bannerbanner
ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ)
ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ)полная версия

Полная версия

ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ. (Վեպ-ռեքվիեմ)

Настройки чтения
Размер шрифта
Высота строк
Поля
На страницу:
25 из 26

Սիավուշի խոսքը մնաց կիսատ: Չգիտես ինչու, Նաթիգը վերադարձավ վրդովված, սակայն, երևի, Միրալի մուալլիմից զգուշանալով, ոչինչ չասաց:

– Ի՞նչ է պատահել, – հարցրեց Սիավուշը և, հասկանալով բանի էությունը, ներկայացրեց Միրալի մուալլիմին, բացատրելով, որ նա է զանգել իրենց տուն:

– Զզվելի մի բուժքույր կա այստեղ, – արդեն առանց քաշվելու ասաց Նաթիգը: – Շրջում է միջանցքներում և բոլորին բացատրում, որ բաժանմունքում վիրավոր հայ կա պառկած: Ժողովրդական ճակատի ներկայացուցիչներն արդեն գիտեն այդ մասին: Նրանցից մեկը նույնիսկ հայտարարել է, որ եթե բուժքրոջ ասածը ճիշտ է, պետք է վերացնել նրան:

– Ես կզանգեմ ուր որ պետք է, – իրար անցավ Սիավուշը:

– Ոչ, – ընդհատեց Նաթիգը: – Ես խոսեցի բժիշկ Մամեդյարովի հետ, Յունուսը մեր լավագույն տղաներից է, կտանենք նրա մոտ: Մեր տուն կտանեի, իհարկե, բայց ինձ մոտ հայի երկու ընտանիք կա արդեն:

– Իսկ ինչո՞ւ ոչ ինձ մոտ, – մի տեսակ նեղացավ Սիավուշը: – Վերջ ի վերջո, իմ ընկերն է, ես պարտավոր եմ…

– Քեզ մոտ չի կարելի, – նորից ընդհատեց Նաթիգը: – Առավոտից իրիկուն տունդ լցված է ցնդած բանաստեղծներով, կգնան կմատնեն: Յունուսի մոտ հարմար է, գիտեմ ինչ եմ ասում:

– Բայց իմ հագին շոր չկա, – թեկուզ ցածր, բայց լսելի ասացի ես: – Նրանց մոտ են շորերս:

Նաթիգը գնաց փրկելու իմ հագուստը, սակայն ետ եկավ ընկճված տրամադրությամբ:

– Նրանց հրամայված է արյունաթաթախ շորերը չտալ, – պարզաբանեց նա: – Վախենում են, թե կարող ես տանել Մոսկվա և ներկայացնել այնտեղ որպես ջարդերի ապացույց: Զոռով հաջողվեց մի զույգ կոշիկ պոկել՝ քառասունչորս համարի:

– Ոչինչ, իմ թիկնոցը կհագնի, – ասաց Սիավուշը՝ հանելով թիկնոցը: – Վաղը ես ուրիշ հագուստ կբերեմ:

– Դուրս կգանք ետևի դռնից, – զգուշացրեց Նաթիգը: – Միջանցքով ես առջևից կգնամ, դուք մի քիչ հեռվից կգաք իմ ետևից:

Մերկ մարմնիս վրա հագնելով Սիավուշի թիկնոցը, բոբիկ ոտքերիս՝ երկու համար մեծ սառը կոշիկները, ցավերից ու կորցրած արյունից ուժասպառ՝ ես Սիավուշի հետ դուրս եկա հիվանդասենյակից, վերջին պահին դռան մոտ ետ շրջվելով ու գլխով շնորհակալություն հայտնելով Միրալի Սեիդովին, որը մագաղաթյա անառողջ դեմքով, անքնությունից՝ աչքերի տակ սև շրջանակներ, լուռ, տրտում ու միայնակ կանգնած էր իր մահճակալի մոտ: Այն երկուսը չկային: Սիավուշին թևանցուկ, համարյա նրանից կախված, դուրս եկանք միջանցք և անթիվ, անհամար մարդկանց հառաչանքների, ցավագին տնքոցների ու լացի ուղեկցությամբ դանդաղ գնացինք բժիշկ Նաթիգի ետևից:

Նա մեքենան կանգնեցրել էր ուղղակի դռանը կպցրած: Մի կիսավայրկյան իմ հայացքն ընկավ բժշկական ինստիտուտից այն կողմ, բարձրահարկ շենքերից դեն՝ համարյա ամբողջապես հայերով բնակեցված ինքնաշեն տներով Խուտորի վրա. այս ու այնտեղ ծուխ էր բարձրանում, և թանձր այդ ծուխը ծածկել էր արևը… Այդտեղ էր, մայիս ամսին, ադրբեջանական ոհմակը, վայրենի հարայ-հրոցով՝ «Կորչեն հայերը», «Մահ հայերին», երկաթաձողերով զինված, ներխուժել էր ավան, Խուտոր թաղամասի երկրորդ փողոցում նրանք լցվել էին Ալյոշա Աղաբեկյանի փոքրիկ բակը, արդեն անխնա ծեծում էին նրա պատանի որդիներին, քաշքշում կնոջն ու դեռահաս աղջիկներին, տան կտուրից, որսորդական հրացանից Ալյոշայի արձակած գնդակը գետնին տապալեց խառնակույտի գլխավորին՝ քաղաքացիական հագուստով միլիցիայի մայոր Ֆազիլ Իսմայլովին, գազազած ոհմակը կանգ առավ, ահով ետ ընկրկեց ու զարհուրած դիմեց փախուստի: Նրանք ցաքուցրիվ փախչում էին ու գորգոռում՝ «Հայերը զինված են», «Նրանք մեզ կոտորում են»: Այդպես կանխվեց արյունահեղությունը, հետագայում այլևս ոչ ոք չհամարձակվեց մտնել Խուտոր: Հետաքրքիր է, ինչպե՞ս դասավորվեց այդ Ալյոշայի կյանքը, հաջողվե՞ց նրան փրկվել արդյոք…

– Նստիր, նստիր, ժամանակ չկա, – շտապեցրեց Նաթիգը:

Սիավուշն օգնեց, ես տեղավորվեցի մեքենայի ետնամասում:

– Հետևի նստատեղին պառկիր՝ մարդ չտեսնի, – շուրջը նայելով՝ կարգադրեց Նաթիգը: – Սիավուշ, նստիր առաջ, ինձ մոտ:

Հիվանդանոցից հաջողությամբ դուրս եկանք: Փողոցներում, ինչպես Սումգայիթում այն ժամանակ, այրված մեքենաներ կային, որ ծխում էին դեռևս: Արմենիքենդի շուկայի մոտ, տրամվայի գծերի վրա, շտապ օգնության մի մեքենա էր այրվում, բաց դռնից տղամարդու անշարժ ձեռք էր կախված: Փողոցներում, այս ու այնտեղ, խարույկներ էին վառվում, մի երկու տեղ շուռ տված կրպակներ կային: Ամբողջ Արմենիքենդը կորած էր ծխի մեջ: Արմենիքենդի շուկայից այն կողմ, Ֆաբրիցիուս փողոցով երկաթաձողերով զինված տղաների մի մեծ խումբ քսան-քսանհինգ աղջիկների՝ ներքնաշորերով ու համարյա կիսամերկ, փողոցն ի վար քշած տանում էին դեպի ներքև, կայարանի կողմը: Նաթիգը մեծ արագությամբ մեքենան քշեց վեր, Ինգլաբ փողոցում թեքվեց աջ, սլացավ ֆուտբոլի մարզադաշտի ուղղությամբ: Մարզադաշտին չհասած, տրամվայի հավաքակայանի մոտ լայն փողոցը սրընթաց հատելով, երկու աղջիկ անցան, մեկը՝ բոլորովին փոքր, քամուց ծփացող կարմիր շորով: Մեծը տրամվայի գծերի վրա սայթաքեց ու ծնկեց, բայց արագորեն ելավ՝ մի կիսակնթարթ սարսափահար սև աչքերով նայելով ետ: Նրանց ետևից տղաների մի ոհմակ էր գնում գոռում-գոչյուններով: Շնագայլային նրանց ոռնոցը՝ «ա¯-ա-ա», կորավ տների ետևում:

– Նաթիգ, – մռայլադեմ, ատամները սեղմած ասաց Սիավուշը, – ասա ինձ, մենք իրավո՞ւնք ունենք ապրելու այս աշխարհում:

– Մենք՝ այո, – արձագանքեց Նաթիգը: – Իսկ նրանք՝ ոչ: Նրանք և նրանց նմանները՝ ոչ, – ավելացրեց նա: – Եվ նրանք, ովքեր ցնկնել են նրանց, նույնպես ապրելու իրավունք չունեն:

Փողոցներով ու բակերով, ինչպես մղձավանջի միջով, խմբեր էին վազվզում այս ու այն կողմ: Ինչ-որ տեղից կանացի աղեկտուր ճիչ լսվեց:

Բժիշկ Յունուս Մամեդյարովն արդեն տանն էր: Նա մեզ դիմավորեց լուրջ անհանգստությամբ, ասաց, որ ժողովրդական ճակատի ջարդարարները մի քանի անգամ եկել են արդեն, տնետուն ստուգում են՝ հո թաքցրած հայեր չկա՞ն:

– Դե, նրանց մերն էլ, – կոպտորեն հայհոյեց Յունուսը՝ ուղեկցելով ինձ դեպի տան սենյակներից մեկը:

– Ես արդեն վիրակապել եմ, – գործնականորեն ասաց Նաթիգը: – Առավոտյան կգամ, կփոխեմ վիրակապը: Գլխի վերքերն էլ կնայեմ:

– Ես ինքս կփոխեմ, ինչ է, ես բժի՞շկ չեմ, – առարկեց Յունուսը:

– Բժիշկ ես, բայց պետք չէ, – բարեհոգի տեսքով ծիծաղեց Նաթիգը: – Մի՞թե որևէ բան կարելի է վստահել քեզ՝ քո այդ երկաթե մատներով: Ինքս կգամ, կանեմ:

Նաթիգի գործը փոքրիկների հետ էր, և վիրակապումը, իրոք, նա անում էր նուրբ վարվեցողությամբ: Հասկանալի էր, իհարկե, որ նրանք կատակում էին, իսկ գուցե կատակներով պարզապես փորձում էին փարատե՞լ իրենց հոգու խռովքն ու տագնապը:

Կարինայի հեռախոսահամարը մնացել էր բաճկոնիս գրպանում, ես Սիավուշին խնդրեցի գնալ աերոդրամարկղի շենք, քառասուներեքերրորդ բնակարան՝ մի տեղեկություն բերելու:

– Շատ լավ, – խոստացավ նա: – Ամեն ինչ կիմանամ: Առավոտյան շուտ Նաթիգի հետ կգանք:

Յունուսն ինձ համար ուտելիք բերեց, ամբողջ պատին դուռը ծածկող գորգ կախեց: Օտար մարդը հազիվ թե հասկանար, որ այդ պատի ետևում մի ուրիշ սենյակ էլ կա:

Յունուսի կանխատեսությունը ես հետո գնահատեցի, երբ միառժամանակ անց կրկին մի քանի հոգի եկան և սկսեցին հարցուփորձը. «Հայեր չկա՞ն»:

– Ոչ, չկան, – հանգիստ ձայնով պատասխանեց Յունուսը: – Կարող եք ստուգել:

– Իսկ եթե ստուգեցինք ու գտա՞նք, – սպառնաց մեկը:

– Որ չկան՝ որտեղի՞ց պիտի գտնես, – հաստատուն ու, ինձ թվաց, մի քիչ էլ կոպտորեն, պատասխանեց Յունուսը:

Պատի ետևում նստած՝ ես սրտատրոփ սպասում էի, թե ինչ կլինի հետո:

Ձայները հեռանալով մարեցին: Փառք աստծո, մտածեցի, գնացին:

Առավոտյան Սիավուշն ու Նաթիգը, ինչպես խոստացել էին, եկան: Բայց, աստված իմ, այս ի՞նչ տեսքով էր Նաթիգը: Նրա դեմքը, ամենայն հավանակությամբ, ոչնչով չէր տարբերվում իմից: Երեսն ուռած էր, աչքի տակին՝ խոշոր, սև այտուց:

Իսկույն հասկացա՝ բուժքրոջ արածն էր: Այդպես էլ կար: Այդ դաժան, անմարդկային, արյունռուշտ բուժքույրը… Նա էր հաղորդել ժողովրդական ճակատ, որ բժիշկ Նաթիգ Ռասուլզադեն ինչ-որ հայի վիրակապել, դուրս է բերել հիվանդանոցից: Մի քանի հոգով ներխուժել էին բաժանմունք, ոտնատակ տվել նրան, աթոռները փշրել գլխին:

Ես մեղավոր տեսքով նայեցի նրան:

– Դեռ ջահել ենք, – ուռած շուրթերով ժպտալով ինձ՝ ասաց Նաթիգը: – Մինչև հարսանիք ամեն ինչ կանցնի:

Սիավուշը պատմեց, որ եղել է աերոդրամարկղի շենքում, բայց քառասուներեքերրորդ բնակարանը փակ էր, ոչ ոք չկար: Չգիտեմ ինչու, ինձ այնպես թվաց, թե նա ինչ-որ բան թաքցրեց ինձնից: Մտածեցի՝ գուցե չի՞ եղել այնտեղ, ժամանակ չի ունեցել գնալու, բայց նա փարատեց իմ կասկածները:

– Գիտե՞ս, – հանկարծակի ասաց Սիավուշը: – Սաիդան նույնպես այդ շենքում է ապրում:

– Ո՞ր Սաիդան, – զարմանքով հարցրի ես:

– Սեիդոզաևան: Պատահաբար տեսա: Նույն հարկում է ապրում, քառասունհինգերորդ բնակարանում: Ասաց, որ մի տղա կա, քեզ ման է գալիս:

– Ի՞նձ:

– Այո: Զաքիր անունով ադրբեջանցի մի տղա: Ասում է Մոսկվայից քեզ հետ միասին է եկել:

– Այո, ճիշտ է: Հետաքրքիր է, որտե՞ղ է նա: – Ես անչափ ուրախացա, որ Զարմիկը ողջ-առողջ է:

– Ես Սաիդայի մոտ թողել եմ իմ հեռախոսահամարը: Ասացի՝ երևաց, թող զանգի: Ի միջի այլոց, Սաիդան շատ էր անհանգստացած քեզ համար, բայց ես նրան ոչինչ չասացի:

Նաթիգը երկու օր շարունակ գալիս էր վիրակապելու: Ես ինձ համեմատաբար լավ էի զգում արդեն, հարկավոր էր մեկնել, որովհետև քաղաքում ավերածություններն ու հայերի սպանությունները շարունակվում էին դեռ: Բայց ինչպե՞ս պիտի մեկնեի, եթե ոչ մի փաստաթուղթ չունեի, իմ անձնագիրն ու բոլոր թղթերը մնացին այնտեղ, խուժանի ձեռքին:

– Անհոգ մնա, ծերուկ, Սիավուշն ամեն ինչ մտածել է, – սիրտ տվեց Սիավուշը: – Քաղաքացիական ավիացիայի վարչության պետի տեղակալը մոտ մարդ է, ես նրա հետ կխոսեմ:

Հաջորդ օրը Սիավուշը եկավ բարվոք տրամադրությամբ, ասաց, որ պայմանավորվել է արդեն, առավոտյան ժամը վեցին գնում ենք Բինա՝ օդանավակայան:

Առավոտյան Սիավուշը նոր անակնկալ մատուցեց ինձ՝ իր հետ բերելով Զարմիկին: Դա ուրախացրեց ինձ: Մտածում էի որևէ բան իմանալ Ռենայի մասին ու նաև փող խնդրել նրանից:

– Եղե՞լ ես Կարինայի մոտ, – հարցրի ես: – Չգիտե՞ս, նա գտա՞վ Ռենային, թե՞ չի հաջողվել զանգել:

– Չի հաջողվել, – ասաց Զարմիկը: – Գիտե՞ս ինչքան եմ որոնել քեզ, – ավելացրեց նա արագորեն, – բոլոր հիվանդանոցներում եղել եմ, գնացել եմ դիարանները, նույնիսկ Մարդաքյան, հարյուրավոր սպանվածներ՝ կին, տղամարդ, երեխա, ոնց որ պահեստներում՝ իրար վրա դարսակույտերով շարված… Երեկ գնացել էի կառավարական տան մոտ. հանրահավաք էր: Ուզում էի տեսնել ինչ են խոսում: Հսկայական խարույկներ էին վառվում այս ու այնտեղ: Մառախուղ էր ու ցուրտ: Ծովից սառը քամի էր փչում: Որպեսզի տաքանամ՝ մոտեցա մի խմբի: Բարձրահասակ մի տղա պատմում էր. «Մենք մի 01 մեքենա կանգնեցրինք, այնտեղից մի հայ տղայի դուրս քաշեցինք և սկսեցինք ծեծել: Երբ այլևս ուժ չուներ դիմադրելու՝ մենք նրան հրեցինք խարույկի մեջ, իսկ երբ փորձեց ելնել, տղաներից մեկը սրած արմատուրան խրեց նրա կուրծքը: Եվ ամեն անգամ, երբ նա ճիգ էր անում դուրս գալ կրակից, երկաթե ձողն ավելի էր խրվում կրծքի մեջ, մինչև որ լրիվ բոցավառվեց»: Խարույկի շուրջ նստածները շարունակ հրհռում էին: Թողի հեռացա: Խագանի փողոցում, 26 կոմիսարների այգու մոտ, երկու պառավ կնոջ՝ մոր ու աղջկա, միասին վառեցին: Սարսափելի տեսարան էր: Իմ աչքով եմ տեսել. Բասին փողոցի ու Լենինի պողոտայի անկյունային շենքից, դեղատնից ձախ, ուր «Դինամո» սպորտխանութն է, մի կնոջ՝ երեխայի հետ, նետեցին ցած: Նույնը տեսա նաև այդտեղից մի քանի տասնյակ քայլ վերև, ռուսական եկեղեցու դիմաց գտնվող կոոպերատիվ շենքում: Լրիվ սպիտակած մազերով կիսամերկ մի կնոջ պատշգամբից քաշում էին ներս, նա ճչում, օգնություն էր խնդրում, հետո նրան ու մեծահասակ մի տղամարդու ցած նետեցին: Նույնն է ամբողջ քաղաքում՝ կենտրոնից սկսած մինչև հեռավոր ծայրամասերը: Ի՞նչ է կատարվում, խորհրդային երկի՞ր է սա, թե Օսվենցիմ ու Բուխենվալդ: Քանի օր է տներն ընկած անխնա կոտորում են հայ մարդկանց, թալանում, բռնաբարում են, տկլորացրած քշում փողոցներով, խարույկներ սարքած՝ վառում: Ո՞ւր է պետությունը, Գորբաչովը, մի՞թե Մոսկվան չի տեսնում սա…

– Մոսկվան է կազմակերպել, ինչո՞ւ չի տեսնում, – վրդովված վրա բերեց Սիավուշը: – Պրիմակով, Յազով, Բակատին, Գիրենկո՝ այստեղ, կենտկոմում նստած պլաններ են կազմում՝ ռեժիմը փրկելու համար: Մարդ միանգամայն անպաշտպան է պետության առաջ: Պետությունն ուզած պահին կարող է ջարդ ու կոտորած կազմակերպել, փոշի դարձնել ոչ միայն առանձին մարդկանց ու խմբեր, այլև մի ամբողջ ժողովուրդ՝ ըստ նրա ազգային պատկանելության, կրոնական, կուսակցական կամ մի այլ հատկանիշի, և հետո այդ ամենը որակել որպես ոմանց կողմից կազմակերպած խուլիգանական արարք: Պետության օրինավորությունն ամենից առաջ պետք է չափվի անձի կամ ազգային փոքրամասնության իսկական անվտանգությամբ, – շարունակեց Սիավուշը: – Եթե դա չկա, ուրեմն անբարոյական է այդպիսի պետության գոյությունը: Ժողովրդական ճակատի մարտիկները մտել են Սալյանսկիի զորանոցները, զենքը բռնագրավել: Վերևում սպասում են մինչև նրանք միլիցիայի մի երկու բաժանմունք ու շրջկոմ գրավեն, նոր մտցնեն զորքը, բացատրելով, որ զորքը մտցվում է հայերին պաշտպանելու համար՝ ժողովրդի մեջ կրկին անգամ ատելություն ու թշնամանք սերմանելով հայերի նկատմամբ: – Սիավուշը խորը հոգոց հանեց, ասաց, – իրոք, ճշմարիտ էր Իլյա Էրենբուրգը, երբ ասում էր, որ սարսափելի է այն երկիրը, որտեղ Կայենը և՛ օրենսդիր է, և՛ ժանդարմ, և՛ դատավոր:

Ճանապարհին ժողովրդական ճակատի ներկայացուցիչները միլիցիայի աշխատողների հետ միասին ստուգում էին մեքենաները: Մինչև օդանավակայան մի հինգ տեղ կանգնեցրին մեզ, բայց ամեն անգամ, ղեկի մոտ տեսնելով օդաչուական համազգեստով բարձրաստիճան պետին, թույլատրում էին անցնել՝ առանց ստուգման ենթարկելու: Օդանավակայանում վարչության պետի տեղակալը մեքենան անարգել քշեց ուղիղ թռիչքադաշտ, որտեղ հեռվում, թռիչքուղու վրա ինչ-որ ինքնաթիռ էր կանգնած՝ օդանավի սանդուղքի մոտ խռնված անձնակազմով:

Մի ուրիշ ոչ պակաս անակնկալ էլ այստեղ էր սպասում, պարզվեց որ ինքնաթիռը պատահաբար էր ընկել Բաքու, այն Լենինաբադից թռչում էր Մոսկվա, բայց, տեխնիկական ինչ-որ անսարքության պատճառով, ստիպված վայրէջք էր կատարել: Ամենագլխավորը՝ դուրս եկավ, որ օդանավի հրամանատարն ու վարչության պետի տեղակալը մոտ ընկերներ են, Վորոնեժի օդաչուական ուսումնարանում միասին են սովորել:

Ես խորին շնորհակալություն հայտնեցի պետի տեղակալին, գրկեցի Սիավուշին: «Ծերուկ, ամեն ինչ լավ կլինի», – արտասվախառն ասաց նա: Ես նույնպես չկարողացա պահել արցունքներս, վերջին պահին Սիավուշը փող խոթեց գրպանս: «Ներիր, հիսուն ռուբլի եմ վերցրել տնից, ավել չկար»: Նա նորից գրկեց ինձ: Զարմիկի օգնությամբ բարձրացա ինքնաթիռ: «Ես քեզ մի ուրիշ բան էլ պիտի ասեմ», – ասաց Զարմիկը՝ չգիտես ինչու հայացքը մի կողմ թեքելով:

– Ի՞նչ, – տարտամ անհագստությամբ ու ներքին երկյուղով հարցրի ես:

– Կարինային սպանեցին ադրբեջանցիները, – խլաձայն արտաբերեց նա:

– Ի¯նչ ես ասում…

– Այո: Վեցերորդ հարկից, ոտքերից բռնած սանդուղքներով քարշ տալով, գլուխը բազրիքներին ու քարերին զարկելով, իջեցրել են ցած, նետել խարույկի մեջ: Սաիդան, ձեր հաշվապահը, այդ բոլորը տեսել է, իր աչքի առաջ է եղել, ուզեցել է օգնել, բայց նրան ոչ ոք չի լսել, նույնիսկ խփել են մի երկու անգամ: Ես տեսա, աչքի մեկը հազիվ էր բացվում: Ես գնացել էի քեզ որոնելու, Ռենան ուղարկեց, նա շարունակ լաց էր լինում, նա համոզված էր, թե քեզ ինչ-որ վատ բան է պատահել, որովհետև ժամը հինգն էր արդեն, նա ինձ ուղարկեց քո բնակարանը, բայց բնակարանն արդեն գրավված էր…

– Ռենան այնտե՞ղ էր, – հուզահակ խզված ձայնով ասացի ես:

– Այո, այնտեղ էր, – ասաց Զարմիկը:

Աչքերը բարձրացնելով ինձ վրա և ուղիղ նայելով ինձ՝ նա ավելացրեց.

– Նրան նույնպես սպանեցին:

Առաջին պահին Զարմիկի ասածն ինձ չհասավ: Հանկարծ ցնցվեցի, կյանքը կանգ առավ, շունչս կտրվեց, ճակատս պատեց սառը քրտինքով: Այդ մի քանի վարկյանն ինձ համար անդունդի եզր էր՝ անցյալի ու գալիքի միջև: Ես կորցրի ինձ:

– Ի՞նչ ես ասում, Զարմիկ… – ցնցակաթվածի մեջ՝ ես բռունցքով խփեցի նրա կրծքին… – Ինչե՞ր ես խոսում…

– Այո, ես դա քեզ չէի ուզում ասել այնտեղ… Սաիդան պատմեց բոլորը, դա նրանց սանդղահարթակում էր տեղի ունեցել: Բանդիտներից մեկը, երևի նրանց գլխավորը, ձեռքը հանկարծ գցել, պոկել էր Ռենայի պարանոցի շղթայիկն ու կուլոնը, Ռենան այլայլված ապտակել է էդ տականքին, նա, ըստ երևույթին, իրոք նրանց գլխավորն էր, որովհետև նա էր կատաղած հրամայել՝ «յանդըրըն բունու*», այս ու այն կողմից սկսել էին հարվածել, Սաիդան բացականչել է, որ հայուհի չէ նա, ադրբեջանուհի է, բայց նրան դարձյալ չէին լսել, որովհետև Ռենան ինքը չէր հաստատել, որ հայուհի չէ, ինչ-որ մեկը նույնիսկ հարցրել է. «ադրբեջանուհի՞ ես», և նա, արյան մեջ կորած, կատաղած ասել է. «ո-ո¯չ»: «Եթե նրանց հետ է, – ասել է էդ գլխավորը, – ուրեմն նրանցից մեկն է: Նա ադրբեջանուհի չէ: Հայուհի է նա ու նրա հետ պիտի վարվել հենց այդպես՝ խոշտանգել, բռնաբարել ու այրել…»: Սաիդան տեսել էր, թե ինչպես էին նրան պատեպատ խփելով, գոռգոռոցով տանում դեպի առաջին հարկ…

– Նրան նույնպես այրեցին… Ես սա քեզ չէի ուզում ասել այնտեղ…

Կառչուն հեղձուկը խեղդում էր ինձ, տարօրինակ, դառը, խտղտացնող խեղդուկը փակում-բաց էր թողնում իմ կոկորդը, բութ սեղմող ծանրությունից սիրտս ցավագնորեն նվաղում, թալկանում էր, և ցուրտը, ամայության սարսռեցնող ցուրտը հետզհետե սողոսկում էր իմ հոգու խորքը…

Ձախից երևում էր օդանավակայանի շենքը, ահա այնտեղ, երկրորդ հարկի ապակե պատի ետևում էր կանգնած Ռենան՝ ճերմակաթույր զգեստով, մազերը ուսերին թափած, նա անդադար շարժում էր ձեռքը՝ ի նշան հրաժեշտի: «Հավերժակա¯ն հրաժեշտի», – կսկծալի անհուն ցավով մտածեցի ես, անսպասելիորեն մտաբերելով ոսկեհնչյուն ձայնով նրա խոսքերը՝ ես կանեմ, կանեմ դա, կտեսնես, կգնամ, էլ չեմ գա, թե որ այդպես ուզես, և աչքերս լցվեցին այրող արցունքներով…

Զարմիկը խոսում էր նույն խուլ ձայնով, նրա ձայնն ինչ-որ հեռու, շատ հեռու տեղից էր ինձ հասնում: Հետո նա ասաց.

* այրեք դրան (ադրբ.)


Զարմիկը խոսում էր նույն խուլ ձայնով, նրա ձայնն ինչ-որ հեռու, շատ հեռու տեղից էր ինձ հասնում: Հետո նա ասաց.

– Դե, լավ, ես գնամ, տրապը վերցնում են…

Լսվեց դռան ծանր փակումը: Քիչ անց ինքնաթիռը երերաց՝ դանդաղ սահելով բետոնի վրայով, հետո կանգ առավ մի պահ, նորից երերաց և դղրդոցով սլանալով թռիչքուղու վրայով, միանգամից պոկվեց գետնից:

Ներքևում մեռած էր ամեն ինչ՝ ծովը, մերկ անտառները, լեռներն ու ձորերը, ուր անշարժ նստած էր թափանցիկ մշուշը, իրար հաջորդող ձյունածածկ ամայի հարթավայրերը, խամրած արևը, որ արյան գույն ուներ:

Դոմոդեդովոյի օդանավակայանում ես դուրս եկա փողոց, տաքսիների կանգառ: Միլիցիոներ մոտեցավ և, ձեռքը տանելով գլխարկին, ասաց. «Ձեր փաստաթղթերը»: Ես նրան բացատրեցի, որ սարսափելի կոտորածներ են Բաքվում, մահից հրաշքով եմ փրկվել, ոչ մի փաստաթուղթ չունեմ, ցույց տվի ունեցածս հիսուն ռուբլին, որ Սիավուշն էր տվել վերջին պահին: Նա վերցրեց փողը, շուռումուռ տվեց ձեռքում, ասաց. «Գոնե տասն էլ տուր, հավասար բաժանենք, երեք հոգով ենք»: Ես ետ նայեցի. քիչ հեռվում երկու միլիցիոներ էին կանգնած՝ սրա պես կուշտ, մեծածավալ, զգեստապահարանի բարձրության ու տարողության, և նայում էին մեր կողմը:

– Ես ոչինչ չունեմ, – հոգնած ասացի ես, – չէ՞ որ տեսնում եք՝ մահից եմ փրկվել:

– Դե, լավ, գնա, – թույլ տվեց միլիցիոները՝ առգրավելով իմ հիսուն ռուբլին:

Ես մնացի կանգնած՝ նվաստացած ու անարգված, և չգիտեի ինչ անել:

– Ո՞ւր ես ուզում գնալ, – հարցրեց ինչ-որ մեկը:

Ետ շրջվեցի ձայնի վրա: Կովկասցի էր, միջահասակ, սև բեղերով, հոնքերի տակից կարեկցությամբ նայող աչքերով:

– Ոչ մի տեղ, – ասացի ես: – Հենց այնպես կանգնած եմ:

– Ես տեսա, որ միլիցիոները վերցրեց քո փողը, – շարունակեց նա: – Նրանք էդպես կանգնած կողոպտում են եկող-գնացողներին: Գնանք, – առաջարկեց նա:

– Ո՞ւր: Ես փող չունեմ:

– Գիտեմ, որ չունես, – ասաց նա: – Ոչինչ, գնանք: Ես ավար եմ, Ռասուլ Համզատովի հայրենակիցը: Բան չկա, մի ուրիշ անգամ կտաս:

Դռան զանգի վրա մայրս բաց արեց դուռը, տարակուսանքով նայեց ինձ:

– Ո՞ւմ եք ուզում, – հարցրեց նա անվստահ վարանքով ու մի տեսակ վախվորած:

– Ես եմ, մամա, – ասացի ես: – Չե՞ս ճանաչում:

Նույնիսկ փորձեցի ժպտալ:

– Վո¯ւյ, աստված, – ճչաց մայրս,– էս ի՞նչ շորեր են հագիդ, ո՞ւր են քո շորերը, վա¯յ, էս ի՞նչ են արել քեզ, աստվա¯ծ, աստվա¯ծ, մազերդ սպիտակել են, – լաց լինելով ընկավ գիրկս, – էս ի՞նչ օրի ես, մաման մատտա¯ղ, էս ինչ օրի ես… Գնա¯նք, շուտ գնանք, – ասաց նա, – գնանք կորչենք, հեռանանք էս անիծված երկրից…


1990, մարտ-հոկտեմբեր

Լենինգրադ


===================


ՀԵՏԳՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ


Նախքան փախստական հայությունը, թողած տուն ու տեղ, լքյալ ու վշտաբեկ, ինչպես սովահար վայրի գազանից հալածված մի հոտ, կցրվեր աշխարհով մեկ՝ անհյուրընկալ ցրտաշունչ Ռուսաստանից մինչև Ամերիկայի հեռավոր նահանգները, նախքան նրանք, ովքեր անկարող դիմանալու արհավիրքներին, կմեռնեին ճանապարհներին, և մոռացության փոշին՝ հանց հավիտենական խավարչտին գիշեր, կծածկեր նրանց անունները, ինչպես անունները նրանց, որոնց դիակները շտապ հավաքվեցին Սումգայիթի և Բաքվի փողոցներից ու տներից, և նրանք այդպես էլ մնացին անհետ կորածների ցուցակներում…

Նախքան այդ Դեմիչևը, Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Բագիրովի խնդրանքով, Սումգայիթ մտած զորքի հրամանատար Կրաևին կհրահանգեր զենք չգործադրել գազանացած մարդասպանների դեմ, և փողոցներով անցնող զրահամեքենաներից մի քանի քայլի վրա, բարձրահարկ շենքի բակում յոթանասուն տարեկան Փիրուզա Մելքումյանին՝ Մարտակերտի շրջանի Գառնաքար գյուղից, պատշգամբից կախված հետաքրքրասեր հարևաններին ի տես, կստիպեին մերկ պարել՝ մինչև երկաթաձողը կխրվեր նրա մարմինը, և նրա աղեկտուր ճիչը լսելի կլիներ շատ հեռվից, նախքան գրազ գալով՝ դանակի մի հարվածով կպատռեին քսանվեցամյա հղի Լոլա Ավագյանի որովայնը՝ շահելու գրազը. տղա է, թե՞ աղջիկ, նախքան տրոլեյբուսի կանգառում սպանված Վիկա Մարկոսյանի ծծկեր մանկան պարանոցը փոկ գցած քարշ կտային փողոցներով, նախքան Հովհաննիսյանների բնակարանում, արյան մեջ կորած ամուսնու աչքի դեմ, կբռնաբարեին կնոջը, իսկ մանկավարժ ու ինժեներ որդիներին կստիպեին կենակցել սեփական մոր հետ և հրաժարական ստանալով, փողոց քարշ տրված հոր ու մոր աչքի առջև կնետեին նրանց խարույկի մեջ… նախքան նույնը կանեին և Մեջլումյանների հետ ու նաև նույնը՝ Մելքումյանների բնակարանում՝ զինվորներով լեցուն հանրակացարանի հարևանությամբ, բռնաբարելով ու մորթելով մի ողջ գերդաստան՝ ծնողների և զավակների հետ համատեղ, նախքան կթաղեին նրանց Բաքվի Գայլի Դրունք գերեզմանատանը, անձրև ու ցուրտ քամի մի օր, տանկերի ու ռուս զինվորների հսկողությամբ, և հրաշքով ողջ մնացած հարսներից մեկը քիչ հեռվում կանգնած միլիցիական մեքենան տեսնելով խուլ հեծկլտանքով կասեր՝ սրանք, սրանք արեցին այդ ամենը…

Եվ նախքան հայերի տներից թափած իրերը հապշտապ կայրեին քաղաքային աղբանոցներում ու նախքան ավերված բնակարանները կնորոգեին՝ նույն շտապողականթյամբ՝ ջարդերի հետքերը ծածկելու համար, որպեսզի չտեսներ Աստված այդ չարագործությունները և չասեր չարագործին՝ որովհետև արիր այս, դու անիծեալ լինես բոլոր անասուններից և դաշտի բոլոր կենդանիներից, փորիդ վերայ գնաս, և հող ուտես կյանքիդ բոլոր օրերում… Եվ նախքան կենտկոմի բյուրոյի նիստում, իսկ հաջորդ օրը պլենումում, Մուսլիմզադեն մեկ-մեկ կթվարկեր սումգայիթյան եղեռնագործության բոլոր կազմակերպիչների անունները, և այդ Կատուսևն անուշադրության կմատներ պլենումին մասնակցած հայերի հեռագիրը՝ ուղղված միութենական գերագույն դատարանի նախագահ Տերեբիլովին, և նախքան կխափաներ նա հետաքննությունը՝ գործերի մի մասն ուղարկելով հեռավոր քաղաքներ ու մի մասն էլ թողնելով Սումգայիթում, քաջ գիտենալով, որ սպանվածների հարազատներն ու տուժածները հնարավորություն չեն ունենա մեկնելու այդ հեռավոր քաղաքները, առավել ևս՝ Սումգայիթ, ուր գազանաբար խոշտանգվել ու խարույկների վրա այրվել էին նրանց հարազատները և ուր ապրում էին ոճրագործության բոլոր մասնակիցները…

Նախքան անպատիժ ջարդարարները Բաքվի հանրահավաքներում կհռչակվեին որպես ազգային հերոսներ, իսկ Սումգայիթը՝ հերոս քաղաք, նախքան եղեռնից մի քանի ամիս անց Մոսկվան, ասես, ի հեճուկս հայերի, երիտասարդությանը կոմունիստական ոգով դաստիարակելու բնագավառում ձեռք բերած, իբր թե, ակնառու հաջողությունների համար համամիութենական սոցմրցությունում Սումգայիթ քաղաքը հաղթող կճանաչեր, իսկ Գորբաչովը, որն այդպես էլ քաղաքական գնահատական չտվեց Սումգայիթի եղեռնագործությանն ու հարկ չհամարեց անգամ երկու բառով ցավակցություն հայտնել անմեղ զոհերի հարազատներին, կարժանանար խաղաղության Նոբելյան մրցանակի…

Եվ նախքան Աթաթյուրքի, Հեյդար Ալիևի ու սումգայիթյան եղեռնի հերոս Ահմադ Ահմադովի վիթխարածավալ դիմանկարներով զարդարված կառավարական տան հրապարակից հարյուր հիսուն հազարանոց խառնամբոխը չարագույժ սև հեղեղի պես կհոսեր դեպի հայոց տներն ու կսկսվեին Բաքվի զանգվածային կոտորածները, ուր դարձյալ խարույկների վրա կայրեին անմեղ մարդկանց, իսկ քաղաքի կայարանամերձ հրապարակում հայ աղջիկներից խորոված կսարքեին՝ հյուրասիրելով անցնող-դարձողներին, բարձր շենքերից ցած կնետեին պատերազմի հաշմանդամ ծերունիներին ու պառավ կանանց, տիրելով նրանց բնակարաններին, նախքան միլիցիայի աշխատողներն Արֆենյա Խաչիյանին՝ Սոլնցև փողոցի ութերորդ շենքից, վայրենորեն բռնաբարելուց հետո կնետեին ծով, ութսուն տարեկան Գեորգի Շաֆիրովին, Նիզամի փողոցի քսաներորդ շենքից, ծեծելով կսպանեին իր տան շքամուտքում, իսկ իննսունամյա Սոֆյա Բադալյանին ու Ելենա Վանեցյանին, պրոֆեսոր Նիկոլայ Դավթյանին ու Ադրբեջանի նկարիչների միության առաջին նախագահ Շմավոն Մանգասարովին, Սովետական Միության հերոս Հրանտ Ավագյանին, Բաքվի հայկական պետական թատրոնի նախկին գլխավոր նկարիչ Արսեն Հովհաննիսյանին ու շատ շատերին՝ կիսամերկ ու ոտաբոբիկ, ծեծելով փողոցներով կքշեին դեպի վերջին հանգրվան, նախքան Մոսկվայի մոտ մղված կռիվներում զոհված Սովետական Միության հերոս Հովհաննես Դանիելյանի կնոջը՝ Սաիդա Ավանեսյանին, անկողնուն գամված հաշմանդամ որդու աչքի առաջ գազանաբար կբռնաբարեին ժողովրդական ճակատի հերոս մարտիկները, նախքան սեփական բնակարաններում կմորթոտեին Խաչատուր Գրիգորյանին ու Գերման Օհանյանին, Իվան Խաչատուրովին ու Լենա Բադալյանին, մայր ու աղջիկ Զարվարդ ու Եվգենյա Փաշայաններին, խեղդամահ կանեին Գրիգոր Գրիգորյանին, մինչև այդ հոր աչքի առաջ խմբովին բռնաբարելով նրա դստերը՝ Նորա Գրիգորյանին, նախքան Աշխաբադից Ստավրոպոլ թռչող օդանավը պատահաբար վայրէջք կկատարեր Բաքվում, և Լեռնային Ղարաբաղում «Կոմունիստ» հայերեն թերթի սեփական թղթակից Մանվել Հովհաննիսյանի որդուն՝ Վալերի Հովհաննիսյանին, դուրս քաշելով օդանավից, կկողոպտեին ու երեք շաբաթ օրուգիշեր ծեծելով կխոշտանգեին, շնորհիվ փողի ու ընկերների, կազատվեր նա այդ զարհուրելի դժոխքից ու, մի կերպ հասնելով Պյատիգորսկ, այնտեղ կկնքեր իր մահկանացուն, նախքան կառավարական տան կողքին, գրողների կոոպերատիվ շենքում, դպրոցահասակ որդու, երկու դստեր ու ադրբեջանուհի կնոջ՝ Էլմիրա Ջավադովնա Հյուսեյնովայի աչքի առաջ կհոշոտեին այդ նույն «Կոմունիստ» թերթի աշխատակից, բանաստեղծ Արկադի Խաչատրյանին՝ Ասկերանի շրջանի Բադարա գյուղից, իսկ Ռաուֆ Ալի-օղլի Ալեսկերովին ոտնատակ կտային՝ պահանջելով հրաժարվել հայուհի մորից, նախքան Կրասնովոդսկի ճանապարհին լաստանավերից ծով կնետեին բռնաբարված կանանց ու աղջիկներին, նախքան կհանեին պարտիզանական միավորման նախկին հրամանատար Հարություն Սաղումյանի աչքերը, որպեսզի նա այլևս չկարողանար նայել դեպի Ալյաթ, ուր հանգչում էին տասնութ թվականի կոտորածի ժամանակ սպանված իր հարազատները և հետո կնետեին նրան ութերորդ հարկից, նախքան տասնհինգ-քսան հոգով՝ տասնչորս տարեկանից մինչև վաթսուն, կբռնաբարեին վաստակավոր լրագրողուհի Նորա Բաղդասարյանին, իսկ հրապարակախոս Խորեն Բոջիկյանի որդուն կքառատեին ռուս կնոջ, երեխաների ու հոր աչքի առաջ, պատվիրելով հորն ընդմիշտ հիշել այդ պահը… Եվ նախքան քաղաքի շուրջն անշարժ կանգնած զորքը յոթ օր ուշացումով կմտներ Բաքու՝ իբր թե փրկելու հայերին… Նախքան այդ զորքին դեմուդեմ դուրս կգար մարդակեր գազանների անհաշիվ ոհմակը՝ իրարից կապկպված անպաշտպան հայերին քշելով տանկերին ընդառաջ ու ետևից դավադրաբար կրակ բացելով տանկերի վրա, նախքան մարդակեր գազանների անհաշիվ ոհմակից քառասունինը կոչնչացվեին և, ասես որպես անարգանք հազարավոր անմեղ հայ զոհերի ու սպանված տասնյակ ռուս զինվորների հիշատակին, մարդասպանները կհորջորջվեին որպես սուրբ նահատակներ ու մեծ շուքով կթաղվեին հայ-ռուսական նախկին գերեզմանատանը՝ Կիրովի անվան զբոսայգու բարձունքում, նախքան բարբարոսները կավերեին Բաքվի հայ-ռուսական գերեզմանոցներն ու կասֆալտապատեին, իսկ մահարձանները կօգտագործեին քաղաքի փողոցների բարեկարգման ու մետրոյի երեսապատման համար…

На страницу:
25 из 26