
Полная версия
ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ)
Ես նայեցի նրա ձեռքի ուղղությամբ, տեսա այդ սարերը՝ դարձյալ մշուշի մեջ կորած:
– Էդ սարերից էն կողմ Հայաստանն է:
– Հայաստա՞նը, – անհանգիստ զարմանքով ասացի ես, ու սիրտս թրթռաց մի անհայտ բանից:
Որտե՞ղ էի կարդացել՝ հիշել չկարողացա, շուրթերս իրենք իրենց ինքնաբերաբար մրմնջացին. «Հրազդան, գետակդ իմ հայրենի, Հրազդան, ջրերդ իմ անուշիկ»:
– Հա, Հայաստանն էդ սարերից էն կողմ է: Քսան թվի ապրիլի կեսերին դաշնակցականները Դրոյի հետ էդ սարերով եկան մեզ օգնության, թե չէ թուրքերն ու մուսավաթը մեր հայերի գյուղերը հինգ-վեց թվերի պես թալանելով, մեկը մյուսի ետևից կրակ տալով գալիս էին ու ժողովրդին էլ անխնա կոտորում էին: Խնաբադն ու Խրամորթը լրիվ վառեցին: Մեր շրջանի ներքևի գյուղարանքը՝ Բեգում-Սարով, Չայլու, Սեյսուլան-բան, կորուստ շատ ունեցան, իսկ մեր էս վերին գյուղերին չկարողացան շատ վնաս տալ, ժողովուրդը համախմբված էր, իրար օգնության էին հասնում, մի քանի մարդ զոհվեցին Վանքից, Առաջաձորից, Չլդրանի մեր էս տեղամասում Սրխավանդի քյոլանի ավազակների կողմից մենակ մի մարդ սպանվեց՝ Մաքի Հարությունյանը: Ես էլ եմ կռվել, քանի տարեկան էի, չեմ հիշում, բայց արդեն ջահել տղա էի, ծմակներով, սար ու ձորերով ձիաները քշած գնում էինք… Մեր էս կողքի Պողոսագոմեր գյուղից Բախշի կար, ի¯նչ ազղուն մարդ էր, ի¯նչ կռվող էր, վերջերս մեռավ, նրա ջոկատում էինք կռվում: Մի անգամ անձրև ու թուխպ գիշեր ժամանակ, Թևանը եկավ մեզ մոտ, ժողով արեց: Նա, Դալի Ղազարը, Վարդանը, Նիկոլ Դումանն ու նրանց նմաները թե չլինեին՝ Ղարաբաղը կորած էր: Էդպես էր, կռվով, զոհեր տալով պաշտպանեցինք մեր հողը:
– Դու եղե՞լ ես Հայաստանում, – հարցրի:
– Չէ, չեմ եղել: Իմ ախպեր Ակուփը եղել է: Նա գրագետ էր, կարդալ, գրել գիտեր, թուրքական ճակատում կռվել է: Թիֆլիսում Հովհաննես Թումանյանի տանն է եղել: Պատմում էր, որ շատ լավ, ժողովրդական մարդ էր: Վերադառնալիս Շամխորի մոտ գիշերը չորս կողմից մուսավաթականներն ու զինավորված թուրք ժողովուրդը հարձակվում են ռուսական էշելոնների վրա, մի քանի գնացք են վառում, իրարանցման ժամանակ ախպորս ու մեր կողմերից մի քանի հոգու հաջողվում է փրկվել, սառնամանիք հունվար ամսին, սարերով մի կերպ գալիս, հասնում են տուն, Ղազարահող: Ճանապարհը հատուկ քանդել էին, ասում էր, յոթանասուն էշելոն էր կանգնած, բոլորին թալանում են, զենքը գրավում, նրանց կանանց հետ շատ վատ բաներ անում, բոլորին կոտորում: Հազարավոր ռուսներ են սպանվել, ասում էր, էդտեղ:
Հայրիկը ելավ, երկար շրջում էր տնատեղերում, ձեռքը դնում ծառերի բներին, մտախոհ կանգնում: Կարծես թե խոսում էր ծառերի հետ: Ի՞նչ էր մտածում, ի՞նչ էր խոսում՝ հնարավոր չէր հասկանալ: Հետո ետ եկավ, ասաց.
– Գնանք:
– Ո՞ւր:
Նա չպատասխանեց, կրծքով ճեղքելով բարձր կռատուկները, ես լուռ գնացի նրա ետևից, ինչ-որ տեղ, երևի հաճարկենիների ամենաբարձր կատարներին, արևի թեք շողերի մեջ անուշաձայն ղունղունում էին աղունիկները, մի փոքրիկ բացատում, որի վրա հուրհրատում էր արևը, իսկ բացատն էլ ասես ծաղկավոր սավան լիներ՝ անթիվ, անհաշիվ ծաղիկներով, կանգ առանք: Թփուտների երկար շարքերի տակ խոխոջում էր խոտերով ու տերևներով կաշկանդված աղբյուրը, ջրափոսի խորքից մանրիկ չոր տերևները շրջապտույտ էին կատարում՝ անդադար իջնում ու կրկին ելնում էին: Աղբյուրի մոտ, ծառերի ճյուղերի արանքից, անհատնում լույս էր հորդում:
Հայրիկը, հայացքը գետնին, լարված ինչ-որ բան էր փնտրում և տեսքից երևում էր՝ գտնել չէր կարողանում: Հետո նստեց, ձեռքով տփտփում էր գետինը, ետ-ետ տանում ծաղիկները, որ սփռված էին չորս բոլորը, սոթ տալով առաջ՝ որոնում էր ու գլուխն օրորելով ու անարցունք, խեղդված լաց լինելով ասում՝ Մհերիկ, Մհերիկ, պապան ցավդ տանի, Մհերիկ, պապադ մեռներ՝ քո մեռնելը չտեսներ, քոռանար՝ աչքը չտեսներ, ձեռքը կոտրեր՝ չբարձրանար…
– Հայրիկ, ի՞նչ ես փնտրում, – անհանգիստ հարցրի ես:
Նա ասես սթափվեց, շվար հայացքով նայեց ինձ, հետո ասաց.
– Էստեղ էր, հիմի չեմ գտնում, ծաղիկների մեջ կորել է… Թե՞ տեղն եմ կորցրել՝ չեմ հասկանում…
Շուրջը, իրոք, փարթամ ծաղիկներ էին՝ խատուտիկ ու վարդակակաչ, դեղին հիրիկ, կուժկոտրուկ ու կարմրավառ մեխակ, հոտավետ ասպիրակ ու մեղրուկ, երեքնուկ ու հափրուկ, շողավարդ ու զանգագածաղիկ, փնջերով աճած վայրի վարդ ու մանուշակ: Երկարուկ ցողուններին ճոճվում էին մազմզոտ բոռերը, իսկ ծաղիկների վրա պտտվող մեղուների խուլ գվվոցը բռնել էր շրջակայքը:
– Քո հորեղբայրն էստեղ է թաղված, – միանգամից ասաց Հայրիկը, և նրա դեմքը լարվեց, ձգվեց, արցունքը լճացավ աչքերում: – Եկա տեսնեմ գերեզմանը ու քեզ էլ ցույց տամ, որ մեզանից հետո գոնե մեկն ու մեկը հիշի երեխիս, ես գուցե վերջին անգամ է, էլ չկարողանամ գալ, պառավել եմ: Բայց տեսնո՞ւմ ես, ոնց որ թե կորցրել եմ տեղը… Քարեր կային դրված, չկան…
Ես սարսռած նայում էի, առանց որևէ բան հասկանալու. բայց չէ՞ որ իմ հորեղբայրը ռազմաճակատում անհետ կորել է, հայրս շատ անգամ է պատմել այդ մասին: Ասես կռահելով իմ մտքերը՝ նա ծանր հոգոցով ասաց.
– Է¯, ոչ ոք չգիտի, ո¯չ ոք, չեչաքարի պես ծակծկված էս սրտում էսքան տարի պահել եմ, – նա չորչորուկ ձեռքը դրեց կրծքին, լռեց, հետո ասաց, – կրակն ընկած ներսս՝ էսքան տարի էրում, փթոթում, խորովում է, բայց ոչ ոքի չեմ պատմել… Էս ծմակներում երգող հավքերին լաց լինելով պատմել եմ, ծառերին, մամռոտ քարերին, ջրերին պատմել եմ, բայց մարդու՝ չէ, չեմ պատմել…
Հայրիկը երկար ժամանակ լուռ էր, խորասուզված մտքերի մեջ: Վերջապես խոսեց.
– Կամավոր գնաց ռազմաճակատ, տարիքը չէր բռնում, բայց գնաց… Ինչ-որ տեղ, Հյուսիսային Կովկասում թե որտեղ, ռմբակոծության ժամանակ գնացքից ետ է մնում, ասում են, դիտմամբ ես ետ մնացել, չեն հավատում, որ դիտմամբ չի արել, դիտմամբ անողը զոռով ճակատ չէր գնա, իրենցն ասում են, քոնը չեն լսում: Կալանում են, ծեծում, սպառնում են գնդակահարել: Մի խոսքով, փախչում է էդտեղից, Դաղստանի սարերով, ցերեկները թաքնվելով, գիշերները ճամփա ընկնելով, սոված, ծարավ, հասնում է էստեղ: – Հայրիկը նորից լռեց, նրա հոգին ալեկոծվում էր, ես դա հասկանում էի. ծանր էր շնչում: – Էս կողմերում տավար էի պահում, ձին նստած եկա՝ աղբյուրից ջուր խմելու, երևի հետևելիս է եղել, դուրս եկավ շամբուտից, երեսի մազը լրիվ եկած, շեկ միրուքով, նիհարած, պատառոտված երկար շորերով, ոտնամանների տակը պոկված… Շիմշաթ սիրուն երեխաս՝ ոնց որ մուրացկան: Սկզբում չճանաչեցի, իսկ որ ճանաչեցի՝ ոտքերս տակիս թուլացան: Քոռանա¯մ ես… Ասաց՝ պապա, երկու օր ոչինչ չեմ կերել… Ծմակներում, ասաց, ծառերի վրա, տերևների արանքում հատուկենտ միրգ էր լինում, մկան բներում ճուղուպուր, հաճարկ ու տկողեն էի գտնում, գյուղարանքի մոտերքում, հանդերում թաքուն կարտոֆիլ էի հանում, հում ուտում, մի կերպ դիմացել եմ, հասել էստեղ, բայց էս վերջին երկու օրը ուտելու համարյա ոչինչ չկար… Գիշերը ետ եկա, հաց ու շոր բերեցի: Խնդրում, համոզում էի գնալ ու հանձնվել իշխանությանը: Չէ ու չէ, չէր հավատում նրանց, չէր համաձայնում: Ես իմ ոտքով չեմ գնա նրանց մոտ, ասում էր, եթե մեր ընտանիքին վտանգ է սպասում, ոտքիս կրակիր, տար հանձնիր, ինքս չեմ գնա, դու չգիտես նրանց… Շրջանից սկսեցին մարդիկ գալ, տղադ բանակից փախել է, ասացին, կարող է էս կողմերում է, պետք է հանձնվի: Եթե հանձնվի, կուղարկենք տուգանային գումարտակ, թե չէ՝ բռնեցինք, տեղն ու տեղը գնդակահարելու ենք: Նրանց մեծը՝ էնկավեդեից, գալիֆեով, բոյը կարճ չար մարդ էր, նագանը կատաղած թափ տալով էդպես էլ ասում էր՝ որ բռնեցինք, աչքիդ առաջ շան պես սատկացնելու ենք, լեզուն չորանա, երեխուս մասին էդպես ասաց, քեզ էլ, ասաց, տնով-տեղով, որպես դեզերտիրի ընտանիք, քշելու ենք Սիբիր: Էդպիսի դեպք եղել էր, Հաթերք գյուղից երկու ընտանիք տարել էին… Գյուղի ակտիվիստների հետ փնտրեցին անտառներում, բայց գտնել չկարողացան: Ասացին էրկու օր հետո էլի են գալու… Շատ մտածեցի ու իմ կարճ խելքով որոշեցի կրակել ոտքին ու էդ ձևով հանձնել: Թող ուղարկեն տուգանային, մտածում էի, միայն թե ողջ մնա, չկորցնեմ որդուս ու մեզ էլ սաղ ընտանիքով Սիբիր չքշեն: Խելքս էդքանը կտրեց: – Հայրիկը շունչ քաշեց, միանգամից ասաց, – ինքն էստեղ, ծառերի ետևում, աղբյուրի մոտ կանգնած էր, մոսեննի թվանքով հեռվից աչքերս արուն կալած կրակեցի, բայց էդ րոպեին ոնց ստացվեց՝ մի աչքաճպելում նա թեքվել էր գետնին, թե ինչ՝ գնդակը ուրիշ տեղի կպավ… Հասա, ձեռքս կոտրվեր, գույնը գցած, շաղված աչքերով, ասես մի տեսակ ինձ հույս տալու ժպիտով՝ ձեռքը սեղմած կրծքին, գետնին ընկած նայում էր, ինչ-որ բան էր ուզում ասել, ասաց՝ մաման… Երկու անգամ ասաց՝ մաման, ու էդ էր, լեզուն կապ ընկավ, էլ չկարաց խոսել, ինչ էր ուզում ասել երեխաս՝ չիմացա, խոսքն էդպես էլ մնաց սրտում, շփոթված նայում էր, երևի ինքն էլ ոչինչ չհասկանալով, մատներս ափի մեջ երկու անգամ թույլ սեղմեց. հրաժեշտ էր տալիս երևի… Քանի տարի է, գիշեր թե ցերեկ՝ աչքիս առաջ… Սխալվելու համար, տես, մի րոպեն էլ բավական է, ափսոսալու ու հավետ տանջվելու համար ամբողջ կյանքն էլ քիչ է… Մարդ գիշերներն անքուն, աղ լցնելով իր վերքին, երկար հիշում է այն, ինչ ամենից շատ կուզենար մոռանալ… Ժամանակի ընթացքում ամեն ինչ գուցե թե կարելի է մոռանալ, բայց դե, զավակի կորուստը՝ չէ, զավակի կորուստը մինչև մահ-գերեզման մոռանալ չի լինի, դադարգյուն եղած երեխաս միշտ աչքիս առաջ՝ սիրտս կտոր-կտոր անելով էդպես խեղճ-խեղճ նայում է…
Հայրիկը լուռ էր, երկար ժամանակ լուռ էր, այնուհետև մի տեսակ խզված ձայնով ասաց.
– Հետո էլի եկան, նեղություն շատ տվին, գյուղի շուրջը ծմակներն ընկած, սար ու ձոր ընկած որոնեցին, բայց ում որոնեին, երեխաս չկար արդեն, ես նրան զոհ էի տվել: Էդպես է ստացվում: Մի տարի անց ձեռք քաշեցին, էլ չեկան: Է¯, ես Ղազարահողից իզուր տեղափոխվեցի Չլդրան, շա¯տ իզուր: Իմ ախպերք՝ Ջալալը, Ակուփը, Մուխանը, քուրս՝ Զառին, բոլորն էնտեղ էին՝ տնավորված, երեխոցով: Ես ինչո՞ւ եկա, ի՞նչ առաջ գցեցի, գդալ ու շերեփ շինելով, եղան ու թի շինելով, տաշտ ու տաշտակ շինելով ու էդ ամենը գիշերները ներքևի թուրքերում կորեկի ու գարու հետ փոխանակելով, շան քթից ջուր խմելով երեխա մեծացրի ու մեկ-մեկ կորցրի: Էս անարդար աշխարհում իմ արդար երեխոցս մեկ-մեկ կորցրի, անտեղի տեղը բոլորին կորցրի… Հարազատներիս մեջ, չէ, չէի կորցնի երեխոցս: Ես ծառերի վրա գրելով եմ տառերը սովորել, ուզում էի, որ երեխեքս անուսում չմնան, կրթություն ստանան, Ղազարահողում դպրոց չկար, էստեղ՝ կար… Կորցրածս շատ եղավ, գտածս՝ զերո…
Արցունքները գլորվում էին Հայրիկի այտերի վրայով: Հետո հառաչեց, ասաց.
– Ինչ ասեմ, էդպես եղավ… Է¯, ուրիշ ժամանակներ էին, ուրիշ աշխարհ: Ինքս ինձ հետ կռիվ տալով ապրել եմ: Ո՞ւմ պատմես և ի՞նչ պատմես, նույնն է, թեկուզ գայլի պես ձեն հանիր, գետնովը տուր քեզ, ի՞նչ կարող ես փոխել՝ ոչ մի բան…
Որոշ ժամանակ լուռ նստած էինք: Հայրիկը, ձեռքերով գետնին հենվելով, բարձրացավ տեղից, ցրված հայացքով նայեց շուրջը: «Չեմ գտնում, երեխաս խառնվել է խոտ ու ծաղկին, խոտ ու ծաղիկ դառել», – ասաց և նույն խոտածածկ արահետով ծանր քայլեց դեպի տնատեղերը:
Արևը վերստին հուրհրատում, այրում էր, այս ու այնտեղ քաղցր դայլայլում էին թռչունները, անդադրում երգում էր ճիճին:
Հասանք նույն տեղը, ուր հաց էինք կերել: Երկար ժամանակ լուռ նստած էինք, հետո Հայրիկը պառկեց գետնին, խոտերի վրա՝ դեմքով դեպի իրենց տնատեղերը: Այդպես շատ երկար մնացինք: Մոտիկ տեղ տանձի ծառ կար, լսվում էր՝ տանձը շարունակ կաթուկ էր տալիս: Տապից երերում էր օդը: Ճիճիները դարձյալ ճտճտացնում էին անդադար: Քիչ այն կողմ, նարնջագույն հատապտուղներով մասրենու թփերում, կլկլացնում հա կլկլացնում էր կեռնեխը: Չգիտեի՝ քնա՞ծ է Հայրիկը, թե մտածում է: Չէի համարձակվում ելնել ու նայել նրան: Բայց երևի քնած չէր, որովհետև կողքի ծաղիկներին ոտքերը ծաղկաթաթախ դեղնակարմրավուն մեղրաճանճեր էին նստում, միալար գվվում, և նրա հարցն էլ այդ մեղրաճանճերի մասին եղավ: Ուրեմն քնած չէր: Մտածում էր:
– Մեղուն գիտե՞ս ինչքան է ապրում, – երկար, շատ երկար լռությունից հետո հարցրեց Հայրիկը ու ինքն էլ պատասխանեց առանց ետ շրջվելու: – Երկու հարյուր քառասուն օր, այսինքս՝ ութ ամիս: Ութ ամսից հետո նա արդեն ծեր է, դուրս է գալիս փեթակից, թևերը հազիվ բացած ընկնում է խոտերի մեջ, որ չխանգարի ուրիշներին. գեղեցիկ ապրում է իր գեղեցիկ աշխարհում ու գեղեցիկ էլ մեռնում է, ասես ոչ թե մեղու է, այլ իսկական մարդ:
Բավականին ուշ էր, երբ Հայրիկի հետ գյուղ հասանք: Ծառերի ստվերները երկարել, կոտորակվելով օրորվում էին ձորալանջերին: Մեր ստվերները նույնպես, մերթ մեծանալով, մերթ փոքրանալով՝ մեզ հետ գալիս էին գյուղ: Սարերից արդեն ոտքով էինք իջնում: Երկու մեծ խուրջին ընկույզ ու կուլենի տանձ էինք հավաքել, գցել ձիու վրա, ես առջևից էի քայլում՝ ձիու կապը բռնած, Հայրիկը՝ իր ծերունական գայթուն քայլվածքով՝ ետևից: Գյուղավերևում, աղբյուրի մոտ, միանգամայն անսպասելի, տեսա Լյուդմիլա Առաքելյանին, որին ես վաղուց սիրում էի թաքուն: Սիրտս անհանգիստ սկսեց բաբախել: Նա գիտեր, որ ես շուտով մեկնելու եմ Սումգայիթ: Կուժն ուսին, թախծանուշ աչքերով երկար նայում էր: Չգիտեմ ինչու, ինձ թվաց, թե ես այլևս չեմ տեսնելու նրան, աչքերս լցվեցին: Եվ որպեսզի Լյուդիկը չտեսներ արցունքներս, ես շրջվեցի, նայեցի ետ. Կըղնախաչի միգապած սարերը ողողված էին մայր մտնող արևի ոսկեփայլով:
* * * * *
Մեքենայի երկար ազդանշաններից հասկացա, որ Ռոբերտն ու Արաքսյան վերադարձել են Յալամայից և ինձ են կանչում:
– Ախպերո, էս որտե՞ղ ես, – ուրախ ու, ինչպես միշտ, շարժուն ու գործունյա, ժպտաց Ռոբերտը, թևքերը քշտած նայելով ինձ: – Մի տես ինչ ձուկ ենք բերել:
Հսկայամեծ սևրյուգան ընկած էր տերևների վրա և բացուխուփում էր բերանը՝ ճիգով օդ որսալով:
Ձայնի վրա Ռենան դուրս եկավ Ալվարդի սենյակից և պատշգամբում կանգնած, ասես, մի տեսակ չհամարձակվելով ու կարծես թե ամաչելով, նայեց ինձ, ժպտաց:
Ես մի պահ նայեցի նրան՝ անկարող թաքցնելու հիացմունքս նրա ճառագուն տեսքից:
– Դուք նախաճաշեք, գնացեք ծով, ես ձուկը կմաքրեմ, բաստուրմա կդնեմ, ծովից կգաք, կխորովենք, – խորհուրդ տվեց Արաքսյան և գնաց նախաճաշ պատրաստելու:
– Ես կօգնեմ ձեզ,– պատրաստակամ ասաց Ռենան և գնաց նրա ետևից:
Նաբրանից դուրս եկանք, երբ հովն ընկել էր արդեն և տեղ հասանք երեկոյան դեմ: Խաղաղ Նաբրանից հետո քաղաքը գվվացող վիթխարի մեղվափեթակ էր հիշեցնում:
* * * * *
Սեպտեմբերի մեկին Էսմիրան զանգեց ինձ: Հարյուրավոր ձայների մեջ անգամ անհնարին է չճանաչել նրա անուշիկ ձայնը:
– Գիտե՞ք ինչի եմ զանգել, – հարցրեց նա:
– Եթե չասես՝ երբեք չեմ իմանա, – կատակեցի ես:
Նա ծիծաղեց, ասաց.
– Որպեսզի շնորհակալություն հայտնեմ:
– Իսկ ո՞վ է խանգարում, – նույն կատակախառն տոնով շարունակեցի ես: – Կարո՞ղ է՝ Զաուրը:
– Չէ¯, – կարկաչուն ծիծաղեց: – Ոչ ոք, ուզում էի ասել… շնորհակալություն «Շանելի» համար: Ես դա կյանքում չեմ մոռանա:
– Ես բոլոր տոներին քեզ համար «Շանել» կառնեմ, եթե քեզ այդքան դուր է գալիս այդ օծանելիքը: Ի՞նչ աղմուկ է այդտեղ:
– Դպրոցից եմ զանգում, դասամիջոց է:
– Ուզո՞ւմ ես քեզ մի անեկդոտ պատմեմ:
– Պատմեք:
– Դե, լսիր: Ութսուն տարեկան մի ծեր ղարաբաղցի քաղաքում մտնում է խանութ, գործակատարին ասում՝ երկու կոստյում տուր: Գործակատարն ասում է՝ ութսուն տարեկան մարդ ես, երկու կոստյումն ի՞նչ ես անում, մեկն էլ որ կարողանաս մաշել՝ լավ է: Չէ, ասում է, մեկն ինձ համար է, մեկը՝ հորս: Գործակատարն ասում է՝ եթե դու ութսուն տարեկան ես, ուրեմն, հերդ էլ կլինի հարյուր-հարյուր հինգ տարեկան, ճի՞շտ է: Ճիշտ է, ասում է ղարաբաղցին: Այդ տարիքում կոստյումը նրա ինչի՞ն է պետք, հարցնում է գործակատարը: Հորս հերը, իմ պապն՝ այսինքն, պսակվում է, բացատրում է նա, ուզում ենք նրա հարսանիքին լավ տեսքով լինենք: Ծիծաղից գործակատարի ուշքը քիչ է մնում գնա: Լսիր, ասում է, եթե դու ութսուն տարեկան ես, հերդ՝ հարյուր-հարյուր հինգ, ուրեմն պապդ կլինի մոտ հարյուր երեսունհինգ տարեկան: Եվ նա այդ տարիքում պսակվե՞լ է ուզում: Չէ, պատասխանում է մեր էս ղարաբաղցին, ինքը չի ուզում, ծնողներն են ստիպում:
Էսմիրան քրքջաց, ասաց.
– Բա դրա ծնողնե՞րը քանի տարեկան են:
– Երևի մի հարյուր վաթսուն:
– Չէ հա, մարդ այդքան ապրո՞ւմ է որ:
– Ինչո՞ւ չի ապրում: Ադամը ինը հարյուր երեսուն տարի ապրեց:
– Հնարում եք, – ծիծաղեց Էսմիրան:
– Իսկ գիտե՞ս ինչքան է ապրել Նոյը:
– Ինչքա՞ն:
– Վեց հարյուր տարի մինչև ջրհեղեղը, որը տևեց ուղիղ հարյուր հիսուն օր, և երեք հարյուր հիսուն տարի՝ ջրհեղեղից հետո:
– Չէ հա, – նորից ծիծաղեց Էսմիրան: – Չի կարող պատահել: Ես երբեք չեմ հավատա:
– Հրեաների նախահայրերից Մաթուսաղան, Էսմիրա, ինը հարյուր վաթսունինը տարի ապրել է, վեց հարյուր տարեկանում նա այնքան առույգ, կենսախինդ ու հմայիչ էր, որ Հրեաստանի աղջիկներն առաջին հայացքից սիրահարվում էին, և ոչ ոք երեք հարյուր հիսունից ավելի տարիք չէր տալիս նրան:
– Օ¯յ, օ¯յ, օ¯յ, – չգիտես զարմանքով, թե սրտաբուխ հրճվանքով ծիծաղեց Էսմիրան, և ես մի պահ պատկերացրի նրան՝ կիսաբաց հրաբոսոր շուրթիկներով, միահավասար ատամների արտակարգ ճերմակությամբ ու ծիծաղկուն աչքերի շողշողուն փայլով՝ գլուխն օրորելիս: – Չէ հա, սիրահարվում էին… Հնարում եք, հնարում եք, հնարում եք, – դարձյալ ծիծաղեց նա: – Չեմ հավատա, երբեք չեմ հավատա, մենք այդպիսի բան չենք անցել դպրոցում, բայց կստուգեմ, անպայման կստուգեմ: Իսկ դուք գիտե՞ք այս անեկդոտը. հայկական ռադիոյին հարց են տալիս. «Ճի՞շտ է, որ Կարլ Մարքսն ու Ֆրիդրիխ Էնգելսը մարդ ու կին են»: Հայկական ռադիոն պատասխանում է. «Ոչ, դրանք չորս տարբեր մարդիկ են»: – Էսմիրան կրկին ծիծաղեց նույն սրտաբուխ հրճվանքով, ասաց, – սպասեք մեկն էլ պատմեմ… Բայց չէ, զանգը տվին, ափսոս: Դե լավ: Անչափ, անչափ, անչափ, անչափ շնորհակալ եմ, – նա դարձյալ կարկաչուն ծիծաղեց, կախեց հեռախոսը:
Ես երկար ժպտում էի՝ լցված ինչ-որ անհայտ, պայծառ ուրախությամբ:
* * * * *
Ռենայի հետ, ինչպես և առաջ, հանդիպում էինք շաբաթ օրերին, մեքենայով շրջում էինք քաղաքում ու քաղաքից դուրս, այնտեղ, քաղաքից հեռու, Բինաղադիից այն կողմ, Նովխանիի ծովափ տանող ճանապարհին, ուր, համեմատաբար, մեքենաները քիչ էին, ճանապարհի երկու կողմերում նավթաշտարակների անկտիներն էին միայն վարուվերում՝ նավթ արտամղելով, ես Ռենային սովորեցնում էի մեքենա վարել, երբեմն թենիս էինք խաղում «Դինամո» սպորտընկերության բացօթյա ցանցապատ խաղադաշտում կամ հատուկ այցետոմսով փակ կինոնկարներ դիտում կառավարական շենքում: Ամենից անմոռացը նոր տարվա նախօրյակի երեկոն էր «Գյուլիստան» ռեստորանում:
Անկրկնելի, անմոռանալի երեկո էր դա, ձյունառատ ու տաք երեկո: Դրսում սպասում էինք՝ մինչև Ռոբերտը կգար: Փետրաթեթև ձյուն էր տեղում անընդհատ: Ձյան խոշոր փաթիլները հարյուր հազարավոր, միլիոնավոր ճերմակ թիթեռնիկների պես ճախրում, գալարվում էին օդում, ասես ալարելով՝ դանդաղորեն իջնում ցած:
Մեզնից քիչ հեռու, թեփուկատերև ձյունածածկ նոճիներից այն կողմ, ֆունիկուլյորն էր, թեք վերելքով ճռնչալով՝ դեպի Կիրովի զբոսայգի էր բարձրանում ձյան կապտաճերմակ թափանցիկ վարագույրով շղարշված լարավոր վագոնը: Հեռվում, իրիկնային աղոտ երկնքում կարմրավուն կրակներով լուսավորված՝ միայնակ կանգնած էր հեռուստատեսային աշտարակը:
Ռենայի կիսամուշտակի տակից ես ձեռքերս մտցրել, գրկել էի նրա հեշտանքավառ խաղացկուն իրանը, ես նրան ձգում, սեղմում էի ինձ, շնչելով նրա ողորկ պարանոցի անուշաբույրը, և սիրտս խլրտում, հոգիս ցնծում էր այդ տաքուկ մերձեցումից: Նրա գլուխը թեթևակի ետ էր գցած, ձյան լայնշի փաթիլները թևավոր աստղերի պես անդադար իջնում էին նրա լուսավոր դեմքին, Ռենան՝ հուզիչ ու մատղաշ, դեռատի, ձեռնոցավոր ձեռքերը մտցրած մեկը մյուսի մորթավոր թևքը, քմահաճ աղջնակի նման հրճվալից ծիծաղում էր՝ լեզվի ծայրով որսալով այդ փաթիլները:
Նեոնային լույսերի մեջ՝ գոլորշի էր ելնում նրա անուշիկ բերանից, ես նրան ավելի ու ավելի էի սեղմում ինձ, շարունակ մրմնջալով. «Ցավդ տանեմ, ցավդ տանեմ, ցավդ տանեմ», և աչքերս լցվում էին Ռենայի հանդեպ տածած անասելի մեծ սիրուց ու իմ սրտի խորքից ելնող խանդաղատանքի արցունքով:
– Լեո, – ցածրիկ, մի տեսակ ասես զգուշավոր ձայնով շշնջաց Ռենան, – ամեն մի աղջիկ, կին՝ նշանակություն չունի, ուզում է իր կողքին տեսնել իսկական տղամարդու՝ ուժեղ, վճռական, բարի ու հասկացող, որպեսզի նրա հետ իրեն սիրված, ցանկալի ու պաշտպանված զգա: Կյանքում ամենից գլխավորն այն չէ, որ ունի մարդ: Առավել կարևոր է սերը, հավատը, անմնացորդ նվիրաբերումն այդ սիրուն: Մարդուն մի սիրտ է տրված ու այդ սրտում մի տեղ՝ միայն մեկի համար, և ես չեմ սխալվել՝ ընտրելով ու սիրելով քեզ, երբ այդ մասին մտածում եմ, ինքս ինձ նախանձում եմ, և միակ բանը, որ այս աշխարհում կարող եմ անել, քեզ սիրելն ու պաշտելն է, սիրել և խոնարհվել քո առջև, որպես միակի, որին ես հենց այս պահին կարող եմ նվիրաբերել իմ ամբողջ կյանքը՝ առանց մի վայրկյան անգամ մտածելու, առանց մի ակնթարթ անգամ տատանվելու:
Ես բարձրացրի հայացքս և խանտաղատանքի բուռն զգացումը, ինչպես քիչ առաջ, համակեց ինձ. Ռենայի կապտակախարդիչ աչքերում նույնպես արցունք էր լճացել, որը շողշողում էր գույնզգույն լույսերից:
– Ռենա, Ռենա, իմ աննման Ռենա, – բերկրանքից ու հուզմունքից շնչասպառ՝ արտասավոր ուժգնությամբ բաբախող սրտով ասացի ես, սակայն շարունակել չհասցրի, Ռոբերտի ձայնն ընդհատեց ինձ.
– Ախպերո, – դուրս գալով մեքենայից, հեռվից ուրախաձայն բացականչեց Ռոբերտը: – Քեֆ անողին քեֆ չի պակսի, քեֆ ենք անելու, – ոգևորված ասաց նա: – Ձյունն ու ցուրտն ի զորու չեն խանգարելու մեզ՝ հասնելու մեր ազնիվ նպատակին:
Առաջին հարկում, հանդերձարանում, մենք հանվեցինք, բարձրացանք ռեստորան, ուր Ռոբերտը նախօրոք սեղան էր պատվիրել: Ռոբերտը մենակ չէր, իր ընկերոջ՝ Զարմիկի հետ էր: Ռոբերտի նման դյուրաշարժ ու գործունյա՝ Զարմիկը նույնպես առաջ կապի նախարարությունում էր աշխատում, բայց հետո թողել, դուրս էր եկել այնտեղից և հիմա գործն առևտրի հետ էր՝ միրգ ու բանջարեղեն էր առաքում Մոսկվա:
Հաստ ու թավ բեղերով՝ Զարմիկը բոլորովին նման չէր հայի, բնիկ նախիջևանցի էր և ադրբեջաներեն խոսում էր նախիջևանցիների առոգանությամբ՝ Նախիջևանն արտաբերելով՝ Նախծվան:
«Ես Ագուլիսից եմ, – ասաց Զարմիկը: – Ագուլիսեցիները գիտե՞ք ինչով են հայտնի, – ծիծաղելով ասաց նա: – Պանիրը դնում ենք բանկայի մեջ, հացը քսում բանկային, ուտում»:
Իրենց սիրած աղջիկների՝ Լիայի և Սիմայի հետ էին նրանք երկուսն էլ: Լիային ես շատ էի տեսել, նա և Ռոբերտը վաղուց էին հանդիպում, իսկ Սիմային՝ Բաքվին մերձակա Զաբրատ ավանից, ազգանունը՝ նույնպես Մահմուդովա, սպիտակամաշկ ու գեղաչյա, տեսնում էի առաջին անգամ: Երկրորդ հարկի ընդարձակ դահլիճում, որտեղից ամբողջ քաղաքը՝ իր առկայծող լույսերով, մեր աչքի առաջ էր, մենք ամբողջ երեկոն երգ ու նվագի տակ ինքնամոռաց պարում, անվերջ կատակում, անհոգ ծիծաղում էինք:
Զարմիկը հեքիաթատիպ անեկդոտ պատմեց. «Մի օր մի մարդ գետում ձուկ բռնելիս հանկարծ արծաթե ձկնիկ է բռնում, – սկսեց նա: – Էս ձկնիկը մարդկային լեզու է առնում ու ասում. «Ախպեր ջան, ինձ բաց թող՝ մի ցանկությունդ կկատարեմ»: Էս մարդը հայրենասեր տղա է լինում ու արծաթե ձկնիկին Տիգրան Մեծի ժամանակների Հայաստանի քարտեզն է ցույց տալիս ու ասում. «Ուզում եմ ծովից-ծով Հայաստան»: Արծաթե ձկնիկը նայում է քարտեզին, մտքում գցում-բռնում է ներկա քաղաքական ու տարածաշրջանային իրավիճակն ու ասում. «Ցավդ տանեմ, էս գործի համար ոսկե ձկնիկի թափն ա պետք: Կներես, բայց ուրիշ բան ուզի»: Էս մարդը մի պահ ուզում է գժվի ու արծաթե ձկնիկին կուլ տա, բայց մի բան է հիշում ու ասում. «Տանը մնացած երեք աղջիկ ունեմ, որ մարդու տաս՝ նոր բաց կթողնեմ»: Արծաթե ձկնիկն ասում է. «Ցույց տուր աղջկերքիդ նկարները»: Էս մարդը ջեբից հանում է իր աղջիկների նկարները ու ցույց տալիս արծաթե ձկնիկին: Արծաթե ձկնիկը նայում է նկարներին, նայում է, նայում ու ասում. «Չէ, ախպեր ջան, ավելի լավ է քարտեզը տուր՝ տենամ ինչ եմ անում»:
Մենք բոլորս բարձր ծիծաղեցինք, որովհետև և՛ անեկդոտն էր սրամիտ, և՛ Զարմիկն էր շատ համով պատմում:
Հետո ես ու Ռենան իսպանական «Ֆլամինգո» պարեցինք և, հավանաբար, լավ էինք պարում, հատկապես Ռենան՝ խանդավառ ու չքնաղատեսք, ուղղակի մի աննման սքանչելիություն, լանջաբացվածք ունեցող վառ կարմիր շողշող երկար շորով, որովհետև մյուս պարողները շուտով ետ քաշվեցին՝ պարահրապարակը թողնելով ինձ ու Ռենային, և, շրջան կազմած, ռիթմիկ ծափերով քաջալերում էին մեզ:
Ուրախ և հաճելի երեկո էր և չիմացանք, թե ինչպես անցավ ժամանակը:
– Թող նոր տարին նոր ուրախություններ բերի մեզ բոլորիս, – վերջում իր կենաց-խոսքում ասաց Ռոբերտը: – Թող երջանկություն բերի բոլորիս, և համոզված եմ, որ այդպես էլ կլինի, բարեհաջող տարի կլինի: Կյանքը երբեմն մարդուն անկրկնելի, երջանիկ ակնթարթներ է պարգևում՝ ինչպես որ այսօր: Երջանկությունը վաղվա օր չունի, այն երեկվա օր նույնպես չունի, չի հիշում անցյալը, չի խորհում գալիքի մասին, այն միայն ունի ներկա, և դա էլ ոչ թե մի ամբողջ օր, այլ կարճ ժամեր, րոպեներ, գուցե և ակնթարթներ, և երջանկության գաղտնիքը նրանում է, որպեսզի այդ ակնթարթները, որ երբեմն մի ամբողջ կյանք արժեն, ինչքան հնարավոր է, հաճախակի կրկնվեն: Շնորհավոր ձեր Նոր տարին, սիրելիներս: Հանդիպում ենք այստեղ, այս շքեղ սրահում, փետրվարի քսաներեքին՝ Կարմիր բանակի օրը, երեկոյան ժամը վեցին: Համաձա՞յն եք:
– Համաձայն ենք, – խնդուն բացականչություններով համաձայնվեցինք բոլորս և մեր բյուրեղյա ըմպանակները զվարթ զնգոցով բախվեցին իրար՝ ի նշան համաձայնության:
* * * * *
…Ավա¯ղ, մեզ չհաջողվեց հանդիպել փետրվարի քսաներեքին շքեղազարդ «Գյուլիստանում», ինչպես և չհաջողվեց կատարել Նոր տարվա գիշերը մորս տված խոստումը՝ Ռենային հյուր տանել նրանց մարտի ութի տոն օրը:
Առհասարակ, նոր տարին այնքան էլ բարեհաջող չսկսվեց: Ռենան մրսել, հիվանդացել էր, ես շարունակ անտրամադիր էի, մինչև նա կազդուրվեց, և ես հնարավորություն ունեցա նրան տեսնելու:
Հունվարի վերջերին խմբագրությունում մեծ կռիվ առաջացավ Թելման Կարաբաղլի-Չալյանի և նույն բաժնում աշխատող Գևորգ Աթաջանյանի միջև: «Գամ ես, գամ՝ նա, – ինչ-որ մեկից վերցրած չվառած սիգարետը մատների արանքում՝ միջանցքում հուզված այս ու այն կողմ գնալով, կրկնում էր Թելմանը: – Վսյո, երեսուներեք դոգոսանոս ալիմենդով մեձասող իմ էրգու ջոխդակ դղայիս գարմուր արևը, քինամ եմ նախագի մոդը: Մուգունը գուջուր մուգունա, բայս վար ինգնում ա օխտը կուժանոս գարասի մեջը, սաղ մուռդառում ա: Դա մուռդառ մուգուն ա: Դոնս քանդիս, գյանքս քանդիս, ինս շաքյարի հիվանտ շինիս, էդ լագոդը հո՞վ պերավ էսդեղ»:
Բանն այն չէր միայն, որ նրանք՝ երկու մեծահասակ մարդ, ամբողջ կոլեկտիվի առաջ ամենավերջին խոսքերն էին ասել միմյանց: Նրանք երկուսն էլ՝ իրենց վարք ու բարքով, իրար արժեն, և նրանց վեճ ու կռիվն էլ սովորական, առօրյա երևույթ էր, ցավալին այն էր, որ այդ մասին իմացավ նաև կոմիտեի ղեկավարությունը:
Տհաճ խոսակցություն եղավ նախագահ Էլշադ Գուլիևի առանձնասենյակում: Ներկա էին նախագահի տեղակալները, կոմիտեի բոլոր գլխավոր խմբագիրները, սկզբնական կուսկազմակերպության քարտուղարը, արհմիության նախագահը՝ շուրջ երեսուն մարդ:
Նախագահը ջահել, բայց ծանրամարմին, գլուխն ուսերի մեջ խրված, տեղում նստած կարդաց Թելմանի բողոքը, երկար խոսում էր զայրացած տոնով ու ցնցուղային աստմայից ծանր շնչելով, կշտամբեց գլխավորին՝ այդպիսի նենգավուն մարդուն աշխատանքի ընդունելու համար: Նա կարդաց նաև Աթաջանյանի կնոջ՝ Ռոզալիա Ավետիսյանի նամակը, ուր նա պաղատագին խնդրում էր օգնել՝ ալիմենտ ստանալու: Կար և մի ուրիշ նամակ, ինչ-որ Ռիտա Գրիգորյանից: Սա բողոքում էր Աթաջանյանից, որը սուտ խոստումներով պատվազրկել է իրեն ու փախել:
Ի վերջո, որոշում ընդունվեց, ըստ որի գլխավորին խիստ նկատողություն հայտարարվեց, իսկ Աթաջանյանը վտարվեց աշխատանքից: Ընկճված տրամադրությամբ մենք բարձրացանք խմբագրություն: Գլխավորը լուռ էր, չափազանց հուզված: «Մարդ չի, էլի, մարդ չի, – արդեն իր առանձնասենյակում կատաղի ասաց նա Աթաջանյանի հասցեին, – երախտամոռ անասուն է: Հիմա նրանք ի՞նչ պիտի մտածեն մեր մասին… Իմ ու նախկինի երաշխավորությամբ մի օրվա մեջ, պատկերացնո՞ւմ ես, Լեո, մի օրվա մեջ, գրողների միության շարքերն ընդունվեց, մարդիկ քսան տարի սպասում են, չեն կարողանում ընդունվել, նրան մի օրվա մեջ ընդունեցին, որպեսզի գրողների միության մարզային բաժանմունքի քարտուղար նշանակեն: Վերևից հրահանգ կար՝ շտապ ընդունել: Ես հետո միայն իմացա, թե նա ինչ ճանապարհով էր դրան հասել: Մենակ հո դա՞ չի, Լևոն Ոսկանյանի խնդրանքով գրող Սուրեն Կասպարովն իր տանը գրանցեց նրան, «Գրական Ադրբեջանում» սրբագրիչ էր, հեռացնելուց հետո եկավ աղաչեց, դու էլ բարեխոսեցիր, հիշում եմ, գործի ընդունեցինք: Էլ ի՞նչ պիտի անեինք, ասա խնդրեմ, որպեսզի մարդավարի պահեր իրեն, չխայտառակեր մեզ: Բարձր հոնորար էինք նշանակում, մտածելով, որ ալիմենտ է վճարում երեխաներին: Տեսա՞ր, պարզվում է՝ ոչ մի կոպեկ էլ չի ուղարկում ընտանիքին: Չես հասկանում, ի՞նչ մարդ է դա: