
Полная версия
Լիլի
Ոտքի ելավ նաև Ֆելիքսը։ Սրբեց արցունքները։ Կարգի բերեց անդրավարտիքից դուրս ելած վերնաշապիկը։ Մոտեցավ Գոհարին ու Լիլիթին։ Մայրը բաց թողեց աղջկան գրկից։ Կարեկցանքով նայեց Ֆելիքսին։
_Ֆելո՛,_ցածրաձայն արտասանեց նորահարսը։
_Լիլո՛,_երիտասարդը մոտեցավ բռնեց օրիորդի ձեռքը ու սեղմեց կրծքին,_ջարդուփշուր արիր Լիլո՛, ջարդուփշու՛ր…
_Գոնե այսօր մի ասա՛,_լացակումեց Լիլիթը,_տեսքիս նայիր… ես հարսի շորով եմ ու քողը գլխիս…
_Ուրիշի՛ հարս… ուրիշի՛ կին… ուրիշի՛ սեր…
_Երեխե՛ք… Ֆելո՛… Լիլո՛… աղջիկս գնացինք ներս… ամոթ է… բոլորը երևի քեզ են փնտրում…
Բայց Ֆելոն բաց չթողեց նորահարսի թևը։ Առավել ևս բռնեց երկրորդը ու ասաց.
_Պար… վերջին պարը… մի՞թե դրան արժանի չեմ։
_Ֆելիքս ի՞նչ ես անում,_շշնջաց Գոհարը։
Պակաս է մեկը տեսնի։ Բայց դուստրը չհեռացավ։ Ընդունեց պարի հրավերը ու մնաց Ֆելիքսի մոտ։ Երիտասարդը գրկեց Լիլիթի բարակ իրանը։
_Առա՞նց երաժշտություն,_քմծիծաղ տվեց Լիլոն։
_Երեխե՛ք…
Այդպես մնացին մի քանի վայրկյան։ Ֆելոն մազոտ երեսը դրել էր Լիլիթի ճակատին։Նրանք իհարկե չէին պարում։ Արձանացած կանգնել էին։
_Երեխե՜ք… Լիլո ամոթ՛ է… ներսում Կարենը հասատատ քեզ է փնտրում…
Գոհարը քաշեց երիտասարդի թևից որ ազատի դստերը։
_Ֆելո բաց թող… թող գնա՛, չարիքից հեռու…
_Տիկին Գոհա՛ր մի՞թե չեք հասկանում ոչի՛նչ։
Լիլիթը կամացուկ ազատվեց Ֆելոյի բազուկներից։ Բռնեց ձեռքերը ու շշնջաց.
_Ֆելի՛քս անչափ շնորհակալ եմ քեզ… շնորհակա՛լ եմ որ բախտ վիճակվեց ծանոթանալ քո հետ, լինել քո ընկեր ու հավատարիմ մարտակիցը,_այդ խոսքերից հետո Լիլիթը սրբեց երիտասարդի արցունքները ու համբուրեց ճակատը։
_Դավաճա՜ն… դավաճա՜ն… սա ի՞նչ է,_Ֆելոն բռնեց հարսի քողը թափահարեց փեշը։ Մի քայլ ետ կանգնեց, պարզեց ձեռքերը ցույց տալով հարսի շորը,_ի՞նչ է սա Լիլո՜… սպանեցի՛ր, թաղել մնաց…
_Ֆելիքս… ես գնացի….
Լիլիթը բռնեց շորի փեշերը ու գնաց դեպի սրահի մուտքը, մայրն էլ հետևից։
_Լիլի՛թ ,_գոռաց ետևից Ֆելիքսը։ Ուղղեց մեջքը, ցուցամատը վերև պարզեց ու ճիգ գործադրելով ասաց.
_Իմացիր, որ երբեք էլ ա՛յս Ֆելոյին էլ չես տեսնի։ Նայիր ու պահիր մտքումդ… Լիլո՛ աղջի՛կ… այսօր առաջին և վերջին օրն է որ տեսնում ես իմ արցունքները։
Գոհարը տագնապով հետևում էր հարբած երիտասարդի շարժումներին։ Լիլիթը որ արդեն մոտեցել էր դռանը, շրջվեց հետ ու գոչեց.
_Երջանիկ կլինեմ եթե միայն քո ծիծաղը տեսնեմ։ Ուշադիր եղի Նարգիզի վերաբերյալ… Նարգիզը լավ աղջիկ է… ու անտարբեր չի քո նկատմամբ։ Մնաս բարով կամ մինչ հանդիպում…
Ժպտաց ձեռքով արեց ու մտավ մեջ։ Գոհարը գնաց ետևից։ Դռները փակվեցին։ Ու նորահարսը կորավ նրանց հետևում։
Ֆելիքսի աչքերում տպվեց հարսի քողն ու շողշողուն քարերը գլխին սպիտակ հրեշտակը։ Եթե մինչ այս Լիլիթը առանձնահատուկ գեղեցկության տեր մարդ էր, ապա հարսի շորերով այն կրկնապատկվել էր ու դարձրել հեքիաթային փերի։ Խեղճ Ֆելո՛… դիմացիր թե կարող ես… բարձրացրեց նստարանից բաճկոնը, գցեց ուսը ու գնաց… չէր ուզում տեսնել ինչպես նրանք մեքենա կնստեն ու կհեռանան։ Այ դրա՛ն ինքը հաստատ չէր դիմանա։ Չեր կարող տեսնել թե ինչպես իր Լիլոյին տանում է այդ մե՛կը։ Թող գնա՛ն… թո՛ղ… գնան վայելե՛ն իրենց մեղրամիսը… ու՞ր են գնում… Սանկտ պետերբուրգ թե Մոսկվա՞… թող գնան ջհանդամի ծոցը։
_Ու՞ր էիք,_հարցրեց Կարենը,_մայր ու աղջիկ չեք կարող բաժանվել։
Գոհարը համեստությամբ ժպտաց ու քնքշությամբ նայեց դստերը։
_Թե գնացե՞լ էիր ճամփու դնել այն փսլնքոտին։
_Կարե՛ն,_Լիլիթը կշտամբանքով լի հայացքը ուղղեց նրան,_ Ֆելոն լավ տղա է…
_Ու ո՜նց էր նայում քո հետևից։
_Գոնե քաղաքավարության համար ձևացրու որ խանդում ես,_բռունցքով ուսին խփեց Լիլոն։
_Ինչու՞… գիտեմ որ ինձ ես սիրում։
Լիլիթը կարմրեց։ Մայրը թողեց նորապսակներին ու սուսուփուս հեռացավ։
_Ես տեսել եմ ինչպես ես ինձ նայում…
_Կարեն ի՞նչ ես խոսում… ամոթ ունեցիր։
Լիլիթը ավելի շատ կարմրեց։
Անցավ երկու տարի։ Լիլիթը Կարենի հետ երջանիկ էին։ Միակ ցավը որ կար նրանց կյանքում դա երեխաների բացակայությունն էր։ Սակայն բժիշկները ասում էին, որ դա բուժման ու ժամանակի հարց է։ Ուստի ընտանեական կյանքի պակասը ենթակա էր լրացման։
Սկսերոջ առողջական վիճակը խնդիրներ ունենալու պատճառով տեղափոխվեցին քաղաք։ Լիլիթն էլ դուրս եկավ աշխատանքի։ Ընդունվեց քարտուղարուհու աշխատանքի։ Պետը բարեհամբույր ու հաճելի տղամարդ էր։ Երբեմն ջղայնացած գորգոռում էր աշխատակիցների վրա։ Բայց հետո դառնում բոլորից ներողություն էր խնդրում։ Բացատրելով որ լիցքաթափվում է, թող ներեն։
Գործերը հաջող էին ընթանում, սկսերոջ առողջականը շտկվել էր, ամուսինը նույնպես աշխատում էր։
Աշխատանքի տեղը որոշ փոփոխություններ տեղի ունեցան։ Պետը փոխվեց՝ եկավ նախորդի որդին, քառասունին մոտ, ամուսնացած, ուներ երկու աղջիկ, գործնական և շահամոլ։ Դուր չեկավ Լիլիթին առաջին իսկ օրվանից, որովհետև հիշեցրեց այն խաչը, որ տարիների ընթացքում տանում էր։
_Աստված իմ… սա ի՜նչ հրաշք է,_բացականչեց պետը առանց որևէ կեղծիքի։ Նրա աչքերում կար մի այնպիսի հիացմունք, որ Լիլիթը հիշեց այն օրը երբ մտավ համալսարանի լսարան։ Իհարկե մի քանի տարի է անցել, բայց ամուսնությունը նրան ծաղկեցրել էր։ Շողշողում էր կանացի ողջ նազանքով ու քնքշությամբ։
Պետը՝ Կարապետ էր անունը, մի անգամ նույնիսկ կատակեց.
_Եթե ամուսնացած չլինեի, կփախցնեի կտանեի քեզ։ Սակայն նույնիսկ կինս էլ կհասկանա, եթե քեզ տանեմ տուն տեսնի, ի՛նչ գեղեցկուհի՜ եմ բերել։
_Պարոն Նազարյան, ես ամուսնացած եմ ու երջանիկ։ Ու չեմ սիրում նման կատակներ,_լուրջ ասաց Լիլիթը։
_Լավ լավ… առաջին ու վերջին անգամ է…
Բայց հենց հաջորդ օրը
Կարապետը քարտուղարուհու սիրտը շահելու փորձ արեց։ Մի մեծ ծաղկեփունջ դրեց Լիլիթի աշխատասեղանին։ Իսկ երբ Լիլին հրաժարվեց ընդունել այն, ջղայնացավ ու բացականչեց.
_Հիմա որ դարն է, որ հավատարմություն ես պահպանում։
Եվ այդ ամենը ասում է Լիլիթին իմանալու երկրորդ օրը։ Օրիորդը հազիվ զսպեց իրեն, որ չհարվածի։
_Լիլիթ երևի ձեր գյուղում էլ այդպես են անում։ Ինչու՞ ես աչքերդ խոշորացնում։
Թե ձեր գյուղում միայն երեխա ծնել գիտեն։
Ուզեց բռնել օրիորդի ձեռքը։
_Ափսոս ես։ Այդ սարեցու ձեռքին երևի քնքշության ու սիրո ծարավ ես մնացել։ Դե համարի որ ես աղբյուր եմ, կարող ես ծարավդ հագեցնել։
Լիլիթի աչքերի բիբերն քիչ մնաց դուրս գային խոռոչներից։ Վեր թռավ տեղից։ Դա վերջին կաթիլն էր։ Դիմացինը թևերը բացեց որ գրկի։ Լիլիթին թվաց թե ինչ որ խուլ ձորում է ու դիմացինը մի հրեշ է։ Ահավոր արարած…
_Դուք գժվել եք։ Նորմալ մարդը իրեն այսպես չի կարող պահել։
_Այո գժվել եմ, առաջին հայացքից։ Ախր քո շրթունքները ստեղծված են անվերջ համբուրելու համար։ Լիլիթ, ես հազար կին եմ տեսել ու զգում ու չգիտես ինչ եմ զգում քո նման գեղեցկուհու մոտ։ Արյունս եռում է։
Լիլիթը դուրս գցեց իրեն աշխատասենյակից։ Այս երկու օրվա մեջ ստացավ այնքան անարգանք որքան կյանքում չէր տեսել։ Պատմե՞լ Կարենին։ Ամաչում է։ Եղբորը ասե՞լ։ Վարուժանը կասի որ նորից իր սիրուն դեմքի համար պրոբլեմներ են հայտնվում։ Երկար մնաց դուրսը գործարանի շեմքում։ Վերադարձավ ետ, Կարապետը չկար։ Գրեց դիմում։ Ու երբ Նազարյանը վերադարձավ դրեց նրա առաջ։ Կարապետի ճակատը հարթացավ ու կորան կնճիռները երբ նա կարդաց թուղթը։
_Ինչու՞։ Քեզ ի՞նչ որ բան դուր չի գալիս կամ անհանգստացնում է։ Գուցե աշխատանքների մեջ կա մի բան անհասկանալի, ինչ որ հարցեր… արի միասին պարզենք, գտնենք բոլոր պատասխանները… ինչու՞ ես ուզում հեռանալ։
_Դա իմ գործն է։ Ազատեք ինձ աշխատանքից։ Չեմ ուզում խոսել ձեր լկտի պահվածքի մասին։ Ուղղակի բաց թողեք ինձ։
_Ուրեմն դու շատ լուրջ աղջիկ ես,_ծաղրական հայացքը դեմքին նա ոտից գլուխ չափեց քարտուղարուհուն։
Մի խորաթափանց հայացք նետեց Լիլիթի կապտականաչ աչքերի մեջ,_Լիլի՛թ, պետք է գնալ ժամանակի հետ։ Պետք չի լինել հետամնաց… ընտանիքը իր տեղն ունի, մնացածը՝ իր… ուրիշ մեկը երազում է լինել քո տեղը։
_Պարոն Նազարյան ստորագրեք դիմումը ու ես գնացի,_Լիլիթը չարացած նայեց դիմացինին։
_Լիլիթ դու ինքդ էլ տեսնում ես ինչպես են ապրում քաղաքի բնակչության մեծամասնությունը։
_Ամեն մեկը տեսնում է ա՛յն ի՛նչ ուզում է տեսնել,_կտրեց նրան Լիլիթը։
_Բայց և ակնհայտը անհնար է թաքցնել… ինչպես քո շշմեցուցիչ արտաքինը…
_Պարոն Նազարյան, բավական է։ Մտադիր չեմ լսել ձեզ։
_Ուրեմն չկա տարբերակ նվաճել քո սիրտը։
_Ցնդել եք, Նազարյան,_բղավեց Լիլիթը։
_Լավ Լիլիթ, մի կոտրատվի… թանկացնում ես քեզ…. Դու էլ ամուսնացած ես, ես՝ էլ։ Ուրեմն ոչ մի պարտականություն մեր մեջ չի լինի,_նետեց դիմումը սեղանին ու ձգվեց դեպի Լիլիթը։ Աղջկա մերժումը ավելի էր թեժացնում նրա կիրքը։
Լիլիթի աչքերը խոշորացան զայրույթից, անհանգիստ շունչ քաշեց։ Ու՞մ տեղն է դրել իրեն այս մեկը։
_Հեռու՛… հեռու մնացեք… վայրկյան անգամ չեմ մնա այստեղ,_հապշտապ հավաքեց իրերը ու ուղղվեց դեպի ելք։
_Ու՞ր,_բղավեց Կարապետը ու նետվեց նրա հետևից բռնեց ձեռքից։ Քարշ տվեց ետ։
_Ի՞նչ ես կոտրատվում… թանկացնում քեզ։ Մի ստիպի ինձ անել այն ինչը չեմ ուզում։
Մի ձեռքով գրկեց Լիլիթին, մյուսով՝ ամուր բռնեց ծոծրակից, մատները խրվեցին Լիլիթի մազերի մեջ ու խիստ ցավ պատճառեցին։
_Բաց թողեք պարոն Նազարյան,_Լիլիթը ճանկեց նրա երեսը։ Ու աշխատեց ազատվել։
_Մի դիմադրի Լիլիթ,_Նազարյանը ձգվեց որ համբուրի։
Լիլիթը ինչ ուժ ուներ հրեց նրան, բայց թափից քիչ մնաց ընկներ, հազիվ պահեց հավասարակշռությունը։ Կարապետը ինքն էլ քիչ մնաց փռվեր գետնին։ Բայց մնաց ոտքի վրա։
_Լիլիթ, մի դիմադրի… ես առատ կվճարեմ… թե չե ի՞նչ ես ուզում, ամեն ինչ ոտքերիդ տակ կգցեմ… ամբողջ աշխարհը նույնիսկ… քո նման գեղեցկուհին արժանի է ավելիին քան քարտուղարուհու պաշտոնը…_ շարժվեց դեպի Լիլիթը։ Վերջինս մնաց անորոշության մեջ։ Նազարյանը իր ու դռան միջև էր։ Ինչպե՞ս դուրս պրծնել։ Աշխատասեղանից վերցրեց մատիտ սրելու դանակը։ Պարզեց առաջ։
_Չմոտենաք ինձ…
_Թե չե ի՞նչ…
Նազարյանը քմծիծաղ տվեց։
_Պարոն Նազարյան, դուք մարդ եք թե գազան… ոչ գազանը իրեն այսպես չի պահում… ստոր արարած… ես կպատմեմ ամեն ինչ ամուսնուս…
_Ու կդիմես ոստիկանություն,_ծաղրանքով արտասանեց Կարապետը։
_Ես հանաք չեմ անում… մի մտածեք որ փողը որոշում է ամեն ինչ։ Ուրեմն ճանապարհ տվեք… հեռու՛ գնացեք, թե չե կսպանեմ ձեզ։
Այս խոսքերի վրա Նազարյանը հարձակվեց ու խլեց դանակը Լիլիթի ձեռքից, ապա մի ուժեղ ապտակ հասցրեց։ Լիլիթը փռվեց հատակին։ Աչքերը մթնեցին։
_Տո գիտես քեզ ինչ կանեմ,_Նազարյանը մեկ քաշելուց ոտքի հանեց Լիլիթին։ Հարվածի ուժից դեռ իրեն չհավաքած օրիորդը, մի քանի վայրկյան կարծես խլացած ու շշմած էր, պղտոր հայացքով նայեց Կարապետին։ Ու եթե Նազարյանը չբռներ նրա ուսերից, ապա հազիվ թե կարողանար մնալ ոտքի վրա։ Կարապետը մեղմացավ երբ տեսավ նրա վիճակը։ Ետ արեց Լիլիթի խճճված մազերը ու հնարավորինս չափ քնքույշ խնդրեց.
_Լիլիթ, գիտես դու ես ամեն ինչ որոշում։ Զոռով է լինելու, թե քո կամքով։
Պատրաստվեց գրկել, սակայն Լիլիթը պատասխանեց նրան այնպե՛ս որ Կարապետը կատաղեց, թքեց նրա երեսին։ Նազարյանը սպիտակեց ջղայնանությունից։
_Երբեք ոչ մեկը չի պատասխանել ինձ այսպես…
_Ինչպես և ոչ մեկ չի հանդգնել պահել իրեն նման կերպով իմ հանդեպ անասուն,_պատասխանեց դիմացինը ու ճիգ արեց պոկվեց,_ամուսինս ձեզ կսպանի։
Լիլիթը ճանկեց հատակից պայուսակը ու վազեց դեպի ելք։ Սակայն զայրույթից մոլեգնած Նազարյանը ցատկեց նրա հետևից ու բռնեց վերնաշապիկից ու քաշեց դեպի իրեն։ Լիլիթը թափով առաջ մղվեց ու պոկվեց։ Բայց անհաջող քայլ արեց սայթակեց ու ընկավ գլուխը սեղանին խփելով։
_Ես քեզ ցույց կտամ… այնպես ցույց տամ որ աչքերդ բացվեն ու չփակվեն։
Լիլիթը մնացել էր բերնցքիվայր ընկած։ Անշարժ էր։ Կարապետը հաղթական նայեց ու գոհ ժպտաց։
_Ի՞նչ եղավ… ինչու՞ էլ չես ծվծվում…. Մի՜… բաց թո՜ղ,_տնազ տվեց ու ծիծաղեց։
Սակայն նորից ոչ մի պատասխան։ Սիրտը կասկած մտավ։ Լրջացավ, կռացավ տապալվածի վրա.
_Լիլիթ,_ ետ արեց մազերը ու տեսավ բաց աչքերի մարած հայացքը,_Լիլի՜թ…
Արագ դարձրեց նրան մեջքի վրա։ Տեսավ քունքին փոքրիկ մի վերք։ Սեղանի սրուցքին էր խփել։
_Աստված իմ… այս ի՞նչ արի…
Լիլիթը անշարժ ու անշունչ էր։ Բռնեց օրիորդի տաք ձեռքերը, ապա շփեց երեսը։ Ապարդյուն ջանք։ Լիլիթը մեռած էր։ Կարապետը մնաց ծնկաչոք ու քարացած։
Երբ ոստիկանը Լիլիթի մահվան լուրը հայտնեց Կարենին… հետո օրեր անց Կարենը ասում էր. «Ավելի լավ է մի ծանր բան խփեին գլխիս, մեռնեի, չլսեի…»։ Իսկ լսած վայրկյանում նա չհասկացավ… չուզեց հասկանալ… չընդունեց… դա մի վատ կատակ է կամ թյուրիմացություն… իր Լիլիթը չի կարող մահանալ, անհնար է… մեկի չար կատակն է…
Լիլիթի մարմինը գտել էին գիշերը փողոցում։ Կողոպտել էին ու սպանել։ Մոտը եղած փաստաթղթերի միջոցով պարզել թե ով է ու գտել հարազատներին։
Երբ Լիլիթը ուշացավ, Կարենը զանգեց։ Զանգեց նորից ու նորից։ Հետո գնաց ընդառաջ։ Լիլո չկար։ Եկավ նրա աշխատանքի տեղը։ Բարձրացավ աշխատասենյակ։ Ոչ մեկ չկար։ Ու դռները բաց էին։ Զարմանալի էր։ Նայեց նրա անկյունին։ Սեղանին ամեն ինչ կարգով շարված էր։ Լիլիթը սիրում էր կարգ ու կանոն։ Ժպտաց։ Նորից զանգեց կնոջը ու նորից՝ անպատասխան։ Ու՞ր է իր Լիլոն։ Գնաց դեպի դուռը։ Ոտքի տակ ընկավ մի բան։ Ի՞նչ էր։ Կոճակ։ Կռացավ բարձրացրեց.
_Սա Լիլոյի վերնաշապիկի կոճակն չի՞։ Չհասկացա…
Կարենը նայեց շուրջը։ Ոչ մի տարօրինակ բան չկար։ Սեղմեց կոճակը բռունցքի մեջ ու դուրս եկավ։
Մինչև ուշ գիշեր փնտրում էր Լիլիթին։ Շրջեց բոլոր ուղիներով որոնցով գնում գալիս էր կինը։ Զանգեց Վարուժանին, բայց նա էլ չգիտեր քրոջ տեղը։ Տեղ չէր գտնում։ Ու այդպես մինչև առավոտ։ Ինքը քուն չեղավ ու մորն էլ չթողեց։ Ի՞նչ կարող էր պատահել։ Գուցե վատ է զգացել իրեն կամ ուրիշին է օգնություն անհրաժեշտ եղել։ Բայց չէ որ կզանգեր։ Լիլոն միշտ տեղեկացնում էր պլանների ամեն փոփոխության մասին։ Ետուառաջ էր գնում հյուրասենյակում։ Մայրը աշխատում էր հանգստացնել, վանել սև մտքերը։ Լույսը բացվելուն պես վազեց նորից Լիլիթի աշխատանքի տեղը։ Նա չկար։ Իսկ պետը տեղն էր։ Տեսնելով Կարենին ցցվեց ու գունատվեց։ Բայց կնոջ բացակայությամբ հուզված ամուսինը դա չնկատեց։
_Չգիտեմ… ու՞ր է… երեկ աշխատանքային օրվա ավարտից հետո գնաց ինչպես միշտ։
_Ու ոչ մի տարօրինակ բան…
_Ո՛չ,_ասաց Կարապետը,_Լիլիթը լավ աշխատող է, ուստի ինքս զարմացա թե ինչու է ուշանում ու ձեզանից եմ իմանում, որ նա տուն չի հասել։ Չեմ պատկերացնում ի՞նչ կարող էր պատահել։
Կարենը ձեռնունայն վերադարձավ։ Տանը մայրն էր սպասում։ Խեղճ կինը տեսնելով որդու հուսահատ վիճակը մոռացել էր սեփական ցավերի մասին։
_Բալես, իսկույն վատի մասին մի մտածի։
_Մամ չգիտեմ ի՛նչ մտածեմ։ Ի՞նչ է պատահել։ Ախր մենք այստեղ ծանոթներ էլ չունենք… Վարուժանը տեղյակ չի… մայրը չգիտի… աշխատանքի տեղում չգիտեն… ոչ մի հիվանդանոցում չկա… մամա դիմելու եմ ոստիկանություն…
Ու հենց այդ հարամ բառը արտասանեց հեռախոսին զանգ եկավ։ Երանի՜ չլսեր այդ անիծված ձայնը… անսիրտ արարած…. Հայտնաբերվել է Լիլիթ Նալբանդյանի դին, հարկավոր է գնալ ճանաչման։
Կարենը կյանքում չի մոռանա այդ չոր ու ցամաք ձայնը՝ զգացմունքներից զուրկ։Մայրը որդու դեմքից հասկացավ որ տակնուվրա եղավ ամեն ինչ։ Առանց բացատրություն տալու որդին սրընթաց վազեց դեպի ելքը։
Հետո որոշ ժամանակ անց այնպես էլ հիշողության մեջ չկարողացավ վերականգնել այն մի ժամը, որ անհրաժեշտ եղավ իր Լիլիին գտնելու համար։ Չեր հիշում ինչ ասացին ոստիկանությունում, ու ինչպես տարան մորգ… միայն հիշում էր սավանով ծածկված մարմինը։ Ոտքերը թուլացան հազիվ կարողացավ մոտենալ Լիլիթի դիակին… դիակի՛ն… ինչու՞ պիտի նման դաժան ճակատագրի արժանանար… ո՞ր մեղքերի պատճառով է պատժվում։
Մորգի աշխատողի մեջքը ծածկում էր Լիլիթին իր տեսադաշտից։ Բայց երբ նա քաշվեց կողք… ահավոր տեսարան բացվեց… իր Լիլոն քարացած, անզգա ու անկենդան… չլացեց… ոչ մի արցունք… սիրտը կտոր կտոր եղավ, բայց ոչ մի արցունք։
_Լիլիթ, իմ Լիլիթ,_փայտացած ոտքերը դանդաղ առաջ տանելով մղվեց դեպի կինը։
Լիլիթը կարծես քնել էր։ Ինչպես քնում էր իր ուսին՝ աչքերն ու բերանը կիսափակ… մեղմ ժպիտը դեմքին… բայց սա Լիլոն չէր… սա մի անծանոթ մեկն էր… Լիլիթի այտերը կորցրել էին բնական կարմրությունը… նրա սպիտակ փափուկ մաշկը դարձել քար…
_Լիլիթ,_շշնջաց նա։ Ձեռքը մոտեցրեց կնոջ երեսին, բայց չհամարձակվեց դիպչել,_Լիլո, կյանքս…
Մորգի աշխատողը անձայն դիտում էր։ Քանի նման տեսարանների ականատես է եղել։ Բայց սիրտը այնպես էլ չէր կոշտացել ու սովորական չդարձավ մահը։ Բայց առավել ցավալի էր երբ հանգուցյալը երիտասարդ էր, երբեմն նաև երեխա։
Տղամարդը մոտեցավ ձեռքը դրեց Կարենի ուսին։
_Դիմացիր տղաս…
Կարենը կրծեց շրթունքները։ Հարվածն անսպասելի էր ու չափազանց ուժեղ։ Կարենը փղկձաց ու սեղմեց ճակատը կնոջ սառած դեմքին։
_Լիլիթ, անգինս, հրեշտակս… այս ի՞նչ արիր… տեր աստված ո՞ր մեղքիս համար…
Նրա լացը վերածվեց մի գազանային ոռնոցի։ Նա փաթաթվել էր դիակին, ցնցում ու սարսափելի ձայնով գոռում։ Դա լաց չէր, դա անմարդկային ոռնոց ու կաղկանձանք էր։
Մորգի աշխատողը զոռով կարողացավ անջատել Կարենին Լիլիթից։
Հետո տարին հարցաքննության։ Հազիվ կարողանում էր պահել իրեն, որ չգոռար թե իր կինը մահացել է, իսկ իրեն տանջում են ավելորդ հարցերով։ Լիլին էլ չկա՛։ Իր քաղցր հրեշտակը, կյանքն ու էությունը, իմաստն իր գոյության… անսիրտնե՛ր, ձեզ բոլորիդ ոչնչացնելու է Կարենը, իսկ առաջինը նրան ով զրկեց իր Լիլիթին կյանքից։ Կենդանի թաղելու է… հոշոտելու ու միսը ուտելու է… արմատից պոկելու է այն ձեռքը որ կպել է իր կնոջը… Լիլիթը չկար…
Հետախուզությանը ոչինչ պարզել չհաջողվեց։ Հարցաքննվեցին բոլոր հարազատներն ու ծանոթները, աշխատակիցներն ու իհարկե պետը՝ Կարապետ Նազարյանը, բայց գործը այդպես էլ ընթացք չստացավ։
Կարենը մռնչում ու բողոքում էր, անիծում արար աշխարհը, լցվել էր չարությամբ բոլորի հանդեպ։ Ջարդուփշուր արեց տանը ամեն ինչ։ Ննջասենյակում չէր քնում։ Նստում էր բազմոցին ու լուսացնում այնտեղ։ Մտնում էր խոհանոց, ականջին գալիս էր կնոջ ձայնը. «Կարե՜ն,Կարե՜ն, Կարե՜ն, Կարե՜ն»… մտնում էր բաղնիք տեսնում Լիլիթի բազմաթիվ օճառները, օծանելիքներն, խոզանակն ու վարդագույն սրբիչը գժվում էր։ Գրկում էր կնոջ բաղնիքի խալաթը ու լացում ժամերով լացում։ Դարձել էր գրգռված ու նյարդայնացած։ Ամեն օր գնում էր ոստիկանություն, հազար անգամ գնաց սպանության վայրը։ Սակայն ոչինչ…. Ապարդյուն ջանք… հեռացավ աշխատանքից… կորցրել էր ապրելու իմաստը։ Մայրը զուր ջանք էր թափում, ինքը ոչ ուտում էր, ոչ խմում, ինչ հրաշքով էր կյանքը մեջը մնում հարցական էր։
Գիշերները ժամերով վերլուծում էր իրենց համատեղ կյանքը, վերհիշում վերջին շաբաթները, վերջին օրը երբ տեսավ Լիլիթին։ Արդեն այնքան էր մտածել որ այն օրը վերականգնել էր վայրկյան առ վայրկյան։
Արթնացան զարթուցիչի ձայնից։ Լիլիթը ժպտաց ու չանչ արեց իր մազերը, փաթաթվեց ու գլուխը դրեց իր կրծքին։ Ինքը համբուրեց նրա ճակատը, մազերի խենթացնող բույրը խփեց դեմքին։ Երանի՜ գրկից բաց չթողներ, պահեր ու պահպաներ իր հրեշտակին, ոչ թե տաներ հանձներ նրան սև հողին։ Երանի պատռեր բոլոր հագուստը ինչ ուներ կինը, որ տկլոր մնար ու չկարողանար դուրս գալ, ոտնամանները փչանային, որ բոբիկ մնար, մնար կենդանի… երանի՜ գիշերը այրվեր աշխատասենյակը, որտեղ նա աշխատում էր… թող ամբողջ շենքերն ու փողոցը վառվեին գիշերը, որ առավոտյան Լիլիթը տնից դուրս չգար… Կարենը պատրաստ էր ինքը մեռնել միայն թե Լիլիթը ապրեր։ Բայց ո՞վ իրեն հարցրեց։ Թող անիծվի այդ գազանը որը կտրեց կյանքի թելը, չորանա այն ձեռքը որ հարվածեց իր Լիլոյին։ Ու ինչի՞ համար։ հեռախոս, ժամացույց, դրամապանակ ու մատանին… այդ անիծված մատանին…. Այն առաջին անգամ երբ կորցրեց պետք չէր նորը գնել։ Հենց այդ մատանին է մեղավոր…. Անիծված ոսկին…
Ու այսպես անցավ երկու շաբաթ։ Մի օր վերցրեց ձեռքը իրերը որ հանձնել էին ոստիկանությունում։ Թվաց մահվան հոտ է գալիս նրանցից։ Երբ ձեռքը վերցրեց կնոջ վերնաշապիկը չգիտես ինչու իսկույն աչքը ընկավ պոկված կոճակը։ Ինչու՞ առաջ չէր նկատում իսկ հիմա ծակեց աչքը։ Հանկարծ նրա աչքերը քարացան ու դեմքը խաղաղվեց հարթվեցին ճակատի կնճիռները։ Խառնեց, գտավ թե ու՞ր էր դրել լիլիթենց աշխատասենյակում գտած կոճակը։ Համեմատեց։ Նույնն է։ Հենց սկզբից ճանաչել ու չէր շփոթել։ Լարվեց։ Ինչու՞ է թռել։ Կարենը չգիտեր ինչ մտածել։ Բացատրություն էր փնտրում ամենուր ու իրեն հանգիստ չտվող հարցերի պատասխանները որոնում նույնիսկ աննշմար մանրուքներում։ Հազար ու մի տարբերակ էր կազմում գլխում, բայց չէր գտնում ճիշտը։ Մի քանի անգամ գնաց հարցուփորձ արեց պարոն Նազարյանին։ Բայց ապարդյուն, Կարապետը անգիր արած խոսքերն էր կրկնում։ Սակայն Կարենի աչքից չվրիպեց այն որ իր ներկայությունը նյարդայնացնում է նրան։ Այսպես մի անգամ էլ եկավ, բայց չհասցրեց դուռը թակել երբ ականջին հասավ ինչ որ կանացի բարակ ձայն։
_Եթե չտաս ուզածս գումարը, կգնամ ոստիկանություն, կամ ո՛չ ուղիղ այդ աղջկա ամուսնու կամ եղբոր մոտ, թող այդ լեռնականները գլուխդ ջարդեն։
Մնացածը ինչպես և այն ժամանակահատվածը երբ հասավ ոստիկանություն, ապա մորգ Լիլիթի մոտ, ջնջվել էր հիշողությունից այդպես էլ հարցաքննության ժամանակ քննիչին չկարողացավ ոչինչ պատասխանել։ Միայն նայում էր մի կետի։ Ու մտքում կրկնում մոր խոսքերը երբ տեղի ունեցավ իրենց առաջին հանդիպումը. «Սիրունին տիրություն անել դժվար է»։
Երբ Կարապետը ուշքի եկավ հիվանդանոցում ստիպված եղավ պատասխանել ոստիկանության հարցերին, չթաքցրեց ու պատմեց եղելությունը։ Այսինքն իմաստ չուներ թաքցնել այն ինչ Կարենը բռունցքներով հանեց նրանից ու լսեցին վրա հասած աշխատողները։
_Ես մարդասպան չեմ, պարոն քննիչ։ Կնամոլ…. սրիկա…. խաբեբա… ինչ ուզում եք ասեք… բայց ես մարդասպան չեմ։
_Ինչպե՞ս պատահեց… ի՞նչ միջադեպ է տեղի ունեցել…
_Նա հավաքեց իրերը ու արագ գնաց դեպի դուռը, սակայն սայթաքեց ու ընկավ… քունքը կպավ սեղանի անկյունին ու երբ մոտեցա տեսա, հասկացա որ մահացել է։ Վախեցա… մտածեցի թե ինձ կմեղադրեք…
_Արագ գնաց, թե փախչու՞մ էր։
Նազարյանը լռեց։ Բայց լռությունը չօգնեց նրան հետախուզության ժամանակ, երբ հայտնաբերեցին Լիլիթի հետքերը մեքենայում, ինչպես և երբ կինը գժտվեց վերցրեց երեխաներին ու գնաց հորանց տուն, չօգնեց նաև երբ դատի ժամանակ Կարենը ճեղքեց ներկաներին, ցատկեց բռնեց ու ամուր սեղմեց նրա կոկորդը։ Չարացած տղամարդը այնպիսի ուժով սեղմեց, որ Նազարյանը մահացավ տեղնուտեղը։ Կարենին չորս ոստիկան հազիվ կարողացան անջատել Կարապետի անշունչ մարմնից։
Կարենին կալանավորեցին։ Մայրը որ մեղադրում էր իրեն հարսի մահվան պատճառ դառնալուն՝ իր հիվանդության պատճառով տեղափոխվեցին քաղաք, որդու բանտարկվելուց հետո՝ լրիվ կորցրել էր իրեն։ Շատ ժամանակ չանցած նորից ընկավ հիվանդանոց, վիճակը ծանր էր ու կես տարի անց մահացավ։
Անցավ քսանհինգ տարի։ Մի ամուսնական զույգ իր զավակների հետ մտավ գերեզմանոց։ Երկար քայլեցին գերեզմանաքարերի միջև փնտրելով հարազատների գերեզմանները։ Ծնողներն քչախոս էին, իսկ երեխաները անվերջ հարցեր էին տալիս։ Չնայած մոր պատմությունները վաղուց անգիր գիտեին, սակայն հազարերորդ անգամ մայրը համբերությամբ կրկնում էր սկզբից մինչև վերջ։ Մեկը պապիկն էր, որ իրեն կրակել սովորեցրեց, մյուսը քեռին էր, որ գետում խեղդվեց, մի ուրիշը հարևանուհին էր որ ճիպոտով ծեծել էր իրեն մորի գողանալու համար ու այսպես շարունակ… Չնկատեցին ինչպես անջատվեցին հորից ու թեքվեցին դեպի հակառակ կողմ։
Իսկ հայրը կանգնել էր անշարժ մի գեղեցկուհու գերեզմանաքարի դիմաց։ Նկարիչը վարպետությամբ փոխանցել էր մարմարին օրիորդի քնքույշ դիմագծերը, իսկ վարսերին նայողը կզգար նրանց փափկությնն ու բույրը։ Ժպտում էր դիմացինին կարծես ինքն էլ չիմանալով որ անկենդան ու սառը քար է, ավելի մեծ ցավ պատճառելով դիտողին։
Տղամարդը բոյով, սև մազերի մեջ արդեն տեղ տեղ սպիտակ, նիհարավուն կազմվածքով կանգնել էր նրա դիմաց։ Միշտ երբ գալիս էր այստեղ հիշում ու ապրում էր նույն ցավը, ինչ զգացել է տարիներ առաջ երբ իրեն հասավ Լիլիթի մահվան բոթը։
_Ֆելո՛, այստե՞ղ ես,_մոտեցավ նրան կինը։
Ամուսինը չպատասխանեց։ Չկտրեց հայացքը Լիլիթի աչքերից։ Նարգիզը մոտեցավ քեռու աղջկա շիրիմին ու մոմ վառեց ու խունկ։ Խունկի թարմ բույրը վերադարձրեց Ֆելիքսին այն օրը երբ ընկերներից իմացավ Լիլիթի սպանության մասին։ Սև օր… ահավոր օր… երանի՜ ոչ մի մարդ արարած չունենա նմանը կյանքում։
Երբ վերջիվերջո Լիլիթի մարմինը տվեցին հարազատներին ու նրանք ունեցան հնարավորություն հանձնել նրան հողին, ոտքերը չէին տանում իրեն, իսկ ուղեղը չէր ընդունում այն փաստը որ Լիլոն էլ չկա։ Ո՛չ… ո՛չ և ո՛չ… նա չի կարող մեռնել… բավական չի որ աստված զրկեց նրա սիրուց, այժմ խլում է կյանքը։
Լիլիթի մարմինը եկեղեցում էր՝ այդպես ուզեցել էին ծնողներն ու եղբայրը, ինչպես և որոշել թաղել հարազատ գյուղում։ Կարենին համոզել թե այդպես ճիշտ է։ Գոհարը ուզում էր որ դստեր գերեզմանը մոտիկ լինի, ու ցանկացած պահին կարողանա գալ ու թափել արցունքները վաղամեռ գառնուկի շիրիմին։ Հետո էլ Կարենը դեռ երիտասարդ էր, ու ժամանակ անց անպայման պիտի կազմեր ընտանիք և այլն, և այլն… այն ժամանակ դեռ ոչ մեկ չգիտեր Լիլիթի մահվան իսկական պատճառը, ինչպես և ինքը Ֆելոն։ Խեղճ Կարե՛ն… հիշեց նրա սպանված կերպարանքը երբ ուշ գիշերով մտավ եկեղեցի, մոտեցավ Լիլիթի դագաղին։
Կարենը արթուն էր՝ նստած մենակ։ Նստած էր Լիլոյից մի քիչ հեռու փայտե նստարանին։ Մազակալած դեմքով, աչքերը ուռած արցունքներից, անքուն գիշերներից, հոգնածությունից ու վշտի տառապանքից կոտրված, կորացած մեջքով,գլուխը կախ։ Արդեն ուշ գիշեր էր և հանգուցյալի դեմքը ծածկել էին։ Քայլեր լսելով բարձրացրեց գլուխը, նայեց իրեն ատելությամբ լի հայացքով։
_Կշտացա՞ր… երևի քո անեծքների շնորհիվ հիմա այս օրն եմ ընկել…
Հայացքով ցույց տվեց դագաղը։
Ֆելոն ոչինչ չասաց։ Կարենը միշտ եղել է իր ու Լիլիթի միջև, նույնիսկ հիմա՛ երբ Լիլին էլ չկա։ Անցավ երկու շարք նստարանների միջով ու հավասարվեց այն նստարանին ուր տեղավորվել էր Կարենը։ Արձանացավ տեղում… նայում էր դագաղին ու չէր կարող հավատալ թե ինչպե՞ս իր թանկագին Լիլին կարող է լինել դրա մեջ։ Իր Լիլո՛ն… Լիլիթը՛…
Կարենը ոտքի ելավ, մոտեցավ։ Երևի՞ հարվածելու է։ Բայց ոչ, անցավ իր մոտով ուղղվեց դեպի կնոջ դիակը։ Կռացավ ու գլուխը դրեց նրա գլխին։ Սավանը ձգվեց ու ընդգծեց մեռածի դիմագծերը։
_Լիլիթ Ֆելոդ եկել է… միշտ պաշտպանել ես նրան… չնեղացնես նրան… նա լավ տղա է… բարձրացի, ոտքի կանգնի մի տանջի ոչ ինձ, ոչ էլ նրան….
Կարենի աչքերը լցվեցին արցունքներով։
_Ասում էիր նա իմ փոքր ախպերնա… Լիլո՛, ձայն հանի… աղաչում եմ… ես չեմ դիմանա այս ցավին… գթա ինձ…դու միշտ էլ անչափ բարի ես եղել… այս անգամ էլ եղիր…
Նա լռեց։ Ուսերը ցցվում էին հեցկլտոցից։
Ֆելիքսը կանգնել էր նրա մեջքին անխոս։ Շրջապատող իրականությունը իրեն հեքիաթ էր թվում։ Բայց սա հեքիաթ չէր, սա մղձավանջային երա՛զ էր, որ տանջում էր ու չէր ավարտվում։ Կարենը ոտքի կանգնեց, դարձավ դեպի եկվորը.
_Արի, մոտեցիր… մոռացիր այն ամենը ինչ ասել եմ քեզ… Լիլին միշտ էլ հիշել է քեզ ու ասել միայն լավը…
Ֆելիքսը մոտեցավ։ Այնպես էլ չէր կարողանում գոնե մի ծպտուն անգամ հանել։
_Մենք չունենք բաժանելու ոչինչ… ու չենք էլ ունեցել… դու մնա… ես էլ չեմ դիմանում… չեմ կարող տեսնել նրան այսպես, դուրս գամ մաքուր օդ շնչեմ… եթե ուզես, կարող ես բացել դեմքը, նայել նախկին սիրուդ…
Ու Կարենը դուրս եկավ։ Ֆելիքսը նրա խոսքերի մեջ նախատինք ու փուշ էր զգում, եթե ինքը դեռ չէր կորցրել զգալու հատկությունը… նախկին սիրուդ… հիմար տղա… Ֆելոյի համար նախկին չի, այլ ներկայի ու ապագայի, հուր հավիտյան մինչև սրտի վերջին զարկը։