
Полная версия
Եթե լուրջ…

Ваграм Оганджанян
Եթե լուրջ…
Ամենամեծ բացթողումը
Շատ հաճախ եմ մտածում, թե որն էր Հայաստանի պետականության ամենամեծ բացթողումները վերջին երկու տասնամյակում, հրադադարից հետո: Իրոք դրանք չափից ավելի շատ են, բայց մեկը ինձ համար ավելի կարևոր է, դա ԼՂՀ–ն և Ադրբեջանի սահմանագծի ամրության վիճակն է: Եթե այս վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանի և ԼՂՀ–ի իշխանավորները հրաժարվեին իրենց անձնական դղյակների, սուպերմարկետների և այլ շահավետ օբյեկտների շինարարություններից և այդ գումարները օգտագործվեր սահմանների ամրացման համար, կարելի էր «Մայններհեյմի գծից» ավելի ամուր և անմատչելի սահմանագիծ ստեղծել երկաթբետոնե ֆորտիֆիկացիոն կառույցների համակարգով և ժամանակակից էլեկտրոնային սարքավորումներով:
«Մայններհեյմի գիծը» կառուցվել էր 1919 թվականից մինչև 1939 թվականը Ֆինլանդիացիների կողմից ընդեմ ԽՍՀՄ–ի, մոտ 140 կմ սահմանի երկայնքով, որի 1940 թվականի գրոհի ժամանակ Կարմիր բանակը տվել էր ահռելի մարդկային և տեխնիկայի կորուստներ:
Նույնիսկ խաղաղ պայմաններում այդպիսի կառույցների համակարգը մեծ հավանականությամբ կփրկեր հայ զինվորների կյանքն ու Ադրբեջանին կստիպեր զերծ մնալ իրենց մարտական կոչերից, դիվերսիոն գործողություններից և խնդիրը մարտական ճանապարհով լուծելու մտադրությունից:
Ահա թե ինչ ենք բաց թողել այս 20 տարվա ընթացքում:
25.01.2015 թ.
Փայ հայրենիքից
Արցախյան պատերազմի թեժ տարիներին Ռուսաստանից հայրենիք վերադարձած մի երիտասարդ արցախցի մի քանի ամիսներ շարունակ իր վաղեմի ընկերների հետ մարտական գործողություններին մասնակցելուց հետո, գալիս է Երևան ու ինչ–որ բաներից հիասթափված որշում է ետ վերադառնալ Ռուսաստան:
Օդակայանում ուղեկցող նեղասրտված ընկերը հարցնում է.
– Հենո՛, բա որ Աբոն (հրամանատարը) հարցնի՝ ի՞նչ ասեմ:
– Կասես, որ իմ փայ Ղարաբաղը իրեն եմ նվիրում…
Ամեն անգամ լսելով ամեն մի արտագաղթող հայի մասին, չգիտեմ ինչու, այս պատմությունն եմ հիշում: Հիասթափված սեփական երկրից հեռացող հայերը, հետաքրքիր է՝ իսկ հիմա ու՞մ են թողնում իրենց փայ Հայաստանը…
5.12.2014 թ.
Ինչպես կարելի է տեսնել
Երբ կույր Վանգային ասել էին.
– Ամերակացի աստրոնաֆտները իջել են լուսնի վրա, ի՞նչ կարող եք այդ մասին ասել:
Պատասխանել է.
– Ես այնտեղ (լուսնի վրա), ավելի շատ բաներ տեսա քան նրանք:
Տեսնելու համար, երբեմն, աչքեր անգամ պետք չեն:
12.10.2017 թ.
Պապի խնդրանքը
– Տղա՛, որ մեռնեմ, էստեղ ինձ չթողնեք, մեր երկիրը կտանեք:
– Է՜հ, պա՛պ, որ մեռնես, ախր քեզ համար ի՞նչ տարբերություն, թե որտեղ քեզ կթողնեն կամ ուր կտանեն:
– Չէ՛, բալես, էստեղ ինձ չթողնեք: Էս ցուրտ ու անտեր երկրում էնքան եմ մրսե՜լ… Մեր երկիրը ինձ կտանեք, թող ոսկորներս գոնե մեր հողում մի քիչ տաքանան…
23.01.2018 թ.
«Կարող էիք քիչ լափել»…
Երկու դասընկերներ երկար տարիներից հետո հանդիպում ու զրույց են անում: Սրանցից մեկը ՀՀԿ–ի անդամ էր լինում: Այս կուսակցականին ընկերը սկսում է նախատել, որ այդքան տարիներ իշխանության գլխին էին ու ոչ մի լավ բան ժողովրդի ու երկրի համար չեն արել: Արտագաղթն է երեսով տալիս, երկրի տնտեսության թուլացումը, սոցիալական անարդարությունները ու նման շատ բաներ:
ՀՀԿ–ի անդամ ընկերը երկար լսում է ու հետո սկսում է մատների վրա, փաստարկներով, ելնելով Հայաստանի աշխարագրական դիրքից, պատերազմական վիճակից, քայքայված վիճակով ժառանգություն ստացած տնտեսությունից և նման բաներով ապացուցել, որ իրենք ոչ մի բանում մեղք չունեն: Ու վերջում հաղթականորեն հարցնում է ընկերոջը.
– Այսքանից հետո, դէհ ասա՛, ի՞նչ կարող էինք անել, որ չենք արել:
– Կարող էիք գոնե քիչ լափել…,– մտահոգ պատասխանում է դասընկերը:
5.12.2018 թ.
«Մեկ ազգ, մեկ պետություն»
«Մեկ ազգ, մեկ պետություն», սա է ժամանակակից Հայաստանի զարգացման միակ ճանապարհը:
«Մեկ ազգ, երկու պետություն» բանաձևը ձեռատու է այն ուժերին, ովքեր ուզում են անընդհատ հսկողության տակ պահել Հայաստանը և ցանկացած դեպքում հրահրել ու լարել մեր ժողովրդին իրար դեմ: «Բաժանիր ու տիրիր», վաղուց ծանոթ մոտեցում է:
Եթե կա որևե մեկը, որ չի հասկանում սա, թող նայեն թե ինչ է կատարվում Ուկրաինայի ու Դոնբասի հետ, Ուկրաինայի և Ռուսաստանի հետ: Ընդհանուր գենետիկ արմատներ ունեցող ժողովրդները դառնում են ոխերիմ թշնամիներ և անզոր են ժամանակակից կեղտոտ քաղաքական տեխնալոգիաների առջև:
«Թավշյա հեղափոխությունից» հետո նույն նախադրյալներն են ստեղծել հայ ժողովրդի համար: Փոխելով Հայաստանի հին իշխանությունները և թողնելով Արցախի հին հիշխողներին, հմտորեն սեպ են խրել երկու հայկական պետականությունների միջև և օգտագործելով արտերկրների ներդրած գործակալներին, որոնք լուրջ քաղաքական ազդեցություն ունեն երկրի ներքին քաղաքկանության մեջ, իրենց սադրիչ հայտարարություններով ու գործնեությամբ փորձում են խորացնել պառակտությունները մեր երկու պետականությունների միջև, որի հետևանքը՝ կործանումն է:
Ով կամավոր, թե ակամա լծված է այս խաղի մեջ, ջուր է լցնում մեր թշնամիների ջրաղացին:
Խնդրում եմ, բոլորին գիտակցել այս պահի լրջությունը և միայն աջակցել այն գաղափարներին ու անձնավորություններին, որոնց ջանքերը ուղղված են մեր ազգի և պետականությունների միասնությանը. «Մեկ ազգ, մեկ պետություն»:
13.10.2019 թ.
Պարտադիր ծառայության անհրաժեշտությունը
Ով չի հասկանում պարտադիր զինվորական ծառայության իմաստը, համառոտ բացատրեմ։ Լայնածավալ պատերազմի դեպքում հայտարարվում է համընդհանուր մոբիլիզացիա, երկրի մարդկային ռեսուրսների պոտենցիալը պատերազմում կիրառելու համար։
Պարտադիր ծառայությունն 2 տարի անցած զինվորները փաստորեն արդեն պատրաստ են պատերազմական գործողությունների։ Բացի դրանից, զինկոմիսարիատներում հատուկ ցուցակներով ամեն մի պարտադիր զինծառայությունը ավարտած զինվոր վերաբաշխված ու նշանակված է իր ապագա զորամասի ստորաբաժանումը։ Գիտե իր զինվորական պարտականությունները պատերազմի ժամանակ։
Միայն վարձու զինվորներով պատերազմ վարելը անհնարին է, քանի որ քիչ են, իսկ պատերազմը ավելի մեծաքանակ ու որակավոր զինվորներ է պահանջում։
Սա հարկավոր է բացատրել բանակում չծառայած, դասալիք պատգամավորներին ու կառավարության անդամներին։
Իմիջայլոց, «սպրավոչկայի համար» ասեմ, ՌԴում անգամ արգելված է օրենքով, պետական ծառայության վերցնել անձանց, ովքեր պարտադիր զինվորական ծառայություն չեն անցել։ Կարծում եմ հասկանում եք որքան է ցածր ընկած մեր նշաձողը։
Պատերազմի մեջ գտնվող երկրի համար պարտադիր ծառայությունը վերացնող օրենք ընդունելը պետական դավաճանություն է, սթափվե՛ք ժողովուրդ։
2.12.2019 թ.
Զավակների պես
Փողոցով, մտքերի մեջ ընկած, մի տարեց մարդ է քայլում: Վերևից մի ագռավ է թռչում, ու «կա՜ռռռ» իր սրտի ուզածով ծրտում է էս ալևորի գլխին: Ծերուկը գլուխը թափ է տալիս, վերև է նայում ու ագռավին.
– Չէ,– ասում է,– իմ զավակների պես չես կարա…
29.12.2019 թ.
Ինչ է մեզ սպասում
Վերջին ժամանակներում բանակից եկող մեր զինվորների անհիմն ու անդարձ կորստների մասին ողբերգական լուրերը մտահոգությունների շատ լուրջ առիթ են տալիս:
Ասում են երկու արկ մի փոս չեն ընկնում: Բայց մեկ ամսից քիչ ավել ժամանակահատվածում ունենալ 11 զոհեր, իրադարձությունների անհայտ հանգամանքներնով ու պատճառներով, ակամա սկսում ես մտածել որ այդ դեպքերը արհեստական բնույթ ունեն և ինչ որ դավադիր քաղաքական նպատակներ են հետապնդում:
Հանրությունը, զոհված զինվորների ծնողները, բանակից ու պետությունից անհապաղ պատասխաններ են պահանջում, բայց այդ պատասխանները ուշանում են:
Ոմանք սկսում են մեղադրել Հայաստանի նոր իշխանություններին կամ նախկիններին, ոմանք Արցախի Հանրապետության իշխանություններին ու բանակի հրամարատարությանը: Եվ ահա աննկատ սկսում է կայունանալ մի այլ կարծիք, որը ավելի վտանգավոր է, քան նախորդները: Համացանցերում սկսել են հայտնվել նման կարծիքներ. «Միակ ելքը ԼՂ–ում չծառայելն է: Վերջ պիտի տրվի մեր երիտասարդների սպանդին» կամ «Ինչու՞ մեր զավակները պիտի ծառայեն ու զոհվեն ղարաբաղցիների համար» և այլն:
Եթե սա, իրոք շատ հեռու գնացող ու միտումնավոր ծրագրավորված դավադրությունների մի չարաբաստիկ շղթա է, հապա, ովքեր էլ կանգնած լինեն այդ ստորությունների հիմքում, նրանց առաջնկա խնդիրը հենց նման կարծիքներ ստեղծելն է ու Արցախի և Մայր Հայաստանի միջև սեպ խրելը: Առաջին խնդիրը կայուն կարծիք ստեղծելն է, որ իմաստ չկա, որ մեր զավակները զոհվեն սահմանին և «ավելի ճիշտ կլինի հայ–ադրբեջանական շփման գծում տեղադրել դաշնակից երկրներից խաղաղարարների զորամասեր»:
«Խաղաղարար» զորամասերի տեղադրելը, իմ կարծիքով, իրենց պլանի առաջին փուլն է: Երկրորդ փուլում, ինչ որ կեղծ մարտական գործողությունների հետևանքով ստեղծվելու է մի այնպիսի իրավիճակ, երբ «խաղարարները» սկսելու են նահանջել Արցախի տարածքների խորքը և Ադրբեջանին են հանձնելու Արցախի անվտանգության գոտու տարածքները: Ընդ որում Հայկական բանակը հակագրոհելու ու տարածքները ետգրավելու ոչ մի հնարավորություն չի ունենալու ակնահայտ պաճառով:
Իսկ երորդ փուլում սկսելու են բանակցություններ, որտեղ ԼՂՀ–ի և ՀՀ դիրքերի լինելու են ավելի թույլ ու հանդուրժողական: Ու այստեղից էլ սկսվելու են մեր տարածքների և քաղաքական դիրքերի անդարձ կորստները: Եվ այսպիսով, նորից հետ ենք գլորվելու մինջև 1921 թվականը:
Ովքեր են կանգնած այս ամենի հետևում, կարծում եմ խնդիրը դրա մեջ չէ, բոլորս էլ գիտենք դրանց ու նրանց ծառայող մեր ներքին վեցնոց տականքներին, որոց ձեռով էլ զոհվում են մեր քաջազուն զավակները: Խնդիրը հենց դրանց կանգնեցնելու ու չեզոքացնելու մեջ է:
15.02.2020 թ.
Նոր պատերազմ
Նոր կարդացի հետևյալ նորությունը, որ «Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` գեներալ–լեյտենանտ Կարեն Աբրահամյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար–պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից:
Ինչպես «Արմենպրես»–ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահ Բակո Սահակյանի ստորագրած մեկ այլ հրամանագրով՝ գեներալ–մայոր Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար – պաշտպանության բանակի հրամանատար՝ ազատվելով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ–շտաբի պետի պաշտոնից»։
Ճիշտն ասաց ես այդ հրամանին արդեն երկու շաբթից ավել է, որ սպասում եմ: Գիտեի որ այդպես էլ լինելու է, անպայման Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար–պաշտպանության բանակի հրամանատարին հանելու են իր պաշտոնից, իբր գլխավոր մեղավորներից մեկին, որի բացթողումների պատճառով վերջին ժամանակներս 14 զինվոր է զոհվել, անհայտ պատճառներով:
Ոմանց երևի թվա, թե այդպես է, հենց բացթողումների համար են նրան հանել պաշտոնից: Բայց, կարծում եմ ճիշտ հակառակը պիտի պնդել, այսինքն անհայտ պատճառով, միտումնավոր մեր զինվորների կորստները օգտագործվել է, որպեսզի առիթ լինի հանել պաշտոնից Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարին:
Սա իմ խորին համոզմունքով ներքին դավադիր ուժերի, թշնամիների ծրագիր է:
Այդպես վարվեցին նաև ապրիլյան քառօրյա պատերազմից առաջ նախկին Արցախի բանակի հրամանատար Մովսես Հակոբյանի հետ: Այն ժամանակ էլ մտածում էի, որ դա դավադիր պլան է, բանակը թուլացնելու համար և չսխալվեցի, սկսվեց ազերիների կողմից հարձակումը:
Որպես տարբեր զորամասերում ծառայած զինվորականի, ասեմ, միշտ նորանշանակ հրամանատարին բավականին ժամանակ է պահանջում տիրապետելու ենթակա զորամասերը ղեկավարելու նրբությունների, եթե անգամ նա նախկին հրամանատարի տեղակալն է: Հենց դա այն պահն է, երբ ռուսները ասում են. «не меняют коней на переправе»:
Այդպես վարվեց և Ի. Ստալինը իր բանակի հրամանատարության հետ 1937–1941 թվականին, որից հետո Հիտլեր բաց չթողեց նրա այդ սխալը և որոշ ժամանակ նա շատ լուրջ հաջողությունների հասավ ռազմաճակատում:
Բայց կա ևս մի լուրջ հանգամանք, դա Արցախի նախագահական ընտրություններն են, որը կլինի մարտի վերջին:
Նոր նախագահ, նոր հրամանատար: Մեր հակառակորդի առաջնորդն ու բանակի հրամանատարը, ավանակից էլ կարճ խելք պիտի ունենան, որպեսզի բաց թողնեն այդ հիասքանչ պահը, որպեսզի լայնածավալ հարձակում չսկսեն Արցախի հանրապետության դեմ և իմ բոլոր հաշվարկներով, դա պիտի տեղի ունենա նորից չարագուշակ ապրիլ ամսում:
Ալիևի երազանքն է, հայրենական պատերազմի 75 ամյակին, մայիսի 9–ին «ազատագրել» Շուշի քաղաքը:
24.02.2020 թ.
Ինչպես ճանաչել մարդուն
Եթե ուզում եք ճանաչել մարդուն, հետաքրքրվեք նրա մանկության և դպրոցական տարիներով: Հետաքրքրվեք, թե ինչ են պատմում հարևանները, համադասարանցիները, ուսուցիչներն ու ծանոթները նրա մասին: Եվ նրանց պատմած և հայտնած կարծիքների խճանկարից կտեսնեք նրա իրական պատկերը:
Ընդհանարապես մարդ ինչ «միջուկով» ծնվում է, այնպիսինն էլ մնում է: Կարող են փոխվել մարդու գիտելիքները, աշխարահայացքը, արտաքին տեսքը, կարծիքը և այլն, բայց ոչ նրա բնավորության ներքին ձողը, ոգին, կամքը, հեռատեսությունը, ճաշակը, իմաստությունն ու խելքը:
Մարդու հունը ճանաչելու համար, հարկավոր է ճանաչել նրա ակունքը, թե ինչքան է այն պարզ կամ պղտոր, թե որտեղից է այն սնվում:
Конец ознакомительного фрагмента.
Текст предоставлен ООО «Литрес».
Прочитайте эту книгу целиком, купив полную легальную версию на Литрес.
Безопасно оплатить книгу можно банковской картой Visa, MasterCard, Maestro, со счета мобильного телефона, с платежного терминала, в салоне МТС или Связной, через PayPal, WebMoney, Яндекс.Деньги, QIWI Кошелек, бонусными картами или другим удобным Вам способом.