
Полная версия
Թավշյա փափուկ բարձ

Ваграм Оганджанян
Թավշյա փափուկ բարձ
ՀՈՒՄՈՐԻ ԷՋԵՐ
Ջրաշունը
Մի «բոմժ» մյուսին հարցնում է.
– Լսի՛ր, դու ե՞րբ ես վերջին անգամ լողացել:
– Էն «7 դրամի» օրը, հիշու՞մ ես, որ ջրցանով մի լավ մեզ լողացրին:
– Հա՛, բա ոնց չեմ հիշում:
– Իսկ դու՞:
– Ես էլ Վարդավառի օրերին եմ լողանում:
– Տո, դեհ ասա ջրաշուն ես էլի:
21.07.2017 թ.
Ամենից հավանական ուղին
Հավանականության թեորիայի դոկտորին հարցնում են.
– Ասացեք խնդրեմ, պրոֆեսոր, կա՞ արդյոք ինչ որ մի հավանական ուղի, որպեսզի մեր երկիրը դուրս գա այս ճահճից և դառնա աշխարհի զարգացած և առաջադեմ երկրներից մեկը։
– Իհարկե՛,– ասում է,– եթե պատահականորեն երկրի նախագահ ընտրվի շատ ազնիվ, խելացի ու հայրենասեր մի անձ ու նրան պատահականորեն հաջողվի ազատվել քրեաօլիգարխիկ ու կառուպցված համակարգից, պատահականորեն հաջողվի ստեղծել արդարամիտ ազգային ժողով, դատական համակարգ ու այդ ամենը պատահականորեն սկսի գործել` մենք կունենանք զարգացած և առաջադեմ պետականություն ու երկիր։
– Բայց այդքան պատահականություններից հետո միթե՞ հնարավոր է հասնել նման արդյունքի։
– Հնարավորի պահով չգիտեմ, բայց ամենից հավանականը դա է…
17.08.2017 թ.
Ի՞նչ տես անիլ
Լոռեցին.
– Կնիկս ասըմա՝ որ ինձ դավաճանես, տանիցը դուս տեմ անիլ:
Ընկերը.
– Այտա՜, բա ի՞նչ տես անիլ:
– Ապո՜, թազա տուն կսարքեմ, էլի՜…
12.08.2017 թ.
Դրվագներ «Մկների ժողովից»
Մկները հերթական ժողովում որոշում են փող հավաքել ու մի ընտիր, ոսկե զանգակ առնել, որը ոչ ժանգոտելու, ոչ իր փայլն ու ոչ էլ զիլ ձայնն է կորցնելու, հավերժ էլ պաշտպանելու է մկների բոլոր սերունդներին:
Երբ արդեն առնում են, զանգ կախող չեն գտնում: Իմանում են, որ մի հեռու, հյուսիսային երկրում «Զանգ կախող» մականունով մի համարձակ հայրենակից ունեն: Կանչում բերում են ու խնդրում, որ զանգակը կախի:
Էս «Զանգ կախող» մուկը, ոսկե զանգակը առնում է ու հեռանում:
Շատ երկար սպասում են մկները, բայց այդպես էլ զանգը կախելու լուր չեն ստանում:
Հետո է միայն պարզվում, որ մկան անունը, ոչ թե «Զանգ կախող» էր, այլ «զանգ կոխող» (գողացող):
* * *
Հարցնում են.
– էն շատ ճառեր ասող մկանը չե՞ք տեսել, ու՞ր է, վաղուց է չի երևում։
Ասում են.
– Ճառերից հոգնել է, գնացել է Դուբայում հանգստանալու` կատվի հաշվին։
* * *
Կատվին հարցնում են.
– Փիսո՛ եղբայր, էն ինչի՞ են մկները անընդհատ քո դեմ ժողովներում տժտժում։
Ասում է.
– էհ, ի՞նչ իմանամ, հիմարները կարծում են թե իրենց հաշվին եմ սնվում։ Չգիտեն, որ տերս վաղուց ինձ համով ձկների դելիկատեսներով է կերակրում։
* * *
Կատվին հարցնում են.
– Վա՜յ, Փիսո՛ եղբայր, էդ կարմիր բանտով զանգը վզիցդ ինչի՞ ես կախել։
Ասում է.
– Բա ի՞նչ անեմ, ճառ ասող մկներից ալերգիա ունեմ։
26.08.2017 թ.
Բռնակալի ինքնասպանությունը
Աֆրիկյան մի փոքրիկ երկրի շատ անտանելի ու չսիրված բռնակալ, որից ոչ մի կերպ չէին կարողանում ազատվել, ինքնասպանություն գործեց։ Քննիչները սեղանին գտան թղթի մի կտոր, որի վրա նա համառոտ գրություն էր թողել` ուղղված իր երկրի բնակչությանը. «Թքե՛մ ձեր նամուսին, որ սա էլ, ձեր տեղ, ես պիտի անեի»…
28.08.2017 թ.
Բախտավոր շան տղան
Մի շատ անբան ու անշնորք մարդ է լինում։ Իր անփթության պատճառով մի օր սրա բոստանի չափարն է վառվում, մի օր մարագը։ Հետո էշն է սատկում, որոշ ժամանակ անց էլ կովը։
Սա նստում ու գլուխն է ծեծում, թե.
– Վա՜յ, ես աշխարհի ամենից անբախտ մարդն եմ, անբախտ եմ` անբա՜խտ։
Հարևանն էլ թե.
– Չէ հա՜, շատ լավ բախտավոր էլ շան տղա ես, որ մինչև հիմա դեռ դու էլ չես սատկել։
29.08.2017 թ.
Ոսկե ձկնիկի խնդրանքը
Մի ծեր ձկնորս մի ոսկե ձկնիկ է բռնում ծովափին:
Ձկնիկին ասում է.
– Հը, բաց թողնե՞մ քեզ, գնաս ապրե՜ս, կյանք վայելե՜ս…
– Չէ՛ ախպեր,–ասում է,– լավ է տար` կնոջդ, զոքանչիդ հետ գլուխս կերեք, որ պրծնեմ ձեր մուննաթից ու ձեզանից:
14.11.2017 թ.
Դարդոտ ընկերները
Ցուցափեղկին դրած օրացույցը գանգատվում է.
– Իմ կյանքն էլ կյանք չի: Պատից կախում են ու տարվա ամեն մի օր սրտիցս մի հարազատ թերթիկ են պոկում, իսկ երբ թերթիկներս Ամանորի նախօրեին վերջանում են, անխղճորեն ինձ աղբարկղն են նետում:
– Է՜հ, դարդերս իրար մի տուր, եղբա՛յր,– արձագանքում է զուգարանի թուղթը:
30.12.2017 թ.
Նոր վարորդ
Հիմնարկի պետը իր ավտովարորդին.
– Հը, Վաղո՛, աշխատանքդ դու՞րդ գալիս է, ուրախ չե՞ս, որ մոտս ես աշխատում:
– Է՜հ, չգիտեմ, շեֆ ջան:
– Արա՛, բայց զարմանալի մարդ ես դու: Իմ տան մոտ մի տուն էլ քեզ համար եմ կառուցել: Աշխատավարձդ համարյա իմ տեղակալների չափ է: Երեխաներիդ լավագույն համալսարաններում տեղավորել եմ: Ամեն տարի ինձ հետ մի երկիր ես թռնում հանգստանալու: Էլ Դուբայ, էլ Մալդիվյան ու Կարիբյան ծովի կղզիներ, Թայլանդ, Հունաստան, Հնդկաստան: Չգիտեմ էլ որտեղ չենք եղել: Այ հիմա էլ մեզ համար Կարմիր ծովի ափին պառկած հանգստանում ենք, աղջիկները կան, խմիչքը՝ ինչքան սիրտդ կուզե: Այ ընկեր, ինչի՞ց ես դժգոհ, ի՞նչդ է պակաս…
– Դեհ, շեֆ ջան, ասում եմ գուցե՞ մեզ համար մի նոր վարորդ էլ վերցնենք…
24.01.2018 թ.
Կեքսը
– Պապի ո՞նց ես, ո՞նց է տատիկը։
– Է՜հ, բալա, ի՞նչ ասեմ։ Ես, ոչինչ, լավ եմ, բայց դե մեր պառավը լավ չի՝ էլ լավ չի լսում ու մոռացկոտ է դառել։ Երեկ էնքա՜ն կեքս էր թխել, ասում էր. «Կե՛ր, սիրտդ շատ էր ուզում»։ Ախր ո՞նց ուտեմ, որ իզժոգ ունեմ դրանից։
3.02.2018 թ.
Սոցիալիզմի հաջորդ փուլերը
Ահա սոցիալիզմի և հետխորհրդային երկրների զարգացման 4 հաջորդական փուլերը.
– անձի պաշտմունք;
– տանձի պաշտմունք;
– գանձի պաշտմունք;
– սանձի պաշտմունք։
Հ.Գ. Խիյարի պաշտմունքն ու նման մասնավոր դեպքերը նկատի չեն առված։
05.02.2018 թ.
ՀՅԴԿ–ի շենքի մոտ
Արցախցի մի պապիկ իր հին ու քրքրված Ժիգուլի–01–ով հազիվ Երևան է հասնում ու կանգ է առնում ՀՅԴԿ–ի շենքի շեմին։
– Ա՛յ պապի, ի՞նչ ես էստեղ կանգ առել, ավտոդ հեռացրու այստեղից, չի կարելի,– վրդովված կարգադրում է պահակը։
– Բալա ջան, էրկան հղեցում եկալ, ստեղ չը՞ն մաշինին յեղը փոխում։
23.03.2018 թ.
Մեդալները
Մի նախագահ, հեռանալուց առաջ 2 միլիոն հերոսի մեդալ է պատվեր տալիս ու բաժանում է իր բոլոր քաղաքացիներին՝ ահել ու ջահելի։
– Էս ինչի՞ համար է,– զարմացած հարցնում է ժողովուրդը։
– Որ այսքան տարիներ դիմացել եք իմ ղեկավարությանը։
– Բա էդ ութն էլ ի՞նչի քո դոշից ես կախել։
Ասում է.
– Որ հիշեմ, քանի ժամկետներով էիք ինձ ընտրել։
25.03.2018 թ.
Ճիճուն
Մի շատ ագահ, աչքը ծակ ու անկուշտ իշխանավոր է լինում, չի դադարում լափել: Ախորժակն էլ օրեցօր մեծանում է: Մարդիկ ասում են. «Որ այսպես գնա, մեզ էլ ու երկիրն էլ է լափելու»: Հնար են ճարում ու բժիշկ կանչում, որ անկշտության պատճառը իմանան՝ այդ հիվանդագին ագահության:
Բժիշկը զննում ու ասում է, որ մանկուց ճիճու ունի, դրանից է որ չի կշտանում: Մի դեղ է նշանակում ու գնում:
Դեղը տալիս էն էս իշխանավորին, որ բուժեն, մեռնում է:
Պարզվում է, որ մի ճիճու էլ ինքն էր:
22.04.2018 թ.
Ծամոնը
Մի իշխանավոր ավելի բարձր պաշտոն է ստանում: Երբ առաջին անգամ նստում է իր աթոռին ու ելնում է, աթոռից մի ծամոնի կտոր է կպնում հետույքին ու աղտոտում է նոր, թանկարժեք շալվարը: Սա բարկացած կանչում է իր տեղակալին ու հարցնում է, թե «ինչու՞ աթոռը, մինչ իր գալը, չեն մաքրել ծամոնից»:
– Շեֆ, ջան,–համարձակվում է խոսել տեղակալը,– սա ծամոն չէ, այլ մեր նախկին պետն է, ոչ մի կերպ չէր ուզում պոկվել իր սիրած աթոռից ու թոշակի գնար, ծամոն դարձավ ու այդպես էլ կպած մնաց աթոռին:
22.04.2018 թ.
Աղբարկղների զվարճանքը
Երևանի թաղամասերից մեկում, ճանճերը գլխներին հավաքած, երկու կիսադատարկ աղբի կոնտեյներ զրույց են անում։ Մեկը ասում է.
– Բայց, գիտե՞ս, որ Կիևի մայդանի ժամանակ մեր կոլեգաները այս օրերը ավելի զվարճալի էին անցկացնում, էլ դեպուտատ, էլ նախարար, իշխանավորնե՜ր, ում ասես ընդունում էին։
– Ախպոր պես, թարգի,– խոսում է մյուսը,– արժե՞ մի քանի րոպե զվարճանքի համար այդքան աղտոտվել։
30.04.2018 թ.
Մարդու գինը
Շատ հայերի մոտ մի գեշ սովորություն կա՝ ամեն ինչ չափել փողով։
Ուրեմն, մի քանի հայ տղամարդիկ կանգնած զրույց են անում։ Մեկը ասում է.
– Ապեր, գիտե՞ս, ես 50 հազարանոց տղա եմ, օրը 50 հազարից պակաս չեմ վաստակում։
Մեկն էլ թե.
– 50 հազարը ի՞նչ գումար է, ես 100 հազարանոց տղա եմ, առնվազն օրը 100 հազար նաղդ ունեմ։
Մյուսն էլ.
– Չե, տղերք, մանր–մունուր թվերի հետ գործ չունեմ, ես 200 հազարանոց տղա եմ։
Մեկն էլ լուռ ու մուռ, համեստ կանգնած լսում էր։ Իրեն են դիմում.
– Դու, բա ի՞նչ կասես։
Ասում է.
– Տղերք, ինչը գին ունի, կարելի է առնել կամ վաճառել՝ դեհ ես էլ, ուրեմն, անգին տղա եմ։
30.04.2018 թ.
Անհաջող ավանակը
Մի մարդ ծեծում է իր ավանակին։
– Այ՛ մարդ, ինչու՞ ես ծեծում էդ խեղճ անասունին,– զայրանում է մի անցորդ։
– Տո՛, բա ո՞նց չծեծեմ։ Սրա ցեղակիցներից մեկը նախարար է դարձել, էն մեկը` ոստիկանապետ, էն մյուսը` մաքսապետ, իսկ սա էլ ոնց էշ եղել է` էշ էլ մնացել է։
2.09.2013
Շումերները
Իրականում Շումերները Արարատյան թագավորությունից հարավ արտագաղթած հայերն էին և իրենց իսկ անվանումը ստացել էին տեղի բնակիչներին հաճախակի դիմելաձևից։ Ուղակի ժամանակակից գիտնականները "Ք" հնչյունի փոխարեն կավե աղյուսակների վրա սխալմամբ (գուցեև միտումնավոր) "Շ" են կարդացել։
16.10.2017 թ.
Վիտալինայի ավանդը
Ասում են «Մխիթար Սպարապետ» ֆիլմում նոր սցենար են ավելացրել: Իշխանների տիկնայք զարդերը թողելուց հետո հայտնվում է Վիտալինան, սեղանին է դնում մոսկովյան 2 բնակարանների վկայագրերը, մերսեդեսի տեխպասպորտն ու համեստ ժպտալով ասում. «Ա էտո օտ մենյա»…
3.02.2018 թ.
Տնտեսության նախարարը
Մի խեղճ գյուղացու ավանակ խիստ հիվանդանում է ու սա անասնաբույժ է կանչում, որ փրկի իր ունեցած–չունեցածը: Անասնաբույժը տեսնում է ավանակը անհուսալի վիճակում է, տերն էլ ծայրահեղ չունեվորի մեկն է: Մտածում է. «Մի քիչ էլ սպասեմ, որ ավանակը սատկի, գոնե պայտերը հանեմ»…
Տարիներ հետո այս անասնաբույժը դառնում է երկրի տնտեսության նախարար։
26.01.2018 թ.
Ուղիղ եթեր
Ռուսաստանի հեռավոր անկյուն մեկնած լոռեցին նամակ է ստանում համագյուղացիներից, թե կնիկդ ուրիշի հետ է:
Լոռեցին նամակ է ուղարկում կնոջը, թե. «Ախչի՛, ինչ ղալաթնի ուզըմ ես՝ արա, մենակ էն ֆեսբուքի ուղիղ եթերըմը չդնես»…
5.02.2018 թ.
Լոռեցի Սաքոն
Լոռեցուն հարցնում են.
– Սաքոյի ճանաչու՞մ ես։
Ասում է.
– Լոռեցի՞…
9.02.2018 թ.
Արտագաղթ դեպի Ռուսաստան
Գժանոցում մի գիժ բացում է դատարկ ու սառն սառնարանը և փորձում է ներս խցկվել:
Բժիշկը հարցնում է.
– Էդ ի՞նչ ես անում:
– Ռուսաստան եմ արտագաղթում:
18.02.2018 թ.
Դեղատուն թե՞ ընտրական տեղամաս
Ընտրությունների օրը մի երիտասարդ մտնում է դեղատուն, ամաչկոտ ու ցածր ձայնով հարցնում է.
– Կարելի՞ է մի պահպանակ։
Վաճառողուհին.
– Ո՞րն եք ընտրել. զգայունը՞, անուշաբույրը՞, երկարատևը՞, պարույրաձևը՞, կետերովը՞, թե՞ շերտավորը։
Երիտասարդը՝ շփոթված.
– Կներեք, սա դեղատու՞նն է, թե՞ ընտրական տեղամասը։
– Ի՞նչ եք ասում, իհարկե՛ դեղատունն է, մեր նմուշանքում ժամկետներն անցած ու կրկնակի օգտագործված ապրանքներ չկան,– վրդովված պատասխանում է վաճառողուհին։
18.03.2018 թ.
Խոստում
– Ժողովուրդ ջան, խնդրում ենք ամենուր փակեք ճանապարհները, որ իշխանության գանք։
– Բայց ի՞նչ եք մեզ խոստանում, երբ գաք իշխանության։
– Խոստանում ենք բացել բոլոր ճանապարհները։
17.05.2018 թ.
Դասընկերների հանդիպում
Հանդիպում դպրոցում, 30 տարի անց։
– Քեռի, դուք մեր դասարանցի Վաչիկոյի հայրը չե՞ք։
– Ո՛չ, Վաչիկոն եմ։
21.09.2018 թ.
Վանա կատուն
Հիմնարկի պետ ամուսինը, երեկոյան ուշ գալիս է տուն, պառկում է թե քնի, կինը նկատում է, որ մեջքին քերվածքի թարմ հետքեր կան։
– Արա՛, էս ո՞վ է մեջքդ ճանկռել։
– Դեհ, գրասենյակս մի կատու էր մտել, նստել էր բազկաթոռին, չնկատեցի, նստեցի՝ ճանկռեց մեջքս։
Մի 2 օրից էլի կինը տեսնում է ամուսնու մեջքը ճանկռած ու նույն բացատրությունն է ստանում։
Մյուս օրը կինը գալիս է ամուսնու հիմնարկը, մտնում է նոր, ջահել ու շիկահեր քարտուղարուհու մոտ, ուշադիր զննում է երկար ու խայտաբղետ եղունգներն ու ասում.
– Աղջի, լսի՛ր հլա։ Մի անգամ էլ իմանամ ամուսնուս բազկաթոռին նստել ես, ինձանից չես պրծնելու, ա՛յ վանա կատու։
27.05.2018 թ.
Տատի, արի՜
Փոքրիկ թոռը տատին (մոր կողմից), հեռախոսով խնդրում է, որ տատը գա իրենց տուն ու մնա։
Տատը ասում է.
– Որ ձեզ լավ պահեք, կգամ ու կմնամ ձեզ մոտ։
Թոռն էլ.
– Տատի՛, մեզ լավ ենք պահելու, արի՜, արի՜…
Հայրը.
– Լակո՛տ, դու միայն քո տեղ խոսիր…
20.08.2018 թ.
Օլիգարխ թոռը
Օլիգարխ թոռը դիմում է նախկին կոմունիստական կուսակցության ղեկավար պաշտոն զբաղեցրած պապին.
– Պապի, հ՛ը, տեսա՞ր, 70 տարի հիմարացրիք ժողովրդին ձեր կոմունիստական գաղափարներով, բայց վերջում էլի կապիտալիզմը հաղթեց։
Конец ознакомительного фрагмента.
Текст предоставлен ООО «Литрес».
Прочитайте эту книгу целиком, купив полную легальную версию на Литрес.
Безопасно оплатить книгу можно банковской картой Visa, MasterCard, Maestro, со счета мобильного телефона, с платежного терминала, в салоне МТС или Связной, через PayPal, WebMoney, Яндекс.Деньги, QIWI Кошелек, бонусными картами или другим удобным Вам способом.