
Полная версия
ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ
–Ինչո՞ւ չսպասեցիր, որ Ռաֆայելը գար, մի լավ խնդրեր քեզ ու նոր բարձրանայիր, – նախատինքով հարցրեց Լեոնիդը, աչքերում անսքող ծիծաղ։
–Իսկ ինչո՞ւ պիտի խնդրեր, – գլխի չընկնելով՝ արտասանեց Ստեփանն ուսերը թոթվելով։– Ես առանց այն էլ գալիս էի։
–Եվ իզուր, – անչար ասաց Լեոնիդը։– Մարդիկ ինձ արդեն ռեստորան էին խոստանում՝ քեզ այստեղ բերելու համար։ Գոնե մի քիչ սպասեիր։
–Մյուս անգամ, – ասաց Ստեփանը, և, մոտենալով Ամալյային, ժպտադեմ ավելացրեց,– ի սրտե շնորհավորում եմ, թող քո բոլոր հիվանդներն իրենց ամբողջ կյանքում քաղցր խոսքով հիշեն քեզ, սակայն երբեք ու երբեք այլևս չվերադառնան քեզ մոտ։– Նա ետ տարավ ձեռքի փաթեթը, և արծաթյա մի բաժակակալ հանելով այնտեղից, պարզեց Ամալյային։
–Շնորհակալություն, – ժպտաց Ամալյան, ընդունելով նվերը։– Այս ինչքա՜ն եմ սիրում նվեր ստանալը, ձեռքերս ուղղակի դողում են։ Ի՜նչ գեղեցիկ բան է, – գովեց նա։
–Գովասանքը միշտ էլ հաճելի է, – ասաց Ստեփանը, – երբ այն լսում ես սիրելի մարդուց։
–Առավել ևս, երբ այդ սիրելի մարդու համար առանձնահատուկ օր է այսօր, – ավելացրեց Ելենան՝ մեկընդմեջ նայելով հավաքվածներին։
–Լսեք, դուք ինչ է, արդեն հանդիսավոր մասի՞ն եք անցել, – կեղծ լրջությամբ ասաց Ռաֆայելը։– Շուտ սեղանի մոտ, սկսում ենք։ Որպես հեռուներից եկած մարդ՝ խոսքը տրվում է Լեոնիդին։
Հյուրերը զվարթ տրամադրությամբ տեղավորվեցին սեղանի շուրջը, ըմպանակներն ու գավաթները լցվեցին օղով, կոնյակով ու շամպայնով, և Լեոնիդը, վերցնելով ըմպանակը, ելավ ոտքի.
–Դու՝ մեր աննման ու սիրելի բժշկուհի։ Գիտատեխնիկական հեղափոխության, միջուկային ու տիեզերական սպառազինությունների այս սրընթաց դարում ի՞նչ կուզենայիր, որ բարեմաղթեինք քեզ այն բանի նախադռանը, ինչ ընդունված է կոչել հասարակականորեն օգտավետ գործունեություն։ Գուցե ցանկանք, որ հիվանդներ քի՞չ ունենաս։Ավաղ, դա այնքան էլ շուտ չի լինի, քանզի աշխարհում չափազանց բարեհաջող պիտի գնան գործերը, որպեսզի բժիշկները նստեին անգործ։ Այնպես որ, սկզբնական շրջանում ես քեզ ցանկանում եմ, որպեսզի դու քո հիվանդներին գոնե ողջ թողնես, որովհետև այս աշխարհը, իր բոլոր պակասություններով հանդերձ, այնուամենայնիվ, այնքան էլ վատը չէ, որպեսզի մարդիկ շտապեին այն մյուսը։ Ահա հենց դրանից էլ պետք է ելնել՝ ամեն անգամ նոր հիվանդ ընդունելիս։ Ով գիտի, գուցե այդ հիվանդներից մեկը ես լինեմ, կամ Ստեփանը, կամ էլ, ասենք, աստծո խոնարհ ծառա Ռաֆայել Աղասիևիչը։
Ամալյան խնդությամբ նայում էր Լեոնիդին։
–Ես ձեզ կոնսուլտացիայի կուղարկեմ փորձված բժիշկների մոտ,– արագ ասաց նա։– Իսկ ինքս կբուժեմ հասարակ մարդկանց։
–Ինքնաապահովությամբ զբաղվող մարդիկ առանց քեզ էլ քիչ չեն այս աշխարհում,– վրա բերեց Ստեփանը խոժոռ տեսքով նայելով Ռաֆայելին։ Սա բարձր ծիծաղեց։
–Ինչո՞ւ ես ծիծաղում,– հարցրեց Ստեփանն ու ակամաբար ժպտաց։ Լեոնիդը նույնպես ժպտաց և ժպտալով էլ ասաց.
–Ընկերոջ նետած քարը, երբ չի խոցում, ուժեղ խուտուտ է տալիս, դրա համար էլ ծիծաղում է… Հա , է՞լ ինչ բարեմաղթանք։ Մարդ երկրի վրա ապրում է նրա համար, որպեսզի դառնա երջանիկ, այլ ոչ նրա համար, որ հարստանա, բայց երջանիկ լինելու համար չի խանգարի, որ մարդ մի քիչ էլ հարուստ լինի…
–Մեզ հարստություն պետք չէ,– ձեռքերը բարձրացրեց Ռաֆայելը։-Մեզ հարստության հույսն էլ բավական է, իսկ հույսը, բոլորին է հայտնի, աստծո տված միակ բարիքն է, որից անհնար է կշտանալ։
Լեոնիդը ծիծաղեց և պատառաքաղով զնգզնգացնելով գինու գրաֆինը, զգուշացրեց.
–Խնդրում եմ չխանգարել, թե չէ կարող եմ տուգանել…
Լեոնիդը շարունակել չկարողացավ. Հնչեց դռան զանգը, ասես հրահանգելով առայժմ սպասել։ Լեոնիդը հուսահատ նստեց և ինքնաբերաբար սկսեց ուտել։ Մյուսները ևս աշխույժ հետևեցին նրան։
–Կարծես թե ոչ ոքի չենք սպասաում,– գլուխը շրջելով միջանցքի կողմը, ասաց Ռաֆայելը, առանց տեղից վեր կենալու։
Ամալյան ելավ տեղից և գնաց դեպի դուռը։
–Կարելի՞ է,– լսվեց այնտեղից, և բոլորը իսկույն ճանաչեցին Եվայի ձայնը։
–Եվան է,– ակամա շշնջաց Ելենան։– Ես էի ասել, որ Ամալյայի դիպլոմը պետք է նշենք։
–Համեցեք, Եվա,– հրավիրեց Ամալյան։– Ինչ լավ է, որ եկել ես։ Ես այնպես ուրախ եմ։
–Շնորհակալություն, Ամալյա,– ասաց Եվան։– Դու միշտ էլ բարյացակամ ես եղել իմ հանդեպ, ինչը որ չէի ասի Ռաֆայելի մասին։– Նա հյուրասենյակի բաց դռնից նայեց ներս ու մնաց այլայլվաց՝ նկատելով, որ սեղանի շուրջ Ստեփանն ու Ելենան նստած են կողք-կողքի։ Եվան գլխով շփոթված բարևեց հավաքվածներին։
–Արի, Եվա, ներս արի,– տեղից բարձրանալով ասաց Ռաֆայելը։
–Ինչ ուրախ է ձեզ մոտ,– ինչքան կարելի է հանգիստ՝ արտաբերեց Եվան։– Ինչ-որ տոնախմբությո՞ւն է, թե ոչ։
–Այսօրվանից ես բժշկուհի եմ,– հպարտացավ Ամալյան՝ վերցնելով Եվայի վերարկուն։
–Ճի՞շտ։
–Մենք ու մենք ենք։ Մերոնց վաղն ենք հրավիրելու։
–Շնորհավորում եմ,– Եվան պայուսյակից հանեց Նեֆերտիտիի արձանիկն ու մեկնեց նրան։
–Աստված իմ, այս ինչ հրաշալիք է,– զմայլանքից իրեն կորցրեց Ամալյան։
–Գերազանց ընդօրինակություն է,– սեղանի վրայից թեքվելով ասաց Լեոնիդը։– Դա որտեղի՞ց է։
–Դավիթ Ավետովիչն էր բերել այն օրը,– մեղապարտ արտասանեց Եվան։
–Դավիթ Ավետովի՞չը:– Ամալյան զարմանքով ու կասկածանքով նայեց նրան։– Եվա…Էլ ինչո՞ւ ես ինձ տալիս… Ախր, դա հիշատակ է։
–Ոչինչ, ես այն սրտանց նվիրում եմ քեզ։ Գիտե՞ս, ինձ թվում է, նրա առեղծվածային ժպիտում, նրա խոշոր, աստեղնաբիբ աչքերում դարերի խորքից եկող հմայական ինչ-որ համր ուխտ կա՝ ուղղված մեզ՝ նրա հեռավոր հետնորդներիս՝ եղեք այսպես գեղեցիկ, եղեք ավելի մաքուր ու հոգով պայծառ, քան կաք, այլապես կկորցնեք ձեր թովչանքը… – Եվան քիչ հապաղեց, ասես կշռադատելով՝ արժե՞ ասել այն, ինչի մասին հիմա մտածում է, թե ոչ, և , այնուամենայնիվ, ասաց.– Ես այլևս տուն չեմ վերադառնա։ Ես վերադառնալու տեղ չունեմ, չեմ վերադառնա, վերջ։
–Ինչպե՞ս թե,– զարմացավ Ռաֆայելը։– Դու գժվե՞լ ես, ինչ է։
–Ոչ, Ռաֆայել, թվում է միակ ճիշտ քայլը, որ արել եմ իմ ամբողջ կյանքում, դա է։ Ուշ է, իհարկե, բայց լավ է ուշ, քան երբեք։
–Իսկ ի՞նչ ես մտադիր անել, -հարցրեց Ելենան՝ ոչ այն է վախով, ոչ այն է սրտացավությամբ։
–Չգիտեմ։ Դեռևս չգիտեմ,– անորոշ արձագանքեց Եվան և փորձեց ժպտալ։
–Եվա , նստիր։– Ամալյան նրա համար աթոռ բերեց։
–Լսիր,– դառնալով Եվային,– անսպասելի ասաց Լեոնիդը։– Իսկ ի՞նչ կլինի, եթե քեզ ինձ հետ տանեմ հեռու Սիբիր։ Ժամը չորսին ինքնաթիռս թռչում է։
Ելենան խնդուն քմծիծաղով նայեց շուրջը.
–Ոնց որ հայտնի երգում՝ ,,Կտանեմ քեզ տունդրա, կտանեմ ճերմակ ձյուների մոտ,, …
–Տար, Լեոնիդ,– ասաց Եվան՝ ուշք չդարձնելով Ելենայի խոսքին։-Միայն թե ոչինչ պատրաստել չեմ կարողանում։ Բայց դու մի վախեցիր, կսովորեմ։ Տար, Լյոնյա։ Ես գիտեի, որ այս գիշեր թռչում ես, դրա համար էլ եկա։
–Հա՞,– անմիջականութամբ ժպտաց Լեոնիդը,– զարմանալի է, իսկ ես կարծում էի, թե ստիպված պիտի լինեմ համոզել քեզ։
–Բայց մի պայմանով, որ աչքի լույսի պես պիտի պահես նրան,– պարտավորեցրեց բարեսիրտ ու դյուրահավատ Ամալյան, և, նստելով իր նախկին տեղը՝ ամուսնու կողքին, նայեց շուրջը։ Միայն Ստեփանն էր, որ չէր խառնվում խոսակցությանը։
–Թող փորձի միայն քեֆին կպչել,– կնոջը պաշտպանեց Ռաֆայելը։
–Շնորհակալություն, Ռաֆայել,-հոգնաթախանձ ժպտաց Եվան։-Քո սպառնալիքից հետո նա չի համարձակվի նեղացնել ինձ։
–Կարճ, համաձա՞յն եք, որ տանեմ, թե ոչ,-ասաց Լեոնիդն ու տեղից բարձրացավ։
–Նրանք համաձայն են, ես գիտեմ,– ասաց Եվան անբռնազբոս ժպիտով։– Եվ ես նույնպես դեմ չեմ։
–Ուրեմն հրաշալի է, գնացինք,– ժպտաց Լեոնիդը և, ձեռքն առնելով իր ըմպանակը, ասաց.– Մենք մարդ արարածներ ենք, իսկ դա իր հերթին նշանակում է, որ դյուրընկալ, զգայուն, բանական ու խելամիտ էակներ ենք, և, քանի որ դա, իրոք այդպես է, ուրեմն մենք իրավունք չունենք կիսատ թողնելու մեր աննմանական Ամալյայի կենացը։ Վերցրեք բաժակները։
Բոլորը միանգամից վերցրին իրենց ըմպանակներն ու գավաթները և համակ ուշադրությամբ հայացքներն ուղղեցին Լեոնիդին…
=============
ԴԵՂՁԱՆԻԿԸ ԳԵՂ-ԳԵՂ ԵՐԳԵՑ ԳԵՏԻՑ ԱՅՍ ԿՈՂՄ
-Ի՞նչ ես գլխահակ նստել այստեղ:
Ընկերոջ՝ Հարութի ձայնի վրա Թևիկը ծուլորեն շրջեց գլուխը, մի պահ անորոշ նայեց նրան, ասաց.
–Ե՞ս։
–Էլի՞ սկսեցիր քո այդ անիմաստ հարցականները:
Լայն ուսերն ու արևառ դեմքը՝ ցցուն ճակատին ընկած անհնազանդ մազափնջով, մանավանդ առնական թավ ձայնն ու դանդաղկտորեն-հանդարտ շարժումերն, ինչ խոսք, առաջին հայացքից անխորտակելի կամքի ուժի ու անսաստ եռանդի պատրանք են ստեղծում։ Սակայն, առավել մոտիկից ծանոթանալու դեպքում, նախնական տպավորությունն իսկույն չքանում է, իր տեղը զիջելով բավականին տարօրինակ մի խորհրդածության, որ մարդն ու իր արտաքինը գոյակցում են մեկը մյուսից տարանջատ։
Թևիկ Ասրիյանի պարագայում դրանք միանգամայն հակառակ բևեռներ են մեկը մյուսի նկատմամբ։ Նրա ծանրաբարո խրոխտ ձայնը լիովին համապատասխանում է իր պատկառելի տեսքին, և քանի դեռ չի ծիծաղել, կարող է թվալ, թե նրա ծիծաղի պոռթկումին մարդու թմբկաթաղանթները չեն դիմանա։ Բայց ահա նա ծիծաղում է, և մնում է բերանբաց զարմանքով նայել նրան. որտեղի՞ց հայտնվեց այդ ճվաղուն ''հի-հի-հին''։ Իսկ ո՞ւր մնաց նրա հզոր բասը…Դասախոսը կշտամբում է Թևիկին, ասում, որ ստուգարք չի կարող նշանակել։ Թևիկն արդարացման համար անհասկանալի ինչ-որ բան է մրմնջում, ակամաբար մոտենալով ամբիոնին։ Նայելով նրա բարձր ու վայելուչ կազմվածքին, կարելի է ակնկալել, թե նա հիմա ազնվաբար կխոստովանի, որ, այո, ճիշտ է դասախոսը, ինչպես հարկն է՝ չի նախապատրաստվել ստուգարքին, և որ ինքը հասկանում է իր սխալը, սրտանց զղջում է դրա համար, և ամեն մի ճիգ ու ջանք կգործադրի, որպեսզի քննության ժամանակ ամոթով չթողնի ոչ դասախոսին, և ոչ էլ իր ընկերներին։ Սակայն, դրա փոխարեն, նա անշնորհք կերպով տեղում դոփելով ու կրծելով ուռուգեր ստորին շրթունքը, ծամծմելով բառերը, կմկմում է այն մասին, որ ամիսուկես շարունակ գիշեր ու ցերեկ նստած պարապել է, որպես սկզբնաղբյուր՝ օգտվելով տասներեք բրոշյուրից ու տասներկու գրքից…
Դասախոսի վճռական ձայնն ընդհատում է նրան.
–Այդ բոլորը հասկացանք, իսկ ինչո՞ւ ես անպատրաստ ներկայացել ստուգարքին։
Ի՞նչ է մնում Թևիկին, եթե ոչ՝ թափ տալ ձեռքը ու նստել տեղը։ Բայց ոչ, նա հանկարծակի գունատվում ու մի տեսակ վիրավորված ասում է.
–Ե՞ս։
–Այո, դու,-հանգիստ ձայնով հաստատում է դասախոսը։
–Գիտե՞ք, ընկեր Խանյան… Ես դա չէի ուզում ասել… Մայրս, ախր, հիվանդացել էր… և ես շարունակ… ինձ համար շատ ծանր էր…Ոտքս էլ սաստիկ ցավում էր… Մամայիս արև…
Լսարանը միանգամից պայթում է ծիծաղից։
''Մամայիս արև… Մամուլյայիս ազիզ արևը'',-քրքռում էին տղաները։
Ջլապինդ ձեռքերով ամբիոնը գրկած, Թևիկը համբերատար սպասում է՝ մինչև լսարանը հանդարտվի, ասես պատրաստվում է կրակոտ ճառ արտասանելու։
Դասախոսը նույնպես ծիծաղում է։ Միայն Գայանեն է, որ չի ծիծաղում, նա միայն ժպտում է՝ իր հրակեզ սև ու զմայլուն աչքերով քնշահայաց նայելով Թևիկին։
–Մի հարց եմ տալիս,Թևան, եթե ճիշտ պատասխանեցիր, ստուգարք եմ նշանակելու,-ի վերջո ասում է դասախոսը։– Պատրա՞ստ ես։
–Ե՞ս,-ծուլորեն արձագանքում է Թևիկը, դանդաղորեն մի ոտքից անցնելով մյուսին։
–Պարզ է, քեզ հետ եմ խոսում, ուրեմն խոսքը քեզ է վերաբերում։ Եղա՞վ։
–Այո, ընկեր Խանյան -կրկին մի ոտքից մյուսին անցնելով ուշացումով ասում է Թևիկը։
–Կարո՞ղ ես ասել, եգիպտական բուրգերը ո՞ր երկրում են գտնվում՝ Հունաստանո՞ւմ, Եգիպտոսո՞ւմ, թե՞ Իտալիայում։
Թևիկը լրջախոհ, խելացի մարդու դեմք է ընդունում, երկար նայում է առաստաղին, ասես փորձելով այնտեղ գտնել այդ դժվարին հարցի պատասխանը, փակ աչքերով երկար մտածում է՝ կծելով շրթունքները և դառնալով դասախոսին, միանգամից ասում է.
–Իտալիայում։
Նորից նույն որոտուն ծիծաղն ու քրքիջը լսարանում։ Եվ ամենագլխավորը, երևում է՝ Թևիկն ինքն էլ շատ գոհ է իր պատասխանից, աջ այտը քիչ վեր՝ քթի տակ հանգիստ ժպտում է։
Հետագայում Հարութը բոլորին բացատրում էր, թե, իբր, Թևիկը խելա՞ռ հո չէ, որ պատասխան պարունակող այդպիսի պրիմիտիվ հարցին չկարողանար պատասխանել, և որ, իբր, նա դիտմամբ էր ասել՝ Իտալիայում, իսկ թե ինչու՞ էր նա այդպես ասել, Հարութը բացատրել չէր կարողանում, պարզապես թոթվում էր ուսերը և վերջ։
–Լավ, տուր ստուգման գրքույկդ,– զվարթաձայն ասում է դասախոսը։ Ամենայն հավանականությամբ, շատերի նման, նա նույնպես համակրում էր մանկական հուզիչ միամտությամբ այդ հսկային։– Ստուգարք եմ նշանակում, բայց պայմանով, որ քննության ժամանակ այլևս ոչ մի զիջում չի լինելու: Պա՞րզ է:
Ի պատասխան, Թևիկը գլխով է անում, գրպանից հանելով ստուգման գրքույկը, դանդաղաշարժ մոտենում է դասախոսին և մեկնում գրքույկը, չմոռանալով, իհարկե, քրթմնջալ այն մասին, որ ''տասներեք բրոշյուրից ու տասներկու գրքից'' օգտվել է։
''Ես իմ մամայիս ազիզ ցավը տանեմ'', – իրար բոթելով շարունակում էին տղաները։
Դուրս գալով լսարանից, Թևիկը գլխահակ նստում է միջանցքում դրված նստարաններից մեկին։ Ոտքն, իրոք, ցավում է։ ''Երևի, բեկորն է շարժվել'',-մտածում է։
–Ի՞նչ էիր տակից-գլխից դուրս տալիս,– մտերմիկ -հարձակողական տոնով հանդիմանում է Հարութը, որի հետ ընդունելության հենց առաջին օրվանից ընկերություն էր անում։ – Ի՞նչ էիր մեջ գցել այդ սկզբնաղբյուրների պատմությունը, մայրիկի հիվանդությունը և ամենասարսափելին՝ այդ ''մամայիս արևը''։
Այստեղ տեղն է , իհարկե, որ Թևիկն, այս ամենից զզված, գրողի ծոցն ուղարկի իր անկոչ քննադատին։ Բայց չէ… Ընդհակառակն, նա հուզվում, կարմրում է, անհեթեթ ժպտում, անօգնական տարածելով ձեռքերը, այսինքն՝ հասկանու՞մ ես, իրոք, շատ հիմար բան եղավ՝ ''ինքս էլ չգիտեմ, թե ոնց այդպես ստացվեց''։
Եվ, չնայած դյուրահավատ պարզամտությանն ու աններելի ծուլությանը, կուրսի տղաները նրա մասին բոլորովին վատ կարծիքի չեն։
–Թևի՞կը… Հրաշալի տղա է։
Եվ ահա սկսվել են քննությունները։ Ավելի ճիշտ, վերջին քննությունն է մնացել։ Այն նույն առարկայից, որի ստուգարքի ժամանակ ճերմակահեր դասախոս Սոկրատ Խանյանն ասաց, որ այլևս ոչ մի զիջում չի լինելու։
Եվ, հակառակի պես, բացվել է ոտքի վերքը, ամբողջ գիշեր ցավից մի վայրկյան անգամ չէր քնել։
Թևիկը Բաքվում է ծնվել, մինչև հինգերորդ դասարան ռուսական դպրոց է հաճախել։ Բաքվի վերջին՝ իննսուն թվականի կոտորածների ժամանակ, նրանց ընտանիքին հրաշքով հաջողվել էր փրկվել, նավով փախչել քաղաքից։ Մինչև հիմա էլ նա սարսափով է վերհիշում այդ ամբողջ պատմությունը, ծովափնյա զբոսայգին, հարյուրավոր մարդիկ (ռուս զինվորականների ու տանկերի հսկողությամբ, որպեսզի ադրբեջանցի զինված խուժանը նորից չհարձակվեր նրանց վրա), ցաքուցրիվ, ծեծ ու ջարդից այլանդակված դեմքերով, սարսափահար այս ու այն կողմ էին վազում, որոնելով հարազատներին, մի կերպ խցկվում լաստանավի մեջ, ծովն է հիշում, ուր արդեն զինվորականներ չկային, և նավի անձնակազմը սանձարձակորեն ծանակում էր անպաշտպան հայերին, խաբեությամբ կամ բռնի կերպով խլելով նրանց զարդերն ու վերջին կոպեկը։
Կրասնովոդսկից նրանց ինքնաթիռներով ձրի փոխադրեցին Երևան, ժամանակավոր տեղավորեցին պանսիոնատում։ Հայաստանը, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից շրջափակված, սարսափելի ցուրտ, մինչև լույս սենյակի մեջ առաջ ու ետ էին գնում. ցրտից հնարավոր չէր աչք փակել։ Բնիկ ղարաբաղցի էին ծնողները, որոշեցին տեղափոխվել Ղարաբաղ, Մարաղա գյուղում ազգականներ ունեին։ Սակայն նրանց բախտը այստեղ ևս չբերեց։ Ապրիլի տասին ռուս գեներալ Շամանովի տանկերը խուժեցին գյուղ, տանկիստները ռուս տղաներ էին, ասացին, որ ադրբեջանական զորքն ու թալանչի ոհմակը՝ Բարդայից, Միր-Բաշիրից ու շրջակա ադրբեջանական գյուղերից, հետևից գալիս են, փախեք։ Հայրը տանը չէր, գյուղի չորս կողմում պահակակետեր կային, նա պահակակետերից մեկում հերթապահում էր այդ օրը, ու Թևիկը նրան այլևս չտեսավ։ Զոհվե՞ց միանգամից, թե գերի վերցրին՝ անհայտ էր։ Օդից ռմբակոծում էին գյուղը, հրդեհիչ արկերով խփում էին տներին, այս ու այնտեղ մի քանի տուն բոցավառվեց։ Խուճապ էր, ճիչ ու վայնասուն, սկսեցին փախչել, տանկերից նույնպես կրակում էին, մարդիկ ընկնում էին ու մնում այդպես ընկած։ Անցան Լենինավանը, Լեոնարխը, Կարմիրավանը, որոնք նմանապես ռմբակոծվում էին ինքնաթիռներից ու տներ էին վառվում, հասան Մարտակերտ, այնուհետև ձորերով, սարերով, նոր-նոր կանաչող անտառներով, շարունակ գնում ու գնում էին։ Զանազան գյուղերով էին անցնում, բայց ինքը այդ գյուղերի անունները չգիտեր, ամենուր՝ փախուստ, ոչխարի մայուն ու կովերի բառաչ, իրարանցում։ Հինգերորդ թե վեցերորդ օրվա լուսադեմին հասան Ստեփանակերտ, որը նույնպես շարունակ ռմբակոծվում էր Աղդամից, Խոջալլուից, մոտակա ադրբեջանական գյուղերից ու Շուշի քաղաքից…Ապրում էին՝ որտեղ պատահեր, մինչև տասերորդն ավարտելը մի քանի դպրոց փոխեց, չհաշված Բաքուն ու Երևանը։ Հետո սկսվեց պատերազմը, և Թևիկն իր բարձր հասակով, դյուրահավատ-անեղծ նայվածքով, կռվի առաջին գծում էր։ Ալաշանի բարձունքին տիրելու համար ահագին զոհեր եղան, և նրանց մեջ՝ Իգոր Բաղունցը։ Ապոլոնի պես գեղեցիկ այդ շեկ տղային Թևիկը շատ էր մտերիմ։ Իգորն էլ իր նման քչախոս էր ու իր նման ինքնամփոփ։ Ծառերի ետևում, փոքրիկ մի թմբի նստած խոսում էին և միանգամայն անսպասելի՝ Իգորն իր սիրո մասին պատմեց Թևիկին։ Իր հոր մտերիմ ընկերոջ աղջկա մասին էր պատմությունը, անունը Լաուրա: Նույն դասարանում էին սովորել Մարտակերտում, իսկ հետո աղջկա ընտանիքը փոխադրվել էր Բաքու։ Տասերորդ դասարանը նա այնտեղ ավարտեց, այնտեղ էլ ընդունվեց համալսարան, բայց ամռանը գալիս էին Մարտակերտ, այստեղ տուն ունեին։ Աներևակայելիորեն գեղեցիկ, կենսախինդ, շլացուցիկ ժպիտը գեղահրաշ շուրթերին՝ այդ աղջկան Իգորը ամբողջ սրտով, ողջ հոգով սիրում էր, բայց այդպես էլ համարձակություն չունեցավ խոստովանել նրան իր սերը։ '' Հաճախակի, նույնիսկ կարելի է ասել ամեն գիշեր, տեսնում եմ նրան երազում'',-ասաց Իգորը։ Իսկ հետո մի հարց տվեց, որ շատ տարօրինակ հնչեց այն ժամանակ։ Ասաց. ''Մարդ վշտից կարո՞ղ է մեռնել''։ Թևիկը տարակուսանքով նայեց Իգորին, թոթվեց ուսերը, իսկ Իգորն ասաց. ''Եթե ինձ մի բան պատահի, մայրս չի դիմանա… հայրս նույնպես''։ ,,Նրանք ջահե՞լ են'',– մի բան ասած լինելու համար հարցրեց Թևիկը։ ''Այո, շատ ջահել են, ես նրանց առաջարկել եմ, փոքր եղբայր ունեմ, Օլեգ է անունը''։ Եվ Թևիկն իր մտքում համաձայն էր դրան, այո, այդպիսի որդու՝ և հոգով, և արտաքինով այդպիսի գեղեցիկ որդու կորուստին, չէ, ոչ մի ծնող չի դիմանա, բայց ուրիշ բան ասաց Թևիկը, նա ասաց. ''Իգարյոկ, ինչեր ես խոսում, մենք հաղթանակով կվերադառնանք, միասին կգնանք հորդ ընկերոջ տուն…''։ ''Ուշ է,-դառնակսկիծ ընդհատեց նրան Իգորը,– նա ամուսնացել է արդեն'' , և, ամենայն հավանականությամբ, որպեսզի Թևիկն այլևս ոչինչ չհարցներ իրեն այդ մասին, կտրուկ անցավ բոլորովին այլ խոսակցության։
–Ուղիղ հարյուր տարի առաջ Րաֆֆին եղել է այստեղ, Ալաշանում, – ասաց նա։ – Աղջիկների է հանդիպել, որոնք այս անտառներում, առանց որևէ երկյուղի, հոն են եղել քաղելիս, և ոչ մի թուրքի գյուղ, ոչ մի թուրք այն ժամանակ չեն եղել այս կողմերում, իսկ հիմա եկել, լցվել են, հազար ու մի կեղծիքով ու սադրանքով պատմություն են ստեղծում, ուզում են տեր կանգնել մեր պատմությանն ու մեր հողերին։
Այդ օրը, մարտի ժամանակ, Իգորը զոհվեց։ Հետագայում Թևիկը լսեց, որ իբր Իգորի մայրը՝ Մարտակերտի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Մարինան, որդու վշտին դիմացավ… ընդամենը քառասուն օր, իսկ հայրը՝ Պավլիկը, մի տարի կարողացավ միայն դիմանալ… Որքանով էր դա ճիշտ՝ ինքը հաստատ չգիտեր, բայց, եթե ասում են, ուրեմն ճշմարիտ մի բան կա, հո զուր տեղը չէին ասի:
Բազմաթիվ մահեր տեսած Թևիկին ցնցել էր Իգորի մահը։ Շարունակ զսպում էր իրեն, բայց գնալով մեջը լկլկում էր, չկարողացավ իրեն պահել, չոքեց գետնին ու, հայացքը երկնքին, լաց եղավ։ Ավելի ճիշտ, դա լաց չէր, այտամկանը շարունակ ցնցվում էր, և այդ լաց կոչվածն իր ներսում բարձրանում, խեղդում էր նրան, և օդը չէր հերիքում, որ շնչեր։ Այդպես երկրորդ անգամ էր պատահում իր հետ։ Առաջին անգամ՝ երբ Մարաղայից դուրս էին եկել և մի բլրակից նայեց հետ, վառվող գյուղին։ Այրվող տների բոսոր ցոլքերից այնտեղ, գյուղի վրա երկինքը շիկացած էր և Թևիկին մի պահ այնպես թվաց, թե հայրն այնտեղ ընկած է անօգնական, իսկ իրենք նրան լքած հեռանում են։ Ինչպես հիմա, ներսից, ուղղակի կրծքավանդակի տակից, ինչ-որ ալիք շարունակ բարձրանում, ասես բութ մատով՝ սեղմում էր կոկորդը, և նա, բերանը լայն բացած, հազիվ էր կարողանում շնչել։
Իգորի զոհվելու օրը Թևիկը վիրավորվեց ձախ ձեռքից, սակայն դուրս չեկավ կռվից, վիրակապեցին վերքը, և նա ջոկատի առջևից անդադար կրակելով առաջ էր գնում։
Երեկոյան դեմ ազատագրեցին Ալաշանը։
Հաջորդ անգամ Թարթառի ձորում վիրավորվեց, Սարսանգի ամբարտակից մի քիչ վերև, Դրմբոն գյուղի մոտ։ Գետի մյուս ափից, Զագլիկ գյուղի մոտերքից, շարունակ խփում էին ֆուգասային արկերով։ Հենց արկերի բեկորներից էլ վիրավորվեց։ Ամբարտակի վրա անթիվ-անհաշիվ զոհեր եղան երկու կողմից։ Սկզբում խոսք կար պայթեցնել ամբարտակը, հետո հրահանգ եկավ՝ ոչ մի դեպքում. Ղարաբաղին լույս ու ջուր է պետք։
Թևիկն այդ ժամանակ վիրահատված ոտքով պառկած էր Ցեխ ձորի դաշտային հոսպիտալում։ Բուժեցին ոտքը, և նա դարձյալ կռվի դաշտում էր, այս անգամ Կիչան գյուղն էին ազատագրում։ ''Թուրքերը Թևիկից են փախչում,-կատակում էին տղաները։-Բոյը տեսնում՝ վախից զենքերը գցում, ճղում են''։ Թևիկը ժպտում էր այդ խոսքերի վրա, ինչպես նա կարող էր ժպտալ՝ աջ այտը քիչ բարձրանում է, փոսիկ է գոյանում այնտեղ, իսկ աչքերը շողում են մի առանձնահատուկ փայլով։ Ինչ-որ մեկը հարցրեց, թե մեր գյուղերն ավերող այդ կործանիչների օդաչուները ադրբեջանցինե՞ր են արդյոք, թե ռուսներ։ ''Դու հիմա՞ր ես, ինչ է,-վրա տվեցին այս ու այն կոցմից,-դու այդ որտե՞ղ ես տեսել, կամ լսել, որ ադրբեջանցին օդանավ քշի''։ Եվ այստեղ դանդաղորեն շրջվելով՝ Թևիկն իր միամիտ-անմեղ տեսքով բացատրեց, որ Բաքվում ինքը իր աչքով տրամվայ քշող ադրբեջանցի է տեսել։ Մի այնպիսի ոռնոց ու քրքիջ բարձրացավ, որ նույնիսկ զգուշացան մի պահ՝ այդ բարձր ծիծաղով ու քրքիջով հակառակորդին հո չեն մատնում իրենց տեղը։
Կռվի դադարներին տղաները տարվում էին Ղարաբաղին վերաբերող պատմություններով։ Անուններ էին տալիս, որ ինքը երբեք չէր լսել՝ Շիլդերբերգեր, Ղազվինի, Պիգուլևսկի, Շառլ Դիլ, Իբն Խակուալ, Ամֆիտեատրով, Շեխտման։ Եվ ոնց էլ հիշում էին այդ բոլոր անունները։ Նրանց մեջ ինստիտուտ ու համալսարան ավարտածներ կային (Իգորը նույնպես ինստիտուտավարտ էր, ափսոս, հազար ափսոս)։ Մի ուսուցիչ էլ կար՝ Վաղարշակ Գաբրիելյան, Քոլատակ գյուղից։ Թևիկի նման երկարահասակ, բայց բարակիրան, չորուկ դեմքով մարդ էր, անչափ բարի տեսքով։ Հիսունն անց էր, բայց գիշեր-ցերեկ որդու հետ իրենց հետ՝ կռվի ամենաթեժ տեղերում։ Հետաքրքիր ձևով էր խոսում, բառերը երկարաձգելով։ Մամռակալած թավ անտառի խորքում , չոր ու զսպանակվող փափուկ տերևներին պառկած՝ Թևիկը հայացքը երկնքի մուգ կապույտ խորքապաստառին դանդաղորեն տարուբերվող ծառերի կատարներին, լսում էր նրա ձայնը.
–Ղարաբաղը, կամ ինչպես հնում էին ասում՝ Արցախը, միշտ հայոց աշխարհ է եղել, նրա ամբողջ տարածքում, սկսած Սևանա լճի արևելյան ափից մինչև Արաքս ու Քուռ գետերը ու այնտեղից էլ մինչև Վրաստանի հարավային սահմանները, հայերս ապրում ենք վաղնջական ժամանակներից։ Չիչերինը Ռուսաստանի արտաքին գործերի կոմիսարն էր, Լենինին ուղարկած նամակում նա մատնանշում է, որ Ղարաբաղը բուն հայկական տարածք է, սակայն հարթավայրային մասում հայերին բնաջնջելուց հետո, գրում է նա, այնտեղ բնավորվել են թաթարները։ Դժբախտաբար, հայերին վերաբերող բոլոր նամակներն ու զեկույցները Լենինը մակագրում էր հայատյաց Ստալինին, մեր կորուստների մեծ մասը դրանով է պայմանավորված։ Կարդացեք Հերոդոտ-Ստրաբոնից մինչև Մարկո Պոլո, Ջովաննի Գուայտա ու Դեվիդ Լենգ, նմանապես արաբական ու հունահռոմեական բազմաթիվ հեղինակների երկերը, և դուք կտեսնեք, որ Քուռ գետի աջ մասը դարեր ի վեր Հայաստան էր կոչվում, իսկ ձախ մասը ալանների երկիր, որտեղ ապրող ցեղերից մեկի՝ գարգարցիների համար Մեսրոպ Մաշտոցը տառեր ստեղծեց…
Թեթև հողմիկից ծառերն օրորվում էին, տերևները թրթռում, խշշում էին, ինչ-որ տեղ, ոչ այնքան հեռու, փայտփորիկը անձանձիր տկտկացնում էր չոր ծառաբունը, մի պահ կանգ էր առնում, ասես ականջ էր դնում արձագանքին ու դարձյալ վերսկսում էր իր համաչափ տկտկոցը։ Կյանքը հանդարտ հոսում էր հավիտենական թվացող այդ խշշուն անդորրի մեջ, Թևիկի մտքում, ավելի շուտ, ոչ թե մտքում, այլ սրտում, հոգու ամենախորքում, այս ամենը փոխարկվում էր բանաստեղծության, հանգավորվում էր, կկվի ձայնը թախծական երգ էր դառնում, փայտփորիկի տկտկոցը՝ մորզեգիր, դեղձանիկի գեղ-գեղ երգը՝ սիրո կանչ ու մեղեդի, և նրան անիմաստ ու ցավալի էր թվում այն, որ շուտով, գուցեև մի քանի րոպեից հետո, այս ամենը կմարի, կխլանա ռումբի ահարկու պայթյունից ու ավտոմատների կրակոցներից, և Թևիկն իր ջոկատը կտանի մարտի ու, ամենայն հավանականությամբ, տղաներից մեկը, որ հիմա գլուխը ձեռափին հակած խաղաղ լսում էր Վաղարշակ Գաբրիելյանի պատմությունը՝ հայրենի Ղարաբաղի մասին, պատահական գնդակից կզոհվի այնտեղ, ինչպես Իգոր Բաղունցը զոհվեց, և ինքը խեղդվում էր իր ներսում հորձանք տվող դառը արցունքներից։
Աստված, Աստված, ինչպիսի տղաներ զոհվեցին, և, եթե, իրոք, աստված կա , նա ինչպե՞ս է հանդուրժում այդ ամենը, ինչպե՞ս չի կուրանում, եթե աչքեր ունի ու տեսնում է, թե ինչպիսի ջահել տղաներ են զոհվում, որոնց հարազատների, սիրած աղջիկների աչքը հավիտյան նրանց ճամփին է մնալու։ Ախր, ինչպե՞ս է Աստված այդ բոլորը տեսնում ու դարձյալ մնում անտարբեր՝ նստած իր բարձր գահին։ Քանի-քանիսը զոհվեցին, և առաջիններից մեկը Սամվելիկն էր, Սամվել Ադյանը՝ Ղազարահող գյուղից, քաջ ու անձնվեր, բոլորի համար պաշտելի։ Իր նման, նա էլ բանաստեղծություններ էր գրում, և միակ երազանքն էր՝ կռվից հետո անպայման գիրք հրատարակել։ Բանաստեղծություններ շատ է կարդեցել Թևիկին, բայց մեկը՝ ''Զինվորի երգը'', որ նա գրել էր Սովետական բանակում ծառայելիս, Թևիկին շատ դուր եկավ։ Մի երկու անգամ Սամվելիկը կարդաց իրեն այդ բանաստեղծությունը և, զարմանալի բան, ինքն իսկույն անգիր արեց.
Հե՜յ, երկնքի սիրուն հավքեր,
Ամպերի հետ տարված խաղով,
Արդյոք ճամփան ձեր հրեղեն
Չի՞ անցնում մեր Ղարաբաղով։
Ախ, գնում եք շարվեշարան՝
Դուք ձեր անուշ երգ ու տաղով,
Ինչ կլինի՝ բարև տանեք,
Թե անցնեք մեր Ղարաբաղով…
Սկզբի այդ երկու քառյակն է միայն հիշում, մյուս երկուսը, դժբախտաբար, մոռացել է։ Թևիկը փորձ արեց վերհիշել շարունակությունը, բայց ապարդյուն։ Չէ, մնացածը չի հիշում, միայն առանձին տողեր ու բառեր՝ դա է, չի հիշում մնացածը… Մինչև հիմա էլ Սամվելիկի քաղցրահունչ ձենն իր ականջում է ու երբեք-երբեք չի մոռանա…
Շատ բաների մասին էր մտածում Թևիկը, ու շատ բան չէր հասկանում։ Իրոք, ահա, իրենք ստիպված ինքնապաշտպանության են դիմել, սար ու ձոր ընկած՝ կռվում են, զոհվում, վիրավորվում են, ուրիշ կերպ հնարավոր էլ չէ՝ պաշտպանում են իրենց հնամյա հողը, իրենց տունը, իրենց կանանց, մոր ու քրոջ պատիվը, նախնիների սուրբ գերեզմանները, իսկ նրանց՝ այդ ադրբեջանցիներին, ո՞վ է քշել բերել Ղարաբաղի լեռները, իրենք՝ հասկանալի է, նրա՞նք հանուն ինչի են զոհվում այս անտառներում՝ հարյուրավոր կիլոմետր հեռու իրենց ծննդավայրից։ Բաքվում սովորելիս նա երկու մտերիմ ընկեր ուներ՝ Ֆուադն ու Սամիրը, շարունակ իրար հետ էին, շարունակ իրարից անբաժան, և Թևիկը հանկարծ սարսափով մտածեց այն մասին, որ նրանց նույնպես կարող է քշել, բերել են այստեղ, և շատ հնարավոր է, որ այն ժամանակ, գետի մյուս կողմից նրանց արձակած ֆուգասային արկի բեկորներից ինքը ծանր վիրավորվեց։ Այո, դա, իրոք, հնարավոր է, և, ով գիտի, գուցե հենց այս պահին նրանք նմանապես մտածում են իր մասին, կարոտով հիշում են, ինչպես ինքն է սրտանց կարոտել նրանց ու անձկությամբ հիշում է, և, Աստված վկա, շատ կուզենար, որ նրանց ոչինչ չպատահեր, ողջ-առողջ վերադառնային իրենց ծնողների մոտ, որոնց նույնպես Թևիկը հիշում է, քանի-քանի անգամ եղել է նրանց հյուրընկալ տանը, և նրանք նույնպես քանիցս եղել են իրենց մոտ… Չէ, սխալ է, այս աշխարհում սխալ բան շատ կա, շատ-շատ սխալ բաներ կան…