
Полная версия
ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ)
– Իսկ դու գիտե՞ս, որ Շեքսպիրը ոչինչ չի հորինել: Ռոմեոն և Ջուլիետն իրոք եղել են: Նրանց սիրո պատմությունն էլ իրական պատմություն է: Վերոնայում մնում է դեռ Ջուլիետի պատշգամբը, հազարներով զբոսաշրջիկներ են գալիս աշխարհի տարբեր ծայրերից՝ տեսնելու այդ պատշգամբը: Եվ այն, որ նրանց ծնողները պատկանում էին երկու հակառակորդ գերդաստանների, որոնց մեջ տոհմական հինավուրց քեն, թշնամություն կար, որ երբեմն բորբոքվում էր զանազան սադրանքներով՝ նույնպես եղելություն է, – և արցունքաշաղ աչքերով նայելով՝ վհատորեն ավելացրեց, – ոչինչ չի փոխվել… ոչինչ չի փոխվում…
Մի ուրիշ անգամ.
– Ինչո՞ւ է այսպես, Լեո: Ես հիմա կյանքին մի տեսակ ուրիշ ձևի եմ նայում: Առաջ նման բաներին ուշադրություն չէի դարձնում… Մեր կուրսում շատերն արդեն գիտեն, թե որտեղ են աշխատելու ավարտելուց հետո՝ մեկը բաժանմունքի վարիչ, մյուսը՝ գլխավոր բժիշկ, մեկ ուրիշը՝ առողջապահության նախարարի տեղակալ: Ծնողները կենտկոմում ու նախարարների խորհրդում են աշխատում, բարձր պաշտոններ են վարում, իսկ իրենք օրերով պարապմունքների չեն գալիս, և դասախոսները վախենում են անգամ դիտողություն անել: Վերջերս Այթմատովի մի գիրքն էի կարդում՝ «Սպիտակ շոգենավը»: Պատանի հերոսն իրեն նետում է գետը, որովհետև կեղտին ու չարիքին չվարժված նրա մանկական դյուրազգացողությունն անկարող է դիմանալ շրջապատի ստին, կեղծիքին ու անարդարությանը: Իրոք, ինչո՞ւ է այդպես:
Ռենան նայեց ինձ, բայց պատասխան չէր սպասում ինձնից:
– Կգա ժամանակ, բոլոր մարդիկ եղբայր կլինեն, – ասաց նա դառնորեն ժպտալով: – Լեզուն, դավանանքը, մաշկի գույնը՝ դարերով մարդկանց կաշկանդած բոլոր այս նախապաշարումները, կվերանան… Բայց ե՞րբ, ե՞րբ կլինի, ե՞րբ կգա այդ ոսկեդարը, Լեո, երբ մենք չե՞նք լինի…
* * * * *
Անսալով մորս թախանձանքին, ես նրան գնացքով ուղարկեցի Ստավրոպոլ՝ քրոջս մոտ:
Մանր անձրև էր տեղում, գորշագույն մթնաշաղի միջից հազիվ էին երևում կայարանամերձ տների աղոտ լույսերն ու կայարանից այն կողմ, բլրակի վրա միայնակ կանգնած տուրիստական հյուրանոցի ստորին հարկերը: Գնացքի ճանապարհվելուն մի երկու րոպե էր մնացել, և մայրս, ինձ համար բոլորովին անսպասելի, խոսք բացեց Ռենայի մասին: Հորս սպանությունից հետո նա երբեք չէր խոսել նրա մասին, անունը երբեք չէր տվել:
– Էդպես էլ չտեսա Ռենային, – սրտաշարժ ափսոսանքով ասաց նա, տրտմալի շարժելով գլուխը: – Պապան շատ էր ուզում տեսնել… Անհարմար էր զգում, երևի, քեզ ասել, ինձ էր ստիպում, որ խոսեմ հետդ՝ հյուր բերես նրան Սումգայիթ: Իսկ երբ իմացավ, որ մարտի ութին գալու եք, ուրախացավ, երեխի պես հուզվել էր… Էհ, ամեն ինչ փոխվեց, ամեն ինչ սրտներումս մնաց…
– Ռենան նմանապես շատ էր հուզվում, – կարճ լռությունից հետո ասացի ես և, չնայած Լորաննայից բացի երբեք ու ոչ ոքի չէի պատմել Ռենայի հանդեպ ունեցած իմ անեղծ սիրո մասին, հանկարծորեն իմ մեջ ցանկություն առաջացավ մորս հետ խոսել նրա մասին, և, չգիտեմ ինչու, այդ մտքից անգամ անասելի հաճույք զգացի, և ինքս էլ զարմացա, թե որտեղից հայտնվեց զվարթուն սենտիմենտալության այդ անհասկանալի հուզիչ զգացողությունը:
– Պապային շատ դուր կգար նա, – քնքշահույզ շշուկով ասացի ես, – և դու նույնպես, մամա, կսիրեիր նրան, որովհետև շա¯տ, շատ լավիկն է…
Մայրս կողքանց նայեց ինձ, արցունքների միջից ժպտաց.
– Նկարից երևում է, մաման մատտաղ: Նկարից երևում է:
– Կյանքում ավելի լավն է, քան նկարում, – ասացի ես և իմ սեփական խոսքերից սիրտս անուշ ու խորունկ կարոտից սկսեց արագ-արագ զարկել: – Իսկ թե իմանաս՝ ի¯նչ ոսկի բնավորություն ունի, մամ… Ոնց որ թե այս աշխարհից չլինի՝ անկեղծ, անարատ, սիրտը մաքուր, սուրբ ու պաշտելի…
– Հոգու գեղեցկությունը դեմքի գեղեցկությունից թանկ է, մաման մատտաղ: Նկարից էդ էլ է երևում, – արցունքաժպիտ աչքերով նայելով՝ նա այտը գգվանքով սեղմեց ուսիս: – Հա, շատ լավն է, նայում ես ու աչքդ չի կշտանում, ուզում ես նորից ու նորից նայես… Քույրդ շատ խնդրեց նկարը տանեմ, թող տեսնի…
Մայրս դադար տվեց, ապա ավելացրեց հոգոցով.
– Ի¯նչ ասեմ, որդիս… Աստված թող քո սրտի ուզածը կատարի…
«Էստեղ՝ Բաքվում, խաղաղ է, ոչինչ չկա, – արդեն վագոնի փակ հարթակում կանգնած ասաց նա, – բայց, միևնույն է, ծախիր մեքենան, նրանով ոչ մի տեղ չգնաս»: Նա մինչև այդ մի քանի անգամ ասել էր այդ մասին, բայց հարկ համարեց վերջին րոպեին նորից հիշեցնել. «Ես կզանգեմ էնտեղից, թե որ ծախած չլինես՝ կնեղանամ քեզնից»:
Ռոբերտն օգնեց ինձ այդ հարցում: Գնորդ գտավ՝ Գադիր անունով նիհարավուն մի տղայի՝ Բայիլովից: Միասին գնացինք խնայդրամարկղ, Գադիրը փողը՝ քսանյոթ հազար ռուբլի, մտցրեց իմ հաշվի մեջ: Խնայգրքույկում ես փող ունեի՝ հոնորարներից ետ էի գցել, միասին ստացվեց քառասուն հազար ռուբլի:
– Ախպերո, հարուստ մարդ ես, քեզ հետ խոսել չի լինի, – ծիծաղեց Ռոբերտը:
Երեկոյան զանգեցի մորս, որպեսզի նա այլևս չանհանգստանա:
– Երևի չմնամ այստեղ, – ասաց Ռոբերտը, – Զարմիկը հրավիրում է Մոսկվա: Կարելի է և Ամերիկա մեկնել: Շատերն են ուզում մեկնել: Ես որ գնամ, Մոսկվայում ամերիկյան դեսպանատնից քեզ համար էլ անկետաներ կվերցնեմ:
* * * * *
Սումգայիթից հետո կյանքն ասես գլխիվայր շուռ եկավ մեզ համար: Հեռուստատեսությամբ հաղորդումներ էին տրվում, թե այդ ամենը սելավի նման մի բան էր, եկավ ու անցավ, և որ մեղավորներն անպայման կստանան իրենց արժանի պատիժը:
Հետո միառժամանակ հանգիստ էր, ոնց որ սպասողական վիճակ, ոչինչ չէր հաղորդվում ու չէր գրվում Սումգայիթի մասին, բացի պաշտոնական կարճառոտ հաղորդագրություններից՝ Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի բյուրոն կուսակցական խիստ նկատողություն հայտարարեց Մուսլիմզադեին՝ ազատելով նրան զբաղեցրած պաշտոնից: Լենինի անվան խողովակագլանման գործարանի դիրեկտոր Աբդուլլաևը նախազգուշացվեց՝ գործարանի մեքենայական արտադրամասում հատուկ պատվերով մետաղաձողեր, դանակներ, դաշույններ, կացիններ ու այլ իրեր պատրաստելու համար: Կուսակցության Սումգայիթի քաղաքային բյուրոն խիստ նկատողություն հայտարարեց քաղգործկոմի նախագահի առաջին տեղակալ Հասանովին և նախագահի տեղակալ Թաղիևին: Հայտարարվեց, որ զանգվածային անկարգություններին մասնակցած իննսունչորս պատանիներ ձերբակալված են, միութենական դատախազության կողմից ստեղծված է քննչական հանձնախումբ, որը գլխավորում է… Ալեքսանդր Կատուսևը: Այն նույն Կատուսևը, որի մեղքով միանգամայն անմեղ մարդիկ զոհ գնացին ոճրագործությանը:
– Ամեն ինչ կարվի, որպեսզի թաքցվի անլուր հանցանքի իմաստն ու կազմակերպված բնույթը, – եզրակացրեց Սաղումյանը:
Սաղումյանը չէր սխալվում. քրեական գործերը մասնատվեցին՝ ըստ դրվագների, և հետաքննության ուղարկվեցին երկրի տարբեր քաղաքներ՝ Մոսկվա, Սարատով, Կույբիշև, Վորոնեժ և այլն: Գործերի հիմնական մասը մնաց Սումգայիթում, մի մասն էլ՝ Բաքվում: Պարզ հասկացվեց. ոչ ոք ոչ մի պատիժ էլ չի ստանա: Սումգայիթի ցեղասպանության կազմակերպիչներն ու ոգեշնչողները դուրս եկան թաքստոցից և սկսեցին գործել: Թերթերն ու հեռուստատեսությունը հեղեղվեցին ճշմարտությունը խեղաթյուրող հոդվածներով ու հաղորդումներով: Կարճատև ընդհատակից իր գլուխը հանեց և սումգայիթյան եղեռնագործության ամենաակտիվ կազմակերպիչներից մեկը՝ ակադեմիկոս Զիա Բունիաթովը, որը մինչ այդ հայտնի էր հայոց պատմության զեղծարարությամբ, և ակադեմիական «Էլմ»* թերթում հրապարակեց անպատկառ ստերից, կեղծիքից ու հարատև մաղձից հերյուրված ծրագրային երկէջ մի ստոր զրպարտագիր՝ «Ինչո՞ւ Սումգայիթը» վերտառությամբ, ուր նա անամոթաբար այդ եղեռնի մեջ մեղադրում էր… ոճրագործության զոհերին:
Խմբագրությունում խոսք ու զրույցը շարունակ Սումգայիթի ու Ղարաբաղի մասին էր:
– Հայերս միշտ էլ լավ դիվանագետներ ենք ունեցել, բայց լավ դիվանագիտություն՝ երբեք, – ինչպես միշտ հանգիստ, խաղաղ տոնով ասաց Սաղումյանը: – Հետամուտ եղե՞լ ենք երբևէ փոքր հաղթանակներ շահելու շղթայով մեծ հարցեր լուծելու
–
*«Էլմ» (ադրբ.) – «Գիտություն»
քաղաքականությանը, փոխանակ նախընտրելու առճակատման ձևը՝ չհաղթելու դեպքում գլխովին նահատակվելու նշանաբանով:
Ինչպե՞ս վարվեցին մուսավաթականները քսան թվականին. թուրքերի հրահանգով՝ առանց մի գնդակ անգամ արձակելու, դիմավորեցին բոլշևիկներին ու միացան նրանց՝ շարունակելով մուսավաթականների քաղաքականությունը, և Խորհրդային Ռուսաստանն ամեն կերպ աջակցում էր նրանց: Ինչպե՞ս վարվեցին հայերը: Հեղկոմն ու բոլշևիկները ելան հայ բանվորների ու գյուղացիության դեմ, իրենց բարբարոս գործունեությամբ մղելով նրանց ապստամբության, և հերթական անգամ գետի պես հոսեց հայոց արյունը: Բոլշևիկներն ավերեցին ողջ Ղարաբաղն ու Հայաստանի հարյուրավոր գյուղեր, բանտերը լցվեցին հայ քաղաքական, մտավորական ու զինվորական առաջնորդներով: Հայկական բանակի բոլոր սպաներին՝ հազար երկու հարյուր հոգու, տասնհինգ գեներալներով ու քսանհինգ գնդապետներով, գլխավորությամբ ազգային բանակի սպարապետ Նազարբեկյանի, հավաքեցին Հայաստանի խորհրդարանի շենքում և, դավադրաբար ձերբակալելով, փետրվար ցրտաշունչ ամսին, Սևանի վրայով ոտքով քշեցին մինչև Ղազախ, այնտեղից՝ ապրանքատար փակ վագոններով ուղարկեցին Բաքվի բանտերը, իսկ այստեղից էլ՝ Վրաստանի, Ղարաբաղի ու Ադրբեջանի հայ սպաների հետ, որոնք նույնպես ռուսական բանակի կազմում մարտնչել էին ավստրա-գերմանական ռազմաճակատում, կռվել թուրքական ճակատում ու Սարդարապատում, ուղիղ՝ Ռյազանի համակենտրոնացման ճամբար: Նրանց մեջ էին նաև զորավարներ Սիլիկյանը, Հախվերդյանը, Ղամազյանը: Սրի քաշվեցին հայկական բանակի յոթանասուն բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում՝ ազգային հերոս Համազասպը: Բոլշևիկներն օգտագործեցին այդ առճակատումը և, համաշխարհային հեղափոխության սին մարմաջով տարված՝ տասը միլիոն ոսկի փողով ու ռազմամթերքով օգնեցին Թուրքիային, հրահրելով նրան մտնելու Հայաստան, բնաջնջելու ողջ մնացած նրա բնակչությունն ու գրավելու նոր տարածքներ: Առաջին համաշխարհայինում պարտված պետությունների մեջ Թուրքիան միակն էր, որ շնորհիվ բոլշևիկների, նոր տարածքներ զավթեց՝ հասնելով մինչև Բաքու, և հենց բոլշևիկներն էին, որ առաջինը ճանաչեցին քեմալականներին: Գուցե այդ առճակատումն էր նաև պատճառը 1921-ի ռուս-թուրքական պայմանագրի ստորագրման, որով Հայաստանի տարածքը մաս-մաս բաժանվեց հարևաններին: Ընդ որում, Նախիջևանը Լենինն Ադրբեջանին նվիրեց Ստալինի թելադրանքով ու Մուստաֆա Քեմալի խնդրանքով: Ղարաբաղի հարցում նույնպես այսօր նույն սխալներն ենք անում, – շարունակեց Սաղումյանը: – Հարկավոր էր մի քիչ սպասել, որովհետև հարցը բարձրացվեց հապշտապ, տարերայնորեն, առանց այդ ազնիվ ու դժվարին նպատակին հասնելու տևական գործողությունների մշակված ծրագրի, առանց ճշգրիտ ուսումնասիրելու պրոբլեմի լուծման հնարավոր ուղիները: Ի՞նչ պիտի լինի Բաքվի, Կիրովաբադի, Հյուսիսային Ղարաբաղի ու մյուս շրջաններում ապրող կես միլիոնից ավել հայության վիճակը, որևէ մեկը մտածե՞լ է այդ մասին: Դա նույնն է, թե զորքը մտցնես պատերազմի դաշտ ու նոր միայն սկսես ուսումնասիրել տեղանքը: Չէ՞ որ այդօրինակ անհեռատես եղանակով կարող ենք շատ բան կորցնել: Նորից դառնանք Ադրբեջանի օրինակին: Հայտնի է, որ մինչև քսան թվականը Նախիջևանում հիսունչորս հազար հայ էր ապրում, վաթսունից ավելի գյուղ կար, նույնը և Կիրովաբադում, ուր նախկինում յոթանասուն հազար հայ էր ապրում: Ադրբեջանի ղեկավարությունը ոչ թե գնաց առճակատման, այլ որդեգրելով մանր հաղթանակների գումարման քաղաքականությունը՝ կազմեց այդ երկրամասը հայերից դատարկելու ծրագիր և հաջողությամբ իրագործեց այն: Լուկուլլոս զորավարը՝ վաթսունինը թվականին Տիգրանակերտի ճակատամարտում խայտառակ պարտության մատնեց Տիգրան Մեծ արքայի բանակին և ոգևորված շարունակեց արշավանքը դեպի Արտաշատ: Սակայն, – շունչ առնելով շարունակեց Սաղումյանը, – նա քաղաքի մատույցները հասավ այնպիսի վիճակում, որ չհամարձակվեց կռվել քաղաքի գրավման համար: Բանն այն է, որ Լուկուլլոսի բանակը Տիգրանակերտից մինչև Արտաշատ՝ չտալով և ոչ մի ճակատամարտ, հալվել էր: Այդ ամբողջ ճանապարհին հայկական ոչ մի գունդ դուրս չէր եկել նրան առճակատման, բայց ամեն մի գիշերատեղում կամ նեղ ձորերով անցնելիս անսպասելի կորուստներ է ունեցել: Այդ կորուստները, պարզ է, առանձին-առանձին մեծ չէին, բայց միասին վերցրած մի ամբողջ բանակի, այն էլ հզոր բանակի, կորստյան պատճառ էին դարձել: Արտաշատի մատույցներից Լուկուլլոսը բռնել է ետդարձի ճամփան, որը վերածվել է խուճապահար փախուստի՝ նման Նապոլեոնի փախուստին Ռուսաստանից: Մենք շարունակ հպարտանում ենք Ավարայրի ճակատամարտում ունեցած մեր բարոյական հաղթանակով, Տղմուտ գետի մոտ հերոսաբար զոհված քաջ հրամանատար Վարդան Մամիկոնյանով ու հազար երեսունվեց սուրբ նահատակներով, այնինչ ուսանելի է Լուկուլլոսի պատմությունը՝ ճիշտ գնահատել ժամանակն ու ուժերի հարաբերակցությունը և փոքր հաղթանակներով հասնել մեծ արդյունքի:
* * * * *
Լորաննան իր խոսքի տերը եղավ: Մեր խմբագրությունից առաջինը նա թողեց Բաքուն: Նրա ամուսինը քաղաքային պետավտոտեսչությունում էր աշխատում, ավտոտեսչության պետն էլ գնեց նրանց բնակարանը:
– Լեո, ցավում եմ, որ չկարողացա տեսնել քեզ վերջին անգամ, – հեռախոսով ասաց նա: – Մտածում էի գալ ու բոլորիդ հրաժեշտ տալ, հատկապես քեզ, բայց չստացվեց, կներես, շատ եմ խնդրում: Մեր ամբողջ կյանքը պատահական հանդիպումների ու իրարամերժ երևույթների հերթականություն է, Լեո, անկանխատեսելի շրջադարձերի մի երկար շղթա՝ լի բազմաթիվ դժբախտ ու երբեմն նաև երջանիկ պատահականություններով, անախորժություններով, լի թախիծով ու անցողիկ բերկրանքով, լի անհուն սիրով ու անհուն ատելությամբ… Այո, դու ինչ ուզում ես, ասա, բայց սա է իրական կյանքը, Լեո, որ հորդահոս վարար գետի պես տանում է մեզ իր հետ, և այն իրոք լի է հակասական ճշմարտություններով: Ու դժվար է ըմբռնել, հասկանալ, թե այդ ճշմարտություններից որն է առավել ճշմարիտ, մի բան պարզ է սակայն, որ առջևում անթափանց խավար է ու այլևս հույս ու հավատ չկա, սիրելիս, թե երբևէ կյանքը վերստին լուսաշող եդեմ կդառնա մեզ համար… Գուցե չհանդիպենք այլևս… – նա մի պահ լռեց, հետո արագ ավելացրեց, – հաջողություն եմ ցանկանում՝ քեզ բաժին ընկած քո դժվարին ճանապարհին… Առայժմ Երևան ենք գնում, թե ուր կգնանք այնտեղից՝ աստված գիտի: Մնաս բարով, Լեո, հիշո՞ւմ ես Իրասեկի թանկան, միասին կարդացինք. «Կանգ են առնում նրանք իրենց վշտալի ճանապարհին և արցունքով լեցուն աչքերով նայում ետ՝ սիրելի, օրհնված այն երկրին, ուր նրանց տունն ու հայրենիքն էր»: Ո՞վ կմտածեր, որ մեզ հետ էլ նույնը կպատահի: Մնաս բարով, սիրելիս, ես քեզ կհիշեմ միշտ…
Նա արագ ցած դրեց հեռախոսը, և ես մի անասելի դատարկություն ու ամայություն զգացի, կյանքն ասես մի տեսակ կանգ առավ, կորցրեց իմաստը:
Հաջորդը Ռոբերտն էր: Նրա գնալը, սակայն, ինձ վրա ոչ մի ազդեցություն չունեցավ: Գուցե պատճառն այն էր, որ նա պարզապես արձակուրդ էր վերցրել և պետք է վերադառնար: Նա մի անգամ զանգեց, խորհուրդ էր տալիս նույնպես արձակուրդ վերցնել և գնալ իր մոտ: «Արի, չես փոշմանի, – ասաց նա, – Մոսկվայի հմայքն ուրիշ է»:
Մյուս օրն ինձ մոտ՝ խմբագրություն եկավ Էսմիրան: Կրակացայտ աչքերով, բարակիրան ու սլացիկ՝ ինչպես մատղաշ բարդի, կանգնել էր նա իմ դիմաց շառագունած, այլայլված դեմքով:
– Ի՞նչ է պատահել, Էսմիրա, – վախեցած հարցրի ես, – որտե՞ղ է Ռենան:
– Ռենան տանն է, – աչքերը փախցնելով ասաց Էսմիրան: – Ես ձեզ մոտ մի խնդրանքով եմ եկել, – արագ արտաբերեց նա:
– Ասա, ի՞նչ խնդրանք է, – քիչ հանգստացած ասացի ես:
– Մի պայմանով, որ Ռենան չպիտի իմանա դա:
– Ի՞նչ չպիտի իմանա:
– Այն որ… որ ես եկել եմ այստեղ, ձեզ մոտ… Խոսք տվեք, որ նա չի իմանա այդ մասին՝ երբեք-երբեք:
– Խոսք եմ տալիս:
– Ոչ, երդվեք, – անդրդվելի ասաց Էսմիրան՝ ավելի շառագունելով:
– Երդվում եմ:
– Ոչ, ամենասուրբ բանով երդվեք: Ես ձեզ խնդրում եմ… այն, ինչ ես պիտի ասեմ ձեզ, դուք չպետք է Ռենային ասեք՝ հանուն նրա հանդեպ ունեցած… ձեր զգացմունքի:
– Ասա, Էսմիրա, մի տանջիր ինձ:
– Իրադան ներքևում սպասում է: Սկզբում խոստացել էր, որ միասին կբարձրանանք ձեզ մոտ, բայց վերջին պահին չկարողացավ, ինձ ուղարկեց: Դուք այլևս չպետք է զանգեք Ռենային, – ասաց նա և, ասես ծանր բեռից ազատված, խորը շունչ քաշեց:
– Ինչո՞ւ:
– Չգիտեմ, – դարձյալ աչքերը փախցնելով՝ արտասանեց Էսմիրան: – Չեմ կարող ձեզ ասել… Քույրիկս ձեզ, հավանաբար, ոչինչ չի ասում, բայց նրա համար շատ է ծանր… Եղբայրս կարող է սպանել նրան, հասկանո՞ւմ եք… Դուք չգիտեք, թե ինչ է կատարվում մեր տանը, ես ձեզ ամեն ինչ ասել չեմ կարող… Նրա ամեն մի քայլափոխը հսկողության տակ կլինի այսուհետև… Մի զանգեք նրան, ձեր զանգը մահ է նրա համար, խնդրում, աղաչում եմ, երդվեք, որ չեք զանգի:
– Չեմ զանգի, – ծանր արտաբերեցի ես: – Երդվում եմ:
– Շնորհակալություն, – շշնջաց Էսմիրան: – Ես… մենք ձեզ երբեք չենք մոռանա: Երբեք-երբեք, – ավելացրեց նա հանկարծական շիկնանքով և այտերն ի վար հոսող արցունքները մատներով սրբելով՝ արագ դուրս եկավ առանձնասենյակից:
Հետո նրա ոտնաձայները, որպես հուսահատության վերջին հնչյուններ, հանգան, մարեցին: Հետո լսվեց վերելակի աղմուկն ու երկաթե դռան ծանր շրխկոցը միջանցքի հեռու ծայրում: Հետո եղավ լռություն: Երկարատև քարացած լռություն:
* * * * *
Խմբագրությունում խոսակցությունները դարձյալ ու կրկին Սումգայիթի ու Ղարաբաղի մասին էին: Հեռուստատեսային մի հաղորդման ժամանակ բանաստեղծ Սաբիր Ռուստամխանլին հեռուստադիտողներին լրջորեն բացատրում էր, որ Ղարաբաղի տարածքում պատմաճարտարապետական ոչ մի հուշարձան չի եղել, այդ ամենը Հայաստանից ինքնաթիռներով ու ուղղաթիռներով բերում, թափում են Ղարաբաղի անտառներում: «Տարօրինակ ոչինչ չկա, – հաղորդումը մեկնաբանեց գլխավորը: – Ըստ Գեբբելսի, ամենակեղտոտ ու զզվելի սուտն անգամ բազմիցս կրկնվելով՝ մարդկանց հասկացողության մեջ ընկալվում է որպես ճշմարտության փաստ: Հենց այդ նշանաբանով է գործում Զիա Բունիաթովը»:
Երևանի ադրբեջանական թատրոնի նախկին դիրեկտոր Օրուջ Հիդայաթովը, որն այժմ «Գյանջլիք» հրատարակչության գլխավոր խմբագիրն էր, հանրապետական երիտասարդական թերթում հանդես եկավ մի հոդվածով, ուր, խոսելով Ղափանում ապրող ադրբեջանցիների հանդեպ, իբր, հայերի գործադրած բռնությունների մասին, չբերելով ոչ մի կոնկրետ օրինակ ու չնշելով ոչ մի անուն, հոդվածն ավարտում է պաթետիկ բացականչությամբ՝ «Ինչե¯ր, ինչե¯ր ասես, որ չեղան այնտեղ, գրիչն անկարող է վերարտադրել այդ ամենը»:
Օրուջը մինչ այդ, նույնիսկ, երբ դեռևս Երևանում էր, գալիս էր մեր խմբագրություն: Մի երկու անգամ ռադիոյով հաղորդել էինք նրա բանաստեղծությունները, մոտիկից ծանոթ էի:
– Օրուջ, – առաջին հարկում, վերելակի մոտ հանդիպելով նրան՝ ասացի ես: – Հոդվածդ կարդացի «Ազերբայջան Գյանջլարի» թերթում: Ինչո՞ւ որևէ փաստ չես նշում, որևէ տուժած մարդու անուն չես տալիս:
– Իմ հ-հ-հ-հ-հոդվածը լ-լ-լ-լրիվ փոխել են, – ուժեղ կակազելով հայերեն ասաց նա, շիլ աչքերով չգիտես ինձ, թե վերելակի առաստաղին նայելով: – Իմ գ-գ-գ-գրածից բ-բ-բ-բան չի մնացել: Փ-փ-փ-փ-փոխել են:
Այդ օրերին հնամաշ պորտֆելը ձեռքին Ղափանից մեր խմբագրություն եկավ Մուխտար Բախշալիևը՝ վաթսունն անց, երկար հովարով գլխարկը փոքրիկ գլխին, վիթխարի բոյով նիհար մի մարդ: Պատմական թե բանասիրական գիտությունների թեկնածու՝ նա ոչ այն է բուն Ղափանում, ոչ այն է Ղափանի մոտ գտնվող գյուղերի դպրոցներից մեկում ուսմասվար էր, դոկտորական դիսերտացիա էր գրում և դա էր պատճառը, որ շուտ-շուտ Բաքու էր գալիս:
– Մուխտար մուալլիմ, ազնվաբար ասեք, խնդրում եմ, – ասացի ես, – իրո՞ք Ղափանում ընդհարումներ են եղել հայերի և ադրբեջանցիների միջև, մարդ չգիտի, թե ում հավատա: Դատելով ըստ Սումգայիթում տարածված լուրերի ու նաև Օրուջ Հիդայաթովի հոդվածի, այնտեղ, Ղափանում ադրբեջանցիներ են սպանվել: Ճի՞շտ է դա:
– Կարո՞ղ եք մի կտոր հաց տալ ինձ, – անսպասելի խնդրեց Բախշալիևը:
– Ի՞նչ հաց, – չհասկացա ես:
– Հաց: Սովորական հաց:
– Ես հիմա կբերեմ, – ասաց Արինան և, մտնելով իր սենյակը, մի կտոր հաց բերեց:
Բախշալիևը վերցրեց հացը, համբուրեց, ասաց.
– Հացը սուրբ է ու, ահա, այս սուրբ հացով եմ երդվում, պատրաստ եմ նույնիսկ յոթ անգամ երդվել Ղուրանով, գնալ մեր բոլոր երեք սրբավայրերը՝ Մադինա, Մեքքա ու Էլլ-Քուդս, ձեր լեզվով՝ Երուսաղեմ այսինքն, Ղափանում ոչ մի ադրբեջանցու սպանություն, ոչ մի բռնություն ադրբեջանցիների նկատմամբ չի եղել: Վալլահ-բիլլահ*, սուտ է: Ասում են, իբր, ադրբեջանուհիների հանրակացարան է եղել Ղափանում, դա էլ է սուտ: Բաքվում հայ
–
*Վալլահ-բիլլահ (ադրբ.) – Աստված վկա
աղջիկների առանձին հանրակացարան կա՞, որ Ղափանում ադրբեջանուհիների նման հանրակացարան լինի: Այդպիսի ստերին ո՞նց կարելի էր հավատալ: Մեր մեծամեծերը իզուր չեն ասել, որ նույն ծաղկից մեղուն մեղր է շինում, օձը՝ թույն: Մեզ՝ Ղափանի մեծահասակ ադրբեջանցիներիս համար շատ ամոթալի է, որ, մեր անունն օգտագործելով, այդպիսի հրեշավոր բան կազմակերպվեց Սումգայիթում: Ձեզ ասեմ, նույնիսկ Սումգայիթի դեպքերից հետո մեր հանդեպ ոչ մի բռնություն չի եղել: Ջահել լակոտ-մակոտ մի երկուսի տուն, ասում են, զանգել են, ահաբեկել են, ես չգիտեմ, թե որքանով է դա ճիշտ, ինձ, օրինակ, զանգող չի
եղել: Բայց դա էլ եղել է Սումգայիթից հետո: Իսկ թե որևէ ադրբեջանցու Ղափանում մատով կպած լինեն՝ այս լույսն ինձ քոռացնի, թե ճիշտ չեմ ասում, էդպիսի բան չի եղել, սուտ է: – Բախշալիևը խեղճ-խեղճ նայեց, գլուխն օրորելով ասաց, – մարդ, ի սկզբանե ծնված լինելով անխաթար, ի վերջո նախասահմանված փորձություններին չդիմակայելու, երբեմն էլ՝ թուլակամության հետևանքով, ենթարկվում է բարոյահոգեբանական խեղումների:
– Անհամար խեղումների, – ավելացրեց Սաղումյանը:
– Այո, անհամար խեղումների, – գլուխը կիսաշրջելով Սաղումյանի կողմը՝ ներողամտորեն համաձայնեց Բախշալիևը:
– Մեր երկու հարևան ժողովուրդներին թշնամացրին իրար, – շարունակեց նա,– ամբողջ Խորհրդային Միության մեջ ոչ մի ժողովուրդ ոչ մի ժողովրդի հետ այնքան մոտ ու հարազատ չէր, ինչքան մեր երկու ժողովուրդներն էին, չկար մի հայ կամ ադրբեջանցի, որ դոստ ու քիրվա չունենար: Ափսոս, հազար ափսոս, որ այդպես ստացվեց և նմանապես շատ ափսոս, որ մեզ իրար դեմ լարող ալչախ*, ստոր մարդիկ, ինչպես միշտ, պատիժ չեն կրելու, ընդհակառակը՝ ավելի բարձր պաշտոններ են ստանալու: Սա ես չպիտի ասեի, բայց ասում եմ ու ոչ ոքից չեմ վախենում, որովհետև իմ խղճի հանդեպ մաքուր եմ: Ապշերոնի շրջկոմի առաջին քարտուղար Զոհրաբ Մամեդովը մեր կողմերից է, նա էլ շատ մեղք ունի այս գործում: Երևանի ադրբեջանական թատրոնի դերասանների մեղքը նույնպես անասելի մեծ է Սումգայիթի սպանությունների մեջ: Այդ նրանք էին որպես տուժած ղափանցիներ հանդես գալիս Սումգայիթում, Օրուջ Հիդայաթովի ու Խըդըր Ալովլու հատուկ սցենարով սարքած չեղած բաներ պատմում, գրգռում ժողովրդին: Նահլաթ** այդպիսի չարագործ մարդկանց: Ինչ որ նրանց մեղքով ուրիշներին արեցին, թող Ալլահն իրենց առաջը բերի: Ուրիշ բան չեմ ասում:
Բախշալիևը քիչ լռեց, ներհուն, մտքերի մեջ մտասույզ ու դալուկ դեմքին մի թույլ ժպիտ՝ ասաց.
– Ժամանակն ամեն ինչ բուժում է, ամեն ինչ մոռացվում է: Շա¯տ տարիներ կանցնեն, շա¯տ-շատ տարիներ, հայն ու ադրբեջանցին էլի կհաշտվեն, կբարեկամանան, առանց դրան հնարավոր չէ: Արյունը արյունով չեն մաքրում, արյունը ջրով են մաքրում: Հինգ-վեց թվից ու տասնութ-քսան թվերից հետո նույնպես սառնություն էր, բայց հետո, ժամանակի ընթացքում, հաշտվեցին, սկսեցին առաջվա պես կողք-կողքի հաշտ ու համերաշխ ապրել, ինչպես որ հաշտ ու համերաշխ ապրել էին մինչև թուրքերի հայտնվելը Կովկասում, չհաշված հինգ թվականի դեպքերը, այստեղ էլ ռուսի մատն էր խառը, Նիկոլայ Երկրորդ թագավորի հրահանգով արվեց ամեն ինչ: Հայոց դպրոցների փակման ու եկեղեցիների գույքի բռնագրավման պատճառով Կովկասի հայության հուզումների համար որոշել էին պատժել նրանց: Բայց դե, բոլոր դեպքերում, սա չպիտի լիներ: Խորհրդային ազատ երկրում այսպիսի զուլում բան՝ սպասելի չէր:
– Ասում է՝ ժամանակն ամեն ինչ բուժում է, ամեն ինչ մոռացվում է: – Բախշալիևի գնալուց հետո խոսեց Սաղումյանը: – Ո՛չ ժամանակը, և ո՛չ էլ իմաստնությունը անկարող են բուժել հոգեկան վերքերը: Հինգ թվականի փետրվարյան կոտորածների ժամանակ իմ հարազատներից մի քանի հոգի զոհվել են: Ի միջի այլոց, մինչև հիմա էլ, դժբախտաբար, պարզված չէ, թե այդ օրերին Բաքվում ի՞նչ էր անում գողական շրջանակներում «Չոփուռ» մականունով քաջ հայտնի Իոսիֆ Ջուղաշվիլին, ինչո՞ւ էր Բաթումիից շտապ եկել
–
*ալչախ (ադրբ.) – ստոր
**նահլաթ (ադրբ.) – նզովք
Բաքու, ի՞նչ նպատակ էին հետապնդում ջարդերի նախօրեին նրա գաղտնի հանդիպումները քաղաքի ավազակային խմբավորումների պարագլուխների՝ ղոչիների հետ, որոնցից մեկի՝ ոմն Բաբաևի, ատրճանակի կրակոցով հայոց եկեղեցու կողքին, Պարապետի այգում, փետրվարի վեցի կիրակի օրը ծայր առան ընդհարումները հայերի և մուսուլմանների միջև: Պետերբուրգի «արյունոտ կիրակիից» մի ամիս չանցած՝ ի՞նչ էր անում նա Բաքվի նահանգապետ Նակաշիձեի մոտ: Կառավարության կողմից զինված ամբոխը հարձակվում էր հայերի տների վրա, հրդեհում, թալանում ու սպանում հայերին, իսկ Նակաշիձեն, որին երեք ամիս անց, մայիսի տասնմեկին, շանսատակ արեց Դրոն, իր շքախմբով շրջում էր քաղաքում, կազակների կողմից բռնագրավված զենքը կրկին վերադարձնելով ջարդարարներին: Մի քանի ամիս անց նույնն էր կատարվում նաև Ելիզավետպոլի՝ Գանձակի նահանգում, որտեղ նահանգապետը գեներալ Տայկաշվիլին էր՝ Նակաշիձեի հարազատ քրոջ որդին: Նրա բացարձակ հովանավորությամբ, գաղտնի զենք էր բաժանվում մուսուլմաններին, իսկ հայերին անխտիր զինաթափում էին: Նոյեմբերի տասնութին Գանձակ քաղաքում, ուր տասնյոթ հազար թուրք ու տասնհինգ հազար հայ էր ապրում այդ ժամանակ, ինչպես «Կավկազ» թերթն է գրում, սարսափելի կոտորած էր: Տայկաշվիլին ոստիկանապետ Թեյմուրբեկ Հասանբեկովի ու իր շքախմբի հետ «Ցենտրալ» հյուրանոցի մոտ կանգնած՝ ծխում ու ծիծաղելով նայում էր, թե ինչպես են կոտորում զինաթափված հայերին: Դարձյալ նրա անմիջական դավադրությամբ, հաջորդ տարվա սկզբից նոր թափով վերսկսվեցին կոտորածները Ջիվանշիրի, Շուշիի, Ջաբրայիլի, Շաքիի, Արեշի, Ղազախի, Զանգեզուրի ու բուն Գանձակի գավառներում: Տասնյակ ու տասնյակ հայկական գյուղեր ավերվեցին այդ գավառներում, մի շարք գյուղեր հիմնովին ոչնչացան: Այդ գյուղերից էր և Մինքենդը՝ Զանգեզուրի և Ղարաբաղի արանքում, գյուղի հարյուր իննսունյոթ բնակիչներ՝ ծծկեր երեխաների հետ միասին, սրախողխող եղան, իր երկու հարյուր քսան շունչ բնակչությամբ՝ ամբողջովին բնաջնջվեց նաև քռամերձ Կրզեն գյուղը՝ Արեշի գավառում… Նակաշիձեից հետո Բաքվի նահանգապետը Ֆադեևն էր՝ Նակաշիձեից ու Տայկաշվիլուց ոչ պակաս մի ստոր արարած, և պատահական չէ, որ նույն թվի օգոստոս և հոկտեմբեր ամիսների վերջերին Բաքվում տեղի ունեցած կոտորածների ժամանակ դրոշներով, երաժշտությամբ ու ցարի դիմանկարներով թաթարների հետ արդեն լեզգիները, ռուսներն ու կազակներն էլ էին մասնակցում հայերի սպանություններին ու թալանին: Մի՞թե դա կարող է մոռացվել: Տասնութ թվին ես վեց-յոթ տարեկան տղա էի, հիշում եմ, տղամարդկանց՝ ահել ու ջահել, ամբողջ քաղաքից հավաքում էին Սաբունչի կայարանի՝ հաստ պարաններով շրջափակված հրապարակում, լցնում բեռնատար գնացքները և տանում Ալյաթ՝ կոտորելու: Այդ Ալյաթը Մուսաբեկով թաղամասի իմ պատշգամբից երևում է: Աստված երևի այնպես է կամեցել, որ ես ամեն օր ստիպված լինեմ տեսնելու այն վայրը, ուր գազանաբար սրի են քաշվել իմ հայրն ու իմ երկու մեծ եղբայրները և տանջվեմ: Դե արի ու մոռացիր այդ ամենը:
* * * * *
Մթության մեջ կանաչ-կարմիր լույսերի բեկբեկուն թրթռոցով մագնիտոֆոնը մեղմիվ նվագում էր… Ռենան հավանորեն քնած է արդեն… Նայեցի ժամացույցին. տասներկուսն անց էր: Իհարկե, քնած է… Քնի մեջ ժպտում է, երևի, իր մեղրանուշ շուրթիկներով… Անընկալելի, զարմանալի բան. ինչի՞ց է դա, և, առհասարակ, ինչպե՞ս է պատահում, որ մինչ այդ քեզ անծանոթ մեկը, որին դու բնավ չգիտեիր, գաղափար անգամ չունեիր, որ, ահա, աշխարհում կա այպիսի մեկը, միանգամայն անսպասելի հայտնվում, մտնում է սիրտդ՝ հոգիդ ափեափ լցնելով անպարփակ երանությամբ, և դու, ինքդ քեզ մոռացած, շարունակ նրա մասին ես մտածում, գիշեր ու զօր նրան երազում… Անսպասելի հնչեց հեռախոսազանգը: Տարօրինակ է, ո՞վ կլինի այսպես ուշ: Ես ծուլորեն վերցրի ընկալուչը: Հեռախոսագծի մյուս ծայրին՝ ոչ մի ձայն: Այդ լռության մեջ իմաստավոր բան կար, ես զգացի դա, և կայծակնային սրագությամբ ծագած մտքից սիրտս արագորեն բաբախեց: Սիրտս ասաց՝ Նա է: