
Полная версия
ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ)
– Չի կարող պատահել:
– Քեզ բան եմ ասում, – իր ասածի արժեքն իմացող մարդու ինքնավստահությամբ պարզաբանեց Արինան: – Լրիվ ուսումնասիրել եմ տետրը, կետ առ կետ ստուգել, ծածկագրերով է գրած, ճիշտ է, բայց ես կարդացի: Վեց ամիս, յուրաքանչյուր օրը՝ սև քառակուսու մեջ, նշված են քրեական օրենսգրքի երկու հոդվածներ՝ 163 և 159: Մեկը գողության հոդված է, այսինքն՝ ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն, մյուսը՝ խարդախության, որն իր հերթին նշանակում է խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով դարձյալ ուրիշի գույքի հափշտակություն: Տողեր՝ «Մագադանում ձյուն է գալիս» գողական երգից, ինչ-որ աղջկա անուն՝ Շողիկ: Հետադարձ տառերով է գրված, դա միայն հայելու միջոցով կարելի է կարդալ. «Մի լա, աչքիս լույս, մի լա, օր է՝ կանցնի, մի լա, ով որ փակել է այս դուռը, մի օր կբանա՝ մի լա»: Մի ուրիշ տեղ էլ. «Բանտը մի աշխարհ է, աշխարհն էլ՝ մի մեծ բանտ»: Իսկ այս մե՞կը. «Գնացքը գամված է ռելսերին՝ նա էլ է բանտված ինձ նման»: Ի՞նչ կասես: Եվ ամենագլխավորը. սա, երևի, այդ Շողիկին է վերաբերում՝
Գիտեմ սիրելիս:
Կարոտել ես ինձ,
Բայց չեմ կարող գալ…
Բանտը շատ է պինդ,
Դուռը խիստ է փակ,
Չեմ կարող բանալ…
– Սրա՞ն ինչ կասես:
– Իսկ… ինչպե՞ս է որ ազատ են արձակել:
– Քրեական օրենսդրությամբ նման բան թույլատրվում է: Առաջին անգամ ոչ մեծ ծանրության կամ միջին ծանրության հանցանք կատարած անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե նա աջակցել է հանցագործությունը բացահայտելուն կամ հաշտվել է տուժողի հետ և հատուցել կամ այլ կերպ հարթել պատճառած վնասը կամ, ասենք, եթե պարզվի որ իրադրության փոփոխման հետևանքով այդ անձը կամ նրա կատարած արարքն այլևս վտանգավոր չէ հանրության համար:
– Հիմա նոր հավատում եմ, որ իսկապես ոսկե մեդալով ես ինստիտուտն ավարտել, – ծիծաղեցի ես, – քեզ քրեական հետախուզությունում է հարկավոր աշխատել:
– Այնպես որ, – հաղթական տեսքով ասաց Արինան, – նա խաբեբայի մեկն է: Ես դա ապացուցել եմ: Իսկ ի¯նչ բանաստեղծություն էր նվիրել մեզ, Սիլվան էլ այստեղ էր: Սպասիր, բերեմ: – Արինան մտավ իր սենյակը, շտապկոտ քաշքշելով դարակները, մեքենագիր մի թուղթ հանեց: – Մեքենագրել եմ, լսիր.
Արինան աշխույժ է, կրակոտ ու տաք,
Ասես թխադեմ հնդկուհի է նա:
Նա բարձրացրեց աչքերը, բերանը կիսաբաց՝ նազանքով նայեց ինձ, շարունակեց.
Լորաննան վարդ է ու ձյուն սպիտակ,
Խաժագույն ու մեծ աչքեր ունի նա,
Սիլվան մարմնեղ է, կիրք է բովանդակ,
Գեղեցիկ է նա, ցանկալի մի սեր,
Շարժումներն են լոկ դանդաղ ու կամկար,
Ծնվել է կարծես անկողնու համար:
Միջանցքում լսվեց Լորաննայի ձայնը, ինչ-որ մեկի հետ խոսում էր, լսվեց նրա անբռնազբոս ծիծաղը:
– Դուք կարո՞ղ է այստեղ եք գիշերել,– ներս մտնելով՝ զվարթաձայն ասաց նա հմայիչ ժպիտով:
– Այո, – արագորեն վրա բերեց Արինան: – Այդպես էլ կա:
– Անխիղճներ, իսկ ինչո՞ւ ինձ չեք ասել: – Նա փութկոտ կարգի էր բերում իրեն հայելու առջև, մանրակրկիտ զննման ենթարկելով դեմքն ու սանրվածքը: – Կա տարիք, երբ կինը պետք է գեղեցիկ լինի, որպեսզի լինի սիրելի: Բայց գալիս ժամանակ, երբ նա պետք է սիրելի լինի, որպեսզի մնա գեղեցիկ… Տարիքս կարծես սարի եղնիկ է, փախչում է ինձնից, իսկ, ա¯խ, այն երբ էր, որ ե¯ս էի վազում՝ նրան հասնելու…
– Երրորդն ավելորդ է, – քիչ ուշացումով ժպտադեմ խայթեց Արինան:
– Ե՞ս եմ այդ երրորդը, – ծիծաղեց Լորաննան՝ հայելու մեջ ինձ աչքով անելով: – Լեո, – ետ շրջվելով ասաց նա նույն հմայիչ ժպիտով,– մի լավ անեկդոտ՝ ամուսինս է պատմել. հեռու Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի մեկնած ամուսինը լուր է ստանում, որ կինն ուրիշի հետ է: Կատաղած հեռագրում է կնոջը. «Եթե եկա և ճիշտ դուրս եկավ՝ գլուխդ կացնով կտրելու եմ»: Տեղը տեղ չի տալիս, գնացք է նստում, գալիս: Տուն է հասնում ուշ երեկոյան, լուսամուտից նայում է՝ կինն ուրիշ տղամարդու գրկում: Նայում է ու զարմացած մտածում. «Կարո՞ղ է հեռագիրս չի ստացել»:
Սրամիտ էր, ծիծաղեցինք:
– Բոջիկյանի հետ էի խոսում, երեկ նախկինը զանգել է նրան, – նստելով տեղը ասաց Լորաննան: – Խիստ նեղացած է մեզնից, ասում է՝ ինձ չեն պաշտպանել Հուրունցի հարձակումներից: Նորա Բաղդասարյանին էլ է զանգել, բողոքել: Նորան ասում է՝ ճիշտ չեք արել, երեսունինը թվից կուսակցական է, հայտնի բանաստեղծ ու դեպուտատ, պիտի պաշտպանեիք: Մեկն ասի՝ քո ի՞նչ գործն է, Նորա, մեծ կնիկ ես, քեզ օրորելով ու աչքերդ ճպճպացնելով ի՞նչ ես ամեն ինչի խառնվում:
– Ի¯նչ կլիներ՝ խռովեր ու էդ ցնդած հուշերը չբերեր մեքենագրելու, – երազեց Արինան: – Հուշեր՝ ուտելու, խմելու, մեռնելու մասին:
– Լսիր, – ասաց Լորաննան, – բնաբան պե՞տք չի նրա գրքին: Մի լավ բնաբան մտածենք՝ ուտելու, խմելու և, ի՞նչ ասացիր, հա՛, նաև մեռնելու մասին: – Նա թղթի վրա հապճեպ մի քառատող գրեց, հետո որոշ բառեր փոխեց և մեկնեց Արինային: – Տես գրքի բնույթին բռնո՞ւմ է:
Արինան աչքի անցկացրեց, ծիծաղեց, ասաց՝ «բռնում է», և բարձրաձայն կարդաց.
Երբ որ մեռնեմ, այցի արեք
Ինձ առավոտ վաղ,
Մի քիչ հաց ու պանիր առեք,
Մի բոթուլ արաղ:
Արինան կրկին ծիծաղեց, ասաց.
– Բնաբանը գրքին արժե, – և ավելացրեց անբռնազբոս ծիծաղով, – իսկ ինչո՞ւ ես այդպես զուգվել-զարդարվել, ամոթ չլինի հարցնել:
– Որովհետև հաղորդում ունեմ այսօր, Արինա ջան, ամբողջ Ադրբեջանում ու նաև իմ հայրենի Սիսիանում, որտեղ նույնպես դիտում են մեր հաղորդումները, այսօր կտեսնեն ինձ հեռուստատեսությամբ, կտեսնեն ու կմտածեն, որ կար ժամանակ՝ և՛ գեղեցիկ էի, և՛ ջահել, հիմա միայն գեղեցիկ եմ:
Ողորկ պարանոցը՝ կլոր ու ճերմակ, քմայքոտ տեսքով ու զգեստալանջի թեթևակի բացվածքով՝ նա, իրոք, արտակարգ գեղեցիկ էր:
Լորաննան նազով շրջվեց իմ կողմը, ասաց.
– Լեո, կգա՞ս ռեժիսորական: Քո բարոյական աջակցությունն ինձ շատ է անհրաժեշտ՝ հեռուստադիտողների վրա ցնցող տպավորություն թողնելու համար: Խնդրում եմ, շաքարոտ բերանդ՝ շաքարով բացիր, ասա՝ կգամ:
– Կգամ, – ժպտացի ես:
– Այդպես էլ գիտեի, – թեք նայվածքով՝ գորովալից ասաց Լորաննան: – Չնայած երբեմն մտածում եմ, թե վերջերս մեզ վրա այլևս ուշադրություն չես դարձնում, որովհետև մայրս էր ասում՝ սեխը դուրս գալուց հետո վարունգն անհամում է:
Նա կրկին աչքով արեց ինձ, խորամանկորեն ժպտաց՝ հասկացնել տալով, որ ինքը գիտե, թե այդ ինչ, ավելի ճիշտ, թե այդ որ քաղցր սեխի մասին է խոսքը:
Ես գնացի իմ առանձնասենյակը:
* * * * *
– Լեո, գալի՞ս ես, – առանձնասենյակի դուռը բացելով` փութկոտ արտաբերեց Լորաննան: – Հինգ րոպեից եթերում ենք:
Քիչ անց ես արդեն ռեժիսորականում էի: Լորաննան ու դերասաններն արդեն ներսում՝ ստուդիայում էին:
Հեռուստաստուդիան վառ լուսավորված էր, Լորաննան նստած էր կենտրոնում, դերասանները՝ նրա աջ ու ձախ կողմում, բոլոր ջահերն ուղղված էին նրանց, հավանաբար, շատ շոգ է այնտեղ: Լորաննան անձայնանցիկ հաստ ապակու ետևից ժպտաց ինձ:
Հնչյունային ռեժիսոր Մարկ Բրոնեշտերնն անցավ վահանակի մոտ, որտեղ մոնիտորի էկրաններին երևում էր բեմը, այն լիովին ընկալվում էր ստուդիայի տարբեր կետերում տեղադրված տեսախցիկներից: Օպերատորները, լսողական ականջակալներով, անվավոր հեռուստախցիկները առաջ ու ետ էին տանում՝ ավելի հստակորեն ընդգրկելու հաղորդման մասնակիցներին:
Ժամանակի և տարածության հասկացողությունն այստեղ դառնում է շոշափելիորեն նյութական՝ սրտի անհամաչափ զարկերի հետ վայրկյան առ վայրկյան անխուսափելիությամբ մոտեցնելով հաղորդման սկզբին:
Երբ մնում էր մի քանի ակնթարթ, մեր ռեժիսոր Ժիրայր Ավետիսյանը, որ մի ժամանակ Բաքվի հայկական պետթատրոնի ռեժիսորն է եղել՝ շատ կիրթ, ազնվաբարո մի մարդ, միկրոֆոնով ասաց. «Ուշադրություն, մենք եթերում ենք», և սեղմեց կոճակը: Հեռուստախցիկների վրա միանգամից վառվեցին կարմիր լույսերը: Հնչյունային ծերուկ ռեժիսորը միացրեց երաժշտությունը, առաջին տեսախցիկը ցուցադրեց մակագիրը, այնուհետև՝ Լորաննային՝ քիչ գունատ ու թեթևակի շփոթված:
– Բարև ձեզ, սիրելի բարեկամներ, – ի վերջո լսվեց Լորաննայի երգահնչյուն ձայնը:
Հաղորդումը սկսվեց: Բարոյական աջակցությունն ապահովված էր, մնում էր ցնցող տպավորությունը՝ հեռուստադիտողների վրա:
Ես աննկատ դուրս եկա ռեժիսորականից:
* * * * *
Անհանգիստ, ինձնից անկախ, շարունակ ժամացույցին էի նայում: Ռենան այսօր կգա ինձ մոտ, հինգշաբթի օրվանից սկսած՝ ես այդ մասին էի մտածում, ինչ-որ անորոշ ու հետզհետե սաստկացող հուզմունքով:
Ես մտածում էի, որ Ռենան կգա օրվա երկրորդ կեսին, բայց, համաժամանակ, ինչ-որ վեցերորդ զգայարանով զգում էի, որ, ո՛չ, նա ավելի շուտ կգա: Եվ, իրոք, նա եկավ մինչև ընդմիջում:
Նա հայտնվեց միանգամայն անսպասելի, հուզմունքից այլայլված ու դրանից առավել գեղեցկացած, հևիհև: Երկնագույն կարճ քղանցքով զգեստ էր հագած, որն ավելի էր ընդգծում նրա սլացիկ բարակ իրանն ու ոչ մեծ, շամամի պես կլորիկ կրծքերը:
– Վերելակը չէր աշխատում, – քաղցրաձայն ասաց նա՝ վարդաշուրթ բերանը կիսաբաց, թեթև հևքով:
Նայում է ուղիղ: Իսկ աչքերը ծիծաղում են: Քմահաճ նազանքով, քնքշորեն, քաղցրորեն: Աչքերը ձգում, գերում, կախարդում են: Եվ ես՝ անկամորեն տարված, մտովի մղվում եմ այդ զմայլանքին ընդառաջ, սիրտս նվաղում է՝ թեթևակի կիսաբացված շուրթերի լուսափայլ թարմությունից…
– Ահա և եկա, – ավելացրեց` ոսկեցոլք մազերը ետ տանելով ու ժպտալով աչքերով, փոքր-ինչ խոնավ, անսահմանորեն սպիտակ ատամնաշարով, շուրթերով, ամբողջ դեմքով: – Դու ուրա՞խ չես, որ ես եկա…
Ես նայում էի հմայված ու վերացած, անհագուրդ տենչանքով, ասես մի ամբողջ հավերժություն չէի տեսել նրան, արտասովոր ուժգնությամբ բաբախում էր սիրտս, ես ըմբոշխնում էի իմ արբեցումը նրա թովիչ գեղեցկությամբ, ծիծաղելիորեն սարսափելով միաժամանակ, որ այդ արբեցումը կզրկի ինձ բանականությունից:
– Ես վերջին երկժամից փախա, – քնքշալից, կամացուկ արտասանեց Ռենան, դեռևս հևալով:
Ի պատասխան՝
– Եթե ես քեզ համբուրեմ, դու չե՞ս բարկանա,– դողդոջուն ձայնով արտաբերեցի ես:
Ռենան, կապտագույն աչքերը չկտրելով իմ աչքերից, տարուբերեց գլուխը՝ «ոչ» : Շիկնանքը պարուրեց նրա ողջ դեմքը:
Ես հետագայում չէի կարողանում մտաբերել, թե դա ինչպես ստացվեց, փափուկ չխկոցով բանալին պտտվեց դռան կողպեքի մեջ, հաջորդ վայրկյանին ես արդեն գրկել էի Ռենայի ուսերը, մատներիս տակ զգում էի նրա դյուրաբեկ մեջքի գոգավոր կորագիծն ու անրակների արանքով ցած իջնող նրբին փոսիկը, մազերը բուրում, խտղտացնում էին իմ դեմքը, ես ինչ-որ անկապ բառեր էի շշնջում, որ նույնպես հետո մտաբերել չէի կարողանում, ես քնքշորեն ու զգույշ համբուրում էի Ռենայի մերկ ուսերը, բուրավետ պարանոցը, իմ շուրթերը կուրորեն թափառեցին նրա դեմքի վրայով, մոլեռանդ կրքոտությամբ գտան կիսաբաց գիրգ շուրթերը, որոնք սկզբում կարծես փախս էին տալիս, բայց հետո, ասես անկամզիջողական, նվաճված՝ հնազանդ ու տաք էին, նրա ընդհատ-ընդհատ շնչառությունը խելացնոր էր, հազիվ որսալի հառաչանքը՝ քաղցր…
Այսպես ահա ես առաջին անգամ համբուրեցի Ռենային:
Եվ իմ օրերը ոչ թե անցնում՝ թռչում էին, ինչպես սիրով լի իմ խանդավառ սիրտն էր անդիմադիր թռչում Ռենային ընդառաջ: Ես խելացնոր սիրեցի նրան, որովհետև կանացի հմայքի մարմնացում էր նա և անհնար էր նրան չսիրել ու չպաշտել, և այդ սերն իսկապես խենթացնում էր: Նա օր-օրի նորովի էր բացվում ինձ՝ նուրբ ճաշակով, անասելի բարեսիրտ, պարզ, անմիջական, ամենայն կողմանե հաճելի ու հրապուրիչ, սիրելի ու փայփայելի, ու նաև հումորի նրբին զգացումով ու ծիծաղկուն: Նա իմ ամեն մի կատակի վրա խայտալով հրճվում ու ծիծաղում էր, և ուրախությամբ զսպված նրա կարկաչուն ծիծաղը շենշող ու վարակիչ էր, քայլելիս թեթևասույր եղնիկի պես նա հանկարծ լուսեղեն նազով կախվում էր ինձնից՝ ձեռքերով օղակելով վիզս, կամ կտրում ճանապարհը՝ որևէ բան պատմելու, և երկնքի պես կապույտ նրա աչքերն առկայծում, շողարձակում էին՝ սիրունիկ դեմքը լուսավորելով իր ներսից հորդացող անսպառ լույսով ու գեղեցկությամբ:
* * * * *
Խմբագրությունում կյանքն ընթանում էր իր հունով, ամեն երկուշաբթի կոլեգիայի նիստ, առաջիկա ծրագրի կազմում, օրական մեկժամյա հայերեն հաղորդումներ՝ ռադիոյով և հեռուստատեսությամբ, այցելություններ, թռուցիկ ժողովներ:
Նախկինը դեռևս չէր ավարտել իր հուշագրությունները, շարունակում էր թելադրել՝ զզվեցնելով Արինային: Նա մի անգամ մի պատմություն արեց, որից հետո ես նույնպես տհաճությամբ էի տանում նրա ներկայությունը: Մինչ այդ Սաղումյանը պատմել էր, որ գրական-հասարակական ականավոր գործիչ Եղիա Չուբարին, որը երեսուներեք-երեսունվեց թվականներին Ադրբեջանի լուսավորության մինիստրի առաջին տեղակալն էր, և Բաքվի հայկական դրամատիկ թատրոնի դերասանուհի Արուս Թառայանին ու նրա տասնութամյա ուսանողուհի դստերը նախկինի մատնությամբ էին բանտարկել: Պետքաղվարչության ներքին բանտում Թառայանի դստերը խոշտանգել, բռնաբարել էին մոր ու Երևանից, չգիտես ինչու, այստեղ բերված արձակագիր Զապել Եսայանի ներկայությամբ, ասեղներ խրել եղունգների տակ՝ մեղադրելով լրտեսության մեջ, իսկ նրա մեղքն այն էր եղել լոկ, որ ինչ-որ մեկի մոտ ասել էր, թե շատ կուզենար գոնե մի անգամ գնալ Լոնդոն՝ անգլիացի հորը՝ միստեր Կլարկին տեսնելու: Գրող Սեդրակ Թառայանի աղջկան՝ գեղեցկուհի Արուսին, որին, Սաղումյանի խոսքերով, Թիֆլիսում այնքան բանաստեղծություններ են ձոնել Ստալինն ու Վահան Տերյանը, նույնպես խոշտանգել էին՝ դստեր ներկայությամբ:
Վաթսունական թվականների սկզբներին (Խրուշչովի օրոք էր դա, թեպետ ժամանակավորապես, բայց ամեն ինչ կարելի էր ասել արդեն) Արուս Թառայանն այստեղ, խմբագրությունում, ամենաետին խոսքերն էր շպրտել նախկինի ճակատին, իսկ նա, մինչև ականջների ծայրերը կարմրած, ոչինչ չէր կարողացել պատասխանել: Սաղումյանի ներկայությամբ էր դա տեղի ունեցել: «Իսկ հետո ի՞նչ եղավ, – հարցրի ես, – Թառայանի աղջկան հետագայում թույլատրեցի՞ն մեկնել Անգլիա՝ հոր մոտ»: «Ի¯նչ ես ասում, – դառնությամբ արձագանքեց Սաղումյանը: – Խեղճ աղջիկը խոշտանգումներից խելագարվեց: Մաշտաղայի* հոգեբուժարանում էր, հիմա չգիտեմ՝ ո՞ղջ է, թե՞ չկա արդեն»: «Իսկ Արուս Թառայա՞նը», – հարցրի ես: «Նա մեռավ մենության ու ծայր աղքատության մեջ», – պատասխանեց Սաղումյանը:
Այս նոր պատմությունն ինչ-որ աղջկա հետ էր կապված, որին նախկինը, իր ասելով, սիրահարվել էր տասներորդ դասարանում:
– Ես նրան բանաստեղծություններ էի նվիրել, – պատմում էր նա Լորաննային: – Շա¯տ էր սիրուն, դպրոցի աչքն էր: Իմ մոտով անցնելիս՝ արտասանեցի. «Սիրում եմ ես քեզ, սիրում եմ թաքուն, տառապում եմ ես, տանջվում եմ անքուն…»: Իսկ նա՝ ոչ տանի, ոչ բերի. «Արհամարհում եմ»: Ասավ ու անցավ: Մնացի կանգնած: Մի երկու լակոտ կային, դրանց մոտ ասաց: Էդ լակոտներն ինձ չէին սիրում, շատ էր պատահել՝ ակնոցս հանում, չէին տալիս, վրաս թքում էին: Հետո ես դրանց հախից, իհարկե, եկա: Տարան կորցրին: Մի խոսքով, մնացի կանգնած: Մտքումս ասացի. «Ես քեզ ցույց կտամ»: Հետագայում իմացա, որ ամուսնացել է, երեխա ունի, ամուսինն էլ հայկական թատրոնում ադմինիստրատոր է: Գնացի Միրզա Իբրահիմովի մոտ, նա արվեստի գլխավոր վարչության պետն էր, հանել տվեցի գործից, և պարզվեց, որ թատրոնի հետ
կապված ինչ-որ յուրացման հաշիվներ էլ կային, ստուգեցին, նստացրին: Հետո ես տեսա դրան, էդ վաղեմի գեղեցկուհուն, – ձեռքով բերանը ծածկած՝ մանր ծիծաղեց նախկին գլխավորը: – Աղքատ շորերով՝ ոնց մուրացկան: «Հիշո՞ւմ ես, որ ասացիր՝ արհամարհում եմ», – հարցրի: «Հիշում եմ, – ասաց: – Այն ժամանակ արհամարում էի, իսկ հիմա՝ զզվում եմ»: «Դե գնա կեր», – ասացի մտքում: Բայց փոշմանել եմ, բարձր պիտի ասած լինեի, չէ՞…
Լորաննան, ասես օդը չէր հերիքում, ձեռքով հովհարեց իրեն՝ ջրից հանած ձկան պես բացուխուփ անելով բերանը, բարձրաձայն ասաց.
– Մի սիգարետ տվեք, խնդրում եմ:
– Դու ծխո՞ւմ ես որ, – զարմացավ նախկինը:
– Ձեր պատմությունները լսողը ոչ միայն կծխի՝ թմրամոլ էլ կդառնա,– ասաց նա կոպտորեն և, արագ ելնելով տեղից, դուրս եկավ սենյակից:
Քիչ անց ես նույնպես դուրս եկա և, անցնելով կիսամութ միջանցքով, մտա գլխավորի մոտ: Լորաննան այնտեղ նստած ծխում էր:
– Մեկը գիտեք՝ տասը ոչ, – ասաց գլխավորը հառաչանքով: – Մարգար Դավթյանին ու Գևորգ Պետրոսյանին նա մահվան դուռը հասցրեց, էլ չեմ խոսում Բագրատ Ուլուբաբյանի, Արշավիր Դարբնու, Աբրահամ Բախշունու, Էլմիր Մկրտչյանի, Սամվել Քնարունու, Էմմա Պետրոսյանի ու Համո Ամիրխանյանի դեմ նրա արածների մասին: Ամիրխանյանը ստիպված եղավ փախչել Երևան, նույնիսկ չսպասեց գրքի հրատարակմանը. ի միջի այլոց, գիրքն էլ հանել տվեց պլանից: «Գրական Ադրբեջանում» խմբագիր էր, հանդեսի աշխատակից Ոստիկ Կարակոզյանը, որին նույնպես տարիներ շարունակ հալածել էր, աշխատանքից հետո դուրս է գալիս փողոց և հենց գրողների միության առջև, մայթին ընկնում, մեռնում է: «Ուլդուզ» ամսագրի աշխատակից Սիավուշ Սարխանլին զանգում է նրան, ասում, որ ձեր աշխատողն այստեղ մեռած, ընկած է: Ի՞նչ պատասխանի, որ լավ լինի՝ «Հաշվեք, թե շուն է սատկել», – ասում ու դնում է հեռախոսը: Իսկ ժամանակին մտերիմ ընկերներ են եղել, նրանց տնից դուրս չեր գալիս: Մարդը գերագույն խորհրդի նախագահության անդամ է, քսան տարուց ավելի ամսագիր է խմբագրել, մի այդքան էլ այստեղ է աշխատել, հիսուն տարվա կոմունիստ է, ժողովրդական բանաստեղծ, ի՞նչ անենք, պիտի համբերենք մինչև…
–
–*Մաշտաղա – ավան Ապշերոնի թերակղզում՝ Բաքվի արվարձաններից
– Մինչև ե՞րբ, – նրա միտքը հասկացավ Լորաննան: – Նա մեռնողը չի: Մի՞թե այս մեծ, վիթխարի քաղաքում մի կարգին հայ չկա, որ դրան են դեպուտատ ընտրել:
– Դա որ մեռավ՝ Թելմանին են ընտրելու, – ասացի ես:
Գլխավորը քահ-քահ ծիծաղեց, գլխով հաստատելով, որ, այո, այդպես էլ լինելու է: Եվ հենց այդ պահին, ինչպես ասում են՝ անունը տուր, ամանը լից, ներս մտավ Թելման Կարաբաղլի-Չալյանը՝ իրեն կորցրած, պոչատ հոնքերը գզգզնակ ու շրթունքներն ավելի սմքած:
– Ես սպանիլ բիդիմ… միյավնույնա, սպանիլու եմ, – շնչահեղձվելով կրկնում էր նա: – Մինա ա, բիդի սպանիմ: Կևորկ Ատաճանյան, սպասի… կդեսնես գլոխդ հինչ օյին եմ խաղալու… Ախ, երբ գըլինի գա Մնասագանը բանագիցը, որ ես դուրս անեմ դրան իմ բաժնիցը:
– Թելման, նստիր, հանգավորված ես խոսում, ի՞նչ է պատահել,– իբր անհանգստացած, բայց ծիծաղն ուժով զսպելով հարցրեց գլխավորը:
– Կնիգս փռնել եմ, – նստելով երկար սեղանի ծայրին, հուզմունքից ընդհատվող ձայնով ասաց նա: – Կնգանը քանդաձ դոնը ասդվաձ էլ չի գարալ շինի: Վսյո, փռնեցի:
– Իսկ ո՞ւր էր գնում, – միամտորեն հարցրեց Լորաննան՝ ձեռքով ծուխը աչքերից հեռացնելով:
– Ո՞ւր բիդի գնա, այ ախճի, – բարկացավ Թելմանը՝ ձեռքով հարվածելով իր ծնկանը, – խելք չունիս՝ թաքավոր ես: Դան մեչը փռնեցի: Հարևանը գանչալըմ, դեսալա…
Թելմանի պատմածից հասկացվեց, որ նա կնոջը բռնել էր ուրիշի հետ, և եթե այդ ուրիշը հասարակ մարդ լիներ, ապա Թելմանը նրա հերը կանիծեր տեղնուտեղը («Ճարդուփուրթ գանեի գլոխը», – ասաց Թելմանը): Բայց պետանվտանգության կոմիտեի աշխատակից Սաֆար Ալիևն էր եղել՝ այտին մեծ սև խալով, Հայաստանից եկած մի զզվելի անձնավորություն, որ հայերեն ավելի մաքուր էր խոսում, քան մեր խմբագրության աշխատողներից որևէ մեկը:
Լորաննան նրան գիտեր, նա առաջ հաճախակի էր այցելում նախկին գլխավորին, և բոլորս էլ, իհարկե, հասկացանք, որ ահա թե որտեղից և ում միջոցով էր հայկական խմբագրությունում լույս ընկել Թելման Կարաբաղլի-Չալյանը, բայց նախկինը նույնպե՞ս օգտվել էր Թելմանի դեռատի կնոջ բարեմասնություններից՝ մնում էր անհայտ, չնայած բոլորս էլ հակված էինք մտածելու, որ առանց դրան չէ, մանավանդ, որ Լորաննան մի երկու անգամ տեսել էր նրանց՝ նախկինի առանձնասենյակում քչփչալիս:
– Հասակով մարթը ջահիլ, ղաշանգ ախճիգ չբիդա օզի, – փիլիսոփայեց Թելմանը,– որովհետե հալա քու սաղ վախտը նա արտեն մտածում ա, թա հում հեդա գյանքը անցգացնելու քու մռնելուց եդան…
* * * * *
Խմբագրությունում, անշուշտ, գիտեին արդեն իմ սիրո մասին: Գլխավորը ժպտալով ասաց. «Աչքով չտամ, հրաշք ընտրություն է»:
Միջանցքում Նորան ոտքը կախ գցեց, վիզը թեք ու ձախ ձեռքը այտին, ուսերը ճոճելով հասցրեց հանդիմանել Հադրութի իր բարբառով. «Էհ, Լեո ջան, մատտաղ ինիմ, մեր էս ամբողջ խմբագրությունումը բոլորը գիդասըն, որ ես շա¯տ հարգեսըմ քեզ, գետնից մինչև հենե¯ էն երգինքը, հարգեսըմ, բայց, դե, որ մեր ազգը թողած՝ ուրիշ ազգի աղջկա վրա ես աչք դրել, էդ մեկը քեզ ներեսչըմ…»
Արինան էր միայն, որ ոչինչ չէր ասում: Ասես չէր նկատում, հոնքերի տակից ակնդետ նայում էր, ասում. «Երեկ ինչ-որ աղջիկ էր զանգել քեզ, դու չկայիր»: Չէր ասում՝ ով, թեպետ գիտեր, ձայնից ճանաչում էր: Լորաննան մի անգամ ասաց.
– Լեո, տեսնում եմ, հեռվից էլ երևում է, որ դու սիրում ես այդ աղջկան: Բայց, իմացած եղիր, որ մի անգամ ժպտալու համար պիտի արտասվես հազար անգամ, որովհետև մեծ սերն ինքնին ամբողջապես արցունք ու հառաչ է: Եվ, չգիտեմ ինչու, շարունակ մտածում եմ, որ քո այդ սերը, պարզ է, բերկրանք է բերելու քեզ, բայց և՝ տառապանք: Ծիծաղ, աննման օրեր, ուրախություն է բերելու, բայց և՝ արցունքներ: Ուժ կունենա՞ս դիմանալու այդ ամենին՝ չգիտեմ:
Ես ուշադրություն չդարձրի Լորաննայի բոշայական խոսքերին, ինձ համար անսահման հաճելի էր իմ կապուտաչվի գեղեցկուհու հետ ամեն մի րոպեն. նա իմ ողջ էությունն էր, իմ սիրտն ու հոգին, ես իմ կյանքն այլևս չէի պատկերացնում՝ նրանից տարանջատ, և ինձ համար դուրալի էր, երբ մի անգամ Ռենան, ասես կռահելով իմ մտքերը, փաղաքուշ ձայնով շշնջաց. «Առանց քեզ մի օրս չլինի»:
– Քո սերը նույնպե՞ս առաջին հայացքից ծնվեց, – հարցրի ես կատակախառն ինքնավստահությամբ:
– Այո, – երանավետ քնքշանքով ասաց նա՝ սեղմվելով ինձ: – Չգիտեմ ինչպես ստացվեց դա՝ ինձ դուր եկավ քո շփոթվածությունը և այն, որ չէիր ուզում, որպեսզի ես զանգեի որևէ աղջկա, չնայած, եթե ուզենայիր էլ, միևնույն է, չէի զանգելու: Ես քեզ դուր էի գալիս, ես դա զգում էի, և գերագույն հաճույք էի զգում դրանից: Եվ բնազդով հասկանում էի նաև, որ հենց դրա համար էլ չէիր ուզում, որ ես զանգեի որևէ մեկին, չէիր ուզում ինձ դավաճանած լինել: Այդպե՞ս էր:
– Այդպես էր, – խոնարհաբար ասացի ես՝ խանդաղատանքով համբուրելով նրա բուրումնավետ մազերը, որ մայիսյան ծորուն մեղրի գույն ունեին:
– Գուցեև դա էր պատճառը, որ համաձայնեցի ռեստորան գալ՝ չգիտեմ: Հիշում եմ, շարունակ ուզում էի ելնել ու դուրս գալ քո սենյակից, բայց չէի կարողանում: Բանականությունս ասում էր՝ վեր կաց, սիրտս ասում էր՝ նստիր, ու ես վարանոտ շարունակում էի նստած մնալ: Ահա այդպիսի կռիվ էր գնում իմ մեջ, – լուսավոր աչքերը բարձրացնելով՝ ժպտաց Ռենան: – Ծիծաղելի է, չէ՞:
– Ամենևին… Լավ, իսկ ի՞նչ էիր գտել իմ մեջ: – Ես դա հենց այնպես ասացի:
Ըստ երևույթին, սա գոռոզամտության փորձ չէր, պարզապես ուզում էի նրա չքնաղ շուրթերից մի անգամ ևս լսել, որ նա իրոք, սիրում է ինձ:
Ռենան գլուխը ետ քաշեց իմ կրծքից, նայեց ինձ լուսաշողշող հայացքով, պատասխանեց հարցին հարցով.
– Իսկ ի՞նչ էր գտել Էսմիրալդան կուզիկ Քվազիմոդոյի մեջ:
Զիլ էր. նա ինձ կույր ու գաճաճ Քվազիմոդոյի հետ էր համեմատում:
– Քվազիմոդոյի համար շնորհակալություն, – իբր նեղացած՝ շինծու խռովկանությամբ ասացի ես:
Ռենան պոռթկուն ծիծաղեց, փարվեց ինձ՝ ձեռքերով օղակելով վիզս, հրավառված փափկանուշ շուրթերով հպվելով իմ շուրթերին:
– Հիշո՞ւմ ես, – ասաց նա՝ կախարդելով ինձ իր աչքերի կապտաջինջ փայլով, – Մեջնունի խոսքն իր հորը, երբ նա Լեյլիի մասին ասել էր. «Ի՞նչ ես դու, ախր, գտել նրա մեջ»: Ինչպե՞ս էր պատասխանել Մեջնունն իր հորը. «Իմ աչքերով նայիր, հայր իմ, իմ աչքերով»: Այնպես որ, Լեո, սիրելիս, քաղցրս, – նա կրկին ժպտաց իր ձյունաճերմակ ժպիտով, – իմ աչքերով նայիր, իմ աչքերով, և կտեսնես, որ Քվազիմոդոյի հետ համեմատած՝ դու ահագին սիրուն ես: – Նա ձեռքը քնքշորեն քսեց իմ այտին, ասաց, – հասկացիր, որևէ բանի համար չեն սիրում, պարզապես սիրում են և վերջ: Ասա, ի՞նչ էր գտել տասնութամյա Ուլրիկեն յոթանասունհինգ տարեկան Գյոթեի մեջ:
– Գյոթեն հանճարեղ բանաստեղծ էր:
– Ինչի՞ համար Տուրգենևը սիրեց Պոլինա Վիարդոյին: Ի՞նչ էր գտել նա ոչ այնքան գեղեցիկ ու ամուսին ունեցող այդ գնչուհու մեջ, որ մինչև կյանքի վերջը սիրեց ու պաշտեց նրան ու այդպես էլ չամուսնացավ ոչ ոքի հետ: Հապա, ի՞նչ էին գտել Ելենա Դյակոնովա անունով ռուս մի հասարակ կնոջ մեջ համաշխարհային երկու մեծություններ՝ Պոլ Էլյուարն ու Սալվադոր Դալին, որոնք նրան կնքեցին նոր անունով՝ Գալա, բազում ստեղծագործություններ նվիրելով նրան, իսկ Սալվադոր Դալին իր կտավների տակ դնում էր նաև իրենից տասը տարով մեծ այդ կնոջ անունը՝ «Սալվադոր-Գալա»: Սուլթան Շահ-Ջահանն ավելի քան երեք հարյուր կին ուներ հարեմում, բայց նրանց մեջ նա մեկին էր սիրում միայն: Կարծեմ, Մումթազ է անունը: Ասում են, որ, իբր, հայուհի է եղել: Կարո՞ղ ես ասել՝ ինչո՞ւ հատկապես նրան: Հանկարծամահ եղած սիրելի կնոջ հիշատակին նա հուշարձան կանգնեցրեց Ագրայում՝ մարմարյա հնգագմբեթ մի դաբարան, ամբողջ աշխարհին հայտնի Թաջ-Մահալը, և փակվելով այնտեղ, չուզեց այլևս որևէ մեկին տեսնել ու այլևս դուրս չեկավ այնտեղից մինչև մահ: Որևէ բանի համար չեն սիրում: Մարդ սիրահարվում է ուղղակի, առանց հարցերի, նույնիսկ ավելի շուտ, քան կհասկանա և կգիտակցի, որ ինքը սիրահարված է: Թե ինչու է այդպես՝ չգիտեմ, բացատրել չեմ կարող, բայց այն, որ սերը, իրոք, ծնվում է տարերայնորեն, երբեմն նույնիսկ բնազդորեն՝ կառավարվելով աներևույթ բարձրագույն էներգետիկայով, անհնարին է ժխտել:
– Համոզեցիր, հանձնվում եմ, – ծիծաղելով ասացի ես, – բայց մեկ է՝ Քվազիմոդոյի համար չեմ ների քեզ:
Ռենան հապճեպ կծեց մատս, ծիծաղեց:
– Ռեն, շնի՞կ էս դու, – ասացի ես հորդաբուխ բերկրանքով:
– Նո՞ր ես իմանում, – լուսատեսք, ալ շուրթերով ու բերկրուն՝ նա հտպտանքով լեզու ցույց տվեց՝ նորեն ծիծաղելով:
Ի՞նչը կարող է կախարդել միանգամից, եթե ոչ սիրածդ աղջկա խենթացնող հրապուրիչ ծիծաղը:
Ես մատներս քնքշությամբ, դանդաղորեն սահեցրի Միշել Մերսեի շուրթերի պես հյութեղ՝ նրա տաք շուրթերի վրայով, չկարողանալով ու չփորձելով անգամ թաքցնել զմայլանքս…
Ռենան մեղմակի համբուրում էր մատներս, տամուկ ատամներով մատներս խածնում՝ գեղածիծաղ հայացքով նայելով ինձ:
Ախ, չքնաղդ իմ Ռենա, աս որչափ աղվորիկն էս դուն. մեջքդ բարակ, շուրթերդ ժպտափայլ, կազմդ գեղանի, աչերդ սիրուն. ես բուռն կիրքով կը սիրեմ զքեզ, աշխարհի վրա զքեզ, զքեզ միայն սիրած եմ, անուշիկս, եկուր, եկուր քովս վարդանույշ բերանդ պագնեմ, քեզի համար կը մեռնիմ ես… Աստված իմ, նա, իրավ, խենթացնում է ինձ իր շլացուցիչ թովչանքով, քմահաճ հրապույրներով…
* * * * *
Մենք հանդիպում էինք շաբաթ օրերին (դրանք Ռենայի գրադարանային օրերն էին), զբոսանավով, ճերմակաթև ծովաորորների ընդհատուն կանչերի ու երաժշտության ուղեկցությամբ հասնում էինք մինչև հեռավոր Նարգին կղզի, պաղպաղակ էինք վայելում ծովամերձ սրճարաններում, Կիրովի անվան զբոսայգու բարձունքից գիրկընդխառն դիտում էինք կապույտ մշուշի շղարշում նիրհող վիթխարածավալ քաղաքն ու սպիտակ ալիքներով դեպի ափ տենչող ծովը, որ շարունակ խաղաղ էր այդ ամիսներին, երկար նայում էինք, մինչև հեռացող արևի բոսոր ցոլքերից արևմուտքում բոցավառվում էր ողջ երկինքը, և ծովը փայլածում, շողշողում էր՝ փոխելով գույները:
Այդտեղ, Կիրովի զբոսայգում էր նաև, ծառուղիների խորքում, երբ Ռենան՝ չգիտես կարդացե՞լ էր որևէ տեղ, կինոնկարո՞ւմ էր տեսել, թե իր մեջ էր հղացել այդ միտքը, հուզվելով, շիկնանքով ասաց. «Եթե մի բան ասեմ՝ կհամաձայնե՞ս ինձ հետ»: