Полная версия
ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ)
Արմենն արդեն վերջացնում էր խոսակցությունը: Նա ցած դրեց խոսափողը, ասաց.
– Շնորհակալություն, Լեո, խոսեցի:
Ռենան թերթ էր նայում, նա թերթը մի կողմ դրեց, մի պահ անվճռական նայեց, հարցրեց.
– Ճի՞շտ է, որ ձեր ծննդյան օրն է այսօր:
– Ի՞մ:
– Թե՞ հնարում է, – Ռենան կասկածանքով լի հայացքով նայեց Արմենին:
– Գիտե՞ս ինչ, Ռենա, – դանդաղ սկսեց Արմենը, դեմքի միմիկայով հասկացնելով ինձ հաստատել իր ասածները, սակայն, տեսնելով որ, իմ՝ անտեղյակությա՞մբ ասեմ, թե անհասկացողությամբ, կարող եմ փչացնել գործերը, նախաձեռնությունը միանգամից վերցրեց իր ձեռքը և արագ ասաց, – բանն այն է, Ռենա ջան, որ մեզ մոտ, Հայաստանում, հարգված սովորույթ կա. ծննդյան օրվա նախօրյակին անպայման գնում են ռեստորան, դա կոչվում է փորձնական ծնունդ, կամ էլ ասենք՝ սրճարան, մի գավաթ սուրճի, կոկտեյլի կամ էլ մի բաժակ շամպայնի շուրջ նստած պայմանավորվում են, որոշում, թե ինչպես անցկացնեն միջոցառումը, որպեսզի, այսպես ասած, չխախտեն ժողովրդական ավանդույթը: Առաջարկությունս այն է, որ մենք նույնպես պահպանենք հնուց եկող ժողովրդական սրբավանդ կարգը: Մեզ մոտ դա խստիվ օրենք է:
– Այստեղ այդպիսի բան չկա, – դյուրահավատորեն ասաց Ռենան:
– Այստեղ չկա՝ այնտեղ կա, – կարճ կապեց Արմենն ու տեղից ելավ: – Մի խոսքով, ժամանակ չկորցնենք, Ռենա ջան, և չվիրավորենք Լեոին: Նա, համոզված եղիր, արժանի է մեր բարի վերաբերմունքին. միասին գնում ենք «Նոր ինտուրիստ», կարծեմ, դա այնքան էլ հեռու չէ այստեղից, և մեկական բաժակ սուրճ ենք խմում կամ, ասենք, շամպայն, տարբերություն չկա:
Ռենան նրբանկատորեն փորձեց առարկել.
– Կներեք, խնդրում եմ, ես չեմ կարող… Չէ՞ որ դուք ասացիք՝ երկու րոպեով ենք բարձրանում… Դուք խնդրեցիք…
– Չեղավ, չեղավ, – դերասանություն արեց Արմենը: – Եղբայրական ժողովրդի հինավուրց ավանդույթը չեն արհամարհի, չի կարելի: Ոչ, ոչ, ոչ, կնեղանամ, Ռենա ջան, ազնիվ խոսք, կնեղանամ, Լեոն նույնպես կնեղանա: Զանգիր ընկերուհիներիցդ որևէ մեկին, բայց պայմանով, որ Լեոյի սրտով լինի, լավը լինի: Ասացիր հայուհի ընկերուհի ունես, անունը Ռիմա, ձեր կուրսից: Սիրո՞ւն է:
– Սիրուն է, բայց դա… ի՞նչ նշանակություն ունի, նա չի գա: Անծանոթ տղաների հետ նա ոչ մի տեղ չի գնա: Ես…
– Լսիր, բոլորն էլ սկզբում անծանոթ են լինում, հետո ծանոթանում են, ի՞նչ կա դրա մեջ, – շարունակեց համոզել Արմենը: – Զանգիր, նա չի գա, մեկ ուրիշին զանգիր: Կնստենք, մի քիչ երաժշտություն կլսենք, գոնե մի երկու ժամով ազատվենք էս առօրյա հոգսերից: Առավել ևս՝ վաղը շաբաթ է , մյուս օրը՝ կիրակի: Սխալ բա՞ն եմ ասում, թե սխալ եմ, ասեք՝ սխալ ես: Զանգիր, Ռենա, մեծի խոսքին կլսեն: Լեո, դեսը տուր հեռախոսը: Ամբողջ ծախսն ինձ վրա է, ես եմ հրավիրում:
Ռենան իր անուշիկ հայացքով անօգնական նայեց ինձ:
– Արմեն, պետք չէ զանգել, – ինքս էլ չհասկանալով թե ինչու, միանգամից ասացի ես: – Ես չեմ ուզում:
– Իյա¯… Ի՞նչը չես ուզում: Ռեստորա՞ն չես ուզում… Չհասկացանք: Լեո, – փորձեց սաստել Արմենը, – այ տղա, գործը մի փչացրու, – կշտամբանքով նայելով ինձ, հայերեն ավելացրեց նա: – Քեզ նման ընկեր ունենալով՝ թշնամին ինչի՞ս է պետք: Ռենա, մի լսիր նրան, զանգիր:
– Ռենա, խնդրում եմ, ոչ մի տեղ մի զանգեք, – արդեն հաստատուն ասացի ես: – Ազնիվ խոսք, ինձ ոչ ոք պետք չէ:
Եվ լավ է, որ չասացի՝ քեզնից բացի:
Ռենան ասես կարդաց իմ մտքերը, չարաճճի մի լույս փայլեց նրա կապուտակ աչքերում:
– Ուրեմն երեքով կգնանք, – անզիջում վրա բերեց Արմենը:
Ուղիղ կես ժամ հետո Արմենն արդեն կենաց էր ասում.
– Գիտե՞ք ինչ, իմ կարծիքով, սխալ են բոլոր նրանք, ովքեր տխրում են էն մտքից, որ հարյուր տարի հետո իրենք չեն լինի: Դա նույնն է, որ մարդ նստի և սուգ ու շիվան անի այն բանի համար, որ հարյուր տարի սրանից առաջ ինքը չի եղել: Օմար Խայամն ի՞նչ է ասում. «Երբ չկայինք՝ աշխարհը բան չէր կորցրել, երբ չլինենք՝ նա էլի նույնը կմնա»: Այսօրվա օրն է կարևորը, այս օրը, դրա համար էլ խմենք այս օրվա կենացը, այս պահի կենացը, որ միասին նստած ուրախանում ենք: Բարձրաբերձ ժայռին մի գրվածք կար: Երբ հարուստներն էին կարդում այն, վշտից լաց էին լինում, աղքատները կարդում՝ ուրախանում էին, իսկ սիրահարները կարդում՝ սկսում էին գնահատել միատեղ անցկացրած ամեն մի ակնթարթը: Իսկ էդ բարձր ժայռին շատ հասարակ ու պարզ մի նախադասություն էր գրված ընդամենը՝ «ժամանակավոր է այս ամենը»: Կյանքում, իհարկե, անուշ օրեր շատ կլինեն, անկարելի է, որ չլինեն, բայց էդ օրերի մեջ թող հիշվի նաև էս օրը՝ մեր ծանոթության օրը: Լավ օր է, ազնիվ խոսք: Կենացդ, Ռենա ջան, միշտ էդպես գեղեցիկ ու ցանկալի լինես, և քո կենացը, Լեո ջան, և իմ կենացը նաև, էս օրվա ու էս պահի կենացը:
«Նոր ինտուրիստի» ամբողջ երկրորդ հարկը՝ մի ծայրից մինչև մյուսը, լրիվ ռեստորաններ էին՝ հայելապատ, պարսկական գորգերով՝ հատակին ու պատերին, արևելյան նախշերով՝ հեքիաթներից արված նկարազարդումներով: Ռեստորաններն այդպես էլ կոչվում էին՝ «Գորգային», «Արևելյան», «Հայելազարդ», «Բյուրեղապակյա»:
Մենք «Արևելյան» դահլիճում էինք նստած, հյուրանոցի աջ թևում, որի լայն ու բարձրադիր լուսամուտները նայում էին իրիկնային արևի հետ խաղացող ծովին:
Ամենուր թնդում էր երաժշտությունը՝ հիմնականում թուրքական, որը վերջին մեկ-երկու տարում զանգվածային էր դարձել. քաղաքի բոլոր անկյուններում՝ ծովամերձ զբոսայգուց մինչև հեռավոր արվարձանները, առավոտից երեկո թուրք երգիչների ձայնագրություններն էին՝ Յագուբ Զուրուֆչու, Թեզջան, Սեդեն Գյուլեր, Տարկան…
Երաժիշտները պարի եղանակ նվագեցին. «Հաու դու յու, դու յու, միստեր Բրաուն… Հաու դու յու, դու յու, դու յու, դու…»:
– Լեո, սա արդարությո՞ւն է, – Արմենը շուռ եկավ բազկաթոռի մեջ՝ հրահանով վառելով սիգարետը: – Մենք երկուսով նստած ենք մի աղջկա հետ, իսկ ահա էնտեղ, մի քանի սեղան էն կողմ, մի խումբ աղջիկներ ու… երկու տղամարդ: Հարկավոր է աղջիկներից մեկին հրավիրել մեզ մոտ: Մեկը կա նրանց մեջ՝ թխահեր, լավիկն է, նայիր ոնց է պարում, տես, թե դուր է գալիս, հենց հիմա հրավիրեմ մեզ մոտ:
Շրջանաձև պարահրապարակում, գույնզգույն լուսարձակներից հորդող լույսերի մեջ, ռիթմիկ պարում էին զույգերը: Հատկապես աչքի էին ընկնում երկուսը՝ գիրուկ մի տղա և թխահեր մի աղջիկ: Նրանք ասես հոգնություն չունեին: Ժամանակակից պար էր, սակայն նրանք պարում էին ոչ թե իրար գրկած, այլ առանձին, ինքնամոռաց պարում էին՝ հայացքները հառած միմյանց ու շարունակ ժպտում էին:
Նվագը վերջացավ, զույգերը գնացին դեպի իրենց սեղանները, և այդ պահին կրկին թնդաց երաժշտությունը:
– Լեո, վերջին անգամ եմ հարցնում, հետո կփոշմանես:
Ռենան մի ումպ արեց շամպայնից, սպասողական նայեց ինձ:
– Չեմ փոշմանի, – պատասխանեցի ես: – Եթե քեզ պետք է՝ հրավիրիր, ինձ պետք չէ:
Արմենն ընդոստ շարժումով տեղից ցատկեց և, շրջանցելով սեղանները, գնաց դեպի դահլիճի մյուս ծայրը:
– Ոդիսևսը գնաց Տրոյան նվաճելու, – կատակեց Ռենան:
Քիչ անց թխահեր աղջիկն արդեն պարում էր Արմենի հետ: Նա աղջկան, երևի, ինչ-որ զվարճալի բան էր պատմում, սա շարունակ ծիծաղում էր, մեկ-մեկ գլուխը հակելով Արմենի ուսին:
– Լեո, ուզում եմ տուն զանգել, – ասաց Ռենան՝ քիչ առաջ թեքվելով: – Հետաքրքիր է, ավտոմատ-հեռախոս չկա՞ այստեղ, – հարցրեց նա մտախոհ տեսքով: – Մերոնք կարող են անհանգստանալ:
Ես գոտկատեղից հանեցի ռադիոհեռախոսը, որ դեռևս նորություն էր, միացրի, պարզեցի Ռենային, ներքուստ ուրախանալով, որ նրա հեռախոսահամարը կմնա խոսափողի մեջ: Ռենան երախտագիտությամբ նայեց ինձ, որ ստիպված չպիտի լինի հեռախոս որոնել և, վերցնելով խոսափողը, սկսեց սեղմել թվանշանները: Նա որոշ ժամանակ սպասեց մինչև կարձագանքեին հեռախոսագծի մյուս ծայրում, հետո սկսեց խոսել: Երաժշտության տակ նրա ձայնը չէր լսվում, վարդավառ շուրթերին մերթընդմերթ ծաղկում էր ժպիտը:
Ռենան ավարտեց խոսակցությունը և, ուրախ տրամադրությամբ վերադարձնելով ռադիոհեռախոսը, ավելացրեց.
– Շնորհակալություն: Ասացի, որ մի քիչ ուշ կգամ: Նրանք արդեն անհանգստանում էին:
Նվագը դադարեց, և մենք տեսանք, որ թխահեր աղջկա մերկ ուսերը գրկած, դարձյալ շրջանցելով սեղանները, Արմենը մոտենում է մեզ:
– Ոչ, դա Ոդիսևսը չէր, – ասացի ես ծիծաղելով: – Տրոյայի թագաժառանգ Պարիսն է դա, Հեղինեին առևանգած՝ Սպարտայից տանում է Տրոյա: Եվ եթե գիրուկը նրա Մենելաոսն է, – ավելացրի, – ուրեմն մեր կործանումը նույնպես անխուսափելի է:
Մինչ այդ Արմենը, նրա հետ և թխահերը՝ բավականին խմած ու խմածությունից վարդագույն, հայտնվեցին մեր սեղանի մոտ:
– Հունա-տրոյական պատերազմ չի՞ լինելու, – հարցրի ես:
– Ի՞նչ պատերազմ, – չհասկացավ Արմենը:
– Դու չհարցրի՞ր՝ նա մենա՞կ է այստեղ, թե ամուսնու հետ:
– Իյա¯, – բութ մատն ու ցուցամատը վեր՝ ծիծաղեց Արմենը: – Վախեցող ես գտել: Մարգարիտա Վոյտենկո, – ներկայացրեց նա: – Թե իմանայիք ինչպիսի դժվարությամբ հաջողվեց ինձ կոտրել սքանչելի Մարգարիտայի համառությունն ու հրավիրել մեզ մոտ: Չէր գալիս ու չէր գալիս:
– Ո¯չ, – գլուխը տարուբերեց Մարգարիտան: – Փչում է, ես սիրով ու իմ հոժար կամքով եկա և, նայելով ձեր սեղանին, տեսնում եմ, որ, այո, չեմ սխալվել, – ծիծաղեց նա, ձեռքը մեկնեց ինձ, հետո Ռենային: – Աստված իմ, մի սրանց սեղանին նայեք. սև խավիար, կարմիր խավիար, խորոված, տապակա, անանաս… Էս ի՞նչ եք անում, լսեք, չե՞ք վախենում «օբեխեսեսից», դուք ինչ է, Խորհրդային Միությունում չե՞ք ապրում, մեր ժամանակավոր դժվարությունները չե՞ք տեսնում: Արմեն, շուտ նստեցրու ինձ, կարող է ուշաթափվեմ:
Մենք լիաթոք ծիծաղեցինք:
– Հիմա, Մարգարիտա ջան, հիմա, – Արմենը ծնկով կոպտորեն բոթեց ինձ, – ա՛յ տղա, շարժվիր, – հայերեն ասաց նա, – քեզ համար եմ բերել:
– Իսկ ես չե՞մ ասել քեզ, որ ինձ պետք չէ, – կողքի անցա ես ժպտալով:
– Չհասկացա, – անսպասելի հայերենի անցավ Մարգարիտա Վոյտենկոն, – ես ծախու ապրա՞նք եմ ձեզ համար:
Ռենան տարակուսած՝ չէր հասկանում, թե ինչ է կատարվում և ինչի մասին է մեր խոսակցությունը, նայում էր մեզ, իսկ ես ու Արմենը մնացել էինք ապուշ կտրած:
– Վայ, Մարգարիտա ջան, ներիր, – շաղակրատեց Արմենը, – բա ինչո՞ւ չէիր ասում, որ հայուհի ես, հայերեն գիտես:
– Առիթ չկար, – ծիծաղեց Մարգարիտան ու պատմեց, – մի մարդ հինգ-վեց տարեկան իր որդու հետ, որը ծնված օրից ի վեր չէր խոսել, և դա մեծ դժբախտություն էր հոր համար, գնում է անտառ՝ ծառ կտրելու: Նա կացինն առած կտրում հա՛ կտրում է, մի երկու քայլ ետ է գնում՝ տեսնելու՝ ծառը ո՞ր կողմի վրա է ընկնելու, և որդին հանկարծ գոչում է. «Պապա, ծա¯ռը»: Հայրը մի կողմ է ցատկում, վիթխարի ծառը դղրդալով տապալվում է: «Ուրեմն դու խոսել գիտեի՞ր, – շշմած ասում է հայրը, – բա ինչո՞ւ մինչև հիմա չէիր խոսում»: «Առիթ չկար», – պատասխանում է տղան: Այնպես որ, Արմեն ջան, առիթ չկար, – ծիծաղելով ավարտեց Մարգարիտան: – «Հայ ես դու, հայ ես դու, հայ եմ ես, վայ քո ցավը տանեմ ես», – երգեց նա ամուր կառչելով Արմենի թևից: – Դո՛ւ ես ինձ հրավիրել այստեղ, ուրեմն քո մոտ էլ կնստեմ: Լեո, – կարգադրեց նա, – անցիր այն կողմ: Դու հո դե՞մ չես, – հարցրեց՝ դառնալով Արմենին:
– Իհարկե, դեմ չեմ, – ճարը կտրած՝ ժպտալով համաձայնեց Արմենը: – Քեֆ ենք անում, այ մարդ՝ ի՞նչ դեմ, ինչ բան: Լեո ջան, անցիր Ռենայի մոտ: Որ հրամայում է՝ ի՞նչ պիտի անենք, – ծիծաղեց նա: – Աղջիկ չէ, է¯, կրակ է: Հայ ես դու, հայ եմ ես, վայ քո դնչիկն ուտեմ ես: Լեոն կոնյակ է խմում, Ռենան՝ շամպայն, ես՝ օղի: Դու ի՞նչ ես սիրում, հոգուդ մատաղ:
– Ես էդ բոլորն էլ սիրում եմ՝ չգիտեմ որն ընտրեմ, – ծիծաղեց Մարգարիտան: – Լավ, օղի լցրու:
– Եղավ, թող լինի օղի:
Ես փոխադրվեցի Ռենայի մոտ, ուր մինչ այդ Արմենն էր նստած, մատուցողուհին տեղափոխեց մեր ափսեները, Մարգարիտայի համար նոր սպասք բերեց: Ես ներքուստ շնորհակալ էի Մարգարիտային այս անսպասելի փոխատեղման համար, գաղտնածածուկ աչքով արեցի նրան և նա՝ խորամանկը, հասկացավ ինձ և ձեռքը մեկնեց խփելու՝ ի նշան համաձայնության:
Մենք անշտապ օգտվում էինք սեղանի բարիքներից, կատակում, ծիծաղում էինք:
– Մենք կախված ենք տղամարդկանցից, նրանց վարվեցողությունից, – ասաց Մարգարիտան: – Բայց եթե կինը կարող է ինքնակայուն գործել, վստահ է զգում իրեն, նրան ոչ թե պարզապես ապահով, բարեկեցիկ կյանք ունեցող տղամարդ է պետք, այլ նա, որին կարող է ընտրել ինքը, և ոչ թե ընդհակառակը: Սրա մեջ մեծ տարբերություն կա:
Արմենը հանդիսավորությամբ բարձրացրեց բաժակը:
– Ուրեմն այսպես, – ասաց նա: – Արևն ու քամին վիճում են, թե նրանցից ո՞վ ավելի շուտ կարող է հանել կնոջ զգեստը: Քամին փչում հա՛ փչում է, սակայն իզուր, կինն ավելի է փաթաթվում շորերի մեջ: Բայց ահա դուրս է գալիս արևը, իր ճաճանչափայլ շողերով տաքացնում երկինք ու երկիր, և կինը, անկարող դիմանալու այդ տաքուկ շողերին, հանում է հագուստները: Արևը հաղթում է իր ջերմությամբ: Եկեք նման լինենք արևին, խմենք մեր սիրելի Ռենայի ու Մարգարիտայի կենացը, նրանց հանդեպ ունեցած մեր ջերմին վարվեցողության կենացը:
– Հրաշալի կենաց է, – միացավ Մարգարիտան, իսկ հետո ասաց, – շարունակելով իմ միտքն, ասեմ, որ ես, օրինակ, կյանքում ինձ միշտ զգացել եմ ազատ մարդ և հաստատ գիտեմ՝ ես ունեմ իմ սեփական կարծիքն ու իմ տեսակետը: Իսկ գիտե՞ք, թե Աստված ինչու է կանանց ստեղծել այսքան գեղեցիկ ու այսքան անխելք, – ծեքծեքուն հայացքով իրեն ու Ռենային ցույց տալով ժպտալից ավելացրեց նա: – Գեղեցիկ՝ որ սիրեք մեզ, անխելք՝ որ սիրենք ձեզ… Ես համաձայն եմ, հանձինս ինձ ու Ռենայի՝ խմենք ձեր շռայլ վերաբերմունքի ու մեր անսպառ գեղեցկության կենացը: Ինչ վերաբերում է զգեստը հանելուն, ապա ես դրան բոլորովին դեմ չեմ: Ես պատրաստ եմ հենց հիմա հանվել:
Մենք ծիծաղեցինք:
– Եկեք խմենք այն տղամարդկանց կենացը, ովքեր սրտանց խմում են մեր կենացը, – անհամարձակ ասաց Ռենան, քնքշահայացք հպանցիկ նայելով ինձ: – Չէ, – ավելացրեց նա, – խմենք այն տղամարդկանց կենացը, ովքեր առանց մեզ կխմեն մեր կենացը: Չէ, չէ, – գեղորեն շարժելով գլուխը, ծիծաղեց Ռենան, դարձյալ հպանցիկ նայելով ինձ ու մի թեթև շիկնելով, և նրա ծիծաղն անսահման հմայիչ էր, – խմենք այն տղամարդկանց կենացը, ովքեր մտովի խմում են մեր կենացը…
Երաժիշտները նոր եղանակ նվագեցին՝ «Տխուր իմ երգով ես չեմ արթնացնի իմ գեղեցկուհուն, թող քաղցր քնի»: Դանդաղ տանգո՝ կանայք հրավիրում են տղամարդկանց: Մարգարիտան Արմենին քարշ տվեց պարահրապարակ:
Ռենան նայեց ինձ, մազերը դանդաղ ետ տարավ լայն ու գեղեցիկ ճակատից, ասաց.
– Գնանք:
Նա փաղաքուշ ձեռքը դրեց իմ ձեռքին:
Ես բռնեցի նրա մատները, և մենք, ձեռք-ձեռքի տված, ելանք տեղից:
Ես հայացքս չէի կտրում նրանից: Ռենան երբեմն ամոթխած ժպտում էր՝ փախցնելով աչքերը: Ես աջով գրկել էի նրա բարակ մեջքը, զգում էի նրա փխրուն մարմնի տաք հպումը, փարթամ մազերը քսվում էին դեմքիս, և նրանց մոտիկ բուրմունքից ու «Քլիմայի» զմայլիչ հոտից սիրտս անհանգիստ տրոփում էր: Անուշաբույր էր և սպիտակ մաշկը, ես դա նույնպես զգում էի, նրա մի ձեռքն իմ ուսին էր, իսկ մյուս ձեռքը՝ նուրբ մատներով, վարանոտ շարժվում էր ափիս մեջ՝ պատեպատ խփվող երկչոտ թռչնակի երկյուղածությամբ:
Հետո կրկին նստած էինք սեղանի մոտ, շարունակ ու անդադար թնդում էր երաժշտությունը՝ մի եղանակից անցնելով մյուսին, հետո դարձյալ ու նորից պարեցինք, Մարգարիտան ընկերուհիների համար խմիչք ու միրգ տարավ մեր սեղանից ու նորից վերադարձավ մեզ մոտ, հետո նա Ռենայի ականջին ինչ-որ բան փսփսաց, և նրանք միասին գնացին միջանցքի կողմը:
– Լսիր, Լեո, դա լրիվ գիժ է, – նրանց գնալուց հետո ծիծաղեց Արմենը: – Բնագիտության ուսուցչուհի է, ընկերուհիներով ծնունդ են նշում: Ամուսինն ուկրաինացի է, ծովում, Նավթային քարերում է աշխատում, հորատող վարպետ է, դեպուտատ, տասնհինգ օր տանն է, տասնհինգ օր՝ ծովում: Հրավիրում է տուն: Այ տղա, ի¯նչ հրաշալի բան է մեծ քաղաքում ապրելը:
Ետևում, սեղաններից մեկի մոտ, հայերեն խոսակցություն լսեցինք: Արմենն արագ շրջվեց, երկար նայում էր:
– Լսիր, հայեր են, – ասաց Արմենը, – Հայաստանից, տեղի հայերն այդպես չեն խոսում:
Արմենը ելավ, գնաց դեպի նրանց սեղանը:
Քիչ անց այնտեղ թնդաց համերաշխ ծիծաղը, ես ետ նայեցի. ոչ այն է Արմենն էր նրանց անեկդոտ պատմում, ոչ այն է՝ նրանք, մի պահ լռություն էր տիրում, հետո կրկին թնդում էր սրտաբուխ ծիծաղը:
– Հայեր են, Հայաստանից, – վերադառնալով ուրախացած ասաց Արմենը, ասես օտարության մեջ հարազատներին էր գտել, որոնց մինչ այդ շարունակ որոնել էր: – Ամբողջ Հայաստանի մասշտաբով նրանց դեմ խաղ չկա: Կենտկոմի աշխատողներ են, շրջկոմի քարտուղարներ, միամսյա դասընթացների են եկել կուսակցական կադրերի բարձրագույն դպրոց: Թափով տղերք են:
Արմենը կանչեց մատուցողուհուն, նրանց համար երկու շիշ «Ախթամար» պատվիրեց:
Դահլիճի հայելապատ դռների մեջ նրանք՝ Ռենան ու Մարգարիտան, երևացին միանգամից: Ռենան գալիս էր առջևից՝ ժպտադեմ, գեղեցիկ ու բարձր:
– Մի նայիր, Լեո, տես՝ ի¯նչ անուշիկ հայացք ու գայթակղիչ կազմվածք ունի, ինչպիսի կրքահարույց ու կանչող ոտքեր, – ասաց Արմենը, – բա բնավորությունը: Ասես քաղաքի աղջիկ չլինի՝ դյուրահավատ, ոնց որ երեխա:
– Կներեք, բայց ես կուզենայի գնալ, – հասնելով սեղանին ու կրկին նստելով իր տեղը, մեղավոր տեսքով ասաց Ռենան, նայելով մեկ ինձ, մեկ Արմենին: – Արդեն ուշ է, խնդրում եմ: Շնորհակալ եմ, մերոնք…
– Հիմա, Ռենա ջան, ես ու Լեոն մի ուղեթաս էլ խմենք՝ գնանք, – ընդհատեց Արմենը:
Բաժակները լիքն էին, Արմենը բարձրացրեց բաժակը:
– Առաջին հանդիպումն էր այսպես խմբովին, տա աստված՝ վերջինը չլինի: Մարգարիտա, վերցրու բաժակը:
– Ես այլևս խմել չեմ կարող, – օրորվեց Մարգարիտան, հենվելով Արմենի ուսին: – Ռուսաց թագավոր Պետրոս Մեծն ասել է. «Օղի չի կարելի քիչ խմել, բայց շատ նույնպես չի կարելի խմել»: Ես այլևս չեմ խմի: Բայց, ի լրումն քիչ առաջ իմ ասածի, ավելացնեմ, որ կա միայն ու միայն մի տղամարդ, որից, համենայնդեպս այսօր, ես ինձ կախված եմ զգում, և դա խելացնոր կերպով ուրախացնում է ինձ… Որպես գաղտնիք ասեմ, որ Արմենն է այդ տղամարդը, և ես խոստանում եմ մինչև վաղը հավատարիմ մնալ նրան, – ծիծաղելով ավելացրեց Մարգարիտան: – Անչափ ու անչափ շնորհակալ եմ, ուրախ եմ ծանոթության համար, անմոռանալի երեկո էր, բայց, հազար ափսոս, որ այլևս խմել չեմ կարող:
Մենք խմեցինք: Մարգարիտան հրաժեշտի համբույրներ բաշխեց բոլորիս և, կոնքերը ցուցադրաբար ճոճելով, գնաց ընկերուհիների կողմը:
– Ես նույնպես շնորհակալ եմ, իրոք, հաճելի երեկո էր, – վեհերոտ ժպիտով ասաց Ռենան: – Հուսով եմ, որ Լեոի ծննդյանը նույնպես կհրավիրեք,– նա նայեց ինձ, բոսորով բռնկված շուրթերի բացվածքում շողացին ատամները: – Հույս ունենա՞մ, թե՞ կմոռանաք:
– Որպեսզի չմոռանանք՝ պայմանավորվենք հենց հիմա, – ասացի ես: – Վաղը ժամը չորսի մոտերքը ես սպասում եմ Արմենի զանգին: Հրավիրում եմ «Գյուլիստան»: Դուք եղե՞լ եք այնտեղ:
– Ոչ:
– Նոր, շքեղ ռեստորան է՝ բազմաթիվ սրահներով: Արմենը նույնպես, հավանաբար, չի եղել:
– Չէ, չեմ եղել, – արձագանքեց Արմենը՝ վառելով սիգարետը:
Մեր սեղանին մոտեցավ սև կոստյումով, փողկապով, թիկնեղ ու հաստափոր մի տղամարդ:
– Ամեն ինչ կարգի՞ն է, – հետաքրքրվեց նա սիրալիր ժպտալով: – Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի մեր հյուրերը գոհ մնան:
– Ռաուֆ Ալիևիչ, արի մի բաժակ խմիր մեզ հետ: Կոնյա՞կ, թե՞ օղի:
– Ո՛չ կոնյակ, ո՛չ օղի, – Ալիևիչը ձեռքերը խաչեց կրծքին: – Շնորհակալ եմ, չեմ կարող, գործի ժամանակ՝ ոչ մի կաթիլ, սա օրենք է:
– Ռաուֆ Ալիևիչը ռեստորանի մետրդօթելն է, – բացատրեց Արմենը, հետո ներկայացրեց մեզ:
– Ուրախ եմ, շատ ուրախ եմ, – քաղաքավարությամբ գլուխ տվեց Ռաուֆ Ալիևիչը: – Տեսնո՞ւմ եք, ոչ մի ազատ տեղ չկա: Միշտ այսպես է, բայց ձեզ համար տեղ, իմացած եղեք, որ կճարվի: Համեցեք:
Ռենայի հետ իջանք առաջին հարկ, այնտեղից՝ փողոց, որը շողշողում էր նեոնային լույսերից:
Կանաչ լույսերը վառած, իրար ետևից ազատ կանգնած էին տաքսիները:
Քիչ հեռվում, ափամերձ զբոսայգուց այն կողմ, երևում էր ծովը՝ համատարած, անծայրածիր՝ փայլկտում էր նոր ելնող լուսնի ու աստղերի ցոլքերից: Բարձրախոսները հրավիրում էին զբոսանքի, պտտվում էին կարուսելները, մանկական ճիչ ու զնգուն ծիծաղ՝ քամին տանում, հեռացնում էր, կրկին ետ բերում, և այդ ձայները լսվում էին հստակ ու շատ մոտ:
– Հո չե՞ք մրսում, – հարցրի ես՝ փորձելով հանել պիջակս:
Ռենան օրորեց գլուխը, երախտագիտությամբ ժպտաց ինձ:
– Շնորհակալ եմ, ցուրտ չէ, – ասաց նա՝ հայացքը դեպի Նարգին կղզի ընթացող զբոսանավը, որից հնչող երաժշտությունը նույնպես քամու հետ մեկ հեռանում, մեկ կրկին վերադառնում էր:
Մեքենաների մոտ խմբված վարորդները հետաքրքրասիրությամբ դիտում էին Ռենային, դա ինձ դուր չեկավ և, նրա արմունկն առնելով ափիս մեջ, ես նրան տարա դեպի հերթի առջևում կանգնած մեքենան:
– Մենք ձեզ տաքսիով կտանենք մինչև տուն, – ասացի ես, նրան նստեցնելով մեքենայի ետնամասում, ինքս նստեցի առջևում, վարորդի մոտ:
– Ոչ, պետք չէ, – խնդրողական ասաց Ռենան՝ ձեռքը դիպցնելով ուսիս:– Մինչև տուն պետք չէ: Եղբայրս, սովորաբար, կանգառում դիմավիրում է ինձ: Մինչև մետրո:
Վարորդն արագ տեղավորվեց ղեկի մոտ: Ես նրան խնդրեցի քիչ սպասել. Արմենը շտապ իջնում էր աստիճաններով:
Բաքսովետի մետրոյի մոտ Ռենային ուղեկցեցինք մինչև նախասրահ, մի անգամ ևս պայմանավորվելով, որ Արմենը վաղը կզանգի Ռենային ու ինձ, և մենք միասին կգնանք «Գյուլիստան»: Ռենան մտավ մետրո, վերջին անգամ շարժասանդուղքի մոտ շրջվելով ու ձեռքով հրաժեշտ տալով մեզ:
Մոտեցանք փողոցին: Արմենը տաքսի կանգնեցրեց:
– Էդ գիժը տանը սպասելու է ինձ, – ծիծաղեց նա: – Հասցեն ու հեռախոսը տվեց: Ասում է, եթե ուշացար, ինձ կկախեմ:
– Գնա, – ծիծաղեցի ես: – Ուշացար՝ թոկից-բանից տար, կարող է չունենա:
Արմենը նորից ծիծաղեց, մոտեցավ մեքենային:
– Նստիր մինչև տուն տանեմ, – ետ շրջվելով, ասաց նա:
– Երկու քայլ է, ոտքով կգնամ, – պատասխանեցի: – Վաղը սպասում եմ:
Մեքենան պոկվեց տեղից, սակայն, մի հարյուր մետր չանցած, կանգ առավ՝ ետնամասի կարմիր լույսերը վառ և սկսեց ետ-ետ գալ:
– Լսիր, Լեո, – դուրս գալով մեքենայից ասաց Արմենը: – Կարո՞ղ է մոտդ փող լինի՝ տասնհինգ-քսան ռուբլի:
– Իհարկե, – ասացի ես:
Մեքենան կրկին պոկվեց տեղից, ես երկար նայում էի, մինչև այն կորավ փողոցի շրջադարձում:
Անցնելով լայն պողոտան, ես քայլեցի դեպի տուն: Ես դանդաղ, անշտապ քայլում էի դեպի տուն և իմ սիրտն ինչ-որ անհայտ, շատ ցանկալի ու անորոշ բանից տրոփում էր: Ի՞նչ էր դա՝ ըմբռնել, հասկանալ չէի կարողանում, զգում էի, որ այդ անհայտ ու անորոշ բանից աշխարհն աչքիս հազար անգամ մեծ էր երևում, եղածը՝ հազարապատիկ շատ: Իմ կողքով զույգեր էին անցնում, ես, իմ մտքերի մեջ խորասույզ, նրանց չէի նայում, բայց մտածում էի, որ նրանք անպայման երջանիկ են, ես սրտանց ուզում էի, որպեսզի երջանիկ լինեն նրանք, որովհետև ինքս անչափ երջանիկ էի այդ պահին, և այդ երջանկությունն արբեցնում էր ինձ, ես ուզում էի ողջունել բոլորին, ես բոլորի բարին էի ցանկանում: Իրոք, թե ինչ էր կատարվում ինձ հետ՝ անհասկանալի էր: Ես վայրկյան անգամ չէի կարողանում մոռանալ Ռենային, նրա դեմքը, աչքերը, շուրթերը, ձայնի նրբագրգիռ ելևէջը, վայելչագեղ պարանոցը, որ բուրում էր ինչպես նորաբողբոջ վարդը: Աստված իմ, մի՞թե այդպես միանգամից սիրահարվեցի նրան: Ես զարմանում ու ծիծաղում էի ինքս ինձ վրա, որովհետև այսօր առավոտյան ես ոչինչ չգիտեի նրա գոյության մասին, իսկ հիմա նրա մասին մտածելն անգամ ինձ ուրախություն է պատճառում: Ես ուզում էի ետ պահել ինձ այդ խելացնոր մտքից, ես աշխատում էի ուրիշ բանի մասին մտածել, բայց չէր հաջողվում: Ես նախանձում էի Արմենին, բայց դա չար նախանձ չէր, պարզապես ափսոսում էի, որ ոչ թե ինձ, այլ նրան է բախտ վիճակվել ծանոթանալ այդպիսի հրաշք աղջկա հետ: Հարկավոր է մոռանալ նրան, մտածում էի, անպայման մոռանալ, ինչքան էլ դժվար լինի ինձ համար, որովհետև իմ կողմից գեղեցիկ քայլ չէ՝ մտածել մեկի մասին, որը ոչ թե քո, այլ ուրիշի ծանոթուհին է, նրա հետ եկավ քեզ մոտ: Տանը նույնպես մտածում էի Ռենայի մասին, հիշողություններն ալեկոծում էին իմ հոգին, անծանոթ հույզեր արթնացնում իմ մեջ, ես իմ աչքի առջև շարունակ տեսնում էի նրա ամոթխած և ուշադիր հայացքը, գեղեցիկ շուրթերի արանքից երևացող ատամների տամուկ փայլը, հիշում էի նրա մատների սառը հպումը, և այդ ամենից ասես գլուխս պտտվում էր: Դասական երաժշտության տակ հաճելի էր մտածել ու հիշել: Հիշել ու մտածել: Իսկ գիշերը՝ երազում, ես կրկին նրա հետ էի, քաղցր ինքնամոռացության մեջ ես գրկել էի նրան, ես նրան սեր էի խոստովանում, ես նրան կրկին ու կրկին համբուրում էի ու չէի հավատում, որ հենց հիմա համբուրեցի այդ շուրթերը, որ երազից դուրս նման իրական բան կարող է լինել և բերկրանքից ու երջանկությունից կտրվում էր շունչս…
Հեռախոսազանգն արթնացրեց ինձ: Երազի տպավորության տակ՝ ես ցատկեցի դեպի հեռախոսը, չգիտես ինչու, մտածելով, որ Ռենան է զանգողը:
Ռենան չէր, իհարկե. մայրս էր Սումգայիթից զանգում, և ես սուր ամոթ զգացի այն բանից, որ քամու դեմ վառած լուցկու կրակի պես հանգավ ոգևորությունս: Մայրս անհանգստացած էր, որ տուն չէի գնացել, չնայած իմ խոստմանը, ասաց, որ երեկոյան քույրս Ստավրոպոլից նույնպես զանգել է, բայց ես տանը չէի:
Ասացի, որ հյուր ունեի Երևանից, հաջորդ ուրբաթ անպայման կգամ: Հետո լվացվեցի, մի թեթև նախաճաշեցի և սկսեցի պատրաստվել այսօրվա հանդիպմանը: Մի քանի անգամ, աղջկա նման՝ հայելու առջև փոխեցի շորերս, մեկ այս փողկապն էի փորձում, մեկ այն, ի վերջո, ընտրեցի՝ սև կոստյում, կապույտ վերնաշապիկ և դարչնագույն փողկապ՝ մանուշակագույն երանգներով: Օծանելիքներից ընտրեցի «Դրակարը»: Դա Արինայի նվերն էր՝ փետրվարի քսաներեքի առթիվ, և ինձ շատ էր դուր գալիս:
Ժամը տասներկուսին զանգեց Արմենը:
– Հը, ինչպե՞ս ես, – ծիծաղեցի ես: – Մարգարիտային հաջողվե՞ց կախվել:
– Հա, մինչև առավոտ վզիցս կախված էր, – Արմենը ծիծաղեց, ավելացրեց, – Լեո ջան, եկել եմ կինոյի տոմս վերցնելու, նոր տեսա, որ, թարսի պես, ուրիշ շալվար եմ հագել՝ փողերս մնացել են մյուս գրպանում, չգիտեմ ինչ անեմ, մինչև մեր հանդիպումը, ուզում էի Ռենայի հետ կինո գնալ:
– Արի, ես կտամ, – ասացի ես, մտածելով, որ նա երեկ ահագին ծախսի տակ ընկավ: – Հո չե՞ս մոռացել հասցեն:
– Իյա¯: Ի՞նչ ես ասում, – ուրախաձայն ասաց նա: – Իհարկե, չեմ մոռացել:
– Դե, ավելի լավ, որ չես մոռացել, արի: Միասին սուրճ կխմենք:
Արմենը եկավ մի կես ժամից:
– Քսանհինգ ռուբլին հերի՞ք է, – հարցրի ես:
– Իհարկե, շատ էլ է: Անչափ շնորհակալ եմ, Լեո ջան: Քեզ ասեմ՝ իսկական ընկեր ես ու իսկական տղամարդ: Դա իմ կարծիքն է: Ապրես:
Նա սափրվեց, սուրճ խմեցինք: Արմենին ճանապարհելուց հետո նորից անհանգիստ քայլում էի՝ նայելով ժամացույցին, ժամանակը կարծես թե դժվար էր առաջ գնում, փորձեցի ինչ-որ բան կարդալ ժամանակը կարճելու համար, բայց ոչինչ չստացվեց, նույն պարբերությունը ստիպված մի քանի անգամ կարդում էի. ուշքս ու միտքս այնտեղ էր՝ Ռենայի հետ:
Հեռախոսը զանգեց: Վերջապե¯ս… սիրտս տրոփեց, ինչ-որ հաճելի ոգևորությամբ համակված՝ դանդաղ վերցրի լսափողը:
– Ալլո:
– Ալլո, բարև ձեզ: Լեո, դուք եք, չէ՞:
Ձայնն անծանոթ էր:
– Բարև ձեզ: Այո:
– Ռաուֆ Ալիևիչն է, «Նոր Ինտուրիստից»: Ինչպե՞ս եք:
– Շնորհակալ եմ… Երեկ շատ լավ էր ձեզ մոտ, անմոռաց երեկո էր:
– Շատ ուրախ եմ, մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի մեր հյուրերը գոհ մնան: Համեցեք, միշտ պատրաստ ենք: Բայց գիտե՞ք… – նա մի պահ ասես վարանեց, հետո միանգամից ասաց, – դուք երեկ գնացիք առանց վճարելու:
– Ինչպե՞ս, – ես զարմանքից կարկամեցի: – Չի կարող պատահել:
– Գիտե՞ք, մենք շատ մտածեցինք… ուզում էինք աշխատողներով մի կերպ… բայց դե, գումարը շատ է մեծ, երեք հարյուր ռուբլի, հնարավոր չեղավ…