
Полная версия
ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ)
…Գևորգը եկավ կեսգիշերին: Անձրևը վաղուց կտրվել էր, երկինքը՝ պարզվել, լուսինը անկաշկանդ սահում էր աստղերի միջով ընկած ճանապարհով: Գևորգը երկար, ցածր ծեծում էր դուռը:
Էլենը աչքերը բաց արեց խավարի մեջ, վախեցավ: Ո՞վ է,վախվորած մտածեց նա,ո՞վ կլինի այս կես գիշերին:
Դուռը նորից ծեծեցին:
Էլենը մոտեցավ լուսամուտին և տեսավ նրան՝ կանգնած դռան ետևում, լուսնալույսի տակ: Եվ չհավատաց աչքերին:
–Գևո՞րգ,-արագ դուրս գալով պատշգամբ, ասաց նա, հազիվ զսպելով արցունքները:– Արի: Բարձրացիր: Բա՞ն է պատահել:
Գևորգը դանդաղ բարձրացավ աստիճաններով։ Լրիվ թրջված էր։
–Անձրևի տակ եմ ընկել-մի բան ասած լինելու համար, ասաց նա։-Վարար անձրև էր։
Ամուսնու շորերից կար, Էլենը իսկույն բերեց։
–Մտիր սենյակ, փոխիր, կմրսես,-քնքշանքով ասաց նա։-Ես ուտելու բան կպատրաստեմ հիմա։
–Պետք չէ, Էլեն։-Գևորգը հանեց կուրտկան։-Չի թափանցում, նայիր, շորերս չոր են։– Նա նստեց բազմոցին։-Ուտելու համար նույնպես մի անհանգստա։
Գևորգը նստեց։ Նորից ելավ։
–Որևէ բա՞ն է պատահել,-մի տեսակ վախվորած տարակուսանքով հարցրեց Էլենը:
–Էլեն, հասկանու՞մ ես,-ցածրաձայն սկսեց նա ու լռեց, ասես հարմար բառեր չգտնելով շարունակելու միտքը:
Էլենը ուշադիր նայեց նրան:
–Ես ընդմիշտ եկել եմ քեզ մոտ,– միանգամից ասաց Գևորգը՝ խոր շունչ քաշելով:– Որովհետև չեմ կարող այլևս,-աչքերը հատակից չբարձրացնելով՝ շարունակեց նա կամացուկ:– Որովհետև առանց սիրո դծվար է ապրել: Որտեղ սեր չկա՝ երջանկություն չկա այնտեղ:
Էլենը լուռ էր:
–Նրան ասե՞լ ես,-վերջապես հարցրեց Էլենը:
Գևորգը գլուխը օրորեց:
–Ոչ,– ասաց նա:-Նամակով կհայտնեմ: Ասել եմ գործով Ստեփանակերտ եմ գնում… Եվ ահա թե որտեղ եմ…
Էլենը ոչինչ չէր կարողանում ասել:
–Գնամ թեյ դնեմ,– ասաց նա և դուրս եկավ բակ՝ օջախը վառելու: Աստված իմ, շշնջում էր Էլենը,մի՞թե սա չէ երջանկությունը… Նա եկել է, նա սիրում է դեռ… Իրավ, սերը տառապանք է ինքնին, սակայն միակ հնարավոր միջոցն է դա՝ երջանիկ լինելու համար: Նա վառեց կրակը, թեյնիկը ջրով լցրեց, դրեց եռոտանու վրա:
–Մարինա,-հանկարծ կանչեց Գևորգը:
Էլենը ուղղվեց, մնաց կրակի մոտ կանգնած: Նրա հոգում ինչ-որ բան տեղի տվեց, փլվեց: Մոտեցավ, հենվեց փայտե բազրիքին: <<Մարինա>>. աղջկա անունով կանչեց, ոչ թե կնոջ: Էլենը հիշեց նրա պատմածները աղջկա մասին՝ նրա կապույտ աչքերի, քաղցր նայվածքի, նոր դուրս եկած երկու փոքրիկ ատամների մասին: Հիշեց, պատկերացրեց նրան՝ նստած մոր գրկում, ուրախ ու երջանիկ՝ անտեղյակ, թե իր համար ինչ են նախապատրաստում իրենից մեծ, խելոք ու ուժեղ մարդիկ:
Էլենը ներս մտավ, կանգնեց դռան մոտ: Գևորգը քնել էր բազմոցին նստած: Ի՞նչ անել: Բաց անել դուռը և ասել՝ գնա: Ոչ: Անհնար է դա: Էլենը զգույշ, անձայն քայլում էր սենյակում, կանգնում, նայում էր Գևորգին, նորից էր քայլում՝ ականջը գիշերային արտասովոր ձայներին: Հնար լիներ՝ թողներ ու գնար, գնար կորչեր: Իսկ ու՞ր, որտե՞ղ: Գիշեր: Լռություն:
Նա մտածում էր այն մասին, որ երբեմն Աստծո կամոք կամ պատահաբար հանդիպում ես ինչ-որ մեկին, ներըմբռնողաբար զգալով ու հասկանալով, որ ամբողջ կյանքում հատկապես նրան ես փնտրել, փնտրել ու սպասել, և զարմանում ես, թե այդ ինչպես ես մինչև հիմա ապրել առանց նրան, բայց պատահում է և այնպես,որ հանգամանքների ստիպումով պարտավոր ես լինում թողնել, հեռանալ, հասկանալով, որ մեղքերի քավում է դա, որ այդպես էլ պիտի լիներ,և որ ամենաճիշտ քայլը դա էր: Երջանկությունն այն է,ինքն իրեն ասում էր Էլենը, երբ կարողանում ես նույնը մնալ: Մնալ նույնը՝ լինի դա ուրախության մեջ, վշտի, հաղթանակի, թե ծանր պարտության դեպքում, և գլխավորն այն է, որ հավանում ես ինքդ քեզ և դրա համար հարկավոր չէ ինչ-որ մեկի հաստատումը: Ով կարող է հասկանալ, որ երբեմն ուզում ես գոռալ ցավից ճաք տված սրտի ողջ կուտակվածը, բայց դա չես անում, որովհետև երբեմն հարկավոր է ընդամենը լռել:
Եվ Էլենը, հանկարծ կախարանից վերցնելով գլխաշորը, դուրս վազեց:
Գնում էր նա կարճ ճանապարհով, համարյա վազեվազ:
Կոլտնտեսության գրասենյակը հեռու չէր: Էս ու՞ր է կորել պահակը,մտածեց նա, հրեց գյուղխորհրդի քարտուղարի առանձնասենյակի ցածրիկ լուսամուտը: Փեղկը ետ գնաց: Էլենը մատ գցեց, բարձրացրեց կեռիկը, ներս մտավ: Հնադարյան սև հեռախոսը կախված էր պատից:
Մոտ կես ժամ Էլենը խնդրում, աղաչում էր հարևան Կիչան գյուղի փոստատան անծանոթ հեռախոսավարուհուն, մինչև նա միացրեց շրջկենտրոն, հետո Ներքին Հոռաթաղ:
–Աղջիկ ջան, խնդրում եմ, աղաչում եմ, կանչեք սովխոզի վարորդ Գևորգ Մաթևոսյանի կնոջը,– խզված ձայնով, մի կերպ զսպելով արցունքները՝ ասում էր Էլենը:-Շատ եմ խնդրում, մանկապարտեզում է աշխատում:
–Առավոտյան կասեմ, ի՞նչ է պատահել,-երևի ոչինչ չհասկանալով ընդդիմացավ քնատ հեռախոսավարուհին:
–Հիմա է պետք, խնդրում եմ,-արագ ասաց Էլենը:– Շատ եմ խնդրում, ես ձեր լավությունը չեմ մոռանա: Հետո ուշ կլինի:
–Լավ, սպասեք: Մոտ են ապրում, հիմա կկանչեմ:
Ի վերջո լսվեց Գևորգի կնոջ տագնապահար ձայնը:
–Ալլո, ի՞նչ է եղել, ի՞նչ է պատահել: Այդ ո՞վ է:
Էլենը լուռ էր, հետո ասաց սառցային անտարբերությամբ.
–Ուրեմն այսպես,– Էլենը խորը շնչեց, հետո շունչը տեղը բերեց, միանգամից ավելացրեց,– հենց հիմա մեքենա գտեք, շտապ եկեք մեր գյուղ՝ Հնձախութ, և տարեք ձեր ամուսնուն: Լսու՞մ եք: Հենց հիմա, այս ժամին, վաղը ուշ կլինի:– Էլենը ասաց տան տեղը, անուն-ազգանունն ասաց և ցած դրեց հեռախոսափողը:
Գևորգը քնած էր դեռ: Էլենը տուն չմտավ: Նստեց դրսում, փայտե աստիճաններին… Ինչքան էր այդպես նստած մնացել՝ չգիտեր, գնալով հալվում էր տաք գիշերը, խավարի մեջ, իրար ընդհատելով, անդադրում երգում էին ծղրիդները: Հետո անժամանակ կանչեց աքաղաղը: Թևաբախում՝ երևի, թառի վրա, շան ծույլ հաչոց՝ գյուղի մյուս ծայրին: Բվի կռինչ՝ մոտակա անտառակում: Ձորերից բարձրանում էր թանձր մառախուղը: Արևելքում հորիզոնը կարմրել էր արդեն, երբ տան ետևում մի մեքենա աղմկեց: Էլենը արագ ելավ տեղից, մտավ այգի, որ չտեսնեն իրեն: Գնաց մինչև այգու ծայրը, նստեց ծառերի տակ և, գլուխն առնելով ափերի մեջ, դառը լաց եղավ: Կցկտուր բառեր էին հասնում նրա ականջին, կնոջ լացի փշրանքներ, հետո տան ետևում նորից աղմկեց քիչ առաջվա մեքենան, և ամեն ինչ սուզվեց լռության մեջ:
Էլենը բարձրացավ տեղից և, ասես պիտի ընկներ, ծառերից բռնելով քայլեց դեպի տուն: Նա մտածում էր իր մասին, այն մասին, որ ինչ էլ լինի, ինքը ճիշտ է վարվել՝ անսալով իր սրտի ձայնին, և որ ինքը բարի սիրտ ունի, և բախտավոր կլինի նա, ով դա կհասկանա: Եվ անպայման կլինի մեկը, որ կհասկանա դա: Անպայման կլինի:
Էլենը, խորը շնչելով այգաբացի սառը օդը,լռին նայում էր հեռու սարերի կողմը և արցունքները առատ հոսում էին նրա աչքերից: Եվ դրանց միջից հիմա ամեն ինչ երազ էր թվում շուրջը՝ ծմակների անթափանց խավարն ու այնտեղից եկող խորհրդավոր ձայները, գետի միալար վշշոցը ներքևում՝ ուռենազարդ ձորակում, իր գլխավերևում դանդաղ օրորվող ծառերի սոսափը, լեռներով կտրտված երկնքի աստղերը…
Ամեն ինչ երազ էր թվում…
===============
Մ Ա Ն Ր Ա Ք Ա Ն Դ Ա Կ Ն Ե Ր
ԳՅՈւՂԱԿԱՆ ԲՆԱՆԿԱՐ
Արևը հանգչում է սարերի վրա, և հրաբոսոր հորիզոնն այնտեղ վառվում է ասես բազում գույներով՝ երկինք ու երկիր կապելով իրար…
Օրը հանգչում է՝ տառապանքներից, տվայտանքներից, ասված ու չասված ունայն խոսքերից լրիվ հոգնաբեկ…
Եվ հետզհետե ձորերը լռին խորասուզվում են իրիկնային լուրթ աղջամուղջի մեջ. գետակը լռում, հավքերը լռում, մոտիկ արտերում արտույտներն արդեն էլ չեն արտորում… Ձայները կամաց մարում են դրսում, և հետզհետե իջնում է մութը՝ իր սև շղարշով ներընդգրկելով ամեն մի շշուկ, ամեն մի շարժում, լոկ ծղրիդներն են երգում անձանձիր…
Սարերի վրա , բարձր երկնքի անծիր կապույտում ,աստղերի բույլը՝ երկնքից հեռու, և միլիոն պարսեկ իրարից հեռու , իր անհատնում լույսերն է հղում հեռու երկրին… Աստղացող լույսը ՝ խավարում նիրհող դաշտին, գետակին, հավքին ու մարդուն, և հեռվից հեռու համր թարթումով կարծես ասելով յուրաքանչյուրին. դու մի վհատվիր, խավարից հետո գալիս է լույսը, իսկ հույսը մեռնում է ամենավերջում, շուտով, շատ շուտով կբացվի նոր օր՝ արևը, լույսը և հույսը իր հետ:
ՀԵՌՈՒ ԼԵՌՆԵՐՈՒՄ
Իմ հեռու, հեռավոր հիշողության մեջ զնգում է առուն, մեղմիվ խոխոջում՝ ողջունելով ինձ, թիթեռնիկներին, հավքերին պես– պես և ծաղիկներին՝ սյուքից օրորվող…
Ես՝ փոքրիկ տղա, ձեռքիս պարսատիկ, անհոգ ու ազատ, ընկերներիս հետ թրվռում էի ուրախ, երջանիկ. իմն էր աշխարհը՝ թիթեռնիկները, հավքերը պես-պես և ծաղիկները՝ սյուքից օրորվող…
Դու իմ մանկության սիրելի առու, որ զրնգալով, խնդուն խայտալով վազում էիր ցած ՝ քեզ հետ տանելով երազներն իմ ջինջ, ու՞ր ես դու հիմա, որտե՞ղ է մարել ձայնդ երգեցիկ…
Հեռու– հեռավոր հուշերի խորքից ետ եկ, իմ առու , անանմոռանալի սիրելի ընկեր, ետ բեր օրերն իմ անհոգ ու ազատ ուրախ մանկության ,ետ բեր օրերն իմ, իմ ընկերներին, թող կյանքը լցվի նրանց ձայներով, ու ես վերստին դառնամ չար տղա՝ ձեռքիս պարսատիկ, անհոգ, երջանիկ՝ մեր հեռու՜, հեռւ՜, հեռու լեռներում…
ԱՆՑԱՎ
Անցա՜վ, անցա՜վ, կյանքն իմ ացավ՝ ինչպես երազ, ինչպես մուրազ, ինչպես մի հուշ անվերադարձ, ու ես ոչինչ չհասկացա, ասես կողքից եկավ անցավ։
Տրտմած է հոգիս հիմա , որ կյանքը իմ եղավ ունայն, սուտ ու կեղծին հավատընծա՝ ապրեցի ես հեզ ու խաբված։ Մեռնելու չափ տրտմած է, ախ, սիրտը իմ. ի՜նչ շահեցի աշխարհ գալով՝ ոչի՜նչ – ոչինչ, միայն ցավեր, միայն դավեր, խինդը սակավ, շառն՝ անսպառ։
Գթա ինձ, Տեր, գթա ինձ, Տեր, ու ողորմիր, կյանքն իմ անցավ ինչպես երազ, ինչպես կարճ օր, ու ես, իրոք, չհասկացա, ա՜խ, ես ոչինչ չհասկացա՝ ինչպես եկավ, ինչպես անցավ։
Գթա, Տեր իմ, քանզի բազում արհավիրքներ կրեցի ես ամբողջ կյանքում։ Ամբողջ կյանքում, ախ, զուր հույսեր, իզուր հույսեր, մորմոք ու ցավ, կյանքն իմ, իրավ, այդպես անցավ, չեղավ մի օր՝ լիներ անցավ։
ԵՐԱԶ
Լինե՛ր, լինե՛ր, այնպե՛ս լիներ, տարիներն իմ հետ գնային միանգամից։ Միանգամից ես լինեի իմ հեռավոր երազներում՝ մեր տան դռան, հենց նոր ելած ոսկեշղարշ արևի մեջ, մեր հնամյա թթենու տակ։
Հայրս լիներ, մայրս լիներ, քույր ու եղբայր՝ բոլորը ողջ, հարազատներն իմ մեկեն գային, հավաքվեին կարոտաբաղձ ու լիներ տոն՝ ինչպես հեռու այն հին կյանքում՝ նրանց տեսքով՝ հավերժ անջինջ, նրանց ձենով՝ հավետ անմեռ, որ հնչում է տարիներ վեր՝ իմ ականջում, իմ հոգու մեջ ու իմ սրտում։
Լինե՛ր, լինե՛ր, այնպ՛ս լիներ՝ նորեն մեկտեղ, ախ, լինեինք, ես՝ երջանիկ, ես բարեբախտ, ցավ ու դավին դեռ անընտել մի պատանի՝ հրդեհի մեծ ցոլքի նման հրաբոսոր արևի ջերմ շողերի մեջ, թռչունների հայալեզու երգի ներքո, հեռո՛ւ – հեռո՛ւ, մեր հնամյա թթենու տակ։
ՊԱՏՐԱՆՔ
Հե՜յ, Կըղնախաչ, իմ Կըղնախաչ, հիշողության մրուրի մեջ դու մոռացված իմ հեռավոր, կախարդական դրախտ երկիր, Կըղնախաչ…
Կըղնախաչում՝ շնկշնկան հով, զիլզիլան զով, սարից իջնող, ձորից ելնող բացատներում ծաղկած հրաշք ու ծաղկած ծով՝ իր գույներով հազարագույն… Կըղնախաչում ՝ արտույտի երգ ու գեղգեղանք, խոտի շրշյուն, սիրո շշունջ՝ արտերի մեջ սիրաշշուկ, հավքի դայլայլ ,անուշ դայլայլ, քաղցր դայլայլ ու կկվի կանչ ՝քաղցրալուր ու թախծագորով…
Քարեն կըլխան՝ աղեղնաձև ու բարձրաբերձ վեհ բարձունքից՝ մղեղի մեջ երերացող հին շինամաչ… Դաշտում կապած ձիու խրխինջ, գառան մայուն ու ձագ տված մեղվի գվվոց, աքլորի կանչ, աղջկական արծաթահունչ զնգուն ծիծաղ կակաչազարդ արտի միջից, ախորժալուր զանգի ղողանջ ու շնահաչ գյուղամիջից՝ մեկ կատաղի, մեկ բեկբեկուն…
Թեթև անձրև, մանր անձրև՝ հանդ ու սարեր ոսկեշղարշ աղջամուղջում, միգամած… Արեգակի ջինջ շողերում ՝ տաքուկ անձրև, ու սարից– սար կամար կապած կընընչկարմյուր ծիածան… Ու այդ պահին, հովի թևին, օ՜վ , իմ աստված, մորս ձայնը, մեռած մորս անուշ ձայնը, կանչում է ինձ՝ արի, որդիս, արի տուն, հեռուներից վերադարձիր ու տեր կանգնիր գերեզմանին իմ անտեր…
…Հե՜յ, Կըղնախաչ, իմ Կըղնախաչ, հիշողության մշուշի մեջ դու կորսված իմ մանկության չքնաղ երկիր, Կըղնախաչ…
ՎԵՐՀՈւՇ
Կըղնախաչ սարի ուսերին թառած աստղերի խաղը, նրանց շողշողուն լուռ մնջախաղը, վաղ լուսաբացի մեղմ շամանդաղը, մեր գյուղի շուրջը՝ դաշտերի եզրին նստած թարմ շաղը , արտերն ալիքվող՝ վաղորդյան սյուքից, վարդերը բուրյան, ձորերում հնչող հավքի դայլայլը, նրա կանչն անձկալի, նրա մեղեդին ու սիրախաղը այսօր վերստին իմ միտը ընկան…
Չքնաղ երկիրն իմ, իմ Ղարաբաղը, լեռներից անդին՝ էն հեռո՜ւ-հեռու արևի խաղը, ցոլքը արևի՝ բարձրաբոց խարույկ, գետի խոխոջն ու ցայգալույսի մեջ տների վրա՝ էն շողը շենշող , արտույտի անուշ արտորումն արտում , խրխինջը ձիու, ամառվա տապում՝ մեղվի գվվոցն ու սոխակի տաղը՝ հոգիս այրելով մի ուրիշ աշխարհ այսօր ինձ տարան…
Գյուղն իմ հայրենի, տունն իմ հայրական, մեր ավեր բաղը, կալերն ամայի, անտերուչ, լքյալ մորս շիրիմը՝ իմ սրտի դաղը, մարդկանց ձայները՝ թաղից այն թաղը, մեր աղջիկների զնգուն ծիծաղը՝ աղբյուրի մոտից , մանկութ օրերի մեր անհոգ խաղը՝ դավին անսովոր, ցավին անընտել , այսօր վերստին իմ միտը ընկան…
ԲԱՔՈւ
Прощай Баку! Тебя я не увижу,
Теперь в душе печаль, теперь в душе испуг…
С. Есенин
Մնաս բարով Բաքու՜, Բաքու՜, հեքիաթայի՜ն, անրջայի՜ն, շքեղաշուք տեսքը քո, արդյոք, կտեսնե՞նք էլի… Երկնայի՛ն դու դրախտ, Բաքու՜, Բաքու՜, վշտալից որդիներդ տարաբախտ, հեռանում են քեզանից։
Հեռանում ենք մենք տրտում՝ մեռածներին մեր թողած, նրանց ոգին մեր հոգում հավիտյանս անթեղած։ Լացակումած հեռանում, հեռանում ենք քաղաքից, թուրքի ոհմակն է ոռնում լաստանավի քամակից։
Բաքու՜, Բաքու՜, հեքիաթայի՜ն, անրջակա՜ն, դու մեզ անհա՜ս, դու մեզ համար անմատչելի, այսուհետև սոսկ հուշերում, լոկ հուշերում կարող ենք գալ մենք քեզ այցի, Բաքու՜, Բաքու՜, սիրու՜ն քաղաք, սիրո՜ քաղաք՝ կախարդակա՜ն, երազայի՜ն, անզուգակա՜ն։
Օրորվում է ծովը լուռ, հրաժեշտի ծփանքով, խոր վշտի մեջ մենք անլուր ետ ենք շրջվում արցունքով։ Ետ ենք շրջվում՝ քեզ, Բաքու, մի անգամ էլ նայելու, չէ՞ որ գիտենք՝ տեսքը քո, ավա՜ղ , էլ չենք տեսնելու…
1990թ.հունվար
ԵՍ ԵՎ ՆԱ
Փողոցով անցնում էր զառամյալ մի մարդ: Հազիվ էր շարժվում՝ ոտքը դանդաղուն, ծանր փոխելով: Մի պահ մտախոհ նայեցի հեռվից ու սարսափ պատեց ինձ միանգամից.. .Ես մտածեցի. չէ՞ որ կգա և գարունն իմ վերջին և այնտեղ, ուր որ հուրհրատում էր կրակը վառման իմ ջահելության՝ մոխիր կլինի լոկ, ախ, մոխիր միայն…
Տարիներ անցան, ժամանակ անցավ, ես, աստվածածին իր գեղեկցությամբ ու աշխարհի ողջ բարությունն իր մեջ ամփոփած, որդի կորցրի, մեն մի օրվա մեջ լրիվ ճերմակած՝ չհասկացա էլ , թե ոնց ծերացա.. .Լուռ քայլում էի ծերունական իմ գայթուն քայլերով, զգացի մեկի հայացքը վրաս ու ետ շրջվեցի. ջահել մի տղա՝ սիրուն պատանյակ, մտախոհ կանգնած, նայում էր հեռվից…
ՄԱՅՐ ԻՄ
Մա՜յր իմ, մայր իմ սիրասուն, սրտիս կոտրած հենասյուն, խոտ ու ծաղկի մեջ կորած՝ վրադ անգամ քար չկա։ Գուցե հառնե՜լ ես նորից, նորից ելել ես հողից՝ որպես մի խոտ , մի ծաղիկ, որպես կակաչ հրավառ՝ տեսքով կարմիր, սիրտը սև, օրորվում ես քամու հետ, լաց ես լինում ինձ համար։
Մա՜յր իմ, մայր իմ աննման, դու ամբարված բարություն, չկա արար աշխարհում ուրիշ ոչ ոք քեզ նման։ Մա՜յր իմ, մայր իմ դու անգին, դու մեծագու՜յն սրբություն, քո կարոտից գիշեր – զօր մղկտում է իմ հոգին։
Ների՜ր, ներիր բոլորին. զավակներիդ, թոռներիդ, աստվածածին քո հոգով, քո մեծ սրտով տառապյալ, բոլորին էլ դու ներիր. չկար մեկը մեզանից՝ բռներ ձեռքդ սրբասուրբ, մի կում ջուր տար, մի քիչ հույս, մոտդ նստեր մինչև լույս, մի խոսք ասեր սրտահույզ, մենակության մեջ լքյալ( գուցե ծարավ ու սովյալ), կյանքդ տրտում բոլորեց՝ աչքդ ճամփին բոլորիս։
Ի թողություն մեղա՜ց. մեղքի տակից ո՜նց դուրս գանք, չկա մեզ ապաշխարանք. մեղսակից ենք հար – հավետ, քանի ապրում ենք ու կանք:
ՊԱՏՎԻՐԱՆ
Ես մեռել էի: Ինձ թաղել էին, կամ այրել էին. դա չէ կարևոր– ես հառնել էի: Ես հառնել էի ուրիշ աշխարհում. ընկերները իմ չկային արդեն, ովքեր էլ կային՝ ծերացել էին. ինձ մտաբերել չկարողացան:
Մայրս… մայրս անպայման ինձ կճանաչեր, արցունքն աչքերին կրծքին կսեղմեր, բայց… մայրս չկար: Նա հող էր դարձել , և որպես ծաղիկ, որպես մի կակաչ՝ ինքը ալ կարմիր, սակայն, սիրտը սև, լուռ օրորվում էր մեղմիվ հովի հետ. նա լաց էր լինում իր որդու համար:
Ես հառնել էի, բայց մեկը չկար ինձ դիմավորեր… Ու նորից մեռա, որ դառնամ կակաչ, կամ մի այլ ծաղիկ՝ ամեն լուսայգի ողջունեմ մարդոց յուրաքանչյուրին, ասեմ, որ ես էլ այնպիսին էի, ինչպես դու հիմա, դու էլ կդառնաս ճիշտը այնպիսին, ինչպես ես հիմա. սերն է ի սկզբանե, սերն՝ հարափոփոխ, սերն՝ հրաթրթիռ ու լուսափթիթ, դրանից վսեմ լուսեղեն հեքիաթ աշխարհում չկա, սիրիր, քանի կաս, սիրիր մշտատև, քանի ապրում ես այս արևի տակ, կյանք չկա առանց ըղձալի սիրո հրավառության. սա է պատգամը ունա՜յն, ախ, ունայն, այս ունա՜ յն կյանքի…
Այս գիշեր
Սիրո խոսքեր մի’ ասա այս գիշեր։
Եկ այս գիշեր չխոսենք, սիրո մասին չխոսենք։ Չխնկարկենք խոսքեր սին, ես կլռեմ, չեմ խոսի, ու դու ևս մի խոսիր՝ սիրո մասին այս գիշեր։
Աստվածային դու պարգև, վսեմաշուք ինձ շնորհ՝ թավշե ձայնով հոգեթով, ժպիտն ալվան շուրթերիդ, քո նայվածքով շեղակի, քո քայլվածքով հմայուն, քո պահվածքով եզակի, քո կազմվածքով նրբագեղ, պարանոցով մարմարյա՝ նեֆերտիտյան համարյա – խելքահան ես արել ինձ։
Ասա, ինչպես, ախ, ինչպես ես խենթորեն չսիրեմ աչքերը քո սևորակ, շուրթերը քո մեղրահյուս, մատները քո նրբատաշ, հասակը քո նրբատեսք՝ բարակիրան, սլացիկ՝ ինչպես բարդի մի մատղաշ։ Ախր, ինչպես, ախ, ինչպես չկորցնեմ ինքս ինձ՝ տարված քեզնով, քո սիրով…
Սիրո խոսքեր մի ասա, խոսքերը կայրվեն կրակում, մի ասաոչինչ այս գիշեր…Այս գիշեր խճողիր մազերս, թող մատներդ սահեն իմ դեմքով, ձեռքերդ թող գրկեն ինձ ողջ գիշեր: Այս գիշեր համբուրիր ինձ սիրաբաղձ, գուրգուրիր դու ինձայս գիշեր քո կրքով։ Այս գիշեր մինչև լույս ինձ պահիր գրկիդ մեջ, գրկիդ մեջ` այդքան ջե՛րմ, քաղցրանուշ:
ԷԼԵԳԻԱ
Ես ապրում եմ անցյալի մեջ… Ներկա կյանքում ես տե՜ղ չունեմ, ոչինչ չունեմ՝ ոչ ներկայում, ոչ գալիքում. լոկ վաղեմի հուշն է պահում ինձ այս կյանքում։
Ամեն ինչի հուշը անցած՝ լուսափթիթ վառ մանկության, պատանության արևը ջինջ ու հրավառ, հուշն իմ սիրո՝ հին օրերի շղարշի մեջ՝ անմեկնելի, անմատչելի, ձգում է ինձ, կանչում է ինձ հեռուներից անարձագանք։
Նա վերստին հառնում է իմ հուշերի մեջ, սերն իմ անմար, լույսի նման փայլ է տալիս տարիների հեռու հեռվում՝ հրացայտ սև ու ծիծաղկուն իր աչքերով ու իր տեսքով լուսաժպիտ՝ կախարդելով հոգեհմա։ Այդ հուշերում երկուսով ենք, դրախտի պես մի տնակում՝ այգու ծայրին, ուր զրնգուն գալարվում է գետը ձորում, շուրջը՝ անտառ հնամենի, առվի խոխոջ, վարդի բուրմունք, արտույտի երգ՝ այգուց անդին, ձույլ հասկերով մեղմ ալիքվող արտերի մեջ, կարկաչ ծիծաղ, գիրգ շուրթերի կրքոտ հպում…Ո՜վ, իմ Աստված, եղե՞ լ է դա, թե երա՞ զ է, մտապատրա՞ նք՝ ծնված այրող իմ կարոտից։
Ես ապրում եմ անցյալի մեջ… Ներկա կյանքում ես տեղ չունեմ. լոկ վաղեմի հուշն է պահում ինձ այս կյանքում։
ԱՆՐՋԱՆՔ
Լիալուսնի կաթնալույսում սարից իջնող մտամոլոր ու քարքարոտ մի նեղ ճամփա, մի սայլ՝ բեռնված զմրուխտ խոտով՝ երնջակի, յուղածաղկի, ուրցի հոտով, ծաղկաբուրմունք խոտին պառկած փոքրիկ տղա, որի հոգին պարուրվել է երազական քաղցր թմրով։
Ոլոր – մոլոր մի նեղ ճամփա, հոր ոտնաձայն՝ քիչ առջևում, շուրջը անդորր ու մարմանդ հով, այս ու այնտեղ ցրքուն հանդեր ու անտառներ՝ հնադարյան, լիալուսին՝ սարի ուսին, չարագուշակ բվի կռինչ, առվի շշունջ, անծայրածիր, լուսաշողշող երկինքն ի վար կաթող աստղեր, ծղրիդի երգ՝ աստղահնչուն գիշերվա մեջ, ու երազներ, նիրվանային երանելի ջինջ երազներ՝ իր ջինջ հոգում։
Ոլոր – մոլոր, մտամոլոր ու քարքարոտ ճամփի վրա ծույլ նազանքով օրորում է սայլը նրան… Անրջային թմբիրը հին պարուրել է, ախ, իմ հոգին ու չգիտեմ, ախ, չգիտեմ, մեռնում եմ ես, թե երազում…
ՉԳԻՏԵՄ, ՉԳԻՏԵՄ…
Կռիվ ու վեճ է իմ մեջ. շարունակ, անդադար, անընդմեջ, իսկ ես՝ արարած մի խեղճ, չգիտեմ ում լսեմ և ում հավատամ– չգիտեմ, չգիտեմ, չգիտեմ՝ որին կանգնեմ պաշտպան , որին գնամ ընդդեմ…
Բանականությունն իմ հանդիմանում է. մոռացիր դու նրան, որ ամեն ինչ անցած է արդեն, որ էլ վերադարձ չկա, ուրիշի կին է նա, քեզ համար՝ չկա, հասկացիր, չկա ու չի լինելու, իսկ սիրտն իմ՝ նա կա, քո մեջ է նա միշտ, անցյալն է քո նա, անցյալը՝ նրա սիրով անշեջ, ապրում է քո մեջ ու կապրի ընդմիշտ, քանի դու կաս, շնչում, ապրում ես այս բորբ արևի տակ…
Մոռացիր, մոռացիր, մոռացիր դու նրան: Ի՜նչ հեշտ է ասել՝ մոռացիր, մոռացիր ամեն ինչ. աչքերի փայլը, հայացքը նրա, ձայնն ու ժպիտը, շունչը նրա ջերմ, հառաչանքը թույլ, քնքշանքը նրա, գիրգ շրթունքների հպումը այրող, մատների դողը իմ մերակներին, նրա մոլուցքը՝ քնքուշ, անհագուրդ ու սիրահարույց…
Ի՞նչ ասեմ, ես ի՞նչ, բանականությանը ես իմ անզիջում և իմ հեգ սրտին, ի՞նչ ասեմ ես, ի՞նչ, ես՝ խեղճ արարած, անպաշտպան գերի՝ գիշեր ու զօր նրանց վեճին ունկնդիր…
ԿԱՐՈՏ
Հանդիպումը նախանշան երևի` սահմանված էր ի վերուստ, որ ես քեզ հետ, ու դու ինձ հետ` պիտի անցներ դրախտային մեր ուղին։
Որ կյանքը իմ ես քեզ տայի անմնացորդ, որ ապրեիր միայն ինձնով, որ շնչեի միայն քեզնով, որ նայեի աչքերիդ մեջ ծիծաղավառ, որ հալվեի քո հայացքից հոգեհմա, ձայնդ անուշ միշտ լսեի հանց մեղեդի, քո շուրթերի բույրն ըմպելով` խենթանայի, քեզ նայելով` նախանձեի… նախանձեի ես իմ բախտին։
Սակայն չեղավ, ավաղ, չեղավ, այդպես չեղավ, անեղծ սիրով մենք անբաժան` մենք միասին երբեք չեղանք, կյանքը` դաժան, մեզ իրարից արեց բաժան ու մեզ նետեց տարբեր ափեր, տարբեր ափեր մենք նույն գետի` անցանք ճամփան մեր անխոտոր` երազելով մեկս – մեկին, հեռվից – հեռու լուռ տենչալով մենք իրարու։
Ինչ է մնում ինձ անելու` ոչինչ – ոչինչ: Կորցնելով, ախ, ես նրան, էլ կորցնելու ոչինչ չունեմ։ Մի հույս է լոկ ինձ փայփայում, որ երբևէ կհանդիպենք… եթե ոչ այս, այլ` մեկ ուրիշ, մեկ այլ կյանքում` ոսկեշղարշ արևից վեր, լույս երկնքում…
ՀՐԱԺԵՇՏ
Մի հիշիր դու, ասում են ինձ, գեղատեսիլ վայրերը քո վառ մանկության. ոչ վայրերն են, ասում են ինձ, առաջվա պես գեղատեսիլ և ոչ էլ դու` այն պատանին։
Քո վաղանցուկ կյանքից ոչինչ մի հիշիր դու, ասում են ինձ, ինչ թողել ես այնտեղ վաղուց, միևնույնն է, էլ չես գտնի, հայրենական սար ու ձորեր, հանդեր ու ուրթ` մշուշի մեջ, աղբյուրների խոխոջը մեղմ ու երգեցիկ, հովը գարնան ու նրբագեղ գեղեցկուհուն քո վարդաշուրթ, մի հիշիր դու, ասում են ինձ, մնաս բարով, ասա, արդեն դու ամենքին, ծառ ու ծաղկին, երգող հավքին, լորի կանչին` կակաչազարդ արտից անծիր, ուղիդ անցիր ճամփորդի պես` առանց լացի, ու դիմացի՜ր, ու դիմացի՜ր` որ գեղաչյա ու վարդաշուրթ գեղեցկուհուդ, քեզնից հետո, մեկ ուրիշն է տիրանալու։
Դառն ու անգութ, սին ու նանիր այս աշխարհի կարգն է այդպես, ասում են ինձ, գնա՜ս բարով, քո արևը` մնացողաց, որ շողշողա նրանց վերև` քանի դեռ կան սիրո, լույսի, հույսի ներքո, ու չի եկել ժամը նրանց հրաժեշտի…
ՊԱՏԱՆԵԿԱՆ
Այնքան սիրու՜ն, սքանչելի, գայթակղիչ ու կախարդիչ, չքնաղագեղ ու լուսազարդ, վեհասքա՜նչ ու գեղանի՝ չեմ տեսել ես՝ և ոչ մեկին ու ոչ մի տեղ…
Հանց երազի կապույտ թռչուն՝ իր ծիծաղով կարկաչահունչ, այնքա՛ն սիրուն, վեհատեսիլ, անմատչելի ու նրբիրան ինչպես բարդի՝ կանգնած նա միշտ իմ ճամփին։
Այն օրվանից, ինչ ես տեսա և այն պահից, երբ սիգանքով շեղ նայեց ինձ՝ հրացոլ սև իր աչքերով, սիրտս դողաց միանգամից, միանգամից կյանքս փոխվեց։
Քաղցրահունչ անուշ ձայնով ու կազմվածքով՝ զուտ նաիրյան, իր մատներով՝ հանց սրբատաշ, պարանոցով՝ այնքան ողորկ՝ հանց մարմարյա, իր քայլվածքով՝ սիգաճեմ ու հեզաճկուն, գիրգ շուրթերի արփիաշող ժպիտներով՝ չնաշխարհիկ, ու դնչիկով՝ հրապուրիչ ու էրոտիկ – խելահան է արել նա ինձ։
Նա իմ կյանքն է՝ Սուլամիթն իմ, Կիթերուհին, մեր սարերի թեթևասույր եղնիկը իմ, ասացեք ինձ, ի՛նչ անեմ ես, որ հասկանա նա իմ հոգին։ Հո չի՞ ուզում՝ սիրուց գերված, ես խենթանամ և ամենուր և ամեն օր, գիշեր ու զօր, նաև պատեհ ու անպատեհ, արցունքն աչքիս անունը տամ, ճամփան պահեմ։
Ո՜վ իմ Աստված, այսքան սիրու՜ն, վեհատեսի՜լ, անմատչելի ու նրբիրան ինչպես բարդի՝ սքանչե՜լի, լուսաճաճա՜նչ ու կախարդի՜չ, չքնաղագե՜ղ, չնաշխարհի՜կ, վեհասքանչ ու լուսագե՜ղ՝ չէ, չեմ տեսել ես՝ և ոչ մեկին ու ոչ մի տեղ…
ԳԹԱ ԻՆՁ, ՏԵՐ
Այս էլ քանի՜, քա՜նի անգամ երազներում տեսնում եմ ես գեղեցկատեսք իմ լույս որդուն… Ասես խռով ամեն ինչից ու ամենքից ՝ բարեկամից, չարեկամից, լույս աշխարհից ու աշխարհի նենգ ու դավից, բազմատանջ ու նահատակի իր սուրբ տեսքով Քրիստոսի՝ որդիս հանկարծ հառնում է ինձ մշուշներից, հեռվից – հեռու լռին ու հեգ նայում է ինձ անմեղսունակ թույլ ժպիտով …
Ես հուսահատ ու շընչահատ, հույլ ու անկամ, ամեն անգամ աղերսելով, մըղկըտալով ետ եմ կանչում, իսկ նա ասես չի լսում ինձ, չի ճանաչում, հեռանում է՝ հետ նայելով, ու վերստին միաձուլվում լազուր երկնի լուսաշղարշ մշուշներին … Ողբ ու կական Ռամայի մեջ, Ռաքելը իր որդկանց վրա լաց էր լինում, չէր կարենում մըխիթարվել, որովհետև… չըկա՛ն նրանք։
Տե՜ր իմ, Աստված, եթե դու կաս, իրավ դու կաս ու զորեղ ես, ամենազոր, հըզորազոր, ասա, ինչո՞ւ չես կամենում այս աշխարհից վերացընել վիշտ ու մորմոք։ Եթե դու կաս, իրավ դու կաս ու զորեղ ես, ամենազոր, հըզորազոր, ինչո՞ւ, ասա, չես արել դա մինչև հիմա ու չես անում նաև հիմա… Գոնե գըթա՜, գըթա ինձ, Տեր, մեղմի՜ր ցավը իմ անանցիկ. զրկիր մտքից, հուշ ու սրտից, գուցե թե իմ սիրտ կեղեքող ու հոգետանջ այս կրակին ես դիմանալ կարողանամ…
ՌԵՔՎԻԵՄ
Արևը լուսաջինջ երկնքից իջնում է դեպի մայրամուտ, հրացոլք խարույկը նրա վառվում է լեռների վրա։ Բաժանման ցավը անաղոք այրում է իմ վշտոտ հոգին, քանզի չապրած օրերիս ամեն թարթ հուշում է, որ ուշ է. քո առջև զվարթուն գարուններ, իմ առջև՝ անթափանց մշուշ է. ողջ կյանքս կանգնած քո ճամփին, գտել եմ, բայց արդեն ուշ է։
Շիկնահար այտերով գեղուհիս, դեմքը քո դարձրու իմ ցավին, տես, արևս գնում է մարելու, ուր որ է կիջնի երեկոն. չարի կամոք էր՝ վերևից, կամ բախտի քմայքով երևի, որ չգտա ես քեզ ցերեկով:
Մի թախծիր, թարմ վարդի դեռատի իմ կոկոն, ժպտա ինձ սիրառատ աչքերով, մեղրացող շուրթերով ժպտա ինձ, ու փառք տանք, արի, մենք Աստըծուն, որ պահն այս տրվեց մեզ՝ հանց պարգև, որ օրը մեզ թվա տարի…
ՂԱՐԱԲԱՂ
Մռավա սարի թուխ ամպերով, Քիրսա սարով՝ միշտ ձյունածածկ, մատուռներով՝ հին դարերից, մեր խաչերով, խենթ ու խելառ մեր Թարթառով ու Խաչենով՝ մեզ հետ ես դու՝ ուր էլ լինենք, ուր էլ գնանք, հեռու թե մոտ՝ ուր էլ մնանք, մեզ հետ ես դու, մշտաբողբոջ մեր այգեստան, մեր բուրաստան, հավերժի հետ ընկերակից մեր լեռնաստան։
Ջրերդ զով ու քչքչան հովդ անուշ ու շնկշնկան, արոտներդ ալպիական՝ լորի կանչով կախարդական, անտառներդ հեքիաթային՝ կկվի ձենով ու կուսական, խոնջ հանդերդ, սար ու ձորդ աստվածային՝ չքնաղագեղ ու դյութական։ Արար աշխարհ գնա ման եկ՝ Աստված վկա, ուրիշ նման դրախտ չկա։