Полная версия
Мое время, или Осенний дневник (на армянском языке)
Նրանք բոլորը եկել ու անցել են, իսկ քարերը կան և գետի անվախճան երգի ուղեկցությամբ շարունակում են որպես լուռ հանդիսատես ու վկա հետևել կյանքի այն դրամային, որ խաղացվում է հնամենի գյուղում:
Այդ ավերակների մեջ, այդ մամռոտ քարերի հետ բազմաթիվ սերունդների մանկություններ են անցել խաղերով, ճիչ ու աղմուկով: Մանկական վառվռուն երևակայությունը բազմիցս դրանք կառուցել ու ավերել է, պաշարել ու նվաճել է հնագույն ամրոցը, անթիվ բարբարոս թուրքեր ու գերմանացիներ փռել այդ քարերի տակ:
Շատ տարիներ առաջ Վլադիմիրովկայի դպրոցի միակ ուսուցիչ Բաղյանը այդ ամրոցի բարձունքից էր ուզում կոտորել բոլոր փոգացիներին… Պատճառն այն էր, որ պատմելով 1941թ.-ի մեծ պատերազմում իր կատարած «քաջագործությունների» մասին, երբեմն ոգևորվում ու չափազանցում էր, հետո էլ սկսել էր տարածել, թե Սովետական Միության հերոսի կոչում ունի: Երբ մեր գյուղացիները կասկածել էին և ապացույց պահանջել, Բաղյանն ասել էր.
– Մի լավ ավտոմատ ունենայի, էն քարերի ետևը կանգնեի, փոգացիները գային, շարքով անցնեին, դիփին կոտորեի, նոր կիմանային, թե ով է Բաղյանը:
Ամրոցի արևելյան պատի տակ կանգնած է Սուրբ Հովհաննեսի մատուռը: Մեր մայրերը դժվար պահերին դեպի այդ մատուռն էին ուղղում իրենց հայացքը սփոփանքի կամ արդար հատուցման հույսով:
Մատուռի ներսում կա մի հսկայական խաչքար, որ նախկինում վիշապաքար է եղել: Ըստ մասնագետների, դա վկայում է այն մասին, որ այդտեղ քրիստոնեությունից էլ, սուրբ Նունեից էլ առաջ հայեր են ապրել:
Մեր նախնիները 1830-32թթ. եկել են Արդահանի Գյոլա գյուղից:
Աբուլի ճանապարհով գալով, նրանք սայլերով ու անասուններով անցել են գյուղի հարավ-արևմտյան կողմից, Փարվանա լճից սկիզբ առնող գետի ծանծաղուտով, որովհետև կամուրջ չկար: Ձուկն այնքան առատ է եղել գետում, որ եզներն ու ձիերն են տրորել, սայլերի անիվների տակ են մնացել, ջրի երեսը ծածկվել է սատկած ձկներով: Հետագայում, երբ երիտասարդները դժգոհում էին, թե իրենց պապերը լավ տեղ չեն ընտրել բնակության համար, ավագները ձկների առատության այդ փաստն էին հիշեցնում, թեև այդ առատությունն արդեն գոյություն չուներ:
Մեր հին կամուրջը շինվեց տարիներ անց, այն միացնում էր լճի երկու ափերն այնտեղ, ուր սկիզբ էր առնում գետը: Թեև հասարակ քարերով էր շինված, բայց երևելի մի բան էր թվում իր չորս ակերով, որոնց մեջ գիշեր ու զոր խշշում էր ջուրը: Կանայք այդ ակերի մոտ լվացք էին անում, իսկ երիտասարդները Սև ձուկ էին բռնում քարերի տակից:
Կոլխոզի տարիներին կամուրջից այն կողմ, լճի հանդիպակաց ափին, արհեստանոցներ շինվեցին, այնտեղ էր դարբնոցը իր նշանավոր փուքսով:
Շատ տարիներ հետո, անցյալ դարի 60-ական թվականներին, եկան հիդրոէլեկտրակայան կառուցելու, ամբարտակ շինեցին, լիճը բարձրացավ, արհեստանոցները քանդվեցին, կամուրջը կորավ ջրի տակ ու մոռացվեց:
Մերոնց գալուց առաջ մեր գյուղում ապրելիս են եղել բնիկ հայեր թուրքերի հետ միասին: Հայերը սակավաթիվ են եղել, մի քանի ընտանիք, թուրքերը մշտապես նեղել են նրանց: Նրանք փորձել են ճնշել նաև մեր գյուղացիներին, սակայն չեն կարողացել: Մերոնք ոչ միայն դիմադրել են թուրքերին, այլև հալածել ու գյուղից վռնդել են նրանց: Թուրքերը փախել են Սաղամո, իրենց ցեղակիցների մոտ, այնտեղ պատմել են եղածն ու ասել.
– Ալլահը մեզ ազատեց Չախոյի ու Խնկոյի ձեռքից:
Չախոն ու Խնկոն եղբայրներ էին, Չախոյան ու Տերտերյան ազգությունների նախնիներից, նրանք էին փախուստի մատնել թուրքերին:
Թուրքերի հետ նման ընդհարումներ շատ են եղել և՛ դրանից առաջ, և՛ հետո: Առաքելենց Սաքոն ինձ պատմել է հետևյալ դեպքը իր նախապապի՝ Առաքելի մասին.
Մեր գյուղացիները Գյոլայում էլ թուրքերի հետ համատեղ են ապրել: Երբ որ սկսվում է տեղափոխությունը և առաջին խմբերը սայլերով ճանապարհ են ընկնում դեպի Ջավախք, թուրքերը ծաղրում են նրանց, կանացի վարտիքն իբրև դրոշակ ձողին կապած, ծամածռություններ անելով ուղեկցում են սայլերին: Հատկապես իրենց լկտի էին պահում երկու թուրքեր՝ Ահմեդ և Սայիդ անուններով:
Առաքելը, որ հայտնի էր իր ուժով ու խիզախությամբ, ձեռքը տանում է դեպի դաշույնը, բայց ավագ եղբայրը զսպում է նրան: Նա հարկադրված ենթարկվում է, բայց ասում է թուրքերից մեկին.
– Լավ, Ահմեդ, սպասեք ինձ, ես կգամ:
Տեղ հասնելուց երկու օր հետո նա թամբում է իր Սպիտակ ձին:
Այդ նշանավոր նժույգը նա հեծնում էր բացառիկ դեպքերում: Եկել էր ամենաբացառիկ դեպքը՝ նա պիտի գնար վրեժ լուծելու թուրքերից: Ոչ ոք չի համարձակվում նրան ետ պահել, բոլորը գործերը թողած լուռ նրան էին հետևում: Մայրը արցունքն աչքերին միայն արագ-արագ խաչակնքում էր…
Առաքելը մութն ընկնելուն պես անցնում է սահմանը և վաղ առավոտվա աղջամուղջի մեջ հայտնվում Ահմեդի տան կտուրին: Պարանով իջնում է երդիկից ու կանգնում քնած թուրքի մահճի մոտ.
– Վեր կաց, Ահմեդ, ես եկա:
Թուրքը սարսափահար վեր է թռչում, ձեռքը մեկնում է դեպի հրացանը, որ պատրաստ դրված էր կողքին, բայց նույն վայրկյանին գետին է տապալվում Առաքելի դաշույնի շեշտակի հարվածից:
Նույն սառնասրտությամբ նա հաշվեհարդար է տեսնում երկրորդ թուրքի հետ, և մինչև գյուղը կարթնանար ու կիմանար կատարվածը, Սպիտակ նժույգը լեռներով սլանում էր դեպի սահմանը: Վախկոտ թուրքերը չեն համարձակվում անգամ հետապնդել նրան:
Մեր գյուղն ունեցել է այլ քաջեր ևս, ունեցել է հետաքրքիր պատմություններ նրանց մասին, որոնք անցել են սերնդե-սերունդ:
Ուշագրավ են հատկապես երկու նշանավոր եղբայրների՝ Տալոյենց Բարսեղի ու Սարգսի մասին պատմությունները: Նրանք արտակարգ ուժի տեր էին, հատկապես Սարգիսը, որն իբր թե երկու սիրտ է ունեցել: Շատ սխրանքներ էին գործել նրանք, շատ անգամ էին կռվել թուրքերի դեմ, պաշտպանել անմեղներին ու թույլերին: Նրանց մասին հեքիաթանման գեղեցիկ զրույցներ էին պատմվում օդաներում: Հուզիչ է հատկապես Սարգսի եղերական մահվան պատմությունը:
Այդպիսի մարդկանց ու նրանց արարքների շնորհիվ Ջավախքում և նրա սահմաններից դուրս ձևավորվել է հայտնի կարծիքը մեր գյուղի մասին, ձևավորվել է փոգացու կերպարը, որ ինքնատիպ է իր խոսվածքի պես: Ինչ-որ բացառիկ բան կա նրանում, նրա խոսվածքի ու բնավորության մեջ: Այդ կերպարին բնորոշ են առանձնահատուկ հյուրասիրությունը, հոգու շռայլությունը, վեհանձնությունն ու համարձակությունը:
Թուրքերն ու վրացիները լավ էին ճանաչում մեր գյուղացիներին: Երբ նրանք զանազան գործերով սարերից, յայլաներից գալիս էին մեր գյուղը, իրենց շատ զգույշ էին պահում, չէին համարձակվում անգամ ձի հեծած գյուղ մտնել: Նրանց հայտնի էր, որ մեր գյուղացիները դա չէին հանդուրժում, մանավանդ կանանց ներկայությամբ՝ համարելով գոռոզության կամ ինչ-որ արիության ցուցադրություն: Գյուղ հասնելով, նրանք իջնում էին ձիերից և գնում սանձը բռնած:
Շատ անգամ են մեր գյուղացիները ընդհարվել շրջակա յայլաների թուրքերի ու վրացիների հետ արոտների սահմանների պատճառով, պաշտպանել են իրենց հողերը և հաճախ ստիպված զենքի են դիմել: Այդպիսի մի ընդհարման ժամանակ սպանվել է իմ քսանհինգամյա Սաքո քեռին:
Սակայն թող չթվա, թե մերոնց միայն կռվարարությունն է հատուկ կամ միայն կոպտության են ընդունակ: Նրանք ուղղամիտ են, հավատարիմ ու վստահելի են բարեկամության, ընկերության մեջ:
Իր բնավորության պես մեր գյուղի խոսվածքն էլ ինքնատիպ է: Բարբառագիտության մեջ այն թյուրիմացաբար վերագրվել է կամ Մշո, կամ Կարնո բարբառներին, մինչդեռ նա չի պատկանում նրանցից և ոչ մեկին: Այն մի միջին տեղ է բռնում մեր Արևելյան և Արևմտյան բարբառների միջև, որովհետև հոլովման համակարգով նման է կը ճյուղին, խոնարհման համակարգով և հնչյունական օրենքներով՝ ում ճյուղին: Համալսարանում սովորելիս ես մի աշխատանք գրեցի այդ մասին:
Առաջին համաշխարհային պատերազմը, հետո էլ թուրքերի հարձակումն ու գաղթը քայքայեցին մեր գյուղը:
1918 թ.-ին, գաղթից առաջ, ըստ լուրերի, անհայտ պատճառներով և անհայտ հանգամանքներում մեր գյուղացիները սպանել էին թուրքական կառավարության ինչ որ գործակալի: Այդ պատրվակով, իբր թե նրա վրեժը լուծելու համար, թուրքերի մի ջոկատ Փանյա լեռան մոտ շրջապատել էր գյուղից գաղթողների մի խմբի, մոտ քառասուն հոգու, անզեն տղամարդկանց, կանանց ու երեխաների: Նրանց առաջնորդում էր Դավազը՝ գյուղի երևելի մարդկանցից մեկը, որ հայտնի էր իր ուժով, ճարտար լեզվով ու լավ ձայնով:
Տեսնելով, որ ուրիշ կերպ չի կարողանում ազդել թուրքերի վրա, Դավազը երգել էր թուրքերեն մի երգ, փորձել էր այդպիսով շարժել նրանց գութը, սակայն անօգուտ, թուրքերը կոտորել էին բոլորին: Հրաշքով կենդանի էին մնացել երկու հոգի՝ Հովսեփն ու իր տասնամյա աղջիկը, որոնք թաքնվել էին դիակների տակ:
Դա մայիսի վերջն էր: Երկու-երեք օրվա ընթացքում մեր ամբողջ գյուղը տեղափոխվեց Ծալկա, հիմնականում Նարդևան և Այազմա:
Ավելորդ է այստեղ գրել այն, ինչ վաղուց ուսումնասիրված է ու հայտնի է բոլորին՝ թուրքերի հարձակումը, մեր գյուղի գաղթը, նաև այն, թե ինչու չհաջողվեց դիմադրություն կազմակերպել:
Մաթևոս պապս չէր գնացել գաղթողների հետ, ասել էր.
– Ես տունը անտեր չեմ թողնի, թուրքերը ինձ ձեռք չեն տա:
Թուրքական բանակին միացել էին Ղարաբուլաղից և այլ տեղերից թալանի եկած խմբեր: Պապս Ղարաբուլաղի թուրքերի մեջ շատ ծանոթներ ուներ, շատերին էր օրերով պահել տանը, օգնել, հյուրասիրել ու պատվել:
Երբ թուրքերը լցվել էին տունը, պապս նստած էր եղել օջախի առաջ, իր մշտական տեղը: Այդտեղ էլ սպանել էին նրան:
Հետագայում, երբ մերոնք ետ էին եկել, գյուղում դեռ թուրքեր էին եղել: Նրանք պատմել էին, որ պապս դիմավորել էր նրանց, իր ծանոթների անուններն էր տվել: Նա էլ էր երգել Դավազի պետ, երգել էր Ղարագյոզենց Գալուստի թուրքերեն հայտնի երգերից մեկը մարդկային վեհանձնության ու մեծահոգության մասին: Նա էլ էր կարծել, որ բավական է թուրքերին հիշեցնել բարության ու խղճի մասին, և նրանք կփոխվեն, լավ կդառնան:
Հիշեցնում են այն, ինչ գիտեցել կամ ունեցել են, իսկ թուրքերին որտեղի՞ց բարություն կամ խիղճ:
Ղարաբուլաղի թուրքերը Ծալկայում էլ սկսել էին հալածել ու կողոպտել գաղթական, անզեն ժողովրդին: Ովքեր ինչ-որ կերպ զինված էին, փորձում էին դիմադրել,զսպել նրանց, այնուամենայնիվ զոհեր լինում էին: Ոչխարի հոտն արածեցնելիս թուրքերն սպանել էին Օվեենց Նիկոլին ու ոչխարը տարել:
– Ի՞նչ կանեն ինձ թուրքերը, թեկուզ երեք-չորս հոգով գան,– ասել էր խիզախ երիտասարդն ու ոչխարը քշել հենց այն կողմը, ուր ընկերները խորհուրդ չէին տվել գնալ:
Նա կարծում էր, թե թուրքերը կգան ու կկռվեն ճակատ առ ճակատ, իսկ նրանք թաքնվել էին քարերի ետևում ու կրակել:
Շատ կյանքեր խլեցին նաև սովն ու հիվանդությունները:
Հաջորդ տարվա գարնանը, ձյունը դեռ չհալված, մեր գյուղը, ինչպես նաև ողջ Ջավախքը, ետ եկան Ծալկայից:
Մայրս առանց արցունքի չէր կարողանում հիշել այդ վերադարձը:
Սարերով անցնելիս ձյուներից նոր ազատված բացատում մի կնոջ ու մանկան դիակներ էին տեսել, իսկ նրանց մոտ՝ նորաբաց ձնծաղիկներ… Ովքե՞ր էին և ի՞նչ էր պատահել՝ ոչ ոք չգիտեր: Նա երբեք չէր մոռանում այդ սարսափելի պատկերը:
Երբ տուն էին հասել, տեսել էին, որ դուռը կրնկի վրա բաց է, թոնրի սալը մի կողմ է նետված, իսկ թոնիրը լցված է հողով: Քամի էր պտտվում տանը…
Այդ տեսարանը ցնցել էր Շողո մամիս: Նա տեսել էր որդու մահը, սով ու զրկանք և արիությամբ դիմացել էր, բայց թոնրի տեսքից ծնկները ծալվել էին, նստել ու լաց էր եղել:
Լաց էին եղել մայրս ու չորս քույրերը, որ այդքան տառապանքներից և մի ամբողջ տարվա բաժանումից հետո վերջապես տանն էին:
– Լավ, հերիք է,– վճռականորեն ասել էր մամս և սկսել էր թոնիրը մաքրել,– գնացեք կրճոն-բան բերեք՝ վառենք, քամին Գանձայեն է, մխքաշը Տեփան Տացուենց կողմը դրեք:
Մայրս գնացել էր մխքաշը դնելու, բայց այն երդիկից ցած էր նետված, չէր կարողացել բարձրացնել: Օգնության էր հասել Փիլոսենց Գալոն: Նրա հետ կռված էր դեռ գաղթից առաջ, որովհետև չար կատակով նա կտրել էր իր երկար հյուսերից մեկը: Նրանք մորս հպարտությունն էին, գյուղում ոչ մի աղջիկ այդպիսի երկար հյուսեր չուներ: Բայց այդպիսի չարություններն արդեն մոռացվել ու ներվել էին, ընդհանուր աղետը հաշտեցրել էր բոլորին:
Գյուղը վերադարձավ, թոնիրները դարձյալ վառվեցին, կյանքը շարունակվեց:
Երկու տարի հետո Ջավախք մտավ բոլշևիկյան բանակի մի հեծյալ ջոկատ, նրան ուղեկցում էր մեր համագյուղացի Ջարդուփուրթենց Գիգոլը: Ըստ լուրերի, նա դրանից առաջ մասնակցել էր Հայաստանում տեղի ունեցած Մայիսյան ապստամբությանը:
Մեր գյուղում կոլխոզ կազմակերպեցին շատ տարիներ անց, 1936թ.-ին: Երևի ավելի շուտ հնարավոր չէր, ամեն ինչ կորցրած ժողովուրդը կոլխոզին տալու բան չուներ:
Սկզբում ասում էին, որ կոլխոզ մտնելը կամավոր է և ցանկացած ժամանակ էլ կարելի է դուրս գալ: Այնուամենայնիվ, ոչ մի կերպ չհասկանալով, թե իրենցից ինչ են ուզում, գյուղացիները տատանվում էին:
Պիրաշկի Օհանը, որին այդպես էին կոչում, որովհետև Ռոդիոնովկայի Վերիգինների մոտ մշակ էր եղել ու միշտ նրանց բլիթներն էր գովել, առաջարկել էր.
– Տղաք, էսոնք շատ պիտի զահլա տանին, բերեք մեկեն մտնինք, մեկեն ելնինք:
Նա ի՞նչ իմանար, որ կոլխոզից մեկեն ելնել չի հաջողվի: Դեռ գյուղացուն հողից պիտի զրկեին, պիտի կողոպտեին հողը, կոլխոզը պիտի դառնար մի անհասկանալի բան՝ հայտնի չէ, թե ինչու և ում կողմից ստեղծված: Դեռ Լվըռենց Մքանը պիտի հորիներ նոր ժամանակների բանավոր ողբը իր արտի մասին.
– Երանի հորս և հազար երանի պապիս, որ մեռան և չտեսան, ինչ որ ես տեսա: Վա՛յ քու օրիդ, Մքան, վա՛յ:
Աշնանը գնացի քաղելու իմ նախկին արտը, որ հիմա կոլխոզինն է: Բարև տվի՝ բարևս չառավ: Ասացի՝ ի՞նչ է եղել, արտ ջան: Ասաց՝ ի՞նչ պիտի էղնի, Մքան ջան, կոլխոզին տվիր ընձի, հիմի եկել ես քաղելու, ի՞նչ պիտի քաղես, խոտ չկա: Առաջ ապրիլին էիք վարում, ցանում, հիմի ցանում են հունիսին: Սերմացուի կեսը գողանում են՝ հայհոյելով մեկ ինձ, մեկ կոլխոզին: Քարը չեն մաքրում, քաղելու ժամանակ հենց գերանդին քարին է դիպչում, նորից հայհոյում են ինձ էլ, կոլխոզին էլ: Ահա եկել ես քաղելու՝ խոտ չկա, դու էլ չպիտի՞ հայհոյես…
Ասաց արտս ու լացավ: Արտս լացավ՝ ես լացա…
Որտեղի՞ց իմանար Պիրաշկի Օհանը, որ կոլխոզից դուրս գալու կարիք այլևս չի լինի, նա ինքը կվերանա մոտ հիսուն տարի անց, բայց այնքան աղետալի կերպով, որ գյուղը մոտ մեկ դարով ետ կշպրտվի դեպի անհայտություն, կարծես դուրս կընկնի ժամանակից, համայնական կոչված սեփականությունը կթալանվի, իսկ նրանց որդիներն ու թոռները, ում ունեցվածքով ստեղծվել էր այդ սեփականությունը, անտարբեր կերպով կլքեն գյուղը, հողը անմշակ կմնա ու կդառնա խոպան:
Ի՞նչ պատահեց հին գյուղին:
Բազում ցնցումներ ու ցավեր տեսավ նա, բայց միշտ կանգուն մնաց լեռների խոհուն հայացքի առաջ, իսկ հիմա քիչ մնաց դատարկվեր:
Ամեն ինչ փոխվեց, կարծես ժամանակը շրջվել է ու դեպի ետ է գնում: Ամեն ինչ հոսում ու կորչում է, ինչպես ավազը մատների արանքից, կայուն չեն անգամ «ետն» ու «առաջը», որտե՞ղ են նրանք:
Ես կարծում էի, թե ժամանակը կոկորդիլոսի նման գնում է միայն մեկ ուղղությամբ և ամեն ինչ խժռում է իր ճանապարհին, մենք դա կոչում ենք «առաջ», իսկ այն ուղղությունը, որով նա երբեք չի գնում, անվանում ենք «ետ»:
Հիմա ինձ թվում է, թե նա սողում է օձի պես նենգ ու անհասկանալի գալարներով, երբեմն նույնիսկ կարող է առաջ գնալու համար ետ շրջվել, կարող է այնպես խառնել ճանապարհներ, գործեր ու հաշիվներ, որ հարազատ գյուղիդ սովորական անունն անգամ փափագելի կդառնա…
Աշխարհը միշտ փոխվում է և միշտ հին է ու նոր, հարկավոր է միայն դիմանալ ժամանակին:
Շատ ժամանակներ ու շատ փոփոխություններ տեսած մեր հին գյուղը այս անգամ էլ կդիմանա՞ ժամանակին ու կնորանա՞ աշխարհի հետ:
* * *
Անձրևներն անցան, ջրերը գնացին անաղմուկ, հեռացան աննկատ ու անհույզ, գարուն չեղած ամառ եկավ այս երկրում:
Իսկ մեր սարերում հիմա գարունն է ծաղկում, ամենուրեք հնչում է զնգուն կանչ ու կարկաչի համանվագը:
Ջրերը վազում են գյուղի միջով, տանում են ժամանակը, գալիս ու գնում են մանկությունները վազող ջրերի հետ, խաղաղ տխրություն են տանում ու բերում վազող ջրերը:
Անշուշտ հիմա էլ դպրոցում աշակերտները խնդրում են, որ ուսուցիչներն իրենց դաշտ տանեն՝ «էքսկուրսիա» և իրար հերթ չտալով պատմում են, թե որտեղ ինչ ծաղիկներ կան, որ ձորում դեռ սրսուռ ձյուն կա ջրերի բերած հողերի տակ:
Հիմա էլ, անշուշտ, ծաղիկներ են բերում դպրոց մեր դաշտերից, բուրումնավետ բլուրներից, հիմա էլ անարվեստ ամոթխածությամբ առաջին նստարանի աշակերտուհին մանուշակների ու զանգակածաղիկների մի փոքրիկ փունջ է դնում ուսուցչի սեղանին:
Այնտեղ հին ու բարի ժամանակներից մնացած ակնածանք կա ուսուցչի հանդեպ ու երևի միակ տեղն է բովանդակ աշխարհում, ուր ուսուցիչը դեռևս մի սովորական հողեղեն չի համարվում:
Երկնքին մոտիկ այն բարձր աշխարհում դեռևս սիրում են նախնական սիրով ու անկեղծությամբ, դեռևս հուզմունքից շփոթվում և ամոթից կարմրում են, որ հազվագյուտ բան է հիմա, ինչպես լեռների անանուն ծաղիկ:
Այն աշխարհն անսահմանորեն թանկ էր ինձ համար, գյուղական երեխաների այն պարզ միջավայրը հասկանալի ու հարազատ էր ինձ: Դա սովորական աշխատանք չէր, այլ իմ սիրած գործը, իմ հոգու գործը: Դա ծառայություն էր իմ հարազատ գյուղին ու ժողովրդին, և այդ գիտակցությունը իմաստ էր տալիս անիմաստին:
Ամեն ինչ կորավ, ամեն ինչ կիսատ մնաց, իսկ կիսատ մնացած գործի վրա միշտ ձյուն է գալիս:
Ով որ լեռները լքեց, բարձրերից իջավ ու գնաց դեպի կյանքի ճահիճները, այլևս անդարձ կորած է այդ աշխարհի համար:
Կարծում էի, թե նորից կգնամ իմ տունը, կշարունակեմ իմ գործը, սակայն «մինչդեռ ուխտն էի պահել ցանկանում, դաշնը դրժեցի»:
Հիմա ի՞նչ եմ անում այստեղ՝ չեմ հասկանում:
Չգիտեմ ով է ասել, թե պատերազմում ուսուցիչներն են հաղթում: Այդպես է, իհարկե: Եվ խաղաղ կյանքն էլ, վերջին հաշվով, ուսուցիչներն են կառուցում: Եվ երբ լքում ու հեռանում են, և երբ վերադառնում են զղջումով, ուսուցիչներն իրենց հատուկ մասն ու բաժինն ունեն միշտ, գուցե շատ փոքրիկ կամ առաջին հայացքից աննկատելի, բայց, անկասկած, ունեն:
Պատերազմ էլ եղավ, դարերի կորուստներից հետո մի կտոր ետ խլված հայրենիք էլ եղավ, բայց ես ամեն ինչից անմասն մնացի, ոչ զինվոր ունեցա, որ կռվեր վրեժով, ոչ էլ զղջումով դարձի եկած, տուն վերադարձած մոլորյալ:
Փոխանակ դասերից, աշխատանքից հոգնելու, հոգնեցի ճանապարհներից, օտար աշխարհներից, օտար մարդկանցից ու ինքս ինձանից:
Սակայն այլևս ի՞նչ արժեք ունեն դատարկ խոսքերը, ջրերը ետ չեն հոսում, անցած գարունները էլ ետ չեն գալիս:
* * *
Եթե դրախտը ճիշտ է, Աստված երևի այն տվել է մարդուն որպես երջանկություն, բայց մարդը այդ երջանկությունը չի հասկացել, քանի որ դեռ չգիտեր ցավը: Այնժամ Աստված զրկել է նրան դրախտից և ցավ է տվել, որ երջանկությունը հասկանա:
Բայց այդպիսով էլ մարդը երջանիկ չդարձավ:
Երջանկություն չկա այս աշխարհում, բայց բանաձևեր շատ կան նրա համար, մի բանաձև էլ ես գտա այսօր առավոտյան.
Երջանիկ է նա, ով որ ասում է՝ եթե կրկին ապրեի կյանքս, կապրեի այնպես, ինչպես ապրել եմ:
Այդպես ասողները միշտ չէ, որ ճիշտ են ասում, սովորաբար կեղծում են կամ ինչ-որ նկատառումով են ասում, իսկ ով որ չի կեղծում, իմ կարծիքով, երջանիկ է, քանի որ գոհ է իրենից ու իր ապրած կյանքից:
* * *
Մի հայտնի նկար կա՝ «Ճիչը», ես տեսել եմ Մոսկվայում։ Հեղինակը նորվեգացի է՝ Էդվարդ Մունք: Նա այլևս չկա, իսկ նկարը բացատրում են տարբեր կերպ, ենթադրություններ են անում՝ ինչ ճիչ է:
Նա շատ վիշտ ու տառապանք է տեսել, հալածանքների է ենթարկվել, դավաճանել ու լքել են նրան, կորցրել է հարազատներին, զրկվել տեսողությունից ու մեռել հոգեբուժարանում:
Ուրիշ ի՞նչ ճիչ պիտի լինի, եթե ոչ մարդու ցավի ու մենակության ճիչը, որ թվում է, թե ուղղված է դեպի երկնքի դատարկությունը: Լիությանը դիմելիս անձայն աղոթում ու արտասվում են, իսկ դա հուսահատ ճիչ է, նկարը սկզբում այդպես էլ կոչվել է՝ Վհատություն:
Մի օր այս մասին խոսք բացեցի մի ծանոթ նկարչի մոտ՝ նրա կարծիքն իմանալու համար: Նա նարդին դրեց սեղանին.
– Զարդ գլորիր, թող ճչա, քեզ ի՞նչ է խանգարում:
Նա ավելի վհատեցնող բան ասաց, իզուր հարցրի:
* * *
Մեր գերդաստանը, ինչպես հնում ասում էին, ամանից-աման թափվեց, ցրվեց երկրե-երկիր, իսկ նրա բնօրրանը դատարկվեց: Ես քեզ ի՞նչ պատմեմ նրա մասին, սիրելի աղջիկս, կամ ինչպե՞ս պատմեմ: Դու ուզում ես, որ խոսեմ ու սիրտս թեթևանա, որ հիշողության վիրավոր թռչունները թռչեն հեռանան ու չքրքրեն հոգիս:
Նրա անցյալն ինձ համար մշուշոտ է, ես քիչ բան գիտեմ, գիտեցողները մեռան գնացին՝ հայրս, Օվանես Տացուն, մեր գյուղի մյուս մեծերը: Հիմա դժվար է ինձ համար այս մասին գրելը, որովհետև ցավով տեսնում եմ այն անհոգության հետևանքները իր անցյալի ու ապագայի նկատմամբ, որ անեծքի պես հետապնդում է մեր գերդաստանին:
Թվում է, թե նրա անցյալի սահմանը մեր գետն է, որով անցել էին մեր նախնիները Արդահանից գալով և անցկացրել իրենց հարստությունը՝ ոչխարի հոտերը, նախիրներն ու երամակները, հիշողություններն ավելի հեռու չէին տանում:
Արդահանի անցյալից հայտնի էին միայն այդ հարստության հիմնադիր Օհանը և մի քահանա, կարծեմ Տեր Ավետիք անունով, որի շնորհիվ մինչև 1937 թ-ը մեր ազգանվանը կցվում էր տեր բառը: Քահանայի աղոթքները, ըստ տեղեկությունների, հրաշագործ ուժ են ունեցել: Երևի հայրս նրանից էր ժառանգել աներկբա հավատը աղոթքների հանդեպ: Նա համոզված էր, օրինակ, որ եթե երեք անգամ անսխալ կրկնես «Հավատով խոստովանիմ և երկինք պագանեմ»-ը, ամեն մի վտանգ անմիջապես կանցնի:
Մեր պապերը նոր հայրենիքում նույնպես շարունակում էին իրենց գործը՝ անասնապահությունն ու առևտուրը: Չըլդըրի թուրքերից անասուն էին առնում և մեծ շահույթով վաճառում Թիֆլիսի հրեաներին: Ամեն ինչ հաջող էր ընթանում, բազմապատկվում էր նրանց հարստությունը, տարածվում էր նրանց անունը Ջավախքում և նրա սահմաններից դուրս մինչև Շորագյալ, Կախեթ ու Թիֆլիս:
Դա նահապետական մեծ գերդաստան էր, ավանդական հայ ընտանիք՝ առաքինի ու բարեպաշտ:
Գոմերում ու կալերում, տափակ քարերով սալարկված դռանը, մեծ չարդախների առաջ միշտ մարդաշատ էր, մշակները աշխատում էին, գալիս ու գնում էին ճամփորդներ, հյուրեր:
«Օհանենց մշակ» արտահայտությունը մեր գյուղում նշանակում էր քրտնաջան աշխատանք առավոտից մինչև իրիկուն, կատակով պատմում էին անգամ, թե իբր երբ Մաթևոս աղան տեսնում էր, որ մշակները անգործ կանգնած են, հրամայում էր խուշկին դուրս կրել գոմից, հետո նորից ներս բերել…
Ձմեռային երկար գիշերներին, երբ հավաքվում էինք թոնրի շուրջը կամ օջախի կրակի մոտ, այսպիսի շատ պատմություններ էին պատմում մերոնք երբեմնի մեր մեծ գերդաստանի ու նրա հարստության մասին:
Պատմում էին, որ Բարսամ աղան խիստ է եղել, բայց բարի, անգամ զգացմունքային, նա կարող էր որևէ երգից կամ նվագից հուզվել լալու աստիճան և շռայլորեն վարձատրել դրա համար: Այդպես Թիֆլիսի իջևանատներից մեկում մի անգամ ինչ-որ աշուղի մի ձի էր նվիրել:
Նա կարող էր խստորեն պատժել, բայց գիտեր նաև մեծահոգաբար ներել ու զիջել: Որպես օրինակ միշտ հիշատակում էին, թե ինչպես է երեսուն, թե հիսուն ոչխար զիջել Առաքելենց Մելիքին, որը հետո դրա շնորհիվ ստեղծում է շատ մեծ և հարուստ տնտեսություն:
Պատմում էին Մանգլիսի ձորում Կիրակոս աղայի հետ պատահած դեպքի մասին: Նա հրեաների հետ բարեհաջող առևտրից հետո Թիֆլիսից կառքով տուն է վերադառնում խուրջինով ոսկին հետը: Մանգլիսի ձորում նկատում է ինչ-որ կասկածելի մարդկանց, որոնք մտնում էին անտառ ու կրկին դուրս գալիս ճանապարհի վրա: Համոզվելով, որ դրանք զինված ավազակներ են, Կիրակոս աղան կանգնեցնում է կառքը, կանչում է ավազակներին, տալիս է խուրջինով ոսկին ու ասում.
–Առեք ձեր ուզածը, իմ կյանքը ձեր ինչի՞ն է պետք:
Ավազակները, ինչպես միշտ, մեծահոգի են լինում, ոսկին չեն առնում ու մոտակա աղբյուրի մոտ գինի են խմում Կիրակոս աղայի հետ:
Սակայն վրա հասավ վերջը, մեծ գերդաստանը քայքայվեց, բաժան-բաժան եղավ, իսկ նրա առասպելական հարստությունից մնացին միայն հիշողություններ, որ անցնում էին սերնդե-սերունդ:
Դա խորհրդավորության մշուշով քողարկված մութ պատմություն էր:
Խոսում էին ինչ-որ վաղեմի գուշակության, ինչ-որ անեծքի կամ թուղթ ու գրի մասին, ապա գալիս էին Խոսպիայի թուրք բեկերը, որոնք մեծ գումարներ էին պարտք առել, բայց հետո ուրացել էին, որովհետև որևէ մուրհակ կամ նման մի բան գոյություն չուներ, նույն կերպ ինչ-որ մեծ գումար վճարելուց հրաժարվել էր Թիֆլիսի մի հարուստ հրեա՝ ոմն Իսակ կամ Իսահակ, ըստ երևույթին դարձյալ գրավոր ապացույց չլինելու պատճառով, հետո Գաբռուշկայի կամ Համբարձումենց Գաբրիելի անունն էր հիշատակվում, որը իբր թե գտել էր Բարսամ աղայի պահած փողերն ու հարստացել:
Բայց դրանք, ըստ էության, ոչ թե պատճառ էին, այլ հետևանք, նրանք դատապարտված էին կործանման, և դա, ժամանակակից լեզվով ասած, ծրագրավորված էր նրանց արյան բջիջներում, նրանց աղետալի անհոգությամբ սեփական անցյալի ու ապագայի հանդեպ: Եվ վերջապես, այդ ամենից բացի, ժամանակներն էին փոխվել, իսկ նրանք իրենց խաղը վարում էին մարգարեների ժամանակվա կանոններով՝ ազնիվ էին խաղում… Բարի ու առատաձեռն էին, երբեք չէին մերժում իրենց օգնությունը կարիքավորներին, նվաստացուցիչ էին համարում մարդուն չվստահելը, անգամ թուրքերին:
Կյանքը, որպես կանոն, նման բաներ չի հանդուրժում:
Աշխարհում կապիտալիզմ էր, բանկեր կային, իսկ նրանք իրենց փողերն ու գանձերը պահում էին գետնի տակ ու պատերի մեջ և ժամանակ առ ժամանակ փռում չորացնում էին, որ բորբոսը չուտի:
Այդպես առաջացավ ինչ-որ տեղ պահված, կորած ու մոռացված գանձերի լեգենդը:
Մոռացվում էին անուններն ու գործերը, իսկ պահված գանձը՝ ոչ:
Խոսում էին ինչ-որ երկաթե սնդուկի ու կորած բանալիների մասին, հանկարծամահ եղած ինչ-որ տատիկի մասին, որն իր հետ գերեզման էր տարել թաքցրած գանձի գաղտնիքը: Ավելի հաճախ հիշում էին մեծ ու տափակ քարը Ներսի գոմի այն տեղում, ուր միշտ կապում էին Կիրակոս աղայի ազնվացեղ ձին, բոլորը ենթադրում էին, որ գանձը այդ քարի տակ պիտի լինի: Բայց քարի տեղը ոչ ոք չգիտեր, գոմերը քանդված էին, քարերը՝ հողի տակ:
Կորած գանձի մասին այդ խորհրդավոր պատմություններն անսպառ սնունդ էին մեր ազգության մի քանի սերունդների երևակայության համար: Ոմանք իրարից թաքուն այս ու այնտեղ փորում էին, ոմանք էլ իրենց գիշերային ցնորքների մեջ գտնում էին և տնօրինում ամենագայթակղիչ ձևերով:
Սնանկացումն ավելի հաճախ կապում էին Վանո Տացուի անվան հետ, թեև բոլորը հասկանում էին, որ նա ընդամենը այդ տարօրինակ տրագիկոմեդիայի վերջին գործողության մասնակիցն էր միայն: Պարզապես այդպես ավելի հասկանալի ու հարմար էր իբրև հավիտենական նախատինք վկայակոչել նրա խմելն ու վատնելը և ամեն ինչ դրանցով բացատրել:
Վանո Տացուի կերպարը մանկուց հրապուրել է ինձ իր խորհրդավորությամբ, իր հակասականությամբ ու դրամայով և ընդմիշտ մնացել ինձ հետ ձմեռային այն հեռավոր երեկոների խաղաղ զրույցների, օջախի մարմրող կրակների պատկերներից անբաժան: Մեր մեջ անտեսանելի հոգևոր կապ կա, ճակատագրական մի ընդհանրություն մեր անկումների ու սխալների միջև, ես դա զգում եմ բնազդորեն, երբ որ կորած գանձի նման ապարդյուն կերպով բարոյական նեցուկ եմ փնտրում ու չեմ գտնում ոչ ինքս ինձ մոտ, ոչ էլ ուրիշի:
Նրա կյանքի մեջ շատ անհայտ էջեր կան, շատ մութ կետեր, որ երբեք չեն լուսավորվի:
Նա իմ Մարկոս պապի ավագ եղբայրն էր և Բարսամ աղայի թոռը:
Մեր գյուղի քահանա Տեր Մելքումի խորհրդով Բարսամ աղան նրան կրթության էր տվել: Ութ տարի նա սովորել էր Գորիի թեմական դպրոցում՝ ապրելով հորաքրոջ տանը: Ուսումն ավարտելուց հետո նա տուն է վերադառնում եվրոպական հագուստով և մի սայլ լիքը գրքերով, գյուղում աշխատելու և գործելու զանազան լուսավորական ծրագրերով, սակայն ճակատագիրը նրա համար այլ ապագա էր նախատեսել: