bannerbanner
ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ)
ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ)полная версия

Полная версия

ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ)

Настройки чтения
Размер шрифта
Высота строк
Поля
На страницу:
17 из 26

Մայրս լաց եղավ: Իմ արցունքները ևս հոսում էին անզորությունից ու խղճահարությունից:

– Ոչինչ մի պատմիր, մամ, մի պատմիր, – խնդրեցի ես:

Բայց նա չլսեց ինձ, շարունակեց.

– Աստված պահի Խանումկային: Խանում Իսմայլովա: Քառասունվեց բնակարանից: Հարևանները՝ հաղթանդամ տղամարդիկ, օգնության չեկան, չօգնեցին: Իսկ երեսունհինգամյա էդ միայնակ կինը պատրաստ էր զոհաբերելու իրեն և մեզ փրկելու: Նրանից էլ ոսկին հանեցին՝ հարսանեկան մատանին: Մի քանի անգամ խփեցին: Նույնիսկ դանակով սպառնացին: Մենք դա լսում էինք: Ավանեսյանների ու Գրիգորյանների ընտանիքները նա թաքցրեց երկրորդ հարկի քառասունմեկերորդ բնակարանում: Սվետա Մամեդովայի բնակարանում: Սվետան այդ օրը տանը չէր, Լենքորան՝ թաղման էին գնացել ամուսնու հետ, բանալին թողել էին Խանումկային, որ ծաղիկները ջրի, և ահա, Խանումը շատերին այդ տանը թաքցրեց: Կյանքը վտանգելով, նա տներից ու բակից հավաքում էր ծեծված հայերին, տեղավորում իր տանը: Քանի անգամ եկան բանդիտները, նրանցից մեկը խփեց Խանումկայի դեմքին, բայց Խանումկան չվախեցավ, կտրեց երակը, ասաց՝ «Արյո՞ւն եք ուզում, ահա, իմ արյունը»: Իգոր Աղաևն էր օգնում նրան, Լեոն գիտի, նույն դպրոցում են սովորել: Գաբրիելյանների ընտանիքն էլ նրանց աղջիկներից մեկի պետը՝ Մամեդովը փրկեց, բերեց ակումբ: Ուրշան Մամեդովը՝ Լենքորանից: Իսկ մինչ էդ նրանց՝ գազանաբար բռնաբարված, հարևանները՝ Քյարամովը, Սալիման ու Սաբիրը թաքցրեցին իրենց բնակարաններում: Բայց, ահա, երկրորդ շենքում ոչ ոք չպաշտպանեց Մելքումյաններին, վեց հոգու՝ մեկն էլ հյուր էր, սպանեցին և ինչպես սպանեցին, ի¯նչ խոշտանգումների ենթարկեցին, սաղ-սաղ նետեցին կրակի մեջ, նրանց որդին՝ Էդիկը, շատ լավ, բարի սրտով տղա, ուզում էր կրակից դուրս գալ, երկաթի ձողերով հրում էին կրակի մեջ, քրոջը՝ Իրինային, մի հրաշք գեղեցկուհի, կողքի դեղատանն էր աշխատում, նույնպես այրեցին, խեղճ աղջիկը պատշգամբով անցել էր հարևանի տուն, բայց տանտիրուհի Սևիլն ու իր երկու անչափահաս տղաները նրան դուրս հրեցին բնակարանից, գցեցին գազազած գայլերի բերանը: Էդ Սևիլի ախպերը պատուհանից գոռում էր. «Ծեծելը քիչ է, սպանեք, այրեք»: Հոշոտեցին խեղճ Իրինային, ողջ-ողջ նետեցին կրակի մեջ, խորովեցին, կերան: Մինչ այդ նրանց տանն ինչ եղել էր` կացին, դանակ, մկրատ, նույնիսկ աթոռի ոտք ձեռքներին` դիմադրություն էին ցույց տվել, երբ գազանների կատաղի ոհմակը` տասնհինգ-քսան հոգով, դուռը ջարդել խուժել էր ներս: Ու ինչ այլանդակ բաներ ասես, որ չեն արել նրանց հետ: Հրաշքով փրկված նրանց հարս Կարինեն էր լաց լինելով պատմում ակումբում, էդ անիծյալ Խըդըր Ալոևն, ասում էր, սրած մետաղաձողը ձեռքում խաղացնելով` նրա սկեսուր Ռաիսային ասել է` տղաներիցդ մեկին քեզ եմ բաշխում, ընտրի՛ր, որին ես զոհ տալիս: Սկեսրոջ լեզուն կապվել է, հարսն ասում էր` գույնը գցած, ոնց որ ջրից հանած ձուկ` բերանը բացվում-փակվում էր, ձեն չէր լսվում: Ալոևի հրահանգով հենց մոր աչքի առաջ դանակահարել են խոշտանգված զավակներին: Ուշաթափված մորն ու մնացածներին ծեծելով դուրս են քաշել բակ, մենք վերևից քար կտրած նայում, տեսնում էինք էդ ամենը, ողջ ընտանիքը` հեր, մեր, երեխեք, հյուրն էլ հետները, ընկած էին բակում` մեկը մյուսից մի քանի մետր հեռավորության վրա, ու տասը-տասներկու տարեկան անչափահաս լակոտներ բահերով ու մետաղաձողերով անխնա հարվածում էին, մինչև նրանց կնետեին խարույկի մեջ: Վեց հոգու մի ընտանիքից, իսկ հարևանները պատուհաններից ու պատշգամբից նայում էին, ծիծաղում: Էդպես էր: Մենք, էդ բոլորն, այո, տեսանք վարագույրների ետևից: Քսանհինգերորդ դպրոցի էդ Խըդըր Ալոևը դուրս էր եկել նրանց պատշգամբ ու էնտեղից Լենինի պես ձեռքն առաջ մեկնած՝ գոռում էր. «Գըրըն, գըրըն*»: Բա էդպիսի դիրեկտո՞ր կլինի: Մեր դիմացի տասներկու հարկանի շենքում ադրբեջանցիներն իջան բակ և չթողեցին, որ խուժանը մտնի իրենց մուտքը, այդպես նրանք երկու հայ ընտանիք փրկեցին իրենց շենքում: Այդպես վարվեց նաև կողքի շենքից մի ջահել ադրբեջանուհի, անունը չգիտեմ, նա սկզբից պատուհանից հայհոյեց խուժանին, հետո իջավ բակ և մուտքի առաջ կանգնելով ասաց. «Դուք իմ դիակի վրայով կանցնեք, կամ չեք մտնի այս մուտքը», իսկ այդ մուտքում նույնպես երկու հայ ընտանիք էր ապրում: Շնորհակալություն քեզ, անծանոթ աղջիկ, և քեզ շնորհակալություն, Խանում, մենք քեզ կյանքով ենք պարտական: Մինչև վերջ նստեց մեզ հետ, բոլորին փրկեց, կերակրեց, ուղարկեց էվակուացման կետ: Իսկ մինչ էդ, մեր տունը նույնպես այրեցին, բոլոր գրքերը՝ երկու հազար հատ, մեր բակում այրեցին: Նրանք հայերի ցուցակներն ունեին, այդ ցուցակներով էին գտնում մեր տները: Որ տեսնեիք վաթսուն տարեկան Էմմա Գրիգորյանին ինչպես սպանեցին, ինչպես տանջեցին խեղճ կնոջը: Տկլորցրած, մեջքին խփելով տանում էին բակով, իսկ նա ձեռքերով կրծքերն էր ծածկում: Ինչո՞վ էր մեղավոր այդ հավաքարարուհի կինը: Բա Հերսիլյա Մովսեսովան, աստվա¯ծ, աստված, ի¯նչ արեցին խեղճ կնոջը: Բաքվից հյուր էր եկել բարեկամներին, ութանասունվեց տարեկան պառավ կնիկ, հիվանդանոցում բժիշկն ասաց, որ դանակի երեսունվեց հարված կար մարմնին: Գազանը գազան

տեղով էդպիսի բա՞ն կանի: Գազանը չի անի, բայց ահա մարդն


*Գըրըն, գըրըն (ադրբ.) – Կոտորեք, կոտորեք


արել է: Սովետական մարդը:

տեղով էդպիսի բա՞ն կանի: Գազանը չի անի, բայց ահա մարդն արել է: Սովետական մարդը:

Մայրս լռեց: Սիավուշը ետ շրջվեց, բռնեց ձեռքս՝ այսինքն արիացիր: Ես նրա աչքերում արցունք տեսա:

– Աստված մարդուն իր պատկերով ստեղծեց, – նորից խոսեց մայրս, – ստացվում է, որ մարդկանց սպանելով, նրանց անխղճորեն մորթելով՝ Աստծուն են սպանում ու մորթում: Բա էդ ո՞նց կլինի:

Քիչ անց նա դարձյալ խոսեց, խոսեց ծանր, ասես ինքն իրեն էր խոսում.

– Զարմանալի է, բայց բոլոր սպանվածներն ու տուժածները հայեր էին: Միայն հայեր՝ կամ մեզ նման փեզո եկած, կամ էլ նրանց անմեղ զավակները: Սա ի՞նչ բան է, անհասկանալի է… Առավոտյան ժամը յոթին երեք միլիցիոներ եկան ակումբ՝ շտապ օգնության հիվանդանոցի բուժքրոջ հետ: Ես քանի տարի էդ հիվանդանոցում էի աշխատում, բուժքրոջը բերել էին, որ գտնի ինձ հինգ հազար մարդու մեջ: Չորս հայրուր տեղանոց ակումբում, դուք տեսաք, հինգ հազար մարդ՝ մեծ, փոքր, ջարդված, վիրավոր, իրար վրա թափված՝ գետնին, նստարանների վրա ու նստարանների տակ: Ո՛չ ջուր կա, ո՛չ լույս՝ հակասանիտարական վիճակ: Երեք շարք զինվորներով, տանկերով պաշտպանում են, որ խուժանը չհարձակվի: Դե դա դուք նույնպես տեսաք: Ինձ տարան հիվանդանոց: Ճանապարհին տեսա, ավերված բնակարանները շտապ նորոգում էին: Ինձ տարան հիվանդանոց, ու ես հասկացա, որ ամուսինս չկա արդեն: «Սառա բաջի, ասում եմ բուժքրոջը, մեռածների մե՞ջ է ամուսինս»: «Չէ, ասում է, ի՞նչ ես ասում»: Նա ամուսնուս, իհարկե, ճանաչում էր, քանի անգամ հիվանդանոցի նորոգման ժամանակ օգնել է: Գլխավոր բժշկին ասում եմ. «Դոկտոր, ասա, խնդրում եմ, ամուսինս մեռա՞ծ է»: «Ի՞նչ ես, ասում է, անընդհատ՝ մեռած է, հա, մեռած է»: «Աղաչում եմ, ասում եմ, ասա»: Եվ նա ասաց: Ես լալիս էի, ճչում, գոռում էի հենց նրա առանձնասենյակում: Նա ասում է՝ «Գնա մի քիչ հանգստացիր»: Հետո ինձ տարան մորգ: Էնտեղ այրված մարդիկ կային, այդ թվում կանայք ու մի երեխա: Երևի մի տասը տարեկան կլիներ էդ երեխան: Ես որ էդ ամենը տեսա՝ ոնց որ թե խելագարվեցի: Ասացի չեմ կարող նայել, չէ, չեմ կարող: Քննիչ կար, էդ քննիչն ասում է. «Նա մի հատուկ նշա՞ն ունի»: Ասում եմ. «Ձեռքի մատի՝ բութ մատի կեսը չկա: Աշխատանքի վայրում է վնասել: Տվեք շորերը, ասում եմ, կամ էլ կոշիկը տվեք, գուլպան, ես կճանաչեմ»: Բերեցին շապիկի մի թևքն ու նրա հագի սվիտերը… բոլորը վառված… Ես դա հենց տեսա, գոռացի՝ վա¯յ, գազաններ, նրան վառել են: Ես ճչում էի, լաց լինում, չգիտեմ՝ հատակին էի ընկել… թե նստած էի, չեմ հիշում: Իսկ քննիչն ասում է. «Դե, լավ, լավ, ուրեմն ճշտեցինք, որ դա նրա հագուստն է, ձեռքի բութ մատն էլ կտրված»: Հետո մեր գլխավոր բժիշկն ասաց, որ հարկավոր է շուտ թաղել, չի իմացվի, հետո ինչ կկատարվի: Բա ասում եմ՝ ո՞նց կլինի, տղաս չկա, աղջիկներիս մեկը Չարենցավանում է, մյուսը՝ Ստավրոպոլում, ո՞նց կլինի դա: Քույրեր ու եղբայր ունի, հեր, մեր: Էդպիսի պատվավոր մարդուս էդպես անպատիվ թաղեցինք: Վախենում էինք, որ գերեզմանի վրա էլ կարող են հարձակվել, շտապ-շտապ թաղեցինք, բժիշկը շատ օգնեց, աստված պահի նրա երեխաներին: Աստված ձեզ էլ պահի-պահպանի, որ էս նեղ օրը երկու անգամ եկաք Սումգայիթ, հենարան եք կանգնել որդուս: Մինչև երկինք շնորհակալ եմ:

– Իսկ քեռի Աբբասը չի՞ երևացել, – երկար լռությունից հետո հարցրեցի ես:

– Քեռի Աբբասը հիվանդանոցում պառկած էր՝ վերակենդանացման բաժնում: Հենց առաջին իրիկունը «Բահար» ռեստորանի մոտ խուժանը հարձակվել էր տրոլեյբուսի վրա, պահանջել, որ հայերն իջնեն: Կռվի մեջ էր մտել՝ հայերին պաշտպանել, երկաթե ձողով մի քանի անգամ խփել էին, երկու օր ուշքի չէր եկել: Ձեռքն էլ կոտրված է: Բա նա հորդ մենակ կթողնե՞ր որ… Էդպես էր, լավերը տուժում էին, վատերն՝ օգտվում: Աստված քոռ է, չի տեսնում, որպեսզի մարդկանց ըստ իրենց սրտի գնահատի, լավին՝ լավ, վատին՝ վատ, բայց դե, տեսնում ենք, որ ճիշտ հակառակն է անում:

– Լեո, ընդունիր իմ ցավակցությունը, – բաժանվելիս ասաց Սիավուշը, – և իմացած եղիր, որ Սումգայիթի այս հրեշավոր ոճրագործությունն ադրբեջանական ժողովուրդը չի կազմակերպել, այլ կուսակցական-կառավարական ադրբեջանական մաֆիան՝ հենվելով խաժամուժի վրա: Ազգայնական կուսակցական այդ մաֆիայի թիկունքին կանգնած է կենտրոնական համամիութենականը: Բոլոր նշաններով հանգամանորեն կազմակերպված կոտորած է սա: – Սիավուշը հոգոց հանեց, ասաց, – այո, մաֆիան իրականացրեց այս ցեղասպանությունը՝ խրախուսվելով Կրեմլի վերակառուցման ու հրապարակայնության հակառակորդներից: Մոսկվան չի վճռի Ղարաբաղյան հարցը, – շարունակեց Սիավուշը: – Կրեմլն ազգային լարվածության կետեր է ստեղծում ոչ թե հանուն կամ ընդդեմ որևէ հանրապետության, այլ հանուն կայսրության պահպանման և ամենասարսափելին մեզ համար գիտե՞ս որն է, Լեո, – դարձյալ հոգոցով ասաց նա, – չգիտեմ, դու մտածե՞լ ես այդ մասին, թե՞ ոչ, ես շատ եմ մտածել, ամենասարսափելին մեզ համար այն է, որ նոր սերունդ կգա, տարված ազգայնամոլա-հայրենասիրական հովերով, և չի իմանա, երբեք չի իմանա, որ իրենցից առաջ կային մարդիկ, և շատ էին նրանք, որոնց համար ազգ ու ազգություն չկար, նրանք վեր էին կանգնած այդ ամենից, չեն իմանա, թե ինչքան էինք կապված միմյանց, ինչպես էինք իրար սիրում: Այ, դա է ամենասարսափելին: – Նա նայեց ինձ կարեկցությամբ ու տրտում, ավելացրեց, – մի անգամ ևս, խնդրում եմ, ընդունիր իմ ցավակցությունը: Ես կզանգեմ քեզ:


* * * * *


Մայրս Բաքվում մնալ չէր ուզում:

– Չէ, չեմ մնա էստեղ, չեմ կարող, – ասաց նա: – Ուղարկիր քույրերիդ մոտ՝ Ստավրոպոլ կամ Չարենցավան: Ինձ համար այլևս Սումգայիթ քաղաք գոյություն չունի:

Փորձեցի զանգել Չարենցավան, ոչինչ չստացվեց: Իսկ Ստավրոպոլի հետ միացա առանց դժվարության: Քույրս երկար լաց էր լինում, ոչ մի կերպ չէի կարողանում սփոփել նրան: Ի վերջո, լսափողը տվեցի մորս: Սկզբում նա հանգիստ խոսում էր, հետո չդիմացավ, սկսեց լաց լինել և այդպես լաց լինելով պատմում էր հորս ողբերգական մահվան մասին: «Կյանք չունեմ էլ, մատտաղ, – ասաց նա, – հորիցդ հետո իմ ապրելն արդեն իզուր է»: Չարենցավան նույնպես հաջողվեց զանգել, բայց դա ուշ ստացվեց, համարյա գիշերվա տասներկուսի մոտերքը:

Առավոտյան գլխավորը զանգեց, ցավակցություն հայտնեց, ասաց, որ շատ է վշտացած: Հետո հարցրեց՝ հո ոչ մի տեղ չե՞ս գնում:

– Ոչ, – ասացի, – տանն եմ:

Նա եկավ Լորաննայի և Արինայի հետ: Ընկճված տեսքով էին երեքն էլ: Գլխավորն առանց վիրակապերի էր, աչքի տակը՝ լայնակի սև այտուցով: Գրկեց ինձ, մի տեսակ փոխված ձայնով ասաց՝ «Պինդ կաց»: Լորաննան թեթևակի սեղմեց ձեռքս, ցածրաձայն ասաց՝ «Ցավակցում եմ», իսկ Արինան կանգնել էր միջանցքում, փոքր-ինչ շփոթահար տեսքով, ուղիղ նայում էր՝ ասես չհամարձակվելով առաջ անցնել:

– Ներս արի, Արինա, ինչո՞ւ ես կանգնել, – ասացի ես փորձելով ժպտալ և մեկնեցի ձեռքս:

Նա իր փոքրիկ սառը մատներով սեղմեց ձեռքս, առաջ եկավ: Նրա սև, շողշողուն աչքերում փայլատակեց արցունքը, և ես խորապես զգացի նրա անհուն կարեկցանքն իմ հանդեպ, նրա անկեղծ ձգտումը՝ հաղորդակից լինել իմ դժբախտությանը: Իսկ գուցե դա նրանի՞ց է, որ ինքը՝ Արինան, մանկուց էր զրկվել մորից և գիտեր, թե ինչ ծանր բան է ծնող կորցնելը: Նրանք մորս նույնպես ցավակցություն հայտնեցին:

– Ինձ համար այլևս Սումգայիթ քաղաք գոյություն չունի, – դարձյալ ասաց մայրս: – Էդ քաղաքն արատավորված է մեր՝ հայերի արյունով: Անմեղ մարդկանց արյունով:

– Մի՞թե կազմակերպված էր այդ ամենը, – հենց այնպես հարցրեց գլխավորը:

– Կազմակերպված էր, – հանգիստ ասաց մայրս: – Սուտ լուրերով մարդկանց գրգռեցին, լցրին փողոցները: Բա, իհարկե, կազմակերպված էր: Նախօրոք լավ կազմակերպված էր, իսկ մենք ոչինչ չգիտեինք: Բոլոր հայերին աշխատանքի վայրից ուղարկում էին տները՝ ինչո՞ւ: Ինչո՞ւ էին հեռախոսներն անջատել: Որտեղի՞ց նրանց հայերի ցուցակները: Եվ ինչո՞ւ միլիցիան ու շտապ օգնությունը չէին արձագանքում մեր կանչերին: Զրահամեքենաները քաղաքում շրջում էին, հարյուր մետրի վրա մարդկանց սպանում էին, բայց նրանք չէին միջամտում՝ հրաման չկար: Ինչո՞ւ էր էդպես: Երևի, կքննեն, կպարզեն ճշմարտությունը, էդպես չի մնա:

– Ցավալի է, շատ է ցավալի, որ մեր երկրում, ուր ժողովուրդների բարեկամությունն անսասան սրբության նման մի բան է համարվում, օրը ցերեկով մարդուն կարող են սպանել այն բանի համար, որ նա մի այլ ազգության է պատկանում, – հոգոցով ասաց գլխավորը: – Սումգայիթը մեզ հազար տարով քաղաքակրթությունից ետ մղեց դեպի վայրենություն:

– Հազար տարի առաջ կրակի վրա մա՞րդ էին խորովում, ուտում, – միամիտ հարցրեց մայրս, և գլխավորը ոչինչ չգտավ պատասխանելու:

– Գոնե կարեկցողներ կայի՞ն ադրբեջանցիների մեջ, – հարցրեց Լորաննան, – օգնո՞ւմ էին որևէ բանում:

– Կային, իհարկե, կային, օգնում էին, – պատասխանեց մայրս: – Լեզգիները, թալիշները, իրենք` ադրբեջանցիները… Առանց նրանց օգնության շատ մարդ կզոհվեր, շա¯տ: Բայց քիչ էին դրանք: Հիմնականում բոլորը ջարդարարների կողմն էին, նրանց միացած սպանում ու թալանում էին, կամ էլ իրենց պատշգամբներին կանգնած, առանց տոմսի թատրոն էր. նայում էին, թե ոնց են այրում մարդկանց: Աստված գազա՛ն մարդու մեջ պիտի խիղճ դնի, խեղճ մարդու խիղճն ո՞ւմ է պետք: Աստված ո՞նց է էդ բոլորը տեսնում ու համբերում: Էհ, գուցե հենց Աստված էլ չկա, գուցե էդ էլ է սուտ… Լավ, էս ինչո՞ւ եմ էսպես նստել:

Մայրս գնաց խոհանոց՝ սեղան գցելու: Լորաննան ու Արինան իսկույն ելան տեղից՝ նրան օգնելու:

– Ախպեր, դիմացիր, կյանք է, – սիրտ տվեց գլխավորը: – Մյուս աշխատողներն էլ էին ուզում գալ՝ Միշա Հաջիյանը, Նորան, Մնացականը, Բոջիկյանը, Հախումյանը, Յուրի Պողոսյանը, մյուսները: Բայց ես հարմար չգտա: – Նա քիչ լռեց, ասաց, – Ես էլ եմ փոքրուց ծնող կորցրել: Է¯հ, քանի տարի է անցել, բայց մոռանալ չեմ կարողանում: Ծնողին մոռանալ չի լինի:

Երկար լուռ էինք երկուսս էլ, հետո գլխավորն ասաց.

– Լեո, մայրդ ասում է՝ կքննեն, կպարզեն ճշմարտությունը: Նա հավատում է, որ այդպես էլ կլինի: Բայց, ահա, ես չեմ հավատում՝ չի լինի դա: Դաշքեսանի շրջանի երկուհազար բնակիչ ունեցող Բանանց գյուղում Հայրենական մեծ պատերազմում զոհված համագյուղացիների հիշատակին հուշարձան էր կանգնեցվել: Այդ գյուղից կռվի դաշտում ավելի շատ մարդ է զոհվել, քան շրջանի բոլոր ադրբեջանական գյուղերից՝ միասին վերցրած: Կարճ՝ շրջանի ղեկավարության ու մշակույթի նախարարի առաջին տեղակալ Թեյմուր Սուլեյմանովիչ Ալիևի գլխավորությամբ մի գիշերվա մեջ հուշարձանը ջարդուփշուր արվեց: Որևէ մեկը պատասխանատվության ենթարկվե՞ց դրա համար: Ընդհակառակը, ընդհարում եղավ այդ հողի վրա և տասնյակ հայ պատանիներ բանտ նետվեցին: Նույնը կատարվեց նաև իմ հայրենի Շամխորի շրջանում, երկու հազար տարվա պատմություն ունեցող Չարդախլու գյուղում, որը երեք հազարից ավելի հայ բնակիչ ունի: Դա այն գյուղն է, որը Խորհրդային Միության երկու մարշալ, տասնյակ գեներալներ ու հերոսներ է տվել: Պատերազմ մեկնած հազար երկու հարյուր հիսուն մարդուց չորս հարյուր հիսուներկուսը չեն վերադարձել: Ո՞վ պատասխան տվեց: Ոչ ոք: Շրջկոմի առաջին քարտուղար Ասադովն արժանացավ սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման և առաջ քաշվեց: Հիմա կենտկոմի բաժնի վարիչ է և սպառնալիքներ է հղում Ղարաբաղին: Խոսք կա, որ այս երկու օրը ներքին գործերի նախարար է նշանակվում: Շահումյանի շրջանի հողատարածությունները տարեցտարի խլում, տալիս են ադրբեջանական շրջաններին՝ ջախջախիչ հարված հասցնելով հայկական տնտեսություններին: Սովետական Միության երեք հերոսի ու ադմիրալ Իսակովի ծննդավայր Գետաշեն գյուղը, որն ավելի քան հազար հինգ հարյուր զինվոր ուղարկեց ռազմաճակատ ու նրանց կեսն այդպես էլ չվերադարձավ տուն, հարթավայրային մասում ահագին հողեր ուներ, գյուղ էլ կար՝ Չալաբերդը, մի երկու անգամ եղել եմ այնտեղ, ուղղակի դրախտ, վերջերս վերցրել, ինքնակամ կերպով կցել են Կասում Իսմայլովի շրջանին: Ո՞ւմ են կանչել դրա համար պատասխանատվության՝ դարձյալ ոչ ոքի: Սումգայիթի եղեռնագործությունն իր ողջ ճշմարտությամբ չի բացահայտվի երբեք: Ճշմարտությունը պարզելու համար նախ պետք է հասկանալ, թե ում է դա ձեռնտու: Սումգայիթն իսկական ցեղասպանություն էր՝ ծանրագույն հանցանք մարդկության դեմ: Բայց ուրիշ բան կա դրա տակ, Լեո, ոչ պակաս սարսափելի: Իմ կարծիքով, դա վիթխարի այսբերգի տեսանելի կողմն է միայն, քաղաքական կողմը՝ սարսափ ներշնչել հայությանը, կաշկանդել նրա կամքն արյունալի նոր ոճիրների հնարավոր հեռանկարով, ստիպել, որպեսզի հայ ժողովուրդը ետ կանգնի Ղարաբաղյան շարժումից: Բայց, կրկնում եմ, դա այսբերգի տեսանելի կողմն է միայն:

Գլխավորը բազմանշանակ ժպտաց, ասաց.

– Իսկ անտեսանելի կողմում, ահա, թե ինչեր կան: Ասեմ, հիշիր՝ ըստ իս, սա Գորբաչովի ու նրա շրջապատի՝ Լիգաչով, Կրյուչկով, Յազով, Պուգո, Շատալին, Լուկյանով-Մուկյանովի կանխապես պատրաստած գործն է, հետագա իրադարձությունները, համոզված եմ, կհաստատեն դա: Պարզապես Ղարաբաղը հարմար կռվախնձոր էր՝ երկու հարևան ժողովուրդներին իրար դեմ հանելու համար: Հինգ թվականին ճիշտ նույն ձևով վարվեց նաև Նիկոլայ երկրորդ ցարը: Այստեղ զարմանալի ոչինչ չկա: Լևոն Շանթն իր նամակներից մեկում նշում է, որ քաղաքականությունը ստի ու խաբեության հյուսվածք է: Այդպես էլ կա, քաղաքականությունը կեղտոտ գործ է, քաղաքագետները՝ անամոթ ու խարդախ մարդիկ: Ստալինը հեղափոխական գործիչ էր, բայց միաժամանակ թուրքական ու ցարական հակահետախուզությունների գործակալ էր, Բերիաշվիլի անվան տակ երկու տարի թաքնված ապրել է Թուրքիայում: Բերիան մուսավաթական կուսակցության ամենաակտիվ անդամներից մեկն էր, մասնակցել է Բաքվի 26 կոմիսարների բանտարկությանն ու գնդակահարությանը Ախչա-Կույմայում: Մոսկվան շատ լավ գիտեր այս ամենը, և՝ ոչինչ: Մի խոսքով, շատ հնարավոր է, որ Գորբաչովն արևմտյան տերությունների, առանձնապես ամերիկյան կողմի ոչ անշահախնդիր հովանավորությամբ հեռահար նպատակ է հետապնդում՝ քայքայել, մասնատել խորհրդային հզոր պետությունը: Համաձա՞յն չես այս տեսակետին: Մոսկվայից միութենական դատախազի՝ առանձնահատուկ գործերի գծով օգնական Ասլախանովի գլխավորությամբ երկու ամիս առաջ քննչական հանձնաժողով է եկել այստեղ՝ ստուգելու Հեյդար Ալիևի գործնեությունը՝ զանգվածային հավելագրումներ, անհիմն բանտարկություններ, սպանություններ, այդ թվում և Քյուրդամիրի կուսշրջկոմի առաջին քարտուղար Մամեդովի սպանությունը, պետական մասշտաբի զանազան զեղծարարություններ, անսահման չափերի հասնող կաշառք և այլն: Պարզ է, խոսքն այն տարիների մասին է, երբ Ալիևը գլխավորում էր Ադրբեջանի կուսակցական կազմակերպությունը, այսինքն՝ երբ նա հանրապետության ղեկավարն էր: Երեք հյուրանոց՝ «Ազերբայջան», «Ապշերոն» ու «Յուժնայա», լցված են մոսկովյան քննիչներով: Կարճ՝ Թելման Գդլյանի ու Իվանովի ուզբեկական հանձնախմբի տարբերակն Ադրբեջանում: Եթե Ուզբեկստանում հափշտակումները միլիոնների էին հասնում, այստեղ միլիարդներից են խոսում: Տասնյակ, եթե ոչ հարյուրավոր, գլուխներ են թռչելու, և այն էլ ի¯նչ գլուխներ: Բանտերը կլցվեն նրանցով, ովքեր երկար տարիներ անխնա թալանում, կողոպտում էին հանրապետությունն ու հիմա էլ անպատիժ շարունակում են նույն թալանն ու կողոպուտը: Այս ամենը չի՞ կազմակերպվել, արդյոք՝ ձախողելու, խափանելու քննչական հանձնախմբի աշխատանքները: Միտինգներում արդեն խստորեն պահանջ է դրվում՝ հանձնախումբն անհապաղ հեռացնել Ադրբեջանից, որովհետև նրա ներկայությունը, իբր, ապակողմնորոշում է իրադրությունը հանրապետությունում: Ուժեղ է, չէ՞: Մի ուրիշ տեսակետ՝ Հեյդար Ալիևը, դու էլ գիտես, այն մարդը չէ, որ կարողանա ներել նրանց, ովքեր պատճառ եղան իր քաղաքական պարտությանը: Այդ շարքում Գորբաչովը նրա թիվ մեկ թշնամին է: Որովհետև Գորբաչովն էր, որ նրան խայտառակաբար վտարեց քաղբյուրոյից, և որի պատճառով նա ծանր ինֆարկտ տարավ, համամիութենական մամուլում, այդ թվում և «Պրավդայում», քանիցս պախարակեցին, որ, իբր, հիվանդության կեղծ փաստաթղթեր սարքելով՝ 41-ին խուսափել է պատերազմից: Կների՞ Ալիևը նրան՝ երբեք: Պետանվտանգության իր համախոհների հետ նա կազմակերպեց այս ամենը՝ նախ Գորբաչովին տապալելու նպատակով, երկրորդը՝ ճանապարհ հարթելու՝ նորից իշխանության գլուխ անցնելու համար: Վստահելի մարդուց եմ լսել, ասում է՝ նախքան Սումգայիթի դեպքերը, ժողովրդական ճակատի վարչության երեք անդամներ՝ Էլչիբեյը, Նեյմաթ Փանահովն ու Էհթիբար Մամեդովը մեկնել են Մոսկվա՝ Հեյդար Ալիևի հետ հանդիպման. իմացիր, առանց նրա ոչինչ չի արվում, այս բոլորը նրա վերադարձի համար է արվում: Այդ վերադարձը Բաքու՝ կլինի, Լեո, ես մեռած, դու՝ սաղ, հիշիր, կլինի, և նա իր այդ հաղթական երթը կսկսի հայրենի Նախիջևանից:

Բաժանվեցինք բավականին ուշ: Դուրս եկա ճանապարհելու, Լորաննան կամացուկ ասաց. «Ռենան էր եկել, քեզ էր հարցնում: Ասում էր՝ հեռախոսդ չի պատասխանում: Չէ՞ր աշխատում հեռախոսդ»:

– Հիմա աշխատում է, – ասացի ես:

– Ես նրան ասացի հորդ սպանության մասին: Ինձ Սիավուշն էր ասել: Չգիտեր: Գունատվեց, Լեո, նայում էր ինձ մի տեսակ ցրված ու ասես ոչինչ չէր հասկանում:

– Նա լա՞ց էր լինում:

– Այո… լաց եղավ: Ինչի՞ց իմացար:

– Սիրտս ծակում էր:

Լորաննան անվճռական նայեց ինձ, օրորեց գլուխը:

– Ի՞նչ պիտի լինի ձեր վիճակը սրանից հետո, չգիտեմ:

Երկուսս էլ լուռ էինք:

– Ներիր, Լեո, բայց զգում եմ, որ ծանր, դժվարին օրեր են սպասում քեզ, – երկարատև լռությունից հետո խոսեց Լորաննան վհատ ձայնով: – Պատրաստ եմ անգամ ծնրադիր խոնարհվել քո այդ անխուսափելի տառապանքի առջև:

– Լսիր, Լորաննա, – չգիտեմ ինչու ակամա բարկանալով՝ ասացի ես, – դու հայր Զոսիման չես և ոչ էլ ես՝ Միտյա Կարամազովը:

– Իսկ Սոնեչկա Մարմելադովա՞, – սեթևեթեց նա:

– Ոչ էլ Սոնեչկա Մարմելադովան:

– Բայց չէ՞ որ նա նույնպես կանխազգաց Ռասկոլնիկովի մոտալուտ տաժանակիր ողբերգությունը:

– Սոնեչկա Մարմելադովան այս աշխարհից չէր, այլապես կամավոր չէր գնա հեռու Սիբիր՝ ութ երկար տարիներ կիսելու Ռասկոլնիկովի տառապանքը:

– Ավաղ, ինձ վիճակված չէ կիսելու քո տառապանքը, Լեո, – Լորաննան դառնադառը նայեց ինձ: – Բայց դու գիտես, որ ես մեծագույն հոժարությամբ պատրաստ եմ օգտակար լինել քեզ: Դրա համար էլ շատ կուզենայի, չնայած լավ գիտեմ քեզ, հասկանում եմ, որ անհնարին բան եմ ասում, սակայն, կրկնում եմ, շատ կուզենայի, որ թողնեիր այդ ադրբեջանուհուն: Դու էլ տեսնում ես, թե գնալով ինչպիսի անդունդ է առաջանում մեր երկու ժողովուրդների միջև, թե օրեցօր ու ժամ առ ժամ ինչպես է շիկանում մթնոլորտը: Մի՞թե այդքան դժվար է նրան թողնելը:

Լորաննան ուղիղ նայեց իմ աչքերին:

– Թողնելը դժվար է, մոռանալը՝ անհնարին: Ռոմեոն կասեր՝ նա, ում սիրում եմ, հիատեսիլ ու շլացուցիչ է, մի ուղի ցույց տուր, որ կարողանամ նրան մոռանալ:

Ճակատը կնճռոտած՝ Լորաննան ուշադիր նայեց իմ աչքերին ոչ այն է տխրությամբ, ոչ այն է ներողամտությամբ: Առհասարակ տարօրինակ ձևով էր նայում Լորաննան, աչքերը կկոցած՝ կարծես շատ մանր, պետիտ շարվածքի տող էր կարդում քո աչքերում: Նա մի րոպե տատանվեց, ասես կշռադատելով այն, ինչ պիտի ասեր, հետո ասաց անհուսալի քնքշությամբ.

– Ի՞նչ ուղի ցույց տամ, սիրելիս, մի՞թե այս ամենի կազմակերպված բնույթն ու նպատակը չես տեսնում: Դավեր նյութելով՝ դեպի պատերազմ են տանում մեզ: Դու հայ ես, նա՝ ադրբեջանուհի, դատապարտված է ձեր սերը, Լեո, ի՞նչ ուղի ցույց տամ… Այո, հիատեսիլ ու շլացուցիչ է, գեղեցկությունն էլ հազվագյուտ գեղեցկություն է, նայելիս, անկախ քեզնից, շփոթվում ես, և հասկանում եմ նաև, որ ամբողջ կյանքում նրա կարոտն այրելու է հոգիդ, բայց, միևնույն է, թո՛ղ նրան, Լեո, լսիր ինձ՝ թո՛ղ: Մի՞թե ուրիշ աղջիկներ չկան:

– Չկան, – անվիճելի հաստատակամությամբ ասացի ես: – Նրանից բացի ոչ ոք գոյություն չունի ինձ համար: Վանգան գտնում է, որ ինչ ի վերուստ գրված է մեր ճակատին՝ այն էլ կլինի: Սուրբ գրքում ի՞նչ է ասված՝ մարդուս սիրտը խորհում է իր ճանապարհը, բայց նորա քայլերը Տերն է հաստատում: Աստված ողորմած է:

– Ողորմած է, բաց ոչ մեզ համար:

– Մեղք մի գործիր, Լորաննա, և մի խռովիր սիրտդ, հավատա՝ ամենայն լավն ու բարին մեկ անգամ ու մեկընդմիշտ Տիրոջ կամոք է արարված, Աստված մեծ է իր աստվածային զորությամբ, օրհնեալ է Նա այժմ և միշտ և հավիտեանս հավիտենից… Աստծու փառքը մեծ է:

– Աստծու փառքը մեծ է, կտրած փոսը՝ խոր:

– Դարձյալ մեղք ես գործում: Աստված ամենակարող է ու հզոր:

– Ամենակարող է ու հզոր… Տեր, եկուսցե արքայություն քո, – մրմնջաց նա և ավելացրեց ինչ-որ չարախինդ հուսաբեկությամբ, – ողբ էր, լաց և կոծ Ռամայի մեջ, Ռաքելն իր որդկանց վրա լաց էր լինում և չէր կամենում մխիթարվել, որովհետև չկա՛ն նրանք… Եթե այդքան ամենակարող է Աստված ու հզոր, ինչո՞ւ աշխարհից իսպառ չի վերացնում վիշտն ու մորմոքը, չէ՞ որ նա կարող է դա անել, ինչո՞ւ չի արել մինչև հիմա և ինչո՞ւ չի անում այժմ: Նա ավելի հզոր է, քան Աստված:

– Ո՞վ՝ նա:

– Գազանը, – ասաց Լորաննան: – Մարդ գազանը: Բերանն արնոտ մարդակեր գազանը, որ հազար տարում հազիվ դառավ մարդասպան և ձեռքերն արնոտ գնում է դեռ կամկար ու հեռու է մինչև մարդն իր ճամփան: Շա¯տ է հեռու, – ավելացրեց նա: – Դուք չգիտեմ ինչպես, բայց ես այստեղ չեմ մնա:


* * * * *


Ռենան տանն էր, սակայն, ըստ երևույթին, դարձյալ մենակ չէր: Խոսում էր ոչ բարձր, ասես ձեռքով ծածկելով մեմբրանը:

– Ես եմ, Ռենա:

– Բարև, – ցածր, նվաղուն ձայնով արձագանքեց նա: – Քո հեռախոսը չէր աշխատում, ես զանգել եմ… ես շատ եմ զանգել… Ես ցավակցում եմ… Ես շատ եմ ուզում տեսնել քեզ… Լսո՞ւմ ես, – ավելի ցածրացնելով ձայնը՝ ասաց Ռենան: – Ես սիրում եմ քեզ, ավելի շատ եմ սիրում, քան առաջ… Ես առանց քեզ չեմ կարող ապրել…

Նա համարյա այդ նույնն ասաց նաև խմբագրությունում, արցունքն աչքերին խոստովանեց, որ ամենուր՝ տանը, փողոցում, պարապմունքների ժամանակ, տրանսպորտում՝ շարունակ իմ մասին է մտածում:

Որոշ դադարից հետո.

– Մարդու սիրտն օրական հարյուր հազար զարկ ունի: Օրական հարյուր հազար անգամ իմ սիրտը բաբախում է քեզ համար, Լեո… Ես վախենում եմ քեզ կորցնելուց:

Ես ներողամտաբար ժպտացի նրան. ի՞նչ կարող էի ասել: Ոչինչ: Համարյա ոչինչ:

– Հնար լիներ՝ մի ուրիշ մոլորակ գնայինք, ուրիշ մոլորակում ապրեինք, – ասաց Ռենան՝ միաժամանակ ժպտալով ու արտասվելով: – Բոլորը դեմ են, որ ես սիրեմ քեզ, նրանք չեն հասկանում, որ ինչքան շատ ես սիրում, այնքան շատ ես տանջվում, չեն հասկանում, որ արգելքներն ավելի են սաստկացնում սերը: Արար աշխարհը դեմ է, բայց ես ոչինչ չեմ կարող անել ինձ հետ, դա իմ ուժերից վեր է, ոչ ոք չի կարող հասկանալ դա: Ոչ ոք չի ուզում հասկանալ: – Արցունքի լույս կաթիլը սահեց այտն ի վար:

Դարձյալ որոշ դադարից հետո.

На страницу:
17 из 26