bannerbanner
վիրավոր թռչուն
վիրավոր թռչունполная версия

Полная версия

Настройки чтения
Размер шрифта
Высота строк
Поля
На страницу:
1 из 2

Egretta Garzetta

վիրավոր թռչուն

Նարեկը ոչ թե մտավ, այլ ներխուժե՛ց տուն։ Նա վազեց ոստիկանների միջով, պիտի արագ բարձրացար աստիճաններով, բայց քարացած մնաց տեղում։

_Դու՛րս հանե՛ք դրան,_բղավեց ոստիկաններից մեկը,_ո՞վ է թողել մտնել ներս։

Բայց Նարեկը ոչինչ չէր լսում։ Հազիվ ուժ գտավ, որ չընկնի։

Հյուրասենյակի մեջտեղում ընկած էր փոքր քույրը՝ Արփիկը։ Անբնական ձևով տարածված էին նրա ձեռքերն ու ոտքերը, գլուխը արյունոտ։ Անզոր էր աչքերը կտրել քրոջ մարմնից։ Տե՛ր աստվա՛ծ, Արփիկին ի՞նչ է պատահել․․․ ինչու՞ է այստեղ ընկած․․․ վիրավո՞ր է․․․ թե՞․․․ Ոստիկանը մոտեցավ, որ դուրս հանի իրեն։ Նարեկը չկարողացավ ոչինչ ասել, կոկորդը քոր եկավ․․․ հայացքը խամրեց․․․ ի՞նչ տարօրինակ մթություն է․․․ ո՞վ է լույսը անջատել։ Շուրջը ամեն ինչ պտտվեց։ Ինչու՞ են խոնավանում աչքերը․․․ ի՞նչ էր խոսում այդ զանգողը․․․ ոստիկանություն ու կողոպուտ բառերից հետո ուղեղը ոչինչ չէր ընկալում․․․ ո՛չ, մեկ էլ հիվանդանոց բառն է լսել, բայց մա՛հ բառը չի հիշում․․․

_Քու՞րս․․․ քու՜րս․․․

Լեզուն չպտտվեց խոսքը վերջացնել։ Առաջ մղվեց, բայց ոստիկանը բռնեց, պահեց չթողեց շարժվել։

_Պարոն Սիրունյա՛ն, դու՛րս եկե՛ք։ Հարկավոր չէ՛ ձեզ գտնվել այստեղ ու տեսնել այս ամենը․․․

Ինքը գունատ դեմքով ու դեռևս չմարող հույսով նայեց դիմացինի աչքերի մեջ. ոստիկանի տխուր հայացքը տվեց զարհուրելի պատասխան։

_Արփի՜, ո՜չ,_արցունքները ցայտեցին աչքերից, նա հրեց ոստիկանին ու մոտեցավ քրոջը, ծնկի եկավ նրա առաջ։ Դողացող ձեռքերով ետ արեց նրա երկար մազերը, որ տեսնի դեմքը։ Ձեռքերը արյունոտվեցին։ Արփիկի աչքերը փակ էին։

_Արփի՜կ,_գոռաց Նարեկը։

_Ի՞նչ է եղել աղջկա՛ս։

Երիտասարդը լսեց հոր ձայնը։ Խե՜ղճ մարդ… Նա՛ չի՛ դիմանա՛… Հայրը չպիտի տեսնի Արփիկին։ Նարեկը վազեց հորը ընդառաջ։ Ինչպե՞ս պիտի ասի․․․ ի՛նչ պիտի ասի․․․ Դուրս նետվեց տնից։

_Ի՞նչ է եղել Արփիկին։

_Հայրի՛կ, կանգնի՛ր… մի՛ գնա՛…

Նարեկը կտրեց հորը ճանապարհը։ Կանգնեց աստիճանների վրա։ Բռնեց նրա ուսերից։

_Ու՞ր է աղջիկս,_հուզված ասաց Յոհաննեսը,_ինչու՞ էիր գոռում։ Ես ուզում եմ տեսնել…

_Հայրի՛կ չգնա՛ս։

Նարեկը գրկեց հորը։

_Պապա՛, մի՛ գնա՛ մեջ,_որդին այլևս չէր թաքցնում հորից արցունքները։

_Բա՛ց թո՛ղ… ես պիտի՛ տեսնեմ երեխուս… ի՞նչ է պատահել, որ չես թողնում մտնեմ…

Նա դիմադրում էր ու աշխատում ազատվել որդու բազուկներից։ Բայց որդին ավելի ուժեղ էր սեղմում։

_Հայրի՛կ, Արփին էլ չկա։

_Ի՞նչ ես ասում…չե՛մ հասկանում… ինչպե՞ս… ի՞նչ է պատահել… չե՛մ հավատու՛մ… զավա՛կս․․․ իմ Արփիկը՞… ո՛չ… երբե՛ք…

Յոհաննեսին թվաց, թե ոտքերի տակ հող չկա, թուլացած ընկավ որդու գիրկը։

Մոտ վազեց Նարեկի հետ խոսող ոստիկանը, նրա օգնությամբ Նարեկը տարավ նստեցրեց հորը ինչ-որ մեկի բերած աթոռին։

_Ուզում եմ տեսնել երեխուս… սուտ եք ասում… սու՛տ է,_անվերջ կրկնում էր հայրը։ Որոշ ժամանակ անց, երբ դեղեր ընդունելուց հետո, հայրը իրեն մի քիչ լավ զգաց ու արդեն տարել էին քրոջ դիակը, ոստիկանների ուղեկցությամբ շրջեց բոլոր սենյակներով։ Ոտքերը չէին հնազանդվում։ Ամեն տեղ իրարանցում էր, ջարդել էին ամեն ինչ։

_Բա որդի՞ս, _հարցրեց ուղեկցողին Նարեկը։

_Ի՞նչ որդի․․․

Նարեկը քարացավ տեղում։ Ինչպե՞ս թե ինչ որդի։ Իր Սահակը․․․ իր երջանկությունը․․․ Կարծես ցնդեց, կտրվեց իրականությունից․․․ աչքերը նորից մթնեցին․․․ ի՞նչ է խոսում այս տխմարը․․․ էշ-էշ դուրս է տալիս․․․

_Ո՛չ մի՛ երեխայի՛ մասին, խոսք չի եղել, _կրկնեց նույնը ոստիկանը։

Նարեկին թվաց, թե սիրտը պոկվեց ու ընկավ ցած․․․ ոտքերի տակ․․․ կրծքում դատարակություն էր։ Սառը ջուր լցրին վրան։ Ի՞նչ է նշանակում ոչ մի երեխայի մասին խոսք չի եղել։ Մի՞թե այս հիմարները չեն ստուգել տունը ամբողջությամբ ու Սահակը մեն-մենակ օրորոցում է, անտեր անտիրական։ Հիմարնե՛ր․․․ Շշմած իրեն է նայում․․․ Իսկ երեխան անօգնական անցկացրել քանի՜ ժամ․․․ Առավոտյան քանի՞սն էր երբ իրեն զանգեցին․․․ Լսեց կողոպուտ և հիվանդանոց բառերը։ Ուրեմն բոլորը այնտեղ պիտի լինեն։ Մի քանի վայրկյանը դար դարձան, իսկ միջանցքը՝ անծայր հորիզոն, մինչև շունչը կտրած հասավ ննջարանը։

Երբ մտավ իր ննջասենյակ ու տեսավ որդու օրորոցը պարապ, քիչ մնաց ուշքը գնար։ «Ու՞ր է զավակս։ Ու՞ր է որդիս․․․ եթե հիվանդանոցում չէ, ապա ու՞ր է․․․ Մի՞թե այդ գազանները որդուս տարել են․․․ կամ ավելի վատ… ո՛չ, տե՛ր աստվա՛ծ, ո՛չ… գթա՛ ինձ աղաչում եմ։ Թող երեխաս կենդանի լինի, խոստանում եմ, երբե՛ք, ոչ մի սխալ չեմ անի, միայն թե Սահակս ողջ լինի»։

Նարեկը չնկատեց ինչպես իրեն մոտեցավ քննիչը, նրա հետևից էլ իրեն ուղեկցող ոստիկանը։

_Պարոն Սիրունյա՛ն, ձեզ պետք է գնալ հիվանդանոց,_խոսեց քննիչը։

Նարեկը նայեց խոսողին։ Դա մի տարեց ճաղատ հաղթանդամ մարդ էր։

_Հիվանդանո՞ց…

_Այո՛։ Իրականում, ես պիտի տանեմ ձեզ ոստիկանություն, սակայն… տվյալ դեպքում ձեզ հարկավոր է հիմա լինել այնտեղ։ Ձեր կինը Նարե՛կ․․․ շատ վատ վիճակում է։ Արագացրե՛ք…

Նարեկի բորբոքված ուղեղը փնտրեց նրա բառերի ու ողջ կերպարանքի մեջ թաքնված իմաստ, սակայն այդ մարդու արտաքինը ոչինչ չասաց։

_Եկե՛ք, ես կտանեմ ձեզ։ Ձեզ հիմա չի կարելի ղեկին նստել։

_Երեխա՜ս, _գոռաց նա անմարդկային ձայնով։ Ու ջղայնացած հարվածեց օրորոցին։

_Երեխան տա՞նն էր։Ահազանգից հետո, ուղիղ հինգ րոպեից ոստիկանությունը տեղ է հասել․․․ շտապ օգնության մեքենան արդեն այստեղ էր․․․ բացի ձեր վիրավոր կնոջից ու քրոջ դիակից, ուրիշ մարդ չկար․․․

_Որդի՛ս․․․ ու՞ր է․․․ ես ոչինչ չեմ հասկանում․․․ չեմ հասկանում ու՛մ ի՛նչ եմ արել, որ այսպես դաժանություն է գործել․․․ ի՞նչ է կատարվում․․․ Ես հայրիկի, հետ երեկ երեկոյան գործով մեկնել ենք քաղաքից դուրս։ Կի՛նս, երեխա՛ս ու Արփիկը՛ տանն էին, ողջ-առողջ․․․ հիմա․․․ կինս վիրավոր, իսկ որդիս ընդհանրապես չկա․․․ բա Արփիկը… ինչու՞ ոչ մեկը չասաց նրա մասին։

Հենվեց օրորոցին, որ չընկի։ Արցունքները կուտակվել էին կոկորդում, աշխատում էր չկորցնել իրեն։ Սակայն դժվարությամբ էր դիմանում։ Տղաս ու՞ր է։ Հինգամսական երեխան ու՞մ կարող էր խանգարել։

_Ամեն ինչ կպարզենք։ Եկեք ժամանակ չկորցնենք, _ նույն սառնությամբ ասաց քննիչը։

Նարեկը չպատասխանեց ու լուռ ենթարկվեց։ Նա ռոբոտ էր դարձել ու մտածելու ունակությունը կորցրել։ Քրոջ սառած մարմինը աչքերի առաջից չէր հեռանում։ Դեռ չէր կարողանում ընդունել, հասկանալ ու մարսել կատարվածը։ Կողոպտել են, սպանել կրտսեր քրոջը, վիրավորել կնոջը՝ Սոնային… լավ, բա ու՞ր է որդին՝ Սահակը։ Միթե այդ սրիկաները սպանել են նրան ևս։ Բա որտե՞ղ է դիակը։ Ի՞նչ անել։ Ու՞ր գնալ… ու՞մ դիմել… ինչպե՞ս է Սոնան… կարո՞ղ է այդ քաչալը խաբեց։ Գուցե Սոնան էլ չկա, բայց իրեն չեն ասում։ Իսկ հայրը՛․․․ ու՞ր մնաց այդ մարդը։ Նարեկը խոր շունչ քաշեց ու ետ նստեց մեքենայում։ Քննիչը շտապում էր։ Բայց դա կարևոր չէր։ Հիմա կարևոր է միայն այն որ իր հինգ ամսական տղան չկա։ Եթե նրան բան պատահի, ինքը կգժվի, ինքնասպան կլինի։ Ինքը չի կարող տանել երեխայի կորուստը։

_Ինչպե՞ս եք մտածում, ո՞վ կարող էր նման կերպ վարվել ձեր ընտանիքի հետ։

_Չգիտեմ… ես չեմ պատկերացնում… ո՞վ կարող է այսպես գազան գտնվել…

_Մտածում եք հիմա համապատասխան ժամանակ է հարցաքննելու,_լսվեց Յոհաննեսի բարկացած ձայնը։

Նարեկը ակամա նայեց ետ։ Տրված մտքերին նա նույնիսկ չէր նկատել, որ հայրը նստած է իր հետևը։ Հայրը չգիտի, որ որդին անհետացել է։ Թող դեռ չիմանա։ Նրա համար Արփիկն էլ բավական է․․․

_Դու՛ք, հասկանում եք աղջի՛կս չկա՛… իմ տասնվեցամյա զավակին այդ անաստվածները սպանել են… իմ Արփի՜ն, աղջի՛կս…

Հայրը դառնությամբ հեկեկաց։ Նարեկի աչքերը լցվեցին։ Նա արագ սրբեց արցունքները։ Հիմա գոնե մեկը պիտի ամուր մնա։

_Հայրի՜կ, խնդրու՛մ ե՛մ…

_Մի՛ խնդրի՛… չե՛մ ուզու՛մ… ես քիչ առաջ տեսել եմ իմ մեռած աղջկան… իմ երեխան արյունոտ գլխով ու փայտացած… ի՞նչ եմ անելու… ինչպե՞ս եմ ապրելու…

Յոհաննեսը դառնությամբ լացում էր ու անվերջ խոսում։ Որդին ընդհակառակը՝ սակավախոս էր։ Նարեկի գլխում պտտվում էր, թե ո՞վ կարող էր անել այս անմարդկային քայլը։ Եթե միայն թալանեին, բայց ուզեցել են և մաքրել հետքերը։ Արփին չկա՛, կինը վիրավո՛ր, Սահակը կորա՛ծ։ Երեխան ի՞նչ վնաս կարող է հասցնել։ Անխիղճնե՛ր, մի՞թե մարդկային ոչ մի հատկանիշ չկա ձեր մեջ։ Ինչպե՞ս կարելի է վնասել այդ փոքրիկին։ Գուցե՞ կնոջ հետ տարել են հիվանդանոց, ուղղակի մոռացել են զեկուցել․․․ բայց ինչպես կարելի է մոռանալ երեխայի մասին․․․ ինչու քննիչը շտապեցրեց գալ հիվանդանոց․․․ չլինի թե՞․․․ միգուցե Սոնան մահացել է, այդ քաչալը չասաց․․․ իսկ որդի՞ն․․․ նույնիսկ մտովի չկարողացավ արտահայտել սոսկալի ենթադրությունը․․․

Հիվանդանոցում պարզվեց, որ կինը կենդանի է։ Բայց որդին չկար։ Սոնայի մոտ չթողին մտնել։ Վիճակը կայուն ծանր էր։ Բժիշկները ասում էին, թե գլխավորը առաջին մի քանի գիշերներն է։ Եթե այդ ընթացքում ոչինչ չլինի, ուրեմն կապրի։ Խե՜ղճ Սոնա… գուցե ամենալավ վիճակը հիմա քոնն է։ Գոնե չգիտես ի՛նչ է կատարվել։ Նարեկը նստել էր միջանցքում ու բռնել գլուխը։ Յոհաննեսը մոտից չէր հեռանում։ Անվերջ ողբում էր դստեր կորուստը։ Վերջապես կարողացան համոզել, որ իրեն պետք հանգստացնող դեղ ընդունել ու մի քիչ քնել։ Երկար հակառակեց, բայց վերջը համոզվեց երբ որդին խոստացավ մնալ մոտը։

Յոհաննեսը պառկած էր։ Աչքերը կիսափակ, արցունքները անդադար հոսում էին այտերն ի վար։ Նարեկը ուժ չէր գտնում նայել նրա վրա։ Այո՛, քրոջ կորուստը ուժեղ հարված էր, բայց մյուս կողմից կինը կյանքի ու մահվան կռիվ է տալիս, այնտեղ մի քանի պատ այն կողմ, իսկ ու՞ր է Սահակը։ Ինքը նույնիսկ վայրկյան չունեցավ կորուստը ողբալու․․․ Հարվածը հարվածի հետևից․․․ Ոտքի կանգնեց։

_Ու՞ր… մի՛ գնա… մեկ երեխաս կորցրի, չեմ դիմանա, եթե քեզ էլ մի բան պատահի։ Չգնա՛ս… Նարե՛կ, մո՛տս մնա՛…

_Հայրի՛կ, Սահակս չկա՛։ Որդի՛ս կորե՛լ է։

Երիտասարդը փղկձաց։ Եթե մինչև այս, նա աշխատում էր հոր ներկայությամբ ուժեղ լինել, այլևս չհամբերեց ցավին ու երեխայի նման լաց եղավ։

_Մարդ ի՛նչ գազան է դառնալու, որ հինգ ամսական երեխային վնասի։

Հայրը չպատասխանեց։ Նա հանեց ակնոցները ու սրբեց արցունքները։

_Աստվա՛ծ ի՛մ․․․ ես լրիվ մոռացե՛լ էի նրա մասին․․․ Բայց ինչպես․․․ ու՞ր է․․․ Ճուտոն այստեղ չի՞․․․

_Ո՛չ։ Նա ո՛չ մի՛ տեղ չկա․․․

_Գնա՛, գտի՛ր որդու՛տ… վազի՛ր։ Միայն թե զանգի՛ր։

․․․․․

–Ի՜նչ գեղեցիկ է այս աղջիկը։ Ափսո՜ս․․․

_Այո՛, խե՛ղճ ծնողներ։

_Չե՞ս լսել։ Մայր չունի։ Լուրերը ողջ քաղաքն են պատել․․․ Այս աղջիկը, _օրիորդը ուղղեց սավանը ու լցված աչքերով ասաց, _մայր չունի, միայն հայրն ու եղբայրն են։ Եղբայրը ամուսնացած է։ Նրա կնոջն էլ կրակել են։ Դժվար թե կենդանի մնա։ Գլխին են կրակել սրա նման։

_Ի՞նչ ահավոր աշխարհում ենք ապրում։

Երկու ջահել աղջիկ կանգնած օրիորդի դիակի մոտ խոսում էին։ Շուտով գալու էր բաժնի մեծը ու նրանք աշխատում էին արագ գործը ավարտել։

_Սյու՛, բայց իրոք մե՛ղք է… տասնվեց տարեկան է ասացին…

_Մեզանից յոթ տարի փոքր․․․,_լրացրեց ընկերուհին ու քթի տակ ասաց,_գոնե չեն բռնաբարել…

Ավարտելով աշխատանքները դուրս եկան։ Թողնելով դիակը սավանով ծածկված։ Հազիվ մի քանի քայլ հեռացան անցավ բժիշկը, որ զբաղվում էր դիահերձմամբ։ Բարևեց ու ասաց.

_Այո՛, խեղճ աղջիկ… երեխա է դեռ…

_Խեղճ նրա ծնողը ինչպես է դիմանալու։

Այսպես էլ առաջ անցան։ Խոսելով դարձան դեպի սանդուղքը, երբ ընդառաջ հանդիպեցին իրենց վարորդին։

_Աղջիկնե՛ր, դիակը բերե՞լ են։

_Ավետիչին տեսե՞լ եք։

_Այո՛, դիահերձարան մտավ։

_Հենց նոր…

Այս աղջիկները միշտ լրացնում էին իրար նախադասությունները։ Վարորդի աչքերը կլորացան։

_Ինչպե՞ս․․․ ինչու՞ թողեցի՛ք, _գոռաց նա։ Միշտ հավասարակշռված ու հանգիստ մարդուն այսպես վայրկյանում կերպարանափոխված առաջին անգամ տեսան։_Ավետի՜չ… եթե նա տեսնի դիակը, գժվելու է։

_Ինչու՞, Պողո՛ս։ Ո՞վ է մեռնողը նրան․․․

_Դա նրա սանիկն է։

Պողոսը արագացրեց քայլերը դեպի դիահերձարան։ Առանց թակելու ընկավ մեջ։ Բացվեց այսպիսի տեսարան։ Ավետիչը, մի տարեց, արդեն սպիտակած մազերով մարդ, նստել էր աթոռին ու ծխում։ Դիակի դեմքը փակ էր։ Միայն ոտքերն էին բաց։ Ավետիչը սովորություն ուներ սկզբում բացել ոտքերը, ապա նոր դեմքը։

Պողոսը գուշակեց, որ Ավետիչը հասկացել է ու՛մ դիակն է։ Լուռումունջ փակելու էր դուռը, բայց աղջիկները նույնպես եկել էին իր հետևից։ Նրանք էլ մտան։ Անձայն նայեցին իրար, ապա Պողոսին։ Ինչպե՞ս է արձագանքելու, երբ իմանա ո՛վ է մեռնողը։ Ավետիչը հանգիստ ծխում էր։ Շինծու հանգստություն… Ներկա լինողները սպասում էին, բայց իրենք էլ չգիտեին ի՞նչ։ Խզել լռությունը վախենում էին բոլորը։

_Տեսա՞ք ոտքերը։

Ոչ մեկը չպատասխանեց։

Հանգցրեց ծխախոտը մոխրամանի մեջ։

_Քանի՜ անգամ եմ համբուրել այդ ոտքերը… բուռիս մեջ էին տեղավորվում… ա՜յ, այսքան էին մի ժամանակ…,_նա ցուցամատով ու բութ մատով ցույց տվեց չափսը։

Վարորդը մոտեցավ նրան։

_Ավետիչ…

Ավետիչը գլուխը բարձրացրեց։

_Դեռ չեմ նայել… դեմքը դեռ չեմ բացել… բայց ոտքերի՛ց ճանաչեցի…

Նա փղկձաց ու աջ ձեռքով ծածկեց դեմքը, ձախը դրեց սեղանին ու հենվեց վրան։ Օրիորդները, որ անթարթ հետևում էին նրա շարժումներին, անշարժացել էին։ Չգիտեին մնալ թե հեռանա՞լ…

_Նույնիսկ ամենավատ երազում չէի պատկերացնի, որ մի օր տեսնելու եմ նրան այստեղ… այս անիծված սեղանին․․․

Նա ոտքի ելավ ու կամաց մոտեցավ դիահերձման սեղանին։

_Պողոս, ես չեմ կարող․․․

Կրծեց դողացող շրթունքները, սեղմեց դեմքը սառած ոտքերին։ Չէր լացում։ Պողոսը մոտեցավ նրան, ձեռքը դրեց ուսին։

_Ավետիչ, գնանք․․․ թող ուրիշ մեկը դա անի․․․ գնացինք․․․

Բժիշկը նայեց թշնամական հայացքով։ Ուղղեց մեջքը․

_Ո՛չ մեկի՛ն չեմ թողնի մոտենալ նրան։ Ո՛չ մեկին։ Դու՛րս եկեք։

Աղջիկները, որ արձանացել էին դռան մոտ, շփոթված իրար նայեցին, ապա վարորդին։ Պողոսը պնդեց իրը․

_Ավետի՛չ, այսօ՛ր սա քո տեղը չի։ Գնա՛նք։ Թող մեկ ուրիշը գա աշխատանքը անի։

_Գնացե՛ք այստեղից։ Հեռացե՛ք… թողեք ինձ մենակ իմ աղջկա հետ։

Նա մոտեցավ կախիչից վերցրեց խալաթը, մոտեցավ սեղանին։ Ներկա եղողները քարացել էին։

_Ավետի՜չ…_շշնջաց օրիորդներից մեկը։

_Վերջապես այս օրն էլ գալու էր․․․ գիտեի, որ մի օր իմ ծանոթներից մեկը կհայտնվի այս սեղանին․․․ իմ հարազատներից մեկը․․․ բայց Արփիկը՜, այս տարիքում ու նման հանգամանքներում․․․ գոնե մեկը զգուշացներ․․․ երբ ոտքերը բացի՜․․․ աչքերս մթնեցին․․․ գնացե՛ք․․․ հաշվեցեք, որ ոչինչ չի կատարվել․․․մյուսներն էլ ինչ-որ մեկի հարազատներն են, ու ինչ-որ մեկի համար թանկագին․․․ սա սովորական աշխատանք է։

Նա աշխատում էր հուզմունքը ցույց չտալ։ Ու սովորականի նման անփույթ խալաթը նետել վրան ու անցնել գործի։ Նրա անթարթ հայացքից երբեք չէր խուսափում ոչինչ։ Քանի՜ դժվար գործ էր բացվել նրա փորձառու աչքերի շնորհիվ։ Բայց այս վայրկյանին այդ փորձառու աչքերը խուսափում էին նայել հերթական դիակի վրա։ Ուրեմն մարդիկ այսպե՞ս են զգում իրենց, երբ հերթը հասնում է իրենց մոտիկներին։

_Ես կմնամ, _ ձայնեց աղջիկներից մեկը։

Արդեն մոռացել էր, որ մենակ չի։ Գլուխը պտտեց նրանց կողմ։ Միշտ էլ ատել է, երբ իրեն խղճում են։ Սակայն հիմա այդ զգացմունքը կորցրել էր իր կծու համը։ Թող խղճան։

_Ընկեր Կարագյոզյան, դիակը դիահերձարան տարին ու արդեն առաջնային պատկեր կա_զեկուցեց ոստիկանը քննիչին։

Ծուռ ծնոտը այդպես էին մեջքի հետևից կոչում քննիչին, որի անունն էր Վաղինակ Կարագյոզյան։

_Ու՞…

Վաղինակը բևեռեց հայացքը երիտասարդ աշխատակցի վրա։

_Միայն մի անգամ են կրակել, գլխից։ Ուրիշ ոչ մի վնասվածք չունի։

_Ոչ մի՞,_հարցրեց պետը։

_Այո՛, ոչ մի։

Նարեկը չգիտեր ինչից սկսել։ Ոստիկանները փնտրում էին ամենուր։ Յոհաննեսը մեծ գումար էր խոստացել նրան ով ինչ որ տեղեկություն հայտնի Սահակի մասին։ Բայց երկու օր անցավ ու ոչ մի լուր։ Նարեկը տեղ չէր գտնում։ Հավաքվել էին բոլոր ծանոթներն ու հարազատները, չթողին ոչ մի անկյուն քաղաքում, բայց ապարդյուն։ Սոնայի վիճակը դեռևս ծանր էր։ Կրակել էին գլխին ինչպես և քրոջը, սակայն գնդակը անցել էր այնպես որ ուղեղին չէր կպել, սակայն ուրախանալու դեռ շուտ էր։ Յոհաննեսը ծանր էր տանում դստեր կորուստը, սակայն աշխատում էր ուժեղ լինել երբ տեսնում էր ինչպես է տառապում որդին։ Երկու օր էր անցել կատարվածից։ Այդ օրերն էլ երազ էին թվում։ Ոստիկանները հարցաքննում էին բոլորին օրը քսանչորս ժամ, անվերջ խուզարկում իրենց տունը՝ հանցագործության վայրը, ոտից գլուխ ստուգեցին գործարանի գործունեությունը։

Այս երկու օրը մնացին հյուրանոցում։ Չնայած հորեղբայրը շատ դժգոհեց։ Բայց ինքը չէր ուզում տեսնել ոչ մեկի։ Ոստիկանություն,հիվանդանոց ու ավերակ դարձած տուն…Ուշ գիշեր էր երբ գնաց հիվանդանոց։ Բուժքույրը խղճաց իրեն ու ոտից գլուխ հագցրեց համապատասխան հագուստ, տարավ Սոնայի մոտ։

_Երախտապարտ կլինեմ մինչև կյանքի վերջ,_ասաց նա հուզված ձայնով։

Աղջիկը ժպտաց ու մատը դրեց շրթունքներին։

_Սու՜ս…

Մտան վերակենդանացման բաժանմունք։ Նարեկը վերջապես տեսավ Սոնային, գունատ, խեղճացած ու մի բուռ դարձած… ի տարբերություն այն կինոների, որոնց մեջ հիվանդին միացված են հազար ձև տարբեր խողովակներ ու ինչ որ անհասկանալի թելեր, Սոնային այդքան տարօրինակ թելեր չէին միացված, գլուխն էր վիրակապված… Մոտեցավ կնոջը։ Բուժքույրը մնաց դռան մոտ։

_Սոնա՛… Սո՛ն… Սոնա, կյանքս ե՛ս լրիվ մոլորվել եմ…

Ուզեց համբուրել կնոջ այտը, բայց բուժքույրը չթողեց.

_Մի՛ դիպչե՛ք։

Նարեկը ետ քաշվեց։

_Սոնա՜…

_Արագացրե՛ք, պարո՛ն Սիրունյա՛ն, թե չե իմ գլուխը կպոկեն ձեզ այստեղ բերելու համար։

Նարեկը դարձավ կնոջը.

_Սոնա՛, չթողնես ինձ մենակ։

Վերադառնալով հյուրանոց տեսավ, որ հայրը չի քնել։ Երկու օրվա մեջ հայրը ծերացել էր քսան տարով։

_Հայրի՛կ, ինչու՞ չես քնել։

_Քունը երբեք է՛լ չի՛ գա՛ իմ աչքերին։

_Ոստիկանությունից չզանգեցին։

_Ո՛չ։

Նարեկը նստեց հոր կողքը։ Խոր շունչ քաշեց, ուժ չգտավ նայել նրան։ Հայրը ձեռքը դրեց նրա ուսին.

_Հու՛յսդ չկորցնե՛ս… եթե դու կոտրվես, ե՛ս էլ չկա՛մ…

Որդին ափերի մեջ առավ գլուխը։

_Երկու օր է լուր չկա որդուս մասին։ Նույնիսկ չգիտեմ կենդանի է նա հիմա՛… Գժվելու եմ արդեն… Սոնան այնտեղ… Արփի՜ն… խեղդելու եմ նրան ով դա արել է։ Դեռ մահվան մասին երազելու է…

Նարեկը կրճտացրեց ատամները ու սեղմեց բռունցքները։

_Արփի՜կս,_հայրը նորից հեկեկաց։ Արդեն երկու օր է նա ողբում էր դստեր մահը։ _Ինձ նույնիսկ չթողեցին նրա մոտ։ Ես չկարողացա նորմալ տեսնել զավակիս… չկարողացա գրկել իմ Արփիկին։ Նարեկ ու՞մ վատություն եմ արել… ու՞մ ի՛նչ եմ արել որ այսպես պատժվում եմ։

Նարեկը չգիտեր ինչ պատասխաներ։ Հարցեր ինքն էլ ուներ լիքը։ Հարցեր ու միայն հարցեր…

Ժամը երեքն անց էր, երբ պառկեց, որ քնի։ Դա էլ արեց որ հայրն էլ մի քիչ հանգստանա։ Փակեց աչքերը, ու հոգնածությունից շուտով ընկղմվեց խոր քնի մեջ։ Մղձավանջային երազների գիրկն ընկավ։ Ինքը տանն էր։ Շուրջը լիքը ահավոր վիթխարի հրեշներ էին։ Մեկը վազում էր Արփիի հետևից… ահա բռնեց օրիորդի մազերից ու քարշ տվեց հատակին, սկսեց հարվածել ոտքերով։ Ինքը վազեց, որ փրկի քրոջը, բայց վազում էր հա վազում չէր մոտենում, գոռում էր, գոչում… մեկ էլ արյունլվա քրոջ կողքին հայտնվում է Սոնան, բայց և նրան են քաշքշում սրիկաները… մեկ էլ հայտնվեց ննջասենյակում․․․ օրորոցին մոտենալ չէր լինի․ սևացել էր հրեշներից․․․ շրջապատել էին որդուն․․․ Սահա՜կս․․․ նետվեց դեպի տղան, բայց վայրկյանում հրեշները միաձուլվեցին կազմելով հսկա գազան․․․ ահա՜, այդ գազանը հանեց ատրճանակը ու կրակեց… կրակեց իրեն… խոր ցավ զգաց ու խավարած աչքերով ընկավ… ականջին հասավ կնոջ ճիչը… ու աչքերը փակվեցին։ Նարեկը ցցվեց ու քրտնած արթնացավ։ Սրբեց երեսը։ Սոսկաց երազից… նստեց անկողնում։ Նայեց ժամացույցին։ Հինգն էր։ Երկու ժամ էլ չի քնել։ Արդյոք ի՞նչ է կատարվում իր որդու հետ։ Ու՞ր է… ու՛ր է իր որդին։ Գրկեց բարձը ու սեղմեց դեմքը նրան, որ կողքը պառկած հայրը չլսի գոռոցը։

․․․․․

Սոնան մի սպիտակ սենյակում էր։ Շատ լուսավոր ու ընդարձակ սենյակ էր։ Բայց չկար ո՛չ դու՛ռ, ո՛չ էլ պատուհա՛ն։ Նայեց կողքերը… ու՞ր է ինքը։ Ու՞ր է Նարեկը… Սահակը… ինչու՞ չի լսում որդու ձայնը։ Նայեց շուրջը։ Ո՜չ, ինքը երբե՛ք այստեղ չի եղել։ Վազեց դեպի աջ կողմ։ Ծեծեց պատը։ Բայց օ՜ զարմանք, պատը փափուկ էր։ Ու երբ ինքը հարվածեց նորից, պատը կարծես մի սալիկ դարձած ընկավ։ Բացվեցին կանաչապատ տարածքներ։ Սոնան դուրս վազեց։ Նոր նկատեց, որ ինքը բոբիկ է ու հագին կարմիր շրջազգեստն է, որը հագնում էր աղջիկ ժամանակ ու այն վաղուց մաշվել էր, հագնելու անպիտան։ Բա ոտքերը ինչու՞ բոբիկ են։ Բայց չէր մրսում։ Շուրջը ծլվլում էին թռչունները։ Սոնան ճանաչեց այս տեղը։ Իրենց գյուղի աղբյուրի մոտ է։ Քրոջ հետ մեծացել են այստեղ։ Ի՞նչ է անում ինքը այստեղ։ Ինչպե՞ս է հայտնվել այստեղ։ Ո՞վ է բերել։ Ինչու՞ ոչինչ չի հիշում։

Քայլեց առաջ։ Բայց ինչու չէր զգում հողը, խոտը, ծաղիկների բուրմունքը… Ականջին հասավ մեկի ձայնը։ Մեկը երգում էր։ Նազիկը՞… իր մահացած քույրը… Չի՛ կարո՛ղ պատահել։ Ցնորք է։

Առջևում կոճղի վրա մեջքով դեպի Սոնան նստած էր մի օրիորդ։ Երկար շեկ մազերով, գլխին ամառային գլխարկ, կանաչ շրջազգեստով… Սոնայի շունչը կտրվեց… բայց ինչպե՞ս… չէ որ Նազիկը արդեն տաս տարի է ինչ մահացել է։ Բայց ուրեմն ո՞վ է առաջը նստողը։ Իսկ նստողը անվրդով երգում էր։ Սոնան տագնապը սրտում շրջանցեց կոճղը ու կանգնեց նստողի դիմաց։ Կանգնեց ու արձանացավ… հազիվ էր պահում իրեն, որ չընկնի։ Սիրտը երևի դուրս կգար կրծքից, հենարան էր պետք, ընկնելու էր, եթե չբռներ ծառի ճյուղից։ Քույրն էր, կենդանի ու անվնա՛ս, նույնը ինչպիսին էր տաս տարի առաջ։ Նազիկը դադարեց երգել։

_Նազի՞կ, Նազի՞կ, Նա՜զ....

_Սոնա՞,_պակաս զարմացած չէր նաև քույրը։ Ապշած նայում էր ու չէր հասկանում թե որտեղի՞ց է Սոնան այստեղ։

_Նազի՛կ, քույրի՛կս։ Դու կենդանի՞ ես։ Բայց ինչպե՞ս։

Սոնան մղվեց դեպի քույրը, մոռացած որ անիրական է նրա կենդանությունը։

_Չմոտենա՛ս…

Աղջիկը ոտքի ցատկեց ու արագ քայլերով հեռացավ։ Քույրն էլ բոբիկ էր։

_Նազի՜կ, Նազո՜… մի՞թե մոռացել ես ինձ, քույրի՛կս… ի՞նչ ես անում այստեղ։Բա ե՛ս ինչպե՞ս եմ հայտնվել այստեղ, չեմ հիշում։

Սոնան վազում էր քրոջ հետևից։ Բայց չէր կարողանում հասնել։ Վերջապես քույրը վերցրեց մի քար ու շպրտեց Սոնայի վրա։ Բայց քարը անցավ գլխի կողքով։

_Նազի՛կ, ի՞նչ ես անում։ Մի՛ փախչի՛… ես կարոտել եմ քեզ, արի խոսենք։ Մենք մտածում էինք թե դու մահացել ես… մենք թաղել ենք քեզ տաս տարի առաջ․․․ ինչ հրաշք է սա՛․․․

_Հեռացի՛ր, չե՛մ ուզու՛մ տեսնել քեզ,_Նազիկը կռացավ վերցրեց մի քար ևս։

_Բա մայրի՞կը, նա գիտի՞, որ դու կենդանի ես։ Նազիկ ինչպես նա կուրախանա… չեմ հավատում աչքերիս… ինչպե՞ս… Նազիկ ինչպե՞ս… բացատրի՛ր․․․

Սոնան շունչ քաշեց ու հևաց։ Վաղուց չէր վազել։ Փորի աջ կողմը ծակեց, ափով սեղմեց ու կկոցեց աչքերը։ Նազիկը կանգնել էր մի քանի քայլ հեռու։ Ու չէր շարժվում։ Նա ուշադիր զննեց Սոնային։

_Սոնա՛, չգաս հետևիցս… մնա՛ այստեղ…

_Բայց ինչու՞… գնա՛նք տու՛ն։

_Դու՛ գնա… դու՛ գնա՛… գնա՛ այստեղից, Սոնա՛…

_Բայց ինչու՞… ես կարոտել եմ քեզ…

Այս խոսքերի վրա Սոնան վազեց դեպի քույրը ու գրկեց նրան։ Քրոջ կենդանության փաստից խենթացած, մոռացել էր բազմաթիվ հարցերը, որ հուզում էին իրեն։ Ջերմությամբ գրկեց Նազիկին։ Բայց ստացավ թշնամական պատասխան։ Նազիկը վանեց նրան ու հարվածների տարափ տեղաց Սոնայի հանդեպ։ Նազիկը չէր նայում ու՛ր է խփու՛մ, դեմքի՛ն, գլխի՛ն, մարմնի՛ն…

_Նազի՜կ․․․ ի՞նչ ես անում։

Սոնան ծածկեց դեմքը։ Բայց քույրը չէր դադարում, քանի գնում հարվածում էր ավելի ուժեղ։ Հրեց գցեց հողին։

_Նազի՜կ, մի՛ արա… Նա՛զ, ցավեցնում ես…

_Քեզ ասացի՛, կորի գնա՛…

Նազիկը ճանկեց մի քար խոտերի միջից ու սկսեց կատաղած հարվածել Սոնայի գլխին։ Սուր ցավից Սոնան կծկվեց ու ինչ ուժ ուներ հարվածեց քրոջը։ Բայց Նազիկի մեջ վիթխարի ուժ էր հայտնվել։ Խփում էր հա խփում, մինչև Սոնան արյունլվա չեղավ ու կորցրեց գիտակցությունը։ Նրա աչքերը փակվեցին ու ուղեղը ընկղմվեց խավարի մեջ։

․․․․․

Երբ Նարեկը մտնում էր դիահերձարան, հեռախոսին զանգ եկավ։ Վախը սրտում նայեց թե ով զանգում։ Հիվանդանոցից էր։ Բարձրացրեց ու սեղմեց շրթունքները որ կարողանա դիմանալ եթե վատ լուր հայտնեն։

_Ալո, պարոն Սիրունյա՛ն, ես եմ Արինկան։

Այն բարի բուժքույրն էր։

_Հասկացա՛… ի՞նչ կա… Սոնայի հետ ամեն ինչ կարգի՞ն է…

_Հիմա այո…

_Այսի՞նքն…

_Կլինիկական մահ է անցկացրել։ Բժիշկները զոռով են փրկել։ Հիմա վիճակը կայուն է, բայց ծանր։

Նարեկը այնքան հոգնած էր, որ եթե ասեին որ կինը մահացել է երևի ոչինչ չէր զգա, ու կլիներ միևնույն… արդեն երրորդ օրն է ինչ ինքը որդուց ոչ մի տեղեկություն չունի։

_Լավ պարոն Սիրունյան, պարտավոր էի հայտնել ձեզ։ Եթե ինչ որ փոփոխություններ լինեն ձեզ տեղյակ կպահեմ։

Նարեկը նույնիսկ քաղաքավարություն չունեցավ շնորհակալություն հայտնել։ Անջատեց հեռախոսը, դրեց գրպանը ու առաջացավ, հասավ հարկավոր դուռը ու ծեծեց, ապա բացեց։

_Կարելի՞ է։

Սեղանի մոտ բաժակը ձեռքին կանգնած տղամարդը սուրճ էր խմում և ձեռքով արեց։

Նարեկը մտավ փոքրիկ աշխատասենյակը։ Բացի բաժակով տղամարդուց այնտեղ կային ևս երկու տղամարդ։ Նարեկը բարևեց։

_Ի՞նչ հարցով եք եկել,_հարցրեց բաժակով տղամարդը ու գնաց նստեց սեղանի մոտ։

Ի՞նչ հարցով։ Նարեկի արյունը գլուխը խփեց։ Ի՞նչ հարցով… իր տասնվեցամյա քրոջ դիակը հավի նման կտրտեցին ու թողին։ Անտեր անտիրական գցել են այստեղ խոնավ ու հոտած նկուղում։ Ոչ կարգին մի բան ասացին, ոչ էլ տալիս են։

_Ի՞նչ հարցով,_բղավեց նա,_երեք օր է անցել, ոչի՛նչ ասել չեք կարող։ Ոչ տալիս եք քրոջս, ոչ էլ բան ասում…

_Հանգստացեք երիտասա՛րդ, թե չէ ձեզ դուրս կհանեն այստեղից,_հանգիստ արտասանեց նույն տղամարդը ու շարունակեց ըմպել իր սուրճը։

_Հանգստացե՜ք․․․ դու՛ք ասում եք ինձ հանգիստ մնալ… բայց ինչպե՞ս, ինչպե՞ս մնամ հանգիստ, եթե քրոջս սպանել են, կինս մահամերձ հիվանդանոցում է, իսկ որդիս չկա՛…

Խլեց սուրճի բաժակը ու շպրտեց պատին։ Ապա ոտքի մի հարվածով տակնուվրա արեց աշխատասեղանը։

Ոստիկանության բաժնում նստած էր, երբ եկան հորեղբայրը և իրենց փաստաբանը։ Նույնիսկ չնայեց նրանց։ Չէր ուզում ոչ մեկի դեմքը տեսնել։ Հորեղբայրը ոչինչ չասաց։ Բայց երևում էր, որ սաստիկ բարկացած էր։ Միայն նրա ու փաստաբանի օրոք իրեն չձերբակալեցին։

Մեքենայում նրանք երկար ժամանակ լուռ էին։ Մինչև հորեղբոր համբերությունը հատվեց։

_Ի՞նչ ես անում, Նարո՛,_անհանգիստ շունչ քաշեց,_փոխանակ խելքդ գլուխդ հավաքես ու փորձես գտնել ելք… դու նոր պրոբլեմներ ես ստեղծում…

_Հորեղբայր մի սկսի։ Չեմ ուզում քարոզներ լսել… հիմա ամենաքիչը ուզում եմ լսել դաստիարակչական դասեր…

_Լավ… ոչինչ չեմ ասի… հաց կերե՞լ ես։

_Չեմ հիշում։

–Հիմա մեր տուն կգնանք, Օֆիկը սպասում է։

_Ո՛չ, տար ինձ հյուրանոց։ Հայրիկն էլ այնտեղ է։

_Բա որ մտածում ես հորդ մասին, ուրեմն…,_Սոկրատը չշարունակեց խոսքը, լռեց։ Չուզեց վիրավորել Նարեկին, բայց ավելացրեց._Հայրդ մեր տանն է։ Իմիջիայլոց բավական է մնաք հյուրանոցում, այսօրվանից կմնաք մեր տանը ու ոչ մի առարկություն չեմ ընդունում։

Նարեկը ձայն չհանեց։ Ուժ չուներ խոսելու, ոչ էլ ցանկություն։ Միակ կարևոր հարցը որ տանջում էր, չէր թողնում ո՛չ ուտել, ո՛չ խմել, ո՛չ նստել, ո՛չ խոսել, ո՛չ շարժվել, ո՛չ քնել, ո՛չ տեսնել մեկին դա որդու տեղն էր… կատարաված դժբախտության մեջ առավելագույնը դա որդու անհետացումն էր։ Քրոջ սպանությունը ու կնոջ վիճակը ուրիշ ցավ էին պատճառում, սակայն որդի՛ն ուրիշ էր, ինչպես և զգացած ցավը… Նարեկը այս երեք օրվա ընթացքում ապրեց այնպիսի խոր վիշտ, որ երբեք չէր պատկերացնի։ Գոնե Սոնան ապաքինվեր… մի անգամ նրա ձայնը լսեր…

На страницу:
1 из 2