
Полная версия
Ուրախ եմ ծանոթանալ
Հագնվել էի և պատրաստվում էի դուրս գալ սենյակից, երբ միջանցքից ձայներ լսվեցին։ Դրանք ավելի շատ ուրախ ու ծիծաղով լցված ձայներ էին, ինչը հաճախակի չէր այս տան բնակիչների համար։ Ես զգույշ բացեցի սենյակի դուռը և նայեցի դեպի միջանցք։ Այնտեղ Խորենն էր և ինչ-որ տղամարդ։ Այս անծանոթը գրկել էր Խորենին և փորձում էր համբուրել նրա այտը։ Խորենը երեսն աջ ու ձախ էր շրջում՝ փորձելով ազատվել նրա ձեռքերից։ Նրանք ծիծաղում էին՝ անկեղծ, ազատ, անհոգ ծիծաղով։ Նայում էի նրանց ու չէի կարողանում զսպել ծիծաղս։
-Մի հատ պաչեմ ու հանգիստ կթողնեմ, քանի ամիս է չեմ տեսել քեզ,- ասում էր անծանոթը։
-Խելառ, անջատվիր ինձանից, գնա՛ էլի, գնա՛։ Համ էլ կամաց, քնած մարդ կա,- ասում էր Խորենը։
Ես Խորենին այսպիսին դեռ չէի տեսել։ Նրա աչքերում փայլ կար և նա ծիծաղում էր։
Ինչքան էլ փորձում էի աննկատ հետևել նրանց, բայց ծիծաղիս ձայնը մատնեց ինձ։ Երկուսն էլ նայեցին դեպի իմ կողմն ու քարացան մի քանի վայրկյան, ապա շտապ իրարից առանձնացան ու սկսեցին կարգի բերել ճմրթված հագուստն։
-Ահա և մեր գերին, կարելի է ասել հավերժ գերին,-խոսելով մոտենում էր ինձ անծանոթ և շատ գեղեցիկ այս երիտասարդը։
-Հրաշալի՜ է,- շարունակեց,- շատ ուրախ են տեսնել քեզ։
Ես ակամայից ժպտացի։ Այնքան ընկերական և հաճելի ձայն ուներ և ինձ միանգամից դուր եկավ՝ կարծես վաղեմի և լավ ընկեր էր։ Մոտենալով ինձ վերցրեց ձեռքս, համբուրեց մատներս.
-Բարև մեր սիրուն աղջիկ, ես Գոռն եմ, այսուհետ ձեր խոնարհ ծառան,- ապա գլուխը խոնարհեց։
Այս ամենն այնքան զվարճալի էր ու ջերմ, որ ես նույնպես ի պատասխան գլուխս խոնարհեցի.
-Ես Սոնան եմ, նոյնպես ուրախ եմ տեսնել ձեզ։
Մենք սկսեցինք ծիծաղել մեր իսկ բեմականացումից։ Խորենը կանգնել էր լուրջ ու զարմացած դեմքով։
-Սոնա ջան ափսոսում եմ, որ երկար ժամանակ չունեմ քեզ հետ շփվելու։ Ես շտապում եմ Աննայի մոտ, բայց երբ վերջացնեմ, կգամ, որ միասին սուրճ խմենք ու մի լավ բամբասենք այս ձանձրալի մարդկանցից։
-Ուրախ եմ, որ այստեղ կա մեկն, ով համամիտ է ինձ հետ։
Հետո հիշեցի Խորենին, որ գիշերը ջերմում էր։ Նայեցի իրեն, բայց չհամարձակվեցի հարցնել, թե ոնց է, վախեցա, որ նորից կոպիտ պատասխան կտա։ Նայում էի նրան և փորձում էի գուշակել նրա տեսքից։
-Սոնա ջան շնորհակալ եմ, որ երեկ խնամել ես Խորենին, անչափ շնորհակալ եմ, դու օգնել ես մեր թանկ ընկերոջը,- ավելացրեց Գոռը։
Ես շփոթվեցի. չէի սպասում։ Խորենը գլխով արեց ի նշան համաձայնության։
-Ես մեծ բան չեմ արել։ Աննա՞ն է երևի ասել ձեզ։
Գոռը ժպտաց։ Ապա ներողություն խնդրեց, ասաց, որ շտապում է ու արագ հեռացավ։ Խորենը ոչինչ չասաց ու նույնպես հեռացավ։
Ես մտա իմ սենյակ։ Տիկին Վարդուհին մտավ իմ ետևից և բարկացած էր երևում.
-Տեսնու՞մ ես այդ տղային, չի լսում ոչ ոքի։
-Ի՞նչ որ բան է պատահել տիկին Վարդուհի։
-Վայ Սոնա ջան ապրես դու, Աննան ասեց, որ դու գիշերը խնամել ես Խորենին, ջերմիջեցնող ես տվել, սառը թրջոց ես դրել։ Եթե դու այստեղ չլինեիր, առավոտ ես ի՞նչ վիճակում կգտնեի այդ տղային։ Պատկերացնու՞մ ես։
Իմ սիրտը լցվեց ուրախությունով։ Ինձ այնքա՜ն անհրաժեշտ էին այս խոսքերը. ես կարողացել եմ պիտանի լինել ինչ-որ մեկին, այս իմ իրավիճակում գոնե օգնել մեկ մարդու։
-Տիկին Վարդուհի, ասացեք խնդրեմ ինչպե՞ս էր Խորենը երբ տեսաք նրան, բժիշկ կանչե՞լ եք։
-Երբ ես եկա, բժիշկն արդեն այստեղ էր. Աննան արդեն զանգել էր բժշկին։
-Ե՞վ։
-Եվ ասեց, որ շատ ծանրաբեռնված աշխատելուց է, վատ սնվելուց, ասում է՝ ուտել չի ուզում։ Բժիշկն ասել էր իրեն, որ հանգիստ է պետք, հանգստանալու թող գնա, լավ սնվի և քնի նորմալ։ Իսկ հիմա ու՞ր է։ Այս տղան հանգիստ չունի։
- Իսկ ու՞ր գնաց,- չդիմացա ես։
-Գնաց, ո՞վ գիտի, ասում է՝ մինչև գործս ավարտին չհասցնեմ, չեմ հանգստանա։ Լավ է Գոռը եկավ։ Գոռին տեսա՞ր։
-Այո, շատ բարի մարդ է երևում։
-Այո, իրենք բոլորն էլ լավ երեխեք են, բայց Գոռն ավելի ուրախ, զվարթ տղա է ի տարբերություն մնացածի։ Ասում են այն դժբախտությունից հետո են սառել մնացել այս շենքում։
-Դժբախտությու՞ն, ի՞նչ է պատահել։
-Լավ, Սոնա ջան, կարծես թե այս անգամ շատ խոսեցի։ Անպայման կնախաճաշես, երեկոյան Աննան արդեն վերադարցած կլինի։
-Իսկ դժբախտությու՞նն, ու՞մ հետ է եղել, ի՞նչ է եղել։
-Ես ոչի՛նչ չգիտեմ,- շփոթված ասաց մաքրուհին ու շտապ հեռացավ՝ թողնելով ինձ իմ հարցերի հետ։
Որոշ ժամանակ հետո դուրս եկա շրջելու միջանցքում։ Դեպի ձախ՝ մի քանի սենյակի մոտով անցնելիս, կանգ առա։ Այստեղ սենյակներն իրարից բաժանում է մի մեծ միջանցք՝ նայելով երկար լուսամուտով դեպի դուրս։ Դրված էր փոքր սեղան և վրան շախմատի տախտակ։ Սեղանի շուրջը մի քանի բազկաթոռ։ Այստեղ էր նաև Արամը, ձերքերը ետևում ծալած, նայում էր դեպի դուրս։ Ես փորձեցի անձայն շրջվել և հեռանալ։ Նրա հետ մենակ մնալ՝ կարծես թե վախենում էի։ Նա շրջվեց.
-Սպասի՛ր։
Ես կանգնեցի։
-Լավ եղանակ է չէ՞։
Ես մոտեցա լուսամուտին։ Նա նստեց բազկաթոռներից մեկին և ինձ նշան արեց նույնպես նստելու։ Ես նստեցի նրա դիմացի բազկաթոռին։
-Շախմատ խաղա՞նք,- ասաց և զարմանալիորեն հանգիստ ձայնով՝ ոչ իրեն հատուկ թշնամական տոնով։
-Ես չգիտեմ շախմատ խաղալ։
-Իրո՞ք, ափսոս։
-Զարմանու՞մ եք։ Մի՞թէ ինձանից ավելի՛ն էիք սպասում։ Մի՞թէ ես խելացի եմ երևում։
Նա ժպտաց՝ ինձ ավելի զարմացնելով։ Կարծես այլ մարդ լիներ իմ առջև նստած և նա ժպտում է ինձ։
-Գուցե շախմատ չես սիրում և դա է չիմանալուդ պատճառը։ Եվ շախմատ խաղաղ չիմանալը՝ չի նշանակում, որ մարդը հիմար է։ Կարծում եմ, եթե մեկը չի տիրապետում ինչ-որ սպորտաձևի, դա ցանկության պակասից է գալիս։ Այն, ինչը մարդուն դուր է գալիս, կամ ցանկանում է տիրապետել, կամ ունենալ՝ ձգտում է ուրեմն, ջանք է գործադրում, սովորում է։ Անկարելի ոչինչ չկա։
-Համաձայն եմ։
Մի փոքր լռությունից հետո շարունակեցի․
-Մի՞թե ես արդեն արժանացել եմ ձեր ոչ թշնամական վերաբերմունքին։
-Գուցե այո, գուցե՞ ոչ, ո՞վ գիտի,- ասաց ժպտալով,- ուզու՞մ ես դուրս գալ շրջելու, այգի՞, սրճարա՞ն, ո՞րտեղ կուզենայիր։
Ես այս հարցին նունպես չէի սպասում։ Ուզում էի արագ որոշել՝ որտեղ կուզենայի գնալ, բայց մտքիս ոչինչ չէր գալիս։
-Իհարկե ուզում եմ։
-Այսօր չէ, Խորենը դեռ չի ապաքինվել։ Սպասիր թող լավանա, կխնդրեմ քեզ ուղեկցի, դե՞մ չես։
-Իհարկե դեմ չեմ։
-Միայն թե չմտածես, թե իմ վերաբերմունքից սարեր շուռ կգան։ Մենք պայման ունենք և իմ վերաբերմունքի փոփոխությունից չզարմանաս, գուցե հակառակ կողմը փոխվի։
Ես ասելու ոչինչ չգտա։ Նստեցինք լուռ, նայում էինք դուրս։ Ես երբեմն նայում էի Արամի կողմն։ Ինչու՞ էր ինձ թվում, թե այս տեսարանն ինձ ծանոթ է։ Կարծես ես ու Արամն էլի էնք այպես նստած զրուցել։ Հետաքրքիր էր։
Մի որոշ ժամանակ անց նա գնաց։ Հետո եկավ Աննան։ Տեսնելով ինձ՝ գրկեց. շնորհակալ էր։
Հաջորդ օրը նույնպես բուռն օր էր Աննայի ու Խորենի համար։ Նրանք մի քանի անգամ եկան վերև ու կարճ ժամանակով, քննարկում էին, թղթեր ստուգում, սուրճ խմում ու արագ հեռանում։ Ես օգնում էի Աննային գործերի մեջ ու դա ինձ փոքր ինչ երջանկություն էր պատճառում։ Նրա ասելով՝ շուտով ես կաշխատեմ ներքևում, ինչի համար, որ եկել էի, պետք էր ուղղակի մի փոքր սպասել։
***
Արդեն երեկոյան ժամը տասն էր, երբ որոշեցի նորից գնալ համար 5, գուցե Աննան եկած լիներ։ Բայց նրա փոխարեն Խորենին հանդիպեցի։
Սեղանին դրված էր պլանշետ, հեռախոս, նոթատետրեր՝ իր անբաժան ընկերները։ Իսկ ինքը երկրորդ պլանշետը ձեռքին՝ ականջակալն ականջին՝ ինչ-որ բան էր նայում։ Նկատեց ինձ, երբ ես մոտեցա սեղանին և գլխով ողջունեց։
Հոգնած տեսք ուներ։ Նա փորձում էր ցույց չտալ, բայց ես իր շարժումներից հասկանում էի։
-Քաղցա՞ծ չես,- հարցրեցի։
-Չէ։
-Պատրաստվում եմ թեյ խմել, կմիանա՞ս ինձ։
-Թեյ կխմեմ։
-Ես քեզ չե՞մ խանգարի, եթե մի փոքր այստեղ մնամ։
-Դու ինձ երբեք չես խանգարում։
Թեյը պատրաստեցի և նստեցի։ Ես ուզում էի հարցնել Աննայից և թե ինչպես են իրենց գործերը, բայց երբ հիշում էի նրա նախորդ կոպիտ պատասխանները՝ չէի համարձակվում։ Սակայն մի փոքր լռությունից հետո չդիմացա.
-Ինչպե՞ս է Աննան և նրա գործերը։
-Աննան արդեն իր տանն է։ Մի քիչ հանգստանա, լավ կլինի։
-Ես կարո՞ղ եմ օգնել ինչ որ բանով։
Նա ժպտաց։ Այսօր Արամի պես՝ նա էլ ավելի հանգիստ և բարյացկամ էր՝ ի զարմանք և ուրախություն ինձ։
Եթե կարողանամ խոսեցնել Խորենին, գուցե որոշ բաներ էլ պարզեմ և ավելի մոտենամ իմ ազատությանը։
-Բժիշկը խորհուրդ էր տվել քեզ հանգստանալ, կազդուրվել, քիչ աշխատել․- համարձակվեցի ասել, բայց մտքումս կրկնում էի.<<Հիմա կպատասխանի՝ դա քո գործը չէ, կամ դա քեզ չի վերաբերվում, ինչու՞ ասեցի, ո՞վ էր ինձ ստիպում ասել>>։
-Մեր բժիշկը շատ հոգատար է ու երբեմն սիրում է չափազանցնել,- ասաց ժպտալով։
Ես նույնպես ժպտացի․
-Երևի բոլոր բժիշկներն են այդպիսին։
Հաջորդ մի քանի րոպեն մենք լուռ էինք։ Երկուսս էլ սպասում էինք թեյի սառչելուն և կում - կում էինք խմում։ Ես նայում էի Խորենին, որ իմ պես էր խմում և մտքումս պտտվում էր Նարինեի խոսքերը.
-Ո՞վ է այսպես խմում թեյը, որ դու ես խմում։ Թեյը խմում են տաք-տաք ու չեն սպասում, որ սառչի։
Հետո Խորենը վեր կանգնեց, մի թեթև աջ ու ձախ շարժեց ձեռքերը, վիզը, երևում էր շատ աշխատելուց հոգնել էին, ապա վերցրեց իր բաժակը, որ տանի, կանգ առավ նայեց բաժակիս՝ այն դատարկ էր, վերցրեց և տարավ։ Ես հաճելիորեն զարմացած էի։
Վերադարձավ իր տեղը, վերցրեց նույն պլանշետը, միացնելով էկրանն ինչ-որ գրառումներ էր անում։ Ես այդ ընթացքում մի ամսագիր էի վերցրել և ուսումնասիրում էի բովանդակությունը։ Նա մի պահ դադարեցրեց աշխատանքը պլանշետով և դարձավ իմ կողմը.
-Սոնա՛։
-Այո։
-Շնորհակալ եմ։
-Ինչի՞ համար։
-Շնորհակալ եմ այն գիշերվա համար, որ ինձ օգնեցիր։ Դու կարող էիր ուղղակի անցնել՝ չտեսնելու տալով, մանավանդ իմ վերաբերմունքից հետո։ Ես քեզ հետ կոպիտ եմ եղել այս ընթացքում և քո մեջ իմ նկատմամբ կարող էր ոչ մի բարի զգացում չլիներ,- նա անկեղծ էր երևում։
Ես սկսում էի արդեն շփոթվել։ Հիշեցի այն գիշերն։ Ի՜նչ ամոթ. նա բռնել էր իմ ձեռքն, իսկ ես խեղճի պես ազատվել չէի կարողանում, իսկ ավելի անկեղծ՝ չէի ուզում ազատվել։ Նաև ջերմաչափը, որ չգիտեի ոնց հարմարեցնեմ, ստիպված էի ձեռքում տեղավորել։ Ես ամոթից էլ նրա ձեռքերի կողմը չեմ նայի։
-Ես մեծ բան չեմ արել, լավ է Աննան բժիշկ է կանչել։
-Հետո ծածկել ես վերմակով, ջերմիջեցնող ես տվել,- ժպտալով ասաց,- և մեկի տեղն երկու անգամ, կողկիս մնացել ես այնքան, մինչև համոզվես, որ վտանգն անցել է։
Ես ավելի էի շփոթվում։ Ոչ ոքի չէի ասել այն օրվա մասին այսքան մանրամասն, նունիսկ Աննային, ապա որտեղի՞ց իմացավ, մի՞թե արթուն է եղել, զգացել է ամեն բան։ Չէ՛, բացառվում է։
-Եվ լավ է Աննան ցույց էր տվել, թե որտեղ է պահում դեղատուփը։
Նա լուռ էր։ Կարծես մտածում էր, ապա նայեց ինձ փոքր ինչ խորհրդավոր հայացքով.
-Շնորհակալ եմ ամեն ինչի համար։ Եվ քո համբերության համար, որ այդքան իմ կողքին սպասել ես և չես թողել։
Ես լուռ լսում էի։ Չէի սպասում։ Ի՞նչ էր եղել, ի՞նչն էր փոխվել այս մարդու մեջ։ Ես իրականում մեծ բան չէի արել։ Գուցե իմ այս փոքրիկ բարի քայլը փափկացրել է իրենց սրտերը, և զորություն ունենա մտափոխելու և վերջ դնելու այս խենթությանը։ Փորձեցի օգտվել նրա բարյացակամ տրամադրությունից և մտածեցի փորձել ընկերական հարաբերություններ ստեղծել գոնե Խորենի հետ․
-Խորեն։
-Լսում եմ։
-Դու արդեն առողջացե՞լ ես, հետևու՞մ ես բժշկի հրահանգներին։
Նա նայեց ինձ զննող հայացքով։ Նրա աչքերի խորքից երևում էր, թե ինչպես է զսպում իրեն ինչ-որ բան չասելու համար։ Նա շրջեց գլուխն ինձանից.
-Ես դրա ժամանակը չունեմ։ Տեսնու՞մ ես ինչ խառը ժամանակներ են, ո՛չ մեկս դրա ժամանակը չունենք։
-Ես քեզ կարող են օգնել։ Գործի կեսը տուր ինձ, այդպես արագ կվերջացնեք։
Նա նայեց ինձ, ապա պլանշետին.
-Սպասիր մտածեմ։
Ինչ-որ գրառումներ արեց, նորից ստուգեց պլանշետն, ապա.
-Ես կլսեմ պլանշետով, քեզ կասեմ ինչ գրես ու դու ճիշտ ու արագ կգրես, լա՞վ։
-Լավ։
-Կարի՞ք կա հիշեցնելու այս ամենի գաղտնիության մասին։
-Դու արդե՛ն հիշեցրեցիր,- դժգոհեցի ես։
Նա կլանված և ուշադիր լսում էր և երբեմն ինձ թվեր կամ անուններ էր ասում, և ես այդ ամենը ճշտությամբ գրում էի իր տված նոթատետրում։ Այդ թվերն ամսաթվեր էին կամ միանիշ թվեր, իսկ անունները խառն էին։
Ես նայում էի իրեն ուշադիր, անհամբեր սպասում էի, թե ինչ կասի հիմա։ Ինչ հետաքրքիր կլիներ ինձ կողկից նայելն։ Ի՞նչ եմ անում ես այստեղ։ Այս մարդիկ ինձ խաբել են, երբեմն կոպտել են, զրկել են ինձ իմ ազատությունից, երևի ծիծաղում ու ծաղրում են ինձանից հեռու, իսկ ե՞ս։ Ես ե՞րբ հասցրեցի ընկերանալ նրանցից մի քանիսի հետ կամ օգնել իրենց, մտածել իրենց մասին։ Խելքից դուրս բան է։ Կամ գուցե ինձ դու՞ր է գալիս իմ կարգավիճակը, գերի լինելն։ Այս միտքը երբեմն քնելուց առաջ էլ գալիս գլխումս, և զարհուրելի էր թվում․ ինչպե՞ս կարող է մարդուն դուր գալ գերությունն, իր սահմանապակ տեղաշարժն, ապրելակերպն։ Այս միտքն ինձ նույնիսկ վախեցնում էր։ Իսկ գուցե՞ ճոխ գերությունն ինձ գրավիչ էր թվում, քան թե իմ ազատությունը։ Մտքերս անհեթեթ էին, խառնված այս իրավիճակի պես, որում ես հայտնվել էի։ Բայց մի բան հաստատ գիտեի՝ ինձ դուր էր գալիս այս մարդկանց ընկերակցությունը, յուրաքանչյուրինը՝ յուրովի։
Նա երբեմն գլուխը բարձրացնում էր, հարցնում, թե գրում եմ ինչ ասում է։ Թե նա ի՞նչ էր լսում և ի՞նչ գրառումներ էի անում ես՝ գաղափար չունեի։ Այս ամենը մոտ ժամ ու կես տևեց։ Նա վերջապես անջատեց պլանշետն.
-Ապրե՛ս Սոնա, լավ աշխատանք էր, շարունակությունը հետո։
Պատրաստվում էի գնալ, երբ լսեցի նրա ձայնը։
-Սոնա՛։
-Այո։
-Ես վաղը գործով դուրս եմ գալու, կարող եմ քեզ էլ տանել։
-Վա՞ղը,- ուրախացա ես,- ու՞ր։
-Որտե՞ղ կուզենայիր գնալ, վաղը կգնանք։
Ես ուրախ էի․ մտածել չէի ուզում, ինձ համար միևնույն է թե որտեղ, կարևորը դուրս կգամ։
Глава 5
Առավոտյան շտապեցի Համար 5։ Դեռ ոչ ոք չէր եկել, բայց հենց սուրճն արդեն պատրաստ էր, ներս մտան Աննան, Արամը և Խորենը։ Երևում էր նրանք նույնպես լավ տրամադրություն ունեին՝ ծիծաղում էին։
-Այս ինչ անուշ հոտ է՜։
Արամն ու Խորենը ոգևվորված ինչ-որ բան էին քննարկում։ Ես մոտեցա Աննային և ցածրաձայն հարցրեցի, թե ի՞նչն է պատճառն իրենց բարձր տրամադրության։
-Մենք առաջխաղացում ունենք մեր հետաքննվող գործում։ Հիշու՞մ ես, որ ասում էի լրտես կա մեր շարքերում,- նույնպես ցածրաձայն պատասխանեց Աննան,- արդեն հետքի վրա ենք դուրս եկել։ Այս քանի օրվա մեր աշխատանքներն իզուր չէին։
-Ի՜նչ լավ է, ուրախ եմ ձեր համար։
-Շնորհակալ եմ Սոնա ջան։ Մենք պարզեցինք, թե որ մասնաճյուղից էր արտահոսք եղել, մնացել է գտնենք, թե ով է։ Երբեմն չարացործներն ուրիշների համակարգչից են օգտվում, որ իրենց վրա կասկած չլինի, հիմա պետք է ավելի զգույշ լինենք, որ անմեղ մարդու չմեղադրենք։
-Պարզ է,- և՛ ասեցի, և տխրեցի, թե ես ի՞նչ մեղք էի գործել իրենց դեմ, մի՞թե ես անմեղ մեկը չէի, ում դեմ չվախեցան անօրինական գործարք գրանցել։
Ներս մտավ Գոռն։ Ուրախ ժպիտով և երկու ծաղկեփունջ ձեռքին։
-Բարև բոլորին, մեր այս գեղեցկուհիների համար գեղեցիկ անակնկալ,- ասաց՝ ինձ ու Աննային՝ նվիրելով վարդերից կազմված հրաշալի ծաղկեփունջներ։
Մենք շնորհակալ էինք։ Ես չափազանց շոյված էի։ Ինձ թվաց նունիսկ կարմրեցի շփոթմունքից։ Վաղուց ծաղիկներ նվեր չէի ստացել։
-Դու՛, սիրելիս, ինչպես միշտ հոյակապ ես,- ասաց Աննան Գոռին։
Գոռը ժպիտով գլխով արեց ի նշան համաձայնության։
Աննան տեղավորեց ծաղիկները ծաղկամանում և մենք տեղավորվեցինք տղաների կողքին։
-Ո՞նց է մեր գերին,- ասաց Գոռը ժպտալով՝ նայելով ինձ։
Թեև գերի բառը գեղեցիկ չէր հնչում, բայց նա այնքան լուսավոր և հաճելի մարդ էր թվում, որ իր կողմից նունիսկ զվարճալի էր երևում և նեղանալ անգամ չէր լինում։
-Լավ եմ, դու ո՞նց ես,- պատասխանեցի ժպիտով։
-Հույսով եմ չեմ նեղացնում իմ բառերով։
-Չես նեղացնում, նունիսկ զվարճալի է։
-Քեզ էլ հասցրեցի՞նք գումարով գնել։
-Պարզվում է այո՛, և վատ չեն վարձատրել,- ժպտալով շարունակեցի։
-Դու՛ ես միամիտ, պետք է ավելին ուզեիր, Արամի ունեցվածքն ավելին է, քան դու կարող ես պատկերացնել։
-Եթե դու ավելի շուտ այստեղ լինեիր, ինձ կօգնեիր, խորհուրդ կտայիր։
Ծիծաղեցինք։ Աննան նույնպես սկսեց ծիծաղել.
-Դուք կարծես նույն խելքին եք,- ասաց Արամն։
Արամն ու Խորենը նայում էին մեկ ինձ, մեկ Գոռին։ Երկուսն էլ դժգոհ դեմք ունեին։
-Ու դու Գոռից չե՞ս նեղանում,- ասաց Արամը,- չե՞ս կոպտում, մեծ - մեծ չե՞ս խոսում։
Ես գլխով բացասական շարժում արեցի։
Մի փոքր էլ նստեցինք։ Նրանք սկսեցին խոսել իրենց գործերից։ Ես աննկատ վեր կացա, որ իրենց չխանգարեմ, մոտեցա լուսամուտին։ Նայում էի նրանց։ Նրանք վատը չեն։ Ինչո՞ւ- ներ իհարկե շատ կան և նաև զարմանք, բայց ես այնպես եմ դաստիարակվել, որ մարդուն պետք է հասկանալ, ամեն որոշում և քայլ իր պատճառն ունի։ Կարելի է և պետք է ներել, քանի որ մենք ինքներս անմեղ չենք, մենք էլ մեր մեղքերն ունենք և ունենք ներվելու կարիք։ Ապա նայեցի դուրս ու էլի մարդիկ անցնում էին փողոցով ինչպես միշտ, ամեն մարդ իր գործին։ Այս քանի օրվա մեջ իմ կյանքում այնքան բան էր փոխվել, կարծես տարիներ անցած լինեին, բայց երբ դուրս եմ նայում, ամեն բան նույնն է։
-Սոնա,- մտքերիցս կտրեց ինձ Աննան,- դու այսօր Խորենի հետ գնալու՞ ես։
-Այո։
Աննան մոտեցել էր ինձ, իսկ տղաները դեռ զրուցում էին։ Ապա շրջվեց Խորենի կողմը․
-Խորե՛ն, ե՞րբ եք դուրս գալու։
-Մոտավոր մեկ ժամից։
-Իսկ Սոնային ինչու՞ չես զգուշացնում։
Բոլորը նայեցին իմ կողմը։
-Մոտ մեկ ժամից դուրս ենք գալու, կհասցնե՞ս պատրաստվել,- հարցրեց Խորենը։
-Իհարկե,- պատասխանեցի չթաքցնելով ուրախությունս։
-Ես էլ եմ շուտով դուրս գալու,- ասաց Գոռը,֊ կարող է իմ հետ գալ Սոնան։
-Չէ՛,- միաձայն գոչեցինք ես ու Խորենը։
Մնացածը նայում էին մերթ իմ կողմը, մերթ Խորենի։ Մենք ինքներս էլ էինք զարմացած մեր միարժամանակ պատասխանից։
-Շնորհակալ եմ, բայց ես Խորենի հետ կգնամ,- փորձեցի մեղմել իրավիճակը։
Չգիտեմ ինչու այսպես ասեցի, իմ համար միևնույն էր, թե ում հետ դուրս կգայի, կարևորը կշրջեմ փողոցներով, ինձ ծանոթ ու հարազատ վայրերով՝ կարոտս կառնեմ, խանութներով կշրջեմ և ինձ անհրաժեշտ որոշակի իրեր կգնեմ։ Բայց ինձանից անկախ դուրս թռան այս խոսքերը։
Ես դուրս եկա համար 5-ից։ Արդեն հարազատ դարձած իմ սենյակը սպասում էր ինձ։ Մի քանի հագուստ հանեցի, որ ընտրեմ։ Ստուգեցի դրամապանակս։ Մինչև այստեղ գալս ես գումար ունեի։ Չնայած իրենց ասելով ես նոր և բավականին մեծ հաշիվ ունեմ, բայց կփորձեմ սահմանափակվել իմ դրամապանակով։ Ես արդեն պատրաստ էի և դեռ մի փոքր ժամանակ էլ կար։ Հեռախոսիս հաղորդագրություն եկավ անծանոթ համարից
-Եթե՞ պատրաստ ես, ուրեմն քեզ սպասում եմ 5-ում։
Սա երևի Խորենն է։ Վերցրեցի պայուսակս ու դուրս եկա։
Խորենն այնտեղ էր։ Նա փոխվել էր․ Նրա հագին մշտապես պաշտոնական հագուստի փոխարեն՝ շապիկ էր և թեթև ջինսե տաբատ։ Սանրվածքը նունպես այլ էր՝ մազերը խառնված էր, խիստ վերև սանրվածքի փոխարեն։ Նա առանց այն էլ գեղեցիկ էր, իսկ այժմ ավելի էր գեղեցկացել։ Ես զգացի թե ինչպես եմ շփոթվում նրա տեսքից։
Մենք մոտեցանք վերելակին։ Իջնում էինք ներքև։ Լուռ էինք։ Հանկարծ “ Կանգ առ” կոճակով կանգնեցրեց վերելակը և դարձավ իմ կողմը․
-Դու ուրիշ քայլեր չե՞ս անի։
-Ի՞նչ նկատի ունես ուրիշ քայլեր ասելով,֊ ես հասկանում էի ինչ նկատի ունի, բայց ինձ հետաքրքիր էին իր պատասխանները։
-Դու հասկանու՞մ ես մենք դրսում մենակ չենք լինելու։ Այնտեղ շատ աշխատակիցներ կան, ծանոթ և անծանոթ մարդիկ, կարի՞ք կա հիշեցնելու պայմանները։
-Դու արդե՛ն հիշեցրեցիր։
-Դու պատկերացնում ես՝ քանի տարի է ես այս բնագավառում եմ աշխատում։ Արտակարգ իրավիճակների մասին լավ պատկերացում ունեմ։
-Ես պայմանը չեմ խախտի։
-Լավ։ Եվ... Ինչու՞ չուզեցիր Գոռի հետ գնալ։
-Չգիտեմ, գուցե՞ ես քեզ ավելի գիտեմ, քան նրան։
Նա մի քանի վարկյան հարցական հայացքով նայեց ինձ, ապա նորից վերելակը շարժվեց և մենք կրկին իջնում էինք ներքև։
Շենքից դուրս գալով՝ կանգ առա և խորը շունչ քաշեցի։ Այսօր ուրիշ է օդն․ այն ավելի է հագեցած թթվածնով, ավելի մաքուր է, ավելի ինձ համար է։
Խորենը հանգիստ վարում էր մեքենան։
-Սկզբում գնանք առևտրի կենտրոն, ինչը որ քեզ անհրաժեշտ է կգնենք, հետո տեսնենք ժամանակը ոնց ցույց կտա, համաձա՞յն ես,- ասաց Խորենը։
-Լավ։
Որոշ ժամանակ անց, երբ նա կանգնեց լուսակիրի դիմաց, շրջվեց իմ կողմն և խիստ տոնով ասաց.
-Բացի՛ր դուռը և գնա։
Ես զարմացած նայում էի նրա վրա։ Չհասցրեցի հարցնել, նա շարունակեց.
-Կարող ես գնալ, սա քո հնարավորությունն է։ Ես չեմ կարող արագ քեզ հասնել։
Ես դեռ ապշած էի։ Ինձ թվաց Խորենը կատակում է։ Ի՞նչ է այստեղ կատարվում։
-Դու ծաղրու՞մ ես ինձ։ Ո՞վ ասեց, որ ես ուզում եմ փախչել։ Ինչի՞ եք ուզում դուք ամեն ինչ որոշել։ Դու՛ք, դու՛ք։ Միայն դու՛ք եք ուզում որոշել։
Բարկության ու զարմանքի զգացումը պատել էր միտքս։ Ես ուզում էի զսպել ինձ, որ ավել բառեր ինձ թույլ չտամ։
Մեքենաների ազդանշանների ձայնից՝ նա ուշքի եկավ և վարեց առաջ։ Որոշ ժամանակ անց՝ խախտեց լռությունը.
-Ինչու՞ չգնացիր, ինչու՞։
-Ես փախչելու կարիք չունեմ։ Իսկ ինչու՞ պետք է փախչեմ, կասե՞ս։ Ես ուզում եմ լուծել այս հարցն ու գլուխս բարձր տուն վերադառնալ։ Իսկ գուցե՞ դու խղճում ես ինձ, ինչու՞ այդպես արեցիր։
-Խղճա՜լ,- ծիծաղեց,- մենք շուտվանից մոռացել ենք այդ բառի նշանակությունը։ Սա համարիր փորձ էր։ Փորձեցի ուղղակի հերթական անգամ։ Իսկ դու նորից չօգտվեցիր։
Մինչ այս՝ կարծիքս փոխվել էր այս տղամարդու նկատմամբ, նույնիսկ սկսել էր հաճելի լինել նրա ներկայությունը։ Բայց այժմ՝ այսպիսի հակասական զգացում ոչ մեկի նկատմամբ չեմ ունեցել իմ այս կարճ կյանքի ընթացքում։
-Սոնա՛։
Մենք արդեն կանգ էինք արել առևտրի կենտրոնի առջև։ Նա շրջվեց իմ կողմը։
-Սոնա, մոռացի՛ր, մի՛ բարկացիր, լա՞վ։ Խոստանու՞մ ես չնեղանալ։
Երևի նկատել էր բարկությունս ու նեղությունս։ Չնայած՝ այս մարդկանց համար հեռու է սրտացավությունը։
-Չեմ խոստանում։
-Սոնա՜,մի՛ բարկացիր։
-Ինչու քեզ հետաքրքրու՞մ է իմ բարկությունը։
-Սոնա՜։
-Պա՜րզ է, սա հերթական պահանջ է, թե՞ հրաման։ Կարող է պայմանագրի կե՞տ է, ես էլի՞ ուշադիր չեմ կարդացել։
Նա լուռ նայում էր ինձ։ Հայացքը փոխվել էր, հիմա կարծես հանգիստ և ընկերական լիներ։ Էլ օտարի պես կամ խիստ չէր հայացքը։ Ես մի փոքր հանգստացա։ Նա կարծես սպասում էր, որ ես խոսեմ, հանդարտվեմ։
-Սոնա՜, սա խնդրանք է։ Մե՜ծ խնդրանք։ Մի նեղացիր, մի բարկացիր։ Ես համոզվեցի, որ դու չես ուզում փախչել։ Ես ափսոսում եմ, որ նեղացրեցի քեզ։
Լսում էի նրան, ուզում էի հավատալ և նույնիսկ ուրախանալ իր վերջին խոսքերից, բայց չէի կարողանում։ Սիրտս փակվել էր և հրաժարվում էր ընդունել։
-Դուք նույնիսկ նորմալ ներողություն խնդրել չգիտեք, ձեզանից ո՛չ մեկը։ Իսկ ես ցավում եմ, որ դուք այդպիսինն եք։
Ես էլ ավելացնելու ոչինչ չունեի և դուրս եկա մեքենայից։
Առևտրի կենտրոնի մուտքի մոտ Խորենը տվեց ինձ բանկային քարտ.
-Սա քոնն է։ Հաշվին բավականին գումար կա, ինչ ուզում ես կարող ես գնել, եթե իմ ներկայությանը դե՞մ ես, ես կարող եմ դրսում սպասել քեզ։
-Այլևս չես վախենու՞մ, որ կկորեմ կամ կփախչեմ։
-Ես քեզ կգտնեմ ուր էլ լինես, այստեղ ամբողջը տեսախցիկներ են, իսկ դրանց միանալն հաշված րոպեներ են ինձ համար,- ասաց գոհ և ժպտալով։
-Ուրեմն արի՛ ինձ հետ, ավելի լավ, ես մենակ խանութներով շրջել չեմ սիրում։ Նաև այդպես առիթ կլինի տանջել քեզ՝ ինչքան գիտեմ տղամարդիկ խանութներով երկար շրջել չեն սիրում։
-Լա՛վ համաձայն եմ, որքան ուզում ես տանջիր ինձ այսօր։ Եթե այդպիսով կմեղմեմ քո բարկությունն ու մի փոքր կուրախացնեմ քեզ, ուրեմն ես պատրաստ եմ։
Այնքա՜ն հաճելի ու մեղմ ձայնով ասաց, որ մի պահ մոռացա, թե ում շուրթերից էր հնչում։ Սիրտս յուրահատուկ ջերմությամբ էր լցվում արդեն որերորդ անգամ նրա այս տեսակ մեղմ ձայնից, ի՞նչ որ բան էր կատարվում իմ ներսում, որը դեռ ինձ անծանոթ էր։
Մենք որոշակի գնումներ կատարեցինք։ Ժամանակն անցավ ուրախ, կարելի է ասել զվարճալի։ Ես առիթից օգտվում էի տանջելու նրան, ծիծաղելու նրա վրա։ Իսկ նա լուռ՝ երբեմն ժպիտով, փաթեթները ձեռքին հետևիցս գալիս էր։ Նա չէր դժգոհում, ինչը զարմացնում էր ինձ։ Ես մտածում էի՝ բոլոր տղամարդիկ դժգոհ են կանանց հետ առևտրի գնալիս, ինչպես քրոջս ամուսինն՝ Արմենը։ Նա ամեն անգամ քրոջս հետ գնումների գնալուց հետո վերադառնում էր դժգոհ և բողոքելով, թե քույրս խանութ չթողեց քաղաքում, որ չմտնի, որ այնքան են ոտքերը հոգնած, որ քրոջս պատրաստած ամենահամեղ ուտեստը նունյիսկ չի մեղմի բարկությունը։ Բայց ամեն անգամ հենց նստում էր սեղանի շուրջը, հենց փորձում էր քրոջս ուտեսները, մոռանում էր ամեն բան, շրջվում էր դեպի ինձ ու ասում․
-Գիտի՛ քո քույրը, թե ինչպես մեղմի բարկությունս, սովորիր Սոնա ջան, դու էլ քո կեսին որ գոհացնես։
Խորենն ասաց, որ պետք է երեկոյան զգեստ գնեմ, շուտով առիթ է լինելու այն հագնելու, իսկ մնացածն ասաց տուն կհասնենք կիմանամ։ Երկար փնտրեցինք։ Խորենն ուզում էր, որ ընտրեմ ամենաճոխն ու ամենաթանկը, բայց ես համեստ զգեստի կողմնակից եմ։
Վերադառնում էինք տուն։
-Սոնա՛։
-Այո՛։
-Սրտիդ մոտիկ մի ընդունի ոչինչ։ Մենք մի քիչ չոր ենք, կոպիտ ինչ որ տեղ։ Բայց դու նման չես մեզ, դու ուրիշ ես, ուղղակի այսպես ստացվեց։
-Մենակ չասես, որ ես ուժեղ եմ ու այդպիսի ոճի խոսքեր։ Ես չեմ սիրում, երբ ինձ այդպես են ասում։
Նա ժպտաց, ես նույնպես։
-Ահա, ամեն իրավիճակին այսպես ժպիտով պատասխանիր։
Մենք հասանք մեր հարկ։ Խորենն ասեց, որ եթե հոգնած չեմ գնամ Համար 5՝ խոսելու բան կա և բոլորն են այնտեղ լինելու։
Երբ մտանք սենյակ, բոլորն էլ իսկապես այնտեղ էին։ Կարծես սպասում էին ինձ անհամբեր՝ տեղներում ուղղվեցին ու ուշադիր նայում էին։
-Ո՞նց ես, լավ ժամանակ անցկացրեցի՞ր,- հարցրեց Աննան։
-Լա՛վ եմ, իհարկե լավ էր, ափսոս, որ մեզ հետ չէիր։
-Սոնա, սիրելիս, մենք լուրջ գործ ունենք քո հետ,- Աննան լուրջ տեսք ընդունեց։
-Ուշադիր լսում եմ։
-Երեք օրից Արամի մորաքրոջ ծնունդն է։ Արամի մայրը և մյուս հարազատներն արտերկրից եկել են։ Մեծ խնջույք է լինելու։ Դու էլ մեր հետ հրավիրված ես։ Արամն ասել է, որ շուտով ամուսնանալու է և քեզ ուզում են տեսնեն։ Հասկանու՞մ ես։
Ես սկսեցի վախենալ։ Աննան լռեց։ Սպասում էր իմ արձագանքին։
-Արամի մայրը և մի քանի հոգի պետք է հավատան, որ դու Արամի ապագա կինն ես,- շարունակեց նա։
-Իսկ եթե՞ չհավատան,- անվստահ հարցրեցի։
-Չհավատա՞ն,- զարմացավ Արամը,- դու պետք է այնպես խաղաս, որ հավատան, իսկ մեր պայմանը քո կարծիքով ձևի՞ համար է։
Աննան հայացքով սաստում էր Արամին, իսկ Խորենը բռնեց Արամի թևը։
-Նորի՞ց։ Դու չե՞ս կարողանում հանգիստ խոսել,- բարկացավ Խորենը։
-Իսկ ի՞նչն է քեզ համար դժվար, ձևացրու թե անտարբեր չես իմ նկատմամբ, եղիր սիրալիր, ժպտա ինձ և բոլորին։ Ես կարողացա չէ՞ քո նկատմամբ որոշ ժամանակ քաղաքավարի լինել, ամեն ինչն իր վարձքն ունի։
Իհարկե ամեն ինչն իր գինն ունի։ Սա վերջիվեջո իմ աշխատանքը կարելի է համարել, ես պետք է դառնամ դերասանուհի և խաղամ իմ դերն այն ահռելի գումարի համար, որն ինձ արդեն վճարել են։ Պետք է արդարացնել այն սպասելիքները, որոնք առանց իմ ցանկության՝ առաջացել են այս մարդկանց մեջ։

