսը՝ նույն մորաքրոջ ամուսինը։ Արամը փոձում էր ուշադիր լինել իմ նկատմամբ, ավելի մոտ կանգնել ինձ, նույնիսկ փորձեց ձեռքս բռնել, ավելի սիրալիր լինել, բայց ոչ միշտ էր ստացվում իր մոտ, ես զգում էի իր կեղծ վերաբերմունքը, կեղծ ժպիտը։ Զարմանում էր, որ ուրիշները չեն նկատում, չէ որ այսքան ակնհայտ է, իսկ գուցե շուտով նկատեն և բացվի մեր սուտը, վերջ դրվի վերջապես այս կեղծիքին։
Աչքերս ակամայից փնտրում էր այն երեքին։ Աննան կանգնած էր մի քանի կանանց հետ, Գոռն իր մայրիկի հետ, իսկ Խորենին մի պահ նկատեցի և հետո կորցրեցի տեսադաշտիցս։
Արամի մայրը մոտեցավ և մի փոքր հեռու տանելով ինձ, ցածրաձայն ասաց․
-Ես չէի հավատում, որ երբև հաշտության կգաք, բայց եթե իսկապես հաշտվել եք, ուրեմն չվշտացնես տղայիս,- ես դեռ զարմացած էի,- Արամս ահավոր ցավի միջով անցավ այս ամիսներին, այն դժբախտությունից հետո ևս մեկ հարված տանել չենք կարող։
-Իհարկե, հասկանում եմ,- ասեցի այնպես, իբրև թե հասկանում եմ։
-Ես սեր չեմ զգում ձեր մեջ, կներես Սոնա ջան, բայց դա զգացվում է, դու գեղեցիկ ես, հրաշալի աղջիկ ես, բայց ես տեսել եմ, թե ոնց է սիրել իմ տղան, բայց դու փորձիր հասկանալ, և չթողնես այս դժվար պահին։
Ես ուզում էի բռնվել մի տեղից, որ հավասարակշռությունս հանկարծ չկորցնեմ։ Մայրը խնդրում էր ինձ, ինպե՞ս նայել այս մոր աչքերի մեջ։ Լավ էր Խորենն ու Աննան մոտեցան մեզ։ Աննան մտավ թևս։
-Մենք ձեզ չե՞նք խանգարում։
-Ամենևին։
Ես լուռ էի։ Մեզ մոտեցան տիկին Արմինեի հասակակից ևս երկու կին, որոնցից մեկին գիտեի՝ Աննայի մայրն էր։
-Այս ի՛նչ չքնաղ էակ է նորից մեր շարքերում,- նայելով ինձ ասաց Աննայի մայրը։
-Իսկ ի՛նչ սիրուն ժպիտ ունի և փոսիկներ ժպտալիս,- ասաց մյուս կինը,- հիշու՞մ ես Արմինե, երիտասարդ տարիներիս երազում էի փոսիկները երեսին տղամարդու հետ ամուսնանալ, և որ երեխաներս նույնպես փոսիկներով ծնվեին։ Ոչ մեկը եղավ, ոչ մյուսը,- ծիծաղեցին,- հիմա քո մոտ կկատարվի երևի, թոռնիկներդ փոսիկներով կծնվեն։
Աննա շշնջաց, որ նա Խորենի մայրն է։ Եվ իմ սիրտը ավելի էր ճնշվում։ Մինչև այստեղ գալս մտածում էի գուցե վատ ընդունեն ինձ, արժանի չհամարեն ինձ պես հասարակ աղջկա կողքին տեսնել իրենց մեծահարուստ տղային։ Եվ ես արժանի կզգայի ինձ այս ստին մասնակից լինելուս համար։ Ես ավելի էի համոզվում, որ պատրաստ չէի այսպես բացահայտ մարդկանց ստելու և մոլորեցնելու։
-Սոնա ջան հույսով եմ երջանիկ կլինեք,- ասաց Աննայի մայրը։
-Օօ՛, շուտով հարսանիքի արարողությամբ ենք զբաղված լինելու։
Ես փորձում էի ժպտալ, գլխով համաձայնվում էի իրենց ապագայի տեսիլքներին։ Խոսել արդեն դժարանում էի, լսել ընդհանրապես չէի ցանկանում։ Եվ չնկատեցի, թե ինչպես մի փոքր հեռացա բոլորից։ Ցածր ձայն ինձ հետ էր կանչում և ես ուղղակի հետևում էի նրան, և երբ բավականաչափ հեռացանք, ետ շրջվելով տեսա Խորենին։ Հաճելիորեն զարմացած էի, նա նորից ինձ օգնության հասավ։
-Սոնա՛։
-Այո։
-Ո՞նց եղար։
-ինչի՞, ի՞նչ է պատահել, ես ի՞նչ որ բան սխալ եմ արել։
Նա ժպտաց։
-Չէ, դու շատ լավ ես քեզ պահել, ուղղակի քեզ համար դժվար է ստելն։
-Իսկապես, իսկ դու ո՞նց իմացար։
-Ես ամեն ինչ գիտեմ, մոռացե՞լ ես, կամ գրեթե ամեն ինչ։
Ես զարմացած նայում էի նրան, ուզում էի հասկանալ ինչու՞ ենք այստեղ գաղտնի փսփսում կամ այս ի՞նչ խորհրդավորություն է։ Նա կարծես կարդաց մտքերս․
-Լավ, երևի մտածում ես, թե ինչու՞ ենք այստեղ փսփսում։ Մենք հիմա կարող ենք վերադառնալ այնտեղ, որտեղից դու փախչել էիր ուզում, կամ հեռանալ այստեղից ու գնալ տուն, կամ ուր որ ուզենաս։
-Ինչի մենք կարո՞ղ ենք այդպես վարվել, Արամը կհամաձայնվի՞։
-Դժվար համաձայնվի,- գլխով բացասական շարժում արեց, ապա ժպտաց,- բայց մենք կարող ենք հեռանալ։ Ասա՛, դու կարո՞ղ ես շարունակել ստել, ձևացնել առանց վատ զգալու։
-Չե՛մ կարող։
-Այդ դեպքում առանց ետ նայելու գնա ելքի կողմը, ես քո հետևից գալիս եմ։
Նա այնքան հստակ ու վճռական տոնով ասաց, որ ես առանց կասկածելու գնացի դեպի ելքն։ Ինձ դուր եկան այս մարդիկ, բայց այն միտքը, որ հեռանում եմ իրենցից, որ էլ չեմ ստելու իրենց, ինձ ուրախություն էր պատճառում։ Երբ դուրս եկա, դեռ մտովի հրաժեշտի և ներողության խոսքեր էի ասում։ Ելքի դռան փակվելուց հնչող ձայնից վեր թռա, կարծես արթնացա նոր քուն մտածի պես, հիշեցի Խորենին, որ հետևիցս պետք է գար։ Անմիջապես ետ շրջվեցի և նորից բախվեցի նրա հետ, նա գրկեց ինձ, որ վայր չընկնեմ բախումից։ Նրա օծանելիքի անուշ բույրը նորից տարածվեց իմ վրա, նրա շունչն այնքան մոտ էր ինձ, որ ես վախենում էի շնչեի։
-Սոնա՞։
-Այո։
-Գնա՞նք։
-Ու՞ր։
-Այստեղից հեռու։
Ես նորից արթնացա։ Դուրս պրծա նրա ամուր ձեռքերից։ Ապա հիշողությանս մեջ փայլատակեց նրա փորձերը, կարո՞ղ է սա հերթական նրա փորձերից է։
-Դու նորի՞ց ինձ փորձում ես։
-Ո՛չ մի փորձ։
-Ես չեմ կարողանում հավատալ։ Դուք, որ ստում եք նույնիսկ ձեր հարազատներին, ուրեմն ինձ որքան անգամ կստեք։ Ամեն մեկդ ձեր շահն ունեք։ Ո՞րն է քո շահը։
-Լա՛վ, ուրեմն իմացիր, որ ես էլ իմ շահն ունեմ։ Ես հոգնել եմ այս բազմամարդ խնջույքից, այսքան շփումից, երբեմն ձայնը բարձրացող երաժշտությունից։ Հիշու՞մ ես՝ ես հանգստի կարիք ունեմ, ուղղակի հոգնել եմ։ Բավարա՞ր պատասխան էր,- նրա հայացքը անկեղծ էր թվում։
-Լավ։
Մեր շուրջը որոշ մարդիկ էին գնում - գալիս, որոնց ես չէի ճանաչում և դա ուրախացնում էր ինձ։ Խորենը վերցրեց հեռախոսը․
-Լսում եմ Արամ։ Այո իմ հետ է։ Ես Սոնային տանում եմ տուն։ Ոչի՛նչ դու խելացի տղա ես, մի բան կմտածես, դա արդեն քո գործն է։
Նա խոսում էր հստակ, լուրջ և հավասարակշռված։ Ես զգում էի ինձ պաշտպանված, չնայած ոչ ոք ինձ չէր նեղացրել։ Այսքան տարի մենակության զգացողությունս կարծես ակամայից կամաց - կամաց զիչեր Խորենին․<<Ես մենակ չեմ, նա իմ հետ է ու ինձ կպաշտպանի>>։
Դուրս եկանք ծառայողական ելքից։
Глава 7
Խորենն ուրախ էր։ Նրան ժպտալիս կամ ուրախ տրամադրությամբ հաշված րոպեներ էի տեսել։ Նրա աչքերը փայլում էին։
-Պատանի ժամանակ հաճախ փախչում էինք այսպիսի ճաշկերույթներից, հաճելի հիշողություններ արթնացրեցիր։ Իմ շահն էլ թող այս լինի։
Ծիծաղեցինք։ Ես ուրախ էի և՛ իմ համար, և՛ նրա։
-Ասում են մի ձեռքը ձեռք է լվանում, երկուսը - երես,- հիշեցի։
-Սիրում եմ այդ ասածվածքը։
-Գիտեմ,- ասեցի ես ու զարմացա իմ իսկ ասածիս վրա։
Նա զարմացած նայեց վրաս
-Որտեղի՞ց գիտես։
-Չգիտեմ, ուղղակի մտածեցի թե գիտեմ,- շփոթվեցի ես,- այդ դու՛ պետք է բացատրես, թե որտեղի՞ց ես ամեն բան իմանում, կարող ես ասել, ո՞նց ես ամեն ինչից տեղյակ լինում։
-Դե դա կարելի է ասել և իմ աշխատանքն է, և իմ հոբբին։ Գիտե՞ս չէ մեր շենքում առաջին հարկից մինչև վերջին, տեսախցիկներ են տեղադրված, իսկ որոշ հարկերում էլ ձայնագրիչ սարքեր, մանավանդ այս վերջին իրադարձություններից հետո, երբ մեր շարքերում լրտես հայտնվեց։

