
Полная версия
Սատանան մայրամուտին
Ապա Ալեքը մի բաժակ կոնյակ լցրեց իրեն ու սկսեց անթարթ նայել Դավիթին:
– Ինչի՞ ես սպասում: Ես վճարում եմ: 500 եվրո:
Ալեքի խոսքերն համոզել էին Դավիթին: Նա ճիշտ էր, թեկուզ միայն այնքանով, որ ոչ ոք իր փոխարեն չի որոշում ճիշտն ու սխալը, որ մարդիկ, ինչպես չեն խրախուսում իրեն ճշտի համար, նույնպես և սխալի համար պատժելու իրավունք չունեն: Նա ճիշտ էր այնքանով, որ Աստված միայն զրկում էր իրենց և, նույն այն մարդկանց պես, միայն ու միայն պահանջում հետևել իր կանոններին: «Դե, Դավիթ, – մտքի մեջ դիմեց ինքն իրեն, – թքիր ամեն ինչի վրա և սկսիր լավ ապրել էս պարոնի հաշվին: Ունեցիր էն, ինչից Աստված ու մարդիկ զրկել են քեզ: Կյանքը կարճ ա, վայելիր ամեն գնով` անտեսելով մնացած ամեն ինչը»:
Երիտասարդը սկսեց հանվել, իսկ Ալեքն իր «աշխատանքից» գոհ վայելում էր պահը: Նա մոտեցավ ու սկսեց շոշափել Դավիթի հարթ մաշկը: Մարմինը, որին դիպչելու գայթակղությանը օրեր առաջ հազիվ էր դիմանում: Հիմա նա իրենն է: Հիմա ամեն ինչ պարզ էր ու հասարակ: Դերերն ընտրված էին ու սկսված էր խաղը:
Դավիթը հետևում էր, թե ինչպես է Ալեքը դիպչում իրեն, շոյում, համբուրում կուրծքն ու մեջքը: Չէր կարծում, թե դա կարող էր հաճույք պատճառել, բայց դա հաճելի թվաց: Նա հիշեց Արմենի անհանգստության պատճառը, երբ իր մոտ ոչինչ չէր ստացվել ու թեթևացած շունչ քաշեց՝ ինքն իմպոտենտ չէր: Բացի այդ, ինքն արդեն նաև աղքատ չէր: 500 եվրո։ Այս անգամ կվերանորոգի բնակարանը: Համա թե կուրախանա տիկին Սաթենիկը, երբ իմանա: Ու ոնց կնախանձեն հարևանները: Վիգենն էլ, երևի, կզարմանա: Եթե այսպես գնա, կարող է նաև ընկերոջն օգնել: Նա մտքերով էր տարված, երբ զգաց պարոնի շուրթերի հպումն իր շուրթերին: Չհասկացավ, թե ինչու պատասխանեց համբույրին: Ցանկությունը, կիրքը սկսել էին կառավարել իրեն: Բայց նա պարոնի՛ն չէր ցանկանում, նա պարզապես ցանկանում էր։
9. Նոր կյանք
Անցյալում էր երբեմնի աղքատությունը: Դավիթը գիտեր, որ Ալեքի հետ ցանակացած հանդիպում է՛լ ավելի հարուստ է դարձնելու իրեն: Հոգու խորքում նա սպանել էր այն, ինչ նախկինում տանջում էր իրեն՝ արածի մասին մտածելիս: Նա արդարացում էր գտել ամեն ինչին: Ալեքի խոսքերն ազդել էին երիտասարդի վրա, համոզել նրան: Ու երջանկության զգացումն այդ խոսքերի ճշմարիտ ապացույցն էր: Դավիթը զգում էր, որ գնալով ավելի է երջանկանում:
Թվում էր, թե շատ բան չի փոխվել: Վերանորոգում էր սկսել տանը և մի քանի նոր հագուստ առել, բայց իրականում փոխվել էր ամեն ինչ: Նախանձոտ հարևանները սկսել էին մտովի հաշվել իր ծախսերը և էլ ավելի մեծ եռանդով իր մոտ գովազդել իրենց՝ տանը մնացած աղջիկներին: «Դավիթս լավ գործ է ճարել»,– չգիտես` ինչու դրկիցների մոտ արդարանում էր տիկին Սաթենիկը: Հավանաբար, վախենալով, որ որդուն որևէ կեղտոտ գործի մեջ կկասկածեն: Վերացել էր գլխացավը և քիչ-քիչ կարգավորվում էր ինքնազգացողությունը: Ամեն ինչ իր հունի մեջ էր ընկնում: Փոխվել էին հարաբերություններն ընկերների ու բարեկամների հետ: Ու պատճառը հենց իր` Դավիթի մեջ էր: Նա սկսել էր ստել: Ճշմարտությունը չէր կարող վստահել ոչ ոքի: Այժմ նա երկու կյանք ուներ: Ապրում էր մեկով, որպեսզի կարողանա ապրել երկրորդով: Ալեքի հետ մի քանի անգամ էլ էր հանդիպել: Դեպքերը կրկնվել էին: Այլևս չէր խուսափում պարոնի համբույրներից: «Դա արդեն տեղի է ունեցել, Դավիթ, խոնավ մարդը անձրևից վախենալու կարիք չունի: Ի՞նչ տարբերություն մեկ անգամ, թե միլիոն: Դա եղել է ու վերջ: Պատահածը չես կարող ջնջել: Գիծն անցած է: Ուրեմն ինչու՞ ես խուսափում նորից անցնել այն, թեկուզ և միայն հանուն ինձ: Ո՞րն է կորուստդ: Եթե որևէ բան դրանից կորցնեիր էլ` արդեն կորցրած կլինեիր»: Եվ Դավիթը կուլ էր գնում Ալեքի խոսքերին: Նա այնքան համոզիչ էր խոսում, նա օգնում էր այլ կողմից նայել կյանքին, հասկանալ, թե ինչքան կարևոր է ապրել սեփական կանոններով, ապրել ուզածի պես:
Իսկ Սաթենիկը շարունակում էր լուռ ու թաքուն հետևել որդուն: Թեկուզ Ալեքն իր վստահությանն էր արժանացել, Սաթենիկը շարունակում էր անհանգստանալ: «Այ կին, – ինքն իրեն փորձում էր մխիթարել, – քանի նեղության մեջ էր որդիդ, տանջվում էիր, որ չես կարող օգնել, իսկ հիմա, երբ արդեն Աստված բարեհաճ է ձեր հանդեպ, նոր վախ է քեզ համակել: Ի՞նչ է ուզածդ»: Իսկ նրա ուզածը մեկ բան էր, որպեսզի տա հարց և ստանա ճշմարիտ պատասխան: Արդա՞ր էին արդյոք այն փողերը, որ ծախսում է որդին:
– Դավի՞թ, – կամուկացով վերջապես որդուն դիմեց Սաթենիկը:
– Հա, մամ:
– Բալես, ճիշտն ասա, գործիդ անունն ի՞նչ ա: Ամբողջ օրը տանն ես, բայց վճարում են: Տենց լինու՞մ ա:
– Այ մամ, խի՞ ես բողոքում: Բողոքելու տեղ չունես, – փորձեց պատասխանից խուսափել Դավիթը:
Սաթենիկը զգաց, որ այլևս անիմաստ է շարունակելը: Որդու պատասխաններն ավելի ու ավելի էին համոզում կնոջը, որ մի բան այն չէ: Չգիտեր` ինչ անել: Ինչպե՞ս ետ պահել որդուն սխալ քայլերից, ինչպե՞ս օգնել նրան: Միակ հույսը Վիգենն էր: Սաթենիկը երկար ծանր ու թեթև արեց ու որոշեց ամեն ինչ պատմել Վիգենին: Նա պիտի որ օգներ: Կարող էր խոսել Դավիթի հետ: Գուցե որդին նրան վստահեր, պատմեր ամեն ինչ ու լսեր խորհուրդները: Հա, Վիգենը պիտի խոսեր ընկերոջ հետ: Բայց Սաթենիկը դեռ չգիտեր, որ դա ընկերների վերջին խոսակցությունն է լինելու։
10. Ծանոթ անծանոթը
Հերթական հանդիպումը նշանակված էր: Դավիթը մի պահ զարմացավ` լսելով, որ Ալեքի հետ «Շյուղերում» պիտի հանդիպեն: Այնտեղ բոլորը ճանաչում էին իրեն: Դա ծանրագույն խոչընդոտն էր, որին նա կարող էր հանդիպել: Ալեքը սպասում էր իրեն: Որքա՞ն հարցեր են տեղալու հյուրանոցի անձնակազմի կողմից: Ի՞նչ կմտածեն նրանք: Չէ՞ որ քաջատեղյակ են այցելուների բոլոր գործողություններին: Եվ ահա ինքը` Դավիթը որպես հյուր տեղակայվում է նույն համարում, ուր Ալեք Արսենյանն է կանգ առել: Չէ, սրանից լավ հոտ չէր գալիս: Դիտմամբ էր դա արել Ալեքը, թե` ոչ, Դավիթը չգիտեր: Բայց հույս ուներ, որ պարոնը պարզապես անզգույշ է գտնվել, չի մտածել, թե ինչ է անում:
Բարեբախտաբար, Արսենյանը հյուրանոցի ռեստորանում էր սպասում իրեն՝ նախկին գործընկերների հետ դեմ առ դեմ հանդիպումից կարելի էր խուսափել: Դավիթը խորը շունչ քաշեց և քայլեց դեպի Ալեքի սեղանը: Աչքի տակով տեսավ, որ Արմենը նկատել է իրեն և հետևից է գալիս: Արագացրեց քայլերն, հուսալով, որ պարոնի մոտ Արմենը հարցեր չի տա: Ալեքը զգաց յուրօրինակ այդ հետապնդումը: Նա այնպես ժպտաց, ասես հաճույք է ստանում տեսածից: Վերջապես Դավիթը, խույս տալով Արմենից, մոտեցավ Արսենյանի սեղանին և, նստելով նրա դիմաց, սկսեց արագ-արագ խոսել:
– Չէի՞ր հիշում, որ ստեղ եմ աշխատել: Էն տղուն նայի: Հետևիցս ա գալիս: Ի՞նչ եմ ասելու:
Ալեքը նույնպիսի շտապողականությամբ պատասխանեց` ջանալով ավարտել խոսքը նախքան Արմենի մոտենալը:
– Ձևացրու, թե չես ճանաչում: Դու արդեն ուրիշ մարդ ես, Դավիթ: Մի դարձի հայացքների զոհը: Նա քո պոտենցիալ թշնամին ա:
– Նա իմ թշնամին չի:
– Ուրեմն խի՞ էիր փախչում: Կանգնեիր: Ընկերներից բա՞ փախչում են:
– Բարև ձեզ, – սեղանին մոտեցավ Արմենը: Նա ձեռքը պարզեց Դավիթի կողմ, – Դավ, բարև: Ու՞ր ես կորել, կարոտել ենք:
Դավիթը հազիվ կուլ տվեց թուքը: Չգիտեր, թե ինչ պիտի պատասխանի, ինչ պիտի անի: Նա այդպես էլ չպարզեց ձեռքն Արմենին:
– Բարև:
Արմենին մի պահ զարմացրեց ընկերոջ պահվածքը: Ապա նա հայացքը գցեց Դավիթի նոր հագուստին, նրա կեցվածքին ու, կարծես, ամեն ինչ հասկացավ: «Դե իհարկե, – ասաց ինքն իրեն, – հարուստ գործարարի հետ է ճաշում, գործերը լավ են ընթանում, թանկացնում է իրեն»:
– Ի՞նչ կպատվիրեք, – խիստ պաշտոնական ու զզվանք արտահայտող ձայնով դիմեց Արմենը:
– Երկու գարեջուր, – պատասխանեց Ալեքն ու նշան արեց, որպեսզի Արմենն հեռանա:
– Հը, ի՞նչ էղավ, – Արմենի գնալուց հետո անձայն նստած Դավիթին դիմեց Ալեքը:
– Չտեսա՞ր, թե ինչ էղավ: Իմ ընկերն էր:
– Ուրեմն խի՞ տենց խոսեցիր, խի՞ չպատասխանեցիր բարևին:
– Որովհետև հարցեր էր տալու, Ալեք, շատ լավ էլ գիտես: Որովհետև հետաքրքրվելու էր, թե խի եմ քո հետ համար բարձրանում: Մի բան կասկածելու էր: Լավ չի՞, որ հետևիցս խոսի, քանս թե աչքերի մեջ նայելով:
– Դե, եթե քեզ թվում ա, թե ինչ-որ ամոթալի բան ես անում․․․
– Քեզ տենց չի՞ թվում: Դե ուրեմն վեր կաց ու բղավիր, թե ինչով ես զբաղվում: Հայտնի ընտանիքիդ, ընկերներիդ, անծանոթներին: Թող իմանան, որ դու ոչ մի ամոթալի բան չես անում:
– Իսկ ինձ դրանից ի՞նչ օգուտ կլինի: Եթե իմանայի, որ ներքին հպարտություն, հիացմքունք կզգայի` կանեի: Բայց ես ոչ մի բան չեմ զգա:
– Ոչ մի բան չե՞ս զգա, Ալեք: Քեզ զզվելի տականք չե՞ս զգա: Չե՞ս ամաչի նայել մարդկանց աչքերի մեջ:
– Ինչի՞ համար ամաչեմ: Նրա համար, որ վճռակա՞ն եմ: Որ, ի տարբերություն իրանց, անում եմ էն, ինչ ուզում եմ, որ թքած ունեմ իրանց կանոնների ու նախապաշարամունքների վրա: Չէ, գիտես, Դավիթ, ես սխալվեցի։ Կարող ա և հպարտ զգամ ինձ:
Արմենը՝ սկուտեղը ձեռքին, մոտեցավ Դավիթի և Ալեքի սեղանին:
– Շնորհակալ եմ, – դիմեց նրան Ալեքը, – Գիտե՞ք որ ես հոմոսեքսուալ եմ:
Արմենն ապշահար նայեց Ալեքին: Էլ ավելի ապշած էր Դավիթը: Մի վայրկյանի մեջ ասես դժոխքի միջով անցավ: Քրտինքը խփեց ճակատին, բերանը զարմանքից բաց մնաց: Ուզում էր բղավել, վեր կենալ ու հարվածել Ալեքին: Ցանկանում էր հերքել, պաշտպանվել։
– Հը, ի՞նչ կասեք էդ մասին, պարոն մատուցող:
Արմենը շարունակում էր լռել:
– Դե, իհարկե, ոչմի բան էլ չեք կարող ասել: Որովհետև դուք այստեղի մատուցողն եք, սպասարկողը: Իսկ ես Ալեք Արսենյանն եմ, հարուստ և իշխանություն ունեցող մարդ: Դուք ստիպված կլինեք լռել: Գնացեք, ազատ եք:
Արմենն էլ ավելի մեծ նողկանքով նայեց զույգին ու հեռացավ սեղանից: Դավիթը շարունակում էր լռել: Հոգեկան հիվանդի պես հայացքն հառել էր Ալեքին ու ասես նրա միջով ինչ-որ տեղ նայեր:
– Ի՞նչ, Դավիթ: Է՞ս չէիր ուզում:
Դավիթը միայն օրորեց գլուխը:
– Բա՞, – խիստ ձայնով դիմեց Ալեքը:
– Դու իմ բախտի գլխին քար ես գցում, Ալեք: Դու գետնով ես տալիս իմ պատիվը, իմ անունն ու հեղինակությունը: Ո՞վ ես դու էդքանից հետո: Մա՞րդ ես: Խի՞ արեցիր: Խի՞ հենց Արմենին ասեցիր: Խի՞ հենց իմ բախտի հետ խաղացիր, եթե կարայիր սեփականի հետ խաղայիր: Թակարդ ես լարել: Ես թակարդի մեջ եմ, Ալեք: Դու ոչ մի սուրբ բան չունես:
– Հա, Դավիթ: Իրավունք ունես: Քո խոսքերն արդարացված են: Բայց չե՞ս մտածել, թե խի մենք չունենք ազատ ապրելու իրավունք: Չե՞ս մտածել, թե խի մենակ ալեքարսենյանները կարան անեն էն, ինչ ուզում են, իսկ քո նմանները ստիպված են թաքնվել իրանց պատյաններում, գծել իրենց աշխարհների սահմանները, առանձնանալ, խուսափել, ապրել վախի մեջ: Արդա՞ր ա արդյոք, Դավիթ, որ անձնական կյանքդ զոհում ես էս տղայի նմաններին, որոնք պատրաստ են խոնարհվել ալեքների դիմաց ու մենակ քեզպեսների վրա են կարում: Արդա՞ր ա, որ դու վախենում ես նրանցից, նրանց հայացքներից ու խոսքերից, իսկ նույն էդ ժամանակ վերջին տականք Ալեք Արսենյանը գլուխը բարձր քայլում ա, թեկուզ ձեր մեղքերն հավասար են: Արժանի՞ են դրանք, որ կուլ գնաս իրանց կանոններին, եթե իրենց են կուլ տալիս հղփացած, չգիտես, թե ինչ գնով իշխանության հասած արսենյանները: Չէ, Դավիթ, արդար չի: Ու գիտե՞ս` էդ ինչից ա: Որովհետև դու ես խոնարհվում, որովհետև դու ես վատը, ոչ թե պարոն Արսենյանն ա էնքան լավը, որ արժանանում ա հարգանքի: Որովհետև գլուխ խոնարհելով հենց ինքդ ես մատնանշում, որ ամոթալի ինչ-որ բան ես անում, ինքդ ես ստիպում նրանց կենտրոնանալ քո վրա: Չես հարգում քեզ, չունես ինքնասիրություն: Դու ես վատը, Դավիթ: Դու ես վատը, որ թույլ ես տալիս կառավարեն կյանքդ:
Ալեքը վերկացավ տեղից և, հինգ հազար դրամ սեղանին դնելով, դիմեց Դավիթին.
– Մտածիր ինչքան կուզես: Վեր ընկիր էդ աթոռին ու «Տեր, ողորմեա» երգի քո կորցրած պատվի վրա: Արա՝ ինչ ուզում ես: Բայց եթե որոշես բարձրանալ, իմացի որ ես տղամարդու եմ սպասում: Ես սպասում եմ կայացած մարդու, ոչ թե սողունի, որ ավելի ա բարդացնելու կյանքս: Ես սպասում եմ տղամարդու, ով գիտի իրա գինը, ով թույլ չի տալիս ոտնահարել իրա արժանապատվությունը, ով չի պարում ուրիշի դուդուկի տակ: Հակառակ դեպքում` վեր կաց տեղիցդ ու փախուստի դիմի: Փախի նախ էս մատուցողից, հետո հարևանների հայացքներից: Հետնամուտքով մտի սեփական տուն ու սպիտակ կտորով փակի սաղ հայլիները՝ դու դրանց մեջ համ պատվազուրկ արվամոլի ես տեսնելու, համ էլ անողնաշար վախկոտի: Ինքդ որոշի:
Ալեքը թողեց Դավիթին ռեստորանի սեղանի մոտ և բարձրացավ իր համարը: Նրա խոսքերը բավական էին, որպեսզի Դավիթն անհրաժեշտ եզրահանգման գար: Նա այս անգամ էլ ընդունել էր Ալեքի բառերը: Պարոնն անխուսափելիորեն ճիշտ էր: Դահլիճի վերջում կանգնած Արմենն ուշադրությամբ զննում էր միայնակ մնացած Դավիթին: Մի պահ Դավիթը որոշեց վեր կենալ և գնալ տուն, ցույց տալու համար, որ պարզապես զրուցելու էր եկել պարոնի հետ, որ ուրիշ ոչինչ չի կապում իրենց: Բայց հասկացավ, որ խղճահարության է արժանի: Որ էլ ավելի կատի իրեն, եթե ևս մի ձևական քայլ անի, ևս մի արարք ուրիշների համար, ևս մի պատվերով համերգ տա: Նա անձեռոցիկով սրբեց ճակատի քրտինքը, վերկացավ և քայլեց դեպի երկրորդ հարկ: Արմենն աստիճանների մոտ էր: Դավիթն արհամարհական նայեց նրան:
– Խնդրում եմ ոչ մի հարցով չդիմել 16-րդ համար, – դիմեց նախկին ընկերոջը, – եթե ինչ-որ բան անհրաժեշտ լինի, մենք կասենք էդ մասին, չանհանգստացնեք:
Եթե մինչ այդ Արմենը ներքին արդարացումներ էր փնտրում ընկերոջ համար, հիմա արդեն փաստերն անհերքելի էին: Դավիթի խոսքերն ապացուցելու եկան, որ նա խայտառակ կապի մեջ է պարոն Արսենյանի հետ: Արմենը չգիտեր, թե ինչ զգար` հիասթափություն, նողկանք, ատելություն: Չգիտեր, թե ինչն է առավել ցավալի` Դավիթի նույնասեռակա՞ն, թե՞ անշնորհակալ լինելը:
11. Խոստովանություն
– Հը՞, – սենյակի դռան ձայնը լսելով, լոգարանից ձայն տվեց Ալեքը, – Կողմնորոշվեցի՞ր:
– Դու ճիշտ ես, Ալեք: Ես անողնաշարի մեկն եմ: Ուզում էի փախնեի` ձևացնելով, թե մենք գործնական հանդիպման էինք: Ուզում էի փոխեի կյանքիս ընթացքը, մենակ թե Արմենը գլխի չընկներ:
Դավիթը խոսելով լոգարան գնաց: Ալեքը` ջակուզիի մեջ պառկած ծխում էր:
– Ու՞, – դիմեց նա Դավիթին:
– Արմենին ասեցի, որ չանհանգստացնեն մեզ: Դրանով ապացուցեցի, որ քո հետ եմ։
Ալեքը նայեց նրա աչքերի մեջ ու փախցրեց հայացքը: Դավիթը զգաց, որ նա հուզված էր: Երբեք այդպիսին չէր տեսել Ալեքին` այդքան երջանիկ: Ալեքը ջուր ցողեց դեմքին, հավանաբար քողարկելով արցունքները: Դավիթը ժպտաց:
– Հուզվեցի՞ր:
– Հա, – ծիծաղեց Ալեքը, – Ինձ դուր էկավ, որ չամաչեցիր ինձանից:
Ներքին հպարտությունը տիրեց Դավիթին: Գոհ էր իր արարքից: Այդ պահին էլ չէր կարծում, թե որևէ հանցավոր բան է արել, որևէ սխալ թույլ տվել: Անգամ երջանիկ զգաց իրեն:
– Արի ստեղ:
– Հիմա:
Դավիթը հանվեց մինչև լողազգեստը և ջակուզին մտավ:
– Հավես ա:
– Առաջին անգա՞մ ես ջակուզիում լողանում:
– Դե, հա: Ստեղ եմ աշխատել, բայց ոչ մի անգամ ռիսկ չեմ արել լողանամ:
– Ռի՞սկ, – ծիծաղեց Ալեքը:
– Հա, Ալեք: Քո աշխարհում էդ սովորական ա: Դու կարաս քեզ թույլ տաս:
Ալեքը մոտեցավ Դավիթին և ձեռքը դեմքին դրեց:
– Դու էլ կարաս քեզ թույլ տաս: Դու կարաս քեզ թույլ տաս էն ամենն, ինչ որ ես եմ ինձ թույլ տալիս: Բախտը քեզ չտվեց հարստություն, բայց տվեց ինձ: Ոնց որ ինձ չտվեց երջանկություն, բայց քեզ տվեց:
– Դու երջանիկ չե՞ս:
– Քո հետ երջանիկ եմ: Իսկ առհասարակ` չէ: Ես ստի մեջ եմ ապրում, Դավիթ: Ամուսնացած եմ կնոջ հետ, ում չեմ սիրել, չեմ ցանկացել: Ում հետ սեքսով զբաղվելիս տղամարդկանց եմ պատկերացրել: Փորձել եմ պայքարել իմ էության դեմ ու դժբախտացել: Օրերով գործի տեղն էի քնում, որ չտենամ կնոջս դեմքը, ստիպված չլինեմ նորից ինքնախաբեությամբ զբաղվել։ Իրան էլ հետս եմ դժբախտացրել, Դավիթ: Չեմ տվել էն սերը, որին իրոք արժանի ա: Չեմ կարողացել: Իմ կյանքը մղձավանջ ա եղել: Էն օրվանից, ինչ հասկացել եմ, թե ով եմ, դժոխքում եմ ապրել: Էն Ալեքը, որին տեսնում ես հիմա, ինքն ա իրան ստեղծել: Մի օր ես որոշեցի, որ հերիք ա կյանքս զոհաբերեմ հանուն կնոջս, հանուն տղուս, հանուն նրանց, ում ցավ կպատճառի իմ ով լինելը: Ես հասկացա, որ ամենաշատը ինքս ինձ եմ անհրաժեշտ, որ ամենաշատը ես ունեմ աջակցության, ըմբռնման կարիք, որովհետև դասավորելով ուրիշների կյանքը` փչացրել եմ իմ սեփականը: Ես միշտ խաբել եմ։ Բայց մի օր վերկացա, մոտեցա հայլիին ու բարձրաձայն ասեցի ինձ. «Դու հոմոսեքսուալ ես, Ալեք Արսենյան, ընդունի էդ ու ապրի»: Էնքան երկար էի փախել էդ բառից, էնքան էի խույս տվել էդ մտքերից: Չէի էլ զգացել, թե ոնց էին դրանք ծանրացել խղճիս: Հերիք էր մի քանի բառ ասեի հայլիին ու տարիների նստվածքը ցնդեց, կորավ, քայքայվեց: Սկսեցի առանց վախենալու նայել տղամարդկանց ու մտքիս մեջ ընդունել, որ սիրուն ա, որ ցանկանում եմ նրան: Խոստովանությունն ամենաբարդն ա, Դավիթ: Խոստովանություն ինքդ քո առաջ: Պայքարես, թե չպայքարես, դու էն ես, ինչ կաս: Անհնար ա սաստել զգացմունքներն ու հույզերը: Երբ հասկացա էդ, սովորական անհաջողակը քիչ-քիչ սկսեց վերածվել Ալեք Արսենյանի` հռչակավոր ու հարուստ մարդու: Էն ժամանակ, երբ էլ չկար ներքին պայքար, պայքար ինքս իմ հետ, ես սկսեցի պայքարել կյանքում: Նախկինում ի՞նչ էի ես: Խաղալիք հասարակության ձեռքում, սկսած սեփական կնոջիցս, մինչև աշխատակիցներս: Վախերի մեջ ապրող, սեփական եսի հետ անհաշտ անհաջողակ: Չես պատկերացնի, Դավիթ, թե ինչքան բարդ էր էդ անցումը: Չես պատկերացնի, թե ինչ երջանիկ ու հպարտ ես զգում քեզ, երբ խոստովանում ես ով լինելդ, ընդունում եսդ ու սկսում ապրել նենց, ոնց ուզում ես: Հիմա, ես համարյա երջանիկ եմ:
– Ես առաջի՞նն եմ։
– Չէ: Ուրիշներն էլ կային: Բայց դու ուրիշ ես։ Գիտե՞ս` ինչ, Դավիթ, առաջին անգամ ես փորձում էի զուտ փորձելու, համոզվելու համար: Հետո հաճույքի, իսկ երբ որ հասկացա, որ դա տգեղ ա, որ չեմ կարա տենց կյանքով ապրեմ, սրա-նրա հետ քարշ գամ, երբ որ հասկացա, որ դա ինձ դուր չի գալիս, որ սեքսի կարիքը չի դրդել ինձ էդ լինելուն, սկսեցի փնտրել: Ու գտա քեզ: Սկզբում դու ուղղակի սիրուն տղա էիր, ով ինձ հաճելի էր, ցանկալի, հետո հասկացա, որ խելացի էլ ես ու հանդուրժող: Որ էն մարդկանցից չես, ովքեր պատրաստ են նետել առաջին քարը: Ես քեզ սիրեցի, Դավիթ։ Չգիտեմ, թե ինչ կմտածես, բայց ես քեզ սիրեցի: Հնարավոր ա՝ էդ սխալ ա, հակասում ա բնության կանոններին, բայց ես սիրեցի քեզ: Մի բանաստեղծ կասեր. «Սիրելիներին ինչպե՞ս չսիրել»։ Ես ոչ մի տղամարդու հետ համբուրված չկայի: Չէի մտածում, թե տենց բան կլնի: Ինձ թվում էր, թե էդ անառողջ հետաքրքրությունս մենակ մարմնական հաճույքներով կսահմանափակվի, բայց․․․ Ես էլ չեմ ուզում պայքարեմ իմ դեմ: Եթե սիրել եմ քեզ, թող տենց լինի: Ես շատ լավ հիշում եմ էն անհաջողակին, ում անդունդն էր գլորում ինքն իրա հետ անհաշտ չլինելը: Ես հազիվ եմ ազատվել: Էլ չեմ ուզում հետ գնամ: Եթե սիրել եմ քեզ, թող տենց լինի:
Դավիթը միայն լուռ լսում էր: Նա հավանում էր Ալեքին: Ոչ մի վատ գիծ չուներ այս մարդը: Եթե կար մեկը, ում նա կցանկանար նմանվել` դա Ալեքն էր: Վճռական, նպատակասլաց, հաջողակ: Մարդ, որը սովորել էր ապրել: Սակայն չէր կարողանում հասկանալ նրան, գլխի մեջ չէր տեղավորվում այն միտքը, որ Ալեքը սիրահարվել է իրեն: Ինչպե՞ս, ինչու՞: Նրան թվում էր, թե այն, ինչ տեղի է ունենում իրենց միջև, զուտ մարմինների` կաղապարների խաղ է: Հպումներ ու վարձավճար, ոչինչ ավելին: Բայց արի ու տես, որ Ալեքի համար դա ավելին էր, քան գործարքը: Ալեքը ձեռքերը դրեց Դավիթի այտերին ու սկսեց համբուրել նրան: Դավիթը, որ մեծամասամբ անտարաբեր էր մնում այդ համբույրներին, պատասխանեց Ալեքին: Ալեքն ընկրկեց ու ժպտաց:
– Շնորհակալ եմ, Դավիթ:
– Ինչի՞ համար:
– Գիտեմ, որ իմ հանդեպ չես զգում էն, ինչ քեզ կդրդեր համբույրի: Գիտեմ, որ հանուն ինձ արեցիր էդ, ոչ թե հանուն փողի: Հասկացա, որ քեզ դրան դրդեց իմ անկեղծությունը, բայց պետք չի խաղալ: Ես չեմ ուզում, որ խաբես ինձ, Դավիթ: Եթե չես ուզում, մի պատասխանի: Եթե չուզենաս, չեմ էլ համբուրի քեզ: Էս ընդամենը պայմանավորվածություն ա:
– Մարմնավաճառություն:
– Ոնց կուզես:
Եվ Ալեքը հանկարծ լրջացավ: Փոխեց դեմքի արտահայտությունը, դարձավ առաջվա խիստ ու գործնական մարդը:
– Սենյակ գնանք:
Նրանք ննջասենյակ անցան:
– Հանի լողազգեստդ ու պառկի, – հրամայական տոնով Դավիթին դիմեց Արսենյանը:
Դավիթը լուռ ենթարկվեց: Ալեքը սկսեց շոյել նրա մարմինն ու համբուրել:
– Փակի աչքերդ, Դավիթ, ուզում եմ, որ քեզ հաճելի լինի:
Դավիթը փակեց աչքերը: Ալեքի հպումներն ու համբույրներն իսկապես հաճելի էին: Դավիթի համար էական չէր, թե ով է դա` կին, թե տղամարդ: Նա միայն վայելում էր պահը: Եթե միայն Ալեքը կին լիներ: Բայց՝ ոչ: Դավիթը կարծում էր, թե այդպես էլ չի կարող բավարարել ցանկությունը, որ ամեն ինչ հենց այնպես կավարտվի։ Իսկ Ալեքը շարունակում էր համբուրել իրեն: Նա զգաց, թե ինչպես պարոն Արսենյանի շուրթերն հպվեցին իր առնանդամին:
– Չէ, Ալեք, – բաց արեց աչքերը, – Տենց բան չանես:
– Խի՞:
– Վիրավորական ա, հասկանու՞մ ես։ Ես չեմ կարա հարգեմ քեզ, եթե տենց բան անես:
Ալեքը ժպտաց:
– Շատ լավ մարդ ես, Դավիթ: Ո՞նց կարայի չսիրեի քեզ, երբ անգամ էսքանից հետո փորձում ես հարգես ինձ: Բայց իմ համար միևնույն ա: Ես էդ մենակ քեզ հաճույք պատճառելու համար չեմ անում: Տենց եմ ուզում:
– Զզվելի ա: Խի՞:
– Չգիտեմ։ Ասում են, երբ որ շատ ես սիրում, հիմար բաներ ես ուզում։ Երևի էդ դեպքն ա:
Բայց Ալեք Արսենյանը գիտեր, որ միայն հանուն Դավիթի է անում դա, միայն հանուն նրան հաճույք պատճառելու: Հանուն նրա կիրքը սպառելու: Կիրք, որ հենց ինքն էր ծնել: Դավիթն էլ ոչինչ չասաց: Պարոնն այդպես էր ուզում: Նա նորից փակեց աչքերը և շարունակեց վայելել պահը։
12. Միայնություն
Վիգենն առավոտ ծեգին եկավ: Տունը վերանորոգող բանվորներն աշխատում էին, իսկ տիկին Սաթենիկը փորձում էր ամեն կերպ օգտակար լինել նրանց` սուրճ մատուցել, սրբիչներ տալ: Երբ տեսավ Վիգենին, սիրտը խանդավառությամբ լցվեց: Առաջ գնաց ու գրկեց նրան:
– Բարև, բալա:
– Բարև, Սաթիկ տոտա: Ո՞նց ես:
– Ոչինչ, Վիգեն ջան, ո՞նց պիտի լինեմ։
Սաթենիկն այնպես ցածրացրեց ձայնը, որ Վիգենը միանգամից հասկացավ նրան:
– Դե ասա, տեսնեմ, թե ինչ ա էղել: Ինչո՞վ ա քեզ ջղայինացրել ընկերս:
– Առավոտը եկավ, Վիգեն: Քնած ա: Չեմ հասկանում` էդ ի՞նչ աշխատանք ա, որ ոչ ժամ ունի, ոչ պատարագ: Օրերով չի գնում, մեկ էլ դուրս ա գալիս էդ մարդու հետ, կամ ինչ-որ զանգից հետո: Դեռ սաղ հեչ, այ բալա, փող էլ ա բերում: Շատ փող:
Վիգենին Դավիթի հանկարծակի ի հայտ եկած եկամուտները նույնպես կասկածելի էին թվում, բայց նա չէր հարցնում, թե որտեղից հայտնվեց այդ փողը: Սաթենիկի խոսքերից հետո սակայն, որոշեց զրուցել ընկերոջ հետ, ամեն ինչ պարզել:
Դավիթը պառկած էր անկողնուն ու երաժշտություն էր լսում:
– Բարև, – սենյակ մտավ Վիգենը:
– Բարև, – առանց տեղից վեր կենալու` պատասխանեց Դավիթը:
– Ի՞նչ ա կատարվում հետդ, Դավ։
Դավիթը խոժոռեց դեմքը:
– Ի՞նչ ես ուզում: Եկել ես հարցախեղդ անելու՞:
– Եկել եմ հասկանալու, թե ուզածդ ի՞նչ ա: Էս ո՞նց ես պահում քեզ: Դեռ մի շաբաթ առաջ վերաբերմունքդ ուրիշ էր: Ի՞նչ էղավ հետդ:
– Էղավ էն, Վիգեն, որ ոչ մեկդ չեք հաշտվում իմ վիճակի հետ: Անիմաստ հարցեր եք տալիս, կասկածում ինձ: Ես տենց չեմ կարա, հասկանու՞մ ես: Խի՞ առաջվանը չեք: Որովհետև ես փո՞ղ եմ աշխատում:
– Ո՞նց ես աշխատում:
– Այ, տեսնում ես: Դու տվեցիր էդ հարցը ոչ թե պատասխանը լսելու համար, այլ ինձ վիրավորելու: Հարց չէր, կասկածներ էին:
– Թող տենց լինի: Ո՞ւ․․․
– Ու զուռնա: Ի՞նչ ես ուզում, որ ասեմ: Դակլա՞դ տամ: Չսպասես: Իսկական ընկեր լինեիր, կուրախանայիր իմ հաջողության համար, ոչ թե սխալներս ման կգայիր:
– Կռիվ ես ման գալիս, հա՞:
– Չէ: Ես ընկեր եմ ման գալիս քո մեջ, բայց չեմ գտնում: Ոնց էի սխալվել:
– Հա, – ժպտաց Վիգենը, – քո ընկերն էդ մարդն ա, չէ՞: Էդ պարոն եսիմ ինչը: Ինչ նա հայտնվեց, թքած ունես բոլորի վրա:
– Նա նեղ օրվաս հասավ, Վիգեն, ինձ անդունդից դուրս հանեց: Հասկանու՞մ ես: Էնքան, ինչքան նա արեց իմ համար, ոչ ոք չէր արել:
– Իսկ դու նրա համար ի՞նչ ես անում: Սպանու՞մ ես, թալանու՞մ, շանտա՞ժ անում: Ո՞նց ես վարաձահատույց լինում: Թե թողնում ես, որ հետևիցդ թփացնի:
– Քեզնմաններից հրաժարվելով եմ վարձահատույց լինում, Վիգեն: Էլ չեմ ուզում քեզ տեսնեմ: Սխալվել եմ քո հաշվով: Գնա ու մոռացի էս տան տեղը: Չեմ ուզում տեսնեմ քեզ: Մեր ընկերությունը սուտ էր, մակերեսային, ոչ մի բան չնշանակող: Գնա:
Վիգենը ճոճեց գլուխն ու դուրս եկավ սենյակից: Դավիթը վեր ցատկեց տեղից, կողպեց սենյակի դուռը, նստեց հատակին, հենվեց մահաճակալին ու բռնեց գլուխը: Նա որոշել էր, որ ավելի լավ է ազատվել Վիգենից, քանս թե հետագայում նայել նրա աչքերի մեջ։ Որ Վիգենը կարող է ետ պահել իրեն, ստիպել, որ շարունակի խաղալ, լինել անողնաշար, ինչպես Ալեքն էր ասում: Հա, Վիգենն այն եզակի մարդկանցից մեկն էր, ում հետ նա չէր կարող հաշվի չնստել: Ուրեմն ավելի հեշտ էր հրաժեշտ տալ նրան և անել սրտի ուզածը` առանց խղճի խայթի, առանց ամաչելու, առանց մտածելու, որ Վիգենին դա դուր չի գա: Հիմա արդեն վերջ: Նա չունի ոչ ոք` բացի մորից ու Ալեք Արսենյանից` մարդուց, ով իրեն վճարում է: Չգիտեր, թե որքան էր տևելու Ալեքի հետ կապը, բայց որոշել էր մի օր նրան էլ հրաժեշտ տալ ու սովորական մարդու պես ապրել: Հաստատապես էր որոշել: Ուզում էր միայն փոքր ինչ փող վաստակել, կարգավորել կյանքը: Չէր հասկանում, թե ով է այդ մարդն իր համար` եկամուտի աղբյու՞ր, թե` ավելին: Հարգում էր նրան որպես մարդ, սիրում էր, երբ Ալեքն իր հանդեպ ուշադիր էր, երբ ցույց էր տալիս իր սերը, հաճույք էր զգում, երբ նա համբուրում էր իր մարմինը, բայց աշխատում էր ցանկացած գնով խույս տալ նրա հետ համբուրվելուց: «Դավիթ, – մտածեց, – գուցե դու էլ ես արվամոլ, եթե հավանում ես էն ամենն, ինչ անում ա պարոնը, եթե քեզ դա գրգռում ա»: Այդ միտքը երկար ժամանակ հանգիստ չէր տալիս նրան: Իսկ եթե․․․ Բայց չէ՞ որ նա չէր ցանկանում պարոնին, խուսափում էր նրան դիպչելուց, համբուրելուց, և փակում էր աչքերը, երբ դա Ալեքն էր անում։ Գուցե ինքն իրոք այդպիսին է և ենթագիտակցաբար արդարացումներ է փնտրում իր համար:
– Դավիթ, բաց արա, – սենյակի դուռը թակեց Սաթենիկը:
– Զահլա չկա, մամ, թող հանգստանամ, գիշերն աշխատել եմ:
– Էդ ի՞նչ ասեցիր Վիգենին, որ տղան վիրավորված գնաց: Այ բալա, ես ի՞նչ ես անում:
– Մամ ուղղակի կռվել ենք: Մի բան չկիսեցինք: Սովորական ա բոլոր ընկերների մոտ` կբարիշենք: Առխային:
Սաթենիկն էլ ոչինչ չասաց: Նա թողեց ու հեռացավ` իր լռությամբ ավելի խճճելով Դավիթին: Դավիթը վերցրեց բջջայինն ու հավաքեց Ալեքի համարը:
– Հա՞, Դավիթ, – անմիջապես պատասխանեց Ալեքը:
– Ալեք, արի տար ինձ: Խճճվել եմ, չգիտեմ: Զրուցելու կարիք ունեմ: Մենակ քո հետ կարամ խոսամ:
– Ի՞նչ ա եղել:
– Արի, կասեմ:
– Կանհանգստանամ: Գոնե կես բառով ասա, թե ինչ հարց կա:
– Ընկերոջս հետ եմ կռվել, կյանքիցս վանում եմ սաղին, Ալեք: Ես վախկոտի մեկն եմ: