bannerbanner
ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ)
ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ)полная версия

Полная версия

ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ)

Настройки чтения
Размер шрифта
Высота строк
Поля
На страницу:
15 из 26

Անսպասելի ներս մտավ ինքը՝ Գևորգ Աթաջանյանը, ասես ոչինչ չէր եղել՝ անհոգ տեսքով, ծուռ ժպիտը դեմքին գնաց, նստեց բազմոցին:

– Լսիր, ես քեզ չեմ հասկանում, – չդիմացավ գլխավորը: – Դու վերջիվերջո պիտի՞ հասկանաս, որ կան քայլեր, որոնք ներում չունեն, կան բառեր, որոնք հնարավոր չէ մոռանալ, կան արարմունքներ, որից հետո քեզ համար ամենաթանկ մարդն անգամ կարող է հավասարվել հողին: Դու քեզ այնպես ես պահում, ասես ինչ-որ մրցանակ ես ստացել կամ էլ առնվազն վիճակախաղի տոմս ես շահել:

– Իսկ ի՞նչ է պատահել, – լկտիաբար նայելով գլխավորին՝ ամբարտավան տեսքով ասաց նա:

– Էլ ի՞նչ պիտի պատահի, կոմիտեի նախագահի հրամանագրով ազատված ես աշխատանքից:

– Հետո ի՞նչ, – ուսերն անտարբեր թոթվելով չարախինդ քմծիծաղով ասաց նա: – Կգնամ գերեզմանատներում փողով երգ կասեմ, ցախավելը վերցրած՝ փողոցները կավլեմ, միայն թե դուք գոհ լինեք: Ինչ է, կարո՞ղ է դադարել եմ կոմունիստ լինելուց:

– Այ տղա, առաջին հերթին մարդ պետք է լինել: Ղարաբաղի գրողները քեզ բոյկոտի ենթարկեցին՝ ինչի՞ համար, – հարցրեց գլխավորն ու ինքն էլ պատասխանեց: – Ոչինչ չէիր անում՝ դրա համար: Ասեկոսություններով բոլորին իրարով էիր տվել՝ դրա համար: Մինչ այդ մարզային ռադիոյում էիր՝ այնտեղի՞ց ինչու հանեցին: Անբարոյականության համար: Թվե՞մ մեկ-մեկ: «Գրական Ադրբեջանում» մարդիկ ընդառաջեցին, օգնեցին գրանցվելու, ընդունեցին աշխատանքի: Իսկ դու ի՞նչ արեցիր: Կարիերայի սին մարմաջով տարված՝ սև ապերախտությամբ պատասխանեցիր նրանց լավությանը: Շարունակական բանսարկություններով պախարակեցիր հարգարժան մարդկանց: Այն մարդկանց, ովքեր օգնել էին քեզ, սատար կանգնել քո նեղ օրվան: Վաթսուն տարեկան մարդ ես, հարկավոր է մի քիչ լուրջ լինել:

– Վաթսուն տարեկան մարդ եմ, բայց մի ընկած ատամ չունեմ, նա յիր, – շեռից հոտ քաշած մադյանի պես երախաբաց՝ իրար սեղմած ատամներն այս ու այն կողմ ցուցադրելով, ասաց Աթաջանյանը: – Մազերս տեղը, տղամարդկային արժանապատվությունս, փառք աստծո, տեղը, շենք ու շնորհքս տեղը, նայեք ու նախանձեք, նախանձից բացի ընդունա՞կ եք որևէ բանի: Չէ, իհարկե: Հետո էլ, մի հարցրու տես՝ քո խրատների կարիքը զգո՞ւմ եմ ես, – դեմքի ծամածռունքով նետեց նա:

– Գորտի երեսին թքեցին, ասաց՝ ուխա¯յ, անձրև է գալիս: Գիտե՞ս ինչ եմ մտածում, – տեղից ելնելով՝ զայրացած ասաց գլխավորը: – Մտածում եմ, որ դու այդ ամենը միտումնավոր ես անում, հատուկ նպատակով, ուզում ես խայտառակել մեր հայ մտավորականությանը և, պետք է ասել, որ դա քեզ, դժբախտաբար, հաջողվում է: Այլապես ինչպե՞ս գնահատել քո արարմունքը, որ Ղարաբաղից, ոչ բարով-խերով, այստեղ գալուց հետո ոչ մի տեղ երկար չեն պահում քեզ: Ամեն տեղից վտարում են, ընդ որում՝ կռվով, խայտառակ ձևով: Մենք քո պատճառով քիչ է մնում գետինը մտնենք ամոթից, իսկ քեզ վրա, տեսնում եմ, ամենևին չի ազդում:

– Չի ազդում, որովհետև ես ազնիվ մարդ եմ, – ձայնը չէր կտրում նա: – Որովհետև անազնիվ մարդկանց շրջապատում մեզ նմանների համար միշտ դժվար է եղել:

– Մեզ նմանների համար… Ո՞ւմ նկատի ունես՝ քեզ և Ռոբերտ Առաքելովի՞ն:

– Թեկուզ և նրան. գիտահետազոտական ինստիտուտում բաժնի վարիչ է, գիտությունների թեկնածու, հրաշալի բանաստեղծությունների հեղինակ, ինստիտուտի դիրեկտորի համար դոկտորական դիսերտացիա է գրել: Ումի՞ց է պակաս: Ինչ մնում է ինձ, այո, ես գերազնիվ մարդ եմ…

– Այդ գերազնվությո՞ւնն է մղել քեզ Թելման Չալյանի կնոջը հրամցնես Սաֆար Ալիևին, – ակնհայտորեն նյարդանալով հարցրեց գլխավորը:

Որքան ավելի էր գլխավորը հուզվում, Գևորգ Աթաջանյանն այնքան հանգիստ ու ծաղրական էր դառնում:

– Դա իմ անձնական գործն է՝ ծանոթ կանանց ծանոթացնել ծանոթ տղամարդկանց հետ, և դա ոչ ոքի չի վերաբերում, – տարփափայլ ժպիտը տարածվեց նրա դեմքին: – Լավ եմ արել: – Աթաջանյանի բերանի անկյունները թրթռացին չարախինդ ծիծաղից:– Ախորժակն ում են տվել, փլավն՝ ում: Ցնդած Թելման Չալյանն ո՞վ է, որ վայելի էդպիսի կնոջը… Այո, լավ եմ արել, ի՞նչ է, հավատարմության գոտի՞ ես հագցնելու, թե՞ միջնադարյան ասպետ ես՝ կողպեք ես դնելու վրան: Ապրանքն իրենն է, ում ուզում՝ նրան էլ տալիս է, դո՞ւ ով ես:

Գլխավորն ուշադրություն չդարձրեց նրա անվայելուչ խոսքերին:

– Ամբողջ կյանքում, – նողկանքով ասաց նա, – որպես ծաղրածու՝ դատավոր-դատախազների, միլիցիոներների ետևից ընկած ծամածռություններ ես անում նրանց՝ մարդկանց ծախելով:

– Դու էլ արա:

– Ես դրան սովոր չեմ, դա քո արհեստն է: Քո և քո հարբեցող ընկերոջ՝ Ռոբերտ Առաքելովի արհեստը: Նրա հոր՝ Կարո Առաքելովի հետ աշխատել եմ «Կոմունիստի» խմբագրությունում, կեղտոտ արարածի մեկն էլ նա էր, և, տեսնում եմ, որ հայատյացությամբ՝ հորից շատ բան է ժառանգել որդին: Մանավանդ, որ ընկերն էլ դու ես՝ նմանն զնմանին գտանե, – ավելացրեց գլխավորը: – Գուրգեն Գաբրիելյանն ինչո՞ւ էր ապտակել քեզ՝ մարդկանց ներկայությամբ:

– Քո գործը չէ:

– Նրա քրոջ ամուսնացած աղջկան էստեղ՝ Բաքվում, անամոթաբար սիրահետել ես, դրա համար: «Ազերինֆորմի» թղթակից Ռադիկ Գրիգորյանի հետ ընկերություն էիր անում, – շարունակեց նա, – իսկ նրա քույրը քո դեմ բողոքի նամակ է գրել կոմիտեի ղեկավարությանը:

– Շան պես հավատարիմ, շան պես արհամարված, – մանր կվթոցով գռմռաց Աթաջանյանը:

– «Կոմունիստ» թերթի խմբագիր Հրանտ Բաբայանի եղբոր՝ Ժորայի հետ, իբր, ընկեր էիր, իսկ, ահա, Հրանտ Բաբայանի մասին կեղտոտ լուրեր ես տարածում, անանուն նամակներ ես հորինում: Ի՞նչ մարդ ես դու:

– Հրանտ Բաբայանը, եթե կարգին մարդ լիներ, – ասաց նա և չարագույժ դեղին փայլով շողացին աչքերը, – ինձ աշխատանքի կընդուներ, բաժնի վարիչ կնշանակեր, և ես ստիպված չէի լինի դռներն ընկնել:

– Ըստ երևույթին, Բաբայանը քեզ ավելի լավ էր ճանաչում, քան մենք, դրա համար էլ չի ընդունել:

– Ոչինչ, նա չի ընդունել, նոր խմբագիր Էմիլ Գրիգորյանը կընդունի:

– Այո, – քմծիծաղեց գլխավորը, – նոր մարդ է, քեզ չի ճանաչում, կարող է և ընդունի: Բայց միայն որպես սրբագրիչ կամ ցրիչ: Չնայած, ճիշտն ասած, դու դրան էլ արժանի չես:

– Բայց ես հայ բանաստեղծ եմ… Աստված իմ, աստված, – արտիստորեն ձեռքերը վեր կարկառած՝ գոչեց Աթաջանյանը: – Բամբասում են անվերջ, չարախոսում անդուլ, բանսարկում են քինոտ, նախանձում ու խանդում, ի՞նչ եք ուզում ինձնից, չարախոսներ դուք իմ խեղճ ու կրակ: Որ թևերս ծալե՞մ, իմ հեռընթաց հրթիռի շարժիչները մարեմ ու ճռնչա՞մ՝ հին ճամփեքով շարժվող ձեր սայլերի նման, դե, եկ վարդապետ ու մի ցնորվիր: Դուք դա՞ եք ուզում, իմ ողորմելիներ, բայց չեք տեսնի բնավ, հայ բանաստեղծ եմ ես, և այն էլ շատ լավ:

Գլխավորը մի պահ ուղիղ նայեց նրան, դառնորեն ասաց.

– Դու ի՞նչ հայ բանաստեղծ ես, և այն էլ շատ լավ, եթե այդ տարիքում Հայաստանում բանաստեղծական մի տող անգամ չես տպագրել:

– Քեզ նմաններն են խանգարել:

– Մի լսեիր, թե Հուրունցն ինչ էր պատմում քո մասին:

– Հուրո՞ւնցը: – Աթաջանյանը ցասկոտ վեր թռավ տեղից: – Գիտեմ, գիտեմ, լսել եմ, թե ինչեր է ասել այստեղ, ոչինչ, շուտով, հը, հը, հը, – խրխնջոցի պես ձայներ հանեց նա, – շուտով Հուրունցն էլ իր բաժինը կստանա, – թունոտ ու քինոտ հոխորտաց: – Հուրունցը չգիտի, որ ես տրխամաշ տեզ եմ, կպա, էլ պոկ չեմ գա, մինչև արյունը չծծեմ մինչև վերջ: Թելման Կարաբաղլին էլ չգիտեր՝ հիմա գիտի, – ասաց նա և, բեմական զբոսանքի քայլերով մոտենալով դռանը, առանց ետ նայելու, դուրս եկավ առանձնասենյակից:

– Ոչնչություն ես դու, այլ ոչ թե հայ բանաստեղծ, – նրա ետևից այնուամենայնիվ նետեց գլխավորը: – Մի դրա ճոռոմ խոսելուն նայիր՝ հայ բանաստեղծ եմ և այն էլ շատ լավ… Սարսափելին այն չէ, որ մարդ հիմար է, այլ այն, որ նա ամենուր ցուցադրում է դա:


* * * * *


Մի անարխոժություն ևս եղավ, և դա կապված էր Արինայի հետ: Վերջին երկու օրը նա շարունակ անտրամադիր էր: Ասես նախկին ծիծաղկուն, կենսախինդ Արինան չլիներ: «Ի՞նչ է պատահել Արինա յին», – հարցրի Լորաննային: «Իր խելքից տանջվում է», – եղավ պատասխանը, որից ես, սակայն, ոչինչ չհասկացա: Մյուս օրն Արինան ինչ-որ հաղորդում բերեց ստորագրելու, դարձյալ տխուր էր, մտախոհ ու ինքնամփոփ, աչքերում անթաքույց թախիծ: «Ինչո՞ւ ես ընկճված: Ծիծաղն ու ժպիտը քեզ ավելի են սազում», – ասացի ես:

Արինան ինձ նայեց արցունքաժպիտ աչքերով:

– Ես քեզ դառնություն եմ բերում միշտ, – ասաց նա աչքերը փախցնելով: – Չգիտեմ նույնիսկ ինչ անեմ: Ես դա չեմ ուզում, բայց այդպես է ստացվում:

– Ի՞նչն է այդպես ստացվում:

– Այն, որ, հակառակ իմ կամքի, նորից քեզ վատություն եմ արել, – կիսաձայն ասաց Արինան: – Ներիր ինձ, խնդրում եմ:

– Բայց ինչի՞ համար: Ես ոչինչ չեմ հասկանում:

– Սիլվան ամուսնուն ասել է, թե ես եմ իրեն խանգարել, որ աշխատանքի վերցնեն այստեղ:

– Բայց դու ասացիր, որ ամուսինը դեմ է… Ես այդպես էլ ասացի Սաիդային:

– Այո, ասել եմ… – Արինան շառագունեց, շփոթված նայեց ինձ: – Նա ամուսնուն ասել է, թե իբր ես… կապված եմ քեզ հետ… նա էլ եկել, իմ ամուսնուն է ասել…

Այդ պահին իմ առանձնասենյակի դուռը բացվեց, քսանհինգ-քսանվեց տարեկան մի տղա՝ սպիտակամաշկ, հուզմունքից գունատված դեմքով, մտավ ներս և, չնայելով իմ կողմը, կատաղի դիմեց Արինային.

– Դու այստեղ ի՞նչ ես անում:

Արինան մինչ այդ կանգնած էր սեղանի մոտ, իմ դիմաց: Նրա դեմքը քաթանի գույն ստացավ, նա ոչ թե նստեց, այլ ուղղակի փլվեց աթոռին:

Ես, իհարկե, հասկացա, որ Արինայի ամուսինն է, և շատ կոպիտ ասացի.

– Լսիր, ինչպե՞ս է քո անունը:

– Հարութ, – շրջվելով՝ շուրթերը ցասումով կքած նետեց նա:

– Հարութ, դու քո այդ հրամայական տոնով ձեր տանը կարող ես խոսել: Սա խմբագրություն է և բարի եղիր պահել քեզ ինչպես հարկն է:

Արինան՝ վախեցած, բերանը կիսաբաց, աչքը չէր կտրում ամուսնուց՝ չհամարձակվելով մի խոսք անգամ արտաբերել:

– Նա ի՞նչ է անում այստեղ, – արդեն ինձ դիմելով հարցրեց Հարութը՝ ծանր շնչելով:

– Հաղորդում է բերել ստորագրելու, – ասացի ես չոր ու կոպիտ: – Իսկ եթե դա քեզ դուր չի գալիս, մենք նրան հենց այսօրվանից կարող ենք ազատել աշխատանքից: Բավարարվա՞ծ ես:

– Ոչ, – նետեց Հարութը: – Ես հիմա նրան կտանեմ Սիլվայի մոտ, դուք գիտեք նրան, և, եթե Սիլվան նրա ներկայությամբ հաստատի այն ամենը, ինչ նա պատմել է Սիլվային, ուրեմն վճիռը պարզ է: – Արինայի ամուսինն ընդոստ մի շարժումով գրպանից զսպանակավոր դանակ հանեց, որի սայրը՝ կոճակի սեղմումով շխկոցով դուրս թռավ պատյանից: – Վճիռը պարզ է, – կրկնեց նա լայնացած ռունգերով, – ահա այս դանակով ես կսպանեմ և՛ նրան, և՛ ձեզ, և՛ ինձ:

– Լսիր, – անսպասելի կատաղությամբ ասացի ես: – Դու լավ կանեիր՝ սկսեիր հենց քեզնից: Դուրս այստեղից:

Արինան ակամա վեր թռավ տեղից, գլխահակ դուրս վազեց առանձնասենյակից:

Հարութը սառնորեն նայեց և, առանց մի խոսք անգամ արտաբերելու, դանդաղ շարժումներով ծալեց սուրսայր դանակը և, խոթելով գրպանը, դռան մոտ մի անգամ ևս ետ նայեց ու դուրս եկավ:

Այո, նոր տարին, իրոք, այնքան էլ բարեհաջող չսկսվեց: Իսկ փետրվարի քսանմեկի ուշ երեկոյան, միանգամայն անսպասելի, Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի մշակույթի բաժնի վարիչ Ազեր Մուստաֆազադեն զանգեց: Ազերը մեզ մոտ՝ ռադիոյի ու հեռուստատեսության կոմիտեի ռուսական խմբագրությունում էր աշխատում: Հետո մի կարճ ժամանակ գրողների միության ներկայացուցիչն էր Մոսկվայում, դարձյալ կարճ ժամանակով՝ հանրապետության մամուլի կոմիտեի նախագահի տեղակալն էր: Առաջներում Սիավուշի, նրա ու գրող Սեյրան Սախավաթի հետ մի քանի անգամ եղել էինք ռեստորաններում, նույնիսկ մի անգամ Մոսկվայում էինք հանդիպել, ՑԴԼ-ի ռեստորանում, մտերիմ էինք:

– Լեո, – ասաց Ազերը, – վաղը դու պետք է Ստեփանակերտում լինես: Ռամիզ Մեհթիևն այնտեղ է, կմտնես մարզկոմ՝ նրա մոտ, նա կասի, թե ինչ պետք է անել:

Ռամիզ Մեհթիևը կենտկոմի քարտուղարներից էր, առաջներում նույնպես, պատահել էր, գործ էի ունեցել բարձր ղեկավարության հետ, նույնիսկ մի երկու անգամ Հեյդար Ալիևի հետ էի եղել շրջաններում՝ Ղազախում, Իսմայիլլիիում, Աղդամում ու Մարտունիում և տարօրինակ ոչինչ չէի տեսնում դրա մեջ:

– Լավ, – ասացի, – այսօր ուշ է, վաղը կմեկնեմ:

Սակայն նրա վերջին, հպանցիկ նախադասությունը՝ «Մի քանի ծերուկ բունտ են բարձրացրել այնտեղ, հարկավոր է համոզել, որ ձեռք քաշեն ծերունական զառանցանքներից», – ինձ անհասկանալի մնաց: Նա այդպես էլ ասաց՝ «ծերունական զառացանքներ»:

– Չէ, ի¯նչ ես ասում, – առարկեց Ազերը, – այսօր է պետք ճանապարհվել: Թիֆլիս երկու գնացք է գնում՝ տասնմեկին և մեկ անց կեսին: Կգնաս մինչև Եվլախ, այնտեղից ի՞նչ է մնում՝ մի վաթսուն-յոթանասուն կիլոմետր ճանապարհ:

Ազերի ի միջի այլոց ասած նախադասությունն ինձ հանգիստ չէր տալիս: Մտազբաղ ետուառաջ էի քայլում տանը: Իսկ Ստեփանակերտ մեկնել բոլորովին չէի ուզում: Որոշեցի զանգել գլխավորին, գուցե նա կոնկրետ որևէ բա՞ն գիտի: Գլխավորը չկար: «Վլադիմիրը հենց նոր գնաց, – տխրաձայն ու ափսոսանքով ասաց կինը՝ Գեղեցիկը, – նրան կենտկոմից շտապ Հադրութ ուղարկեցին»: Սկսեցի հավաքել Ազերի հեռախոսահամարը, ուզում էի նրան խնդրել, որ ազատի ինձ այդ հոգսից, սակայն նրա հեռախոսը շարունակ զբաղված էր: Փորձեցի ուրիշ բաժիններ զանգել՝ նույնը, կենտկոմի բոլոր հեռախոսները կա՛մ զբաղված էին, կա՛մ ոչ ոք չէր վերցնում խոսափողը: Գուցե Սիավո՞ւշը որևէ բան իմանա: Ոչ, նա Ստեփանակերտի մասին ոչինչ չգիտեր, ես նրան պատմեցի Ազերի հեռախոսազանգի մասին, ասացի, որ Ստեփանակերտ մեկնել չեմ ուզում: «Ծերուկ, ես քեզ հասկանում եմ, – ասաց Սիավուշը, – սպասիր, ես քեզ կզանգեմ»: Մի քանի րոպեից նա զանգեց և ասաց, որ Ստեփանակերտում, մարզկոմի շենքի առաջ ցույցեր են տեղի ունենում, պահանջում են Ղարաբաղը միացնել Հայաստանին: «Ես քեզ լավ եմ հասկանում, ծերուկ, – կրկին ասաց Սիավուշը, – բանն այն է, որ քո և՛ գնալն է վատ, և՛ մնալը՝ նայած որ կողմից ես նայում: Ազերը տեղում չէ, խորհրդակցություն է այնտեղ, սեկտորի վարիչ Խեյրուլլա Ալիևի հետ խոսեցի, բացատրեցի նրան բանի էությունը, ասաց, որ կզանգի քեզ»: Եվ, իրոք, քիչ անց Խեյրուլլան զանգեց, ասաց, որ ոչինչ անել հնարավոր չէ, անպայման պետք է մեկնել: «Ոչ մի տեղ չեմ գնա, – հաստատ որոշեցի ես և անջատեցի հեռախոսը, – թող ինչքան ուզում են՝ զանգեն»: Սակայն առավոտյան շուտ ինձ մոտ, տուն եկավ ինքը՝ Խեյրուլլան: Դռան զանգի վրա ես բացեցի դուռը և տեսա նրան՝ հաղթանդամ, ճերմակող ալեխառն մազերով, երկու մետրից քիչ բարձր բոյով:

– Լեո, պետք է մեկնել, – առարկություն չվերցնող տոնով ասաց նա: – Ամբողջ կենտկոմն է մեկնում, քաղբյուրոյից էլ մարդիկ կան, շտապ գնա օդանավակայան, ժամը տասի ռեյսին պիտի հասնես: Իմ մեքենան մինչև «Աերոֆլոտ» կտանի քեզ:

«Աերոֆլոտի» մոտ ես դիտմամբ մի երկու ավտոբուս բաց թողեցի, ուզում էի թռիչքից ուշանալ: Ուշացումով, տասին մի քանի րոպե պակաս, ես արդեն դեպուտատական սրահում էի:

– Տեղ չկա, – ասացին այնտեղ: – Մի հատ տեղ անգամ չկա:

«Ավելի լավ», – մտքում ասացի ես գոհ իմ բախտից: Հենց այդտեղից, դեպուտատական սրահից, զանգեցի կենտկոմ՝ Խեյրուլլա Ալիևին, ասացի, որ Ստեփանակերտ մեկնող օդանավում տեղ չկա:

– Ի՞նչ է նշանակում՝ տեղ չկա, – զայրացավ Խեյրուլլան: – Լրացուցիչ օդանավ կլինի, հիմա մերոնք էլ կգան, սպասիր, նրանց հետ կմեկնես:

Օդանավում ընդամենը յոթ-ութ հոգով էինք, ինձնից քիչ հեռու կենտկոմի հրահանգիչ Վալերի Աթաջանյանն էր նստած՝ մտախոհ, տխուր տեսքով: Մնացածներն անծանոթ էին, անհոգ կատակներով սուրճ էին խմում, քռքռում:

Իմ տրամադրությունը քիչ բացվեց, երբ օդանավն անցավ Ստեփանակերտի վրայով և գնաց դեպի Խոջալու՝ վայրէջքի, որովհետև ես վերևից տեսա. մարզկոմի առջև, հրապարակում, ոչ ոք չկար: Օդանավակայանում դիմավորողներ կային, նրանք պատմեցին, որ Աղդամի կողմից ադրբեջանցիների մի հոծ բազմություն՝ կացիններով ու դանակներով, բրերով, դաշույններով, մահակներով ու քարերով զինված եկել են Ասկերանի վրա՝ ճանապարհին ավերելով ամեն ինչ, խաղողի այգիներում աշխատող տասնյակ հայերի ծեծել, խոշտանգել են, մի քանի տուն վառել Ասկերանի մոտ, բայց զինվորականներին՝ մոտ հազար հոգով, որոնց այստեղ, լեռնային պայմաններում, զորավարժում էին՝ Աֆղանստան ուղարկելու համար, հաջողվել էր մի կերպ կանգնեցնել խուժանին: Ամենից սարսափելին այն էր, որ երկու ադրբեջանցի էին սպանվել, սպանվողներից մեկի եղբայրը՝ Հաջիև ազգանունով, ասել էր, որ եղբոր վրա կրակողը ադրբեջանցի միլիցիոներ է եղել:

Մարզկոմի առջև, հրապարակում, իրոք, մարդ չկար: Մենք բարձրացանք երկրորդ հարկ, այստեղ էին արդեն Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Քյամրան Բագիրովը, քաղբյուրոյի անդամ Գեորգի Ռազումովսկին, քաղբյուրոյի անդամության թեկնածու Պյոտր Դեմիչևը, ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաներ, գեներալներ՝ համազգեստով ու առանց համազգեստի: Այստեղ էր Բորիս Կևորկովը: Ես հիշեցի Հուրունցի խոսքերը նրա մասին: Ահ ու սարսափ տարածող այդ մարդը հիմա մարզկոմի նիստերի դահլիճում նստած, վախեցած ու խեղճ այս ու այն կողմ էր նայում՝ հաստ ապակիներով ակնոցը ցուցամատով ստեպ-ստեպ հրելով վեր ու օգնություն հայցող աչքերով նայելով ելույթ ունեցողներին:

Սակայն ոչ ոք չէր խղճում նրան և ոչ ոքի չէին խղճում: Կրակ էր ցայտում ելույթ ունեցողների կրակված շուրթերից:

– Ժողովուրդների բարեկամության շինծու քողի տակ տարիներ ի վեր թշնամանք եք սերմանում իմ ժողովրդի դեմ, – գոչեց բանաստեղծ Վարդան Հակոբյանը Քյամրան Բագիրովի երեսին: – Տարիներ ի վեր սոցիալական կեղեքման ու ազգային հալածանքների եք ենթարկում մարզի աշխատավորությանը: Ի՞նչ բարեկամության մասին է խոսքը, երբ Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի բաժնի վարիչ Ասադովը կուսակցության մարզկոմի բյուրոյի նիստում սպառնում է մեզ՝ հարյուր հազար ադրբեջանցիներով ներխուժել Ղարաբաղ և սրի քաշել ողջ բնակչությանը, և որ այդ հարյուր հազարը Ղարաբաղի սահմանագծին պատրաստ կանգնած՝ սպասում է հրամանի: Ուղիղ յոթանասուն տարի առաջ միաչքանի Սուլթանովն էր այդ նույն ձևով սպառնում՝ հարյուր հազար քուրդ ու թաթար խաժամուժով ներխուժել Ղարաբաղ, եթե Ղարաբաղը, ի վերջո, չհամաձայնի կամովին մտնել նորաստեղծ Ադրբեջանի կազմի մեջ: Ահա այստեղ ներկա է կուսակցության Շուշիի շրջկոմի առաջին քարտուղար Հաջիևը, հարցրեք՝ ինչո՞ւ են ավերել քաղաքի հայկական վեց գերեզմանատները, ինչո՞ւ են փշրել Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի հուշարձանը: Ասացեք՝ ինչո՞ւ մեր ազգային հերոս մարշալ Բաղրամյանի մահվան օրը հրավառություն էր Բաքվի փողոցներում, ինչո՞ւ ոչ մի հաղորդում չեղավ ռադիոյով կամ հեռուստատեսությամբ, ոչ մի թերթ մի տող անգամ չգրեց այդ մասին: Հակահայ այս քաղաքականությունը մի նպատակ չունի՞ միայն՝ Նախիջևանի նման Ղարաբաղը նույնպես դատարկել հայերից, և մեր մեղքն ա՞յն չէ լոկ, որ դարեր ի վեր հավատարիմ ենք մեր հինավուրց հողին ու ջրին, մեր մայրենի լեզվին ու մեր հավատին: Երկրորդ Նախիջևա՞ն եք ուզում՝ չի լինելու:

– Այս ամբողջը Հեյդար Ալիևի սարքած գործն է, – վերջին շարքերից կատաղի բացականչեց ինչ-որ մեկը:

Բոլորը ետ շրջվեցին. մարզկոմի հրահանգիչ Արմեն Հովհաննիսյանն էր՝ ճերմակած մազերով, նիհարավուն, հուզմունքից այլայլված ու գունատ:

Խոսեց Ռազումովսկին, խոսեց և Դեմիչևը, և այնքան անճարակ էր նրանց խոսքը, և նրանք՝ այնքան անտեղյակ հիմնահարցին, որ ես սարսափեցի մի պահ՝ մի՞թե սրանք ու սրանց նմաններն են տնօրինում մարդկանց ու ժողովուրդների ճակատագիրը, և ես ցավով հասկացա նաև, որ այս խմորը ջուր շատ է տանելու, և որ մեծ արհավիրքներ են սպասում մեզ առջևում:

Երբ դուրս եկանք նիստերի դահլիճից, հրապարակը փոթորկում էր արդեն, տասնյակ հազարավոր մարդիկ գետնին ծնկաչոք աղերսում էին՝ «Լենին, պարտիա, Գորբաչով»:

Ամբողջ չորս օր՝ գիշեր ու ցերեկ, ես լսում էի նրանց չընդհատվող աղերսը՝ ուղղված քարացած Լենինին, խուլ ու համր պարտիային ու քամելեոն Գորբաչովին:

– Հավատ ընծայել Գորբաչովին, նշանակում է՝ ոչինչ չհասկանալ նրա քաղաքականությունից, – ասաց Մաքսիմ Հովհաննիսյանը՝ սակավախոս ու անչափ հաճելի վեհանձն մի անձնավորություն, հեռավոր 1965 թվականին Մոսկվա ուղարկված հայտնի նամակի տակ ստորագրած տասներեք առաքյալներից մեկը, որն այդ ստորագրության համար բազում զրկանքներ կրեց կյանքում: – Երբեմն ուշադիր լսում ես նրա ելույթն ու այդպես էլ չես կարողանում ըմբռնել, թե կոնկրետ ինչի՞ մասին է նրա խոսքը: Ղարաբաղի հարցի հնարավոր լուծումը, ես համոզված եմ, նա դիտավորյալ կտանի փակուղի, որպեսզի վերակառուցման իր սնամեջ գաղափարի կործանումը կապի այդ շարժման հետ՝ իշխանության ու մամուլի ամբողջ ցասումն ուղղելով մեր դեմ:

– Բայց մեզ կենտկոմում խոստացան օգնել, – ներողամիտ տոնով ասաց բանաստեղծ Հրաչյա Բեգլարյանը, ով մանկագիր Գուրգեն Գաբրիելյանի ու Վարդան Հակոբյանի հետ նոր էր վերադարձել Մոսկվայից և հավատում էր, որ Ղարաբաղի հարցն անպայման արդարացի լուծում կունենա: – Մենք այնտեղ պատմեցինք այն բոլոր անարդարությունների մասին, որ ադրբեջանական ղեկավարությունը շարունակաբար գործադրում է մարզի դեմ: Նրանք ասացին, որ արդարացի է մեր պահանջը:

«Սովետական Ղարաբաղ» թերթի խմբագրի առանձնասենյակից երևում էր ալեկոծվող հրապարակը:

– Մոսկվային հավատալու համար կա՛մ չտես պիտի լինել, կա՛մ անմիտ լավատես, – իր կարծիքն ասաց խմբագրության բաժնի վարիչ Նվարդ Ավագյանը: – Մոսկվան դեմ է արցախահայության արդարացի պահանջին, նա ամեն ինչ կգործադրի՝ ձախողելու, վարկաբեկելու այդ շարժումը, որովհետև ինքնորոշման մեր պահանջը փաստորեն մերժում է 1918-1920 թվականներին Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքված բոլոր պայմանագրերը, այդ թվում նաև 1921 թվի մարտի 16-ի հայադավ ու միանգամայն անարդարացի դաշնագիրը, որը ստորագրվել է ընդամենը 25 տարով՝ մինչև 1946 թվականը: Դրանով իսկ հնարավորություն է ընձեռնվում հասկանալու այդ պայմանագրի էությունը: Վերջ ի վերջո, Մոսկվան ե՞րբ է գնահատել հայի բազմադարյա հավատարմությունն ու նվիրվածությունը, որ հիմա գնահատի: Նայեք, տասնյակ հազարավոր մարդ կա հրապարակում, նրանց մեջ ադրբեջանցիներ կան, ոչ ոք նրանց մի ցուրտ խոսք չի ասում և չի ասի, բայց երեկ Մոսկվան հաղորդում տվեց՝ նրանց բոլորին անվանելով ծայրահեղականներ: Մի՞թե սա արդարություն է:

– Այսօր այստեղ ինձ մոտ էր Լենինգրադի «Ավրորա» ամսագրի աշխատակից Ալեքսանդր Վասիլևսկին, – ասաց Մաքսիմ Հովհաննիսյանը՝ հայացքը հրապարակի բազմահազար բազմությանը: – Նա հանդիպել է Ասկերանի մոտ սպանված Ալի Հաջիևի հարազատ եղբոր՝ Արիֆ Հաջիևի հետ: Հաջիևը հաստատել է, որ, իրոք, իր եղբորն ադրբեջանցի միլիցիոներն է սպանել: Եղբոր ընկերոջ՝ Ուլվի Բահրամովի ներկայությամբ է եղել դա: Եղբոր ու միլիցիոների միջև վեճ է ծագել, և միլիցիոները, հանելով ատրճանակը, կրակել է նրա քսաներկուամյա եղբոր կրծքին: Եղբորը սպանող միլիցիոներին Ուլվին չի ճանաչում, ասել է, բայց աղդամցի միլիցիոներին, որը մարդասպանին իր մեքենայով իսկույն դուրս է բերել ամբոխի միջից, լավ ճանաչում է:

– Այդ սպանությունը մի նպատակ ունի միայն, – խոսակցությանը խառնվեց Գուրգեն Գաբրիելյանը: – Լավ հիշեք ասածս, ի պատասխան մեր խաղաղ ցույցերի, հեռուստատեսությամբ կհաղորդվի, որ հայերը երկու ադրբեջանցի են սպանել: Մարզային հիվանդանոցը լցված մեր տասնյակ վիրավորների մասին ոչինչ չի հաղորդվի, մեր ավերված տների, ջարդված ավտոբուսների և այրված մեքենաների մասին նույնպես ոչ մի խոսք չի լինի, բայց սպանության մասին կլինի: Նպատակը պարզ է՝ մեր երկու ժողովուրդներին հանել իրար դեմ, այնուհետև այդ հակամարտությունը վերածել ազգամիջյան կռիվների:

– Իսկ հետո Բաքուն ու Մոսկվան միացյալ ուժերով կսկսեն տեղահանել հայերին, – միանգամայն անսպասելի ասաց ուսուցիչ Վաղարշակ Գաբրիելյանը՝ Քոլատակ գյուղից:

Նա՝ նիհար ու բարձրահասակ, մինչ այդ լուռ կանգնած էր առանձնասենյակի մի անկյունում:

– Եվ մենք ստիպված կլինենք դիմել ինքնապաշտպանության, – ավելացրեց նա հաստատուն տոնով՝ մի տեսակ հարու տալու պես ճակատն առաջ տված, հոնքերի տակից խուզարկու նայելով: – Փրկության ուրիշ ելք չկա: Մենք պարտավոր ենք պաշտպանել մեր հողը:

Ես այս խոսակցությունը հիշեցի, երբ երկու օր անց, արդեն Բաքվում, երկաթուղային կայարանից տուն գնալիս տաքսու ադրբեջանցի վարորդն ասաց. «Երեկ ուշ երեկոյան Մոսկվայից հաղորդեցին, որ Ստեփանակերտում երկու ջահել ադրբեջանցի են սպանվել»:

Տուն մտնելուն պես ես զանգեցի մերոնց՝ Սումգայիթ:

– Ամեն ինչ կարգին է, – ասաց մայրս, – քաղկոմի առջև մի քանի տասնյակ մարդ կա, պատուհանից երևում է, խոսում են, բայց ոչինչ չի լսվում: Այդտեղ ինչպե՞ս է, միտինգ բան չկա՞:

– Չէ, ոչ մի փոփոխություն, խաղաղ է, – ասացի ես:

– Ե՞րբ ես գալու:

Ես Ստեփանակերտից զանգահարել էի նրանց, գիտեին, որ այստեղ չեմ եղել: Ասացի, որ նոր եկա, այս շաբաթ չեմ կարող, եկող շաբաթ անպայման կգամ:

Խմբագրությունում ևս ոչ մի փոփոխություն չկար՝ նույն ջուրն էր, նույն ջրաղացը:

– Գլխավորին տեսե՞լ ես, – հարցրեց Լորաննան ծիծաղելով, – գնա տես:

Բացելով գլխավորի առանձնասենյակի դուռը՝ մնացի կանգնած: Գլուխը վիրակապերի մեջ՝ նա ծիծաղելի տեսք ուներ:

– Ի՞նչ է պատահել:

– Էհ, Լեո ջան, մահից եմ փրկվել, – նա ծիծաղելով ելավ տեղից, ընդառաջ եկավ ինձ, – հաշվիր թե նոր եմ ծնվել: Նստիր:

Գլխավորը նստեց իր տեղը, ես՝ նրա դիմաց: Մի աչքը նույնպես վնասվել էր: Ասես ոչ թե ինձ էր նայում, այլ իմ վրայով ինչ-որ տեղ:

– Եվլախում նստեցի Հադրութ մեկնող ավտոբուսը, – սկսեց գլխավորը: – Հանգիստ, խաղաղ եկանք մինչև Աղդամ: Մի քսան-քսանհինգ ջահել լակոտներ, որտեղի՞ց դուրս եկան՝ չհասկացանք: Սկսեցին քարերով խփել. ապակի-բան՝ ջարդվեց, փշուր-փշուր եղավ: Բայց վարորդը, ապրի արևը, չկանգնեցրեց մեքենան, գազը սեղմեց, դուրս պրծավ: Ճանապարհի երկարությամբ, մինչև քաղաքից դուրս կգայինք, այս ու այն կողմից քարապրանուկ էր: Շատ մարդ վիրավորվեց, ես էլ նրանց մեջ, գլուխս երկու տեղից ճղվել է: Հասանք Մարտունի, հիվանդանոցում գլուխս վիրակապեցին, մի քանի հոգու վիճակը ծանր էր, պահեցին հիվանդանոցում: Դու ո՞նց հասար, ի՞նչ արեցիր:

– Կառավարական պատվիրակության կազմում, – ծիծաղեցի ես, – սուրճ խմելով: Ռամիզ Մեհթիևին պիտի տեսնեի, բայց ի՞նչ Մեհթիև, ինչ բան՝ շունը տիրոջը չէր ճանաչում:

– Ճիշտն ասած, նույնիսկ գոհ եմ, որ այս վիճակում եմ, – կամացուկ ասաց գլխավորը:

– Ինչո՞ւ, – չհասկացա ես:

– Դու կարծում ես մեզ ինչի՞ համար են ուղարկել Ղարաբաղ. որպեսզի գանք ու հեռուստատեսությամբ խելքի բերենք իբր բանականությունը կորցրած ղարաբաղցիներին, նրանց շարժումը բնութագրենք որպես ծայրահեղականների և ազգայնամոլների կազմակերպած գործ, այսինքն՝ հաստատենք կենտկոմի քաղբյուրոյի հայադավ որոշումը: Ասա, այս տեսքով ես կարո՞ղ եմ հեռուստատեսությամբ ելույթ ունենալ, – հաղթական ժպիտով ավարտեց գլխավորը:

– Հեռուստատեսությամբ՝ չէ, – ծիծաղեցի, – բայց ռադիոյով կարող ես:

Գլխավորը վախեցած նայեց ինձ.

– Կարգին բան ասա, սիրտս մի ճաքացրու: Արի տես ինչ եմ ասում քեզ. գնա տուն, հեռախոսն անջատիր, մինչև տեսնենք ինչ է դառնում: Որ զանգեն՝ կասեմ չես եկել դեռ: Նայեցի՞ր գիշերվա հաղորդումը:

– Գիշերը ես գնացքում էի, ո՞նց կարող էի նայել:

– Միութենական դատախազի տեղակալ Ալեքսանդր Կատուսևը ելույթ ունեցավ: Մի՞թե արժեր աղդամցի այդ երկու պատանու զոհվելու մասին անստույգ տեղեկությունը հայտնել այս պայթուցիկ պահին, ընդ որում՝ նշելով նրանց անուն-ազգանունները, ծննդյան թվերը: Դրա մեջ դիտավորություն չե՞ս տեսնում արդյոք: Ես տեսնում եմ:

– Ես էլ եմ տեսնում, – ասացի ես:

Գլխավորի խորհրդով գնացի տուն: Ռենան, ամենայն հավանականությամբ, ինստիտուտից չի վերադարձել դեռ: Ես անջատեցի հեռախոսը: Միացրի միայն ժամը երեքն անց կեսին, մտածելով, որ նա արդեն տանն է:

– Ալլո: – Ռենան էր:

– Ողջույն, Ռեն, – արտաբերեցի ես հուզմունքով: – Ես եմ: Ինչպե՞ս ես:

– Բարև, – ուշացումով պատասխանեց Ռենան: – Ես հենց նոր մտա տուն: Դու հանձնեցի՞ր ստուգարքը… Վաղը չէ մյուս օրը կհանդիպենք ինստիտուտում: – Նա արագ ցած դրեց հեռախոսը:

Ես ժպտացի Ռենայի հնարամտության վրա: Պարզ է, չէր կարողանում խոսել: «Եղբայրը տանն էր», – մտածեցի: Քանի օր է՝ չէի տեսել, սաստիկ կարոտել էի: «Վաղը չէ մյուս օրը, պարապմունքներից հետո, քեզ կսպասեմ այգու մոտ», – մտովի ասացի ես՝ կրկին անջատելով հեռախոսը: Ամեն անգամ, բժշկական ինստիտուտից ոչ հեռու, այգու մոտ տեսնելով մեքենան, նա մի պահ կանգնում, ժպտալով նայում է, ապա, շտապ անցնելով տրամվայի գծերը, բերանը կիսաբաց, անուշ ժպիտը հրաշագեղ դեմքին, թեթևաքայլ մոտենում է: Ու ամեն անգամ ես ինձ բռնում եմ այն բանում, որ սարսափելիորեն, մթագնման աստիճանի խանդում եմ Ռենային. այնտեղ, ինստիտուտում, որևէ մեկը աչք չի՞ դրել, արդյոք, նրա վրա, ոչ ոք չի՞ սիրահետում նրան, այդ մտքից ես իմ ծնկներում սոսկալի թուլություն եմ զգում, սիրտս անկանոն, արագ-արագ սկսում է զարկել, շնչառությունս կանգ է առնում, արյունս ասես սառչում է… «Ցավետ տանեմ», – սա նրա սիրած ամենօրյա խոսքն է: Այս մի քանի օրվա մեջ երևի միլիոն անգամ մտածել եմ նրա մասին: «Թե իմանայիր ինչքան եմ սիրում քեզ, – դարձյալ մտովի ասացի ես Ռենային, – առանց քեզ օրը տարի է թվում ինձ»:

На страницу:
15 из 26