Полная версия
ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ)
Տևեց երկար դադար: Ես ոչինչ չէի գտնում ասելու, իսկ նա սպասում էր:
– Դուք մինչև քանի՞սն եք այդտեղ, – ի վերջո հարցրի ես, դեռևս չհավատալով իմ լսածին:
– Վաղը կարո՞ղ եք անցնել:
– Այո, իհարկե:
– Վաղը հինգին-վեցին, խնդրեմ, եկեք: Ես ձեզ կսպասեմ:
Այս ամենն արտասովոր էր, տարօրինակ: Շա¯տ էր տարօրինակ: Հիշում եմ, Արմենը մի քանի անգամ դուրս եկավ դահլիճից ու կրկին վերադարձավ: Գուցե սպասո՞ւմ էր ինչ-որ մեկին, իսկ նա ուշանո՞ւմ էր: Ամեն դեպքում, ինչպե՞ս դա կարող էր պատահել, չէ՞ որ Արմենն ինքը հրավիրեց: Նա գնաց հաշիվը փակելու, իսկ մենք ներքևում Ռենայի հետ սպասում էինք նրան: Իսկ հեռախոսահամա՞րը: Մետրդօթելը որտեղի՞ց կարող էր դա իմանալ: Մի՞թե զանգել է կոմիտե: Իրարամերժ մտքերը հանգիստ չէին տալիս ինձ:
Ժամը չորսի մոտերքը զանգեց Արմենը: Ռաուֆ Ալիևիչի հեռախոսազանգի մասին ես նրան ոչինչ չասացի, ասացի միայն, որ շտապ գործով տեղ պետք է գնամ, և որ մեր հանդիպումն այսօր չի կայանա:
– Ուրեմն վա՞ղը, – հարցրեց Արմենը:
– Վաղը, – պատասխանեցի ես ու դրեցի խոսափողը:
Սակայն մյուս օրը նա չզանգեց: Նույն՝ մեկը մյուսին հակասող մտքերը դեռևս հանգիստ չէին տալիս ինձ: Ես հիշեցի, որ Ռենայի հեռախոսահամարը մնացել է իմ խոսափողի մեջ: Այո, ահա այն՝ 92-69-98: Ես երկչոտ հավաքեցի՝ 9, 2, 6, 9, 9, մի պահ վարանում էի պտտել վերջին թիվը: Սիրտս ուժգին տրոփում էր, վերջապես պտտեցի վերջին թիվը՝ 8: Հեռախոսագծի մյուս ծայրում իսկույն վերցրին լսափողը:
– Ալլո՞, – դեռևս երկչոտ ասացի ես:
– Բարև, Լեո, – կրծքային քաղցրանուշ ձայնով ասաց Ռենան:
Զարմանալի է, եթե մարդը սիրելի է քեզ, սիրելի է և նրա ձայնը: Ինչպիսի¯ երջանկություն, նա իսկույն ճանաչեց իմ ձայնը, ասես սպասում էր այդ զանգին: Եվ ինչքան քիչ բան է պետք, որ մարդ երջանիկ զգա իրեն: Ես վայրկենապես մոռացա և՛ Արմենին, և՛ այդ ամբողջ տարօրինակ պատմությունը՝ կապված ռեստորանի հետ:
– Բարև, Ռենա, – ինչպես ուրբաթ օրը՝ խմբագրությունում, ես ակամա ոտքի ելա, – ինչպե՞ս եք:
– Լավ եմ: Դո՞ւք ինչպես եք:
– Շնորհակալություն: Ես նույնպես լավ եմ: Ռենա, կարևոր գործով ուզում եմ հանդիպել ձեզ: Դա հնարավո՞ր է:
– Իհարկե: Ե՞րբ և որտե՞ղ:
– Բաքսովետի մետրոյի մոտ: Ժամը հինգին:
– Շատ լավ: Ժամը հինգին ես այնտեղ կլինեմ:
– Շնորհակալություն:
Ես մի պահ խոսափողը ձեռքիս շրջում էի սենյակում, ինձ թվում էր՝ այն դեռ պահում է Ռենայի հարազատ շունչն ու քնքշանուշ ձայնը:
Իրոք, բոլոր ձայների մեջ ամենաքաղցրն այն աղջկա ձայնն է, որին սիրում ես: Մի՞թե ես արդեն սիրում եմ նրան:
Ռենային դիմավորեցի մետրոյի նախասրահում: Նա բաց կապույտ բլուզ էր հագել, ոսկյա բարակ շղթայիկը պսպղում էր ճերմակ պարանոցին, մազերը, ինչպես երեկ չէ մյուս օրն էր, անփութորեն թափված էին ուսերին: Դեռևս շարժասանդուղքին կանգնած՝ նա հարազատորեն ժպտաց ինձ, և այդ ժպիտը կախարդիչ էր: Նրա լիքը շուրթերի կիսաթափանցիկ փայլն ու շողշողուն թարմությունը նույնպես կախարդիչ էին:
– Ողջույն, – Ռենան ձեռքը մեկնեց, և ես բերկրանքով մտածեցի, որ նա չէր շտապում ետ քաշել ձեռքը, – վաղո՞ւց եք սպասում:
– Չէ, նոր եկա, – ասացի ես, թեպետ մոտ տասնհինգ րոպե կլիներ, որ սպասում էի նրան՝ նայելով շարժասանդուղքով վեր ելնող մարդկանց անդադար հոսքին:
Մենք դուրս եկանք փողոց: Հաճելի տաք եղանակ էր:
– Երեկ Արմենն ասաց, որ միասին կինո պիտի գնաք, – ասացի ես: – Լա՞վ նկար էր:
– Երե՞կ: Երեկ լրացել էր իմ տասնինը տարին, իմ ծննդյան օրն էր, – ասաց նա ու կանգ առավ:
Ես զգացի, որ ծննդյան օրվա մասին ասածը հանկարծակի դուրս թռավ բերանից, նրա դեմքը շառագունեց:
– Ես ամբողջ օրը տանն էի, – անվճռականորեն ավելացրեց Ռենան: – Եվ ոչ մի տեղ չեմ գնացել: Նա ինձ չի զանգել և… չէր էլ կարող զանգել, նա չգիտի իմ հեռախոսահամարը:
Ես ոչինչ չէի հասկանում:
– Ձեր ծննդյան օրվա առթիվ սրտանց շնորհավորում եմ, – ասացի ես:
– Շնորհակալություն, – արձագանքեց Ռենան ամոթխած շփոթմունքով:
– Արմենի հետ պայմանավորվել էինք «Գյուլիստան» գնալ, եթե հիշում եք: Նա պետք է խոսեր ձեզ հետ ու զանգեր ինձ: Ինչպե՞ս պիտի զանգեր, եթե չուներ ձեր հեռախոսահամարը:
– Երևի մտածում էր վերջին րոպեին վերցնել, բայց ես մերժեցի:
Մի պահ լռություն տիրեց:
– Ռենա, կներեք, իհարկե, որ նման հարց եմ տալիս, – ասացի ես: – Արմենին դուք վաղո՞ւց եք ճանաչում:
Ռենան տարակուսանքով նայեց ինձ:
– Գիտե՞ք, ես նրան ընդամենը երկու անգամ եմ տեսել և, հետաքրքիր է, երկու անգամ էլ՝ պատահաբար: Առաջին անգամ հենց այստեղ, մետրոյի մոտ պատահեց, դա մի քանի ամիս առաջ էր: Ես հանրային գրադարանից էի գալիս, մոտեցավ, ինչ-որ հասցե էր հարցնում, ես նրան բացատրեցի: Երկրորդ անգամ, դա արդեն երեկ չէ մյուս օրն էր, մտա ձեր շենքի տակ գտնվող փոստը՝ մերոնց զանգելու, ինքն էլ այնտեղ էր, ինչ-որ տեղ էր զանգում, մոտեցավ, դարձյալ ինչ-որ բան էր հարցնում: Հետո խնդրեց իր հետ բարձրանալ ձեզ մոտ, խմբագրություն, ասաց որ ձեր ծննդյան օրն է և որ ձեզ համար հաճելի կլինի, եթե երկուսով շնորհավորենք ձեր ծնունդը: Շատ խնդրեց: Մի խոսքով, չգիտեմ ինչ փչեց խելքիս, նրա հետ բարձրացա ձեզ մոտ: Դե, մնացածը դուք գիտեք:
Ասես ծանր բեռից ազատված՝ ես ազատ շունչ քաշեցի:
– Եվ ծննդյան ու նախածննդյան այդ բոլոր ծիսակատարությունների մասին նա, իհարկե, հնարում էր: – Ռենան նայեց ինձ ու լայն ժպտաց: – Հնարո՞ւմ էր:
– Երևի, – խուսափողական ասացի ես: – Ուրեմն նա չուներ ձեր հեռախոսահամարը:
– Չէ, իհարկե:
– Հետաքրքիր է:
– Ձեր զանգից, ճիշտն ասած, ես մի տեսակ կորցրի ինձ ու այդպես էլ չհասկացա՝ իսկ ձե՞զ որտեղից իմ հեռախոսահամարը:
– Չեմ ասի, – ժպտացի ես, – դուք իմ ռադիոհեռախոսով տուն զանգեցիք, հիշո՞ւմ եք:
– Հիշում եմ:
– Խոսափողում պահպանվում է համարը:
Ռենան ծիծաղեց, ասաց.
– Թող այդպես լինի, – և իր քնքույշ կապույտ աչքերով նայելով ինձ՝ ավելացրեց, – ի՞նչ կարևոր գործ է, որի մասին ասացիք հեռախոսով:
– Մենք երեկ չէ մյուս օրը ռեստորանից դուրս ենք եկել առանց վճարելու:
– Չէ հա, – Ռենան ետ ընկրկեց, վախվորած ձեռքը տանելով այտին: – Չի կարող պատահել:
– Այն թիկնեղ տղամարդուն հիշո՞ւմ եք: Ռաուֆ Ալիևիչ: Արմենը ռեստորանում մեզ ներկայացրեց նրան: Նա երեկ զանգեց ինձ:
– Ինչպիսի¯ խայտառակություն, – Ռենան տագնապած նայեց ինձ, – ի՞նչ պիտի անենք:
– Նա հիմա սպասում է մեզ, – ասացի ես:
– Մի րոպե, – մտամոլոր ասաց Ռենան, մտքում ինչ-որ հաշվարկներ անելով: – Ես հորս ասել չեմ կարող, մորս՝ նույնպես, եղբորս՝ առավել ևս, իսկ եղբորս կնոջը կասեմ: Իրադան կօգնի: Իմ միամսյա կրթաթոշակը մոտս է, դա էլ կարող եմ տալ:
– Ռենա, ոչ մի բան պետք չէ, մի մտածեք, – ես խանդաղատանքով նայեցի նրան: – Գնանք:
– Հնարավո՞ր չէ առանց ինձ, – Ռենան խնդրողական նայեց:
– Անհնարին է: Հնարավոր լիներ՝ մենակ կգնայի, – ջերմ գոհունակությամբ ասացի ես: – Դե, գնացինք:
Ես թևանցուկ արեցի Ռենային և համարյա ուժով տարա դեպի տաքսիների կանգառ:
* * * * *
Ռաուֆ Ալիևիչը մեզ դիմավորեց հարգալիր ու հոժարակամ ժպիտով, ասաց, որ իր պրակտիկայում այդպիսի բան չի եղել, այսինքն եղել է, բայց դե որ մեզ նման հարգարժան մարդիկ թողնեն ու առանց վճարելու հեռանան՝ չէ, էդպիսի բան չի եղել, ինքը նման դեպք չի հիշում:
Մենք «Արևելյան» դահլիճ չգնացինք, նստեցինք «Հայելազարդ» դահլիճում, լուսամուտի մոտ: Ռենան այդպես ցանկացավ: Բեմահարթակի վրա, աթոռին սաքսոֆոն էր դրված, մի ուրիշ աթոռի՝ շեփոր ու թմբուկ, պատյանով կոնտրաբասը կանգնած էր պատի տակ. երաժիշտներն արդեն եկել էին և բեմահարթակի առջև հավաքված զրուցում էին, մերթ ընդ մերթ նայելով հաճախորդների կողմը:
Ռենայի համար կիսաքաղցր շամպայն պատվիրեցի, ինձ համար՝ կոնյակ: Մատուցողուհին փոքր-ինչ գունատ, նիհարավուն, սակայն գրավիչ դեմքով ռուս աղջիկ էր, և մեր պատվերները կատարում էր ընդգծված պատրաստակամությամբ, ասես դա մի առանձնահատուկ հաճույք էր պատճառում նրան:
Բարի առջև, կանգնակի բարձր աթոռներին թառած, երկու աղջիկ՝ մինչև գոտկատեղ հասնող երկար ոտքերով, տոնիկով ու կիտրոնով ջին էին խմում գունավոր ծեղաձողիկներով, գնահատող հայացքներով երբեմնակի նայելով տղամարդկանց:
Հաճելի մթնոլորտ էր, մեղմիկ երաժշտություն: Ինձ դուր էր գալիս, որ բոլորը, կից սեղաններից, ուշադրություն էին դարձնում մեզ վրա: Մենք զրուցում էինք, մեկ ես էի ինչ-որ պատմություն անում, մեկ՝ Ռենան, և ես հետզհետե զգում էի, որ նրա մոտիկ ներկայությունը խենթացնում է ինձ: Ռենան ուշադիր լսում էր ինձ, երբեմն ժպտում, ծիծաղում էր: Եվ, ի զարմանս ինձ, դիմակայած պատի երկայն հայելու մեջ ես հանկարծ տեսա Արմենին. սիգարետը բերանին, անհոգ՝ նա դանդաղ բարձրանում էր երկրորդ հարկ: Ես մտածեցի, որ այն օրը, ամենայն հավանականությամբ, չէր կարողացել վճարել և հիմա եկել է վճարելու: Շրջվելով ետ, ես ձեռքով արեցի. նա մեզ չէր տեսնում, կոկտեյլ խմող աղջիկները կարծես թե ծանոթ էին նրան, նույնիսկ տեսա՝ նա ժպտաց նրանց, սակայն, հանկարծակի տեսնելով մեզ, կանգ առավ՝ տարակուսալի հայացքով նայելով մեր կողմը, հետո ժպիտ սարքեց դեմքին, մոտեցավ:
– Իյա¯… Բարև ձեզ, ես էլ առավոտվանից զանգում եմ, զանգում՝ պատասխան չկա, ահա թե որտեղ եք: Էս ի՞նչ եք խմում՝ կոնյակ, շամպայն, օղի չկա՞, – նստելով սեղանի մոտ, ազատ բազկաթոռում, հարցրեց նա և նայելով Ռենային, չմոռացավ հաճոյախոսություն անել, – իսկ Ռենան, ինչպես միշտ, սքանչելի է: Նոր անեկդոտ. փողոցով մի աղջիկ է անցնում, նկատում է, որ մի տղա շարունակ հետևում է իրեն: Բավական երկար քայլելուց հետո աղջիկը հանկարծ շրջվում, ասում է. «Լսիր, ինչո՞ւ ես անընդհատ հետևում ինձ»: «Հիմա՝ երբ շրջվեցիք, – ասում է տղան, – անկեղծ ասած, ինքս էլ եմ զարմանում»:
Մենք ծիծաղեցինք, ես կանչեցի մատուցողուհուն, նա օղի բերեց: Ես, իհարկե, չհավատացի, որ նա, իբր, զանգել է ինձ, զանգեր եղել էին, բայց, ոչ, նա չէր զանգել: Այդ մասին ոչինչ չասացի նրան, չասացի նաև ռեստորանային պատմության մասին, Ռաուֆ Ալիևիչին, որն ինչ-որ առիթով մոտեցել էր մեզ, նույնպես հասկացրի՝ ոչինչ չասել, և նա գլխով համաձայնության նշան արեց: Արմենը վերջում տարօրինակ կենաց առաջարկեց.
– Թող բացվող օրը խաղաղությամբ մտնի մեր հարկերի տակ, – ասաց նա, հետո ինչ-որ բան հիշեց, ավելացրեց մտահոգ, – Վրաստանի կողմերից ադրբեջանցի մի ընկեր ունեմ, չէ, ինչ ընկեր, նոր եմ պատահաբար ծանոթացել, գողական աշխարհի հետ կապ ունի, ձեր կենտկոմի քարտուղար Հասան Հասանովի մոտ բարեկամներից է, ասում է, խոսք կա, որ ինչ-ինչ նպատակների համար քրեական կալանավորներին բաց են թողնելու բանտերից… Ամեն ինչ ինձ չի ասում, բայց տեսնում, զգում եմ, որ ինչ-որ վատ բաներ կարող են կատարվել: Ամեն շաբաթ-կիրակի ֆիլհարմոնիայի շենքում գաղտնի խորհրդակցություններ են տեղի ունենում այդ նույն Հասանովի գլխավորությամբ… Թող բացվող օրն, այո, խաղաղությամբ մտնի մեր հարկերի տակ, – կրկնեց նա նույն մտահոգ տեսքով, – թող մարդը բնավեր չդառնա, ոչ էլ ողբ ու լաց լինի անժամանակ կորստի համար: – Նա նայեց ժամացույցին, և, ելնելով տեղից, ավելացրեց, – կներեք, 26 կոմիսարների մետրոյի մոտ ինձ սպասող կա, մի տասը-տասնհինգ րոպեից կգամ:
Իրոք, տարօրինակ կենաց էր Արմենի կենացը: Ճիշտ է, մենք իսկույն մոռացանք այն, համարելով սովորական խոսակցություն, բայց հետագայում ես հաճախակի էի մտաբերում Արմենի այդ չարագուշակ խոսքերը: Նրա գնալուց հետո ես նկատեցի, որ կոկտեյլ խմող աղջիկները նույնպես չկան: Կոկտեյլի երկարուկ կիսատ բաժակները՝ ծեղաձողիկները մեջը, դրված էին կանգնակին:
Ռենայի հետ պարեցինք մի քանի անգամ, հաճելի էր նրա երկչոտությունը, շփոթմունքը, նրա մազերի խտուտը իմ կզակին, մարմնի փխրուն ջերմությունը ափերիս տակ, թեթև պարաքայլը, նրա բերկրանքն ու լուսաշող թեք նայվածքը, արծաթահունչ ձայնը, որ ոչ ոք չունի արար աշխարհում, շարժումների ու ձևերի վայելչությունն ու այն, որ ճակատին ընկնող ոսկեգանգուր մազափունջը փչելով՝ մտերմիկ հայացքով նայում էր ինձ:
Իսկ Արմենն այդպես էլ չեկավ: Մենք սպասեցինք տասը-տասնհինգ րոպեն, որի մասին ասել էր. անցավ մեկ ժամ, երկու ժամ, իսկ նա այդպես էլ չեկավ:
– Չեկավ, – ասացի ես նրա մասին՝ մի անգամ ևս նայելով պատաջահերով լուսավորված հայելուն, որն արտացոլում էր գրանիտե սանդղաշարը՝ վերևից մինչև առաջին հարկ:
Ռենան ակնդետ նայեց ինձ, ըստ երևույթին, իմ ձայնի մեջ ափսոսանքի նշույլ չկար, և նա դա նկատեց:
– Իսկ դու ուզո՞ւմ ես, որ նա վերադառնա:
– Ոչ, – ասացի ես:
– Ինչո՞ւ:
– Իսկ դո՞ւ, – նույնպես եզակի դեմքով՝ հարցին հարցով պատասխանեցի ես:
Ռենան տարուբերեց գլուխը, ձեռքի սովոր շարժումով ճակատից ետ տանելով մազափունջը: Նա ժպտաց, ուշացումով ասաց.
– Ոչ:
– Ինչո՞ւ, – հարցրի ես, ակամա ձեռքս դնելով նրա ձեռքին:
Ռենան ձեռքը հետ չքաշեց:
– Որովհետև դու չես ուզում դա, – նա ինքնագոհ ժպիտով նայեց ինձ:
Ես մատներով գուրգուրում, փաղաքշում էի նրա մատները, և նա դարձյալ ետ չեր քաշում ձեռքը, հետո նրա ձեռքն իմ ափի մեջ շրջվեց, և մեր մատները խառնվեցին: Հուզմունքն ալիքվեց իմ ներսում, սիրտս տագնապահար թպրտաց, լցվեց անհուն սիրով ու խանդաղատանքով: Սիրունիկ մատնակոճերով նրա երկար նուրբ մատները ես հպեցի շուրթերիս:
– Ռենա, – սրտի նվաղումով ու հուզահամակ շշնջացի ես, – ես ուզում եմ հավատաս, որ այսօր ամենալավ, ամենագեղեցիկ, ամենասքանչելի, ամենաերջանիկ օրն է իմ կյանքում: Ասա, դու հավատո՞ւմ ես, որ դա այդպես է:
– Հավատում եմ, – ասաց նա, և նրա շուրթերը հրաբորբ էին: – Ես ուզում եմ, – շարունակեց Ռենան, նրա ձայնը դողաց, – ուզում եմ, որ դա լինի առաջին օրը և որ այդպիսին լինի նաև հաջորդ օրը և մնացած բոլոր օրերը: Իսկ հիմա գնանք: Ուշ է արդեն:
Սքանչելի երեկոյի համար ես շնորհակալություն հայտնեցի մատուցողուհուն, չմոռանալով մի կարմիր թղթադրամ էլ աննկատ սահեցնել նրա գրպանը, վճարեցի նաև երեկ չէ մյուս օրվա համար, և մենք Ռենայի հետ իջանք առաջին հարկ: Ծաղկավաճառից մեկ առ մեկ խնամքով ընտրելով՝ հոլանդական տասնինը ճերմակ վարդ գնեցի՝ մեկը մյուսից գեղեցիկ, երկար ցողուններով, և նվիրեցի Ռենային, որի համար նա անչափ շնորհակալ եղավ: Հուզմունքից շփոթված՝ նա տաքուկ շուրթերը հպեց այտիս, որից մի պահ մնացի գամված տեղում:
Ռենան դարձյալ չուզեց, որպեսզի իրեն տաքսիով ուղեկցեմ տուն: Բաժանվեցինք մետրոյի մոտ, վերջին պահին, ճերմակ վարդերը սեղմած կրծքին, կամացուկ ասաց.
– Լեո, ես ուզում եմ հավատաս, որ այս օրը ինձ համար ևս կմնա որպես անչափ երջանիկ և անմոռաց օր:
Մետրոյի նախասրահում Ռենան այլևս չէր երևում, բայց ես դեռևս կանգնած էի՝ ասես անկարող շարժվելու. նա իր արբեցնող էությամբ ասես դեռ իմ կողքին էր, և ես զգում էի նրա տաք շունչը, նրա թովիչ ձայնը, նրա զգլխիչ բույրը, նրա փափուկ մազերի հպանցիկ շոյանքն իմ դեմքին…
* * * * *
Պլանավորումից ես դուրս եկա անտրամադիր: Գործուղման գնալ բոլորովին չէի ուզում, բայց և գլխավոր խմբագրի խնդրանքը մերժել նույնպես չկարողացա. հո չէի՞ ասելու, թե պատանյակի պես խելքը թռցնելու աստիճան սիրահարված եմ, հասկացեք, և սիրտս շատ է ուզում, որ մնամ այստեղ, քաղաքում, մի անգամ ևս հանդիպեմ նրան, ախր, չեք պատկերացնում, թե ինչքան սիրուն ու լավիկն է նա, արար աշխարհում չկա ավելի գեղեցիկ պատկեր, քան նրա լուսապայծառ դեմքը և չկա ավելի քաղցր երաժշտություն, քան ինձ համար այնքան սիրելի նրա ձայնի ամեն մի հնչյունը, իսկ Միր-Բաշիրի շրջան, այդ հեռավոր ու մենավոր հայկական Բեգում-Սարով տարօրինակ անունով գյուղ, ուր Հայրենական Մեծ պատերազմում զոհված համագյուղացիների հիշատակին հուշարձան է կանգնեցվել և գյուղի ղեկավարությունը զանգել, խնդրում է հեռուստատեսությամբ հաղորդում տալ հուշարձանի բացման արարողության մասին, թող մեկ ուրիշը գնա:
Տասը րոպեական հաղորդում, և մենք չորս հոգով՝ խմբագիր, ռեժիսոր, օպերատոր ու հաղորդավար, երեքհարյուր կիլոմետր ճանապարհ պետք է կտրենք, իսկ ճանապարհը, ընդհուպ մինչև Քուռ գետը, անցնում է չոր, դժնատես ու մեռյալ տափաստանով. ո՛չ ծառ, ո՛չ բուսականություն՝ ձանձրացնող միապաղաղությամբ ձգվող ասֆալտապատ մի ճանապարհ՝ համատարած ամայության թագավորությունում:
Քուռ գետից այն կողմ միայն բուսականություն կար: Բամբակի անծայրածիր դաշտերում կանայք էին աշխատում: Ճանապարհի երկարությամբ, այս ու այն տեղ, բացօթյա խորտկարաններում տղամարդիկ նարդի էին խաղում կամ թեյ խմում՝ ալարկոտ նայելով ճանապարհով անցուդարձող մեքենաներին:
Տափաստանային էր և Բեգում-Սարով գյուղը, բայց այն կորած էր ծառ ու ծաղկի մեջ՝ իսկական մի դրախտ՝ անծայրածիր տարածության մեջ:
– Շենք ու շնորքիդ մեռնեմ, հայ, – հոգնած ոտքերը մեքենայից դուրս քաշելով՝ ասաց օպերատոր Բենիկը: – Որտեղ ոտք ես դնում՝ չոր հողը ծաղկում է: Առաջ Մարտակերտի շրջանին էր պատկանում այս գյուղը, – ասաց նա, – հետո վերցրել, կցել են ադրբեջանական Միր-Բաշիրի շրջանին: Հինգ թվականին, հայ-թուրքական կռիվների ժամանակ, լրիվ ավերվել էր, հիմա, տե՛ս, ինչ ծաղկուն գյուղ են դարձրել նորից: Բա էլ ի¯նչ հայ, որ չծաղեկեցնի չոր հողը…
Ինձ թվում էր՝ հաջորդ օրը կավարտենք գործը և՝ հետ, բայց ստացվեց այնպես, որ ստիպված եղանք ուշանալ ևս երկու օր և քաղաք վերադարձանք միայն հինգշաբթի օրը, կեսօրից ետ: Զարմանալի է, ամբողջ ճանապարհին մտածում էի՝ տեղ հասնենք թէ չէ՝ իսկույն կզանգեմ Ռենային, բայց հետո սկսեցի տատանվել ու փոխեցի միտքս. չէ՞ որ բաժանվելիս նա ոչինչ չասաց, իսկ զանգել՝ առանց նրա համաձայնության՝ հարմա՞ր է արդյոք:
Գլխավոր խմբագրի հետ քիչ զրուցեցինք, նա նոր անեկդոտ պատմեց մեկի մասին, որը, անսպասելի վերադառնալով հեռավոր գործուղումից, մտնում է տուն ու տեսնում՝ մահճակալին օտար մի տղամարդ: Նայելով վերմակի տակից դուրս մնացած նրա ոտքերին, հարցնում է՝ «Սա ո՞վ է»: «Ո՞վ է, ո՞վ է, – վրա է տալիս կինը: – Որ էնքան ասում էի՝ մուշտակ առ ինձ համար, առա՞ր: Ինքն առավ: Եղե՞լ է, որ գոնե մի անգամ ծովափ տանես ինձ: Իսկ ինքը տարել է: Բա ամառանո՞ցը: Մեքենա՞ն: Դու, ի՞նչ է, կարծում ես երկնքի՞ց է ընկել էդ բոլորը: Հիմի էլ ուզում է փող տա, որ նոր բնակարան առնենք»: «Որ էդպես է, – ասում է ամուսինը, – ոտքերը ծածկիր, թէ չէ՝ կմրսի»:
Ես ծիծաղելով ելա տեղից, ուզում էի դուրս գալ, գլխավորը հարցրեց.
– Սուրճ չե՞ս խմի:
– Կխմեմ, – ասացի, կրկին նստելով բազմոցին:
Գլխավորը սեղմեց սելեկտորի կոճակը, ասաց.
– Արինա, սուրճ չե՞ս պատրաստի Լեոյի համար:
– Մեծավ ուրախությամբ, – արձագանքեց Արինան, և ես ձայնի մեջ զգացի նրա անթաքույց հրճվանքը:
Գլխավորը նայեց ինձ, բազմանշանակ ժպտաց:
Քիչ անց Ժան Լիոտարի «Շոկոլադ բաժանող աղջիկը» կտավի գեղեցկուհու պես սկուտեղը բռնած՝ հանդիսավորությամբ ներս մտավ Արինան՝ ծիծաղկուն նայվածքով ողջունելով ինձ:
Ես պատասխանեցի նրա ողջույնին, ասացի.
– Արինա, վերջին մի երկու օրվա թերթերը բեր, խնդրում եմ:
Սուրճը հաճելի էր, բավականությամբ խմեցի, բարձրացա տեղից:
– Շնորհակալություն, հոգնածությունս անցավ:
– Լեոնիդ Հուրունցն այստեղ է, տեսա՞ր: Լորաննայի մոտ նստած, զրուցում են: Նա առաջ այստեղ՝ ռուսական խմբագրությունում էր աշխատում:
– Ոչ, չեմ տեսել:
Խմբագրության՝ միջանցքի վրա բացվող դռներին նայելով՝ գնացի դեպի իմ առանձնասենյակը: Սենյակում շոգ էր, փողկապիս հանգույցը թուլացրի, միացրի օդորակիչը: Նստեցի սեղանի մոտ, աչքիս տակով նայելով հեռախոսին: Ոչ, չեմ զանգի, վերջնականապես որոշեցի ես:
– Նորից բարև, – ներս մտնելով ասաց Արինան, թերթերը դնելով իմ առջև, սեղանին: – Ինչո՞ւ ուշացար, մեռանք սպասելով, – ավելացրեց նա, նստելով իմ դիմաց մշտական իր կեցվածքով՝ բերանը կիսաբաց, արմունկը հենած սեղանին, ձեռքը՝ այտին, Կանովայի քանդակների կանանց հազիվ նշմարելի հարցական ժպիտը շուրթերի անկյուններում:
– Ուզում էի տեսնել՝ կկարողանա՞մ ներել քեզ, թե ոչ:
– Ի՞նձ, – ձեռքը դնելով կրծքին, քթիկը ժնգռնած հարցրեց նա:
– Այո, – կատակախառն տոնով ասացի ես և հանկարծակի հիշեցի. Ավիկ Իսահակյանի մասին ես միայն իրեն՝ Արինային էի պատմել, սպասիր, ի՞նչ առիթով էր, հա՛, Բերիայի մասին խոսք եղավ, և ես ասացի, որ համալսարանում Ավիկ Իսահակյանը մեզ դասախոսում էր, և որ նա ամուսնացած էր Բերիայի թոռնուհու հետ, որը միաժամանակ Մաքսիմ Գորկու ծոռնուհին էր:
Պարզ է, Արինան այդ մասին պատմել է Արմենին, և նա՝ խորամանկը, կառչել էր դրանից, զանգել ինձ:
– Ինչի՞ համար, – հարցրեց նա, ստորին շրրթունքն ատամի տակ սեղմած, ուշադիր նայելով ինձ:
– Ավիկ Իսահակյանի մասին որևէ բա՞ն ես պատմել Արմենին:
– Կարծեմ… այո, նա գլխավորի մոտ էր, դուրս եկավ, հետաքրքրվում էր, քո մասին հարցրեց… Հա… Ավիկ Իսահակյանի մասին պատմեցի, նա այդ մասին ոնց որ թե չգիտեր… իսկ ի՞նչ է պատահել:
Ես Արինային կարճ պատմեցի ռեստորանի մասին, հարցրի.
– Իմ բացակայության ժամանակ Արմենը չի՞ երևացել այստեղ:
– Ոչ… – Արինան լայն բացված աչքերով նայում էր ինձ: – Ի¯նչ կեղտոտն է… Կարգին մարդու տեղ էինք դրել… Լեո, ներիր, խնդրում եմ, մեղավոր եմ…
– Դե լավ, գլուխը քարը: – Ներքուստ հաճելի էր զգալ նրա անաղարտ մաքրությունը, բայց նրա երազկոտ ու դյուրահույզ հոգու հետ խաղալը նույնպես հաճույք էր պատճառում: – Մտածում էի՝ գուցե իրար հետ պայմանավորված եք արել, բայց տեսնում եմ, որ չէ…
– Տեսնո¯ւմ եմ, որ չէ… Լեո, դու մտածո՞ւմ ես, թե ինչ ես ասում, – տեղից փութկոտ վեր թռչելով շառագունած ասաց նա՝ անարդարացի մեղադրված մանկան հուզիչ անկեղծությամբ: – Չէ, դու հասկանո՞ւմ ես, թե ինչ ես ասում:
– Դե լավ, նստիր, կատակ էր, – ծիծաղեցի ես: – Դու կատակ ասած բանը հասկանո՞ւմ ես: Նստիր, գլխավորը մի լավ անեկդոտ պատմեց, նստիր պատմեմ:
– Նստիր պատմեմ… – դեռևս նեղացած, երեխայի պես շուրթերն ուռցրած, ասաց Արինան, կրկին նստելով իմ դիմաց:
– Դասախոսը հարցնում է ուսանողուհուն. «Ձեր ազգանո՞ւնը»: «Դարբինյան», – պատասխանում է ուսանողուհին ու ժպտում: «Իսկ ինչո՞ւ եք ժպտում», – զարմանում է դասախոսը: «Գոհ եմ, որ ձեր առաջին հարցին ճիշտ պատասխանեցի», – ասում է ուսանողուհին:
– Գլխավորն այդպիսի բան չի պատմել, – արդեն ժպտալով պատասխանեց Արինան: – Դա դու հնարեցիր: Ոչինչ, սրամիտ է: Բայց կուզենայի ասել քեզ, որ ես ինստիտուտը գերազանց գնահատականներով եմ ավարտել…
– Դե, իհարկե, այլապես ինչո՞ւ պիտի ոսկե մեդալ տային:
– Մեդա¯լ տային… և չես էլ ամաչում, – աչքերը կկոցած՝ մտերմական տոնով նախահարձակ եղավ Արինան, – էն մեծ մարդուն ինչո՞ւ էիր ձեռ առել՝ «Գուցե ոչ թե ինստիտուտ, այլ համալսարա՞ն», – բերանը ծռմռելով տնազեց Արինան: – Նա էլ եկել տանը ոգևորված պատմում, հպարտանում էր, որ այդպիսի սրտացավ բարեկամ ունի: Ի միջի այլոց, նա ուզում էր գալ քեզ մոտ:
– Ինչո՞ւ: Կարո՞ղ է, փոշմանել է, ուզում է, որպեսզի ազատենք քեզ աշխատանքից:
– Ընդհակառակը, – ծիծաղեց Արինան: – Ուզում է, որ հարսներից մեկին էլ տեղավորես աշխատանքի:
– Սպասիր՝ գրիչ վերցնեմ, բոլորդ միասին քանի՞ հարս եք:
– Մի վախեցիր՝ ընդամենը երեք, – կրկին ծիծաղեց Արինան: – Միջնեկ տագրս, ինչ էլ ուզում է լինի, չի թողնի, որ կինն աշխատի, սաստիկ խանդում է:
– Ուրեմն, մնաց մեկը: Ես շատ ուրախ եմ:
– Ես էլ ուրախ եմ, որ դու ուրախ ես:
– Ես էլ ուրախ եմ, որ դու ուրախ ես, որ ես ուրախ եմ:
– Ես էլ ուրախ եմ, որ դու ուրախ ես, որ ես ուրախ եմ, որ դու ուրախ ես, որ ես… – Արինան ծիծաղեց, թափահարեց գլուխը, – լսիր, ես ուրախ եմ, դու ուրախ ես, նա ուրախ է, վա¯յ աստված, սրանք իմ գլուխն ուտելու են: «Մոզգս» արդեն շարժվեց: Մի խոսքով, մնում է մեծ տագրոջս կինը՝ Սիլվան:
– Սիրո՞ւն է:
– Սիրո՞ւն է… Քե՞զ ինչ՝ սիրուն է, թե չէ:
– Լսիր, չպիտի՞ իմանամ՝ ում եմ երաշխավորում:
– Նրանց սիրո՞ւն է պետք, թե մասնագետ:
– Սիրուն մասնագետ:
– Սիրուն մասնագետ… լեզուդ չլիներ՝ քաջքերը քեզ վաղուց տարած կլինեին:
– Քաջքերը տարած լինեին՝ ձեզ ո՞վ պիտի աշխատանքի տեղավորեր: Ի՞նչ մասնագիտություն ունի: Անուն, ազգանուն: Տարիքը:
– Տարիքը… դրանից էլ սկսեիր, – բարկացավ Արինան: – Տնտեսագիտականն է ավարտել:
– Տառերը գիտի՞:
Հոնքը կեռած՝ աչքի տակով նայեց, ծիծաղեց.
– Ի՞նչ տառեր:
– Շարունակիր, ազգանուն, անուն:
– Մեր ազգանունը նույնն է՝ Դարբինյան: Դարբինյան Սիլվա, քսաներեք տարեկան: Հոկտեմբերին լրանում է քսաներեքը: Ուրի՞շ:
– Կոմիտեի հաշվապահությունում ազատ տեղ կա: Գլխավոր հաշվապահը՝ Սեիդոզաևան, կարծում եմ, չի մերժի: Զանգե՞մ:
– Չէ, պետք չէ, – առարկեց Արինան, – սպասիր Սիլվայի հետ խոսեմ՝ նոր: Վաղը կասեմ: Սա ի՞նչ ծոցատետր է, – լայնածավալ սեղանի անկյունում, թղթապանակների արանքում ընկած սևակազմ ծոցատետրը վերցնելով՝ ասաց Արինան, հարցական նայելով ինձ:
– Երևի Արմենն է մոռացել: Վերցրու, երևաց՝ կտաս իրեն:
Արինան ելավ տեղից:
– Նախկինն այնտեղ նստած ինձ է սպասում, գնամ: Էդ հուշերով նա իմ հոգին հանելու է, հաստատ բան եմ ասում: – Դռան մոտ նա շրջվեց, հենց այնպես, ի միջի այլոց, ասաց,– էն աղջիկն էր եկել:
– Ի՞նչ աղջիկ, – իբր անտարբեր, բայց սրտահույզ բերկրանքով հարցրի ես, ներըմբռնումով զգալով, որ Ռենայի մասին է խոսքը:
– Ի¯նչ աղջիկ… չգիտեմ, – նետեց Արինան ուշադիր նայելով ինձ: – Էն որ Արմենի հետ եկել էր: Քեզ էր հարցնում:
– Ի՞նձ, – դարձյալ սրտահույզ բերկրանքով ու դարձյալ անտարբեր ձևանալով հարցրի ես:
– Ի¯նձ… Այո:
Նույն քննախույզ նայվածքը: Արինան դանդաղ ծածկեց դուռը, և ես հասկացա, որ չի գնում, կանգնած է միջանցքում: Հետո բացվեց ու փակվեց ընդհանուր սենյակի դուռը: Քիչ անց Արինայի փոքրիկ սենյակում խուլ չխչխկաց գրամեքենան:
Ես համարյա ցատկեցի տեղից, բանալին պտտեցի կողպեքի մեջ, փակեցի դուռը: Մտածում էի, եթե խոսափողը Ռենան չվերցրեց, չեմ խոսի: Հավաքեցի հեռախոսահամարը՝ 9, 2, 6, 9, 9, պտտեցի վերջին թիվը՝ 8, մի փոքր պահեցի ու բաց թողեցի: Սկավառակը մանրիկ աղմուկով վերադարձավ իր տեղը:
– Ալլո՞:
Ռենան էր:
– Բարև, Ռենա, – հուզմունքից դողացող ձայնով ասացի ես:
– Ողջույն, Լեո: Ես երկու անգամ եկա քեզ մոտ, խմբագրություն, դու տեղում չէիր:
– Ես անսպասելի գնացի գործուղման, – մի տեսակ արդարանալով բացատրեցի ես, – և ամբողջ ճանապարհին ու այնտեղ շարունակ մտածում էի քո մասին:
– Շնորհակալ եմ: – Նույնիսկ հեռախոսով ասես զգացվում էր նրա ամոթխած ժպիտն այդ պահին: – Հաճելի է լսել: Երկուշաբթի օրը ոչ մի տեղ չե՞ս մեկնում:
– Ոչ, – արագ ասացի ես:
– Երկուշաբթի պարապմունքներից հետո կանցնեմ: Սպասիր ինձ, լա՞վ:
– Իհարկե:
Սակայն Ռենան չդրեց խոսափողը:
– Գիտե՞ս, քո վարդերը չեն թառամել դեռ, – ասաց նա: – Կոկոնները լրիվ բացվել են և սենյակս լցված է բուրմունքով: – Նա մի կիսավայրկյան լռեց, ասաց, – նրանք շարունակ հիշեցնում են ինձ քո մասին:
– Հարյուրավոր ճանապարհների խաչմերուկում, – ասացի ես, – մարդիկ հանդիպում են իրար առանց գիտենալու, որ իրենց անցյալ ամբողջ կյանքը եղել է այդ հանդիպման նախապատրաստումը:
– Այո, երևի այդպես է, – արձագանքեց Ռենան: – Իսկ ի՞նչ է սպասում նրանց հարյուրավոր ճանապարհների այդ անհայտ խաչմերուկից հետո՝ նույնպես անկարելի է գիտենալ:
– Դու ինձ դուր ես գալիս, Ռենա, շա¯տ, – դարձյալ հուզված ասացի ես: – Երկուշաբթի ես ամբողջ օրը կսպասեմ քեզ:
– Ցտեսություն, – ծիծաղեց նա, սակայն դարձյալ չդրեց խոսափողը: – Դու նույնպես համակրելի ես ինձ: Երկուշաբթի կգամ, ցտեսություն:
– Ցավդ տանեմ, – սրտի անդիմադրելի մղումով ասացի ես, և իմ ձայնը թրթռաց:
– Սավետ տանեմ: Դա ի՞նչ է նշանակում:
– Ոչ թե՝ սավետ տանեմ: Այլ՝ ցավդ տանեմ:
– Ցավեդ տանե՞մ:
– Ոչ, ցավըդ տանեմ:
– Ցավե՞դ տանեմ:
– Ոչ, ոչ, ցավըդ տանեմ:
– Դա ինչպե՞ս է թարգմանվում:
– Ռուսերեն բառացի՝ որպեսզի ես ինձ վրա վերցնեմ քո ցավը: