
Полная версия
ԱՅՆ ՀԵՌԱՎՈՐ ԱՄՌԱՆԸ (Վիպակներ, պատմվածքներ)
ԵՂԵՐԳ
Ես աղերսում էի Աստծուն` Տեր իմ, պահապան եղիր իմ զավակներին, և թախանձում ու պաղատանքն էի հղում իմ նրան:
Խնայիր, Տեր իմ, մրմնջում էի, քանզի կենսարար արև են նրանք մեր գլխավերև, և առանց նրանց լուսերես տեսքի ու մեղուշ ձայնի փուչ է մեզ համար աշխարհը արար։
Երկինքը մթնում. գիշեր էր գալիս. աչքերս բաց էին մինչև լուսաբաց, արցունքի շողն էր լճանում այնտեղ, և վաղնջական օրերը նորեն ետ էին գալիս, ու գեղեցկատեսք իմ որդիները ` միշտ գորովագութ, անապակ հոգով, ուրիշի ցավին հավետ համակիր, մեր կողքին էին, և արեգակը ժպտում էր վերից երջանիկ կյանքի գունեղ ժպիտով:
Եվ այդ տեսիլից թալկացած հոգով, վհատ ու նկուն՝ ձեռքերս պարզած աղաչում էի հեռու Աստըծուն` ողորմիր, Տեր իմ, մի լքիր նրանց ու մի կործանիր, քանզի կորած ենք առանց իրարու:
…Սակայն չանսաց նա պաղատանքին իմ, եղավ անողորմ, քարսիրտ ու դժնի, և ես հասկացա` սուտ է ամեն բան ու մարեց իմ մեջ հավատն առ Աստված:
ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ
Ես քեզ սիրում եմ… չէ, սիրելն այն չէ՝ ես քեզ պաշտում եմ, պաշտելն էլ այն չէ՝ քեզնով եմ ապրում, շնչում քո շնչով՝ անարատ ու ջերմ, դու իմ արևն ես, լույսը աչքերիս, տրոփը սրտիս, քանզի ամեն թարթ միտքս ծրում է քո պատկերը թանկ:
Տեսքդ սիրունիկ, աչքերդ ծավի, քո կույս պատկերն ու շուրթերդ կրակ՝ այրում են հոգիս: Դու՝ անկրկնելի ու աննմանական, իմ կ յանք, իմ երազ, իմ սքանչելիս, դու իմ առաջին ու վերջին իմ սեր, դու իմ սուրբ սրբոց, մաքուր ու վսեմ, թույլ տուր մտովի գորովեմ ես քեզ, աղվորիկ դեմքդ շուրթերիս քսեմ, երկնքից իջած դու իմ փերին ես, քո ստվերը անգամ գեղատեսիլ է: Ես սիրում եմ քեզ:
Սերը ծնվում է անսպասելի… ու ես հասկացա՝ սերը հզոր է, առանց մեծ սիրո արև չի ծագի, վարդի կոկոնը չի բացվի բնավ, հավքը չի երգի, ծիլը չի ծակի հաստ շերտը հողի… Իմ սերը նույնպես ծնվեց ճիշտ այդպես, կյանքս լցնելով դյութիչ հմայքով: Ես սիրում եմ քեզ:
Ու զարմանում եմ, ինչպե՞ս եմ ապրել մինչ այդ առանց քեզ, առանց մատներիդ թովիչ շոյանքի, մեղրածոր ձայնիդ, ծիծաղիդ կարկաչ, առանց շուրթերիդ ջերմին հպումի ինչպե՞ս եմ ապրել. ես դա հասկանալ չեմ կարողանում:
…Ես չեմ տրտնջում ու չեմ արտասվում, որ ինձ հետ չես դու, այլ օրհնում եմ քեզ, որ դու եղել ես, իմն ես եղել դու:
ԿԱՐՈՒՍԵԼ
Կյանքը փոխվել, շուռ է եկել, արդարին էլ լսող չկա՝ անարդարի ձայնը քանզի բարձր է հնչում, քան արդարի:
Փողի դար է, գողի դար է, բանսարկուի, ստահակի դար է հիմա: Ֆիանիտը ադամանդի, լիրբը՝ սրբի տեղ է անցնում:
Ով, Արարիչ, խիղճն ինչու՞ ես տվել խեղճին, քար սրտերում խիղճ դնեիր, խիղճը խեղճի ինչի՞ն է պետք:
Ամենախեղճն այս աշխարհում էշն է մենակ, այդ անլեզու իմաստունը, քաշից ծանր բեռնավորում՝ տանում է լուռ, գլխին խփում, ծեծում են ժանտ, ձեն չի հանում, տեղովը մեկ բարություն է, անունը՝ էշ: Ութից ավել քուռակ ուներ՝ մինչև հիմա փալանի տակ:
Մարդ ծնվում է՝ բախտը իր հետ, թե որ աստված բախտ չի տվել՝ զուր է գթալ… Ներիր մեղքը, բայց մոռացիր ընդմիշտ նրան, ով մի անգամ չի գնահատել արածը քո ու քեզ մատնել, դավաճանել, այպանել է՝ կանի ևս բազում անգամ: Ու իմացիր՝ լավ կնոջից լավը չկա, վատից վատը՝ նույնպես չկա. բախտն է դա քո: Ծանր խաչը մեջքիդ առած՝ անցիր ճամփադ տառապալից. հնուց ի վեր՝ անհասկացող մարդու ձեռին հասկացողը տանջվել է միշտ:
Էհ, ի՞նչ ասեմ, տերը մեռնի բանսարկուի, քանի՜ տուն է քանդել մինչ այս ու քանիսը կքանդի դեռ նա այսուհետ՝ իր նենգարկու զազիր լեզվով… Անցողիկ է այս աշխարհում ամեն մի բան, գուցե մի օր էդ էլ կանցնի, հազար անգամ երանի տանք հոգով շռայլ անհատներին, որ փարոսի նման հեռվից լույս են հղում անծիր ծովում մոլորվածին:
Լույսը բարի, խաչակնքենք,՝ չար սրտերը քիչ մեղմանան, սիրտը քար չէ, ամեն դավի որ դիմանա:
ԹԵՎԵՐ ՏՈՒՐ ԻՆՁ
Որտեղ ծնվել, մեծացել ես, այնտեղ պիտի անցնի կյանքդ, որպեսզի քո հայրենի սար ու ձորերի, աղբյուրների ու հանդերի կարոտն անդուլ չայրի հոգիդ…
Ապրեցի ես անհյուրընկալ հեռուներում, վիշտ ու հոգսին ընկերակից, քանի անգամ խաբվեցի ես, բայց մնացի դյուրահավատ ու միամիտ: Ծառ տնկեցի ես քանի հատ` բարը համեղ ուրիշները վայելեցին, զարմ ունեցա գորովագութ` աստված խլեց, տարավ իր հետ` թողնելով ինձ որբ ու վհատ` խոորովվելիս ինքս իմ մեջ, տուն շինեցի ես քանի տեղ` վերջում դարձյալ անօթևան:
Աշխարհներում եղա ես շատ ու շատ բաներ տեսա կյանքում, և հասկացա, որ քո անբիծ լինելը դեռ ոչինչ չարժե` նայած զազիր չարակամի զազիր լեզուն այս ու այնտեղ ինչեր կասի անձիդ մասին: Հավատացեք, ճերմակաթույր ձյունը նույնպես աղտոտվում է կեղտոտ ոտքից: Հարևանդ թե որ լավն է` արև է մի շողշողենի, վատը եղավ` քոչիր գնա, օր ու արև չես ունենա աչքից նրա, բայց ու՞ր գնաս և ու՞ր կորչես լավդ չուզող արյունակից բարեկամից, ու՞ր կարող ես փախչել, ասա, դու քեզանից…
Տեր իմ Աստված, կորով տուր ինձ, որ նենգ մարդկանց մոռանալ ես կարողանամ: Թևեր տուր ինձ անաղուհաց հեռուներից դառնամ ես տուն: Որտեղ ծնվել, մեծացել եմ, այնտեղ պիտի անցնի կյանքս, որպեսզի իմ հայրենի սար ու ձորերի, աղբյուրների ու հանդերի կարոտն անդուլ չայրի հոգիս…
ԻՆՉ ԷԼ ԼԻՆԻ
Ինչ էլ լինի՝ մի ասա, թե ես եմ, որ կամ, բախտն է տերդ և ոչ թե դու, ժամանակը նաև անկանգ, որ հոսում է հորդ գետի պես՝ տանելով քեզ՝ ափ նետելու մի անհայտ տեղ:
Մի ասա, թե ես եմ, որ կամ, ժամանակն է տերդ, իմաց, ու բախտը նեռ, կգա մի օր՝ կթառամես, ճոխ մազերդ կճերմակեն ու կթափվեն, կպակասի լույսը աչքիդ, հին օրերի քո գեղանի գեղեցկուհու կերպարանքը կմշուշվի, կգա մի օր՝ դու՝ մեջքից կոր, դեմքդ պատած խորշոմներով, քայլդ՝ գայթուն, թույլ ու անդեմ՝ մարդու հանդեպ, թեկուզ օտար՝ լցված սիրով, նրա ցավին միշտ համակիր, կմտորես մորմոքվելով, թե մարդկային կյանքը ինչու՞ կարճ է այսպես. մարդու կյանքը թատերաբեմ, նա՝ դերասան, դեռ բեմ չելած՝ վարագույրը իջնում է ցած:
Մի ասա, թե ես եմ, որ կամ, այս աշխարհում մահը որ կա՝ մնացյալը հույսեր են սին, փուչ ու նանիր, ահը մահի սրտից վանիր, ապրիր օրվա ուրախությամբ. վախենում ես կամ թե որ չէ՝ միևնույն է, նա պիտի գա:
Ինչ էլ լինի՝ մի հոխորտա՝ ես եմ որ կամ, մեկ էլ տեսար՝ դևը եկավ անագորույն, ծանր չոքեց տանդ դռան, ասավ՝ ես եմ, ես եմ որ կամ, տես, եկել եմ քո ետևից:
Մի ասա, թե ես եմ, որ կամ…
ՍԵՐԸ Հ ՐԱ Շ Ք Է
Այս աշխարհում ամեն ինչ էլ անցողիկ է, ու տևական ոչինչ չկա: Ինչ որ կյանքում սկիզբ ունի, ունի և վերջ: Սիրո հուշն է լոկ տևական, որ հեռավոր մշուշների շղարշներից հանկարծ հառնում, թև է առնում, որ դու տարվես ցնորքներով անրջական ու կարենաս երջանկավետ այն պահերի անուշ հուշի ցավը մեղմել: Արագընթաց քաղցր հուշի, որ առհավետ եկավ անցավ ու այլևս չի կրկնվի:
Ահավասիկ, սիրո հուշն է լոկ տևական, սիրո հուշը և կորցնելու վախից ծնված խանդը ուժգին, որ մեր ներսում ալեկոծում, ծառս էր լինում, ընդվզելով սիրացնոր մեր սրտի մեջ, մեր հոգու մեջ, արյան ամեն բջիջի մեջ: Ասում եմ ձեզ` մեռնելն այնքան ահավոր չէ, ինչքան որ այն, որ այլևս չես տեսնելու զմայլելի տեսքը սիրած քո էակի:
Սիրո համար ազգություն ու կրոն չկա: Սերը վարդ է, իսկ խանդը` փուշ: Առանց փշի վարդ չի լինում, առանց խանդի` սեր չի լինում: Սերը վեր է ամեն ինչից, քանզի նրա կենդանարար սուրբ լույսով է օծված շուրջը ամեն մի բան: Մի թերացիր, սրտիդ ջերմին խոսքը ասա քո լուսերես գեղեցկուհուն, ով իր կյանքը չի խնայի զուտ քեզ համար: Մի անգամ է կյանքն այդ տրվում ու անցնում է հանց ակնթարթ: Դու պահպանիր սերը նըրա ոնց աչքի լույս և իմացիր, որ փոխադարձ սիրուց վսեմ ոչինչ չկա, այն կորցնելուց հետո, իրավ, անիմաստ է թվում արդեն ապրելն անգամ…
Սերը` հրաշք, ու անմեռ է, այն հեռավոր մշուշներից հանկարծ հառնում, ճառագում է հանց ծաղկած ծառ` վաղ գարունքին…
ՀԻՆ ՀԵՔԻԱԹ
Հին հեքիաթ է սա: Գուցե եղել է: Գուցե չի եղել: Դա չէ կարևոր:
Երեք եղբորով երջանկություն էին որոնում մի օր: Եվ պատահեցին երջանկությանը` խորունկ հորի մեջ:
Մեծը` բոլորից, մոտեցավ հորին ու փող խնդրեց: Երջանկությունը փող տվեց նրան, և նա հեռացավ ուրախ, ցնծալից:
Երջանկությունից երկրորդ եղբայրը սիրուն կին ուզեց, որի նմանը չկա ոչ մի տեղ: Երջանկությունը հոժար կատարեց խնդրանքը նրա, և նա հեռացավ սիրուց խենթացած:
Երրորդ եղբայրը մոտեցավ հորին:
–Իսկ քեզ, ասա ինձ, ի՞նչ է հարկավոր,– հարցրեցին հորից:
Եղբայրը երրորդ` մտահոգ նայեց, ասաց կարեկից.
– Դու եղբայրներիս ուզածն արեցիր, նրանք գնացին գոհ ու երջանիկ: Իսկ քե՞զ ինչ է պետք: Գուցե կարենամ մի բանով օգնել:
–Դուրս բեր ինձ հորից:
Երրորդ եղբայրը պարզեց իր ձեռքը, դուրս բերեց հորից, քայլեց դեպի տուն: Երջանկությունը` նրա հետևից…
ԻՆՉՈՒ՞, ԱԽ, ԻՆՉՈՒ՞…
Ես նրան տեսա փողոցն անցնելիս:
Գարնան տաք օր էր ու շենշող արև:
Կողք-կողքի կանգնած՝ մինչև որ կանաչ լույսը կվառվեր, շեղահար նայեց, ժպտաց հոգեթով: Այդպես նայում են արբունքի հասած գեղեցկատեսիլ աղջիկները լոկ: Նրա հայացքից ես այրող հարված զգացի իմ մեջ ու թվաց մի պահ՝ կանգ առավ շունչս: Իր սև աչքերով ու աղեղնաձև բարակ հոնքերով, ուսերին մանրալիք իջնող մազերով, շքեղ կորությամբ գծված շուրթերով, տեսքով գեղանի՝ նա թովել էր ինձ: Դու հայուհի՞ ես՝ չգիտեմ ինչու հարցրեցի կարկամ: Նա գլխով արեց ու դարձյալ նայեց նազուն նայվածքով, ու ես հմայված մնացի կանգնած:
Անցավ փողոցը, ժպտուն նայեց ետ, ձեռքով հրաժեշտ տվեց այնտեղից ու խառնվեց մարդկանց անդադար հոսքին:
Ու այդ օրվանից պատկերը նրա աչքիս առջև էր, լուսաստղի նման լույս էր տալիս նա իմ ճանապարհին:
Ինչու՞, ախ, ինչու՞ ես չհարցրի անունը նրա կամ հեռախոսի համարը գոնե, կամ վայրը ուսման, գուցե բախտն էր իմ՝ Աստծո ընծա, որ ամբողջ կյանքում երջանկությունից իմ հոգին ցնծար…
Որտե՞ղ է տեսնես իմ հեռու կյանքի չքնաղ գեղուհին, երջանի՞կ է նա, հաջողվե՞ց փրկվել Բաքվի հայատյաց դժխեմ գեհենից, թե՞ հարեմ տարվեց որևէ երկիր կամ թե զոհ գնաց թուրք գազանների վայրի ոհմակին....
ՈՉ ԵՐԲԵՔ ԻՆՁ ՀԵՏ
Թե կյանքում ինչ-որ լավ բան է եղել` ինձ հետ չի եղել, այլ մեկ ուրիշի:
Իմը` միմիայն ջինջ անուրջներում կամ երազի մեջ:
Այդպես եղել է, հանց ջուրն իր ճամփով` այդպես գնում է, ինչ լավ բան լինում` ինձ հետ չի լինում, միայն ուրիշի:
Իմը` տվայտանք, անլուր նեղություն, անդուլ տառապանք:
Ինչու՞ է այդպես` ես չեմ հասկանում: Տերը վերևից այդ է երևի կամեցել գեթ ինձ` որ ինչ որ լավ բան էլ լինի այս կյանքում, ոչ երբեք ինձ հետ, այլ մեկ ուրիշի:
Իմը` հույսը սին, ու ես ողջ կյանքում` լոկ նրա հույսին:
ԽՐԱՏ ՈՐԴՈՒՍ
Իմացի՛ր, որդի՛ս, կյանքը շատ է կարճ, ժամանակն անցնում՝ անունն է մնում, պիտի աշխատել լավ անուն թողնել մարդկանց սրտերում,որպեսզի հետո ոչ թե ուրիշի,ինքդ քեզ ասես՝ իզուր չապրեցի ես այս աշխարհում: Ջահել ժամանակ մենք երազում ենք աշխարհը փոխել, հասուն տարիքում՝ զուտ ինքներս մեզ: Մեր անցած կյանքից ոչինչ չենք վերցնում հուշերից բացի: Այս էլ իմացիր, ուրիշի հորը չհարգող որդին հազիվ իր հորը բանի տեղ դնի: Այդպես է, որդի՛ս, ծընողի տեղը չիմացող մարդը Տեր-Աստծո տեղը հազիվ իմանա:
Անարդար մարդուց արդար խոսք ու գործ մ՛ի ակնկալիր: Հանուն իր շահի՝ տունդ կքանդի՝ դեմքիդ ժպտալով: Դուրս արա տնից՝ ով հացիդ նստած՝ բանսարկում է քեզ իր ընկերոջից: Իմացած եղիր, նրա մոտ նստած՝ քեզ է բամբասում: Բարեկամ չէ նա և ոչ էլ ընկեր, եթե կողքիդ չէ, երբ նեղն ես ընկել: Ավա՜ղ, մենք մարդուն գնահատում ենք լոկ՝ երբ չկա արդեն:
Աստծուն բարձրում չէ՝ քո մեջ որոնիր, թե որ չգտար՝ զուր ես որոնում: Ընկել ես հանկարծ՝ տուր ձեռքդ, ելիր, որ մեկ ուրիշին էլ դու ձեռքդ մեկնես՝ ելնելու տեղից: Հոգիդ մի ծախիր, որ հարուստ լինես, որտեղ ճոխություն՝ այնտեղ դավեր ու նենգամտություն:
Ինչ էլ որ անես՝ օտար ափերում անկոչ հյուր ես դու, հայրենի հողում սարքիր քո տունը: Ուրիշ ոչ մի տեղ՝ մարդն իր տանը սոսկ կարող է ըզգալ իրեն երջանիկ:
Ապրիր, վայելիր, քանի ջահել ես, գնա ընդառաջ քո վայելքներին: Աղջիկ ընտրելիս՝ մորը լավ նայիր, ոնց որ խնձորը՝ երկու կես արած՝ մորն է քաշելու: Յոթ անգամ չափիր՝ նոր միայն կտրիր, որ հետո չասես դառը մորմոքով՝ ո՜վ էր արժանի և ում ընտրեցի: Աչքիդ մի խաբվիր՝ ականջներիդ էլ հավատա մեկ– մեկ:
Եթե սիրում ես, ի՞նչ կարևոր են գույնը աչքերի, տարիքը անգամ, սերն է կարևոր, արարչական այդ վայելքը վսեմ, պահպանի՛ր դու այն աչքի լույսի պես, որ կյանքդ անցնի շենշող բերկրանքով: Երբ մարդու սրտում մեռնում է սերը՝ նա արդեն ծեր է. չէ՞ որ կյանքը հենց դա ինքնին սեր է: Միշտ չէ, որ խանդը ծագում է միայն ինքնասիրելուց, դու անքեն եղիր, այն ծնվում է և կորցնելու վախից:
Ծագել է լույսը՝ արևի ցոլքով, զարթնել ես քնից՝ ողջ ու առողջ ես, մերձավորներդ ողջ ու առողջ են, փառք տուր Արարչին՝ նոր օրվա համար, ժպտա արևին, չէ՞ որ արևը ծագել է նաև, որ զվարթ հոգով ժպտաս դու իրեն:
ՄՈՐՄՈՔ
Սարերն ի վեր դեպի լուսին ոլոր-մոլոր ճանապարհ, սարի ուսին թառած լուսին, բլրալանջին՝ քնած մի գյուղ, շուրջն անտառներ, ձոր ու լեռներ, ծղրիդի երգ միալար:
Աստղասփյուռ կապույտ երկինք, լուսապայծառ վառ աստղեր, աստղի կաթոց երկինքն ի վար. տեսնես արդյոք ու՞մ աստղն էր, որ այս պահին խավարեց :
Հովի շնչից՝ խոտի շրշյուն, ծաղկի բուրմունք դյութական, մութ ձորակում գետի խոխոջ, ինչ-որ մի տեղ խուլ կրակոց, կրակոցից ահաբեկված՝ լուսնի սահանք երկինքն ի վեր:
Սարի ուսին՝ կիսալուսին , կիսալուսնի կաթնալույսում աղջկական քաղցրահնչյուն զնգուն ծիծաղ՝ ,,Դե լավ էլի,, ,ու թույլ հառաչ, մունջ տատանում ստվերների , մթության մեջ ծղրիդի երգ անդադար:
…Հին օրերից ծանոթ պատկեր, ծանոթ վայրեր, ձայներ ծանոթ, քուն թե արթուն՝ մտամոլոր այցելում են ինձ ամեն օր:
ԳՈԻՑԵ ՄԻ ՕՐ…
Ախ, մոռացած դու ամեն ինչ` սեր ու երդում ու խոստումներ հազարումի, բաժանվեցիր, թողնելով ինձ վշտերիս հետ մեն ու մենակ:
Դու հեռացար` կրքահարույց շուրթերին քո կամկար ժպիտ, ափսոսանքի նշույլ չկար քո հայացքում, ախ, քեզ համար տվայտանքն իմ ոչինչ չարժեր, ոչինչ չարժեր քեզ կորցնելու մտքից ճչուն ցավն իմ անմար։
Գիտեմ, դու նոր սեր կունենաս ու կարբենաս ուրիշ գրկում, չես էլ հիշի, որ սիրազեղ նույն հրայրքով գերել ես ինձ ժամանակին։
Գուցե մի օր, երբ որ կանցնի դյութանքը քո, դու սոսկումով կհասկանաս` ոչ ոք այնպես չի սիրել քեզ, ինչպես որ ես` նվիրումով խելակորույս։
Ես քո հանդեպ ոչինչ չունեմ, նախատինքի կամ այպանող խոսքեր չկան ամենևին, օրերը մեր` որպես անցած, քաղցրամորմոք անձկալի պահ, ես կհիշեմ` շնորհակալ, որ եղել ես դու իմ կյանքում։
ՄԵՐ ՄԱՅՐԵՐԻՆ
Արար աշխարհ գնա ման եկ, Աստված վկա, մորից վսեմ ոչ ոք չկա:
Սերը անդավ՝ մոր սերն է դա, հավետ անդավ, քանզի ինչ էլ որ անես դու՝ ներելու է, ինչպիսին էլ որ դու լինես՝ սիրելու է: Մորից թանկը ` մայրն է միայն: Մորից սուրբը` մայրը միայն:
Ինն ամիս իր կրծքի տակ, երեք տարի՝ իր ձեռքերին, ամբողջ կյանքում՝ իր սրտի մեջ… Ու թե հանկարծ ոտքդ առնի սուրսայր քարի, անունը տուր՝ ցավը կանցնի, նեղն ես ընկել ՝ քեզ հետ է նա ամեն վայրկյան՝ սրբանվեր իր պարզությամբ, իր վեհաշուք ազնվությամբ, արարչական իր բարությամբ: Աստծուց բարձր ու կյանքից թանկ՝ մայրն է, մայրն է մեր միայն:
Ու երբ որ դու թևեր առնես ու հեռանաս՝ գերված օտար քմայքներով, հրայրքներով հոգեզմայլ, նա քեզ երբեք չի մոռանա, իր ավեր տան շեմին կանգնած՝ հեղգ ու վհատ, կսպասի քեզ՝ աչքը ճամփին, սիրտը ճամփին, հոգին ճամփին…
Ե Ր Բ ՈՐ Հ Ա Ն Դ Ի Պ Ե Ն Ք…
Երբ որ հանդիպենք, ու ես քեզ հեռու, հեռու իմ երազ, իմ սրտի փափագ ու հանապազորդ իմ կուռք ու մուրազ, տեսնեմ իրապես…
Երբ մենք հանդիպենք (օ, Տե՜ր իմ Աստված, ինձ պետք չէ ոչինչ՝ միայն քեզ տեսնեմ, միայն թե տեսնեմ տեսքդ գեղանի, դեմքդ՝ լուսեղեն ու հուզաթաթավ), ու երբ որ տեսնեմ աչքերդ ծավի ու սիրտն իմ թալկանա կարոտի ցավից, ու արարչական նրբին կորությամբ գծված շուրթերիդ բոսոր ես մեղմ շշնջամ մարող շշուկով՝ ի՜նչ հաճելի ես դու իմ աչքերին ու հանց բալասան՝ տառապյալ սրտիս…
Ու երբ բերկրանքից, որ մենակ ենք մենք արար աշխարհում, և ոչ ոք, ոչ ոք չի նախանձի մեզ՝ մեղմ գորովելու մեկս մյուսին, ու ինձ՝ շոյելու մանրալիք իջնող մազերդ ոսկյա, այն ժամ կըմբռնենք… որ այլ էր մինչ այդ ու այլ կլինի դրանից հետո։
Երբ երկարատև հույսը կփոխվի լուսաջինջ լույսի, և ծիածանը, անձրևից հետո, կամար կկապի լաջվարդ երկնքում, ու նոր մենք կըզգանք սիրո հրայրքն ու թովչանքը վսեմ՝ մե՜ծ երջանկության, ու հոգիներում մեր, չքնա՜ղ իմ էակ, գարուն կծագի՝ լուսաճաճանչված արեգակնային զվարթ շողերով։
Երբ մենք հանդիպենք։
Եթե՜ հանդիպենք…
====================
Левон Адян
В Т О Д А Л Е К О Е Л Е Т О
ПОВЕСТИ, РАССКАЗЫ, МИНИАТЮРЫ
( На армянском языке)