Полная версия
Սերը Յուպիտերի վրա
Հանկարծ բանալու ձայն լսեցի, ու լոգարանի դուռը վերջապես բացվեց:
–Անցիր խոհանոց,-գոռաց մայրս`հողաթափով ուսիս խփելով,-հացդ կուտես ու մինչև քնելուդ ժամը մի ոտքի վրա անկյուն կկանգնես: Անամոթ:
Վեր կացա հատակից ու վախից դողալով`խոհանոց վազեցի:
2007 թվական, փետրվարի 3
Փարիզի մեր բնակարանը բարձրահարկ շենքի երրորդ հարկում է: Ծնողներս գիտեն, թե դասերս երբ են ավարտվում, քանի րոպե է տևում դպրոցից տուն տանող ճանապարհը, ու ամեն օր խստորեն ստուգում են, արդյոք ճիշտ ժամանակին եմ տուն մտել: Չգիտեմ, թե ինչու այդքան չեն վստահում ինձ. եթե անգամ մի քանի րոպե ուշանամ, ինչ կա դրա մեջ:
Այսօր դասերից հետո ձյան հետ խաղալով ընկա ու նշանակված ժամից տասնհինգ րոպե ուշ տվեցի մեր դռան զանգը: Մայրս ներս չթողեց: Ասաց, որ այնքան կմնամ դրսում, մինչև ճշտապահություն սովորեմ: Հույս ունեմ` շուտով պատժաժամկետն ավարտին կմոտենա ու տանեցիներից մեկն ինձ մեր տաք բնակարանը կհրավիրի: Հագիս հաստ վերարկու ունեմ, բայց անտանելի մրսում եմ: Արդեն երկրորդ ժամն է նստած եմ սառը աստիճանների վրա ու դողում եմ ցրտից: Մեր տան դուռը կողպված չի, տեսականորեն կարող եմ ներս մտնել, բայց համարձակություն չունեմ.վախենում եմ մորիցս: Նա իմ քայլը կընկալի որպես հանդգնություն ու ուժեղ կծեծի:
Ես ծնողներիս չեմ մեղադրում: Նրանք անհանգստանում են իմ անվտանգության համար, ուստի պահանջում են, որ դասերից հետո առանց ժամանակ կորցնելու տուն վազեմ, որպեսզի ինձ հանկարծ որևէ մեկը չհասցնի նեղացնել կամ առևանգել: Դե գիտես, մեր ժամանակներում մարդիկ ամեն տեսակ չարության ընդունակ են, հատկապես անպաշտպան ու միամիտ երեխաների նկատմամբ: Դրանք, իհարկե, իմ համոզմունքները չեն, որովհետև ինձ հետ երբեք ոչ մի դժբախտություն չի պատահել.իմ ծնողներն են այդպես աշխարհը տեսնում ու ընկալում, իսկ նրանք, անշուշտ, ավելի փորձառու են: Իմ դասարանցիներից շատերը դասերից հետո տուն չեն գնում.մնում են միասին պարապմունքներն անելու: Ես պատկերացնում եմ, թե ինչքան զվարճալի, հաճելի ու ուրախությամբ լի ժամեր են իրար հետ անցկացնում`զրուցում են, ծիծաղում, կատակում, բացի այդ երբ մի գործը միայնակ չես անում, ավելի մեծ է հաջողելու հավանականությունը.մեկը մաթեմատիկայից է ուժեղ, մյուսը`լեզվից, երրորդը հետևում է, որ խոսելով շատ չընկնեն ու տուն արդեն դասերը պատրաստած վերադառնան: Ես էլ կուզեի շաբաթվա մեջ թեկուզ մի անգամ միանալ նրանց, բայց ծնողներս չեն թողնում, որ դպրոցում դասերից բացի այլ հետաքրքրություններ ու ծանոթություններ ունենամ:
–Ներս արի,-դռան մոտից վերջապես լսվեց մորս`տուն հրավիրող խիստ ձայնը:
2009 թվական, հոկտեմբերի 30
Գիշերվա ժամը մեկն է: Մայրիկս ինձ մաթեմատիկա է բացատրում: Մենք բոլոր դասերը միասին ենք անում, ու նա հետևում է, որ ամեն ինչ ճիշտ գրեմ կամ լուծեմ: Մայրս իր ամբողջ ժամանակն ինձ է տրամադրում, շատ ուշադիր է իմ հանդեպ, բայց շատ է ճնշում իր պերֆեկցիոնիզմով: Արդեն կես ժամ է` չեմ կարողանում բաժանման թեման հասկանալ: Մոտս ոչինչ չի ստացվում: Ամեն սխալ թվանշան հավասարվում է քանոնի հարվածի: Մատներս ցավում են, այնքան է մայրս խփել: Քթիցս սկսեց արյուն հոսել…թարսի պես հայրիկը տանը չի, թե չէ կպաշտպաներ ինձ:
2011 թվական, մայիսի 17
Այսօր մեր ֆիզիկայի ուսուցիչը ձախ ոտքի վրա դասարան մտավ: Ես միանգամից ներսումս ճնշում զգացի, որովհետև շատ զգայուն եմ շրջակա աշխարհի հանդեպ: Կարճահասակ, գեր, տարիքով կին է`փարթամ շրթունքներով, խոշոր աչքերով ու կլոր դեմքով: Նրանից մեր դպրոցում բոլորն են սարսափում, որովհետև անկանխատեսելի վարքագիծ ունի, երբեք հնարավոր չի լինում գուշակել, թե տվյալ օրն ինչ տրամադրությամբ դասարան կմտնի: Նա մեր գերազանցիկների միջև հմտորեն մրցակցություն է ստեղծել.ամենաբարձր գնահատականները ստանում են նրանք, ովքեր ոչ միայն օրվա, այլև նոր դասն են սովորում ու իր փոխարեն ուսուցչություն անում: Ես, իհարկե, դեմ չեմ, որ այդ փորձը որոշակի հմտություններ ու անձնային հատկանիշներ է զարգացնում աշակերտների մեջ, եթե միայն չի ձգվում ամբողջ ուսումնական տարվա ընթացքում, ինչպես մեր դասարանում է: Ես էլ եմ մտել խաղի մեջ, որովհետև դա միակ ելքն է բարձր գնահատական ստանալու ու ծնողներիս հետ հետագայում խնդիրներ չունենալու`մանավանդ, որ խոստացել են հեռախոս գնել,եթե այս տարի էլ գերազանցիկ լինեմ: Իմ շրջապատում բոլորը հեռախոսներով են շրջում, բացի ինձանից, ուստի ստիպված եմ ծնողներիս սպասելիքներն արդարացնել:
Հազիվ էի ոտքի կանգնել`ողջունելու, երբ ուսուցիչը շնչակտուր մոտեցավ կենտրոնական շարքի առաջին դասասեղանին, որի մոտ ես էի նստած, դրեց երկու պարզած ափերը սեղանի մակերևույթին ու ամբողջ կոկորդով այնպես գոռաց ինձանից մի քանի մետր հեռավորության վրա նստած շատախոս տղաների վրա, որ վախից լեզուս կապ ընկավ.
–Լռություն:
Մի քանի վայրկյան շունչ քաշելուց հետո ափի արտաքին մասը տարավ-բերեց սեղանիս վրայով ու գրենական պիտույքներս գետնին թափեց: Ես, իհարկե, հետո հասկացա, որ այդ ճիչը տղաներին էր ուղղված, որովհետև գոռալու ընթացքում ուսուցչի հայացքն ինձ վրա էր: Պատկերացրու, հանգիստ`առանց մրջյուն անգամ տրորելու, նստած ես տեղումդ ու դասն ես կրկնում, և հանկարծ մեկը կանգնում է ուղիղ դիմացդ, արյունակալած աչքերը հառում վրադ ու մի քանի սանտիմետր հեռավորությունից այնպես ծղրտում, որ աթոռդ դղրդում է: Ու գիտես, ամենահետաքրքիրն այն է, որ ոչ մեկին տարօրինակ չի թվում ուսուցչի նման վարվելաձևը. բոլորն ընդունում են դա որպես իրերի բնականոն ընթացք:
Մինչ կհասցնեի ինձ հոգեպես կարգի կհրավիրել, որ վախից կաթված չստանայի, ուսուցիչը բացեց մատյանն ու սկսեց աչքի անցկացնել.
–Լիլի, գրատախտակի մոտ:
Վերցրի խնդրագիրքն ու վախվխելով մոտեցա: Կավիճն առա ձեռքս ու սկսեցի խնդրի պահանջը կարդալ: Մի անգամ բարձրաձայն ընթերցելուց ու ոչինչ չհասկանալուց հետո ստիպված եղա ուսուցչի վայրկյան առ վայրկյան աճող զայրույթի պայմաններում նորից ու նորից փորձել: Մի պահ շրջվեցի ու տեսա դասընկերներիս ծաղրական հայացքները, հուսահատությունից դեմքս հառեցի առաստաղին, գրատախտակին, և ինձ թվաց, որ անգամ դատարկ պատերն են ինձ մատնացույց անում ու բարձր բղավում ՝ չես կարող, չես կարող, չես կարող:
Ուսուցիչը, համբերությունը կորցնելով, ջղայնությունից կծիկ դարձած բռունցքներով մոտ եկավ ու բարձրացրեց ձեռքը`սպառնալով խփել սարսափից գրատախտակին սեղմված գլխիս:
–Քո տեղը մտավոր հետամնացների դպրոցում է,-ճչաց նա`այնքան մոտենալով, որ թքի մի քանի կաթիլ ձայնի ալիքների հետ դեմքիս թռավ:
Ձեռքերս դողացին: Ֆիզիկայի խնդրագիրքը հատակին ընկավ: Վիրավորանքը կուլ տալով` դուրս փախա դասարանից։ Հեռու վազել չկարողացա, որովհետև ոտքերս թուլությունից ծալվում էին. կուչ եկա դռան մոտ ու հատակին մնացի մինչև դասամիջոցի զանգը հնչելը: Արցունքները շատրվանի պես դուրս էին ցայտում աչքերիցս: Գլխիս միջով ասես էլեկտրական հոսանք էր անցնում: Ինձ անպաշտպան ու միայնակ էի զգում: Ամբողջ դպրոցում չկար մեկը, ով կհասկանար ու կաջակցեր:
Ինչու են որոշ մարդիկ համարում, որ իրավունք ունեն դիմացինի նկատմամբ բռնություն կիրառել միայն նրա համար, որ մեծ են տարիքով? Մենք ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, երբ տարիքն առավելություն չի, որովհետև կյանքը ճանաչելու համար պարտադիր չի հարյուր տարի ապրել, բավարար է պարզապես համացանցը ճիշտ օգտագործել.օգտակար գրքեր կարդալ, ծանոթանալ քեզնից առաջ ապրած մարդկանց կենսափորձին ու հոգեբանություն ուսումնասիրել:
Որ օրենքով ուսուցչին կարելի է ձայն բարձրացնել, սպառնալ, իսկ աշակերտը պաշտպանվելու իրավունք չունի? Վստահ եմ`եթե արժանի պատասխան տայի նրան, ինձ նույն րոպեին տնօրենի մոտ քարշ կտար…
Եթե մյուսներին դուր է գալիս, երբ իրենց անասունի, մսի կտորի տեղ են դնում, որը ոչ մի իրավունք չունի, ես չեմ պատրաստվում դա հանդուրժել: Հիմա աղմուկ չեմ բարձրացնի, որ գերազանցիկությանս վրա չազդի, բայց հետո փաստաթղթերս կվերցնեմ ու կտեղափոխվեմ նորմալ դպրոց: Տարիներով կարելի է կռվել, բողոքել, կոկորդ պատռել, բայց խնդիրը չի լուծվի: Քանի դեռ աշակերտները լեզուները կուլ են տվել, ծնողները ոչ միայն արդարացնում են ուսուցիչներին, այլև տանը լրացնում են ծեծի, ստորացման պակասը, ամեն բան կմնա այնպես, ինչպես կա: Իսկ եթե ինձ նման թեկուզ հարյուր հոգի գտնվի ու որպես բողոքի նշան դպրոցից դուրս գա, տնօրենը քայլեր կձեռնարկի, որովհետև կվախենա իր աթոռի ու գրպանի համար: Դա է կյանքը: Ես վաղուց աշխարհին չեմ նայում վարդագույն ակնոցներով: Չեմ հավատում, որ երբևէ կգտնվի մեկը, ով իսկապես կսիրի ինձ, ինքնամոռաց հոգ կտանի իմ մասին ու ձեռքս բռնած`կտանի հաջողության ճանապարհով: Ամեն մարդ նախ և առաջ մտածում է իր մասին: Եթե իմ շահերը որևէ կերպ հատվում են իր նպատակների հետ, մեր շփումը կստացվի, իսկ եթե ոչ, սիրալիր հրաժեշտ կտանք իրար: Այդ գիտակցությունն է, որ ինձ ստիպում է ձգտել հաջողակ մարդ դառնալ, ունենալ մեծ ֆինանսական ռեսուրսներ, փառք ու կարողություն: Ինձ հետ միայն այդ դեպքում աշխարհում հաշվի կնստեն:
Իսկ մինչ այդ գոնե պիտի սովորեմ պատասխանատու լինել այն կյանքի համար, որով ապրում եմ: Եթե միջավայրը չի օգնում ավելի լավը դառնալ, ուրեմն հարկավոր է փոխել այն, այլ ոչ թե հույս ունենալ, որ ամեն ինչ ինքն իրեն կկարգավորվի: Կհամոզեմ հորս, որ թույլ տա տեղափոխվել ուրիշ դպրոց…
*
Դասամիջոցի զանգը հնչեց, ու բոլորը դուրս թափվեցին միջանցք: Ես թաքնվեցի դռան ետևում`սպասելով, մինչև ուսուցիչը գնա: Բարեբախտաբար, նա ինձ չնկատեց ու քայլեց դեպի ուսուցչանոց: Երբ դասարան մտա, ոտքերս սարսափից թուլացան: Օրագիրս մոռացել էի սեղանին, ու տղաներից մեկը վերցրել կարդում է: Ինձ նկատելով`վեր թռավ տեղից ու սկսեց վազել սենյակով մեկ:
–Ֆրանկ, խնդրում եմ, տուր նոթատետրս,-աղերսեցի ես,-դա իմ անձնական իրն է:
–Որոշել ես գիրք գրել?-ծաղրեց նա,-լավ չհասկացար, թե որն է տեղդ?
–Դեբիլների դպրոցը,-ծիծաղեցին մի քանի տղա, ովքեր եկել էին ընկերոջն օգնելու, ավելի ճիշտ` զվարճանալու:
Նույն րոպեին վազեցի ուսուցչանոց, գտա դասղեկին, պատմեցի ամեն ինչ, ու միասին վերադարձանք դասարան: Տղաներն արդեն դուրս էին եկել, իսկ օրագիրս ընկած էր հատակին: Էջերի մեծ մասը չկար: Ամբողջ կյանքիս պատմությունը, որ գրել էի տարիներով, մի օրում հօդս ցնդեց…
2011 թվական, մայիսի 20
Սիրելի օրագիր, որից համարյա ոչինչ չի մնացել…գրում եմ մեր տան դիմացի շենքի տասներկուերորդ հարկից: Նստած եմ դեպի տանիք տանող սառը աստիճաններից մեկի վրա ու մորս գնած բուլկու վերջին կտորն եմ ուտում: Սարսափելի ցուրտ է: Շենքում անցուդարձ անող մարդիկ զարմացական հայացքներ են նետում մեկ բուլկուս, մեկ դպրոցական պայուսակիս, մեկ քեզ վրա: Երևի մտքում քննադատում են ծնողներիս, որ ինձ դրսում են թողել, այնինչ ես ընդամենը փախել եմ դասից: Ավելի ճիշտ`դպրոց չեմ էլ գնացել, որ որևէ դասի նստեմ կամ ոչ: Առավոտյան սովորության համաձայն մորս հետ դուրս եկանք տնից, խանութ մտանք, որպեսզի ինձ համար քաղցրավենիք գնենք, որը հետս պիտի դպրոց տանեի: Հետո մայրս համբուրեց ինձ ու կարգադրեց դասի վազել: Ես մի քանի հարյուր մետր քայլեցի, մինչև նա տեսադաշտիցս կորավ, ապա մտա այս շենքն ու արդեն ութ ժամ է աստիճանների վրա նստած եմ: Վախենում եմ որևէ ծանոթ մարդու հանդիպել ու մատնել ինձ: Ինչքան կարող եմ խաբել ծնողներիս? արդեն երկրորդ օրն է` առավոտից մինչև դասերն ավարտվելու ժամը թաքնվում եմ մի որևէ շենքում ու սոված-ծարավ, ցրտից ատամներս իրար զարկելով` ժամանակ գլորում: Եթե մի քանի օր էլ բացակայեմ, դասղեկս մեր տուն կզանգի`հետաքրքրվելու համար, արդյոք ինձ մի դժբախտություն չի պատահել, ու ես ծնողներիս ձեռքից չեմ ազատվի: Իսկ միակ դժբախտությունը, որն ինձ պատահել է, այն է, որ յոթ տարի առաջ սեպտեմբերի մեկին զարթուցիչն անջատելու ու փափուկ անկողին վերադառնալու փոխարեն հագնվեցի, զարդարվեցի ու ոտքս առաջին անգամ այդ դպրոց դրեցի: Հույս ունեմ`դու նրանցից չես, ովքեր կարծում են, որ սովորող մարդն ամեն միջավայրում էլ կսովորի:
2011 թվական, մայիսի 25
Առավոտյան դժվարությամբ արթնացա, ինձ կարգի բերեցի, վերցրի դպրոցական պայուսակս ու դուրս եկա տնից: Մեր փողոցից մինչև դպրոցը, որտեղ սովորում եմ, հեռավորությունն այնքան էլ մեծ չէ, և ես սովոր եմ ամեն օր զբոսնելով դասի գնալ…այս օրն էլ բացառություն չի…չնայած մայիս ամիսն է, ու բնությունը լցված է գարնանային տրամադրությամբ, դեմքս մռայլ է, գլխիկոր քայլում եմ առանց շուրջս նայելու՝ իրականությունից կտրված ու անզգայացած: Նույնիսկ չնկատեցի, թե ինչպես դպրոց հասա ու հայտնվեցի շեմքին, երբ հանկարծ դիմացս հայտնվեց մի ծանոթ ու հարազատ դեմք…
–Բարև Ձեզ,– տխրությունս թաքցնելով` ժպտացի ես։
–Փաստորեն եկար…որոշումդ հաստատ է?– մռայլվեց նա։
–Այո։
Առաջին ուսուցչուհիս էր…աչքերս արցունքոտվեցին, չկարողացա ինձ զսպել ու գրկեցի նրան: Շատ էի ուզում մինչև վերջ պահպանել սառնասրտությունս, բայց այդ կինը միակն է ամբողջ դպրոցում, ում սրտանց սիրում եմ, ու ումից բաժանվելը շատ ծանր է ինձ համար…բայց ես ստիպված եմ…այլ ելք չկա… դժվարությամբ հրաժեշտ տվի ու քայլերս ուղղեցի դեպի տնօրենի աշխատասենյակ:
–Բարի առավոտ,– ներս մտնելով` փնթփնթացի ես՝ ոչ այնքան ողջունելու ցանկությունից դրդված, որքան նրան գրասեղանից կտրելու ու ուշադրությունն ինձ վրա հրավիրելու։
–Լսում եմ, Լիլի։
–Եկել եմ գործերիս ետևից, մի քանի շաբաթից ընդունելության քննություններն են, իսկ ես դեռ փաստաթղթերս չեմ ներկայացրել նոր դպրոց։
–Քեզ թվում է` կընդունվես?
Թափառող հայացքս նույն վայրկյանին հառեցի դեպի նա ու կարմրեցի զայրույթից.նրա աչքերի հեգնական արտահայտությունը հանում էր ինձ ափերից: Միթե ես դպրոցում եմ գտնվում? Միթե դիմացս հսկայական ուսումնական հաստատության ղեկավար է նստած?
–Կընդունվեմ,– կոպտեցի ես ու արհամարհական շարժումով վերցնելով փաստաթղթերս՝ շտապեցի լքել ճնշող սենյակը:
Դպրոցից դուրս գալիս մի պահ կանգ առա, դիտեցի ներսի թանկարժեք կահավորանքը, տեխնիկական գերապահովվածությունը, շենքի մեծությունը ու ցավով գիտակցեցի, որ ներսումս մի նյարդ անգամ չի շարժվում, այնինչ կանգնած եմ այն կառույցի առջև, որտեղ արել եմ ճանաչողությանս առաջին քայլերը, ճաշակել եմ առաջին հրճվանքն ու հիասթափությունը, առաջին սերը…միթե այս յոթ տարիները հենց այնպես անցան, միթե սա է դպրոց ասվածը, որին այդքան մեծարում են, բանաստեղծություններ և երգեր ձոնում…
2011 թվական, օգոստոսի 13
Ընդունվել եմ Ֆրանսիայի լավագույն դպրոցներից մեկը: Ստիպված եղա երեք քննություն հանձնել`ֆրանսերենի, անգլերենի ու մաթեմատիկայի: Մրցակցությունն այնքան էլ մեծ չէր, ինչպես սովորաբար լինում է, թե չէ ստացածս միավորներով հաստատ չէի ընդունվի`այն էլ անվճար: Բոլոր դիմորդներն էին ինձ պես վատ գրել, լսել եմ, որ այս տարվա առաջադրանքները շատ բարդ էին անցած տարիների համեմատ: Բոլոր քննություններին լացելով եմ գնացել, վախենում էի ձախողել ու ծաղրի առարկա դառնալ: Կարևորն այն է, որ ընդունվեցի, ու արցունքներս, անքուն գիշերներս, վախերս մնացին անցյալում: Սեպտեմբերից նոր միջավայրում եմ հայտնվելու, որտեղ ինձ ոչ ոք չի ճանաչում, իսկ դա նշանակում է, որ կարող եմ լինել ցանկացածը:
Նախկին դպրոցս ինձ համար ստեղծել էր անհաջողակ, թույլ ու տհաս մարդու կերպար: Եթե ես փորձեի ինձ պահել ուրիշ ձևով, միայն ծիծաղ կառաջացնեի`նախ և առաջ ինքս ինձ մոտ, որովհետև բոլորը, այդ թվում նաև ես, արդեն սովորել էին, որ Լիլին լացկան, թույլ, անպաշտպան, վիրավորանքը կուլ տվող աղջիկ է:
Եթե նոր դպրոցում ինձ տևական ժամանակ պահեմ այնպես, ինչպես հաջողակ, ուժեղ, խելացի աղջիկը կպահեր, մարդիկ կսկսեն հավատալ իմ ստեղծած կերպարին ու ինձ էլ կհավատացնեն, որ այդպիսին եմ, իսկ ես իսկապես հաջողակ կլինեմ միայն այն ժամանակ, երբ կարողանամ ինձ հավատալ: Դա անասելի դժվար է. գլխիցս դուրս չեն գալիս ֆիզիկայիս նախկին ուսուցչի բառերը, որ իմ տեղը մտավոր հետամնացների դպրոցում է: Գիտակցաբար հասկանում եմ, որ նրա ասածը անհեթեթություն է, հակառակ դեպքում չէի կարողանա Ֆրանսիայի լավագույն դպրոցներից մեկն ընդունվել, բայց միևնույն է`այդ խոսքերը ենթագիտակցությանս մեջ դաջված են դեռ ու ցավ են պատճառում ինձ, թե չէ ինչու պետք է հերթական անգամ գրեի դրա մասին ու հիշատակեի: Ես պիտի մոռանամ, թե ով եմ եղել անցյալում ու ստեղծեմ իմ մեջ նրան, ով ուզում եմ լինել: Դեմքիս հաստ, կոշտ, պողպատե դիմակ կհագցնեմ, ու ինձ էլ ոչ ոք չի կարողանա ցավեցնել: Եթե մարդկանց տրամադրեմ, որ սառը, անտարբեր, դասից բացի ուրիշ հետաքրքրություն չունեցող, անզգացմունք աղջիկ եմ, ոչ մեկը չի էլ փորձի զգացմունքներիս հետ խաղալ, որովհետև հավատացած կլինի, որ ինձ մոտ դրանք բացակայում են: Մարդիկ չեն սիրի ինձ, բայց չեն էլ ցավեցնի:
2011 թվական, օգոստոսի 31
Այն օրվանից հետո, երբ Ֆրանկը պատռեց օրագիրս ու ծաղրեց ինձ, էլ չեմ կարողանում գրել: Առաջ պաշտում էի շարածս ամեն տառը, ամեն արցունքը, որ կաթում էր թղթիս, ամեն մասնիկը, որ շեղվում էր տողից, երբ մատներս դողում էին ցավից, իսկ հիմա մտքերս, զգացմունքներս սկսել են ինձ հիմարություն թվալ: Որոշել եմ թողնել ստեղծագործելը, ինձնից երևի գրող դուրս չի գա…
2016 թվական, մարտի 12
Թանկագին օրագիր, այսօր դարձա տասնյոթ տարեկան: Ցուցամատս սահում է էջիդ վրայով ու սրբում տարիների փոշին: Երևի կհարցնես, թե ինչը ինձ ստիպեց գրիչը նորից ձեռքս վերցնել:
Մարդու կյանքում կատարվող ցանկացած շրջադարձ կամ ցավի հետևանք է, կամ` սիրո: Ես, կարծես թե, սիրահարվել եմ…
2016 թվական, մարտի 14
Նոր դպրոցս շատ հետաքրքիր կառուցվածք ունի. բազմաթիվ փոքրիկ շենքերից է բաղկացած`մեկում մաթեմատիկա սովորելու ենք գնում, մյուսում`նկարչություն, երրորդում`պատմություն և այդպես շարունակ:
Առավոտյան ժամը յոթին արթնանում եմ, նախաճաշում, պատրաստվում ու դուրս գալիս տնից: Դպրոցի ավտոբուսներից մեկը նշանակված ժամին գալիս է իմ ետևից ու դասի տանում: Ամեն դասաժամ տևում է իննսուն րոպե, որի ընթացքում իրավուն ունենք հինգ րոպե հանգստանալ: Միակ երկար դասամիջոցը ձգվում է քսան րոպե: Դասերն ավարտվում են ժամը երեքին, բայց ես համարյա միշտ երկարօրյա եմ մնում: Նախ գնում եմ ճաշարան, ինչ-որ բան ուտում, հետո վազում եմ ֆիզիկայի շենք: Այնտեղ հերթապահ ուսուցիչ կա, ով ինձ օգնում է խնդիրներ լուծել ու նորից բացատրում է դասը, եթե այն չեմ հասկացել: Իհարկե, երբեմն զգում եմ, որ նրա վրա տհասի տպավորություն եմ թողնում, որովհետև հիմար հարցեր եմ տալիս անընդհատ, չեմ կարողանում հասարակ բաներն ընկալել, բայց այդքանով հանդերձ ինձ սիրում է ու համբերատար հազար անգամ բացատրում նույն բանը: Եթե ժամանակ է մնում, մաթեմատիկայի շենք էլ եմ մտնում, ավելի հազվադեպ`քիմիայի: Ինձ շատ մեծ դժվարությամբ են այդ առարկաները տրվում, ու երեք տարի պահանջվեց, որ գնահատականներս երեքից հասցնեմ հինգի: Փոխարենը հեշտությամբ ու հաճույքով սովորում եմ գրականությունը, պատմությունը, աշխարհագրությունը, կենսաբանությունն ու մյուս պատմողական առարկաները: Կարդալիս էջերը ֆոտոների պես տպվում են հիշողությանս մեջ, ու երբ գրատախտակի մոտ եմ հայտնվում, օդի մեջ տեսնում եմ այն, ինչ ընթերցել եմ: Բնագիտություն սովորելիս հիշողությունս օգնում է նրանով, որ նույնիսկ ամենախճճված բանաձևերը կարողանում եմ անգիր անել ու գրավորներին հսկայական ժամանակ եմ խնայում, որովհետև նորմալ մարդիկ, ինչպիսին իմ դասարանցիներն են, միացնում են իրենց ուղեղն ու տրամաբանորեն ստանում բոլոր բանաձևերը: Ես դա ոչ առավելություն եմ համարում, ոչ` թերություն: Ամեն մարդ առանձնահատուկ է: Եթե մեկն ինձ համարձակվի ծաղրել տրամաբանությունս չօգտագործելու համար, ուրեմն ես իրավունք կունենամ ծիծաղել իր վրա, որ հիշողությունը չի զարգացնում: Ամեն դեպքում ես իմ դասարանցիներից ոչ մի վատ բան չեմ սպասում, նրանք բավականին գիտակից մարդիկ են:
Երկարօրյան ավարտվում է ժամը հինգին, ու դպրոցի ավտոբուսն ինձ տուն է բերում: Մինչև կեսգիշեր նստում եմ գրքերի դիմաց, ու երբ մարմինս հպվում է փափուկ անկողնուն, միանգամից քուն եմ մտնում:
2016 թվական, մարտի 17
Պատմության շենքի դիմաց լայն ու մեծ մարզադաշտ կա, որտեղ մեր ֆիզկուլտուրայի պարապմունքներն են անցնում, իսկ նրա ներսում տեղավորված է թեթև մի ճոճանակ, որի վրա նստողի հայացքն ուզած-չուզած Պարոնի աշխատասենյակի պատուհանին է ընկնում:
Մաթեմատիկայի դասից հետո, մի աման լիքը ելակ ձեռքս առած`նստեցի ճոճանակի վրա, դրեցի ականջակալներս, որոնց միջով ռեփ ոճի երաժշտություն էր հոսում, փակեցի աչքերս ու սկսեցի ճոճվել: Ես գիտեի, թե ինչն էր ինձ դեպի ճոճանակն ու Պարոնը ձգում`մանկական հիշողությունները…երբ փոքր էի, հաճախ էի լինում մեր ամառանոցում, որտեղ սաղարթախիտ թթի ծառերի մեջ կախված էր մանկությանս ճոճանակը: Ես նստում էի վրան, իսկ պապիկս ժամերով օրորում էր ինձ ու անհավանական, հորինովի պատմություններ պատմում, որ չձանձրանամ:
Երբ աչքերս պատահական հանդիպեցին բաց պատուհանից դեպի ինձ ուղղված աչքերին, թաքցրի դեմքս, որը սիրածս երաժշտության ռիթմերի ազդեցության տակ տարօրինակ ու միաժամանակ երջանիկ արտահայտություն էր ստացել, ձեռքիս փոքրիկ ամանը, որի մեջ դեռ մի քանի թարմ ելակ էր մնացել, ամուր ծածկեցի, ելակոտ ափերս քսեցի քրքրված շալվարիս ու լսարան վազեցի:
Արդեն մի ամիս է`ամեն օր գալիս եմ մարզադաշտ, նստում ճոճանակի վրա ու նայում պատուհանին`հույս ունենալով որսալ Պարոնի հայացքը, բայց հենց դա ինձ հաջողվում է, շուռ եմ տալիս երեսս ու փախչում:
Մեր ճանապարհները հաճախ են հատվում դպրոցի տարածքում, բայց երբեք առիթ չի եղել, որ խոսենք իրար հետ: Պարոնը շատ հմայիչ տղամարդ է`միջահասակ, գեղեցիկ կազմվածքով, խոշոր աչքեր, արտահայտիչ քիթ, խիտ հոնքեր ունի, կրում է այնպիսի հագուստ, որն ընդգծում է իր սլացիկ կազմվածքն ու մկանները: Դժվարանում եմ ասել, թե քանի տարեկան է, քառասունին մոտ կլինի: Նա իմ մուսան է:
2016 թվական, մարտի 21
Երբ դասարան մտա, ինձ հայտնեցին, որ այսուհետ մեզ պատմություն ուրիշ ուսուցիչ է դասավանդելու: Ես ոչ մի արտասովոր զգացմունք չունեցա լուրը լսելով, այլ առանց մի կաթիլ հուզմունքի տեղավորվեցի առաջին նստարանին`հենց ուսուցչի սեղանի դիմաց: Ժամին նայեցի: Դասին դեռ տասը րոպե կա, ու քանի որ դպրոցական ժամանակի ու տարածության մեջ դա հսկայական ժամանակահատված է մի լավ ճաշելու, ընկերների հետ շփվել-վիճելու համար, որոշեցի առիթից օգտվելով`գնալ ինձ համար քաղցրավենիք գնել:
Վերադարձին, երբ լսարանին մոտեցա, նորից ժամին նայեցի` համոզվելու համար, որ չեմ ուշացել: Չէի ուշացել, բայց դռան հակառակ կողմում տիրող խաղաղությունից ու անդորրից դժվար չէր ենթադրելը, որ ուսուցիչն արդեն ներսում է: Վերջապես հավաքեցի համարձակությունս ու ներս մտա: Պարոնին տեսնելով`հնարավորինս անտարբեր ձևացա, կրեմով քաղցրավենիքս ափումս ճզմելով`մոտեցա աթոռիս ու նստեցի ուղիղ դիմացը: Դեռևս ճոճանակի վրա, երբ հայացքս հանդիպեց նրա հայացքին, ենթագիտակցորեն նմանեցրի մեկին ու սիրահարվեցի ոչ թե իրեն, այլ այդ նմանությանը: Ներքուստ ճիգ եմ գործադրում հիշել, թե ով էր նույն կերպ շարժվում, ծիծաղում, խոսում ու կիտում հոնքերը, բայց տեղը բերել չեմ կարողանում:
Նայում եմ հափշտակված ու հիացմունքով, չեմ կարողանում հայացքս կտրել նրա արտահայտիչ թարթիչներից, հոնքերի`աչքերին տղամարդկային երագ տվող խստությունից, մատներից, որոնք բարակ են, ինչպես դաշնակահարինն ու կանացի նրբությամբ սահում են մատյանի վրայով, ձայնից, որը կարողանում է սաստել նույնիսկ ամենաանկարգ աշակերտին` իր մի տոն բարձրանալով: Ինձ դուր է գալիս նրա կարմիր բլուզի անուշահոտությունը, որ քթիս է հասել: Դա ամենևին էլ օծանելիքի սուր ու անուշ հոտը չի, այլ` իր մարմնի: Ես հեռվից հեռու պատկերացնում եմ այն բույրը, որը դեռ չեմ քաշել, ու սիրահարվում էլի ու էլի:
–Լիլի,-սթափվեցի Պարոնի ձայնից, ով ներկա-բացակա անելով`անունիս էր հասել, ու ոտքի կանգնեցի,-ծամոն ես ծամում?
Վախից լեզուս ու ծամոնս կուլ տվեցի: Նա ժպտաց, որովհետև հասկացավ, իսկ ես ժպտացի, որովհետև նա ինձ այդ պահին հմայիչ թվաց:
Մեր սեղանները հպվում են իրար, ու ես, օգտվելով առիթից, որ կողքիս աթոռը դատարկ է, և ոչ ոք ինձ վրա ուշադրություն չի դարձնում, ոտնաթաթերս, որոնք հանել էի կոշիկներիս միջից ու ազատ այս ու այն կողմ էի անում, դրեցի Պարոնի կոշիկների վրա: Իմ փոքր ոտքերը չափազանց թեթև ու անզանգված էին, որպեսզի նրա ծանր ու մեծ կոշիկների մակերևույթը ճնշեին, ուստի մենք այդպես նստեցինք մինչև այն պահը, երբ նա անսպասելի ոտքի ելավ, կանգնեց գրատախտակի դիմաց ու հանդիսավոր տոնով կարգադրեց թղթեր հանել` շարադրություն գրելու:
Հատուկ ընդգծեց նաև այն, որ լավագույն շարադրության հեղինակն իր հետ ԱՄՆ է մեկնելու` ինչ-որ կոնֆերանսի: Երբ մոտեցավ գրատախտակին ու գրեց թեման, գրիչս, որն արդեն վառվում էր մատներիս մեջ`պատրաստ պտույտ գալու խելագարի պես ու լցնելու հազարավոր թղթեր ցանկացած հորինվածքով, որն ինձ դեպի երազանքներիս երկիր կտաներ, վայր դրեցի: Պիտի հայրենասիրության վերաբերյալ գրեինք: Ես ինձ զգում էի այնպիսի մեկի կարգավիճակում, ում ստիպում էին սիրային նամակ գրել նրան, ում հանդեպ կատարյալ անտարբերություն է զգում: Որոշեցի թուղթը դատարկ հանձնել, բայց ոչ մի դեպքում չդավաճանել իրական զգացմունքներս: Եթե անգամ հաղթեմ մրցույթում, գրվածքս լավագույնը ճանաչվի, ես ինձ երջանիկ չեմ զգա, որովհետև մարդուն երազանքի իրականացումը չի, որ հաճույք է պատճառում, այլ այն գիտակցությունը, որ ինքն այդ իրականացմանը արժանի է: Ես ինձ հաղթանակի արժանի չեմ համարի երբեք, որովհետև ներքուստ միշտ կհիշեմ, որ դավաճանել եմ իմ իրական եսին ու զգացմունքները: Հետո մտքովս հանկարծ մի բան անցավ ու գրիչը ձեռքս առա: Գրեցի մի քանի էջ ու Պարոնին հանձնեցի: Կարդալու ընթացքում նրա այտերը գունատվեցին:
«…Ես աշխարհը, մարդկանց տեսնում եմ որպես մի ամբողջականություն: Եթե մարդը թեկուզ մի վայրկյանով կտրվի իր մարմնից ու մտովի տիեզերք տեղափոխվի`մոլորակին, պատերազմներին վերևից նայելու, կսարսափի այն գիտակցությունից, որ երկնքից ոչ իր հայրենիքի սահմանն է երևում, ոչ ազգությունները, ոչ լեզուները, իսկ նրանք, ովքեր որևէ հող գրավելու նպատակով թնդանոթներ են պայթեցնում ու արյուն թափում, կերևան ոչ թե որպես սրբեր, այլ հասարակ մարդասպաններ: Վերևից, սիրելի Պարոն, մարդու արարքներն են միայն երևում, որոնք կամ գեղեցիկ են, կամ արյան հոտ ունեն: Երևույթների իրական արժեքը գիտի միայն նա, ով ստեղծել է դրանք: Մենք հերոս ենք համարում մարդկանց, ովքեր ամենաավերիչ պատերազմների ժամանակ հազար թշնամի ավելի են ոչնչացրել, բայց ոչ ոք չի մտածում այն մասին, որ այդ արարքը կարող է ամենևին էլ չգնահատվել նրա կողմից, ով արարել է աշխարհը: Չկա ավելի կործանարար երևույթ, քան համոզմունքը, որ դու աշխարհում որևէ բան ունես: Գալու է ժամանակ, որ վերանալու են և պետությունները, և ազգերն ու լեզուները: Գիտեմ, պիտի ասեք, որ մարդու բնույթն այնպիսին է, որ շատ արագ նորից կառանձնանա, ազգ կստեղծի`յուրահատուկ լեզվով, մշակույթով, պետությամբ: Այո, եթե աշխարհի այդ տեսակ միավորումը տեղի ունենա մեր ժամանակներում, երբ մարդկային գիտակցության մակարդակը դեռ չի հասել իր բարձրությանը, անշուշտ, իմ առաջարկած տեսությունը չի աշխատի: Ես խոսում եմ շատ հեռավոր մի ապագայի մասին, որի մեջ ոչ Ձեզ եմ տեսնում, ոչ ինձ, ոչ էլ նույնիսկ մեր հաջորդներին: Ամեն նոր սերնդի հետ մարդկության գիտակցության մակարդակը մի աստիճանով բարձրանում է, ու դարեր, հազարամյակներ հետո անպատճառ գալու է մի պահ, որ մարդիկ ապրելու են որպես մեկ ամբողջական ազգ, պետություն, լեզվի կրող ու մշակույթ: Հետաքրքրական է, չէ`դեռևս հազարամյակներ առաջ մարդկությունը գոյատևում էր որպես մեկ ընդհանրություն, որովհետև գտնվում էր գիտակցության ամենացածր մակարդակում, իսկ հազարամյակներ կամ գուցե դարեր հետո ապրելու է այդպես` արդեն գիտակցության բարձրությունից դրդված: Մենք բոլորս նույն հոգու տարբեր դրսևորումներն ենք, այլ ոչ թե իրարից անջատ, առանձին հոգիներ: Մարդիկ մի օր կգիտակցեն այդ ու կմիավորվեն…»