bannerbanner
վիրավոր թռչուն
վիրավոր թռչունполная версия

Полная версия

Настройки чтения
Размер шрифта
Высота строк
Поля
На страницу:
2 из 2

Հասան տեղ։ Նարեկը դժկամությամբ դուրս եկավ։ Ճանապարհին հազար անգամ պատկերացրել էր Օֆիկի դերասանական կերպարը։ Բայց զարմացավ, երբ տեսավ նրա աչքերի մեջ իսկական ցավ ու կարեկցանք։ Հորեղբոր կինը գուցե և կյանքում առաջին անգամ գրկեց նրան մայրական ջերմությամբ ու սեղմեց կրծքին։ Այն ջերմությամբ, որին ինքը մանկուց կարոտ էր մնացել։ Օֆիկի աչքերը լցվեցին, բայց չլացեց։

_Օֆի՜կ,_սաստեց ամուսինը,_պայմանավորվել ենք չէ՞… ո՛չ մի՛ արտասուք, առանց այն էլ դժվար է…

_Չեմ լացում, չեմ լացում,_ասաց Օֆիկը ու արագ սրբեց աչքերը։

Հայրը խոհանոցում էր, երբ Նարեկը մտավ մեջ։ Այնտեղ էին նաև հորեղբոր ավագ տղայի կինը՝ Աստղիկը ու նրա դուստրը՝ երեքամյա Օֆելիան։ Երբ Աստղիկը տեսավ Նարեկին եկավ ընդառաջ, միայն բարևեց։ Աղջիկը վազվզում էր շուրջը։

Սեղանը պատրաստ էր։ Իրենց էին սպասում։

_Ուզում եմ լվացվել,_ասաց Նարեկը։

_Ես ցույց կտամ, հոպար գնացինք,_փոքրիկ Օֆելիան վազեց դուրս եկավ խոհանոցից։

Նարեկին մի վայրկյան թվաց, թե անցել է մի քանի տարի ու իր որդին այսպես վազում է ուրիշի տան մեջ, օտար շրջապատում ու օտարին է ասում հայրիկ։

_Հոպա՛ր, ու՞ր ես,_կանչեց աղջիկը։

Նարեկը հետևեց նրան։

_Դու՛, այդքան փոքր ես ու արդեն խոսում ես։

_Պապիկը ասում, որ ճարպիկ եմ իր նման,_անկեղցությամբ ասաց աղջիկը։

Նարեկը անկախ իրենից ծիծաղեց։ Առաջին անգամ այս ամենից հետո։ Փոքրիկը պատասխանեց անուշիկ ժպիտով։ Մատը ուղղեց դեպի դռներից մեկը.

_Այն մեկն է։ Դուք մտեք լվացվեք, իսկ ես գնամ օգնեմ մայրիկին։

Վազեց հեռացավ։

Նարեկը մտավ լոգարան։ Հայելու մեջ տեսավ դեմքը մազակալած, աչքերի մեջը կարմրած, տակը կապտուկներ, մաշկը դեղնած ու թառամած… ողորմածիկ կերպար… «Աշխարհի ամենադժբախտ մարդը»,_չգիտես ինչու պիտակ դրեց ինքը իրեն։ Սառը ջուրը մի քիչ թարմացրեց իրեն։

Ճաշի ժամանակ ոչ մեկը չէր խոսում։ Բայց և ոչ մեկը նորմալ հաց չկերավ։ Միայն փոքր Օֆելիան անվերջ խոսում էր։

_Մա՛մ, ես դա չեմ ուզում, ձուկը դիր, ձուկ եմ ուզում… ա՛յդ մասը չէ՛, պոչն եմ սիրում… դա մեծ է… կտրի փոքրացրու…

Նրա անվերջ խոսակցությունը ազդում էր Նարեկի վրա։ Նա ճիգ էր գործադրում, որ չգոռա, թե ի՜նչ անդաստիարակ երեխա է այս մեկը։ Մի՞թե անհնար է սուսուփուս ուտել,առանց մեկնաբանության։ Բայց հարսը համբերությամբ կատարում էր դստեր բոլոր ցանկությունները։ Որդու անհանգստությունը զգաց նաև Յոհաննեսը։ Աչքի տակով հետևում էր որդուն։ Նրան հիմա հանգիստ է պետք։ Թե չէ կորցնելու է զավակին։ Ոչ, ոչ, ոչ… մի երեխան դիահերձարանում է, մյուսը կիսամեռած։ Մի կիսամեռած էլ ինքը…

_Կմնա՛ք այստե՛ղ,_մի տեսակ հրամայական ասաց Սոկրատը։

_Ո՛չ, ավելի լավ է մնանք հյուրանոցում։ Չեմ ուզում նեղություն տանք,_ասաց Յոհաննեսը։

Բայց եղբայրը չընդունեց ոչ մի բացասական պատասխան։ Ինչքան էլ թախանձեցին, Սոկրատը չթողեց հեռանալ։ Հակառակ սպասումներին իրենց ոչ մեկը չխանգարեց։ Նարեկին տեղավորեցին Սոկրատի կրտսեր որդու սենյակում։ Ադամը հիմա Մոսկվայում էր սովորում ու կատարված դեպքերի մասին չգիտեր։ Չգիտես ինչու՞ աչքը ընկավ սենյակի ճոխ կահավորումը։ Իր սենյակն էլ նույնն է։ Երևի դա ցեղական է, քմծիծաղ տվեց Նարեկը։ Հորը տեղավորվեցին կից սենյակում, չնայած սրտի նա խորքում ուզում էր որդու հետ լինել, լսել նրա շունչը, ու տեսնել նրա քունը։ Դստերը խլեցին, որդուն ոչ մեկին չի՛ տա՛… Արփի՜քս… աղջի՜կս… Յոհաննեսը չէր սրբում արցունքները, թող հոսեն… թող հոսեն ու գոնե մի քիչ թեթևացնեն սիրտը…

Ուշ գիշեր էր երբ տուն եկավ Արսենը՝ հորեղբոր ավագ որդին։ Բոլորը արդեն քնած էին կամ ձևացնում էին, թե քնած են։ Արսենը անցավ երկար միջանցքով ու հասավ Նարեկի սենյակին։ Ծեծեց դուռը։

_Նարե՜կ։ Քնա՞ծ ես։

_Ո՛չ։

Նարեկը ոտքի նետվեց։ Քանիերորդ գիշեր հագուստով էր մտնում անկողին, որ մի լուր լինելու դեպքում անհապաղ վազի։

Արսենը մտավ մեջ։

_Նարո՛, չկարողացա առավոտ սպասել։

_Լավ արեցիր։ Ի՞նչ նորություն կա։

Անհամբերությամբ ցնցեց եղբոր ուսերը։

_Նստի՛ր։

_Չե՛մ կարո՛ղ… պատմի՛ր…

_Նա՜ր, նստի՛ր, ես էլ կնստեմ։

Եղբայրը հնազանդվեց։ Արսենը նստեց հայելու առջև տեղավորված աթոռին։

_Ասա՛… խոսի'ր…

_Հիմա մի հարց տամ․․․ դա շատ կարևոր հարց է։

_Ի՞նչ հարց,_նյարդայնացած հարցրեց Նարեկը։

_Այս վերջերս քո աշխատանքի տեղը… գործարանում տարօրինակ ոչինչ չե՞ս նկատել…

_Ի՞նչ նկատի ունես… Արսեն չեմ հասկանում… ոչինչ էլ չեմ հիշում։ Կարծեմ ամեն ինչ սովորական էր…

_Հաստա՞տ։ Ոչ մի գումարի կորուստ չես նկատել։

_Գումարի՞։ Ո՛չ։

Նարեկը զարմացած նայեց նրան։ Հիմա՛ դրա ժամանակն է։

_Նա՛ր, առավոտից բան եմ հայտնաբերել, սակայն մինչև ամեն ինչ չպարզեցի որոշեցի քեզ ոչինչ չասել։

_Ասելու ես վերջապես թե ո՞չ։

_Իմ փաստաբանի հետ ստուգել եմ բոլոր գործնական թղթերդ…

Նարեկի հոնքերը զարմացած բարձրացան։ Ինչպե՞ս թե իր փաստաբանի հետ… լա՛վ, նայենք ինչ է ասում։

_Ձեր հաշիվների մեջ կան շատ թերություններ… կարծես մեկը դիտավորյալ կեղծավորություն է արել, որովհետև հետքերը վարպետությամբ չեն մաքրել։

_Դիտավորյա՞լ…

_Այո՛, որ հարկայինի առաջին իսկ ստուգման արդյունքում ընկնեք ոստիկանություն։ Դիտավորյալ հետքերը չեն ոչնչացրել… ևս մի օր կիմանամ ո՞վ է։

_Ինչպե՞ս… գուցե սխալվել ես, Արսե՛ն, ես վստահ եմ աշխատողների վրա։ Սա թյուրիմացություն է… իմ փաստաբանը ոչ մի նման դեպքի մասին չի ասել։ Իսկ նա արդեն քանի տարի է աշխատում մեր մոտ։

_Ձե՜ր փաստաբանը… նրա մասին էլ ուզում եմ խոսել առանձին…

_Արսե՛ն, գիշերվա ժամը երեքն է։ Ես ուժ չունեմ ո՛չ մտածելու, ո՛չ էլ խոսելու… ուղեղս զոռով աշխատում է։

_Նարեկ, ես չէի գա եթե դա կարևոր չլիներ։ Մի ուրիշ անգամ կվերցնեի թույլտվություն։ Բայց վերջին դեպքերը ինձ ստիպում են գործել…

……

_Լսի՛ր, ոչխա՛ր, քո ապուշ խելքի համար քուրս վերակենդանացման բաժնում է։ Իսկ երեխան աստված գիտի ու՞ր…

Նարեկը բռնեց աներձագի օձիքը ու ֆշշաց ատամների մեջից։

_Հիմա, դու՛, ինձ լսի… ե՛ս կորցնելու էլ ոչինչ չունեմ… ու մարդ եմ փնտրում, ում վրա թափեմ կուտակված ջղայնությունս… լեզուդ քաշի՛ր ու մաքրվի՛ այստեղից, թե չե կսատկացնեմ շան նման։

Նա հրեց Արամին դեպի դուռը։ Արամը ոլորեց թմրած աչքերը փեսայի վրա։

_Դու՛, դեռ կփոշմանես արածիդ համար։

_Հեռացի՛ր Արա՛մ։ Չեմ ուզում ո՛չ տեսնե՛լ, ո՛չ էլ լսե՛լ քեզ։ Եթե լինես աշխարհում վերջին մարդը ու՛մ ձայնը պիտի լսեմ մեռնելուց առաջ, ապա լավ է մեռնեմ լռության մեջ։

Արամը շրխկացրեց դուռը ու դուրս եկավ։

Նարեկը ջղայնությունից տեղ չէր գտնում։ Ոչ միայն ջղայնությունը այլևս ամոթը հանգիստ չէին տալիս։ Երբ Արսենը սկսեց խառնել գործերը ու բացվեց իր կեղծավորությունը գործարանում, գողացած փողերը, ի հայտ եկավ իր կապը փաստաբանի՝ Օլյայի հետ… եղբայրը չգտավ ո՛չ որդուն, ո՛չ էլ պարզեց թե ովքեր էին հանցագործները։ Դրա փոխարեն ի հայտ եկավ իր մութ կյանքը, որին ինքը երբեք կարևորություն չի տվել ու որը տակնուվրա արեց մի օրվա մեջ իր ամեն ինչ։ Այս շաբաթվա սկզբում իրեն հաշվում էին խեղճ զոհ, իսկ վերջը՝ գայլ գառան դիմակով։ Բայց ինչի՞ համար։ Կարծես միայն ինքն է փող գողանում ու սիրուհի պահում։ Մե՜ծ բա՛ն… բայց դա կապ չունի կողոպուտի հետ… ոչ էլ մնացածի… Արփիկի մահը ու Սոնան դարձել են մնացած… Սահակը չկար․․․ ամենակարևո՛ր մարդը այս աշխարհում․․․ Ո՛չ մի զանգ, ո՛չ մի պահանջ․․․

Նարեկը գնաց հիվանդանոց։ Յոհաննեսը այնտեղ էր, գլխիկոր նստած էր միջանցքում։ Որդին նստեց մոտը։ Հայրը նույնիսկ չնայեց նրա վրա։

_Ինչպե՞ս է Սոնան։

_Ինչպե՞ս է Սոնա՜ն,_կրկնեց Յոհաննեսը։ Տխուր ժպիտ խաղաց նրա աչքերին։ Հիասթափություն… Դառնությամբ լի հայացքը ուղղեց որդուն,_մի՞թե աչքերս փակ են եղել։ Ինչու՞ չեմ տեսել որ կործանվում ես։ Ինչու՞ ամեն ինչ հասավ սրան։

Որդին չպատասխանեց։ Թողնում էր մուրացկանի տպավորություն։ Մազակալած, կեղտոտ ու աչքերում դատարկություն։

_Սոնան սրա՛ն էր արժանի՞։ Իսկ Սահա՞կը… բա Արփի՞ն, զավա՜կս, իմ միակ աղջիկը…

_Հայրի՛կ, իմ համար էլ անչափ դժվար է։ Խնդրում եմ մի՛ ասա՛… մի ցավեցնի ավելի շատ…

Նա ոտքի ելավ։ Յոհաննեսը հետևեց նրան։

_Իսկ ե՛ս չեմ ցավե՞լ։

_Դու՛, գոնե բախտ ունես թաղելու երեխադ։

Յոհաննեսը չէր սպասում այս խոսքերը լսել որդուց։ Ձեռքը բարձրացրեց որ ապտակի… բայց այդպես էլ չհարվածեց։

_Անասու՛ն…

_Խփի՛ր… միայն դու՛ ինձ չես ոտնահարել։

_Դա պետք էր անել ժամանակին։ Հիմա արդեն ու՛շ է,_ասաց քարացած ու կոտրված սրտով Յոհաննեսը։

Նայեց դիմացը կանգնած անծանոթին։ Այո՛, անծանոթին… սա իր որդին չի՛… այս կոպիտ անսիրտ արարածը իր Նարեկը չի՛։

_Դու՛, մտածում ես ի՛նչ ես ասում։ Համեմատում ես քրոջդ մահը Սահակի կորչելու հետ։ Հիմա՛ր տղա՛… դու հու՛յս ունես, որ երեխադ կենդանի է, իսկ ե՛ս… ցավոք սրտի ո՛չ…

Յոհաննեսը վերադարձավ պատի մոտ գտնվող աթոռների շարքին։ Փլվեց աթոռին ու փղկձաց։ Հանեց ակնոցները ու մի ափով ծածկեց աչքերը։

Նարեկը մնաց ոտքի վրա։ Նա կորցրել էր խղճալու ունակությունը։ Կորցրեց այն օրը երբ աչքերը սկսեցին փնտրել որդու դիակը աղբամանների մեջ ու փլատակների տակ։

…..

Սոնան նորից աչքերը բացեց հարազատ գյուղում։ Այս անգամ ոչ թե սպիտակ պատերի ներքո, այլ իսկույն աղբյուրի մոտ։ Արդեն ծանոթ ձայնը նորից երգում էր։ Ու ինքը նորից ոտաբոբիկ վազեց երգչուհու մոտ։ Նորից ծղոտե գլխարկը, կանաչ շրջազգեստը ու ոսկի մազերը… ու նորից իր մանկության երգը…

_Նազի՜կ…

_Դու՞, նորի՛ց այստե՞ղ…

Նազիկը նորից գազազեց, երբ տեսավ իրեն։

_Նա՛զ, թող մոտենամ քեզ, գրկեմ։ Կարոտել եմ։

_Հեռացի՛ր, սա՛ քո տեղը չի՛։ Սա ի՛մ տեղն է։

Նազիկը ոտքի ելավ։ Նայեց շուրջը, նորից քար է փնտրում։

_Նազի՛կ, մի՛ արա՛…

Բայց քույրը ջղայնացած հրեց նրան ու փախավ դեպի աղբյուր։

_Նա՜զ, ինչու՞ ես այդպես վարվում իմ հետ։ Մի փախչի՛… կանգնիր խոսենք, քույրի՜կս…

Նազիկը, որ ճարպկորեն ցատկելով քարից քար, անցել էր աղբյուրի մոտով ու արդեն հասել էր գետափին շրջվեց ետ ու բարկացած գոռաց.

_Գնա՛ ետ։ Քո տեղը այստեղ չի՛։ Դու՛, պետք է վերադառնաս… գնա՛, ընտանիքի մոտ… անսիրտ, երեխադ ու՞մ հույսին ես թողել։

Նազիկը մի ոստյունով հայտնվեց Սոնայի առաջ ու մի ուժգին հարված հասցրեց նրան։ Ու նորից տապալեց գետնին.

_Սոնա՛, հեռացի՛ր… գնա՛, գնա՛, սա քո տեղը չի՛… Սահակիդ մոռացել ես…

Ու նորից Սոնան կուչ եկավ քրոջ հարվածների կարկուտի տակ։ Կուչ եկավ ու ուշքը կորցրեց։ Բայց քիչ անց ուշքը եկավ ու առանց ինչ որ վերքի նստեց հողի վրա։ Քույրը նստել էր դիմացի քարին։ Նրա աչքերը լիքն էին տխրությամբ։ Նազիկը անթարթ նայում էր։

Սոնան ոտքի ելավ։ Ցավ չէր զգում։ Ոչինչ չէր զգում։ Քույրը աչքերը չէր կտրում իրենից ու քանի գնում ավելի էր տխրում։ Սոնան մոտեցավ նրան։ Ու բացեց ձեռքերը, որ գրկի։ Նազիկը ժպտաց աչքերը արցունքներով լի։ Ինչու՞ է հուզված, գրկեց քրոջը։ Սոնան փակեց աչքերը ու սեղմեց քրոջը իրեն։ Ինչքա՜ն էր կարոտել։

_Նազո՛, անուշի՛կս…

_Սոնա՛, կներես քույրիկս, ինձ էլ կներես, Արամին էլ կներես… գնա՛, երեխադ քո կարիքը ունի…

Հանկարծ օրիորդը երկու ձեռքով կպավ Սոնայի կոկորդից ու գցեց գետնին։ Ինչ որ քար գտավ ու ինչ ուժ ուներ հարվածեց Սոնայի գլխին։ Հարվածեց այնպիսի ուժով որ Սոնայի ուղեղը վայրկյանում անջատվեց։

…․․

_Սոնան նորից կլինիկական մահ է անցկացրել։ Այս անգամ մտածում էի մեռնելու է,_պատմում էր բուժքույրը մեկին հեռախոսով, երբ մոտեցավ Նարեկը։

_Ո՞վ… Սոնա՞ն….

Հանկարծակի եկած աղջիկը շանթահար ետ նայեց։ Կարմրեց ակնթարթում ու անջատեց հեռախոսը։

_Աղջի՛կ, քո՛ հետ եմ։ Իմ Սոնայի մասին ես խոսում։ Խոսի'ր…

Աղջիկը վախեցած նայում էր ու ոչինչ չէր կարողանում ասել։

_Ինչու՞ ես լռում։ Լեզուդ կապ ընկավ։ Խոսի'ր աղջի՜… ի՛մ Սոնայի՞ն եք զոռով փրկել… նրա՞ մասին էիր խոսում։

Վայրենի դարձած Նարեկը գնաց սփրթնած բուժքրոջ վրա։ Բռնեց նրա արմունկը ու ցնցեց.

_Խոսի՛ր…

_Բա՛ց թողե՛ք։ Հանգստացե՛ք, պարոն Սիրունյա՛ն։ Այո նրա մասին էի խոսում։ Բայց հիմա վիճակը լավ է, նույնիսկ ավելի լավ։ Բա՛ց թողե՛ք, ցավեցնում եք։ Արդեն լրիվ խելագա՛ր եք դարձել։

Նարեկը հավաքեց իրեն։ Օրիորդի խոսքերը սթափեցրին իրեն։ Ի՞նչ է անում։ Իրոք խելագա՛ր է դարձել։ Բայց ի՞նչ է նշանակում ավելի լավ քան առաջ։

_Ներեցեք ինձ։ Իսկապես խելագար եմ դարձել։ Ե՛ս… ես արդեն չեմ հասկանում ոչինչ… ու՞ր եմ գնում, ի՞նչ եմ անում…

_Եթե չիմանայի ինչ է կատարվել ձեր ընտանիքի հետ, երևի կդիմեի ոստիկանություն։ Բայց աչքի առնելով վերջին դեպքերը, չեմ ուզում ավելացնել ձեր պրոբլեմները։ Պարոն Սիրունյա՛ն, ձե՛զ պետք հանգիստ։ Դուք շատ դյուրագրգիռ եք…

_Հանգի՜ստ… այլևս հանգիստ չկա՛ իմ կյանքում։

Բուժքույրը ուղղեց սպիտակ խալաթի թևը։

_Հանուն ձեր հարազատների՛, դու՛ք, պարտավոր եք պայքարել։ Սոնան՝ ձեր կինը, իսկական ռազմիկ է։ Այս հինգ տարվա ընթացքում, ինչ աշխատում եմ այստեղ, չեմ տեսել նման հիվանդ… արդեն ոչ թե ձեռքերով, այլ ատամներով է կպել կյանքից… կպել է ու բաց չի թողնում։

Չգիտեր տխրեր, թե ուրախանա՞ր։

Նարեկը հոգնածությունից նույնիսկ զարմանալու ուժ չուներ։ Ուզում էր լացել անզորությունից։ Բայց և արցունք չէր մնացել։ Բուժքույրը տարավ նրան աշխատասենյակ։

_Նստե՛ք, ես հիմա կկանչեմ բժիշկին։ Նա կարևոր լուր ունի ձեր համար։

Շուտով աղջիկը վերադարձավ։ Մտավ մազերը կարմրոտ ներկված ցածրահասակ ու թմբլիկ տարեց մի կին։ Նարեկը այնպես էլ չկարողացավ պահել մտքում նրա անունը՝ Անգելինա թե Անժելինա… լավ դա հիմա կարևոր չի։ Նայենք ի՞նչ է ասելու։ Բժիշկը բարևեց ու նստեց աթոռին, ինչ անել հրավիրեց և Նարեկին։

_Ե՛ս, շտապում եմ։ Չեմ նստելու։ Լսում եմ ձե՛զ։

_Սոնան այսօր կրկին կլինիկական մահ է անցկացրել։ Վիճակը շատ բարդ է։

_Հիմա՞…

Նարեկը կլանում էր ամեն մի բառ ինչպես օդ։ Վերջապես ցոլաց լույսը այս մթության մեջ։ Սոնան ուշքի կգա ու կասի ինչ է եղել Սահակի հետ։

_Չգիտեմ ինչո՞վ կօգնի ձեզ… բայց Սոնան մի քանի բառ ասաց…

_Ինչպե՞ս, կինս ուշքի է եկել ու դուք չէիք ասում,_բղավեց տղամարդը։

_Եթե ուշքի գար կասեինք։

_Բա ինչպե՞ս է խոսում։

_Երբեմն այդպես լինում է։ Հիվանդը զառանցում է։ Երբեմն դա անկապ բառեր են, երբեմն կյանքի վերջին դեպքերի հետ կապված…

_Մի երկարացրե՛ք… ի՞նչ է ասել։

_Մի՛ կոպտե՛ք, երիտասա՛րդ։

Նարեկի աչքերը կլորացան, բայց գերադասեց լռել միայն թե իմանա Սոնան ի՛նչ է ասել։

Բժիշկը իհարկե հասկացավ երիտասարդի տրամադրությունը, բայց անվրդով շարունակեց.

_Ձեր կինը անվերջ կրկնում էր. «Ի՛նձ է՛լ կներես, Արամի՛ն է՛լ կներես, գնա, երեխադ քո կարիքը ունի»։

Նարեկը անշարժ մնացել էր տեղում։ Ամբողջ լսածից մտքում պահեց միայն աներձագի անունը։ Կսպանի Արամին, եթե այդ շունը կապ ունի իրենց տանը կատարված դեպքերի հետ։ Դուրս նետվեց հիվանդանոցից ու նրա մեքենան սլացավ դեպի աներձագի տան կողմ։ Թմրամոլը՛… ինչպե՞ս հենց սկզբից գլխի չընկավ, որ այդ անասու՛նն է մեղավո՛ր բոլոր դժբախտությունների մեջ։ Մի քանի անգամ զանգեց, բայց պարզվեց որ հաշվին փող չկա։ Ուստի չգիտի, այդ այլանդակը տանն է, թե չէ՞։ Տեղ հասնելուն պես վազեց մտավ աներձագի բակ։ Բնից պրծած շունը քիչ մնաց կպչեր ոտքից։

_Դու էիր պակա՛ս…

_Շարի՜կ, Շարի՜կ,_վազեց աներձագի կինը։ Նա իջավ պատշգամբից ու սաստեց շանը։ Շարիկը քաշվեց բույնը։

_Ու՞ր է ամուսինդ։

_Ի՞նչ իմանամ։ Առավոտից դուրս է եկել,_անտարբեր պատասխանեց Զանիկը։

_Տանը չի՞։

_Ո՛չ։ Ասաց գործ ունեմ։ Գնա՛ց։

Նարեկը մեծ հաճույքով կփշրեր այդ անզգամի ատամները, բայց զսպեց իրեն։

_Ուրի՞շ ոչինչ չասաց։

_Ո՛չ։ Միայն որ Սոնայի հետ է կապված։ Մտածեցի քո հետ է։ Իմիջիայլոց ինչպե՞ս է Սոնան։ Ի՞նչ լուր կա որդուցդ։

Այդ «իմիջիայլոց» հարցերը եռացնում էին արյունը երակներում։ Նարեկը աչքաթող արեց այդ հարցերը ու խնդրեց զանգել Արամին։

_Իմացի՛ր որտեղ է։

Զանիկը դժգոհությամբ հանեց անդրավարտիքի գրպանից նոր հեռախոսը։ Սակայն ամուսինը չբարձրացրեց։

_Տու՛ր այստե՛ղ,_Նարեկը խլեց հեռախոսը որ ինքը հավաքի աներձագի համարը։ Բայց ինչ տեսավ երբ նայեց հեռախոսի էկրանին։ Զանիկը ոչ մեկին էլ չէր զանգել։ Նարեկը կատաղած ցուլի նման բռնեց Զանիկի խալաթից։

_Գլուխդ կջարդե՛մ, աղջի՛կ, ու՞մ ես ապուշի տեղ դնում։

_Արա՜մ,_սարսափած ճչած Զանիկը,_օգնեցե՜ք, սպանում են։

Ու չգիտես որտեղից պատշգամբում երևաց Արամը, քնաթաթախ, անդրավարտիքը կոճկելով։

_Ի՞նչ ես անում ծո՜,_հազիվ լեզուն բերանում շարժելով ասաց նա։ Ոտքերը հազիվ բերին Նարեկի մոտ։

_Սա՛ քո ամուսի՛նն է, որ տանը չէ՞ր,_բղավեց Նարեկը։ Բաց թողեց Զանիկի խալաթը ու վազեց դեպի Արամը։ Ամբողջ ուժով բռունցքով հարվածեց նրա ծնոտին։ Արամը ցավից գալարվեց հողին։ Նարեկը ևս մի քանի անգամ ոտքերով հարվածեց։ Զանիկը անդադար օգնության էր կանչում։ Բայց ոչ մեկն էլ չերևաց։ Այս բակի վեճերը, ոչ մեկի համար նորություն չէին։

_Բա՛ց թո՛ղ Արամին։ Սպանեցի՛ր,_Զանիկը նետվեց Նարեկի ոտքերի տակ,_բավակա՛ն է… խիղճ ունեցի՛ր…

Նարեկը մղվեց որ ևս մի քանի հարված հասցներ աներձագին։ Բայց ոտքերը ընկած Զանիկը խանգարեց։ Ինքը գուցե և գազան է դարձել, բայց դեռ չի հասել այն աստիճան որ կնո՛ջ հարվածի։

Զանիկը օգնեց մարդուն ոտքի կանգնել։ Արամի բերանից արյուն էր հոսում, շրթունքը պատռել էր։

_Քեզ ի՞նչ է պատահել,_թոթովեց նա։

_Ու դու՛ երե՛ս ունե՞ս նման հարց տալու։ Պատմի՛ր ամեն ինչ, թե չէ կսատկացնե՛մ։

․․․․․

Ուշ գիշեր էր, երբ տեսավ մղձավանջային երազներից հերթականը։

Մի մութ միջանցք, ինքը վազում է նրա միջով թակելով բոլոր դռները, ու բոլորն էլ փակ։ Մեկ էլ տեսարանը փոխվում է․ տեսնում էր իրեն տանը անկողնում պառկած. դրսում անձրև է գալիս։ Մթագնել էր ինչպես դրսում այնպես էլ ներսը։ Ու հանկարծ կայծակը լուսավորում է պատուհանից այն կողմ մի սև ուրվագիծ… տղամարդու կերպարանք… գիշերային մթության մեջ դեմքը չի երևում… մութ ու ահավոր… մեջքով սարսուռ անցավ… ինչպե՞ս է այդ մարդը կանգնել, եթե իր ննջասենյակը երկրորդ հարկում է ու իր կողմից չկա պատշգամբ։ Օդի՞ մեջ… ո՞ր ուժն է պահում հողից այդքան բարձր… Քրտնեց, վախենում էր շնչել… ուրվագիծը չէր շարժվում, համառորեն նայում էր իրեն… այո՛, նույնիսկ չտեսնելով նրա դեմքը խավարի մեջ, Նարեկը մարմնի ամեն բջջով զգում էր, որ այդ դևը անթարթ հետևում է իրեն։ Անշարժ, հորդառատ անձրևի կաթիլների տակ, գլխարկը հագին սև ուրվագիծը սարսափեցրեց Նարեկին։ Նրան թվաց թե սիրտը կանգնելու է… ինքը սատանան է եկել պատուհանից նայում, թե չէ ինչ ուժ պիտի պահի նրան այս բարձրության վրա։

–Սիրունյան, հանգստացի՛ր…

Մեկի բարձր ձայնը արթնացրեց երիտասարդին։ Փրկեց… Նարեկը քրտինք ջուր էր։ Սարսափելի երազը դեռ դողացնում էր։ Նայեց որ հատակին է պառկել, շտկվեց, դարձավ իրեն արթնացնողի կողմ։ Բայց ոչ մեկը չկար։ Սարսուռը պատեց ողջ մարմինը։ Բա ո՞վ արթնացրեց։ Մի՞թե ինքը գժվում է… ու չի նկատում… Այս ճաղերի ետևը ինքը մենակ էր։ Աշխատողները կից պատից այն կողմ էին։ Ուրեմն ո՞վ էր կանչողը։ Բարձրացավ ոտքի ու մոտեցավ ճաղերին։ Եթե մնա այստեղ գժվելու է։

–Ո՞վ կա այդտեղ… լսու՞մ եք ինձ… բաց թողեք, ես չեմ կարող մնալ այստեղ։

Ցնցեց ճաղերը ամբողջ ուժով։

Միջանցքում ոտնաձայներ լսվեցին։ Մոտեցան երկու ոստիկան։ Ի՞նչ ջահել են։ Երևի և անհոգ ու երջանիկ։ Թող գոնե մեկը երջանիկ լինի այս քացախ աշխարհում։

–Ձեր հետևից եկել են, պարոն Սիրունյան,—ասաց նրանցից տարեցը։

–Ո՞վ… Սոկրա՞տը… —նա արդեն այն աստիճան կորցրել էր քաղաքավարությունը, որ հորեղբորը դիմում էր անունով։

Ոստիկանները մի տեսակ տարօրինակ հայացքներ փոխանակեցին իրար ու անխոս տարան նրան դեպի ելք։

Նարեկը հետաքրքրված առաջացավ։ Նայենք ո՞վ է։ Բայց ինչու՞ սրանք չպատասխանեցին։ Չլինի թե Սահակին գտե՞լ են։ Աստվա՜ծ իմ… այո՛, հաստա՛տ գտել են։ Նարեկի սիրտը լցվեց ջերմությամբ, վերջապես գրկելու է որդուն։ Բայց սպասիր Նա՜ր, եթե այդպիսի ուրախ լուր կա, ապա ինչու՞ տղաները կիտրոնների դեմքեր ունեն։ Մի՞թե… ո՛չ-ո՛չ… երբե՛ք…

Երիտասարդը մինչև տասը քայլ արեց միջանցքով, հազար տարբերակ կազմեց գլխում։ Վերջը զգաց, որ նույնիսկ չի ուզում դուրս գալ այս վանդակների շարանից, միայն թե չլսի ոչ մի վատ լուր։ Վախենում էր անչափ։

Տարան այն աշխատասենյակը, որի «սիրելի» հաճախորդն էր դարձել այս շաբաթվա ընթացքում։ Հարցաքննումից հետո ետ բերին։ Երևի նման կարճ հարցաքննում կյանքում չէին ունեցել։ Նարեկը հայհոյանքի ինչ բառ գիտեր ու քանի լեզուներով գիտեր հանդես բերեց։

Նա դեռ երկար ժամանակ ետուառաջ էր գնում վանդակում։ Այնքան գոռաց ու աղմկեց, որ ոստիկանները մի քանի անգամ զգուշացնելուց հետո երեկոյան մտան մեջ ու մի լավ ծեծեցին իրեն։ Այնքան հարվածեցին, որ ուշակորույս ընկավ։ Ջուր լցրին վրան արթնացրին։ Մնաց սառը հատակին պառկած։ Աչքերը կիսաբաց, ականջներում ինչ-որ խշշոց․ լսում էր սեփական սրտի թփթփունը։


P.S. «Սիրունյաններին թալանել ու տանը ներկա եղած ընտանիքի բոլոր անդամներին սպանել էին։ Այդ թվում՝ Արփի Սիրունյանը, Սոնա Սիրունյանը և Սահակ Սիրունյանը։ Յոհաննես և Նարեկ Սիրունյանները գործուղման լինելու պատճառով խուսափել էին նույն բախտին արժանանալուց»։ Սա էր գլխավոր տարբերակը, որը տարածում էր Արսեն Սիրունյանը։ Հորեղբոր որդու անունը մաքուր պահելու, ինչպես նաև իրեն ընտանիքի անունը անբիծ թողնելու նպատակով նա հանրությանը ի հայտ չբերեց իրեն հայտնի դարձած սև գործերը։ Այնպիսի բան, որ ինքը չէր էլ պատկերացնում։ Մարդ ինչ աստիճան պիտի հասնի, որ հարազատ քրոջը կրվի բանտում, իսկ կրողը՝ ավելի չարագործ՝ բռնի խեղճ գառան ձեռքից ու իր տուն բերի․ սակայն պահպանելով մեջը տղամարդկության վերջին կաթիլները, որպես կին ընդունի Սոնային, ոչ թե օգտագործի ու դեն շպրտի։ Ի՜նչ աստիճան կենդանի պիտի լինի, որ տարիներ անց այդ նույն աներձագի հետ հարազատ հոր ֆիրմայից գողանա ահռելի գումարներ ու կեղծավոր հաշիվներ ներկայացնի նրան։ Զբաղվի թմրանյութերի վաճառքոով։ Ու վերջը այն աստիճան փչանա, ոչնչացնի իր մեջ եղած մարդկային վերջին նշույլները, որ համաձայնություն տա սեփական տան թալանին, պայման դնելով, որ հարազատներին շատ չտանջեն։ Բայց եկած թմրամոլները պլանից շեղվեն, ոտձգության փորձ են ձեռնարկեն Արփիկի նկատմաբ։ Ու տասնվեցամյա օրիորդը գերադասի մեռնել, միայն թե իրեն չդիպչեն։ Գուցև նրա ընտրությունն բախորոշիչ դեր խաղաց բոլորի համար։ Քանի որ ավազակները չէին խնայել նաև փոքրիկ Սահակին։

Արսենին մնացել էր միայն գուշակել թե ի՞նչ էր կատարվել այդ օրը։ Խնայելով հորեղբորը, նա մեծ դժվարությամբ լուռ մնաց, վառվելով ներսում։

Անպատիժ չմնաց ոչ մեկը։ Գուցե սա տարօրինակ էր քսանմեկերորդ դարի օրենսդրության համար, սակայն դա հարազատ էր Արսենի գաղափարներին։ Վերջին գիշատիչները այս տխուր պատմության մեջ Արամն ու Նարեկն էին։ Արամը իր ավազակախմբի հետ հանգիստ գտավ բետոնե պատում՝ կենդանի իմիջայլից։ Իսկ Նարե՜կը, նրան սպանել խիղճը կներեր, սակայն տեսնելով Յոհաննեսի տանջանքները, որոշեց փակել եղբորը հոգեբուժարանում․ չնայած Նարեկը ինքը ուրախ էր լինել ուժեղ դեղերի ազդեցության ներքո միայն թե որդու դիակը աչքերի առաջ չգա։ Բորբոքված հիվանդ երևակայությունը ամեն վայրկյան նոր տարբերակ էր բացում թմրած ուղեղի մեջ։ Անվերջ կրկնում էր, որ Սոնան կենդանի է, իսկ Սահակին գողացել են։

На страницу:
2 из 2