bannerbanner
ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ)
ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ)полная версия

Полная версия

ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ)

Настройки чтения
Размер шрифта
Высота строк
Поля
На страницу:
12 из 26

Ես միանգամից շրջեցի նրան դեպի ինձ` բուռն տենչանքով համբուրելով կամակոր շուրթերը, պարանոցը, աչքերը, կրկին ու դարձյալ հղկուն պարանոցն ու հրաբորբ շուրթերը… Հագենալ չէի կարողանում:

Հետո մենք ձեռք-ձեռքի լողալով հասանք ափից հեռու, ծովի խորքում շարունակ ճոճվող խարսխավոր լողակին, որից այն կողմ անցնելը խստիվ արգելվում էր: Հետո դանդաղորեն ալիքվող ծովի մակերեսին մեջքի պառկած` երկար ժամանակ լողում էինք, և ծովը` խորունկ, մուգ կապույտ ու անեզր, մեզ մեղմ օրորում էր, մեր գլխավերևում կապտաժեռ երկինքն էր ամպի հատուկենտ մալանչներով, և ճայերը, որ շարունակ ուղեկցում էին մեզ` երբեմն ետ ընկնելով, երբեմն կրկին հասնելով մեզ իրենց կանչ ու ճռվողյունով: Հետո Ռենան, ապավինած իմ թևերին, սահում էր կուրացուցիչ ջրերի վրայով: Հետո մենք զուգահեռ լողում էինք` իմ աջ ու իր ձախ ձեռքերի մատներն իրար միահյուսած: Հետո Ռենան ասաց. «Իմ սերը քո հանդեպ ամեն օր ու ամեն ժամ ավելի ու ավելի է ուժգնանում, երբեմն թվում է` առանց քեզ սիրտս կտոր-կտոր կլինի կարոտից», և այդ փաղաքուշ խոսքից հոգին իմ փառավորվում էր, սիրտս անկանոն բաբախում կրծքիս տակ: Հետո Ռոբերտը կանչեց ափից: Նա մեզ համար մոշ էր բերել…


* * * * *


Ծովից վերադարձանք, երբ արևն իջել, նստել էր անտառների վրա և ծառերի բարձր կատարները վառվում, հուրհրատում էին հրացոլքի շերտավոր լույսից:

– Ի¯նչ սքանչելի տեղեր են, Լեո, – ինչպես մինչև ծով մտնելը, երբ դեռևս կանգնած էինք խճուղուց այն կողմ, դարձյալ ասաց Ռենան, երախտագետ հայացքով նայելով ինձ: – Կյանքում երբեք չեմ մոռանա… Մի՞թե այսպիսի վայրեր կան մեր հանրապետությունում՝ չգիտեի:

– Իսկ եթե Բելոկանում լինես կամ Լերիկում, Լենքորանից հիսունհինգ կիլոմետր դեպի լեռները: Գիտե՞ս ինչ տեղեր են: Հրա¯շք:

Մենք գնացինք խանութի կողմը՝ հաց առնելու: Ռենան ու Ռոբերտը մնացին դրսում, ես մտա ներս: Այստեղ ամեն ինչ կար, խառն ապրանքի խանութ էր՝ ներծծված գյուղական խանութներին յուրահատուկ նամշահոտով: Գնեցի հացը, աչքի անցկացրի մյուս իրերը: Եվ այստեղ, ցուցափեղկին ֆրանսիական օծանելիքներ տեսա՝ «Շանել № 5»: Ինչքան ժամանակ էր՝ որոնում էի Էսմիրայի համար: Ռենայի համար «Քլիմա» գնեցի. դա նրա սիրելի օծանելիքն էր, քաղաքում դժվար էր ճարվում: Եվ, ո¯վ զարմանք, գործակատարուհին գեղեցիկ մի կուլոն ցույց տվեց ինձ: Ոսկյա կուլոն էր՝ կենտրոնում ասեղի գնդիկի մեծության կապուտաչյա ադամանդ: Շատ նուրբ աշխատանք էր, ես նույնիսկ չկարողացա թաքցնել հիացմունքս, որովհետև Ռենայի համար ծանոթ ոսկերչի մոտ հատուկ պատվերով «Լյուչիա» գործվածքի ոսկյա շղթայիկ վաղուց էի գնել, բայց կուլոն չէր հաջողվում գտնել: Առա և բարձր տրամադրությամբ դուրս եկա: Ռենան, հայացքը խանութի դռանը, սպասում էր, ինձ տեսնելով, լայն ժպիտը ծաղկելով տարածվեց դեմքին, ասես երկար ժամանակ ինձ չէր տեսել:

– Հացի հե՞րթ էր, ինչ է, – զարմացավ Ռոբերտը:

– Ռենա, տես քեզ համար ինչ եմ գնել, – մանրանրբին տուփը բացելով, ուրախ ասացի ես: – Տես ինչ սիրուն է: Սիրուն է, չէ՞:

– Սիրուն է, – շնչահատ հիացմունքով գովեց Ռենան և, ամռան արևի պայծառ ցոլքը կապույտ աչքերում, նայեց ինձ: – Շնորհակալ եմ, սա ես կպահեմ որպես թալիսման, – ասաց նա և, կուլոնը ձեռքի մեջ սեղմած, աչքերը փակ, աղոթքի պես կամացուկ արտասանեց.


Храни меня, мой талисман,

Храни меня во дни гоненья,

Во дни раскаянья, волненья,

Ты в день печали будь со мной…*


Ռենան բաց արեց աչքերը՝ լուսապայծառ, ջինջ, նայեց ինձ բերկրալի ծիծաղկոտ հայացքով:

– Իրոք, ի¯նչ սիրուն է, Լեո, – նորից հիացավ Ռենան, կուլոնը դրեց շուրթերին, – միշտ ինձ հետ կլինի, – քնքշանվաղուն շշնջաց նա, – և ամենուր, ուր էլ որ գնամ, ուր էլ որ լինեմ՝ մոտս կլինի, և կպահպանի ինձ չարից, միշտ կպահպանի ինձ… քեզ համար, – նա ժպտահայաց նայեց ինձ և անսպասելիորեն, խնդուն հրճվանքով միանգամից նետվեց գիրկս և, առանց Ռոբերտից քաշվելու, փափուկ տաք շուրթերով համբուրեց այտս: Հետո հանեց իմ նվիրած շղթայիկը, կուլոնը հագցրեց շղթայիկին: Ես օգնեցի նրան՝ պարանոցի վրա միացնելու հանգույցը:

– Սա քեզ, իսկ սա Էսմիրային, – օծանելիքի տուփերը մեկնելով Ռենային` ժպտալով ասացի ես: – Հիշատակ Նաբրանից:

Ռենան գորովասիրտ հայացքով նայեց ինձ, գլուխը սեղմեց իմ ուսին:

– Շնորհավորում եմ, – ասաց Ռոբերտը: – Լեո, տեսնո՞ւմ ես ինչ խերով ոտք ունեմ: Գնացինք: Արաքսյայի ամուսինը հիմա կգա, հարկավոր է շուտ մորթել:

– Լսիր, – ծիծաղեցի ես, – ի՞նչ եք կպել այդ մարդուն:


*Պահպանիր ինձ, իմ թալիսման,

Պահպանիր ինձ հալածանքի օրերին,

Եվ օրերին զղջումի ու խռովքի,

Եղիր ինձ հետ օրերին իմ վշտալի:


Ռոբերտը նոր հասկացավ, որ ինքն էլ Արաքսյայի նման է արտահայտվել և բարձր ծիծաղեց:

Արաքսյայի ամուսինը՝ Սարգիսը, արդեն եկել էր, ընկուզենու տակ կանգնած մեզ էր սպասում: Չնայած ամռան շոգին, չգիտես ինչու, ականջավոր գլխարկով էր նա: Գլխարկի մի ականջը ծիծաղելիորեն վեր էր տնկված, մյուսը՝ կախված, խոսելիս երկար քուղերը ծածանվում էին:

Բարևեցինք: Ռոբերտը նրա հետ գնաց ընտրելու գառը:

– Մի բան ուտեիք մինչև խորովածը, – առաջարկեց Արաքսյան: – Ծովից հետո քաղցած կլինեք:

Մենք հրաժարվեցինք. քաղցած չէինք:

– Դե եկեք ձեր սենյակները ցույց տամ, – ասաց Արաքսյան՝ ինձ ու Ռենային ուղեկցելով դեպի տան կից գտնվող երկհարկ նորակառույց սենյակները:

Անցյալ տարի, երբ մենք այստեղ էինք, այս օժանդակ կառույցը չկար:

– Տղաս է կառուցել, – անսքող հպարտությամբ բացատրեց Արաքսյան, իսկ Ռենային ասաց, – տղաս ու աղջիկս Սվերդլովսկում են ապրում: Ինստիտուտն ավարտել են, մնացել էնտեղ: Առևտրի բնագավառում են աշխատում, երկուսն էլ ամուսնացած են: Բայց՝ անհաջող, – հոգոցով ավելացրեց նա:

Փայտե սանդուղքներով բարձրացանք վեր: Հյուրանոցային երկսենյականոց համարի էր նման՝ բոլոր հարմարություններով, կահավորված, այգու վրա բացվող լուսամուտներով, պատերին ու հատակին՝ սինթետիկ գորգեր: Հեռուստացույց ու մագնիտոֆոն էլ կար:

Արաքսյան միացրեց հեռուստացույցը:

– Դու հանգստացիր, ես գնամ Ռոբերտին օգնելու, – ասացի ես` խանդաղատանքով նայելով Ռենային:

Աստված իմ, ինչքան եմ սիրում նրան, պատրաստ եմ չոքել առաջը, անհագ կարոտով համբուրել ձեռքերը:

– Գնա, – ժպտաց նա, և ես դուրս եկա, թողնելով նրանց մենակ. Ռենային՝ լուսամուտի առջև կանգնած, Արաքսյային՝ գյուղական հուշերով տարված:

Ռոբերտն ու Արաքսյայի ամուսինն աշխույժ զրույցի էին բռնված: Պարզվեց, որ նրանք ծնունդով հայրենակիցներ են, երկուսն էլ Շուշիի շրջանից. մեկը` Բերդաձորից, մյուսը՝ Քարինտակից: Սարգիսը ճանաչում էր Ռոբերտի հորը՝ էնկավեդեի մայոր Համբարձում Սևումովին: Ավելի ճիշտ, Սարգիսը՝ դեռ փոքր երեխա, շատ անգամ է նրան տեսել՝ կարճահասակ, մոնղոլական նեղակն մանրիկ աչքերով, թունդ հայհոյող ու դաժան այդ մարդուն:

– Շատ խիստ մարդ էր, ահուդողի մեջ էր պահում մեր գյուղարանքը, – պատմում էր Սարգիսը, – որ Քարինտակ՝ մեր գյուղ էր գալիս, մարդկանց սիրտն ահ ու սարսափ էր ընկնում:

– Ի՞նչ էր անում որ, – հետաքրքրվեց Ռոբերտը: – Ծեծո՞ւմ էր:

– Բա ինչ էր անում՝ ծեծում էր, – խուլ արձագանքեց Սարգիսը: – Գյուղխորհրդի գրասենյակում ում ասես՝ բանտարկում էր: Նրա ահից, ճիշտն ասած, գողություն-բան չկար մեր կողմերում:

– Ինձ էլ է շատ ծեծել, բան չկա, – ծիծաղեց Ռոբերտը: – Բռնիր ոտքը: Ահա այստեղից: Կուսակցությանը նվիրված մարդ էր, ասում էին պետք է ծեծել՝ ծեծում էր:

Սև գառը գլխիվայր կախվեց կեռից: Ռոբերտը գնահատող հայացքով նայեց գառանը, դանակներն իրար քսելով սկսեց սրել:

– Բայց, մեկ է, սիրտս գյուղի վրա է, – անսպասելի ասաց Սարգիսը: – Ճիշտ է, քշեցին բերին փեզո, սակայն մեր սիրտը գյուղից չկտրվեց, մնացինք գյուղին կարոտ: Մեկ է, ես էստեղ մնացողը չեմ, քյիսըմ գյուղ:

– Ռոբերտ, – հեռվից կանչեց Արաքսյան, – խնդրում, աղաչում, պաղատում եմ, էդ մարդուն տարեք Բաքու, գնացքով ճանապարհ դրեք, մեղք է, թող գնա իրենց գյուղը:

Սարգիսը ետ նայեց, խեղճ-խեղճ ժպտաց:

– Երեսուն տարի է, նույն խոսքն եմ լսում՝ մեր շենը կարոտեսըմ, քիիս ըմ գիուղ, – բերանը թեք ծաղրեց նա: – Գնա, – հրամայողաբար ավելացրեց Արաքսյան: – Տան գործերը ես եմ անում, բոստանը ես եմ բեջարում, լոբին ես եմ ջրում, կովերը ես եմ կթում, ձեռքովը ոչ մի բան չի գալիս, հենց վաղը շալա-քյուլադ հավաքիր ու գնա: Մի տեսնեմ՝ ինձնից բացի քեզ ո՞վ պիտի պահի:

Սարգիսը այտը ծուռ քմծիծաղեց բեղի տակ, կամաց ասաց.

– Տղաս կպահի:

Արաքսյան լսեց, չարախնդորեն ծիծաղելով ասաց.

– Տղան քոնը չի, իմն է: Քո հույսին մնար՝ էն էլ չէր լինի, – ասաց, լիաթոք ծիծաղեց գլուխը ետ գցած: – Աստված չաներ՝ քեզ գար, քեզ նման անբանի մեկը կլիներ: Պիտի տավարի մոտ նստեր, բերանը բաց հորանջեր: Բայց էն մեծ քաղաքում մի ամբողջ գաստրոնոմ է ղեկավարում, և բոլորը գոհ են: Պատմիր նրանց, թե ոնց ես մեր տասներեք ոչխարը գողանալ տվել:

– Էհ, զահլա տարավ, – կամացուկ, որպեսզի կինը չլսի, ասաց Սարգիսը՝ դարձյալ քմծիծաղ տալով բեղի տակ:

– Օրը ցերեկով ոչխարն աչքի առաջից տարել են՝ չի տեսել:

– Որ հրացան լիներ՝ չէին տանի, – արդարացավ Սարգիսը:

– Հրացանն էլ կտանեին, – համոզված ասաց Արաքսյան: – Երանի թե ոչխարի հետ՝ քեզ էլ տանեին: Քեզ էլ որ տանեին, – ասաց նա, – կհաշվեինք՝ տասնչորս ոչխար են տարել:

Ասաց ու բարձր ծիծաղեց:

Սարգիսը ձեռքը թափ տվեց՝ դեմքի մի այնպիսի արտահայտությամբ, որ նշանակում էր՝ հավես չկա գլուխ դնելու քեզ հետ:

Նա Ռոբերտից սիգարետ վերցրեց, ծխեց:

– Մեր Քարինտակը հերոսական գյուղ է, – հպարտությամբ ասաց Սարգիսը: – Երգ էլ կա մեր գյուղի մասին.

Քարինտակը խոր ծյորա,

Քըրքարոտ հըղեյա, ծյորա,

Յարիս ըսեցեք միշտ հիշի՝

Կռեվներում ես կորա…

Մերս երգում ու լաց էր լինում: Հայրենական պատերազմում ինչքան հայ է կորել՝ բոլորը Կերչում են խփվել: – Նա հուզված տարուբերեց գլուխը, մի պահ մնաց լուռ, հետո ասաց, – Քարինտակ են ասում մեր գյուղին, որովհետև քերծի տակ է, իսկ քերծի վրա Շուշի քաղաքն է: Էդ բարձունքից քանի-քանի անգամ քարեր ու վառված անվադողեր են գլորել գյուղի վրա: Մեր գյուղացիք, իմ մերս նույնպես, իրենց աչքով են տեսել՝ 1920-ի մարտին, երբ թուրքերը Շուշին վառել էին, էդ բարձունքից հայ կանանց ու երեխաներին նետում էին անդունդը: – Սարգիսը դարձյալ հուզվեց, քիչ լռեց: – Բայց պատմության մեջ չի եղել էնպիսի մի դեպք, որ կարողանային մեր գյուղը գրավել: Քարքարոտ է մեր գյուղը, բայց սիրուն, – երանությամբ ասաց նա: – Մեր գյուղացի Գերասիմ Սուլեյմանյանին, որը նամակ էր գրել Մոսկվա՝ Ղարաբաղը Հայաստանի հետ վերամիավորելու մասին, տարան աքսոր, գյուղից տանելիս արտասունքն աչքին ասել է. «Ախ, իմ ծնող քարեր, իմ ծնող աղբյուրներ, մնացիք անտեր»:

– Աղբյուրներ շա՞տ կան ձեր գյուղում, – հարցրեց Ռոբերտը:

– Շա¯տ, և ի¯նչ աղբյուրներ՝ սառնորակ, քչքչան ու գլգլան, – ոգևորվեց ու թախծեց Սարգիսը: – Օխնա աղբյուրը, Քարե աղբյուրը, Պեխին աղբյուրը, Որսի աստված աղբյուրը, Կրմնջին աղբյուրը՝ որ մեկը թվես: Լիպա անունով աղբյուր էլ կար, տաշած քարերով սարքած, վրան՝ հայերեն տառերով կամար: Կռվից առաջ քանդել, քարերը տարել են Շուշի՝ ռայկոմի համար շենք կառուցելու: Հոնուտի ձորում էլ լավ աղբյուր կա, Շոր աղբյուր ենք ասում, ջրից շալք է ելնում: Աղբյուրի վրա կառուցման թիվը կա՝ 1248 թիվ: Իսկ էդ աղբյուրից վերև Ծռտեն կարանն է, շա¯տ բարձր տեղ է, թուրքերն էդտեղից նույնպես շատ հայեր են թափել ձորը, և ոչ միայն հայ, տասնմեկ ռուս կնոջ ու մի աղջկա ևս գցել են անդունդը: Դուք տեսե՞լ եք Շուշվա ավերակները, – հարցրեց Սարգիսը և պատասխանի չսպասելով դառնությամբ ասաց, – ես տեսել եմ, էսօրվա պես միտս է, երկու շարքի քարե տներ՝ երկու, երեք, չորս հարկանի, բաց տանիքներով, կրակից սևացած պատերով: Տղաներով թութ, մոշ ու խամբար էինք տանում Շուշի, ծախում, հաշվել էինք, տետրակում գրել՝ յոթ հազարից ավելի այրված տուն կար: Հետո դրանք բուլդոզերներով քանդեցին, հողին հավասարեցրին: Ինչո՞ւ էդպես արին՝ անհասկանալի է, կարելի էր, չէ՞, վերանորոգել: Մի ամբողջ քաղաք հողին հավասարեցրին: Անմարդկային բան էր դա: Բայց ցուցումը, ասում էին, վերևից, Բաքվից էր եղել: Մարզկոմի քարտուղարն էդ ժամանակ Շահնազարովն էր, նրա օրոք է եղել:

Ռոբերտը վարժ ու արագ շարժումներով մաշկում էր գառը: Նա քերթած, հակառակ կողմի վրա շրջած գառան մորթին մի գունդ արեց, որը շարունակ սահում, դուրս էր պրծնում ձեռքերի տակից, նայեց գիրուկ կողերին ու ճերմակ կլոր դմակին, գոհ ժպտաց:

– Ախպերո, տեսնո՞ւմ ես ինչ տղա եմ, – նայելով ինձ՝ աչքերը լայնացրած ժպտաց Ռոբերտը: – Ամեն ինչ ձեռքովս գալիս է: Գալի՞ս է, թե ոչ:

– Գալիս է, – համաձայնեց Սարգիսը, շարունակեց իր պատմությունը, – Աղա-Մուհամմեդ խանը 1795-ին ուղիղ չորս ամիս ուզում էր գրավել Շուշին ու էդպես էլ չի կարողանում գրավել, կատաղած գնում, կրակի է մատնում Թիֆլիսը: Իսկ 1826 թվականին, երբ պարսկական զորքերը շրջապատել էին Շուշին, մեր գյուղից մի աղջիկ, Իվետանց ազգից, անունը Խաթուհի, ձորի ջաղացում ալյուր է աղում, քերծի ծերպերի միջով հասցնում ռուսական ջոկատի սովյալ զինվորներին: Քառասունյոթ օր պաշարված մարդկանց թաքուն ալյուր է հասցնում: Հետագայում, ռուսների երաշխավորությամբ, նա մինչև իր կյանքի վերջը ցարի կողմից նշանակված թոշակ էր ստանում:

– Քանի՞ տուն կա ձեր գյուղում, – հետաքրքրվեց Ռոբերտը:

– Մինչև տասնութ թիվը երեք հարյուր տասը տուն կար, հիմա դրա կեսն է մնացել: Ես որ դպրոցում սովորում էի՝ երկու հարյուր վաթսուն աշակերտ ունեինք, հիմա հարյուր քսան աշակերտ է: Որ ֆաբրիկա կար՝ շատ լավ էր, մերս էլ էդ ֆաբրիկայում էր աշխատում, ստախանովական էր: Հիմի ֆաբրիկան փակել են, – տխրաձայն լրացրեց Սարգիսը: – Որ գործ չլինի՝ մարդ գյուղում ի՞նչ պիտի անի: Դրա համար էլ գնալով մարդիկ քչանում են: Յոթ հարյուր տարի առաջ մեր գյուղը հայոց բանակին շատ զինվոր է տվել: Ասկերանի կռվում չորսհարյուր ղարաբաղցիներ, որոնց մեջ նաև մեր գյուղացիք, կռվել են թուրքական բանակի դեմ ու հաղթել: Իսկ 1919-ի ամռանը, անգլիացիների թնդանոթներով զինված մուսավաթականները հարձակվում են մեր գյուղի վրա ու էլի պարտվում: Բաքվում տասնութ թվին քաղաքը թուրքերից պաշտպանելու համար մղված կռիվներին մեր գյուղից հարյուրից ավելի մարդ է մասնակցել: Էդ կռվում զոհված հայ հերոսները թաղված էին հայոց Մեծ եկեղեցու բակում, էն, որ հիմա կոնսերվատորիա է՝ էդ տեղում, եկեղեցին քանդեցին, գերեզմաններն էլ հետը: Չէ, պիտի գնամ, ես էստեղ մնացողը չեմ:

– Այ մարդ, ի՞նչ ես կոտրած գդալի պես տվել մեջը, ի՞նչ ես լեզվիդ տալիս, – հեռվից կատաղած վրա տվեց Արաքսյան: – Ոնց որ երկու ամսական երեխան օրորոցում՝ քնած լինի, թե արթուն, սիգարետը սոսկայի պես բերանից չի հանում. մոր փորից էդպես պարավոզի նման ծուխ անելով է դուրս եկել: Վերցրու մի գործ արա, էդ անտեր գլխարկդ հանիր գլխիցդ, շամփուրները գտիր բեր, կրակը վառիր:

Սարգիսը շփոթվեց, երևի անհարմար զգաց, խեղճ-խեղճ ժպտաց՝ նայելով մեկ ինձ, մեկ Ռոբերտին: Հետո շրջվեց, գլխահակ գնաց այգու կողմը: Արաքսյայի մոտով անցնելիս, առանց կանգ առնելու նա ցածր կշտամբեց կնոջը.

– Ամոթ ասած բանը չունե՞ս դու: Էս օտար մարդկանց մո՞տ էլ պիտի քեզ ցույց տաս:

– Էստեղ քեզանից բացի օտար մարդ չկա, – փութկոտ ու կայտառ արձագանքեց Արաքսյան՝ նվազագույնս անգամ ուշադրություն չդարձնելով նրա դիտողությանը, – մեկը կեր, մեկն էլ մատաղ տուր, որ նրանք էստեղ են, թե չէ՝ ցույց կտայի քեզ, – և միանգամայն անսպասելի, բազեի պես վրա հասնելով՝ այնպիսի թափով հարվածեց ամուսնու գլխին, որ նրա գլխարկը հրթիռի պես սլացավ ցանկապատի վրայով: – Քեզ չե՞ն ասում գլխարկդ հանիր, – իր արածից գոհ՝ սրտանց ծիծաղելով ավելացրեց նա:

Սարգիսը մի պահ գունատված կանգնեց, այնուհետև սուս, գլուխն օրորելով դուրս եկավ բակից, գլխարկը գտավ, թափ տալով դրեց գլխին՝ դարձյալ մի ականջը վեր տնկված, մյուսը՝ կախված, և, առանց որևէ մեկին նայելու, լռին գնաց տան ետևը՝ երևի վառելափայտ բերելու:

– Մինչև հինգ րոպեն կրակը վառած լինի, – ձեռքերը կողքերին կանթած՝ նրա ետևից հրահանգեց Արաքսյան:

– Արաքսյա, – ասաց Ռոբերտը, – քաջ նախնիներ ունեցող էդ մարդուն ո՞նց ես էդպես խեղճացրել:

– Որովհետև իմ նախնիներն ավելի քաջ են եղել, – խոսքի տակ չմնաց Արաքսյան:


* * * * *


Անհասկանալի էր՝ լուսնյակը մութ ծովի՞ց ելավ, թե՞ տնամերձ այգիների ետևում թաքնված էր՝ մենք Արաքսիայի բակից նրա վեհաշուք սահանքը դեպի ամառային մեծ, կայծկլտուն աստղերով լի երկինք՝ միանգամից տեսանք: Բարձրանում էր լուսնյակը դանդաղ հանդիսավորությամբ՝ իր արծաթե շողերը սփռելով գյուղական ամայի փողոցների ու քնած անտառների վրա: Լույսից խաբված՝ ոչ հեռու անտառում ու հենց մեր կողքին, այգու խորքում, սկսեցին երգել հավքերը: Երգում էին ձայն-ձայնի՝ առանց ընդմիջում տալու մեկը մյուսին: Ռենան ժպտում էր՝ ականջը նրանց ձայներին, երազկոտ հայացքը հեռավոր երկնքին:

Այստեղից, սաղարթախիտ ընկուզենու տակից, հեռու-հեռու աստղազարդ երկնքում առկայծող աստղերը մոտ էին թվում իրար, այնինչ և՛ շողշողուն այդ աստղերը, և՛ Մեծ արջի համաստեղությունը, որի շուրջը նույնպես անընդհատ առկայծում, մարմրում էր աստղերի բույլը, իրականում միլիոնավոր պարսեկ հեռու էին Երկրից ու միմյանցից, և կապտամանուշակագույն այդ անծիր հեռուներից էին հղում իրենց անհատնում լույսը:

Հեռու-հեռավոր այդ աստղացող լույսն էր հիմա արտացոլված Ռենայի լուսաշողշող աչքերում և, նայելով նրան, ես չէի կարողանում զսպել իմ հախուռն բերկրանքը նրա շլացուցիչ տեսքից և, հայացքս երկնքին, երախտիքի աղոթք էի խնկարկում մտովի առ Աստված, որ այսպիսի մեծ, անասելի մեծ երջանկություն է պարգևել ինձ:

– Կախարդական երեկո է, – շշնջաց Ռենան, Արաքսյայի շալի մեջ փաթաթված՝ քիփ սեղմվելով ինձ. ծովից պաղ քամի էր փչում, Արաքսյան տնից շալը բերել, գցել էր նրա ուսերին:

«Հանկարծ կմրսի», – մտերմիկ հարազատությամբ շշնջաց նա:

– Սարգիս, կարո՞ղ ես մի բան երգել, – արդեն բավականին խմած՝ ասաց Ռոբերտը:

Այդ ո՞ր խմած մարդը չի կարող երգել: Բայց, հավանաբար, Ռոբերտն ինքն էր ուզում երգել, պատրվակ էր հարկավոր:

– Որևէ մի երգ, – ասաց Ռոբերտը:

– Պետք չի, – բողոքեց Արաքսյան: – Նա երգել չգիտի:

Ի հեճուկս կնոջ՝ Սարգիսն անսպասելի վիզը ձգեց, երգեց. «Ափսո¯ս, կյանքս, կյանքս գնաց, վերջացավ, հազար ափսոս, վաղ գարնան պես շուտ անցավ, ջահելության հավքս, ասեք՝ ե՞րբ երևաց, ե՞րբ ծլվլաց ու ե՞րբ չվեց՝ չիմացա»:

Սրտանց էր երգում Սարգիսը և վատ չէր երգում: Չէի սպասում, զարմացած նայեցի նրան՝ փոքր-մոքր, անթրաշ, գունաթափ պիջակը թևատակի մոտ պատռված:

– Տեսնո՞ւմ ես՝ ոնց է երգում, – գովեց Ռոբերտը, – իսկ դու ասում էիր՝ մորթենք: Բա էդ ձենով մարդուն կմորթե՞ն:

Արաքսյան ծիծաղեց, ասաց.

– Թաքնված տաղանդ է, տարեք, թող հեռուստատեսությամբ երգի: Փող կտա՞ն:

Ռոբերտը գլխով արեց:

– Դե որ կտան՝ ես էլ եմ երգում, – ասաց Արաքսյան և միանգամից երգեց՝ գլուխը տմբտմբացնելով.


Լուսնյակ գիշեր, բոլորովին քո¯ւն չունեմ,

Ինձ տեսնողը կարծում է, թե՝ տո¯ւն չունեմ,

Ա¯խ, տուն չունեմ, ա¯խ, տուն չունեմ…


Արաքսյան խորը շունչ քաշեց, աչքերը փակ շարունակեց՝ դարձյալ գլուխը տմբտմբացնելով.


Տուն էլ ունեմ, տեղ էլ ունեմ,

Մենակ սիրած յա¯ր չունեմ,

Ա¯խ, յար չունեմ, ա¯խ, յար չունեմ…


Նա հանկարծ արտասվեց և, մատներով սրբելով աչքերը, արցունքաժպիտ չանչ արեց ամուսնուն.

– Առ է, թաղեմ իմ փայ սիրած յարը: Լավա մեր գյուղացի գիժ Ռոմային գնայի, քան քեզ:

– Բա ուզելա՞, որ գնաս, – վրա բերեց Սարգիսը:

Ռենան խնդումներես նայում էր:

– Քիս իմ մեր շենը, – խմած ու խռպոտ արտասանեց Սարգիսը: – Ես մնաս չըմ ըստեղ :

– Վեր կաց, Մոսկվա-Բաքու գնացքը Խուդաթ կայարանում ահագին կանգնում է, կհասցնես, ժամանակ կա դեռ, – ծիծաղեց Արաքսյան: – Գնա, մի երկու մուղղամմաթ կասես, առանց փող կտանեն:

Ռոբերտն էլ երգեց, նրա երգն էլ սրտառուչ էր, իսկ վերջին բառերն արդեն սեփական հորինվածք էին: «Ա¯խ, ինչ լավ օր է, – երգի եղանակով ձգեց նա, – տանեմ ձեր ցավը, այսօրվա օրն է ամենից լավը»:

Քանի գնում, գիշերվա զովն ավելի էր զգացնել տալիս իրեն:

– Կմրսես, գնա ներս, – ասացի ես Ռենային անսահման քնքշանքով: – Արաքսյա, խնդրում եմ, տարեք սենյակ:

– Աչքիս վրա, – խնդումնասիրտ անմիջականությամբ ասաց Արաքսյան, ջահելավարի ելավ տեղից, թևանցուկ արեց Ռենային: – Գնանք:

Ռոբերտը կրկին լցրեց բաժակները:

Սարգիսը նորից երգեց, և դա արդեն իր հայրենի քաղցրաբարբառով էր. «Սարի սեռին մի կարմյուր թոխպ՝ կամանց-կամանց սըվացավ. մարդի բախտը ըսօր՝ կարմյուր, էքյուց, տեսեր, սվացավ, – երգում էր Սարգիսը գլուխն օրորելով: – Ըսօր ջահիլ, էքյուց պառավ, էս հինչ յամա¯ն տնազ ա, էս աշխարհը լյուս ցերեկավ, պեց ըշկերավ արազա: Լո¯խ արազա»:

Մենք դեռ երկար ժամանակ նստած էինք, թեպետ տեղս տեղ չեր տալիս, ուզում էի գնալ Ռենայի մոտ, պարզապես անհարմար էի զգում Ռոբերտին մենակ թողնել:

– Դուք ջահել եք, իսկ ես պառավեցի, – մտամոլոր ասաց Սարգիսը: – Ես գյուղիս պարտք ունեմ տալու, ինձ ծնեց, սնեց-մեծացրեց, ու ես ոչինչ չարեցի նրա համար: – Ասաց ու վիզը կրկին ձգելով երգեց, – «Սայաթ-Նովա, տարիդ իլավ քառասուն, դուն մահի հիդ, մահը քեզ հիդ հաս-հաս է», – երգեց ու լաց եղավ:

Հետո հանգստացավ, արդեն հանգիստ ձայնով, բայց մի տեսակ կարեկցանքով ու ներողամիտ ժպիտով ավելացրեց.

– Տկլոր, սոված, մեր հերը ֆրոնտում կորած, երեք ախպորցով մեզ քշեցին փեզո ու հավիտյան մնացինք մեր սար ու ձորին կարոտ: Սումգայիթ շենք չկա, որտեղ աշխատած չլինեմ՝ սվաղող բանվոր եմ եղել, ծեփածո երեսապատվածք եմ արել, աբլիցովկա այսինքս, քանի-քանի շենքեր ենք սարքել, է¯, թիվ ու համբարք չկա: Բայց, դե, ո՞վ է գնահատողը, գնահատող չկա: Ի միջի այլոց, – ավելացրեց Սարգիսը, – էստեղ, Նաբրանի ծմակներում նույնպես հայկական տառերով գերեզմանատներ կան, հին-հին գյուղատեղեր, ինքս եմ տեսել… Էս կողքի Ղասումքենդում, շատ մեծ գյուղ է, Բաքվից ավտոբուս է գալիս՝ «Բաքու-Կասումքենդ», Ադրբեջանի մեջ չի՝ Դաղստանին է պատկանում, մեր հարևանն էդ գյուղից է, թաղում էինք գնացել, գերեզմանոցում մեծ թվով սրբատաշ տապանաքարեր կան՝ հայերեն մակագրություններով: Շա¯տ ծեր լեզգի մի մարդ ինձ ասաց, որ իրենց նախնիները հայեր են եղել: Հա, էդ քարերից մեկի վրա, երևի հարուստ մարդու քար է եղել, հետաքրքիր գրվածք կար, միտքն, ուրեմս, սա էր՝ այսինքս, ես էդպիսին էի՝ ինչպես դու հիմի, դու կդառնաս էնպիսին՝ ինչպես ես հիմի… Տեսնում եք՝ ինչ խոսք է: Էհ, ի՞նչ հասկացանք էս կյանքից, քամու բերանն ընկած չոր տերևի պես եկավ ու անցավ… – Սարգիսն անսպասելի կրկին երգի անցավ, – «Կերչի հողը քար ու ղռա, գյուլլեն գլխիս կփռփռա…»:

Ռոբերտը Սարգսի հետ նույն սենյակում էին քնելու: Ի վերջո, ես նրանց թողեցի ընկուզենու տակ զրուցելիս, ինքս գնացի Ռենայի մոտ:

Լույսերը մարած էին, բայց Ռենան քնած չէր: Հեռուստացույցից հորդող լույսի մեջ, ձյան պես սպիտակ անկողնում, ներքնաշորով կիսապառկած, գլուխը բազկին հենած ինչ-որ հաղորդում էր նայում: Տեսա՝ իմ անկողինը նույնպես կից սենյակում պատրաստ էր:

– Չե՞ս քնել դեռ, – սիրով, անհուն հոգածությամբ հարցրի ես, կողպեցի դուռը, պիջակս անփութորեն նետեցի բազմոցին, մոտեցա նրան:

Լուսափեղկը բաց էր, պարզ լսվում էր ծովի անհամաչափ ու խուլ շառաչը: Ինչպես սրբապատկերի առջև՝ ես չոքեցի Ռենայի դիմաց:

Սիրտս անհանգիստ, հուզումնալից խփում էր:

– Թե իմանայիր՝ կուլոնն ինչպես է սազում քո սիրուն պարանոցին…

– Ճի՞շտ: – Ռենան՝ լույս ճառագող մարմնով, անկշիռ ու ճկուն, կիսաբարձրացավ տեղից, մանրիկ ալիքներով իջնող ոսկեզօծ խոպոպները ձեռքի վարժ շարժումով տանելով մի կողմ, շփոթված ժպտաց՝ քնքույշ ձեռքերով մեղմորեն գրկելով ինձ: – Գիտե՞ս Էսմիրան ինչ ասաց մի անգամ… Ես նստած դաշնամուր էի նվագում՝ Շուբերտի սերենադը, ինձ վրա զգացի մեկի հայացքը: Շրջվեցի՝ Էսմիրան, անաղմուկ ներս է մտել և, բազմոցին ծալապատիկ նստած, կատվիկի պես նայում է: Նրա կարծիքով, եթե ես, գրքերս, կոնսպեկտներս թողած՝ Շուբերտ եմ նվագում, ուրեմն, դարձյալ քո մասին եմ մտածում, կարոտել եմ: «Մի տանջվիր, զանգե՞մ խոսես հետը», – ծիծաղելով ասաց նա: Եթե նա իմանար՝ որտեղ եմ ես հիմա: Լեո, ինքս էլ չեմ հասկանում՝ ինչ եմ անում, խելքս կորցրել եմ լիովին: Աստված չանի, մերոնք իմանան իմ այս արածները, երկու հարյուր քսան կիլոմետր քաղաքից հեռու, իմանան՝ գիտե՞ս ինձ ի¯նչ կանեն… Բայց ես հո երջանիկ եմ, – տաք շնչով այրելով դեմքս՝ շշնջաց Ռենան: – Ես երանության մեջ եմ ուղակի… Չեմ կարողանում հավատալ, որ երազ չէ սա իրոք և ոչ էլ մտապատրանք, որ սա իրականություն է, որ դու, ահա, այստեղ ես, իմ կողքին, ես տեսնում եմ քեզ: Կասկածում եմ նույնիսկ, որովհետև այսքան մեծ երջանկություն մի մարդու չի կարող տրվել:

Ես նայում էի շարունակ շարժվող նրա ատրագույն հույր շուրթերին, շուրթերին, շուրթերին, և հոգիս ափեափ լցվում էր խանդաղատանքով:

– Անուշիկս, աննմանս, – թոթովեցի ես: – Աստված այս ինչպես է ստեղծել կնոջը, մինչև հիմա անհայտ մոգական ինչ հզոր ուժ է դրել նրա մեջ, որ նա, իր թուլությամբ հանդերձ, ամենազորեղ տղամարդուն անգամ կարող է հուզել, առինքնել լուսաշող մի նայվածքով: Եվ Արարչի միակ ավարտուն գործը գիտե՞ս որն է, այն, որ ստեղծել է կնոջը՝ այսքան սքանչելի, այսքան հրաշագեղ ու անթերի, – ես համբուրեցի նրա շուրթերը, – իմ քաղցրս, իմ հոգիս, բուրումնավետ մեղրախյուս է կաթում քո շուրթերից…

Ես իմ պապակ շուրթերը չէի կարողանում կտրել ցանկագրգիռ այդ շուրթերից, հեռուստացույցի երբեմն մարող ու կրկին հորդող կարմրածիրանագույն լույսերից գունագեղված դեմքով՝ սքանչելի էր Ռենան, ես անկշտում համբուրում էի նրան, խենթանալով քաղցր խոնջանքից ու երջանկությունից, հետո լուսինը միանգամից դուրս եկավ տան ետևից, և նրա արծաթազօծ շողերը շռայլորեն լուսավորեցին և՛ մեզ, և՛ ամբողջ սենյակը:

Հրաշք էր Ռենան այդ լուսնալույսի մեջ՝ ինքն էլ լուսնալույսից ելած աստվածուհի: Ժանյակավոր թափանցիկ կապույտ գիշերանոցի տակից ուրվագծվող կաթնահունց մարմինը՝ ելևէջ կորագծերով, արքայամորու պես մուգ վարդագույն պտուկներով պիրկ կրծքերը կանչում, ձգում էին: Երկար թարթիչներով կիսախուփ աչքերը, անհամբերությամբ կծկված բոցավառ շուրթերի տաք շշունջը. «Արի, արի ինձ մոտ, շուտ», նրա նրբատաշ մատների վարանոտ դողը՝ վերնաշապիկիս կոճակներին, արագացող շնչառությունը, երբ սիրագրգիռ քնքշանքով գրկել էի նրան, և իմ մարմինը զգում էր նրա ձեռքերի, քնքշանքով ու կրքով լեցուն ձույլ կրծքերի, շրջած ափսեի մեծության ողորկ փորիկի, ազդրերի, ամբողջ մարմնի արբեցնող հարազատ ջերմությունը, – այդ ամենը թվում էր երազային, անիրական: «Սիրելիս, սիրելիս, սիրելիս, – բեկբեկուն հառաչով շշնջում էին Ռենայի անարատ տաք շուրթերը, – ես քոնն եմ, սիրիր ինձ, ես ընդմիշտ քոնն եմ», – մարող շշուկով կրկնում էր նա: Իմ ձեռքերն անհագ գրգանքով փաղաքշում էին նրա հեզաճկուն բարալիկ մարմինը, որ այնպես սքանչելիորեն լայնանում էր բարեկազմ կոնքերի վրա, ես ուզում էի սիրել նրան, ձուլվել նրան իմ ամբողջ էությամբ, մարմնով, սիրով, խանդով, կրակոտ կրքերով, զգացմունքներով ու մտքերով, իմ ծնոտը, շուրթերը, իմ ամբողջ դեմքը քսվում էին նրա պրկված բարձր կրծքերին, վարդագույն շրջանակներով ցցուն պտուկները խռովկան ըմբոստանում էին ասես՝ ազատվելով իմ անհագուրդ շուրթերի բռնությունից: «Լսո՞ւմ ես, ես քոնն եմ, – կրկնում էր Ռենան շնչահատ, դողացող ձայնով, և նրա անուշահոտ փթթուն տաքուկ մարմինը, որ ասես մարում էր իմ ամեն մի հպումից, ակամայաբար մղվում էր ընդառաջ, – իմ սիրտը քեզ է պատկանում, ես քոնն եմ, ամբողջովին քեզ եմ պատկանում, արա ինձ հետ ինչ ուզում ես… Դու ես ինձ առաջինը համբուրել, և ես քոնն եմ հավիտյան»: «Ոչ, ոչ, ոչ, – շշնջում էի ես, շնչակտուր հևքով անհագորեն համբուրելով նրան՝ մետաքսյա մազերի ծայրից մինչև ոտնամատները, ու վերստին ու նորից՝ նազուկ ոտնամատներից մինչև ոսկեգույն թարթիչներով զմայլուն աչքերն ու կամար հոնքերը, միաժամանակ ձգտելով կասեցնել անբացատրելի տենդով բռնկված իմ արյան եռքը: – Ոչ ոք, ոչ ոք, ոչ ոք չի կարող դիմանալ քո հմայքին, Ռենա, վարդի պես բացված քո շուրթերի դյութանքին, քո մարմնի քաղցր կախարդանքին ոչ ոք չի դիմանա»: «Դու հո դիմանո՞ւմ ես»: ««Դժվարությամբ, Ռեն, դժվարությամբ»: «Գուցե չե՞ս սիրում ինձ, – տագնապած շշնջում էին Ռենայի շուրթերը: – Չե՞ս սիրում ինձ»: «Սիրում եմ, – ի պատասխան տենդոտ մրմնջում էին շուրթերս, – շատ եմ սիրում, Ռենա, շա¯տ, դրա համար էլ չեմ կարող դիպչել քեզ, քո պատիվը քո հարստությունն է, այն թանկ է ամեն ինչից»:

На страницу:
12 из 26